2010–2019 թթ․
Որ նրանք միշտ հիշում են Նրան
Հոկտեմբեր 2015


Որ նրանք միշտ հիշում են Նրան

Ես սիրում եմ ուսումնասիրել և խորհել Նրա կյանքի մասին, ով ամեն ինչ տվեց ինձ և մեզ բոլորիս:

Ես սիրում եմ Երեխաների Միության երգը, որտեղ ասվում է.

Պատմիր ինձ այսօր Հիսուսի մասին,

Այն, ինչ ինքը կպատմեր, եթե այստեղ լիներ:

Պատմությունները երկրի, և ծովի,

Հիսուսի մասին, ինձ այսօր պատմիր:1

Ես հավատում եմ, որ մեր երեխաներին և ընտանիքներին Հիսուսի մասին պատմություններ պատմելու ավանդույթ ձևավորելը մեր տներում կիրակին սուրբ պահելու մի յուրահատուկ եղանակ է:

Դա, անկասկած, հատուկ ոգով կպարուրի մեր տները և մեր ընտանիքներն իրենց առջև կունենան Փրկչի օրինակը:

Ես սիրում եմ ուսումնասիրել և խորհել Նրա կյանքի մասին, ով ամեն ինչ տվեց ինձ և մեզ բոլորիս:

Ես սիրում եմ կարդալ Նրա անմեղ կյանքի մասին պատմող սուրբ գրությունների հատվածները, և Նրա մասնակցությամբ այդ իրադարձությունների մասին կարդալուց հետո, ես փակում եմ աչքերս և փորձում պատկերացնել այդ սուրբ պահերը, որոնք ուսուցանում և հոգեպես զորացնում են ինձ:

Օրինակ, նման պահեր են՝

  • Երբ Նա թքեց գետնի վրա, թքից ցեխ շինեց, և ցեխը քսելով կույրի աչքերին՝ ասաց. «Գնա լուացվիր Սելովամի ավազանումը»: Եվ այդ մարդը հնազանդվեց «և գնաց լվացվեց, և եկավ ու տեսնում էր»:2

  • Երբ Նա բժշկեց այն կնոջը, ով արյունահոսություն ուներ և դիպավ Փրկչի զգեստի փեշին, հավատալով, որ կբժշկվեր՝ միայն թե դիպչեր Նրան:3

  • Երբ Նա հայտնվեց Իր աշակերտներին՝ քայլելով ծովի վրայով:4

  • Երբ Նա քայլեց աշակերտների հետ Էմմաուսի ճանապարհով և մեկնաբանեց սուրբ գրությունները նրանց համար:5

  • Երբ Նա հայտնվեց մարդկանց Ամերիկաներում, կանչեց նրանց Իր մոտ և ասաց, որ իրենց ձեռքերը դնեն Իր կողերի մեջ և շոշափեն մեխերի տեղերը Իր ձեռքերի և Իր ոտքերի վրա, որպեսզի նրանք իմանային, որ Ինքն էր «Իսրայելի Աստվածը, և ամբողջ երկրագնդի Աստվածը, և սպանվել [էր] աշխարհի մեղքերի համար»:6

Ես ուրախանում եմ, երբ իմանում եմ, որ կան ծնողներ, ովքեր Քրիստոսի մասին պատմություններ են պատմում իրենց երեխաներին: Ես նկատում եմ դա, երբ նայում եմ երեխաներին՝ Եկեղեցում Երեխաների ծրագրերի և այլ միջոցառումների ժամանակ:

Ես երախտապարտ եմ իմ ծնողներին, ովքեր ուսուցանել են ինձ Քրիստոսի մասին: Ես տեսնում եմ նաև, թե ինչպես է Փրկչի օրինակն օգնում իմ սիրելի կնոջը և ինձ՝ մեր երեխաներին սովորեցնելիս:

Սիրտս լցվում է ուրախությամբ, երբ տեսնում եմ, թե ինչպես են իմ երեխաները Քրիստոսի մասին պատմում են իմ թոռներին: Դա ինձ հիշեցնում է սուրբ գրությունների իմ սիրելի հատվածներից մեկը, որը գտնվում է Գ Հովհաննես, գլուխ 1, հատված 4-ում, այնտեղ ասվում է. «Սորանից ավելի մեծ ճշմարտություն չունիմ, որ լսում եմ թե իմ որդիները ճշմարտության մեջ են գնում»: Իսկ ինչո՞ւ ոչ նաև մեր թոռները:

Ես երախտապարտ եմ մեր ղեկավարների համար, ովքեր մեզ մշտապես ուսուցանում են Քրիստոսի, կիրակին սուրբ պահելու և յուրաքանչյուր կիրակի, ի պատիվ Փրկչի, հաղորդությունից ճաշակելու մասին:

Կիրակին և հաղորդությունը շատ ավելի իմաստալից են դառնում, երբ ուսումնասիրում ենք Քրիստոսի մասին պատմությունները: Այդպիսով, մեր հավատքն ու վկայությունը կերտող ավանդույթներ ենք ձևավորում և նաև պաշտպանում մեր ընտանիքները:

Մի քանի շաբաթ առաջ կրկին անգամ ուսումնասիրելով վերջին գերագույն համաժողովին արտասանած Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ուղերձը և խորհելով կիրակի օրվա մասին, ես խորը երախտագիտություն զգացի հաղորդությունից ճաշակելու օրհնության և արտոնության համար: Ինձ համար դա անչափ խորհրդավոր, սուրբ և հոգևոր պահ է: Ես մեծ բավականություն եմ ստանում հաղորդության ժողովից:

Մտքումս խորհելով ես մանրակրկիտ քննել եմ հացի և ջրի օրհնությունները: Կարդացել և խորհրդածել եմ հաղորդության աղոթքների և հաղորդության արարողության շուրջ: Ես սկսեցի իմ մտքում և սրտում անդրադառնալ հաղորդության հետ կապված իրադարձություններին:

Խորհրդածության ոգով ես անդրադարձել եմ բաղարջակերաց առաջին օրվան, երբ Հիսուսն ի պատասխան Իր աշակերտների հարցին, թե որտեղ պիտի պատրաստեին Զատիկը, ասաց. «Գնացեք քաղաքն՝ այսինչի մոտ, և ասեցեք նորան. Վարդապետն ասում է՝ Իմ ժամանակը մոտ է. քեզ մոտ եմ անելու զատիկն իմ աշակերտների հետ»:7

Ես փորձել եմ մտովի պատկերացնել աշակերտներին, ովքեր ուտելիք էին գնում և խնամքով սեղան պատրաստում՝ այդ հատուկ օրը Նրա հետ ճաշելու համար, իսկ սեղանը 13 հոգու՝ Նրա և Իր սիրելի տասներկու աշակերտների համար էր:

Ես արտասվել եմ՝ պատկերացնելով նրանց հետ սեղանի շուրջը նստած Քրիստոսին, որ հայտարարեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ձեզանից մեկը կմատնե ինձ»:8

Ես մտածել եմ վշտացած աշակերտների մասին, ովքեր հարցրեցին Նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէր»:9

Իսկ երբ Հուդան Նրան տվեց այդ նույն հարցը, Նա հանգիստ պատասխանեց. «Դու ասացիր»:10

Ես կարող եմ պատկերացնել բժշկող, մխիթարող, շենացնող և օրհնող ձեռքերը, որոնք կտրում էին հացը, երբ Հիսուսն ասաց. «Առեք կերեք, այս է իմ մարմինը»:11

Այնուհետև Նա վերցրեց գինով լի բաժակը, գոհացավ, նրանց տվեց և ասաց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղաց»:12

Մտքում ես տեսել եմ աշակերտներին, մեկ առ մեկ, և նկատել նրանց աչքերում մտահոգություն Վարդապետի համար, ում նրանք անչափ սիրում էին: Կարծես թե նստած էի նրանց հետ, և նայում էի ամեն ինչին: Ես անտանելի ցավ զգացի իմ սրտում՝ լի տխրությամբ ու թախիծով այն ամենի համար, որ Նա պետք է կրեր ինձ համար:

Հոգիս լցվեց ավելի լավ մարդ լինելու անհաղթահարելի ցանկությամբ: Ապաշխարությամբ և ցավով ես սրտանց ցանկացա չորացնել և կանխել Գեթսեմանում հեղված Նրա արյան գոնե մի քանի կաթիլը:

Այնուհետև, ես խորհեցի հաղորդության շուրջ, որ ամեն շաբաթ մենք ճաշակում ենք՝ ի հիշատակ Նրա: Այդ ժամանակ ես խորհեցի հացի և ջրի օրհնությունների յուրաքանչյուր բառի շուրջ: Ես խորապես մտածեցի «և միշտ հիշել նրան» խոսքերի շուրջ՝ հացի օրհնության մեջ և «որ նրանք միշտ հիշում են նրան» խոսքերի շուրջ՝ ջրի օրհնության մեջ:13

Ես մտածել եմ, թե ինչ է նշանակում՝ միշտ հիշել Նրան:

Ինձ համար դա նշանակում է, որ՝

  • Հիշում եմ Նրա նախամահկանացու կյանքը, երբ Նա արարեց այս գեղեցիկ երկրագունդը:14

  • Հիշում եմ Նրա համեստ ծնունդը մսուրում՝ Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում:15

  • Հիշում եմ, որ դեռևս լինելով 12 տարեկան պատանի, տաճարում Նա ուսուցանեց և քարոզեց դպիրներին:16

  • Հիշում եմ, երբ Նա առանձնացավ մի ամայի վայրում, որպեսզի պատրաստվի Իր մահկանացու ծառայությանը:17

  • Հիշում եմ, երբ Նա կերպարանափոխվեց Իր աշակերտների առաջ:18

  • Հիշում եմ, որ Վերջին Ընթրիքի ժամանակ Իր աշակերտների հետ հաստատեց հաղորդությունը:19

  • Հիշում եմ, որ Նա գնաց Գեթսեմանի պարտեզ և այնպիսի սոսկալի տառապանք կրեց մեր մեղքերի, ցավերի, հիասթափությունների, հիվանդությունների համար, որ արյունահոսեց յուրաքանչյուր ծակոտիից:20

  • Հիշում եմ, որ այդքան շատ տառապանքից և սոսկալի ցավից հետո դեռևս Գեթսեմանում, Նրան համբուրելով դավաճանեց իր աշակերտներից մեկը, ում Նա ընկեր էր կոչում:21

  • Հիշում եմ, որ Նրան տարան Պիղատոսի և Հերովդեսի մոտ՝ դատվելու:22

  • Հիշում եմ, որ Նրան նվաստացրեցին, ապտակեցին, թքեցին նրա վրա, զարկեցին և խարազանեցին մտրակով, որը պատռեց Նրա մարմինը:23

  • Հիշում եմ, երբ դաժանաբար փշե պսակ դրվեց Նրա գլխին:24

  • Հիշում եմ, որ Նա ստիպված կրեց Իր խաչը Գողգոթա տանող ճանապարհին, որ Նրան գամեցին խաչին, և Նա կրեց հնարավոր ամեն ֆիզիկական և հոգևոր ցավ:25

  • Հիշում եմ, որ խաչի վրայից ողորմածությամբ լցված նայեց իրեն խաչողներին և բարձրացնելով աչքերը դեպի երկինք աղերսեց. «Հայր, թողիր դորանց. որովհետև չգիտեն թե ինչ են անում»:26

  • Հիշում եմ, որ իմանալով, որ իրականացրել է մարդկությանը փրկող Իր առաքելությունը, Իր հոգին ավանդեց Իր Հոր և մեր Հոր ձեռքը:27

  • Հիշում եմ Նրա Հարությունը, որը երաշխավորում է մեր հարությունը և ողջ հավերժություն Նրա կողքին ապրելու հնարավորությունը, որը կախված է մեր ընտրություններից:28

Բացի այդ, խորհելով հաղորդության աղոթքների շուրջ, այդ աղոթքների անչափ հատուկ ու իմաստալից խոսքերն ինձ հիշեցնում են, թե որքան հրաշալի է ստանալ խոստումը հաղորդության օրհնության ընթացքում, որ եթե միշտ հիշենք Նրան, մենք Նրա Հոգին միշտ մեզ հետ կունենանք:29

Ես հավատում եմ, որ Տերն ունի մեզ հայտնություն տալու Իր ուրույն ժամանակը: Ես դա շատ հստակ հասկացել եմ, երբ ուսումնասիրել եմ Ժողովող 3.1, 6 հատվածները, որտեղ ասվում է.

«Ամեն բանի ժամանակ կա. և ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան: …

Որոնելու ժամանակ և կորցնելու ժամանակ. պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ»:

Հաղորդությունը նաև Երկնային Հոր համար Իր Սիրելի Որդու՝ մեր Քավչի, Հիսուս Քրիստոսի Քավության մասին մեզ ուսուցանելու ժամանակ է, իսկ մեզ համար՝ հայտնություն ստանալու ժամանակ: Դա ժամանակ է՝ «թակելու, և կբացվի մեզ համար»,30 ժամանակ՝ խնդրելու և այս գիտելիքը ստանալու: Դա մեզ համար Աստծուց այս գիտելիքն ակնածանքով խնդրելու ժամանակ է: Եվ այդ դեպքում ես չեմ կասկածում, որ մենք կստանանք այդ գիտելիքը, որն անչափ կօրհնի մեր կյանքը:

Ես սիրում եմ Կիրակին, հաղորդությունը և դրանց նշանակությունը: Ես սիրում եմ Փրկչին՝ իմ ողջ հոգով: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: