2010–2019 թթ․
Ընտրիր լույսը
Հոկտեմբեր 2015


Ընտրիր լույսը

Մենք պետք է ականջ դնենք մարգարեական խորհրդին, ճանաչենք և գործենք ըստ հոգևոր հուշումների, լինենք հնազանդ Աստծո պատվիրաններին և անձնական հայտնություն փնտրենք։

Ոչ շատ վաղուց կինս և ես որոշեցինք, որ պետք է ավելի լիարժեք կերպով ուսումնասիրենք հյուսիսարևմտյան Մոնտանայի մեր տան մոտակա գեղեցիկ վայրերը։ Մենք որոշեցինք մեր հեծանիվներով գնալ Հայվատա արահետը՝ հեծանվագծի վերափոխված մի երկաթուղագիծ, որը հատում է Մոնտանայի և Այդահոյի միջև գտնվող գեղեցիկ Ռոքի լեռները։ Մեզ սպասվում էր ուրախ օր մեր լավ ընկերների հետ, որտեղ մենք կզմայլվեինք տարածքի բնական գեղեցկությամբ։

Մենք գիտեինք, որ մեր հիանալի 15 մղոնանոց (24 կմ) արահետն անցնելու էր խորը ձորերի վրայով ձգվող երկաթուղային կամուրջներով և երկար թունելների միջով, որոնք հատում էին խորդուբորդ լեռները։ Այնպես որ մենք կաշեփոկով լույսեր ամրացրեցինք մեր սաղավարտների և հեծանիվների վրա։

Նկար
Թաֆթ թունելի մուտքի մոտ

Փորձ ունեցողները մեզ նախազգուշացրեցին, որ թունելների ներսում մութ է և որ մենք պետք է հզոր լույսեր ձեռք բերենք։ Երբ մենք հավաքվեցինք Թաֆթ թունելի զանգվածային ժայռե անցքի առջև, պահակը բացատրեց արահետի որոշ վտանգները, այդ թվում՝ եզրերով ձգվող խորը փոսերը, անհարթ պատերը և լիակատար մթությունը։ Անհամբերությամբ մենք մտանք թունելի մեջ։ Մի քանի րոպե հեծանիվը վարելուց հետո կանխատեսված մթությունը պատեց մեզ։ Ինձ հետ բերած լույսերը բավարար չափով չէին լուսավորում և խավարը շուտով հաղթահարեց նրանց։ Հանկարծ ես սկսեցի անհանգստություն, շփոթվածություն և ապակողմնորոշում զգալ։

Նկար
Հեծանիվներով թունելի մեջ
Նկար
Հեծանիվները թունելի մեջ անդրադարձող լույսերով

Ես ամաչում էի իմ անհանգստությունն ընկերներիս և ընտանիքիս պատմել։ Լինելով փորձառու հեծանվորդ, ես այնպես էի զգում, կարծես երբեք հեծանիվ չէի վարել։ Երբ սկսեցի ավելի շփոթվել այլևս դժվար էի կարողանում ուղիղ պահել ինձ։ Ի վերջո, երբ իմ անհարմար վիճակի մասին կիսվեցի շրջապատիս հետ, ես հնարավորություն ունեցա մոտենալ ընկերոջս ավելի հզոր լույսին։ Ի դեպ, խմբի բոլոր անդամները հավաքվեցին և մի շրջան կազմեցին նրա շուրջը։ Մոտ գտնվելով նրան և ժամանակավորապես նրա լույսին և հավաքական լույսին ապավինելով, մենք ավելի խորն ընկղմվեցինք թունելի մթության մեջ։

Նկար
Թունելի վերջում նշմարվող լույսը

Մի որոշ ժամանակ անց, որը կարծես ժամեր էր թվում, ես լույսի մի կետ տեսա։ Գրեթե անմիջապես ես հավաստիացում ունեցա, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես շարունակեցի առաջ շարժվել՝ ապավինելով և իմ ընկերների լույսին, և անընդհատ մեծացող լույսի կետին։ Իմ վստահությունն աստիճանաբար աճում էր լույսի չափսերի ու պայծառությանը զուգընթաց։ Թունելի վերջից դեռևս մեծ հեռավորության վրա ես այլևս իմ ընկերների օգնության կարիքը չունեի։ Անհանգստությունն ամբողջովին վերացավ և մենք արագորեն մոտեցանք լույսին։ Ես հանգիստ և վստահ էի զգում նույնիսկ մինչև ջերմությամբ ու շքեղությամբ լի առավոտյան լույսին մոտենալը։

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մեր հավատքում կարող ենք դժվարություններ ունենալ։ Միգուցե մենք մտածենք, որ պատրաստ ենք հանդիպելու այդ դժվարություններին և միայն ավելի ուշ բացահայտենք, որ մեր նախապատրաստությունը բավարար չէ։ Եվ ինչպես ընկերս զգուշացրեց ինձ մթության մասին, այդպես էլ մենք այսօր զգուշացված ենք։ Առաքյալների ձայները հորդորում են մեզ պատրաստվել՝ հոգևոր ուժի զորեղ լույսով։

