2010–2019 թթ․
Սիրտս շարունակ խորհում է այն բաների շուրջ
Հոկտեմբեր 2015


Սիրտս շարունակ խորհում է այն բաների շուրջ

Ես սրտանց աղոթում եմ, որ դուք ավելի երկարատև ու խորիմաստ կերպով խորհեք Աստծո խոսքերի շուրջ։

Մասնագիտությամբ ես ներդրող եմ։ Հավատքով՝ ես Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու աշակերտն եմ։1 Իմ աշխատանքային պրակտիկայում ես հետևում եմ արդյունավետ ֆինանսական սկզբունքների։ Իմ հավատքը կիրառելիս ես ձգտում եմ հետևել հոգևոր սկզբունքների, որոնք կօգնեն ինձ ավելի շատ նմանվել Փրկիչին։

Հրավերներն օրհնություններ են բերում

Անձնական պարգևատրումներից շատերը, որոնք ստացել եմ կյանքում, տրվել են այն բանի արդյունքում, երբ մեկը հրավիրել է ինձ կատարելու մի բարդ հանձնարարություն։ Ելնելով դրանից ես կցանկանայի երկու հրավեր հղել ձեզ։ Առաջինն ունի ֆինանսական հետևանքներ։ Երկրորդ հրավերի դեպքում հետևանքները հոգևոր են։ Երկու հրավերներն էլ ընդունվելու դեպքում կպահանջեն կարգապահ ջանքեր երկար ժամանակ, մինչև որ կգա արդյունքը ստանալու ժամանակը։

Առաջին հրավերը

Առաջին հրավերը շատ պարզ է․ ես հրավիրում եմ ձեզ գումար խնայել ամեն շաբաթ։ Գումարի չափն առանձնապես կարևոր չէ, դուք ինքներդ կարող եք որոշել այն։ Երբ դուք զարգացնեք խնայելու սովորություն, դա անձամբ ձեզ օգուտ կբերի։ Դուք միգուցե նաև հնարավորություններ ունենաք ֆինանսապես աջակցել ուրիշներին որպես ձեր ջանասիրության արդյունք։ Պատկերացրեք ամեն շաբաթ գումար խնայելու դրական արդյունքը վեց ամիս, մեկ տարի, 10 տարի կամ ավելի շատ տարիներ անց։ Երկար ժամանակ գործադրվող փոքր ջանքերը կարող են առաջ բերել մեծ հետևանքներ։2

Երկրորդ հրավերը

Իմ երկրորդ հրավերը բավականին տարբերվում է և ավելի կարևոր է, քան առաջինը։ Ահա այն․ ես հրավիրում եմ ձեզ ամեն շաբաթ (“ponderize”) «խորհել-սերտել»3 սուրբ գրություններից մեկ հատված։ Խորհել-սերտել բառը դուք չեք գտնի բառարանում, սակայն այն տեղ է գտել իմ սրտում։ Այսպիսով, ի՞նչ է նշանակում այն։ Կցանկանայի նշել, որ այն 80 տոկոս երկար խորհրդածությունների և 20 տոկոս սերտման համադրությունն է։

Կա երկու պարզ քայլ․

Առաջինը, ամեն շաբաթ ընտրեք սուրբ գրության մի հատված և դրեք այն մի տեղ, որ ամեն օր կարողանաք տեսնել։

Երկրորդը, կարդացեք կամ մտածեք հատվածի մասին ամեն օր մի քանի անգամ և խորհեք բառերի և կարևոր արտահայտությունների իմաստի մասին ողջ շաբաթվա ընթացքում։

Պատկերացրեք հրաշալի արդյունքները, եթե անեք դա ամեն շաբաթ, վեց ամիս, մեկ տարի, 10 տարի կամ ավելի շատ տարիների ընթացքում։

