2010–2019 թթ․
Ահա քո մայրը
Հոկտեմբեր 2015


Ահա քո մայրը

Մահկանացու սիրո ոչ մի տեսակ այդքան մոտ չէ Հիսուս Քրիստոսի մաքուր սիրուն, որքան անձնուրաց սերը, որ նվիրված մայրն ունի իր երեխայի հանդեպ:

Թույլ տվեք ձեզ հետ միասին բարի գալուստ մաղթել երեց Ռոնալդ Ա. Ռասբանդին, երեց Գարի Ի. Սթիվենսոնին և երեց Դեյլ Ջ. Ռենլանդին ու նրանց կանանց ամենաքաղցր ընկերակցություն, որը նրանք կարող են պատկերացնել:

Մարգարենալով Փրկչի Քավության վերաբերյալ՝ Եսայիան գրել է. «Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ»:1 Վերջին օրերի փառահեղ մի տեսլական շեշտել է, որ «[Հիսուսը] եկավ աշխարհ … աշխարհի մեղքերը կրելու»:2 Թե՛ հին, թե՛ ժամանակակից սուրբ գրությունները վկայում են, որ «նա փրկագնել է նրանց, և պահել է նրանց, և պահպանել է նրանց բոլոր հին օրերում»:3 Սիրված օրհներգերից մեկը մեզ հետ միասին աղերսում է. «լսիր քո Ազատարարի ձայնը»:4

Վեր առնել, կրել, պահել, ազատել: Սրանք զորավոր, սրտապնդիչ, քրիստոսաշունչ բառեր են: Նրանք օգնություն և հույս են արտահայտում, որ մեր այս տեղից մեզ անվտանգ կհասցնեն այնտեղ, որտեղ պետք է լինենք, բայց չենք կարող հասնել առանց օգնության: Այդ բառերում կա նաև բեռ կրելու, չարչարվելու, հոգնածություն ու ցավ ապրելու իմաստ, որոնք հավուր պատշաճի նկարագրում են առաքելությունը Նրա, ով անպատմելի գնով բարձրացնում է մեզ, երբ մենք ընկնում ենք, մեզ առաջ է տանում, երբ մեր ուժը սպառվում է, մեզ ապահով տուն է հասցնում, երբ անվտանգությունը, կարծես, մեզ անհասանելի է: «Իմ Հայրն ուղարկեց ինձ, - ասել է Նա, - որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ … որպեսզի ինչպես ես բարձրացվեցի … ճիշտ նույնպես մարդիկ բարձրացվեն … իմ առջև»:5

Այդ խոսքերում կարո՞ղ եք լսել մարդկային ջանքերի մեկ այլ ասպարեզ, որտեղմենք նույնպես օգտագործում ենք այնպիսի բառեր, ինչպիսիք են վեր առնել ու կրել,պահել ու բարձրացնել,ցավ քաշել ու ծնունդ տալ: Ինչպես Հիսուսն ասաց Հովհաննեսին՝ հենց Քավություն իրագործման ժամին, այնպես էլ Նա ասում է մեզ բոլորիս. «Ահա՛ քո մայրը»:6

Այսօր այս ամբիոնից ես հայտարարում եմ այն, ինչ ասվել է նախկինում. որ մահկանացու սիրո ոչ մի տեսակ այդքան մոտ չէ Հիսուս Քրիստոսի մաքուր սիրուն, որքան անձնուրաց սերը, որ նվիրված մայրն ունի իր երեխայի հանդեպ: Երբ Եսայիան, խոսելով Մեսիայի բառերով, ուզում էր փոխանցել Եհովայի սերը, նա վկայակոչեց մայրական նվիրվածության պատկերը. «Մի՞թէ կինը կ’մոռանայ իր կաթնակեր մանուկին», հարցնում է նա: Որքան էլ անհեթեթ է հնչում, եզրակացնում է նա, առավել անհեթեթ է մտածել, որ Քրիստոսը երբևէ կմոռանա մեզ:7

