2010–2019 թթ․
Որտե՞ղ են քահանայության բանալիները և իշխանությունը
Ապրիլ 2016


Որտե՞ղ են քահանայության բանալիները և իշխանությունը

Քահանայության բանալիները միացնում են շարժիչը, բացում են երկնքի դարպասները, օժանդակում են երկնքի զորությանը և ապահովում են այն ուխտերը, որոնք անհրաժեշտ են մեր սիրող Երկնային հոր մոտ վերադառնալու համար:

Ձմեռային մի օր, երբ արևը մայր էր մտնում լեռնադահուկային ձնածածկ բլրի հետևում, սառը լեռնային օդը սուր հարվածում էր մեր այտերին ու քթին և, խիստ հսկիչի նման հրահանգում, որ մենք շուտափույթ գտնեինք մեր մեքենաները և բեռնատարները լեռնադահուկային հանգստավայրի կայանատեղում։ Շուտով մեր մեքենաներում տաքացուցիչների օգնությամբ կարող էինք տաքացնել մեր սառած ձեռքերն ու ոտքերը։ Յուրաքանչյուր քայլափոխում չոր ձյան ճռճռացող ձայնը հաստատում էր, որ չափազանց ցուրտ էր։

Մեր ընտանիքն այդ ուրախ օրն անց էր կացրել լեռնադահուկային լանջերով սահելով և այժմ այն մոտենում էր իր ցրտաշունչ ավարտին։ Հասնելով մեքենային` իմ վերարկուի գրպաններում ես սկսեցի փնտրել մեքենայի բանալիները։ «Որտե՞ղ են բանալիները»։ Բոլորն անհամբեր սպասում էին բանալիներին։ Մեքենայի մարտկոցը, ողջ համակարգը և տաքացուցիչն աշխատանքային վիճակում էին, բայց առանց բանալիների մենք չէինք կարող բացել մեքենան և միացնել շարժիչը։

Այդ ժամանակ մեր հիմնական նպատակն այն էր, թե ինչպես ներս մտնել մեքենայի մեջ և տաքանալ, բայց նույնիսկ այդ ժամանակ ես մտածեցի, որ տվյալ իրավիճակից կարելի էր դաս քաղել։ Այդ ինժեներական գեղեցիկ հրաշքն առանց բանալիների ոչ այլ ինչ էր, քան պլաստմասե և մետաղյա մի գեղեցիկ իր։ Չնայած նրան, որ մեքենայի ներուժը մեծ էր, առանց բանալիների այն չէր կարող կատարել նախատեսված գործառույթը։

Որքան ավելի շատ էի մտածում այդ փորձառության շուրջ, այնքան ավելի խորն էր այն իմաստավորվում։ Ես հիանում էի Իր զավակների հանդեպ Երկնային Հոր սիրուց։ Ես զարմանքով խորհում էի Ջոզեֆ Սմիթին հայտնված երկնային էակների և հավերժական բաների մասին, որոնք Աստված ցույց էր տվել նրան։ Հատկապես, ես խորին երախտագիտությամբ էի լցված քահանայության իշխանության և բանալիների վերականգնման համար։ Առանց այդ վերականգնման, մենք փակված կմնայինք այն փոխադրամիջոցից դուրս, որը պետք է մեզ տուն հասցներ՝ մեր երկնային ծնողների մոտ։ Մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու համար անհրաժեշտ ուխտերին վերաբերող փրկարար յուրաքանչյուր արարողության կատարման համար անհրաժեշտ է քահանայության բանալիների միջոցով համապատասխան ղեկավարում։

1829 թվականի մայիսին, Հովհաննես Մկրտիչը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին, շնորհեց նրանց Ահարոնյան քահանայությունը և շնորհեց նրանց այդ քահանայությանն առնչվող բանալիները։ Դրանից շատ չանցած Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը նրանց շնորհեցին Մելքիսեդեկյան քահանայությունը և բանալիները։1

Մոտ տասը տարի անց, մի կիրակի օր Կիրթլենդի տաճարում, տաճարի նվիրագործումից մեկ շաբաթ անց «Տեր Եհովան հայտնվեց փառքով» Ջոզեֆին ու Քաուդերիին, որից հետո հայտնվեցին Մովսեսը, Եղիասը և Եղիան, ովքեր հանձնեցին «իրենց տնտեսության բանալիները»։2 Քահանայության այդ վերականգնված իշխանությունն ու բանալիները դարեր շարունակ կորած են եղել։ Ինչպես մեր ընտանիքն էր կորած բանալիների պատճառով մնացել փակված մեքենայից դուրս, այնպես էլ Երկնային Հոր բոլոր զավակներն էին փակված մնացել Հիսուս Քրիստոսի փրկարար արարողություններից դուրս, մինչև այդ երկնային սուրհանդակների կողմից աստվածային վերականգնումը տեղի ունեցավ։ Այլևս ստիպված չենք լինի հարցնել, թե «Որտե՞ղ են բանալիները»։

Նկար
Քահանայության վերականգնման վայր
Նկար
Սասքուեհանա գետ

Անցած տարի մի գեղեցիկ աշնանային օր ես այցելեցի մի խաղաղ անտառ, որը գտնվում էր Պենսիլվիանայի հյուսիսարևելյան մասում, որը սուրբ գրություններում հայտնի էր որպես Հարմոնի, որտեղ Հովհաննես Մկրտիչը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին և վերականգնեց Ահարոնյան քահանայությունը։ Ես նույնպես կանգնեցի Սասքուեհանա գետի ափին, որտեղ, օժտված լինելով իշխանությամբ և բանալիներով, Ջոզեֆն ու Օլիվերը մկրտվեցին։ Այդ գետից ոչ շատ հեռու Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը հայտնվեցին ու վերականգնեցին Մելքիսեդեկյան քահանայությունն ու դրան վերաբերող բանալիները։3

Նկար
Ջոզեֆ և Էմմա Սմիթների տունը
Նկար
Քահանայության վերականգնման վայրի այցելուների կենտրոնի ներքնամասը
Նկար
Քահանայության վերականգնման վայրի այցելուների կենտրոնը արտաքինից

Այդ վայրերը, ինչպես նաև Ջոզեֆի և Էմմայի վերակառուցված առաջին տունը, որտեղ տեղի էր ունեցել Մորմոնի Գրքի մեծ մասի թարգմանությունը, Էմմայի ծնողների մոտակա տունը և այցելուների կենտրոնը, որը վերածվել է նոր հավաքատան, կազմում են Քահանայության վերականգնման նոր վայրը, որն անցած տարի սեպտեմբերին նվիրագործեց Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը։ Այնտեղ ես զգացի այն սրբազան իրադարձությունների զորությունն ու իսկությունը, որոնք տեղի էին ունեցել սրբազան հողի վրա։ Այդ փորձառության շնորհիվ ես սկսեցի խորհել, ուսումնասիրել ու աղոթել քահանայության իշխանության և քահանայության բանալիների վերաբերյալ, որն ինձ մոտ այնպիսի տպավորություն թողեց, որ ցանկացա այդ մասին կիսվել Եկեղեցու երիտասարդ տղաների ու աղջիկների հետ, թե ինչպես կարող են քահանայության իշխանությունն ու վերականգնված բանալիներն օրհնել նրանց։

Նախ, այդ եզրույթների ըմբռնումը կարող է օգտակար լինել։ Քահանայությունն ու քահանայության իշխանությունը սահմանվել են, որպես «Աստծո զորությունը և իշխանությունը»4 և «լիակատար զորությունն այս երկրի վրա»։5 Քահանայության բանալիները նույնպես սահմանվել են մեր ըմբռնման համար. «Քահանայության բանալիները Աստծո իշխանությունն են, որը Նա տվել է քահանայության ղեկավարներին՝ երկրի վրա Իր քահանայության օգտագործումը ղեկավարելու, վերահսկելու և կառավարելու համար»։6 Քահանայության բանալիները վերահսկում են քահանայության իշխանության կիրառումը։ Այն արարողությունները, որոնք գրանցվում են Եկեղեցում, պահանջում են բանալիներ և չեն կարող կատարվել առանց թույլատրության։ Երեց Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է, որ «Վերջին հաշվով՝ Հիսուս Քրիստոսը, ում քահանայությունն է մեզ շնորհվում, կրում է քահանայության բոլոր բանալիները։ Նա միակն է, ով որոշում է, թե ինչ բանալիներ պատվիրակել մահկանացուներին և ինչպես այդ բանալիներն օգտագործել»։7

Այժմ, ձեզ համար երիտասարդ տղաներ և աղջիկներ, ես մտածել եմ երեք եղանակ, որոնց միջոցով դուք կարող եք «գտնել բանալիները» կամ կիրառել քահանայության բանալիներն ու իշխանությունը ձեր և ուրիշների կյանքն օրհնելու համար։

Առաջինը, միսիոներական ծառայության պատրաստվելն է

Իմ երիտասարդ եղբայրներ և քույրեր, միգուցե դուք չգիտակցեք դա, բայց Մովսեսի կողմից վերականգնված Իսրայելի հավաքման բանալիները թույլ են տալիս, որպեսզի միսիոներական աշխատանքը կատարվի մեր տնտեսությունում։ Մտածեք շուրջ 74,000 լիաժամկետ միսիոներների մասին, ովքեր ծառայում են այդ բանալիների ղեկավարման ներքո։ Մտածելով այդ մասին, հիշեք, որ երբեք շուտ չէ միսիայի պատրաստվելու համար։ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում մենք կարդում ենք. «Ահարոնյան Քահանայության երիտասարդ տղաներ … աշխատեք ջանասիրաբար, որպեսզի պատրաստվեք ներկայացնել Տիրոջը որպես միսիոներ»։8 Երիտասարդ կանայք նույնպես կարող են պատրաստվել, բայց դուք «ծառայելու նույն չափորոշիչի ներքո չեք»։9 Ձեր այդ ողջ պատրաստվածությունը, կարևոր չէ դուք կծառայեք լիաժամկետ միսիայում, թե ոչ, երկար ժամանակ ձեզ օգտակար կլինի անդամ միսիոների ձեր դերում։

«Բանալիները գտնելու» երկրորդ եղանակը տաճար այցելելն է

Կնքման բանալիները վերականգնվել են Հին Կտակարանի մարգարե Եղիայի կողմից և որոնց շնորհիվ արարողությունները կատարվում են սրբազան տաճարներում։ Այդ տաճարներում կատարված արարողությունները թույլ են տալիս անհատներին և ընտանիքներին վերադառնալ մեր երկնային ծնողների մոտ։

Մենք խրախուսում ենք ձեզ՝ երիտասարդ տղամարդիկ և կանայք, փնտրել ու գտնել ձեր նախնիների անունները և նրանց համար տաճարում կատարել փոխարինող մկրտություններ։ Մենք նկատում ենք, որ դրանց թիվն ավելի է ողջ աշխարհով մեկ, քան երբևէ։ Տաճարների մկրտարանները առավոտից երեկո լի են երիտասարդ տղաներով և աղջիկներով։ Քահանայության բանալիներն օգտագործվում են, որպեսզի այդ տաճարներում կատարվող սրբազան արարողությունների շնորհիվ ընտանիքները կապվեն իրար։

Կարո՞ղ եք նկատել քահանայության բանալիների և օրհնությունների միջև կապը։ Երբ մասնակցեք այդ գործին, դուք կիմանաք, որը Տերը շատ մոտիկից մասնակցում է այդ գործին։ Հետևյալ օրինակը ցույց է տալիս դա, որը պատմություն է մի մոր մասին, ով հաճախակի ուղեկցում է իր երեխաներին տաճար, որպեսզի նրանք կատարեն փոխարինող մկրտություններ։ Մի օր, երբ այդ ընտանիքն ավարտել էր իր մկրտությունները և պատրաստվում էր հեռանալ տաճարից, մի մարդ ներս մտավ մկրտարան՝ իր հետ ունենալով իր ընտանիքի անդամների մի մեծ ցուցակ։ Հասկանալով, որ մկրտարանում ոչ մեկը չէր մնացել այդ անունները մկրտելու համար, տաճարի աշխատակիցը կանգնեցրեց հեռացող ընտանիքին և հարցրեց, թե արդյոք նրանք հետ չէին վերադառնա, փոխեին հագուստները և օգնեին այդ մկրտությունների հարցում։ Նրանք պատրաստակամորեն համաձայնեցին ու հետ վերադարձան։ Երբ երեխաները մկրտվում էին, նրանց մայրը լսելով այդ անունները, սկսեց ճանաչել դրանք և ի զարմանս բոլորի, հասկացավ, որ այդ մարդու անունների ցուցակը նաև իր ընտանիքի մահացած նախնիների ցուցակն էր։ Նրանց համար դա մի հաճելի և ողորմած օրհնություն էր Տիրոջ կողմից։

Երկու շաբաթ առաջ Պրովո քաղաքի կենտրոնական տաճարը նվիրագործվեց որպես 150-րդ գործող տաճարը ողջ աշխարհով մեկ։ Նշենք, որ 1963 թվին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի առաքյալ հաստատվելու տարին, Եկեղեցում կար 12 գործող տաճար։ Տաճարներն ավելի ու ավելի են մոտենում ձեզ։ Սակայն, բոլոր նրանք, ովքեր հեռավորության և հանգամանքների բերումով հաճախակի չեն հաճախում տաճար, մշտապես պետք է արժանի պահեն իրենց՝ այն հաճախելու համար։ Տաճարներից դուրս դուք կարող եք կատարել կարևոր աշխատանքը, երբ դուք փնտրեք և ներկայացնեք ձեր ընտանիքի անդամների անունները։

Ի վերջո՝ երրորդ եղանակը հավատքով առաջ գնալն է

Իր տնտեսության ժամանակ Հին Կտակարանի մարգարե Աբրահամը մեծ օրհնություն ստացավ Տիրոջից, որը հաճախ կոչում են Աբրահամի ուխտ։ Հազարավոր տարիներ հետո Աբրահամի ավետարանի տնտեսության օրհնությունները վերականգնվեցին։ Դա տեղի ունեցավ, երբ Եղիաս մարգարեն Կիրթլենդի տաճարում հայտնվեց Ջոզեֆ Սմիթին ու Օլիվեր Քաուդերիին։

Այդ վերականգնման շնորհիվ ձեզանից յուրաքանչյուրը կարող է ստանալ Աբրահամին խոստացված մեծ օրհնությունները։ Այդ օրհնությունները կարող են լինել ձերը, եթե մնաք հավատարիմ և ապրեք արժանի կյանքով։ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում ձեզ տրված են գործնական ցուցումներ, թե ինչպես «հավատքով առաջ գնալ»։ Կամփոփեմ խորհուրդներից մի քանիսը. «Որպեսզի կարողանաք դառնալ այնպիսին, ինչպիսին Տերն է ցանկանում, որ դառնաք, ամեն առավոտ և երեկո ծնկի եկեք և աղոթեք ձեր Երկնային Հորը։ … Ուսումնասիրեք սուրբ գրությունները ամեն օր և կիրառեք ձեր կարդացածը կյանքում։ … Աշխատեք ամեն օր հնազանդ լինել։ … Բոլոր իրավիճակներում հետևեք մարգարեների ուսմունքներին։ … Եղեք խոնարհ և պատրաստակամ` լսելու սուրբ Հոգուն»։

Այդ խորհրդին հետևում է այն խոստումը, որը հանգեցնում է Աբրահամի օրհնությունների շնորհիվ բխող խոստումներին. «Այս ամենը անելու դեպքում, Տերը ձեր կյանքը ավելի իմաստալից կդարձնի, քան դուք ինքներդ կարող եք անել: Նա կմեծացնի ձեր հնարավորությունները, կլայնացնի ձեր տեսադաշտը և կամրացնի ձեզ: Նա կտա ձեզ անհրաժեշտ օգնությունը՝ ձեր փորձություններին և դժվարություններին դիմակայելու համար: Դուք կունենաք ավելի ամուր վկայություն և իսկական ուրախություն կգտնեք, երբ սկսեք ավելի լավ ճանաչել ձեր Երկնային Հորը և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսին և զգալ ձեր հանդեպ Նրանց սերը»։10

Որպես ամփոփում. պատրաստվեք միսիոներական ծառայության, հավատքով առաջ շարժվեք և հաճախեք տաճար։

Ամփոփում

Եկեք ավարտենք այնտեղից, որտեղից սկսեցինք, երբ ավտոկայանատեղում կանգնած հարց էինք տալիս. «Որտե՞ղ են բանալիները»։ Ի դեպ, ավելի ուշ այդ երեկո ես գտա իմ բանալիները, որոնք լեռան վրա ցած էին ընկել իմ գրպանից։ Տերը ցույց է տվել մեզ, որ Նա չի թողնի մեզ միայնակ սառնամանիքին առանց բանալիների կամ այն իշխանության, որը մեզ ապահով կհասցնի տուն՝ Նրա մոտ։

Եթե դուք ինձ նման եք, դուք ձեր կյանքում հաճախ կհայտնվեք այնպիսի իրավիճակներում, երբ կհարցնեք, թե «որտե՞ղ են բանալիները՝» մեքենայի, գրասենյակի, տան կամ բնակարանի։ Երբ հայտնվում եմ նման իրավիճակում, ես ներքուստ ժպտում եմ, քանի որ բանալիները փնտրելիս հիշում եմ քահանայության վերականգնված բանալիների և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի մասին, ում ես աջակցում եմ «որպես մարգարե, տեսանող և հայտնող»11 և «միակ մարդը երկրի վրա, ով կրում և օգտագործում է քահանայության բոլոր բանալիները»։ Այո՛, բանալիներն ապահով կերպով գտնվում են մարգարեների, տեսանողների ու հայտնողների մոտ։ Տիրոջ կամքի համաձայն և Եկեղեցու Նախագահի առաջնորդության ներքո՝ դրանք շնորհում, պատվիրակվում և նշանակվում են ուրիշներին։

Ես վկայում եմ, որ քահանայության իշխանությունը և քահանայության բանալիները միացնում են շարժիչը, բացում են երկնքի դարպասները, օժանդակում են երկնքի զորությանը և ապահովում են այն ուխտերը, որոնք անհրաժեշտ են մեր սիրող Երկնային հոր մոտ վերադառնալու համար։

Ես աղոթում եմ, որ երիտասարդների աճող սերունդը «առաջ մղվի Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ»,12 որ դուք հասկանաք, որ քահանայության բանալիները կրողների ղեկավարության ներքո գործելը ձեր սրբազան արտոնությունն է, որը կբացի երկնքի օրհնությունները, պարգևները և զորությունները ձեզ համար։

Ես վկայում եմ Հայր Աստծո, մեր Փրկիչ ու Քավիչ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգու և այս վերջին օրերում ավետարանի վերականգնման մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.68–72։

  2. Վարդապետություն և Ուխտեր 110 բաժնի ամփոփում։

  3. Տես Վարդապետություն և Ուխտեր 128.20։

  4. Ձեռնարկ 2. Սպասավորել Եկեղեցում (2010), էջ 8։

  5. Բոյդ Կ. Փաքեր «Priesthood Power in the Home» (worldwide leadership training meeting, Feb. 2012), lds.org/broadcasts, տես նաև Ջեմս Ի. Ֆաուստ, «Power of the Priesthood» Ensign, May 1997, 41–43։

  6. Ձեռնարկ 2, 2.1.1։

  7. Դալլին Հ. Օուքս, «Քահանայության բանալիները և իշխանությունը», Լիահոնա, մայիս 2014, 50։

  8. Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2011), 43

  9. Թոմաս Ս. Մոնսոն, «Բարի գալուստ համաժողով», Լիահոնա, նոյ. 2012, 5։

  10. Երիտասարդներին զորացնելու համար 42–43

  11. Պաշտոնյաների հաստատման ձևաթուղթը, որը կարդացվում է ծխերի ու ցցերի համաժողովների ժամանակ:

  12. 2 Նեփի 31.20