2010–2019 թթ․
«Իմ սիրո մեջ հաստատու՜ն մնացեք»
Հոկտեմբեր 2016


«Իմ սիրո մեջ հաստատու՜ն մնացեք»

Աստծո սերն անսահման է, և այն կհարատևի ընդմիշտ, սակայն, թե ինչ է դա նշանակում յուրաքանչյուրիս համար, կախված է նրանից, թե մենք ինչպես ենք արձագանքում Նրա սիրուն:

Աստվածաշունչն ասում է մեզ. «Աստված սեր է»:1 Նա սիրո կատարյալ մարմնավորում է, իսկ մենք մեծապես ապավինում ենք այդ սիրո կայունությանն ու համընդհանուր հասանելիությանը: Ինչպես Նախագահ Թոմաս  Ս. Մոնսոնն է ասել. «Աստված միշտ սիրում է ձեզ, արդյոք դուք զգում եք, թե ոչ, դուք արժանի եք սիրո: Նա պարզապես միշտ սիրում է ձեզ»:2

Աստվածային սերը նկարագրելու և դրա մասին խոսելու շատ եղանակներ կան: Եզրույթներից մեկը, որը հիմա հաճախ լսում ենք, այն է, որ Աստծո սերը «անվերապահ է»: Որոշ իմաստով դա ճիշտ է, սակայն «անվերապահ» բնորոշում չկա սուրբ գրության մեջ: Սուրբ գրության մեջ Նրա սերն ավելի շուտ նկարագրվում է որպես` «մեծ ու հրաշալի սեր»,3 «կատարյալ սեր»,4 «քավիչ սեր»,5 և «հավիտենական սեր»:6 Սրանք ավելի լավ եզրույթներ են, քանի որ «անվերապահ» բառը կարող է սխալ տպավորություն ստեղծել աստվածային սիրո մասին, ինչպես օրինակ` Աստված հանդուրժում ու ներում է մեր կատարած ամեն քայլ, քանի որ Նրա սերը անվերապահ է, կամ Աստված ոչինչ չի պահանջում մեզանից, քանի որ Նրա սերը անվերապահ է, կամ բոլորը փրկվում են երկնային արքայությունում, որովհետև Նրա սերը անվերապահ է: Աստծո սերն անսահման է, և այն կհարատևի ընդմիշտ, սակայն ինչ է դա նշանակում յուրաքանչյուրիս համար, կախված է նրանից, թե մենք ինչպես ենք արձագանքում Նրա սիրուն:

Հիսուսն ասել է.

«Ինչպես իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք:

«Եթե իմ պատուիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատուիրանները պահեցի և մնում եմ Նրա սիրո մեջ»:7

«Հաստատուն մնալ» Փրկիչի սիրո մեջ` նշանակում է ստանալ նրա շնորհը և կատարելագործվել դրանով:8 Նրա շնորհը ստանալու համար մենք պիտի հավատանք Հիսուս Քրիստոսին և պահենք Նրա պատվիրանները, ներառյալ` ապաշխարենք մեր մեղքերը, մկրտվենք` մեր մեղքերից ազատվելու համար, ստանանք Սուրբ Հոգին և շարունակենք ապրել հնազանդության ուղիով: 9

Աստված միշտ կսիրի մեզ, բայց Նա չի կարող փրկել մեզ, երբ մեղքի մեջ ենք:10 Հիշեք այն խոսքերը, որոնք Ամուղեկն ասաց Զիզրոմին, որ Փրկիչը կփրկագնի իր ժողովրդին ոչ թե իրենց մեղքերի մեջ, այլ իրենց մեղքերից,11դրա պատճառն այն է, որ մեղքերով հանդերձ, մենք անմաքուր ենք, իսկ «ոչ մի անմաքուր բան չի կարող ժառանգել երկնքի արքայությունը»12 կամ բնակվել Աստծո ներկայության մեջ: «Եվ նա Հոր կողմից զորություն ունի տրված, փրկագնելու նրանց իրենց մեղքերից՝ ապաշխարության շնորհիվ. այդ նպատակով նա ուղարկել է իր հրեշտակներին՝ հայտարարելու ապաշխարության պայմանների ավետիքը, որը բերում է դեպի Քավիչի զորությունը, դեպի իրենց հոգիների փրկությունը»:13

Մորմոնի գրքից մենք սովորում ենք, որ Քրիստոսի տառապանքների` Նրա սիրո մեծագույն դրսևորման նպատակն էր «առաջ բերելու գթասրտությունը, որը հաղթում է արդարադատությանը և առաջ բերում միջոցներ մարդկանց համար, որ նրանք կարողանան ունենալ հավատք ի ապաշխարություն»։

«Եվ այսպես ողորմությունը կարող է բավարարել արդարադատության պահանջները, և օղակում է նրանց ապահովության բազուկների մեջ, մինչդեռ նա, ով չի գործադրում հավատք ի ապաշխարություն, ենթակա է արդարադատության պահանջների ամբողջ օրենքին. հետևաբար, միայն նրա համար, ով ունի հավատք ապաշխարության համար, իրագործվում է փրկագնման մեծ և հավերժական ծրագիրը»։14

Ուստի ապաշխարությունը Նրա պարգևն է մեզ, որը ձեռք է բերվել շատ թանկ գնով:

Ոմանք կառարկեն, ասելով, որ Աստված օրհնում է բոլորին` առանց խտրականության, մեջբերելով, օրինակ՝ Հիսուսի խոսքերը Լեռան Քարոզից. «[Աստված] իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վերայ, և անձրև է բերում արդարների և անիրաւների վերայ»:15 Իրոք, Աստված Իր բոլոր զավակների վրա հեղում է բոլոր հնարավոր օրհնությունները, այն բոլոր օրհնությունները, որոնք թույլ կտան հեղել սերն ու օրենքը, արդարությունն ու գթասրտությունը:

Ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արէք ձեզ ատողներին և աղոթք արեք ձեզ չարչարողների ու ձեզ հալածողների համար.

Որ որդիք լինիք ձեր Հորն, որ երկնքում է»:16

Այնուամենայնիվ, Աստծո ավելի մեծ օրհնությունները պայմանավորված են հնազանդությամբ: Նախագահ Ռասսել  Մ. Նելսոնը մեկնաբանել է. «Աստծո սիրո հրաշալի ծաղկեփունջը` ներառյալ հավերժական կյանքը, ընդգրկում է օրհնություններ, որոնց մենք պիտի արժանի լինենք և չի պարունակում իրավունքներ, որոնք մենք պիտի ակնկալենք` առանց արժանավոր լինելու: Մեղսավորները չեն կարող Նրա կամքն իրենց կամքին ենթարկել և պահանջել Նրանից օրհնել իրենց մեղքի մեջ [տես Ալմա 11.37]: Եթե նրանք ցանկանում են վայելել Նրա հրաշալի ծաղկեփնջի յուրաքանչյուր ծաղիկը, նրանք պիտի ապաշխարեն»:17

Համբերատար մարդուն անմեղ ու անբասիր համարելուց բացի, ինչպես նաև խոստանալուց բացի, որ նա «կբարձրացվի վերջին օրը»,18 գոյություն ունի Աստծո սիրո մեջ մնալու երկրորդ կարևոր կողմը: Մնալով Նրա սիրո մեջ, մենք հնարավորություն կունենանք գիտակցել մեր ողջ ներուժը, որպեսզի դառնանք ճիշտ Նրա նման: 19 Ինչպես Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն է ասել. «Բայց Աստծո շնորհը չի վերադարձնում մեզ պարզապես մեր նախկին անմեղ վիճակին: … Նրա նպատակը շատ ավելի վեհ է: Նա ցանկանում է, որ Իր որդիներն ու դուստրերը դառնան Իր նման:20

Մնալ Աստծո սիրո մեջ այս իմաստով, նշանակում է լիովին ենթարկվել Նրա կամքին: Նաև նշանակում է` ընդունել Նրա ուղղումը, երբ անհրաժեշտ է, «որովհետև Տերը իրան սիրածին խրատում է»: 21 Դա նշանակում է` սիրեցեք ու ծառայեք միմյանց, ինչպես Հիսուսը սիրեց ու ծառայեց մեզ:22 Դա նշանակում է սովորել «մնալ սելեստիալ արքայության օրենքում», որպեսզի կարողանանք «մնալ սելեստիալ փառքում»:23 Որպեսզի Նա կարողանա մեզ դարձնել այն, ինչ կարող ենք դառնալ: Ըստ մեր Երկնային Հոր խնդրանքի, մարդը պիտի տեղի տա «Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ, և դառնա ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը»: 24

Երեց Դալլին  Հ. Օուքսն ասել է. «Վերջին դատաստանը մեր կատարած բարի ու չար գործերի ընդհանուր պարզ գնահատականը չէ: Դա մեր այն գործերի ու մտքերի վերջնական արդյունքի արտահայտությունն է, թե ինչ ենք մենք դարձել»:25

Հելեն Քելլերի պատմությունը նման է այն առակին, թե աստվածային սերն ինչպես կարող է փոխել հոժարակամ հոգուն: Հելենը ծնվել է 1880 թվականին Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգում: Մեկ ու կես տարեկանում նա հանկարծակի հիվանդացավ անհայտ հիվանդությամբ, ինչի արդյունքում մնաց խուլ ու համր: Նա չափազանց խելացի էր և ընկնում էր հուսահատության մեջ, երբ փորձում էր հասկանալ ու շփվել իր շրջապատի հետ: Երբ Հելենը տեսավ իր ընտանիքի անդամների շարժվող շրթուքները և հասկացավ, որ նրանք օգտագործում են իրենց բերանը խոսելու համար, «նա ցասման մեջ ընկավ, քանի որ ի վիճակի չէր միանալ նրանց խոսակցությանը» :26 Երբ Հելենը վեց տարեկան էր, նրա մոտ հաղորդակցման կարիքը և նրա հուսահատությունն այնքան արագ էին աճում, որ «ցասման պոռթկումները տեղի էին ունենում ամեն օր, երբեմն էլ ամեն ժամ»:27

Հելենի ծնողները Աննի Սալիվան անունով մի ուսուցիչ վարձեցին իրենց դստեր համար: Ինչպես որ մենք, հանձինս Հիսուս Քրիստոսի, ունենք մեկին, ով հասկանում է մեր թուլությունները,28 Աննի Սալիվանը նույնպես մաքառում էր իր լուրջ դժվարությունների հետ և հասկանում էր Հելենի թուլությունները: Հինգ տարեկանում Աննին վարակվեց մի հիվանդությամբ, որն առաջացրեց աչքի եղջրաթաղանթի ցավոտ սպիացում ու նա կուրացավ: Երբ Աննին ութ տարեկան էր, նրա մայրը մահացավ, իսկ հայրը լքեց նրան ու նրա կրտեր եղբորը` Ջեմմիին, և նրանց ուղարկեցին «անկելանոց», որտեղ պայմաններն այնքան ողբալի էին, որ Ջեմմին մահացավ ընդամենը երեք ամիս անց: Իր համառ հաստատակամության շնորհիվ Աննին ընդունվեց Պերկինսի կույրերի և թույլ տեսողություն ունեցողների դպրոցը, որտեղ նա փայլուն հաջողությունների հասավ: Վիրահատական միջամտության շնորհիվ նրա տեսողությունը մի փոքր լավացավ, ուստի նա կարողացավ կարդալ տպատառերը: Երբ Հելեն Քելլերի հայրը կապնվեց Պարկինսի դպրոցի հետ, ուսուցիչ փնտրելով իր դստեր համար, Աննին ընտրվեց:29

Սկզբում դա այնքան էլ հաճելի փորձառություն չէր: Հելենը «խփում էր, կսմթում ու քացի տալիս իր ուսուցչին, և ջարդեց նրա ատամներից մեկը: Աննին ի վերջո կարողացավ հսկողության տակ առնել իրավիճակը, Հելենի հետ տեղափոխվելով Քելլերների փոքրիկ քոթեջը: Համբերատարությամբ և կոշտ համառությամբ նա վերջապես գրավեց երեխայի սիրտը և շահեց վստահությունը»:30 Նույն ձևով, երբ մենք սկսում ենք ավելի շատ վստահել, քան դիմադրել մեր աստվածային Ուսուցչին, Նա կարողանում է աշխատել մեզ հետ` լուսավորելու և բարձրացնելու մեզ դեպի նոր իրականություն: 31

Որպեսզի օգներ Հելենին բառեր սովորել, Աննին իր մատներով հեգում էր ծանոթ առարկաների անունները Հելենի ձեռքի ափի մեջ: «Հելենին դուր էր գալիս այս «մատնախաղը», բայց նա չէր հասկանում, մինչև այն հայտնի պահը, երբ Աննին հեգեց «ջ-ու-ր» բառը, միաժամանակ լցնելով ջուրը Հելենի ափի մեջ: Հելենն ավելի ուշ գրել է.

«Հանկարծ ես զգացի ինչ-որ մոռացված բանի մշուշապատ գիտակցում, ինչ-որ կերպ լեզվի առեղծվածը բացահայտվեց ինձ համար: Ես գիտեի, որ «ջ-ու-ր»-ը նշանակում էր ինչ-որ հրաշալի սառը բան, որը հոսում էր իմ ձեռքի վրայով: Այդ կենդանի բառը արթնացրեց իմ հոգին, լույս, հույս և ուրախություն տվեց նրան, ազատ արձակեց նրան: … Ամեն բան անուն ուներ, իսկ յուրաքանչյուր անունը ծնունդ էր տալիս նոր մտքի: Երբ մենք տուն վերադարձանք, յուրաքանչյուր առարկա, որը ես շոշափում էի, կարծես, թրթռում էր կյանքով»:32

Նկար
Հելեն Քելլերն ու Աննի Սալիվանը

Երբ Հելեն Քելլերը չափահաս դարձավ, նա հայտնի դարձավ լեզուների հանդեպ սիրով, գրողի իր հմտությամբ և հռետորի իր պերճախոսությամբ:

Հելեն Քելլերի կյանքը պատմող կինոնկարում նրա ծնողները ներկայացված են այնպես, կարծես, բավարարված են Աննի Սալիվանի աշխատանքով, քանի որ նա ընտելացրել էր իրենց վայրի աղջկան այն աստիճանի, որ Հելենն իրեն քաղաքավարի էր պահում ճաշի ժամանակ, բոլորի նման ուտում էր և ծալում էր անձեռոցիկը ճաշի վերջում: Բայց Աննին գիտեր, որ Հելենը շատ ավելիին էր ընդունակ, և որ ինքը նշանակալի ներդրում ուներ կատարելու: 33 Չնայած մենք կարող ենք լիովին բավարարված լինել այն ամենով, ինչ արել ենք մեր կյանքում, և որ մենք պարզապես այն ենք, ինչ կանք, մեր Փրկիչը հասկանում է այն հիանալի ներուժը, որը մենք ընկալում ենք միայն «հայելու մէջ օրինակով»: 34 Մեզանից յուրաքանչյուրը կարող է հիացմունք զգալ, երբ մեր ներուժը ի հայտ է գալիս մեր ներսում: Դա շատ նման է այն ուրախությանը, որը զգաց Հելեն Քելլերը, երբ բառերը հայտնվեցին նրա կյանքում, լույս տալով նրա հոգուն և ազատություն տալով նրան: Մեզանից յուրաքանչյուրը կարող է սիրել ու ծառայել Աստծուն և հնարավորություն ունենալ օրհնել իր բարեկամին: «Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չտեսաւ և ականջ չլսեց և մարդի սիրտը չընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար»:35

