2010–2019 թթ․
Եղեք խոնարհ
Ապրիլ 2016


Եղեք խոնարհ

Խոնարհությունը մեզ հնարավորություն է տալիս լինել ավելի լավ ծնողներ, որդիներ և դուստրեր, ամուսիններ և կանայք, հարևաններ և ընկերներ։

Մենք օրհնված ենք, որ Եկեղեցում ունենք օրհներգերի հավաքածու, որն օգնում է մեզ երկրպագել երգով։ Մեր Եկեղեցու ժողովներին «օրհներգերը հրավիրում են Տիրոջ Հոգին, ստեղծում են ակնածանքի զգացում, միավորում են մեզ` որպես անդամներ և տրամադրում Տիրոջը գովաբանելու միջոց։ Ամենակարկառուն քարոզները մատուցվում են օրհներգեր երգելով»։1

Եկեղեցու կազմավորումից ընդամենը մի քանի ամիս անց Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն իր կնոջ` Էմմայի համար։ Տերը հանձնարարեց նրան «պատրաստել սրբազան օրհներգերի մի հավաքածու, ինչպես որ պետք է տրվի քեզ, որը հաճելի է ինձ, իմ եկեղեցում ունենալու համար»։2

Էմմա Սմիթը պատրաստեց օրհներգերի հավաքածու, որն առաջին անգամ հայտնվեց Կիրթլենդի այս օրհներգերի հավաքածուի մեջ 1936թվին։3 Այս բարակ փոքր գրքույկը պարունակում էր միայն 90 երգ։ Դրանցից շատերը եղել են բողոքական հավատների օրհներգեր։ Դրանցից առնվազն 26-ը գրվել են Վիլյամ Վ. Ֆելփսի կողմից, ով ավելի ուշ պատրաստեց և օգնեց օրհներգերի հավաքածուի տպագրման գործում։ Գրվել են միայն երգերի խոսքերը. դրանք չէին ուղեկցվում երաժշտական նոտաներով։ Երգերի այս հասարակ փոքր հավաքածուն ապացուցեց, որ այն մեծ օրհնություն դարձավ վաղ շրջանի Եկեղեցու անդամների համար։

Նկար
Էջ Էմմա Սմիթի օրհներգերի գրքից
Նկար
Տիտղոսաթերթ Էմմա Սմիթի օրհներգերի գրքից

Անգլերեն լեզվով մեր երգերի հավաքածուի վերջին խմբագրությունը տպագրվել է 1985թվին։ Շատ երգեր, որոնք Էմման ընտրեց այդքան շատ տարիներ առաջ, դեռևս մեր օրհներգերի հավաքածուի մասն են կազմում, ինչպես օրինակ՝ «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ» և «Աստծո սրբեր»։4

1985 թվականի խմբագրության օրհներգերի հավաքածուի մեկ նոր երգը եղել է «Եղեք խոնարհ»։5 Այս հանդարտ երգը գրվել է Գրեթյե Թերբուրգ Ռոուլիի կողմից, ով մահացավ անցյալ տարի։ Նա միացավ Եկեղեցուն 1950 թվին Հավայիում, որտեղ նա ուսուցիչ էր աշխատում դպրոցում։ Քույր Ռոուլին ծառայել է Գերագույն Երաժշտական Հանձնաժողովում և օգնել հարմարեցնել օրհներգերը բազում լեզուների համար։ Որպես հիմք «Եղեք խոնարհ» օրհներգի խոսքերի համար նա ընտրեց երկու հատված՝ Վարդապետություն և Ուխտեր 112.10 և Եթեր 12.27 սուրբ գրություններից։ Եթեր գրքի այդ հատվածում ասվում է. «Եվ եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը։ Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. … քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Ինչպես Եկեղեցու բոլոր օրհներգերը, «Եղեք խոնարհ» օրհներգը ևս սովորեցնում է մաքուր և պարզ ճշմարտություններ։ Այն սովորեցնում է մեզ, որ եթե խոնարհեցնենք մեզ, կստանանք մեր աղոթքների պատասխանները. մենք վայելում ենք հոգևոր խաղաղություն, մենք ավելի արդյունավետ ենք ծառայում մեր կոչումներում և եթե շարունակենք հավատարիմ մնալ, ի վերջո կվերադառնանք մեր Երկնային Հոր ներկայության մեջ։