Այս տեսակ վճռական սերը «երկայնամիտ է և բարի … իրենը չի փնտրում … այլ … տանում է ամեն բան, հավատում է ամեն բանի, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է»:8 Իսկ ամենահուսադրողն այն է, որ այդպիսի հավատարմությունը «երբեք չի խափանվի»:9 «Քանզի լեռները կհեռանան և բլուրները կվերանան, - ասել է Եհովան, - բայց իմ բարությունը չի հեռանա քեզանից»:10 Այդպես են ասում նաև մեր մայրերը:

Նկատե՛ք, նրանք ոչ միայն մեզ կրում են ծնվելուց առաջ, այլ նաև հետո՝ մեզ հետ հավասար մեր բեռն են կրում: Ոչ միայն նախածննդյան կրելը, այլ ողջ կյանքի ընթացքում կրելն է, որ մայրությունն ափշեցուցիչ քայլ է դարձնում: Իհարկե, կան ցավալի բացառություններ, բայց մայրերի մեծ մասը մտատեսությամբ, բնազդաբար գիտեն, որ սա բարձրագույն կարգի սրբազան վստահություն է: Այդ գիտակցության ծանրությունը, հատկապես երիտասարդ մայրերի ուսերին, կարող է շատ ահասարսուռ լինել:

Մի հրաշալի երիտասարդ մայր վերջերս գրել էր ինձ. «Ինչպե՞ս է, որ մարդ կարողանում է սիրել երեխային այնքան խոր սիրով, որ նրա համար պատրաստակամորեն հրաժարվում է իր ազատության մեծ մասից: Ինչպե՞ս կարող է մահկանացու սերն այնքան զորեղ լինել, որ կամավոր ենթարկվում ես պարտականության, խոցելիության, անհանգստության ու սրտացավության, իսկ հետո վերադառնում ես կրկին նույն ճանապարհն անցնելու: Մահկանացու սիրո ո՞ր տեսակը կարող է ստիպել քեզ զգալ, երբ երեխա ես ունենում, որ քո կյանքը երբեք այլևս քո սեփականը չէ: Մայրական սերը պետք է որ աստվածային լինի: Չկա այլ բացատրություն դրա համար: Մայրերի արած գործը Քրիստոսի աշխատանքի կարևոր տարրերից է: Այդ իմացությունը պետք է բավարար լինի մեզ հուշելու համար, որ նման սիրո ազդեցությունը կարող է տարածվել անտանելիի ու անանցողիկի միջև, կրկին ու կրկին տանելով, մինչև երկրի վրայի վերջին երեխայի անվտանգությունն ու փրկությունը, երբ մենք կարող ենք Հիսուսի հետ ասել. «[Հա՛յր], այն գործը կատարեցի, որ տուիր ինձ՝ որ անեմ»:11

Այս նամակի շքեղ արձագանքը մեր մտքում՝ թույլ տվեք կիսվել երեք փորձառությամբ, որոնք արտացոլում են մայրերի փառահեղ ներգործությունը, որոնց ականատես եմ եղել իմ ծառայության ժամանակ՝ ընդամենը վերջին մի քանի շաբաթների ընթացքում.

Իմ առաջին պատմությունը նախազգուշական է, հիշեցնելով մեզ, որ մայրական ոչ բոլոր ջանքերն են, որ ունեն հեքիաթային ավարտ, համենայն դեպս, ոչ միանգամից: Այդ հիշեցումը բխում է ավելի քան 50 տարվա իմ սիրելի ընկերոջ հետ զրույցից, որը մահանում էր, հեռացած լինելով այս Եկեղեցուց, որը գիտեր իր սրտում, որ ճշմարիտ է: Անկախ նրանից, թե որքան շատ փորձեցի նրան մխիթարել, կարծես չէի կարողանում խաղաղություն բերել նրան: Ի վերջո, նա հավասարվեց ինձ՝ ասելով. «Ջե՛ֆ, որքան էլ ինձ համար ցավալի լինի Աստծո առաջ կանգնելը, ես չեմ կարող տանել իմ մոր առջև կանգնելու միտքը: Ավետարանն ու իր երեխաները ամեն ինչ էր մորս համար: Ես գիտեմ, որ կոտրել եմ նրա սիրտը, և դա փշրում է իմ սիրտը»:

Այժմ, ես բացարձակապես համոզված եմ, որ մահից հետո, նրա մայրն իմ ընկերոջը դիմավորել է բաց, սիրող ձեռքերով. դա այն է, ինչ անում են ծնողները: Բայց այս պատմության նախազգուշացնող մասն այն է, որ երբեմն երեխաները կոտրում են իրենց մայրերի սիրտը: Այստեղ ևս, մենք տեսնում ենք մեկ այլ համեմատություն աստվածայինի հետ: Պետք չէ հիշեցնել, որ Հիսուսը մահացավ սիրտը կոտրված, հոգնած ու մաշված աշխարհի մեղքերը կրելու բեռից: Այնպես որ, գայթակղության ցանկացած պահի, թող որ մենք աչքի առաջ ունենանք ինչպես մեր մորը, այնպես էլ մեր Փրկչին, և խնայենք նրանց, որ չտառապեն մեր մեղքերի վշտից:

Երկրորդ պատմությունը մի պատանու մասին է, ով արժանի կերպով սկսեց միսիայի իր ծառայությունը, սակայն ժամանակից շուտ, իր իսկ ընտրությամբ տուն վերադարձավ՝ միասեռական հակվածությունների ու դրանից բխող ընկճվածության պատճառով: Նա իր արժանավորությունը չէր կորցրել, սակայն իր հավատը հասել էր ճգնաժամային մակարդակի, նրա էմոցիոնալ բեռը ծանրացել էր և հոգևոր ցավը ավելի ու ավելի էր խորացել: Նա ըստ հերթականության՝ վիրավորված էր, շփոթված, բարկացած, և լքված:

Նրա միսիայի նախագահը, նրա ցցի նախագահը, նրա եպիսկոպոսը անհամար ժամեր էին անցկացրել, աշխատելով նրա հետ՝ լուծում փնտրելով, լաց լինելով ու օրհնելով նրան, սակայն նրա վերքի մեծ մասն այնքան անձնական էր, որ նա, առնվազն մի մասը պահում էր իր մեջ՝ անհասանելի նրանցից: Այս պատմության մեջ տղայի սիրելի հայրը դուրս էր թափում իր ողջ հոգին, որ օգնի իր երեխային, սակայն պահանջկոտ աշխատանքի բերումով, հաճախ հոգևոր մաքառումների այդ երկար ու մութ գիշերները տղան ու նրա մայրն առանց հոր էին անցկացնում: Օր ու գիշեր՝ սկզբում շաբաթներ, ապա ամիսներ, որոնք վերածվեցին տարիների, նրանք միասին բժշկություն էին փնտրում: Անցնելով դառնության (հիմնականում հոր, երբեմն էլ մոր) ու չհեռացող վախի (հիմնականում մոր, բայց երբեմն նաև հոր) միջով, մայրը բերում էր իր վկայությունը որդուն՝ Աստծո զորության, Նրա Եկեղեցու, բայց հատկապես որդու հանդեպ Աստծո սիրո մասին: Այդ նույն շնչով նա վկայում էր որդու հանդեպ իր սեփական անզիջում, անվախճան սիրո մասին: Իր բուն գոյության այդ երկու միանգամայն կարևոր, կենսական սյուները՝ Հիսուս Քրիստոսի ավետարանն ու իր ընտանիքը համախմբելու համար, մայրն անվերջ աղոթքով դուրս էր թափում իր հոգին: Նա ծոմ էր պահում ու լաց լինում, լաց էր լինում ու ծոմ պահում, ապա լսում էր ու լսում, թե որդին ինչպես էր բազմիցս մորն ասում, թե ինչպես է իր սիրտը փշրվում: Այդպիսով, նա տանում էր նրան, կրկին, միայն այս անգամ ինը ամիս չէր: Այս անգամ նա կարծում էր, որ որդու հուսահատության ջարդված բնանկարը վերականգնելը հավերժություն կպահանջի:

Սակայն Աստծո շնորհով, մոր հաստատակամության շնորհիվ և տասնյակ Եկեղեցու առաջնորդների, ընկերների, ընտանիքի անդամների ու մասնագետների օգնությամբ՝ այս թախանձաշատ մայրը տեսավ իր որդու վերադարձը տուն՝ դեպի խոստումի երկիր: Տխուր է ընդունել, որ նման օրհնությունը ոչ միշտ է գալիս կամ դեռևս չի գալիս բոլոր ծնողներին, ովքեր տառապում են իրենց երեխաների մի շարք բազմազան հանգամանքների համար, բայց այստեղ հույս կար: Եվ ես պետք է նշեմ, որ այդ որդու սեռական հակվածությունը ինչ-որ կերպ հրաշքով չփոխվեց. ոչ ոք չէր էլ սպասում, որ այդ զգացումները կվերանան: Բայց կամաց-կամաց, տղայի սիրտը փոխվեց:

Նա սկսեց վերադառնալ եկեղեցի: Նա ընտրեց ճաշակել հաղորդությունից պատրաստակամորեն և արժանիորեն: Նա կրկին տաճարային երաշխավորագիր ստացավ և կոչում ընդունեց՝ ծառայելու որպես վաղ առավոտյան սեմինարիայի ուսուցիչ, ինչը նա հրաշալի կատարեց: Եվ հիմա՝ հինգ տարի անց, սեփական խնդրանքով և Եկեղեցու նշանակալի օգնությամբ, նա վերադարձել է միսիայի, որպեսզի ավարտին հասցնի Տիրոջը նվիրված իր ծառայությունը: Ես լաց եմ եղել այս երիտասարդի, ինչպեսև նրա ընտանիքի քաջության, շիտակության և վճռականության համար, ովքեր լուծել են խնդիրները և օգնել նրան պահել իր հավատքը: Նա գիտի, որ շատերին է պարտական, բայց գիտի նաև, որ առավել պարտական է իր կյանքի այն երկու օծյալներին, ովքեր իրենց վրա են վերցրել ու տարել են նրան, տանջվել են նրա հետ ու ազատել նրան՝ իր Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, և իր վճռական, փրկարար, բացարձակապես սուրբ մորը:

Վերջին պատմությունը Մեքսիկայի Մեխիկո տաճարի վերանվիրագործումից է՝ ընդամենը երեք շաբաթ առաջ: Այնտեղ էր, որ նախագահ Հենրի Բ. Այրինգի հետ մենք տեսանք մեր սիրելի ընկեր Լիզա Թաթլ Փիփերին, որը կանգնած էր այդ տպավորիչ նվիրագործման ծառայությանը: Բանն այն է, որ նա կանգնած էր դժվարությամբ, քանի որ մի ձեռքով ողջ ուժով բարձրացրել էր իր սիրելի, բայց ամբոջապես խեղված դստերը՝ Դորային, իսկ մյուսով նա փորձում էր շարժել Դորայի անգործունակ աջ ձեռքը, որպեսզի այդ տկարացած, բայց հավերժ թանկ Աստծո դուստրը կարողանա թափահարել սպիտակ թաշկինակը և միայն իրեն ու երկնքի հրեշտակներին հասկանալի հառաչանքով բացականչել. «Ովսաննա՜, ովսաննա՜, ովսաննա՜ Աստծուն ու Գառին»:12

Անցյալի, ներկայի և ապագայի մեր բոլոր մայրերին ամենուր ես ասում եմ. «Շնորհակալությո՛ւն. շնորհակալությո՛ւն կյանք տալու, հոգիներ զարգացնելու, բնավորություններ ձևավորելու և Քրիստոսի մաքուր սերը դրսևորելու համար»: Մայր Եվային, Սառային, Ռեբեկային ու Ռաքելին, նազովրեցի Մարիամին ու մեր Երկնային Մորը, ես ասում եմ. «Շնորհակալություն հավերժության նպատակները կատարելու ձեր վճռական դերի համար»: Բոլոր մայրերին՝ ամեն պարագայում, այդ թվում նրանց, ովքեր չարչարվում են, իսկ դա բոլորին է բաժին ընկնում, ես ասում եմ. «Խաղաղվեք. հավատք ունեցեք Աստծո և ինքներդ ձեր նկատմամբ: Դուք ավելի լավն եք, քան կարծում եք: Իրականում, դուք փրկիչներ եք Սիոն լեռան վրա13, և Վարդապետի սիրո նման, որին դուք հետևում եք, ձեր սերը ևս «երբեք չի խափանվի»»:14 Չկա ուրիշ մեկը, որ հարգանքի ավելի բարձր տուրքի արժանի լինի: Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն: