2010–2019 թթ․
Ենթարկենք մեր սրտերը Աստծուն
Հոկտեմբեր 2015


Ենթարկենք մեր սրտերը Աստծուն

Երբ մենք ենթարկում ենք մեզ Հոգուն, մենք սովորում ենք Աստծո ուղիները և զգում Նրա կամքը։

Երեց Դալլին Հ. Օուքսը ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ խոսել է «մեր անձնական կյանքը վերափոխելու»1 անհրաժեշտության մասին։ Իմ կարծիքով, անձերի վերափոխումը սկսում է սրտի փոփոխությունից՝ անկախ ձեր կյանքի փորձառություններից կամ ձեր ծննդյան վայրից։

Ես ծնվել եմ Միացյալ Նահանգների հեռավոր հարավում, և իմ պատանեկության տարիներին բողոքականների հին օրհներգերի բառերը սովորեցրել են ինձ ճշմարիտ աշակերտի սրտի մասին՝ այն սրտի, որը փոխվել է։ Խորհեք այս տողերի շուրջ, որոնք այնքան թանկ են ինձ համար․

Թող Քո կամքը լինի, Տեր,

Թող Քո կամքը լինի,

Դու բրուտն ես,

Իսկ ես կավը,

Ձուլիր ինձ

և դարձրու Քեզ հաճելի,

Մինչ ես լուռ

Ենթարկվում եմ Քո կամքին։2

Ինչպե՞ս ենք մենք՝ ժամանակակից, զբաղված, մրցունակ մարդիկ, լուռ ենթարկվում։ Ինչպե՞ս ենք մենք Տիրոջ ուղիները դարձնում մեր ուղիները։ Ես կարծում եմ, որ մենք սկսում ենք Նրա մասին սովորելով և աղոթելով հասկացողության համար։ Երբ Նրա հանդեպ մեր վստահությունը մեծանում է, մենք բացում ենք մեր սրտերը, ձգտում ենք կատարել Նրա կամքը և սպասում ենք պատասխանների, որոնք կօգնեն մեզ հասկանալ։

Իմ սրտի փոփոխությունը սկսվեց, երբ 12 տարեկանում ես սկսեցի փնտրել Աստծուն։ Ես կարողանում էի լոկ կրկնել Տերունական աղոթքը3, իսկ թե ինչպես աղոթել, իրականում ես չգիտեի։ Հիշում եմ, որ ծնկի էի իջնում, հուսալով, որ կկարողանայի զգալ Նրա սերը, և հարցնում էի․ «Որտե՞ղ ես Դու՝ Երկնային Հայր։ Ես գիտեմ, որ Դու այդտեղ՝ վերևում ես, սակայն որտե՞ղ»։ Պատանեկության ողջ ընթացքում ես տվել եմ այդ հարցը։ Ես որոշ պատկերացում ունեի Հիսուս Քրիստոսի մասին, սակայն Երկնային Հայրն իր իմաստությամբ թույլ տվեց, որ ես փնտրեմ և սպասեմ 10 տարի։

1970 թ․, երբ միսիոներներն ուսուցանեցին ինձ Հոր փրկության ծրագրի և Փրկիչի Քավության մասին, սպասելու իմ ժամանակն ավարտվեց։ Ես ընդունեցի այս ճշմարտությունները և մկրտվեցի։

Հիմնվելով Տիրոջ ողորմության և զորության վերաբերյալ գիտելիքի վրա՝ ես, ամուսինս և մեր երեխաներն ընտրեցինք այս ընտանեկան նշանաբանը․ «Ամեն բան լավ կլինի»։ Սակայն, ինչպե՞ս մենք կարող ենք ասել միմյանց այդ բառերը, երբ հանդիպում ենք լուրջ խնդիրների, իսկ պատասխաններն անմիջապես չեն տրվում։

Երբ մեր սքանչելի, արժանավոր 21-ամյա դուստրը՝ Ջորջիան, հեծանվով վթարի ենթարկվելուց հետո ծանր վիճակով հիվանդանոց ընկավ, մեր ընտանիքն ասաց՝ «Ամեն բան լավ կլինի»։ Մինչ ես Բրազիլիայի մեր միսիայից անմիջապես մեկնում էի Ինդիանապոլիս՝ Ինդիանա, ԱՄՆ, որպեսզի նրա հետ լինեի, ես կառչել էի մեր ընտանիքի նշանաբանից։ Սակայն մեր սիրելի դուստրն անցավ վարագույրից այն կողմ իմ ինքնաթիռի վայրէջքից մի քանի ժամ առաջ։ Երբ վշտից ցնցված մեր ընտանիքի անդամները հավաքվեցին միասին, ինչպե՞ս կարող էինք նայել միմյանց և կրկին ասել․ «Ամեն բան լավ կլինի»։

Ջորջիայի մահից հետո մենք մեծ ցավ էինք զգում, մենք պայքարում էինք և մինչ այսօր մենք ունենում ենք մեծ վշտի պահեր, սակայն մենք կառչում ենք այն մտքից, որ իրականում ոչ ոք երբեք չի մեռնում։ Չնայած մեր տառապանքին, երբ Ջորջիայի ֆիզիկական մարմինը դադարեց գործել, մենք հավատում էինք, որ նա գնաց ապրելու որպես ոգի, և մենք հավատում ենք, որ մենք կապրենք նրա հետ հավերժ, եթե հավատարիմ մնանք մեր տաճարային ուխտերին։ Հավատքն առ մեր Փրկիչը և Նրա Հարությունը, հավատքն առ Նրա քահանայության զորությունը և հավատքն առ հավերժական կնքումները մեզ թույլ է տալիս վստահ ասել մեր նշանաբանը։

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ասել է․ «Եթե դուք անեք ձեր լավագույնը, ամեն բան լավ կլինի։ Դրեք ձեր վստահությունը Աստծո վրա։ … Տերը մեզ չի թողնի»։4

Մեր ընտանեկան նշանաբանը չի ասում՝ «Ամեն բան լավ կլինի հիմա»։ Այնտեղ խոսվում է մեր հույսի մասին՝ առ հավերժական հետևանքները, ոչ թե ներկայում ունեցած արդյունքները։ Սուրբ գրության մեջ ասվում է․ «Փնտրեք ջանասիրաբար, աղոթեք անդադար և եղեք հավատացող, և բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար»։5 Սա չի նշանակում, որ ամեն բան լավ է, սակայն հեզերի և հավատարիմների համար բոլոր բաները՝ թե դրական և թե բացասական, միաժամանակ կգործեն, իսկ ժամանակը որոշում է Տերը։ Մենք մեր հույսը դնում ենք Նրա վրա, երբեմն ինչպես Հոբը իր տառապանքների մեջ, իմանալով, որ Աստված «խոցում է, եւ փաթաթում էլ է․ նա զարկում է, եւ նորա ձեռքը բժշկում էլ է»։6 Հեզ սիրտ ունեցողն ընդունում է փորձությունը և սպասում է այն պահին, երբ կգա բուժումն ու ապաքինումը։

Երբ մենք ենթարկում ենք մեզ Հոգուն, մենք սովորում ենք Աստծո ուղիները և զգում Նրա կամքը։ Հաղորդության ժողովի ընթացքում, ինչը ես կոչում եմ Հանգստյան օրվա սիրտ, ես բացահայտել եմ, որ մեղքերի թողության համար աղոթելուց հետո ուսանելի է, երբ հարցնում եմ Երկնային Հորը․ «Հայր, ուրիշ ի՞նչ կարող եմ անել»։ Երբ մենք ենթարկվում ենք և խաղաղ ենք, մեր միտքը կարող է կենտրոնանալ ևս մի բանի վրա, որը միգուցե մենք պետք է փոխենք՝ մի բան, ինչը սահմանափակում է հոգևոր առաջնորդություն կամ նույնիսկ առողջություն և օգնություն ստանալու մեր հնարավորությունները։

Օրինակ, միգուցե իմ հոգու խորքում ես վիրավորված եմ որևէ մեկից։ Երբ ես հարցնում եմ, թե կա ևս մի բան, ինչը պիտի խոստովանեմ, ես սկսում եմ պարզ հիշել այդ «գաղտնիքը»։ Ըստ էության, Սուրբ Հոգին շշնջում է․ «Դու անկեղծ հարցրեցիր, թե կա ևս մի բան, և ահա այն։ Վիրավորված լինելը կասեցնում է քո առաջընթացը և խոչընդոտ է հանդիսանում առողջ հարաբերություններ ունենալու քո հնարավորության համար։ Դուք կարող ես թույլ տալ, որ այն հեռանա քեզանից»։ Օ՜, դա դժվար գործ է․ մենք կարող ենք լիովին արդարացնել մեր թշնամանքը, սակայն Տիրոջ ուղուն հետևելը միակ ուղին է, որը տանում է դեպի հավերժական երջանկություն։

Օրըստօրե և աստիճանաբար մենք ստանում ենք Նրա ողորմած ուժը և առաջնորդությունը, որն անշուշտ մեզ հաճախակի տանում է տաճար կամ օգնում է ավելի խորությամբ ուսումնասիրել Փրկիչի Քավությունը, կամ խորհրդակցել՝ ընկերոջ, եպիսկոպոսի, մասնագետ խորհրդատուի կամ նույնիսկ բժշկի հետ։ Մեր սիրտը սկսում է բուժվել, երբ մենք ենթարկվում և երկրպագում ենք Աստծուն։

Ճշմարիտ երկրպագությունը սկսվում է այն պահից, երբ մեր սրտերն ուղիղ են Հոր և Որդու առաջ։ Ի՞նչ վիճակում է մեր սիրտն այսօր։ Հակասական կարող է թվալ այն փաստը, որ բուժված և հավատարիմ սիրտ ունենալու համար մենք պետք է նախ թույլ տանք, որ այն կոտրված լինի Տիրոջ առաջ։ «Որպես զոհ դուք պիտի մատուցեք ինձ կոտրված սիրտ և փշրված հոգի»,7 հայտարարում է Տերը։ Մեր սիրտը կամ մեր կամքը Տիրոջը զոհաբերելու արդյունքում մենք ստանում ենք հոգևոր առաջնորդություն, որի կարիքն ունենք։

Երբ Տիրոջ շնորհի և ողորմության վերաբերյալ մեր հասկացողությունը մեծանա, մենք կզգանք, որ մեր քմահաճ սրտերը սկսում են երախտագիտությունից ճեղքվել և կոտրվել։ Ապա մենք ձգտում ենք հետևել Նրան, փափագելով մեր վրա վերցնել Աստծո Միածին Որդու լուծը։ Երբ մեր կոտրված սրտերում կա հետևելու և լուծը մեր վրա վերցնելու ցանկություն, մենք նոր հույս և առաջնորդություն ենք ստանում Սուրբ Հոգու միջոցով։

Ես պայքարել եմ, որպեսզի հեռացնեմ ինձանից բաներն իմ ձևով անելու մարդկային ցանկությունը, երբ ի վերջո գիտակցել եմ, որ իմ ճանապարհները շատ թերի են, սահմանափակ և զիջում են Հիսուս Քրիստոսի ուղուն։ «Նրա ուղին այն արահետն է, որը տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավերժական կյանք գալիք աշխարհում»։8 Կարո՞ղ ենք մենք սիրել Հիսուս Քրիստոսին և Նրա ուղին ավելի, քան մենք սիրում ենք ինքներս մեզ և մեր իսկ ծրագրերը։

Ոմանք կարող են մտածել, որ շատ անգամներ են ընկել և անզոր են փոխելու մեղսալի արարքները կամ սրտի աշխարհիկ ցանկությունները։ Այնուամենայնիվ, որպես ուխտյալ Իսրայել, պարզապես մենք անընդհատ միայնակ չենք փորձում փոխվել։ Եթե մենք անկեղծորեն աղերսում ենք Աստծուն, Նա ընդունում է մեզ այնպիսին, ինչպիսին կանք և դարձնում է մեզ ավելին, քան մենք երբևէ կարող էինք պատկերացնել։ Հայտնի աստվածաբան Ռոբերտ Լ. Միլլեթը գրել է «բարելավելու առողջ ձգտումի» մասին, հավասարակշռված հոգևոր «հավաստիացմամբ, որ Հիսուս Քրիստոսի միջոցով և շնորհիվ մենք կկարողանանք հասնել դրան»։9 Նման հասկացողությամբ մենք կարող ենք անկեղծորեն ասել Երկնային Հորը․

Հանձնված լիովին Քո սիրուն,

Դու, համակ քնքշանք ու սեր,

Կամքդ կկատարեմ ես իսկույն,

Կլինեմ, ինչ կուզես Դու, Տեր։10

Երբ մենք Հիսուս Քրիստոսին ենք հանձնում մեր կոտրված սիրտը, Նա ընդունում է մեր զոհաբերությունը։ Նա մեզ ցույց է տալիս տուն վերադառնալու ուղին։ Անկախ այն բանից, թե ինչ կորուստներ, վերքեր և մերժումներ ենք մենք տարել, Նրա շնորհը և ապաքինումն ավելի զորեղ են, քան մնացած ամեն բան։ Իսկապես մեր վրա վերցնելով Փրկիչի լուծը, մենք կարող ենք վստահաբար ասել․ «Ամեն բան լավ կլինի»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Դալլին Հ. Օուքս, «Սերմնացանի առակը», Լիահոնա, մայիս 2015, 32։

  2. “Have Thine Own Way, Lord,” The Cokesbury Worship Hymnal, no. 72.

  3. Տես Մատթեոս 6․9–13

  4. Gordon B. Hinckley, Jordan Utah South regional conference, priesthood session, Mar. 1, 1997; see also “Excerpts from Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign, Oct. 2000, 73.

  5. Վարդապետություն և Ուխտեր 90․24

  6. Հոբ 5․18

  7. 3 Նեփի 9․20

  8. “The Living Christ: The Testimony of the Apostles,” Liahona, Apr. 2000, 3; emphasis added.

  9. Robert L. Millet, After All We Can Do: Grace Works (2003), 133.

  10. «Կգնամ, ու կուզես Դու, Տեր», Հիմներ և մանկական երգեր, էջ 46։