Մինչ դուք գործադրեք նման ջանքեր, դուք հոգևոր աճ կզգաք։ Դուք նաև կկարողանաք ավելի իմաստալից ձևով ուսուցանել և բարձրացնել նրանց, ում սիրում եք։

Նկար
Լողալ

Եթե դուք խորհեք-սերտեք ամեն շաբաթ, դուք կարող եք այնպիսի զգացողություններ ունենալ, ինչպես մեկը, ով նախկինում ունեցել է լողալու փորձ, սակայն այժմ որոշել սուզվել ու լողալ ջրի հատակին։ Այդ որոշման շնորհիվ դուք ձեռք կբերեք ավետարանի սկզբունքների ավելի խորը հասկացողություն և նոր հոգևոր հեռանկարները կօրհնեն ձեր կյանքը։

Նկար
Սուզվել

Երբ դուք խորհեք ձեր ընտրած հատվածի շուրջ ամեն շաբաթ, բառերն ու արտահայտությունները կգրվեն ձեր սրտի վրա։4 Բառերն ու արտահայտությունները կգրվեն նաև ձեր մտքում։ Այլ կերպ ասած, կսկսեք ավելի ու ավելի հեշտ ու բնականից սերտել դրանք։ Սակայն խորհել-սերտելու հիմնական նպատակն է ունենալ այնպիսի մտքեր, որոնք ձեզ կմոտեցնեն Տիրոջ Հոգուն։

Փրկիչն ասել է․ «Շարունակ ձեր մտքում գանձեք կյանքի խոսքերը»։5 Խորհել-սերտելը հենց այդ պարզ և ուսանելի ուղին է։

Կարծում եմ, որ Նեփին խորհող-սերտող անձնավորություն էր։ Նա ասել է․ «Հոգիս հրճվում է սուրբ գրություններով և սիրտս [շարունակ] խորհում է դրանք, և ես գրում եմ իմ զավակների ուսման և օգտի համար»։6 Նա մտածում էր իր երեխաների մասին, երբ խորհում և գրում էր սուրբ գրությունները։ Ինչպե՞ս կարող է ձեր ընտանիքի համար օգտակար լինել այն, որ դուք շարունակ ձգտում եք լցնել ձեր միտքը Աստծո խոսքերով։

Իմ հատվածը

Վերջերս ես խորհում-սերտում էի Ալմա 5․16 հատվածը, որտեղ ասվում է․ «Ես ասում եմ ձեզ, կարո՞ղ եք դուք պատկերացնել ինքներդ ձեզ, որ դուք լսում եք Տիրոջ ձայնը ձեզ ասելիս այն օրը․ Եկեք ինձ մոտ, դուք, օրհնվածներ, քանզի ահա ձեր գործերն արդարության գործեր են եղել երկրի երեսին»։

Շաբաթվա վերջում ահա թե ինչ էր գրված իմ մտքում․ Պատկերացրու, որ լսում ես Տիրոջ ձայնը՝ ասելիս․ «Եկեք ինձ մոտ, դուք, օրհնվածներ, քանզի ահա ձեր գործերն արդարության գործեր են եղել» (Ալմա 5․16

Ինչպես տեսնում եք, ես չէի սերտել ողջ հատվածը բառ առ բառ։ Այնուամենայնիվ, կրկին ու կրկին ես խորհել էի հատվածի կարևոր տարրերի շուրջ և թե որտեղ կարող էի գտնել դրանք։ Սակայն այդ գործընթացի լավագույն մասն այն էր, որ ես ունեի վեհ մտքեր։ Ողջ շաբաթվա ընթացքում ես պատկերացնում էի Փրկիչին ինձ քաջալերող խոսքեր ասելիս։ Այդ պատկերը հուզում էր իմ սիրտը և ծառայում էր ինձ ոգեշնչելու ցանկությամբ, անելու «արդար գործեր»։ Ահա, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մենք «նայում ենք [Քրիստոսին] բոլոր մտորումներում»։7

Մենք պետք է պայքարենք

Միգուցե դուք հարցնեք․ «Ինչո՞ւ ես պետք է դա անեմ»։ Ես կպատասխանեմ, որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ չարն ավելի ու ավելի շատ է տարածվում։ Մենք չենք կարող պարզապես բաներն ընդունել այնպիսին, ինչպիսին կան այժմ և սնվենք անպարկեշտ խոսքերով ու մեղսալի պատկերներով, որոնք շրջապատում են մեզ գրեթե ամենուր, և ոչինչ չանենք ի պատասխան։ Մենք պետք է պայքարենք։ Երբ մեր միտքը լի է վեհ գաղափարներով և պատկերներով, երբ մենք «միշտ հիշում ենք նրան»,8 տեղ չի մնում կեղտի ու աղբի համար։

Մորմոնի Գրքում Հիսուս Քրիստոսը բոլորին հրավիրում է «խորհել այն բաների վրա, որոնք [Նա] ասել է»։9 Խորհել-սերտելուն նայեք որպես հավելում սուրբ գրությունների ձեր անձնական և ընտանեկան ուսումնասիրությանը, սակայն երբեք թույլ մի տվեք, որ այն դառնա փոխարինում։ Խորհել-սերտելը նման է ձեր ընթացիկ հոգևոր սնուցմանը նոր բաղադրիչ ավելացնելուն։

Դա շատ դժվար է

Դուք միգուցե ասեք․ «Խորհել-սերտելը շատ դժվար է թվում ինձ համար»։ Մի վախեցեք։ Դժվարը կարող է օգտակար լինել։ Քրիստոսը հրավիրում է մեզ մի շարք դժվարին բաներ անել, քանի որ Նա գիտի, որ մենք կօրհնվենք մեր գործադրած ջանքերի արդյունքում։10

Նկար
Սուրբ գրությունը հեռախոսում

Մեր հարևաններից մի երիտասարդ գտել է խորհել-սերտելու հեշտ եղանակը։ Շաբաթվա համար նախատեսված սուրբ գրությունը նա դնում է իր հեռախոսի հիմնական էկրանին։ Դուք կարող եք փորձել նաև ձեր հատվածով կիսվել ձեր զարմիկի, զավակի կամ ընկերոջ հետ։ Ես և կինս՝ Ջուլին, օգնում ենք միմյանց։ Ամեն կիրակի մենք ընտրում ենք մեր հատվածները։ Նա իրենը ամրացնում է սառնարանին, իսկ ես իմը ամրացնում եմ իմ մեքենայի մեջ։ Ապա մենք կիսվում ենք մեր հատվածների մասին մտքերով ողջ շաբաթվա ընթացքում։ Մենք նաև սիրում ենք քննարկել մեր հատվածները մեր երեխաների հետ։ Երբ մենք անում ենք դա, թվում է, թե նրանք ավելի հեշտությամբ են սկսում կիսվել մեզ հետ Աստծո խոսքի վերաբերյալ իրենց մտքերով։

Նկար
Քույր Դյուրանը սուրբ գրությունն ամրացնում է սառնարանին
Նկար
Եղբայր Դյուրանը սուրբ գրությունն ամրացնում է մեքենայում

Ես և Ջուլին նաև ներգրավված ենք համացանցի մի խմբում, որտեղ ընտանիքի անդամները, ընկերները և միսիոներները կարող են կիսվել իրենց սուրբ գրություններով ամեն շաբաթ և երբեմն ներառել համապատասխան մտքեր կամ վկայություններ։ Խմբի անդամ լինելն օգնում է հետևողական լինել։ Ավագ դպրոցում սովորող իմ դուստրը և մի խումբ նրա ընկերներ սոցցանցերի և տեքստային հաղորդագրությունների միջոցով միմյանց հետ կիսվում են սուրբ գրություններով։

Նկար
Երիտասարդ կինը կիսվում է սուրբ գրությամբ սոցկայքի միջոցով

Խնդրում եմ, մի երկմտեք ներառել այլ կրոնի մարդկանց ձեր խմբերում։ Նրանք նույնպես ուղիներ են փնտրում իրենց մտքերը վեհացնելու և Աստծուն ավելի մոտ զգալու համար։

Ի՞նչ օգուտ այդ ամենից։

Նկար
Քույր Դյուրանն ուսումնասիրում է սուրբ գրությունները

Այսպիսով, ի՞նչ օգուտ այդ ամենից։ Արդեն երեք տարի է, ինչ ես և Ջուլին ամեն շաբաթ խորհում-սերտում ենք մեկական հատված։ Ի սկզբանե, մենք նպատակ էինք դրել 20 տարի այդպես վարվել։ Վերջերս նա ասաց ինձ․ «Երբ առաջին անգամ հրավիրեցիր ինձ ամեն շաբաթ խորհել-սերտել սուրբ գրության մեկական հատված 20 տարի շարունակ, ես մտածեցի, թե արդյոք կկարողանամ անել դա մեկ ամիս։ Ես այլևս չունեմ այդպիսի կասկածներ։ Ես դժվարանում եմ հավատալ, թե որքան զվարճալի էր ամեն շաբաթ սառնարանին սուրբ գրություն փաքցնելը և պարզապես ամեն անգամ այն տեսնելիս և խորհել-սերտելիս իմ հոգին վեհացել է»։

Վեց շաբաթ խորհել-սերտելուց հետո, Տեխասից՝ ԱՄՆ, մի քույր ասել է․ «Իմ վկայությունն ամրացել է, …և ես ինձ ավելի մոտ եմ զգում իմ Երկնային Հորը։ … Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Աստծո խոսքը դեպի լավը փոխում ինձ»։

Մի դեռահաս ընկեր գրել է․ «Ինձ իսկապես դուր եկավ [խորհել-սերտելը], քանի որ դա օգնեց ինձ կենտրոնանալ բաների վրա, որոնք իսկապես կարևոր են»։

Մեր միսիոներներից մեկը կիսվել է հետևյալով․ «Սկսած 2014թ․ հունվարից ես ամեն շաբաթ խորհում-սերտում եմ մեկական հատված, և ինձ դա դուր է գալիս։ … Այդ սուրբ գրությունները դարձել են ինձ ընկերներ, որոնց ես կարող եմ ապավինել դժվարին պահերին»։

Ինչ վերաբերում է ինձ, ես ավելի լիարժեք ձևով եմ զգում Հոգին՝ մինչ խորհում-սերտում եմ ամեն շաբաթ։ Նաև մեծացել է սուրբ գրությունների հանդեպ իմ սերը՝ մինչ «[թողել եմ] առաքինությունը զարդարի [իմ] մտքերն անդադար»։11

Խորհեք այս հրավերի և մեծագույն օրհնությունների մասին, որոնցով կիսվել է Նեփին․ «Եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը․ Դուք կունենաք հավերժական կյանք»։12 Երբ «[սնվում ենք] Քրիստոսի խոսքով», խորհել-սնվելը նմանվում է համեղ ուտեստ համտեսելուն, իսկ հետո դանդաղ, շատ դանդաղ ծամելուն, որպեսզի լիովին վայելենք այն։

Նկար
Աղցանը համեմող կինը

Ո՞րն է ձեր հատվածը

Արդյ՞ոք կխորհեք-սերտեք սուրբ գրության մեկական հատված ամեն շաբաթ՝ այս ամսվա, այս տարվա ընթացքում, կամ միգուցե ավելի երկար ժամանակով։ Ես և Ջուլին հրավիրել ենք Տեխաս նահանգի, Դալլասի մեր բոլոր անվեհեր միսիոներներին խորհել-սերտել մեզ հետ 20 տարի։ Մենք կհասնենք մեր վերջնագծին 17 կարճ տարիներ անց։ Ապա մենք նոր նպատակ կդնենք, որպեսզի վեհացնենք մեր մտքերը և ավելի մոտենանք Քրիստոսին։

