2010–2019 թթ․
Փորձվելով և գայթակղվելով, սակայն օգնություն ստանալով
Հոկտեմբեր 2015


Փորձվելով և գայթակղվելով, սակայն օգնություն ստանալով

Մենք կարող ենք օգնել միմյանց որպես մեր Երկնային Հոր զավակներ մեր փորձություններում և գայթակղություններում:

Կյանքի ընթացքում մենք փորձվում և գայթակղվում ենք: Մենք նաև հնարավորություն ենք ունենում գործադրել մեր ազատ կամքը և օգնել միմյանց: Այս ճշմարտությունները մեր Երկնային Հոր սքանչելի և կատարյալ ծրագրի մասն են կազմում:

Նախագահ Ջոն Թեյլորն ուսուցանել է. «Ես լսել եմ, ինչպես է Մարգարե Ջոզեֆն ասել մի առիթով Տասներկուսին. «Դուք կհանդիպեք ամեն տեսակի փորձությունների: Եվ շատ անհրաժեշտ է, որ դուք փորձվեք, ինչպես փորձվել են Աբրահամը և Աստծո այլ մարդիկ, և Աստված կհսկի ձեզ և կոլորի ձեր սրտի ամենանուրբ լարերը»»:1

Երբ մենք հասնում ենք պատասխանատվության տարիքի, փորձություններն ու գայթակղությունները համընդհանուր են դառնում: Երբեմն դրանք կարող են ծանր բեռ դառնալ, սակայն դրանք մեզ նաև ուժ են տալիս և օգնում աճել, երբ մենք հաջողությամբ հաղթահարում ենք դրանք:

Բարեբախտաբար մենք այդ բեռները մենակ չենք կրելու: Ալման ուսուցանել է. «Դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, և հոժար եք կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն»:2 Այս խոսքերը ցույց են տալիս, որ մենք մեկս մյուսին օգնելու պատասխանատվություն ունենք: Այդ պատասխանատվությունը կարող է գալ Եկեղեցու կոչումից, որևէ հանձնարարությունից, ընկերությունից, որպես ծնողներ, ամուսիններ կամ ընտանիքի անդամեր մեր աստվածային դերից, կամ պարզապես Աստծո ընտանիքի մասը լինելուց:

Ես կնկարագրեմ չորս ճանապարհ, որոնցով մեր բեռները կարող են թեթևանալ, եթե մենք օգնենք միմյանց:

1. Փրկիչն ասել է. «Եւ ով որ քեզ պահակ բռնած մէկ մղոն քշէ, նորա հետ երկուսը գնա»:3 Օրինակ, մեզ խնդրում են պարբերաբար հաճախել տաճար, երբ մեր անձնական պայմանները թույլ են տալիս: Տաճար այցելելը ժամանակի և միջոցների զոհաբերություն է պահանջում, հատկապես նրանց կողմից, ովքեր մեծ տարածություններ պետք է անցնեն: Ինչևէ, այս զոհաբերությունը պետք է համարվի առաջին մղոնի մաս:

Մենք սկսում ենք քայլել երկրորդ մղոնը, երբ հասկանում ենք «գտնել, ստանձնել, ուսուցանել» խոսքերը4, երբ փնտրում և պատրաստում ենք մեր նախնիների անունները տաճարային արարողությունների համար, երբ օգնում ենք ինդեքսավորել, երբ ծառայում ենք որպես տաճարային աշխատողներ և երբ հնարավորություններ ենք գտնում օգնելու ուրիշներին ունենալ իմաստալից տաճարային փորձառություն:

Երբ ես ծառայում էի որպես Տարածքային Յոթանասունական, իմ համակարգող խորհրդի ցցերից մեկը մասնակցեց տաճարային խոշոր այցի: Տաճարը սակայն փոքր էր և, դժբախտաբար, մի քանի անդամներ, ովքեր 12 ժամ ճանապարհորդել էին, չկարողացան մտնել տաճար, քանի որ օրվա այցելությունների քանակը գերազանցվում էր:

Այդ այցից մի քանի օր անց ես այցելեցի այդ ցից և հարցրեցի նախագահին, թե արդյոք կարող էի զրուցել մի քանի անդամների հետ, որոնց չէր հաջողվել այդ օրը տաճար մտնել: Եղբայրներից մեկը, ում ես հանդիպեցի, ասաց ինձ. «Երեց, մի անհանգստացեք: Ես եղա Տիրոջ տանը: Ես նստեցի այգու նստարանին և խորհեցի իմ մտքում արարողությունների շուրջ: Այնուհետև ես մտնելու հնարավորություն ստացա, սակայն թույլ տվեցի մեկ այլ եղբոր մտնել իմ փոխարեն, ով առաջին անգամ էր եկել տաճար իր կնոջ հետ կնքվելու համար: Նրանք հնարավորություն ունեցան այդ օրը երկու նիստի մասնակցել: Տերը ճանաչում է ինձ, և Նա օրհնել է ինձ, ամեն-ինչ լավ է»:

2. Ժպտացեք. Այս փոքրիկ գործողությունը կարող է օգնել նրանց, ովքեր նեղված կամ ճնշված են: Անցած ապրիլյան գերագույն համաժողովի քահանայության նիստին ես նստած էի բեմահարթակում հինգ նորակոչ Բարձրագույն Իշխանավորներից մեկի հետ: Ես շատ հուզված էի իմ նոր կոչումով:

Երբ մենք կատարում էինք միջանկյալ օրհներգը, ես ուժեղ զգացում ունեցա, որ ինչ-որ մեկը հետևում է ինձ: Ես մտածեցի. «Այս շենքում ավելի քան 20000 մարդ կա, և մեծ մասը այս կողմ են նայում: Իհարկե, ինչ-որ մեկը քեզ կնայի»:

Շարունակելով երգել ես նորից ունեցա այդ ուժեղ զգացումը, որ ինչ-որ մեկը հետևում է ինձ: Ես հայացքս գցեցի այն շարքի վրա, որտեղ նստած էին Տասներկու Առաքյալները, և տեսա Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին, որն ամբողջովին շրջվել էր իր տեղում և նայում էր մեր կողմ: Ես որսացի նրա հայացքը և նա մի մեծ ժպիտ ինձ նվիրեց: Այդ ժպիտը խաղաղություն պարգևեց իմ հուզված հոգուն:

Հարությունից հետո Հիսուս Քրիստոսը այցելեց Իր մյուս ոչխարներին: Նա կանչեց և կարգեց տասներկու աշակերտ, և ստացված իշխանությամբ նրանք սպասավորեցին մարդկանց: Տեր Հիսուս Քրիստոսը Ինքը կանգնեց նրանց մեջ: Տերը խնդրեց նրանց ծնկի գալ և աղոթել: Ես չգիտեմ, թե արդյոք նոր կանչված և կարգված աշակերտները հուզված էին իրենց կոչումով, բայց սուրբ գրություններն ասում են. «Եվ եղավ այնպես, որ Հիսուսն օրհնեց նրանց, մինչ նրանք աղոթում էին իրեն. և նրա դեմքը ժպտում էր նրանց. և նրա դեմքի լույսը շողում էր նրանց վրա»:5 Անցած համաժողովի ժամանակ ժպիտը թեթևացրեց իմ բեռը արագ և արտասովոր եղանակով:

3. Ցուցաբերեք մյուսների հանդեպ կարեկցանք: Եթե դուք քահանայություն կրող եք, օգտագործեք ձեր զորությունը Աստծո զավակների օգտի համար, նրանց օրհնություններ տալով: Արտահայտեք ցավակցություն և սփոփեք մարդկանց, ովքեր տառապում են կամ դժվարություններ կրում:

4. Աստծո ծրագրի անկյունաքարը Տեր Հիսուս Քրիստոսի Քավությունն է: Շաբաթն առնվազն մեկ անգամ մենք պետք է խորհենք Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի նման «մեծ ու հրաշալի սիրո մասին, որը դրսևորվել էր Հոր և Որդու կողմից՝ Քավչի աշխարհ գալով»:6 Հրավիրելով մարդկանց եկեղեցի և հաղորդությունը արժանի ձևով ճաշակելու, մենք կօգնենք Երկնային Հոր ավելի շատ զավակներին խորհել Քավության մասին: Իսկ եթե մենք արժանի չենք, մենք կարող ենք ապաշխարել: Հիշեք, որ Բարձրյալի Որդին իջավ ամեն-ինչից ներքև և Իր վրա վերցրեց մեր վիրավորանքները, մեղքերը, սխալները, հիվանդությունները, ցավերը, դժվարությունները և միայնակությունը: Սուրբ գրվածքներն ուսուցանում են մեզ, որ Քրիստոսը «վեր ելավ բարձր, ինչպես և, վայր իջավ բոլոր բաներից ցած, որով և ըմբռնեց բոլոր բաները»:7

Կարևոր չէ, թե ինչպիսին են մեր անձնական պայքարները՝ հիվանդություն, թե երկարատև միայնակություն, թե գայթակղություններից եկող տառապանք կամ ոսոխից եկող փորձություններ: Բարի Հովիվը մեր կողքին է: Նա կանչում է մեզ մեր անուններով և ասում. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ»:8

Ուզում եմ ամփոփել չորս կետերը.

Առաջին. քայլեք երկրորդ մղոնը:

Երկրորդ. խնդրում եմ, ժպտացեք: Ձեր ժպիտը կօգնի մյուսներին:

Երրորդ. կարեկցանք արտահայտեք:

Չորրորդ. հրավիրեք ուրիշներին գալ եկեղեցի:

Ես բերում եմ իմ վկայությունը Փրկչի մասին: Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին, և Նա ապրում է: Ես գիտեմ, որ Նա Իր ողջ կարողությամբ և զորությամբ սատարում է Հոր ծրագրին: Ես գիտեմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ապրող մարգարե է: Նա կրում է բոլոր բանալիները՝ երկրի վրա Աստծո աշխատանքը հաջողությամբ կատարելու համար: Ես գիտեմ, որ մենք կարող ենք օգնել միմյանց որպես մեր Երկնային Հոր զավակներ մեր փորձություններում և գայթակղություններում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: