2010–2019 թթ․
Ավետարանը հրաշալիորեն գործում է
Հոկտեմբեր 2015


Ավետարանը հրաշալիորեն գործում է

Ես աղոթում եմ, որ մենք կենտրոնանանք այն «միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է» և թույլ տանք, որ Նրա շնորհը բարձրացնի և առաջ տանի մեզ։

Իմ սիրելի քույրեր և եղբայրներ, իմ սիրելի ընկերներ, ուրախ եմ այսօր ձեզ հետ լինել։ Մենք վշտացած ենք այս բեմի վրա գտնվող երեք դատարկ տեղերից։ Մենք կարոտում ենք Նախագահ Փաքերին, Երեց Փերիին և Երեց Սքոտին։ Մենք սիրում ենք նրանց և աղոթում ենք նրանց ընտանիքների բարեկեցության համար։

Այս համաժողովի ընթացքում մենք հնարավորություն կունենանք հաստատելու երեք հոգու, ովքեր Տիրոջ կողմից կանչվել են զբաղեցնելու նրանց տեղը Տասներկու Առաքյալների Քվորումում։

Նրանց օգտի համար հնչեցրած մեր աղոթքները կամրապնդեն նրանց՝ առաքյալի սրբազան թիկնոցը կրելիս։

Արդյո՞ք ավետարանն օգնում է ձեզ՝ ձեր կյանքում։

Ոչ շատ վաղուց ես մի մեջբերում կարդացի, որն ինձ ստիպեց կանգ առնել և մտածել: Հետևյալն էր ասվում. «Մարդուն ասեք, որ տիեզերքում կան տրիլիոնից ավել աստղեր և նա կհավատա ձեզ։ Ասեք նրան, որ պատը նոր է ներկված ու թաց է, և նա համոզվելու համար կդիպչի դրան»։

Արդյո՞ք մենք մի փոքր այդպիսին չենք։ Վերջերս բժկական հետազոտություն անցնելուց հետո իմ հմուտ բժիշկներն ասացին ինձ բուժվելու համար անհրաժեշտ քայլերը։ Սակայն սկզբում ես պետք է մի բան սովորեի իմ մասին, որը ես վաղուց պետք է իմացած լինեի՝ որպես հիվանդ ես այդքան էլ համբերատար չեմ։

Այդ իսկ պատճառով ես որոշեցի արագացնել բուժման գործընթացը՝ ձեռնարկելով համացանցի որոնումներ։ Կարծում եմ, որ ակնկալում էի բացահայտել այն ճշմարտությունը, որից իմ բժիշկներն անտեղյակ էին կամ փորձում էին թաքցնել ինձանից։

Ինձանից մի որոշ ժամանակ պահանջվեց, մինչև կհասկանայի իմ արարքի զավեշտալի լինելը։ Անշուշտ, ինքնուրույն ուսումնասիրություններ անելը վատ գաղափար չէ։ Սակայն ես անտեսում էի այն ճշմարտությունը, որին կարող էի ապավինել և փոխարենը հետաքրքրվում էի համացանցի ապատեղեկատվությամբ։

Երբեմն, ճշմարտությունը կարող է շատ ուղիղ, շատ ակներև և պարզ թվալ, որպեսզի մենք լիովին գնահատենք նրա մեծ արժեքը։ Այսպիսով, մենք մի կողմ ենք դնում մեր զգացումներն ու իրականությունը և հետամուտ լինում ավելի խորհրդավոր և բարդ տեղեկատվությանը։ Հուսով եմ, որ մենք կհասկանանք, որ երբ ստվերների հետևից ենք ընկնում, մենք հետամուտ ենք լինում այն ամենին, ինչը քիչ իրական և արժեքավոր է։

Երբ հարցը վերաբերում է հոգևոր ճշմարտությանը, ինչպե՞ս մենք կարող ենք իմանալ, որ ճիշտ ուղու վրա ենք։

Եղանակներից մեկը ճիշտ հարցադրումներ անելն է՝ այնպիսիք, որոնք կօգնեն մեզ մտածել մեր առաջընթացի մասին և գնահատել, թե ինչպես են գործերն առաջ գնում։ Այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝

«Արդյո՞ք իմ կյանքն իմաստ ունի»։

«Հավատո՞ւմ եմ արդյոք Աստծուն»։

«Հավատո՞ւմ եմ արդյոք, որ Աստված ճանաչում և սիրում է ինձ»։

«Հավատո՞ւմ եմ արդյոք, որ Աստված լսում և պատասխանում է իմ աղոթքներին»։

«Իսկապե՞ս ես երջանիկ եմ»։

«Արդյո՞ք իմ ջանքերը հանգեցնում են կյանքի ամենաբարձր հոգևոր նպատակներին և արժեքներին»։

Կյանքի նպատակին վերաբերող այդպիսի լուրջ հարցերը աշխարհի բազմաթիվ անհատների և ընտանիքների առաջնորդել են դեպի ճշմարտության որոնումները։ Հաճախ այդ որոնումներն առաջնորդել են նրանց դեպի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և վերականգնված ավետարանը։

Հետաքրքիր է, որ որպես Եկեղեցու անդամներ մեզ նույնպես օգտակար կլինի ժամանակ առ ժամանակ նման հարցադրումներ անել. «Արդյո՞ք Եկեղեցու անդամությունն օգնում է ինձ իմ կյանքում։ Արդյո՞ք այն ինձ ավելի է մոտեցնում Քրիստոսին։ Արդյո՞ք այն ինձ և իմ ընտանիքին օրհնում է խաղաղությամբ և ուրախությամբ, ինչպես խոստացված է ավետարանում»։

Ալման նմանատիպ մի հարցադրում է անում Զարահեմլայի Եկեղեցու անդամներին, երբ հարցնում է. «Զգացե՞լ եք դուք այս հզոր փոփոխությունը ձեր սրտերում։ … [Եվ] այժմ [դուք] ունե՞ք [այդպիսի] զգացում»։1 Այդպիսի մտածելակերպը կարող է օգնել՝ մեր ամենօրյա ջանքերը վերակենտրոնացնել կամ վերահավասարեցնել փրկության սուրբ ծրագրի հետ։

Շատ անդամներ մեծ ջերմությամբ կարող են պատասխանել, որ Եկեղեցու անդամ լինելը մեծապես օգնում է իրենց կյանքում։ Նրանք կվկայեն, որ չքավորության կամ բարեկեցության ժամանակ, հաճելի, թե ցավոտ իրավիճակներում նրանք մեծ իմաստ, խաղաղություն և ուրախություն են գտնում Տիրոջ հանդեպ իրենց նվիրվածության և Եկեղեցում իրենց նվիրված ծառայության շնորհիվ։ Ամեն օր ես հանդիպում եմ Եկեղեցու անդամներին, ովքեր լցված են պայծառ ուրախությամբ և ովքեր խոսքով ու գործով ապացուցում են, որ իրենց կյանքն անհամեմատ հարստացել է Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ։

Սակայն ես նաև նկատում եմ, որ ոմանք ունեն ոչ լիակատար փորձառություն, ովքեր կարծում են, որ Եկեղեցու իրենց անդամությունը այդքան էլ այն չէ, ինչ նրանք ակնկալում էին։

Դա տխրեցնում է ինձ, քանի որ ես անձամբ գիտեմ, թե ինչպես կարող է ավետարանը զորացնել և վերականգնել մարդու հոգին՝ ինչպես այն կարող է մեր սրտերը հույսով լցնել, իսկ մեր մտքերը՝ լույսով։ Ես անձամբ գիտեմ, թե ինչպես կարող են Հիսուս Քրիստոսի ավետարանի պտուղները վերափոխել կյանքերը՝ սովորական ու մռայլ վիճակից դեպի արտասովոր ու վսեմ։

Սակայն, ինչո՞ւ է ոմանց համար այն ավելի լավ գործում՝ քան մյուսների։ Ո՞րն է տարբերությունը այն մարդկանց, ում գտնվելը Եկեղեցում լցնում է նրանց սրտերը քավիչ սիրո երգով2 և մարդկանց, ովքեր զգում են, որ ինչոր բան պակաս է։

Այդ հարցերի շուրջ մտածելիս բազմաթիվ մտքեր ծագեցին իմ գլխում։ Այսօր, ես կցանկանայի կիսվել դրանցից երկուսով։

Պարզեցրու

Առաջինը. արդյո՞ք մենք բարդացնում ենք աշակերտ լինելու մեր կոչումը։

Այս հրաշալի ավետարանն այնքան պարզ է, որ երեխան կարող է հասկանալ այն, միևնույն ժամանակ այնքան խորն ու բարդ է, որ անհրաժեշտ կլինի մի ամբողջ կյանք՝ նույնիսկ հավերժություն տևող ուսումնասիրություն և բացահայտում, որպեսզի լիովին հասկանալի լինի։

Սակայն, երբեմն, մենք Աստծո ճշմարտությունից վերցնում ենք մի գեղեցիկ շուշան ու շերտ-շերտ ծածկում մարդկանց ստեղծած գաղափարներով, ծրագրերով և ակնկալիքներով։ Ամեն մեկն իր հերթին կարող է օգտակար և ճիշտ լինել տվյալ ժամանակի և հանգամանքների դեպքում, բայց երբ դրանք դրվում են իրար վրա, դրանք կարող են մի մեծ նստվածք առաջացնել, որն այնքան հաստ ու ծանր կդառնա, որ մենք կկանգնենք երբեմնի այդքան սիրված թանկագին ծաղկի կորստի վտանգի առաջ։

Հետևաբար, որպես ղեկավարներ մենք պետք է խստորեն պաշտպանենք Եկեղեցին և ավետարանը իր մաքրության և պարզության մեջ և ոչ անհրաժեշտ բեռ չդնենք մեր անդամների ուսերին։

Եվ որպես Եկեղեցու անդամներ մենք բոլորս պետք է բարեխիղճ ջանքեր գործադրենք և մեր ողջ ուժն ու ժամանակը նվիրենք նրան, ինչն իսկապես կարևոր է՝ բարձրացնելով մեր ընկերներին և կառուցելով Աստծո արքայությունը։

Մի քույր, ով Սփոփող Միության ուսուցիչ էր, հրաշալի դասեր էր պատրաստում։ Մի անգամ նա որոշեց մի գեղեցիկ վերմակ կարել, որը պետք է հրաշալի հետնապատկեր հանդիսանար իր դասի թեմայի համար։ Բայց կյանքը միջամտեց՝ պետք է երեխաներին դպրոցից վերցներ, պետք է օգներ հարևանին տեղափոխվել, ամուսինը ջերմություն ուներ, իսկ ընկերուհին՝ միայնակ էր։ Դասի օրը մոտենում էր, իսկ վերմակը պատրաստ չէր։ Ի վերջո, դասին նախորդող ողջ գիշեր նա չքնեց և պատրաստեց վերմակը։

Հաջորդ օրը նա հոգնած էր և հազիվ էր կարողանում ի մի բերել մտքերը, բայց նա քաջաբար դիմացավ և ուսուցանեց դասը։

Վերմակը շշմեցնող էր՝ ասեղնագործությունը կատարյալ էր, գույները պայծառ էին, և նախշերը՝ խճճված։ Այդ ամենի կենտրոնում մի բառ էր, որը հաղթական կերպով համահունչ էր նրա դասի թեմային՝ «Պարզեցրու»։

Եղբայրներ և քույրեր ավետարանով ապրելը չպետք է բարդ լինի։

Այն իսկապես պարզ է։ Այն կարելի է այսպես նկարագրել.

  • Անկեղծ միտումով Աստծո խոսքին ականջ դնելով մենք սկսում ենք հավատալ Աստծուն և վստահել Նրա խոստումներին։3

  • Որքան ավելի ենք վստահում Աստծուն, այնքան ավելի է մեր սիրտը լցվում Նրա և իրար հանդեպ սիրով։

  • Աստծո հանդեպ մեր սիրուց դրդված մենք ցանկանում ենք հետևել Նրան և մեր արարքները համահունչ դարձնել Նրա խոսքին։

  • Քանի որ մենք սիրում ենք Աստծուն, մենք ցանկանում ենք ծառայել Նրան։ Մենք ցանկանում ենք օրհնել մյուսների կյանքը և օգնել չքավորներին ու կարիքավորներին։

  • Որքան ավելի շատ ենք քայլում աշակերտության այս ուղով, այնքան ավելի շատ ենք ցանկանում սովորել Աստծո խոսքը։

Այդպիսով, յուրաքանչյուր քայլը տանում է դեպի հաջորդը և լցնում մեզ անընդհատ աճող հավատքով, հույսով և գթությամբ։

Այն հրաշալիորեն պարզ է և հրաշալի կերպով է գործում։

Եղբայրներ և քույրեր, եթե երբևէ մտածեք, որ ավետարանն այդքան էլ չի գործում ձեր կյանքում, ես հրավիրում եմ ձեզ մեկ քայլ ետ գնալ ու նայել ձեր կյանքին ավելի բարձր հարթակից և պարզեցնել աշակերտ լինելու ձեր մոտեցումը։ Կենտրոնացեք ավետարանի հիմնական վարդապետությունների, սկզբունքների և ծրագրերի վրա։ Ես խոստանում եմ, որ Աստված կառաջնորդի, կօրհնի ձեր ուղին ու կբարելավի ձեր կյանքը, իսկ ավետարանն, անպայման, ավելի օգտակար կլինի ձեզ համար։

Սկսեք ձեր կանգնած տեղից

Իմ երկրորդ առաջարկն է՝ սկսեք ձեր կանգնած տեղից:

Երբեմն, մենք հուսահատվում ենք, որովհետև մենք «ավելին» չենք՝ ավելի հոգևոր, հարգված, խելացի, առողջ, հարուստ, ընկերասեր կամ ունակ։ Բնականաբար, կատարելագործվել ցանկանալու մեջ սխալ բան չկա։ Աստված մեզ ստեղծել է, որպեսզի աճենք և զարգանանք։ Բայց հիշեք, որ մեր թուլությունները կարող են օգնել մեզ խոնարհ լինել և գալ դեպի Քրիստոսը, ով «թույլ կողմերը [կդարձնի] ուժեղ»։4 Մյուս կողմից սատանան մեր թուլություններից օգտվելով հուսահատեցնում է մեզ, որպեսզի մենք այլևս չփորձենք փոխվել։

Իմ կյանքում ես հասկացել եմ, որ կարիք չկա, որ մենք լինենք «ավելին», որպեսզի սկսենք դառնալ այն մարդը, որին ցանկանում է տեսնել Աստված։

Աստված կվերցնի ձեզ այնպես ինչպես կաք այս պահին և կսկի աշխատել ձեզ հետ։ Ձեզ միայն անհրաժեշտ կլինի հոժար սիրտ, հավատալու ցանկություն և Տիրոջ հանդեպ վստահություն։

Գեդեոնը իրեն տեսնում էր որպես մի աղքատ այգեպան, ով ամենակրտսերն էր իր հոր տանը։ Բայց Աստված նայեց նրան, որպես մի հզոր զորավոր մարդու։5

Երբ Սամուելը Սավուղին ընտրեց թագավոր, Սավուղը փորձեց նրան հետ պահել դրանից։ Սավուղը Իսրայելի տան ամենափոքր ցեղերից էր։ Ինչպե՞ս նա կարող էր թագավոր լինել։6 Բայց Աստված նայեց նրան, որպես «[ընտրյալ] տղամարդու»:7

Նույնիսկ մեծ մարգարե Մովսեսն իր կյանքում այնքան ծանրաբեռնված և հուսալքված զգաց, որ մի պահ ցանկացավ հանձնվել և մահանալ։8 Սակայն Աստված չհրաժարվեց Մովսեսից։

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, եթե մենք ինքներս մեզ նայենք միայն մեր մահկանացու աչքերով, միգուցե մենք բավարար չափով մեզ լավը չհամարենք։ Սակայն մեր Երկնային Հայրը մեր մեջ տեսնում է, թե իրականում ովքեր ենք մենք և ովքեր կարող ենք դառնալ։ Նա մեզ նայում է որպես Իր որդիների և դուստրերի՝ որպես հավերժական լույսի, հավիտենական ներուժի տեր և աստվածային ճակատագիր ունեցող էակների։9

Փրկչի զոհաբերությունը փրկության դռները բացեց բոլորի համար, որպեսզի վերադառնան Աստծո մոտ։ Նրա «շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են [Աստծո] առջև»։10 Նրա շնորհի զորության միջոցով կարող ենք մուտք գործել փրկության Աստծո արքայություն։ Նրա շնորհի միջոցով բոլորս հարություն կառնենք և կփրկվենք փառքի արքայության մեջ։

Նույնիսկ փառքի ամենացածր աստիճանը, թելեստիալ արքայությունը, «ամեն հասկացողությունից վեր է»11 և անհամար մարդիկ կժառանգեն այդ փրկությունը։12

Սակայն Փրկչի շնորհը կարող է շատ ավելին անել մեզ համար։ Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ մենք ձգտում ենք ինչ-որ աներևակայելի մեծ բանի։ Դա սելեստիալ արքայության մեջ վեհացումն է։ Դա հավերժական կյանքն է մեր Երկնային Հոր ներկայության մեջ։ Դա Աստծո ամենամեծ պարգևն է։13 Սելեստիալ արքայության մեջ մենք ստանում ենք «նրա լիությունից և նրա փառքից»։14 Իսկապես, այն ամենն, ինչ Հայրն ունի, կտրվի մեզ։15

Վեհացումը մեր նպատակն է, աշակերտ լինելը՝ մեր ճամփորդությունը։

Եթե գործադրեք մի փոքր հավատք և սկսեք քայլել որպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղ հետևորդ՝ ձեր սիրտը կփոխվի։16 Ձեր ողջ էությունը կլցվի լույսով։17

Աստված կօգնի ձեզ, որ դառնաք ավելին, քան դուք երբևէ կարող էիք պատկերացնել։ Եվ դուք կհասկանաք, որ Հիսուս Քրիստոսի ավետարանն իսկապես օգնում է ձեզ՝ ձեր կյանքում։ Այն գործում է։

Այն գործում է:

Եղբայրներ և քույրեր, սիրելի ընկերներ ես աղոթում եմ, որ մենք կենտրոնանանք այն «միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է»18 և թույլ տանք, որ Նրա շնորհը մեր ճամփորդության ընթացքում բարձրացնի և տանի մեզ՝ այնտեղից, ուր մենք հիմա ենք, դեպի մեր փառավոր ճակատագիրը՝ մեր Հոր ներկայությունը։

Երբ դա անենք և ինչ-որ մեկը հարցնի մեզ, թե «Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ լինելն օգնել ձեզ ձեր կյանքում», մենք կկարողանանք հպարտությամբ, ողջ խոնարհությամբ և մեծ ուրախությամբ պատասխանել. «Այն հիանալի կերպով օգնում է ինձ իմ կյանքում։ Շնորհակալություն, որ հարցրեցիք։ Կցանկանայի՞ք ավելին իմանալ»։

Դա է իմ հույսը, աղոթքը, վկայությունը և օրհնությունը՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։