Փրկիչն ուսուցանել է Իր հետևորդներին, որ նրանք պիտի խոնարհեցնեն իրենց փոքր երեխայի պես` երկնքի արքայությունը մտնելու համար։6 Մեծացնելով մեր սեփական երեխաներին, մենք պետք է օգնենք նրանց մնալ խոնարհ չափահաս դառնալու ընթացքում։ Մենք դա չենք անում` կոտրելով նրանց ոգին անբարյացակամությամբ կամ չափազանց խիստ մեր դաստիարակությամբ։ Մինչ մենք աջակցում ենք նրանց` զարգացնել իրենց ինքնավստահությունը և ինքնագնահատականը, մենք պետք է սովորեցնենք նրանց անշահախնդրության, բարության, հնազանդության, խոնարհության, քաղաքավարության և պարկեշտություն հատկանիշները։ Մենք ուզում ենք, որ նրանք սովորեն ուրախանալ իրենց եղբայրների, քույրերի և ընկերների հաջողությունների համար։ Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ուսուցանել է, որ «մեր անկեղծ մտահոգությունը պետք է լինի ուրիշների հաջողությունների համար»։7 Եթե ոչ, մեր երեխաները կարող են դառնալ ինքնագովությամբ համակված և գերազանցեն ուրիշներին, խանդով և վրդովմունքով լցվեն հասակակիցների դեմ` նրանց նվաճումների համար։ Ես երախտապարտ եմ մորս, ով, տեսնելով, որ չափազանց ինքնագոհ եմ դառնում, ասում էր. «Որդիս, մի փոքր խոնարհությունը հիմա, քեզ շատ առաջ կտանի»։

Սակայն խոնարհությունը այն հատկանիշը չէ, որ վերապահվի միայն երեխաներին ուսուցանելու համար։ Մենք բոլորս պիտի ձգտենք դառնալ ավելի խոնարհ։ Խոնարհությունն էական է ավետարանի օրհնությունները ստանալու համար։ Խոնարհությունը տալիս է մեզ կոտրված սիրտ ունենալու և ապաշխարելու հնարավորություն, երբ մեղանչում ենք կամ սխալներ գործում։ Խոնարհությունը մեզ հնարավորություն է տալիս լինել ավելի լավ ծնողներ, որդիներ և դուստրեր, ամուսիններ և կանայք, հարևաններ և ընկերներ։

Մյուս կողմից, անհարկի հպարտությունը կարող է քայքայել ընտանեկան հարաբերությունները, տապալել ամուսնությունները և կործանել ընկերությունը։ Խոնարհության մասին հիշելը հատկապես կարևոր է, երբ դուք զգում եք, թե ինչպես է հակառակությունն աճում ձեր տան մեջ։ Մտածեք այն սրտի ցավի մասին, որից կարող եք խուսափել, եթե խոնարհվեք և ասեք. «Կներես», «Դա չմտածված արեցի», «Ի՞նչ կուզենայիք անել», «Ես ուղղակի չէի կարծում», կամ «Ես շատ հպարտ եմ քեզանով»։ Եթե այս չնչին արտահայտություններն օգտագործվեն խոնարհաբար, ավելի քիչ վեճ և ավելի շատ խաղաղություն կլինի մեր տան մեջ։

Պարզապես կյանքը ապրելը կարող է լինել խոնարհեցնող փորձառություն, և դա հաճախ այդպես է։ Դժբախտ պատահարը կամ հիվանդությունը, սիրելիների մահը, խնդիրները հարաբերություններում, նույնիսկ ֆինանսական խնդիրները կարող են մեզ ծնկի իջեցնել։ Այս դժվարին փորձառությունները բոլորն էլ խոնարհեցնող են. լինեն դրանք ոչ մեր մեղքով, թե վատ որոշումների և անհեռատեսության պատճառով։ Եթե մենք ընտրենք լինել հոգևորապես տրամադրված, մնանք խոնարհ և ուսուցանվող, մեր աղոթքները կդառնան ավելի ջերմեռանդ, և հավատն ու վկայությունը կաճեն մահկանացու գոյության նեղությունները հաղթահարելիս։ Մենք բոլորս անհամբեր սպասում ենք վեհացմանը, բայց մինչ այն տեղի ունենա, մենք պիտի համառորեն շարունակենք անցնել այսպես կոչված «խոնարհության հովտով»։8

Շատ տարիներ առաջ մեր 15-ամյա որդին՝ Էրիկը, ստացավ գլխի լուրջ վնասվածք։ Ավելի քան մեկ շաբաթ նա կոմայի մեջ էր. նրան տեսնելիս մեր սրտերը կոտրվում էին։ Բժիշկները մեզ ասացին, որ համոզված չէին, թե ինչ էր լինելու հետո ։ Մենք անշուշտ խորապես հուզվեցինք, երբ նրա գիտակցությունը սկսեց վերականգնվել։ Մենք մտածեցինք, որ այժմ ամեն ինչ լավ էր լինելու, բայց սխալվեցինք։

Երբ նա արթնացավ, չէր կարողանում քայլել, խոսել կամ ինքնուրույն ուտել։ Ամենավատն այն էր, որ նա չուներ կարճաժամկետ հիշողություն։ Նա հիշում էր համարյա ամեն ինչ նախքան պատահարը, բայց չէր կարողանում հիշել իրադարձությունները պատահարից հետո, նույնիսկ այնպիսի բաներ, որոնք տեղի էին ունեցել րոպեներ առաջ։

Որոշ ժամանակով մենք անհանգստացանք, որ մեր որդին մնալու էր կողպված 15-ամյա տղայի գիտակցական մակարդակում։ Նախքան պատահարը, ամեն ինչ շատ հեշտ էր տրվում մեր որդուն։ Նա ուներ ատլետիկ կազմվածք, հանրաճանաչ էր և լավ էր սովորում դպրոցում։ Նախկինում նրա ապագան թվում էր պայծառ, հիմա մենք անհանգստացած էինք, որ նա հնարավոր է չուներ ապագա, գոնե այն, որը կարող էր հիշել։ Նա դժվարություններ ունեցավ՝ կրկին սովորելով բազմաթիվ տարրական հմտություններ։ Դա շատ խոնարհեցնող ժամանակ էր նրա համար։ Դա նաև շատ խոնարհեցնող ժամանակ էր նրա ծնողների համար։

Ճիշտն ասած, մենք մտածում էինք, թե ինչպես կարող էր այդպիսի բան պատահել։ Մենք միշտ ձգտել էինք ճիշտ բաներ անել։ Ավետարանով ապրելը եղել էր բարձր առաջնահերթություն մեր ընտանիքի համար։ Մենք չէինք հասկանում, թե ինչպես այդքան ցավալի մի բան կարող էր պատահել մեզ հետ։ Իրավիճակը մեզ ծնկի բերեց, քանի որ շուտով պարզ դարձավ, որ նրա վերականգնումը տևելու էր ամիսներ, նույնիսկ տարիներ։ Դեռ ավելի դժվար էր աստիճանաբար գիտակցել, որ նա չէր լինի այնպես, ինչպես եղել էր առաջ։

Այս ընթացքում շատ արցունքներ թափվեցին, և մեր աղոթքները դարձան ավելի սրտառուչ և անկեղծ։ Խոնարհության աչքերով մենք աստիճանաբար սկսեցինք տեսնել փոքր հրաշքները, որոնք մեր որդին զգաց այս ցավալի ժամանակահատվածում։ Նա սկսեց քայլ առ քայլ լավանալ։ Նրա վերաբերմունքը և կյանքի հանդեպ տեսակետը շատ դրական էին։

Այսօր մեր որդին` Էրիկը, ամուսնացած է մի հրաշալի աղջկա հետ և նրանք ունեն հինգ գեղեցիկ երեխա։ Նա եռանդուն մանկավարժ ու աջակից է իր համայնքում, ինչպես նաև Եկեղեցում։ Ամենակարևորը, նա շարունակում է ապրել խոնարհության նույն հոգով, որը նա վաղուց է ստացել։

Իսկ ի՞նչ կպատահի, եթե մենք կարողանանք խոնարհ լինել` նախքան այդ «խոնարհության հովտով» անցնելը։ Ալման ուսուցանել է.

«Օրհնված են նրանք, ովքեր խոնարհեցնում են իրենց, առանց հարկադրված լինելու՝ լինել խոնարհ»։

«Այո, [նրանք] շատ ավելի օրհնված [են], քան նրանք, ովքեր հարկադրված են լինել խոնարհ»։9

Ես երախտապարտ եմ Ալմայի նման մարգարեներին, ովքեր մեզ սովորեցրել են այս մեծ հատկանիշի արժեքը։ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը՝ Եկեղեցու 12-րդ Նախագահը, ասել է. «Ինչպե՞ս է մարդը դառնում խոնարհ։ Իմ կարծիքով, մարդուն մշտապես պիտի հիշեցնեն նրա կախվածության մասին։ Ումի՞ց կախված։ Տիրոջից։ Ինչպե՞ս հիշեցնել ինքն իրեն։ Իրական, մշտական, ակնածալից, երախտապարտ աղոթքով»։10

Անակնկալ չէ, որ Նախագահ Քիմբալի սիրելի օրհներգը եղել է «Ինձ հետ եղիր դու միշտ»։11 Երեց Դալլին Հ. Օուքսը հաղորդել է, որ այն եղել է ամենահաճախ երգվող բացիչ օրհներգը, որը Եղբայրները երգել են տաճարում Տասներկու Առաքյալների Քվորումում իր մանկության տարիներին։ Նա ասել է. «Պատկերացրեք այն հոգևոր ներգործությունը, որը գալիս է մի բուռ Աստծո ծառաներից այդ երգը երգելիս՝ նախքան իրենց հզոր պարտականությունների կատարման գործում նրա առաջնորդության համար աղոթելը»։12

Ես վկայում եմ մեր կյանքում խոնարհության կարևորության մասին։ Ես երախտապարտ եմ Քույր Գրետյե Ռոուլիի նման անհատներին, ովքեր գրել են ոգեշնչող խոսքեր և երաժշտություն, որոնք օգնում են մեզ սովորել խոնարհություն ուսուցանող Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը։ Ես երախտապարտ եմ, որ մենք ունենք օրհներգերի ժառանգությունը, որը մեզ օգնում է երկրպագել երգով և երախտապարտ եմ խոնարհության համար։ Իմ աղոթքն է, որ մենք բոլորս ձգտենք խոնարհության մեր կյանքում, այնպես, որ մենք կարողանանք դառնալ ավելի լավ ծնողներ, որդիներ և դուստրեր և Փրկիչի հետևորդներ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. “First Presidency Preface,” Hymns of The Church of Jesus Christ of Latter-day Saints (1985), ix.

  2. Վարդապետություն և Ուխտեր 25.11։

  3. Վերջին Օրերի Սրբերի օրհներգերի հավաքածուի առաջին խմբագրության տիտղոսաթերթը թվագրված է 1835 թվականով, բայց այն պատրաստ և հասանելի չէր մինչև 1836 թվականի սկիզբը։

  4. Քսանհինգ օրհներգերը, որոնք եղել են 1835թ. հավաքածուի մեջ, ներկա օրհներգերի հավաքածուի մասն են կազմում (see Kathleen Lubeck, “The New Hymnbook: The Saints Are Singing!” Ensign, Sept. 1985, 7)։

  5. “Be Thou Humble,” Hymns, no. 130.

  6. Տես Մատթեոս 18.1–4:

  7. Howard W. Hunter, “The Pharisee and the Publican,” Ensign, May 1984, 66.

  8. Anthon H. Lund, in Conference Report, Apr. 1901, 22.

  9. Ալմա 32.16, 15

  10. The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball (1982), 233.

  11. “I Need Thee Every Hour,” Hymns, no. 98; տես նաև Brent H. Nielson, “I Need Thee Every Hour,” Ensign, Apr. 2011, 16.

  12. Dallin H. Oaks, “Worship through Music,” Ensign, Nov. 1994, 10.