2010–2019 թթ․
Ընտանեկան խորհուրդներ
Ապրիլ 2016


Ընտանեկան խորհուրդներ

Երբ ծնողները պատրաստված են, և երեխաները լսում ու մասնակցում են քննարկմանը, ընտանեկան խորհուրդն իսկապես աշխատում է։

Իմ եղբայրներ և քույրեր, զարմանալի է, բայց ծնող լինելու օրհնությունները մենք ստանում ենք, երբ երեխաները մեծանում են։ Այսօր ես ձեզ հետ կկիսվեմ մի մտքով, որը լավ կլիներ հասկանայի այն ժամանակ, երբ ես ու Բարբարան մեծացնում էինք մեր թանկագին երեխաներին։

Առաքյալ լինելու իմ ծառայության ժամանակ, ես հաճախ էի շեշտում Եկեղեցու խորհուրդների ուժն ու կարևորությունը, որոնց թվում է միսիաների, ցցերի, ծխերի ու օժանդակ կազմակերպությունների խորհուրդները։

Ես գիտեմ, որ խորհուրդն ամենաարդյունավետ եղանակն է իրական արդյունքներ ստանալու համար։ Բացի դա, ես գիտեմ, որ Տերը նույնպես օգտագործում է խորհուրդները, և նա տիեզերքում ամեն ինչ ստեղծել է երկնային խորհրդի միջոցով, ինչպես գրված է սուրբ գրության մեջ։1

Սակայն, մինչ այս պահը ես գերագույն համաժողովների ժամանակ ելույթ չեմ ունեցել ամենատարրական ու հիմնարար և, հավանաբար, ամենակարևոր խորհրդի՝ ընտանեկան խորհրդի մասին։

Ընտանեկան խորհուրդները միշտ անհրաժեշտություն են եղել։ Ի դեպ, նրանց բնույթը հավերժական է։ Նախաերկրային կյանքում մենք ընտանեկան խորհրդի անդամներ էինք, երբ որպես հոգևոր զավակներ ապրում էինք մեր երկնային ծնողների հետ։

Եթե ընտանեկան խորհուրդը անց է կացվում սիրո և Քրիստոսանման հատկանիշների ներքո, այն նվազեցնում է ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը, որը հաճախ շեղում է միասին լավ ժամանակ անցկացնելուց, ինչպես նաև մեծացնում է չարի ազդեցությունը մեր տներում։

Խնդրում եմ հիշեք, որ ընտանեկան խորհուրդները տարբեր են երկուշաբթի օրերին անցկացվող ընտանեկան երեկոներից։ Ընտանեկան երեկոները հիմնականում կենտրոնանում են ավետարանի հրահանգների և ընտանեկան միջոցառումների վրա։ Մյուս կողմից, ընտանեկան խորհուրդները կարող են անցկացվել շաբաթվա ցանկացած օր, և հիմնականում դրանք հավաքներ են, որտեղ ծնողները լսում են միմյանց ու իրենց երեխաներին։

Իմ կարծիքով կան առնվազն չորս տեսակի ընտանեկան խորհուրդներ.

Առաջինը, ընդհանուր ընտանեկան խորհուրդ, որը բաղկացած է ամբողջ ընտանիքից։

Երկրորդը, գործադիր ընտանեկան խորհուրդ, որը բաղկացած է հորից ու մորից։

Երրորդը, սահմանափակ ընտանեկան խորհուրդ, որը բաղկացած է ծնողներից և մեկ երեխայից։

Չորրորդը, դեմառդեմ ընտանեկան խորհուրդ, որը բաղկացած է մեկ ծնողից ու մեկ երեխայից։

Այդ բոլոր ընտանեկան խորհուրդների ժամանակ էլեկտրոնային սարքավորումները պետք է անջատվեն, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա նայել ու լսել դիմացի մարդուն։ Ընտանեկան խորհուրդների և այլ պատեհ առիթների ժամանակ դուք կարող եք մի զամբյուղ պահել էլեկտրոնային սարքավորումների համար, որպեսզի, երբ ընտանիքի բոլոր անդամները հավաքվեն, այդ թվում մայրն ու հայրը, իրենց հեռախոսները, պլանշետները և MP3 նվագարկիչները հավաքեն այդ զամբյուղի մեջ։ Դրանից հետո նրանք կարող են հանգիստ խորհրդակցել միասին՝ առանց գայթակղվելու Facebook-ին, տեքստային հաղորդագրությանը, Instagram-ին, Snapchat-ին և էլեկտրոնային նամակներին պատասխանելու։

Թույլ տվեք համառոտ նկարագրել, թե այս ընտանեկան խորհուրդներից յուրաքանչյուրն ինչպես է աշխատում։

Առաջինը, լրիվ ընտանեկան խորհուրդն է, որն ընդգրկում է ընտանիքի բոլոր անդամներին։

Our Family վերնագրով Եկեղեցու գրքույկում նշվում է. «Այս խորհուրդը կարող է հավաքվել, որպեսզի քննարկի ընտանեկան խնդիրները, մշակի ֆինանսները, ծրագրեր կազմի, աջակցի ու ամրացնի իրար և աղոթի մեկմեկու և ընտանիքի համար»։2

Այդ խորհուրդը պետք է հանդիպի նախօրոք պլանավորած ժամին և սովորաբար ավելի պաշտոնական է, քան մյուս տեսակի ընտանեկան խորհուրդները։

Այն պետք է սկսել աղոթքով, կամ, պարզապես կարող է լինել այլ նպատակներով սկսված զրույցի շարունակությունը։ Հաշվի առեք, որ ընտանեկան խորհուրդը կարող է չունենալ պաշտոնական սկիզբ կամ ավարտ։

Երբ ծնողները պատրաստված են, և երեխաները լսում ու մասնակցում են քննարկմանը, ընտանեկան խորհուրդն իսկապես աշխատում է։

Անկախ նրանից, թե ինչ ընտանեկան վիճակ է տիրում, շատ կարևոր է, որ մենք հասկանանք ընտանիքի յուրաքանչյուր անդամի անհատական վիճակը։ Թեև մենք արյունակցական կապով կապված ենք, հնարավոր է լինեն իրավիճակներ ու հանգամանքներ, որոնք դարձնում են մեզ շատ տարբեր իրարից, և որը պահանջում է ընտանեկան խորհրդի կարեկից համագործակցություն։

Օրինակ, հնարավոր բոլոր խոսակցությունները, զգացմունքները, կարծիքները և սերը չեն կարող լուծել բժշկական խնդիրները կամ այն զգացմունքային խնդիրները, որոնց հետ բախվում է մեր ընտանիքի որևէ անդամ։ Այդպիսի պահերին ընտանեկան խորհուրդը միասնության, հավատարմության և սիրո մթնոլորտում աջակցում է այդ անդամին՝ մինչ նրանք լուծում են փնտրում այլ մարդկանց կամ կազմակերպությունների միջոցով։

Ավագ եղբայրներն ու քույրերը կարող են ազդեցիկ դաստիարակ հանդիսանալ փոքր երեխաների համար, եթե ծնողները ընտանեկան խորհրդի շնորհիվ նրանց օգնությունն առաջարկեն փոքրերին՝ դժվարությունների ու զրկանքների ժամանակ։

Ընտանիքն այդ տեսակետից, կարծես նման է ծխի։ Երբ եպիսկոպոսը ներգրավում է ծխի խորհրդի անդամներին, նա լուծում է խնդիրներ և իրագործում բազում բարի գործեր, որոնք նա չէր կարող անել առանց նրանց օգնության։ Նմանապես, ծնողները դժվարությունների և ձախորդությունների դեպքում պետք է ներգրավեն ընտանիքի բոլոր անդամներին։ Այդ կերպ ընտանեկան խորհրդի ուժն աշխատում է։ Երբ խորհրդի անդամները զգում են, որ իրենց որոշումը կարևոր է, նրանք սկսում են աջակցել և արդյունքում առանձնահատուկ դրական արդյունքներ կարող են արձանագրվել։

Ոչ բոլոր ընտանեկան խորհուրդներն են բաղկացած երկու ծնողներից և երեխաներից։ Ձեր ընտանեկան խորհուրդը կարող է տարբերվել մեր ընտանեկան խորհրդից, երբ մենք մեծացնում էինք մեր յոթ երեխաներին։ Այսօր մեր ընտանեկան խորհուրդը բաղկացած է Բարբարայից և ինձանից, եթե, իհարկե, մենք չենք անցկացնում ընդլայնված ընտանեկան խորհուրդ, որն ընդգրկում է մեր չափահաս երեխաներին, նրանց ամուսիններին, իսկ երբեմն` մեր թոռներին և ծոռներին։

Միայնակ մարդիկ և նույնիսկ ուսանողները, ովքեր ապրում են իրենց տնից հեռու, կարող են հետևել խորհուրդներ անցկացնելու աստվածային օրինակին և հավաքվել իրենց ընկերների և սենյակակիցների հետ միասին խորհուրդ անելու համար։

Մտածեք, թե ինչպես կարող է մթնոլորտը փոխվել, երբ սենյակակիցները կանոնավոր կերպով հավաքվեն, որպեսզի աղոթեն, լսեն, քննարկեն և միասին պլանավորեն։

Յուրաքանչյուր ոք կարող է հարմարեցնել ընտանեկան խորհուրդն իր կարիքներին, որպեսզի օգտվի այս աստվածային օրինակից, որը հաստատվել է մեր սիրող Երկնային հոր կողմից։

Ինչպես ավելի շուտ նշեցի, ժամանակ առ ժամանակ ընդլայնված ընտանեկան խորհուրդը կարող է օգտակար լինել։ Ընդլայնված ընտանեկան խորհուրդը կարող է բաղկացած լինել տատիկ-պապիկներից և չափահաս երեխաներից, ովքեր ձեր հետ չեն ապրում։ Նույնիսկ, եթե այդ անդամները հեռու են ապրում, նրանք կարող են մասնակցել ընտանեկան խորհրդին հեռախոսի, Skype-ի կամ FaceTime-ի միջոցով։

Կարող եք ընդհանուր ընտանեկան խորհուրդն անցկացնել կիրակի օրը, որը շաբաթվա առաջին օրն է։ Ընտանիքը կարող է վերանայել անցած շաբաթը և պլանավորել հաջորդ շաբաթը։ Միգուցե, դա հենց այն է, ինչը հարկավոր է ձեր ընտանիքին, որպեսզի կիրակին բերկրանք դառնա։

Երկրորդ տեսակի ընտանեկան խորհուրդը գործադիր ընտանեկան խորհուրդն է, որը ներառում է միայն ծնողներին։ Միասին անցկացրած այդ ժամանակահատվածում ծնողները կարող են վերանայել յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական, զգացմունքային և հոգևոր կարիքները և նրանց առաջընթացը։

Գործադիր ընտանեկան խորհուրդը նաև լավ ժամանակահատված է, որպեսզի կանայք և ամուսինները զրուցեն իրենց անձնական հարաբերությունների մասին։ Երբ Երեց Հարոլդ Բ. Լին կնքեց մեզ, նա մեզ մի սկզբունք ուսուցանեց, որն իմ կարծիքով օգտակար կլինի բոլոր զույգերի համար։ Նա ասել է. «Երբեք մի պառկեք քնելու՝ առանց իրար հետ ծնկի գալու, իրար ձեռքերը բռնելու և ձեր աղոթքներն ասելու։ Այդպիսի աղոթքները հրավիրում են Երկնային Հորը՝ Հոգու զորությամբ խորհուրդ անելու մեզ հետ»։

Երրորդ տեսակի ընտանեկան խորհուրդը սահմանափակ ընտանեկան խորհուրդն է։ Այդ ժամանակ պաշտոնական կամ ոչ պաշտոնական միջավայրում երկու ծնողն էլ ժամանակ են անցկացնում առանձին երեխայի հետ։ Դա լավ հնարավորություն է, որպեսզի քննարկեն նախօրոք որոշումներ կայացնելու հարցերը, որոնք կարող են առնչվել այն բանին, թե այդ երեխան ապագայում ինչ պիտի անի կամ չանի։ Երբ այդպիսի որոշումներ կայացվեն, նրանք պետք է գրի առնեն դրանք՝ ապագայում այն վերանայելու նպատակով։ Եթե ձեր որդին կամ դուստրը տեսնեն, որ դուք սերտորեն աջակցում եք իրեն, այդ խորհրդի ժողովի ժամանակ կարող եք նպատակներ ու խնդիրներ հաստատել ապագայի համար։ Դա նաև հարմար պահ է, որպեսզի ուշադիր լսեք երեխայի ունեցած լուրջ մտահոգություններն ու խնդիրները, որոնք առաջացել են վստահության պակասի, բռնության, ահաբեկչության կամ վախի պատճառով։

Չորրորդ տեսակի ընտանեկան խորհուրդը դեմառդեմ ընտանեկան խորհուրդն է, որը ներառում է մեկ ծնողի և մեկ երեխայի։ Այդ տեսակի խորհուրդը տեղի է ունենում առանց պլանավորման։ Օրինակ, ծնողը և երեխան ոչ պաշտոնական միջավայրում գտնվելիս, մեքենայում կամ տնային գործեր անելիս, կարող են օգուտ քաղել այդ հանդիպումից։ Այն ժամանակը, երբ երեխան հոր կամ մոր հետ առանձին մի տեղ է գնում, կարող է հոգևոր և զգացմունքայն կապող պահեր առաջացնել երկուսի համար։ Նախօրոք պլանավորեք դա, որպեսզի երեխան ակնկալի և անհամբերությամբ սպասի հոր կամ մոր հետ առանձին ժամանակ անցկացնելուն։

Եղբայրներ ու քույրեր, կար մի ժամանակ, երբ մեր տան պատերն անհրաժեշտ պաշտպանություն էին ապահովում արտաքին ներխուժումների և ազդեցություններից։ Մենք կողպում էինք մեր դռները, փակում պատուհաններն ու դարպասները և արտաքին աշխարհից մեզ ապահով ու պաշտպանված զգում մեր փոքրիկ ապաստանում։

Այդ օրերն արդեն հետևում են։ Մեր տների պատերը, դռները, ցանկապատները և դարպասները չեն կարող կանխել համացանցի, Wi-Fi-ի և բջջային հեռախոսների ցանցերի անտեսանելի ներխուժումը։ Դրանք կարող են մեր տներ ներխուժել համակարգչի մկնիկի և ստեղնաշարի մի քանի հարվածի միջոցով։

Բարեբախտաբար, Տերը մեզ ուղի է տվել, որը կարող է հետ մղել բացասական տեխնոլոգիայի ներխուժումը, որն իր հերթին կարող է շեղել իրար հետ արդյունավետ ժամանակ անցկացնելուց։ Նա իրականացրել է դա խորհրդի համակարգի միջոցով, որպեսզի ամրապնդի, պաշտպանի, պահպանի և սնուցի մեր ամենաթանկ հարաբերությունները։

Երեխաները մեծապես կարիք ունեն, որ ծնողները լսեն իրենց, իսկ ընտանեկան խորհրդի ժամանակ ընտանիքի անդամները կարող են սովորել, հասկանալ ու սիրել իրար։

Ալման ուսուցանեց. «Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում, և նա ուղղություն ցույց կտա քեզ բարու համար»։3 Երբ աղոթքի միջոցով հրավիրեք Տիրոջը լինելու ձեր ընտանեկան խորհրդի մի մասը, ձեր հարաբերություններն իրար հանդեպ կբարելավվեն։ Երկնային հոր և Փրկիչի օգնությամբ մենք կարող ենք դառնալ ավելի համբերատար, խորամիտ, օգտակար, ներողամիտ և հասկացող, եթե աղոթենք օգնության համար։ Նրանց օգնությամբ մեր տներն այստեղ կարող ենք դարձնել մի կտոր երկինք՝ երկրի վրա։

Այն ընտանեկան խորհուրդը, որը նման է երկնքի խորհուրդներին, լցված է Քրիստոսի սիրով և առաջնորդվում է Տիրոջ Հոգով, կօգնի և կպաշտպանի մեր ընտանիքն այն շեղող բաներից, որոնք կարող են գողանալ միասին անցկացրած մեր թանկ ժամանակը և կպաշտպանեն աշխարհի չարիքներից։

Աղոթքի շնորհիվ ընտանեկան խորհուրդը կհրավիրի Փրկիչի ներկայությունը, ինչպես Նա խոստացել է. «Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ»։4 Եթե հրավիրեք Տիրոջ Հոգին դառնալ ձեր ընտանեկան խորհրդի մասը, նա նկարագրածից վեր օրհնություններ կբերի ձեր կյանք։

Վերջում, խնդրում եմ հիշեք, որ կանոնավոր կերպով անցկացվող ընտանեկան խորհրդի շնորհիվ կարող ենք ավելի շուտ նկատել ընտանեկան խնդիրները և կանխել նրանց հասունացումը, խորհուրդների շնորհիվ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարևոր և սիրված կզգա և ամենից շատ դրանք կօգնեն, որպեսզի լինենք ավելի հաջողակ ու երջանիկ՝ տան պատերի ներսում ձևավորված մեր թանկագին հարաբերություններում։ Միասին խորհուրդ անելիս թող մեր Երկնային Հայրն օրհնի մեր ընտանիքներին։ Այդ մասին խոնարհաբար աղոթում եմ Նրա Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։