2010–2019 թթ․
Աստծո վկա
Հոկտեմբեր 2016


Աստծո վկա

Առաջարկում եմ, որ դուք դադարեք մեղավոր զգալ, երբ մտածում եք, թե բավարար չափով չեք կիսվում ավետարանով: Փոխարենը, աղոթեք, որպեսզի «կանգնեք որպես Աստծո [վկա]»: Դա շատ ավելի ուժեղ դրդապատճառ է, քան մեղքը:

Աստծո կարևոր աշխատանքի մեծ մասը հիմնականում աշխարհը չի նկատում: Դեռևս Քրիստոսից առաջ վեցերորդ դարից մեզ հայտնի են այնպիսի փայլուն մտածողներ, ինչպիսիք են՝ Կոնֆուցիոսը Չինաստանից և Բուդդան արևելյան Հնդկաստանից, սակայն Աստծո քահանայության զորությունը Դանիելի վրա էր, մարգարե, որ ապրում էր գերության մեջ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի օրոք:

Նաբուգոդոնոսոր թագավորը գիշերն իր տեսած երազից անհանգստացած պահանջեց, որ իր մոգերն ու կախարդներն իրեն պատմեին այդ երազը և մեկնաբանեին այն: Բնականաբար, նրանք չկարողացան ասել թագավորին, թե ինչ երազ էր նա տեսել և առարկեցին: «Երկրի վրա չկա մարդ, որ կարողանա [դա անի, ոչ էլ թագավոր, որ դա պահանջի]» :1 Նաբուգոդոնոսոր թագավորը զայրացավ, որ իր խորհրդատուները չկարողացան դա անել և մոլեգնած հրամայեց, որ բոլորին մահապատժի ենթարկեին:

Թագավորի իմաստուններից Դանիելն աղոթեց՝ «ողորմություն խնդրելով Աստուածանից այս գաղտնիքի մասին»:2

Հրաշք կատարվեց: Թագավորի երազի գաղտնիքը հայտնվեց Դանիելին:

Դանիելին տարան թագավորի մոտ: «Կարո՞ղ ես արդյոք ինձ իմացնել իմ տեսած երազը և նորա մեկնությունը»:

Դանիելը պատասխանեց.

«Իմաստունները, հմայողները և մոգերը [չեն կարող քեզ իմացնել քո երազը]: …

Բայց կա Աստուած երկնքումը՝ [գաղտնիքներ հայտնող, և Նա] հայտնում է … Նաբուգոդոնոսոր թագավորին ինչ որ պիտի լինի ետին օրերումը: …

Երկնքի Աստուածը,- ասաց Դանիելը,- մեկ թագավորություն է վերկացնելու, [մի քար կտրուած առանց ձեռքի, որը կդառնա մեծ սար և կլցնի ողջ աշխարհը,] որ հավիտեանս չի ավերուիլ … [այլ] կմնա հավիտեանս:

… Երազը,- Դանիելն ասաց,- հաստատ է և մեկնությունը ստույգ»:3

Ստանալով իր երազի բացատրությունն ու մեկնությունը, թագավորը համարձակ հայտարարեց. «Հիրավի որ ձեր Աստվածն է աստվածների Աստվածը և թագավորների Տերը»:4

Դանիելին տրված Աստծո զարմանահրաշ հայտնությամբ եկավ Հիսուս Քրիստոսի ավետարանի ապագայի մասին մարգարեությունը, որ պիտի վերականգնվեր երկրի վրա, արքայություն, որ պիտի լցներ ողջ աշխարհը, «որը հավիտեանս չի ավերուիլ … [այլ] կմնա հավիտեանս»:

Վերջին օրերին Եկեղեցու անդամների թվաքանակը համեմատաբար քիչ կլինի, ինչպես Նեփին է մարգարեացել, սակայն նրանք կլինեն ողջ երկրի երեսին, իսկ քահանայության զորությունն ու արարողությունները հասանելի կլինեն բոլորին, ովքեր կփափագեն դա, լցնելով երկիրը՝ ինչպես կանխագուշակել է Դանիելը:5

1831թ. Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ այս հայտնությունը. «Աստծո արքայության [և աշխարհի չորս ծայրերից Իսրայելը հավաքելու] բանալիները վստահված են մարդուն երկրի վրա, և այնտեղից ավետարանը կգլորվի մինչև աշխարհի ծայրերը, ինչպես քարը, որը կտրվել է սարից՝ առանց ձեռքի, կգլորվի մինչև որ լցնի ողջ երկիրը»:6

Պատասխանատվություն, որ կիսում ենք մենք

Իսրայելի հավաքումը հրաշք է: Այն նման է հսկայական փազլի, որի մասերը պետք է դրվեն իրենց տեղերում նախքան Երկրորդ Գալստի փառահեղ իրադարձությունները կսկսվեն: Ճիշտ ինչպես մենք գուցե շփոթվենք փազլի մասերի քանակից, նույնկերպ վաղեմի Սրբերը պիտի որ ողջ աշխարհին վերականգնված ավետարանը տանելու պարտականությունը համարեին գրեթե անհնարին խնդիր: Բայց նրանք սկսեցին այդ գործընթացը, ամեն անգամ մի մարդ ավելացնելով, մի մաս դնելով, գտնելով եզրի մասերը, աշխատելով ճիշտ ձևով կազմել այս աստվածային աշխատանքի շրջանակը: Աստիճանաբար առանց ձեռքի կտրված քարը սկսեց առաջ գլորվել՝ հարյուրներից հազարավորների, տասնյակ հազարավորների, իսկ այժմ տարբեր ազգերի միլիոնավոր ուխտյալ Վերջին Օրերի Սրբեր միացնում են այս զարմանահրաշ և սքանչելի գործի փազլի մասերը:

Նկար
Հսկայական փազլ

Մեզանից յուրաքանչյուրն այդ փազլի մասերից մեկն է և օգնում է ճիշտ տեղում դնել մյուս կարևոր մասերը: Դուք կարևոր դեր եք խաղում այս մեծ աշխատանքում: Մեր տեսադաշտն այժմ մաքուր է: Մենք կարող ենք տեսնել, որ այդ հրաշքը շարունակվում է, և Տերը մեր ձեռքից բռնած ուղեկցում է, երբ մենք լրացնում ենք դատարկ տեղերը: Այնուհետև «Մեծ Եհովան կասի՝ աշխատանքն ավարտված է», 7 և Նա կվերադառնա վեհափառությամբ և փառքով:

Նկար
Մեզանից յուրաքանչյուրը փազլի մաս է

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Այժմ ժամանակն է, որ անդամները և միսիոներները միավորվեն, աշխատեն միասին … հոգիներ բերելով Նրա մոտ: … Նա կաջակցի մեզ մեր ջանքերում, եթե հավատքով գործենք՝ Նրա աշխատանքն իրականացնելու համար»:8

Աստծո կողմից տրված պատասխանատվությունը, որը մի ժամանակ հիմնականում դրված էր լիաժամկետ միսիոներների ուսերին, այժմ բոլորիս պատասխանատվությունն է: Բոլորս էլ ցանկանում ենք կիսվել վերականգնված ավետարանով, և ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են երախտագիտությամբ մկրտվում: Չնայած ունենալով այս հրաշալի օրհնությունը, մեր եղբայրների և քույրերի համար մեր մտահոգությունը և Աստծուն գոհացնելու մեր ցանկությունը բերում է կիսվելու և ողջ աշխարհում Աստծո արքայությունն ամրացնելու անասելի հրատապությունը:

Մեղքի սահմանները

Անգամ ավետարանով կիսվելու ուժգին ցանկության հետ մեկտեղ դուք գուցե այդքան էլ չգոհանաք ձեր գործադրած ջանքերի արդյունքներից: Գուցե զգաք ինչպես իմ ընկերներից մեկը, ով ասաց. «Եկեղեցու մասին պատմել եմ մեր ընտանիքին և ընկերներին, բայց ընդամենը մի քանիսը հետաքրքրություն ցուցաբերեցին, և ամեն մերժումից հետ ես ավելի անվստահ էի դառնում: Գիտեմ, որ պետք է ավելի շատ ջանքեր գործադրեմ, բայց չգիտեմ ինչ անեմ և միայն հսկայական մեղքի զգացում ունեմ»:

Կփորձեմ ձեզ օգնել:

Մեղքի զգացումը կարևոր դեր է խաղում դրդելով կատարել մեզ համար անհրաժեշտ փոփոխություններ, բայց մեղքի մեզ օգնելու հնարավորությունները սահմանափակ են:

Մեղքը բենզինով աշխատող մեքենայի մարտկոցի պես է: Այն կարող է լույսով ապահովել մեքենան, գործի դնել շարժիչը, միացնել լուսարձակները, բայց չի կարող վառելիքով ապահովել երկարատև ճանապարհ գնալիս: Մարտկոցն ինքնին բավարար չէ: Մեղքը ևս:

Առաջարկում եմ, որ դուք դադարեք մեղավոր զգալ, երբ մտածում եք, թե բավարար չափով չեք կիսվում ավետարանով: Փոխարենը, ինչպես Ալման է ուսուցանել, աղոթեք հնարավորությունների համար, որ «կանգնեք որպես Աստծո [վկա] բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, … որ [մյուսները] կարողանան փրկագնվել Աստծո կողմից և համարվեն նրանց հետ, ովքեր պատկանում են առաջին հարությանը, [և] հավերժական կյանք ունենան»:9 Դա շատ ավելի ուժեղ դրդապատճառ է, քան մեղքը:

Բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում Աստծո վկա լինելն արտացոլվում է մեր ապրելակերպում և մեր խոսելաձևում:

Պատրաստակամ եղեք կիսվելու առ Քրիստոս ձեր հավատքի մասին: Երբ առիթը գա խոսեք Նրա կյանքի, Նրա ուսմունքների և ողջ մարդկությանը տված Նրա անզուգական պարգևի մասին: Կիսվեք Մորմոնի Գրքից Նրա հզոր ճշմարտություններով: Նա մեզ խոստացել է. «Ով որ ինձ մարդկանց առաջին դավանե, ես էլ նորան կդավանեմ իմ Հոր առաջին, որ երկնքումն է»:10 Ես խոստանում եմ ձեզ՝ եթե հաճախ և անկեղծորեն աղոթեք հնարավորությունների համար, որ «կանգնեք որպես Աստծո վկա», այդ հնարավորությունները կգան, և կհանդիպեք նրանց, ովքեր ավելի շատ լույս և գիտելիք են փնտրում: Եթե արձագանքեք հոգևոր հուշումներին, Սուրբ Հոգին ձեր խոսքերը կհասցնի մեկ ուրիշի սրտին, և մի օր Փրկիչը կդավանի ձեզ Իր Հոր առաջ:

Խմբակային ջանք

Որևէ մեկին Աստծո արքայություն բերելու համար կատարվող հոգևոր աշխատանքը խմբակային ջանք է: Հնարավորության դեպքում օգտագործեք միսիոներների օգնությունը, և աղոթեք երկնային օգնության համար: Բայց հիշեք, որ մեկ ուրիշի դարձի գալու ժամանակը ամբողջովին կախված չէ ձեզանից:11

Մավրիկոս կղզիներից Կամլա Պերսանդը սովորում էր Ֆրանսիայի Բորդո քաղաքի բժշկական համալսարանում, երբ նրան հանդիպեցինք 1991 թվականի փետրվարին: Ընտանիքով մենք աղոթել էինք, որ կարողանայինք ավետարանով կիսվել ճշմարտությունը փնտրող որևէ մեկի հետ, և մենք նրան ուսուցանեցինք մեր տանը: Ես արտոնություն ունեցա կատարելու նրա մկրտությունը, բայց Եկեղեցուն միանալու հարցում մենք չէինք թողել ամենակարևոր ազդեցությունը Կամլայի վրա: Իր հայրենիքում նրա ընկերները, միսիոներները և անգամ ընտանիքի անդամներն էին եղել «Աստծո վկաներ», և մի օր Ֆրանսիայում, երբ Կամլայի համար ճիշտ ժամանակն էր, նա մկրտվելու որոշում կայացրեց: Այժմ, 25 տարի անց նա վայելում է այդ որոշման օրհնությունները, և նրա որդին միսիոներ է Մադագասկարում:

Նկար
Կամլա Պերսանդն ու ընտանիքը

Խնդրում եմ, մեկ ուրիշի հետ Փրկչի սիրով կիսվելու ձեր ջանքերը մի դիտարեք որպես քննություն, որը կամ հանձնում եք կամ՝ ոչ, և ձեր գնահատականը թող չորոշվի նրանով, թե ինչպես են ձեր ընկերները պատասխանում ձեր զգացմունքներին կամ միսիոներներին հանդիպելու առաջարկին:12 Մեր մահկանացու աչքերով մենք չենք կարող տեսնել մեր ջանքերի արդյունքները, ոչ էլ կարող ենք որոշել ժամանակացույցը: Երբ մեկ ուրիշի հետ կիսվում եք Փրկչի հանդեպ ունեցած սիրով, ձեր թվանշանը միշտ գերազանց է:

Որոշ պետություններ սահմանափակել են միսիոներների աշխատանքը, որի արդյունքում մեր ազնվազարմ անդամները նույնիսկ ավելի մեծ քաջություն են դրսևորում` լինելով «Աստծո վկաներ բոլոր ժամանակներում և բոլոր … տեղերում»:

Նադեժդան Մոսկվայից հաճախ է մյուսներին նվիրում Մորմոնի Գիրքը՝ կոնֆետներով լի նվերի տուփի մեջ դրած: Նա ասում է. «Ես նրանց ասում եմ, որ դա լավագույն նվերն է, որ կարող եմ տալ»:

Ուկրաինայում մկրտվելուց շատ չանցած Սվետլանան հատուկ զգացողություն ունեցավ ավետարանով կիսվելու մի մարդու հետ, ում հաճախ էր տեսնում ավտոբուսում: Երբ այդ մարդն իջավ իր կանգառում, նա հարցրեց. «Կուզենայի՞ք ավելին իմանալ Աստծո մասին»: Այդ տղամարդն ասաց. «Այո»: Միսիոներներն ուսուցանեցին Վիկտորին, և նա մկրտվեց: Նա և Սվետլանան ավելի ուշ կնքվեցին Գերմանիայի Ֆրայբերգի տաճարում:

Ուշադիր եղեք, ձեր օրհնություններն անսպասելի կերպով կարող են գալ:

Յոթ տարի առաջ Սոլթ Լեյք Սիթիում ես և Քեթին հանդիպեցինք Դիեգո Գոմեսին և նրա հրաշալի ընտանիքին: Նրանք մեզ հետ այցելեցին տաճարի բաց դռներին, բայց բարեկիրթ ձևով մերժեցին Եկեղեցու մասին ավելին սովորելու մեր առաջարկը: Այս տարվա մայիսին ես անսպասելի զանգ ստացա Դիեգոյից: Իր կյանքում տեղի ունեցած որոշ դեպքեր նրան ծնկի էին բերել աղոթելու: Նա ինքնուրույն գտել էր միսիոներներին, մասնակցել զրույցներին և պատրաստվել մկրտվելուն: Այս անցած հունիսի 11-ին ես մտա մկրտության ջրերը իմ ընկեր և ընկերակից աշակերտ Դիեգո Գոմեսի հետ: Նրա դարձն իր ուրույն ժամանակացույցն ուներ և տեղի ունեցավ շատերի աջակցությամբ, ովքեր նրան օգնել էին որպես «Աստծո վկաներ»:

Նկար
Դիեգո Գոմեսը խմբի հետ

Կոչ երիտասարդներին

Ողջ աշխարհի մեր հրաշալի երիտասարդներ և չափահաս երիտասարդներ, ես հատուկ կոչ եմ անում և առաջարկում եմ ձեզ՝ եղեք «Աստծո վկաներ»: Ձեզ շրջապատող մարդիկ հետաքրքրված են հոգևոր հարցերով: Հիշո՞ւմ եք փազլը: Դուք չեք մոտենում սեղանին դատարկ ձեռքով, այլ ձեր ձեռքի տակ ունենալով տեխնոլոգիան և սոցցանցերը: Մենք ձեր կարիքն ունենք, Տերը ցանկանում է, որ դուք ավելի շատ ներգրավվեք այս մեծ գործում:

Նկար
Փազլը բջջային հեռախոսի վրա

Փրկիչն ասել է. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նորանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունովը»:13

Պատահականություն չէ, որ դուք ապրում եք Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում, Հյուսիսային, Կենտրոնական կամ Հարավային Ամերիկայում, Խաղաղօվկյանոսյան կղզիներում կամ Աստծո այս աշխարհի մեկ այլ վայրում, որովհետև ավետարանը պիտի գնա «ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի»:14

«Երկնքի Աստուածը մեկ թագավորություն է վերկացրել, [մի քար կտրուած առանց ձեռքի, որը դարձել է մեծ սար և լցնում է ողջ աշխարհը,] որ հավիտեանս չավերուի … [այլ] մնա հավիտեանս:

… Երազը հաստատ է և մեկնությունը ստույգ»:15

Խոսքս եզրափակում եմ Վարդապետություն և Ուխտերից մի հատվածով. «Կանչեք առ Տերը, որ նրա արքայությունն առաջ գնա երկրի վրա, որ նրա բնակիչները ստանան այն և պատրաստ լինեն գալիք օրերի համար, որի ժամանակ Մարդու Որդին կիջնի երկնքից, իր փառքի պայծառությամբ հանդերձավորված՝ դիմավորելու երկրի վրա … Աստծո արքայությանը»:16 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Դանիել 2.10

  2. Դանիել 2.18

  3. Դանիել 2.26, 27, 28, 44, 45; տես նաև հատվածներ 34–35:

  4. Դանիել 2.47

  5. Տես 1 Նեփի 14.12–14:

  6. Վարդապետություն և Ուխտեր 65.2; տես նաև Վարդապետություն և Ուխտեր 110.11:

  7. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 444; տես նաև Բոյդ Կ. Փաքեր, “The Standard of Truth Has Been Erected,” Լիահոնա, նոյ. 2003, 27:

  8. Թոմաս Ս. Մոնսոն, «Բարի գալուստ համաժողով», Լիահոնա, նոյ. 2013, 4:

  9. Մոսիա 18.9

  10. Մատթեոս 10.32

  11. Մեկ ամիս առաջ ես Բրազիլիայի Սանտա Մարիայում էի: Եղբայր Ժոաո Գրալն ինձ ասաց, որ պատանի հասակում երկու տարի եկեղեցի է հաճախել, և ցանկանում էր մկրտվել, սակայն հայրը թույլ չէր տալիս: Մի օր նա ասել էր իր քույրերին, ովքեր նույն ցանկությունն ունեին, որ պետք է ծնկաչոք աղոթել, որ Աստված փափկացներ իրենց հոր սիրտը: Նրանք ծնկի եկան աղոթքով և գնացին դպրոց:

    Երբ այդ օրը տուն վերադարձան, զարմացան տեսնելով, որ հեռավոր քաղաքից իրենց հորեղբայրն էր եկել: Նա տանը զրուցում էր իրենց հոր հետ: Հորեղբոր ներկայությամբ երեխաները կրկին խնդրեցին իրենց հորը, թե արդոք կարող էին մկրտվել: Նրանց հորեղբայրը առաջ եկավ, ձեռքը դրեց փոքր եղբոր ուսին և ասաց. «Ռենալդո, դա ճշմարիտ եկեղեցի է: Թող նրանք մկրտվեն»: Նրանք չգիտեին, որ մի քանի ամիս առաջ հորեղբայրը մկրտվել էր:

    Հորեղբայրը հուշում էր ստացել, որ հյուր գար իր եղբոր տուն, և քանի որ նա «կանգնեց որպես Աստծո վկա», եղբայրը թույլ տվեց, որ երեխաները մկրտվեին: Մի քանի շաբաթ անց, Ռենալդոն և իր կինը մկրտվեցին: Աստված հրաշալի ձևով պատասխանեց այդ երեխաների աղոթքներին մի մարդու միջոցով, ով պատրաստակամորեն դարձավ «Աստծո վկա»:

  12. «Դուք հաջողում եք, երբ հրավիրում եք, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի արդյունքը» (Քլեյթոն Մ. Քրիսչենսեն, Ամենօրյա միսիոներների ուժը [2012], 23; տես նաև everydaymissionaries.org):

  13. Մատթեոս 28.19

  14. Մոսիա 15.28

  15. Դանիել 2.44–45; տես նաև հատվածներ 34–35:

  16. Վարդապետություն և Ուխտեր 65.5