Նմանապես մենք կարող ենք հոգևոր կերպով ամաչել, անհարմար զգալ կամ շփոթվել, երբ բախվենք մեր հավատքի դժվարություններին։ Սովորաբար, այդ զգացմունքների ուժգնությունն ու տևողությունը կախված կլինեն դրանց հանդեպ մեր արձագանքից։ Եթե ոչինչ չանենք, ապա կասկածները, հպարտությունը և ի վերջո ուրացությունը հեռու կտանեն մեզ լույսից։

Թունելում ունեցած իմ փորձառությունից ես կարևոր դասեր եմ քաղել։ Ես կկիսվեմ դրանցից մի քանիսով։

Առաջինը՝ անկախ կասկածի խավարի ուժգնությունից մենք ենք ընտրում, թե որքան երկարատև և որքան խորը այն պետք է հարվածի մեզ։ Մենք պետք է հիշենք, թե որքան շատ են մեր Երկնային Հայրը և Նրա Որդին սիրում մեզ։ Նրանք մեզ չեն լքի և չեն թողնի, որ մենք պարտվենք, եթե մենք նրանց օգնությանն ապավինենք։ Հիշեք Գալիլեայի ծովում թշնամական ալիքների դեմ ունեցած Պետրոսի փորձառությունը։ Երբ Պետրոսը զգաց, որ մռայլ խավարը պատում է իրեն, նա հիշեց իր երկընտրանքի մասին և այդ նույն պահին օգնության կանչեց։ Նա հարցականի տակ չդրեց իրեն փրկելու Փրկչի զորությունը, այլ պարզապես բացականչեց. «Տէ՛ր, փրկիր ինձ»:1

Մեր կյանքում Փրկչի մեկնած ձեռքին կարող է փոխարինել վստահելի ընկերոջ, ղեկավարի կամ սիրող ծնողի օգնող ձեռքը։ Խավարի մեջ գտնվելիս ոչ մի սխալ բան չկա ժամանակավորապես ապավինելու այն մարդկանց լույսին, ովքեր սիրում են մեզ և մեր բարին են ցանկանում։

Եթե երկար մտածենք, ինչո՞ւ մենք պետք է լսենք մեր ժամանակների մեծ ու ընդարձակ շենքի անդեմ, ցինիկ ձայները և անտեսենք այն մարդկանց աղերսանքը, ովքեր իսկապես սիրում են մեզ։ Այդ մշտագո կասկածամիտները գերադասում են ոչնչացնել, քան կառուցել և ծաղրել, քան բարձրացնել։ Նրանց ծաղրանքի խոսքերը կարող են խորը մխրճվել մեր կյանքում՝ հաճախ կարճ և ժամանակավոր էլեկտրոնային խեղաթյուրումների միջոցով, որոնք զգուշորեն և միտումնավոր կերպով հորինվել են մեր հավատքը կործանելու համար։ Խելամիտ է արդյո՞ք մեր հավերժական բարեկեցությունը տեղադրել օտարի ձեռքում։ Խելամիտ է արդյո՞ք լուսավորվածություն պահանջել նրանցից, ովքեր լույս չունեն կիսվելու համար և որոնց անձնական օրակարգերը, միգուցե, պահված են մեզանից։ Եթե այդ անհայտ անձինք մեզ հետ ծանոթանային բացահայտ կերպով, նրանք երբեք մեր ժամանակին չէին արժանանա, բայց քանի որ նրանք շահագործում են սոցիալական մեդիան և չեն ցանկանում ներկայանալ, նրանք ստանում են չվաստակած վստահությունը։

Սրբազան բաները ծաղրանքի ենթարկողներին ականջ դնելով մենք հեռանում ենք Փրկչի փրկող և կյանք տվող լույսից: Հովհաննեսը գրել է. «Արդ Յիսուսը դարձեալ խօսեց նորանց հետ եւ ասեց. Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի»:2 Հիշեք, որ մեզ իսկապես սիրող մարդիկ կարող են օգնել մեզ ամրապնդել մեր հավատքը։

Այնպես, ինչպես ես էի ամաչում թունելի մեջ կասկածներ ունենալիս, մենք նույնպես կարող ենք ամաչել օգնություն խնդրել։ Գուցե մենք այն մարդն ենք, որից ուրիշները ուժ են ակնկալում, իսկ այժմ մենք ենք օգնություն սպասում։ Երբ հասկանանք, որ մեզ վրա Փրկչի տարածած լույսն ու սփոփանքը շատ ավելի թանկարժեք է, քան հպարտության մեջ այն թաքցնելը, ապա ոգեշնչված Եկեղեցու ղեկավարները, ծնողները և վստահելի ընկերները կարող են օգնել։ Նրանք պատրաստ են օգնելու մեզ ձեռք բերել հոգևոր ինքնավստահություն, որը կամրապնդի մեզ հոգևոր մարտահրավերների դեմ։

Երկրորդը՝ մենք պետք է վստահենք Տիրոջը, որպեսզի մեր մեջ զարգացնենք հոգևոր ուժ։ Մենք մշտապես չենք կարող ապավինել ուրիշների լույսին։ Ես գիտեի, որ թունելի խավարը երկար չէր տևի, եթե ես շարունակեի վարել իմ ընկերոջ կողքին և խմբի ապահովության ներքո։ Սակայն ես ցանկանում էի լույսը տեսնելուն պես ինքնուրույն շարունակել։ Տերը մեզ ուսուցանում է. «Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ. խնդրեք, և կստանաք. թակեք, և ձեզ կբացվի»։3 Մենք պետք է գործենք և ակնկալենք, որ Տերը կկատարի Իր խոստումը և կբարձրացնի մեզ խավարից, եթե մենք մոտենանք Նրան։ Սակայն հակառակորդը կփորձի համոզել մեզ, որ մենք երբեք չենք զգացել Հոգու ազդեցությունը և պարզապես ավելի հեշտ կլինի այլևս չփորձել։

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը խորհուրդ է տվել մեզ «առաջին հերթին ձեր կասկածները կասկածի տակ դրեք, հետո նոր ձեր հավատքը»։4 Իմ ծխում մի երիտասարդ տղա վերջերս ասաց. «Իմ կարծիքով բաներ կան, որոնք հնարավոր չէ որևէ այլ կերպ բացատրել, բացի այն, որ դրանք Աստծուց են»։ Դա կոչվում է հոգևոր մաքրություն։

Երբ հարցեր ենք ունենում կամ ենթարկվում կասկածների, մենք պետք է հիշենք այն հոգևոր օրհնությունները և զգացմունքները, որոնք անցյալում ներխուժել են մեր սիրտ և կյանք և պետք է մեր հավատքը հիմնենք Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի վրա։ Հիշում եմ մի խորհուրդ, որը տրված է հայտնի օրհներգում. «Կասկած չկա Աստծո բարությանը [քանի որ] ապացուցել ենք անցյալում»։5 Անցյալի հոգևոր փորձառությունների անտեսման և արժեզրկման դեպքում մենք կհեռանանք Աստծուց։

Մենք ավելի ուժգին կերպով հետամուտ կլինենք լույսին, եթե մեր կյանքում այն փայլելիս պատրաստակամորեն ընդունենք այն։ Ժամանակակից սուրբ գրությունը մեկնաբանում է լույսը և մի խոստում է տալիս նրանց, ովքեր ընդունում են այն. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում»։6 Դեպի լույսը հեծանիվը վարելու նման, որքան շատ ենք մոտենում, այնքան շատ է Նրա ազդեցությունը զգացվում մեր կյանքում։ Թունելի վերջում գտնվող լույսի նման Նրա ազդեցությունը մեզ վստահություն, վճռականություն, սփոփանք կտա և որ ամենակարևորն է՝ զորություն կտա իմանալու, որ Նա ապրում է:

Երրորդ՝ չկա այնպիսի խավար, որն ավելի խիտ, սպառնալից կամ այնքան տհաճ լինի, որը չի կարելի հաղթահարել լույսի շնորհիվ։ Երեց Նիլ Լ. Անդերսենը վերջերս ուսուցանել է. «Աշխարհում չարի մեծացմանը զուգընթաց գոյություն ունի փոխհատուցող հոգևոր ուժ արդարների համար։ Երբ աշխարհն անտեսում է հոգևոր համոզմունքները, Տերն ուղի է պատրաստում նրանց համար, ովքեր փնտրում են Նրան՝ պարգևելով նրանց ավելի մեծ հավաստիացում, ավելի շատ հաստատում և ավելի մեծ վստահություն այն հոգևոր ուղղության հանդեպ, որով նրանք գնում են։ Մթնշաղի մեջ Սուրբ Հոգու պարգևը դառնում է ավելի պայծառ լույս»։7

Եղբայրներ և քույրեր, մենք միայնակ չենք, որպեսզի ներգործվենք աշխարհի ցանկացած քմահաճույքից կամ փոփոխությունից, այլ հավատքը կասկածից վեր ընտրելու զորություն ունենք։ Որպեսզի կարողանանք օգտվել փոխհատուցող հոգևոր ուժից, մենք պետք է ականջ դնենք մարգարեական խորհրդին, ճանաչենք և գործենք ըստ հոգևոր հուշումների, լինենք հնազանդ Աստծո պատվիրաններին և փնտրենք անձնական հայտնություն։ Մենք պետք է ընտրենք։ Մենք պետք է ընտրենք Փրկչի լույսը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։