2010–2019 թթ․
Քրիստոսակենտրոն կյանքով ապրելու ուրախությունը
Հոկտեմբեր 2015


Քրիստոսակենտրոն կյանքով ապրելու ուրախությունը

Մեր կյանքը ճշգրտորեն պետք է կենտրոնացած լինի Քրիստոսի վրա, եթե մենք ցանկանում ենք իրական ուրախություն և խաղաղություն գտնել այս կյանքում։

Աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, ամենուր մեծ ճնշում է գործադրում լավ մարդկանց վրա, որպեսզի թուլացնեն կամ նույնիսկ հրաժարվեն արդարակյաց կյանքի իրենց չափանիշներից։ Սակայն, անկախ ամեն օր մեզ պատող չարից ու գայթակղություններից, մենք կարող ենք և կգտնենք իսկական ուրախություն, եթե այսօր ապրենք Քրիստոսակենտրոն կյանքով։

Կենտրոնացնելով մեր կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա, մենք կայունություն և երջանկություն կբերենք մեր կյանք՝ ինչպես ցույց են տալիս հետևյալ օրինակները։

Յոթանասունից Երեց Տաիչի Այոբային, ով ապրում է Ճապոնիայի մի գողտրիկ լեռնային գյուղում, հանձնարարվել էր երիտասարդների համաժողովի ժամանակ դաս ուսուցանել։ «Կանգնեք սուրբ տեղերում» կոչն ընտրվել էր որպես համաժողովի թեմա։ Մտածելով թեմայի և դասավանդվող նյութի շուրջ, Երեց Այոբան որպես դասավանդման գործիք օգտագործեց իր արհեստը։ Նա կավե ամանեղեն էր պատրաստում։

Նկար
Երեց Այոբան երիտասարդների հետ կավե ամանեղեն է պատրաստում

Երեց Այոբան պատմում է, որ իր դասարանը շատ հետաքրքրվեց, երբ նրանք տեսան, թե ինչպես էր իր ձեռքերում կավը հրաշագործ ձևով փոխակերպվում ափսեների, գավաթների և բաժակների։ Այդ ցուցադրությունից հետո նա հարցրեց, թե արդյոք որևէ մեկը ցանկանո՞ւմ էր փորձել։ Նրանք բոլորը բարձրացրեցին իրենց ձեռքերը։

Երեց Այոբան հորդորեց մի քանի երիտասարդների առաջ գալ և փորձել իրենց նոր հետաքրքրությունը։ Դիտելուց հետո նրանք ենթադրում էին, որ դա շատ հեշտ կլինի։ Սակայն, նրանցից ոչ մեկը չկարողացավ նույնիսկ մի հասարակ գավաթ պատրաստել։ Նրանք բացականչեցին. «Չի ստացվում։ Ինչո՞ւ է դա այդքան բարդ։ Սա շատ դժվար է»։ Այդ մեկնաբանությունները հնչեցին, երբ կավն ամբողջ սենյակով մեկ տարածվեց։

Նա հարցրեց, թե ինչու էին երիտասարդները դժվարանում կավե ամաններ պատրաստելիս։ Նրանք տարբեր կերպ պատասխանեցին. «Ես փորձ չունեմ։ Ես չեմ սովորել դա» կամ «Ես տաղանդավոր չեմ»։ Արդյունքից ելնելով նրանց բոլոր պատասխանները ճշմարիտ էին։ Սակայն, նրանց ձախողման ամենակարևոր պատճառն այն էր, որ կավը չէր տեղադրվել անվի կենտրոնում։ Երիտասարդները կարծում էին, որ նրանք կավը տեղադրել էին կենտրոնում, բայց մասնագիտական տեսանկյունից ելնելով այն ճիշտ կենտրոնում չէր եղել։ Ապա նա ասաց նրանց. «Եկեք ևս մեկ անգամ փորձենք»։

Նկար
Երեց Այոբան ստեղծում է կավե ամանեղեն

Այս անգամ Երեց Այոբան կավը տեղադրեց անվի ճիշտ կենտրոնում և ապա սկսեց պտտել անիվը՝ անցք բացելով կավի մեջ։ Երիտասարդներից մի քանիսը նորից փորձեցին։ Այս անգամ բոլորը ծափ էին տալիս և ասում. «Այո՜, այն չի տատանվում։ Ինձ մոտ ստացվում է», կամ «Ինձ մոտ ստացվեց»։ Իհարկե, կաղապարը կատարյալ չէր, սակայն արդյունքը բոլորովին այլ էր, քան առաջին անգամ։ Իրենց հաջողության գրավականն այն էր, որ կավը ճշգրիտ կերպով կենտրոնացված էր անվի վրա։

Աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, նման է կավը պտտող անվին, որտեղ անվի արագությունը գնալով մեծանում է։ Բրուտի անվի վրա դրված կավի նման, մենք նույնպես պետք է կենտրոնացվենք։ Մեր կյանքում հիմնական կենտրոնը պետք է լինի Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը։ Ապրել Քրիստոսակենտրոն կյանքով նշանակում է, որ մենք պետք է սովորենք Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, ապա հետևենք Նրա օրինակին և ճշգրտորեն պահենք Նրա պատվիրանները։

Հնադարյան մարգարե Եսայիան ասել է. «Եւ հիմա, ով Տէր, դու ես մեր հայրը. մենք կավն ենք, եւ դու՝ մեր բրուտը, եւ քո ձեռքի գործ ենք մենք ամենքս»։1

Եթե մեր կյանքը կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի վրա, Նա մեզանից հաջողությամբ կարող է կերտել այն մարդուն, որը մենք պետք է դառնանք, որպեսզի վերադառնանք սելեստիալ արքայություն՝ Նրա և Երկնային հոր ներկայություն։ Այս կյանքում ունեցած մեր ուրախությունն անմիջապես կապված կլինի նրանից, թե ինչպես է մեր կյանքը կենտրոնացած Հիսուս Քրիստոսի ուսմունքների, օրինակի և քավիչ զոհաբերության վրա։

Եղբայրներ և քույրեր, ես ծնվել եմ Վերջին Օրերի Սրբերի բազմասերունդ ընտանիքում, այնպես որ Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնություններն ու ուրախությունը մեր ընտանեկան մշակույթի հիմնական մասն են եղել և կիրառվել են մեր ամենօրյա կյանքում։ Երիտասարդ տարիքում նախքան իմ լիաժամկետ միսիան, ես չգիտեի այն մեծ դրական ազդեցության մասին, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը կարող էր ունենալ նրանց վրա, ովքեր իրենց կյանքում նախկինում երբևէ չէին զգացել դրա օրհնությունները։ Մատթեոսի այս հատվածն արտահայտում է այն զգացումը, որն ապրում էին Հիսուս Քրիստոսի ավետարանին դարձի եկած մարդիկ. «Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի արտի մէջ թագցրուած գանձի, որ նորան մի մարդ գտնելով թագցրեց, եւ ուրախութիւնիցը գնում ամեն ինչ որ ունի ծախում է, եւ արտը առնում»։2

Թույլ տվեք կիսվել ձեզ հետ Մորմոնի Գրքից մի օրինակով, որը ցույց է տալիս, թե ինչ էր պատրաստ վճարել նորադարձը, որպեսզի ստանար այն ուրախությունը, որը նման է գանձը գտնելուն, ինչի մասին Հիսուսը խոսել է՝ պատմելով արտի մեջ թաքցված գանձի առակը։

Հիշեք, թե Ալմայի գրքի 20-րդ գլխում, ինչպես էին Ամմոնն ու Լամոնին ճանապարհորդում դեպի Միդդոնի երկիրը, որպեսզի գտնեն և գերությունից ազատեն Ամմոնի եղբայր Ահարոնին։ Իրենց ճամփորդության ընթացքում նրանք հանդիպեցին Լամոնիի հորը, ով լամանացիների թագավորն էր ողջ երկրով մեկ։

Թագավորը շատ զայրացած էր, որ իր որդին ճամփորդում էր Ամմոնիի հետ, ով մի նեփիացի միսիոներ էր, որին նա թշնամի էր համարում։ Նա մտածում էր, որ իր որդին պետք է մասնակցեր այն մեծ խնջույքին, որը նա կազմակերպել էր իր որդիների և ժողովրդի համար։ Լամանացիների թագավորն այնքան բարկացած էր, որ նա հրամայեց իր որդուն՝ Լամոնին սպանել Ամմոնիին իր սրով։ Երբ Լամոնին չհնազանդվեց, թագավորը քաշեց իր սուրը, որպեսզի սպաներ իր որդուն անհնազանդության համար, սակայն Ամմոնը միջամտեց, որպեսզի փրկեր Լամոնիի կյանքը։ Նա, ի վերջո, հաղթեց թագավորին և կարող էր սպանել նրան։

Ահա, թե ինչ ասաց թագավորը Ամմոնին, երբ գտնվում էր կյանքի ու մահվան շեմին. «Եթե դու խնայես ինձ, ես կշնորհեմ քեզ, ինչ որ դու խնդրես, մինչև իսկ թագավորության կեսը»։3

Այսպիսով, թագավորը ցանկանում էր վճարել թագավորության կեսը, որպեսզի փրկեր իր կյանքը։ Թագավորը պիտի որ զարմացած լիներ, երբ Ամմոնը պահանջեց միայն բանտից ազատ արձակել իր եղբայր Ահարոնին և նրա ընկերներին և որ թագավորի որդի Լամոնին պահպաներ իր թագավորությունը։

Ավելի ուշ, այդ հանդիպման շնորհիվ Ամմոնի եղբայր Ահարոնը ազատ արձակվեց Միդդոնիի բանտից։ Իր ազատ արձակվելուց հետո նա ոգեշնչվեց ճամփորդելու այնտեղ, ուր կառավարում էր լամանացիների թագավորը։ Ահարոնին ներկայացրեցին թագավորին և նա հնարավորություն ունեցավ ուսուցանելու նրան Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները՝ այդ թվում փրկության մեծ ծրագիրը։ Ահարոնի ուսմունքները թագավորին մեծապես ոգեշնչեցին։

Ահարոնի ներկայացրած ուսմունքների հանդեպ թագավորի արձագանքը գտնվում է Ալմա 22 գլխի 15-րդ հատվածում. «Եվ եղավ այնպես, որ հետո, երբ Ահարոնը մեկնաբանեց այս բաները նրան, թագավորն ասաց. Ի՞նչ պիտի ես անեմ, որ կարողանամ ունենալ այդ հավերժական կյանքը, որի մասին դու խոսեցիր։ Այո, ի՞նչ պիտի ես անեմ, որ կարողանամ ծնվել Աստծուց, այս ամբարիշտ հոգին արմատախիլ անելով իմ կրծքից, և ստանամ նրա Հոգին, որպեսզի կարողանամ լցվել ուրախությամբ, որպեսզի ես չվտարվեմ վերջին օրը։ Ահա, ասաց նա, ես կհրաժարվեմ բոլոր բաներից, ինչ ես ունեմ, այո՛, ես կթողնեմ իմ թագավորությունը, որպեսզի կարողանամ ստանալ այդ մեծ ուրախությունը»։

Զարմանալիորեն իր կյանքը փրկելու համար թագավորության կեսը տալու փոխարեն լամանացիների թագավորն այժմ ցանկանում էր թողնել իր թագավորությունը, որպեսզի ստանար այն ուրախությունը, որը բխում է Հիսուս Քրիստոսի ավետարանը հասկանալուց, ընդունելուց և դրանով ապրելուց։

Կինս, Նենսին, նույնպես նորադարձ է Եկեղեցում։ Տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ նա ինձ հետ կիսվել է այն ուրախությամբ, որը նա զգացել է Հիսուս Քրիստոսի ավետարանը գտնելուց, ընդունելուց և դրանով ապրելուց հետո։ Հաջորդ պարբերությունում Քույր Մեյնզը կիսվում է իր մտքերով.

«Երիտասարդ ժամանակ, երբ նոր էի բոլորել 20 տարեկանը, իմ կյանքում եղավ մի պահ, երբ ես եկա այն որոշման, որ ավելի երջանիկ մարդ դառնալու համար ես պետք է փոխեմ ինչ-որ բան։ Ես զգում էի, թե ինչպես է իմ կյանքն առանց իրական նպատակի և ուղղության անցնում, իսկ ես չգիտեի, թե որտեղ փնտրեմ այն։ Ես միշտ իմացել եմ, որ Երկնային Հայրը գոյություն ունի և, երբեմն, իմ կյանքի ընթացքում աղոթում էի և զգում, որ Նա լսում է։

Իմ որոնումների սկզբում ես հաճախեցի մի քանի տարբեր եկեղեցիներ, սակայն միշտ ընկնում էի նույն զգացմունքների և հուսահատության գիրկը։ Ես շատ օրհնված եմ, քանի որ նպատակ և ուղղություն գտնելու իմ աղոթքներն ի վերջո պատասխանվեցին և Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը բերվեց իմ կյանք։ Կյանքում առաջին անգամ ես զգացի, որ ունեմ նպատակ և երջանկության ծրագիրն իրական ուրախություն պարգևեց ինձ»։

Մորմոնի Գրքից մեկ այլ օրինակ հստակորեն ցույց է տալիս, թե ինչպես կարող է Քրիստոսակենտրոն կյանքը մեծ ուրախություն պարգևել մեզ, նույնիսկ երբ շրջապատված ենք անհավանական դժվարություններով։

Երբ մարգարե Լեքին իր ընտանիքի հետ հեռացավ Երուսաղեմից Ք.Ա 600 թվականին, նրանք մոտ ութ տարի թափառեցին անապատում, մինչև որ ժամանեցին մի վայր, որը նրանք կոչեցին Լիառատ, և այն մոտ էր ծովի ափին։ Նեփին անապատում իրենց կրած չարչարանքները հետևյալ կերպ է նկարագրում. «… մենք տարել էինք շատ չարչարանքներ և շատ դժվարություն, այո, նույնիսկ այնքան շատ, որ չենք կարող դրանք բոլորը գրել»։4

Լիառատ երկրում ապրելու ընթացքում Տերը Նեփիին հանձնարարեց կառուցել մի նավ, որը ջրերի վրայով նրանց կհասցնի խոստացված երկիր։ Երբ նրանք ժամանեցին խոստացված երկիր մի մեծ հակամարտություն առաջացավ՝ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կենտրոնացրել էին Քրիստոսի վրա և անհավատների միջև, ովքեր հետևում էին Լամանի ու Լեմուելի օրինակին։ Ի վերջո երկու խմբերի միջև բռնությունն այնքան մեծ էր, որ Նեփին և նրանք, ովքեր հետևել էին Տիրոջ ուսմունքներին, առանձնացան և ապահովության համար փախան անապատ։ 30 տարի անց այն պահից, երբ Լեքին և իր ընտանիքը հեռացան Երուսաղեմից, Նեփին լավ փաստագրված և ինչ-որ չափով զարմանալի հայտարարություն է անում, հատկապես այն բանից հետո, երբ նա սուրբ գրություններում գրում է մինչև այդ պահն իրենց վերապրած բազմաթիվ նեղությունների և չարչարանքների մասին։ Ահա նրա խոսքերը. «Եվ եղավ այնպես, որ մենք ապրեցինք երջանիկ»։5 Չնայած իրենց դժվարություններին, նրանք կարողացան երջանիկ ապրել, քանի որ նրանք կենտրոնացել էին Քրիստոսի և Նրա ավետարանի վրա։

Եղբայրներ և քույրեր, բրուտի անվի վրա տեղադրված կավի նման մեր կյանքը ճշգրտորեն պետք է կենտրոնացած լինի Քրիստոսի վրա, եթե մենք ցանկանում ենք իրական ուրախություն և խաղաղություն գտնել այս կյանքում։ Լամանացիների թագավորի, իմ կնոջ՝ Նենսիի և նեփիացի ժողովրդի օրինակները հաստատում են այս ճշմարիտ սկզբունքը։

Ես այսօր իմ վկայությունն եմ բերում, որ մենք նույնպես կարող ենք գտնել այդ խաղաղությունը, երջանկությունը և իրական ուրախությունը, եթե մենք ապրենք Քրիստոսակենտրոն կյանքով, ամեն։