Դուք կարող եք ստուգել մեզ, հարցնելով՝ «Ո՞րն է ձեր հատվածը»։ Սակայն եթե դուք անեք դա, պատրաստ եղեք ի պատասխան կիսվելու ձեր հատվածով։ Մեզանից յուրաքանչյուրն էլ կբարձրացվի մտքերի փոխանակման արդյունքում։

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես կփոխվի ձեր և ձեր ընտանիքի կյանքը, եթե դուք ամեն շաբաթ նոր հատված գրեք ձեր սրտում և մտքում՝ հաջորդ մի քանի ամիսների կամ մի քանի տարիների կամ ավելի երկար ժամանակի ընթացքում։

Հիսուս Քրիստոսը մեր օրինակն է

Հիսուս Քրիստոսը պետք է որ սեր զարգացրած լիներ սուրբ գրությունների հանդեպ վաղ տարիքից։ Պետք է, որ Նա կարդար և խորհեր սուրբ գրությունների շուրջ մանուկ հասակից, որպեսզի կարողանար իմաստալից քննարկում ունենալ իմաստուն քահանաների հետ տաճարում 12 տարեկանում։13 Նա սկսեց Իր առաքելությունը 30 տարեկանում,14 և նա հղումներ էր կատարում սուրբ գրություններին ավելի վաղ տարիքում և հաճախ Իր ծառայության ընթացքում։15 Արդյոք չե՞նք կարող վստահ ասել, որ Հիսուսն առնվազն 20 տարի ուսումնասիրել և խորհել էր սուրբ գրությունները որպես Իր առաքելության նախապատրաստում։ Կա՞ մի բան, որը դուք պետք է անեք այսօր, որպեսզի նախապատրաստվեք հոգևորապես ապագա հնարավորությունների համար՝ ուսուցանելու և օրհնելու ձեր ընտանիքներին և ուրիշներին։

Գործի դրեք ձեր հավատքը և արեք դա

Ամփոփելով՝ ասեմ, որ հուսով եմ, դուք կորոշեք գումար խնայել ամեն շաբաթ։ Գործի դրեք ձեր հավատքը, կարգ ու կանոն հաստատեք ձեր կյանքում և արեք դա։ Ես նաև սրտանց աղոթում եմ, որ դուք ամեն շաբաթ ավելի երկարատև ու խորիմաստ կերպով խորհեք Աստծո խոսքերի շուրջ։ Գործի դրեք ձեր հավատքը, կարգ ու կանոն հաստատեք ձեր կյանքում և արեք դա։

Ի տարբերություն գումար խնայելու իմ առաջին հրավերի, հոգին փրկող իմ երկրորդ հրավերի արդյունքը ձերը կլինի հավերժ՝ զերծ այս աշխարհի ցեցից ու ժանգից։16

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը տվել է այս պարզ խորհուրդը և խոստումը․ «Ուշադիր, զգուշորեն ուսումնասիրեք սուրբ գրությունները։ Խորհեք և աղոթեք դրանց համար։ Սուրբ գրությունները հայտնություն են և դրանք կբերեն լրացուցիչ հայտնություն»։17

Վերջաբան

Ես խոստանում եմ, որ դուք չեք զղջա, եթե ամեն շաբաթ ձեր մտքում և սրտում գրեք սուրբ գրության մի հատված։ Դուք կունենաք մշտական հոգևոր նպատակ, պաշտպանություն և զորություն։

Հիշեք Հիսուս Քրիստոսի խոսքերը, երբ Նա ասաց․ «Արեք այն բաները, որոնք դուք տեսաք ինձ՝ անելիս»։18 Թող որ մենք ամբողջությամբ կիրառենք Նրա խոսքերը մեր կյանքում։ Սրա համար ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։