Եկեք դիտարկենք Աստծո անգին սիրո գինը: Հիսուսը ցույց տվեց, որ որպեսզի հատուցի մեր մեղքերի համար և փրկագնի մեզ հոգևոր ու ֆիզիկական մահից, Նրա տառապանքը ստիպեց, «նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ ոգով,– և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ»:36 Նրա հոգեվարքը Գեթսեմանում և ապա խաչի վրա ավելի դաժան էր, քան ցանկացած մահկանացու կարող էր տանել:37Այնուամենայնիվ, Իր Հոր և մեր հանդեպ ունեցած Իր սիրո շնորհիվ Նա տոկաց և, որպես արդյունք, Նա կարող է մեզ առաջարկել անմահություն և հավերժական կյանք:

Նկար
Ձիթապտղի մամլիչ

Շատ խորհրդանշական է, որ «արյուն [եկավ] յուրաքանչյուր ծակոտիից»,38 երբ Հիսուսը տառապում էր Գեթսեմանիում. մի վայրում, որտեղ ձիթապտղի մամլիչներն էին: Փրկիչի ժամանակ ձիթայուղ արտադրելու համար ձիթապտուղները նախ փշրում էին` դրանց վրա մեծ քար գլորելով: Ստացված տրորվածքը լցնում էին փափուկ, լայն գործվածքով զամբյուղների մեջ, որոնք կիտվում էին մեկը մյուսի վրա: Դրանց ծանրությունից քամվում էր առաջին ու ամենալավ ձեթը: Ապա ճնշումը մեծացնելու համար դեզի վրա տեղադրում էին մեծ հեծան կամ գերան, որպեսզի ավելի շատ ձեթ ստանան: Ի վերջո, վերջին կաթիլները քամելու համար հեծանը ծանրացնում էին քարերով, որպեսզի ստեղծեին առավելագույն ջախջախիչ ճնշումը: 39 Եվ այո, ձեթն այնպես էր հորդում, ինչպես սկզբում էր հոսում:

Նկար
Ձիթապտղի մամլիչը ձիթայուղի հետ

Ես հիշում եմ Մատթեոսի նկարագրությունը, երբ Փրկիչը մտավ Գեթսեմանի այն ճակատագրական գիշերը, որ Նա «սկսեց տրտմիլ և վշտանալ …

«Եվ մի քիչ առաջ գնալով իր երեսի վերայ ընկավ, աղոթք էր անում և ասում. Իմ Հայր, եթէ կարելի է, Թող այս բաժակն ինձանից անցնի. Սակայն ոչ թե ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու»:40

Հետո ես պատկերացրի, թե վիշտն ինչպես էր ուժեղանում, Նա երկրորդ անգամ թեթևացում խնդրեց և, ի վերջո, հավանաբար Իր տառապանքի գագաթնակետին, խնդրեց երրորդ անգամ: Նա տարավ հոգեվարքը, մինչև արդարությունն իրականացավ արյան վերջին կաթիլով:41 Նա արեց այդ, որպեսզի փրկագնի ինձ և ձեզ:

Ինչ թանկագին պարգև է աստվածային սերը: Այդ սիրով լցված, Հիսուսը հարցնում է. «Չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»։42 Նա քնքշորեն հավաստիացնում է. «Ահա, իմ ողորմության բազուկը մեկնված է դեպի ձեզ, և ով որ գա, նրան ես կընդունեմ. և օրհնված են նրանք, ովքեր գալիս են ինձ մոտ»։ 43

Մի՞թե դուք չեք սիրի Նրան, ով առաջինն է ձեզ սիրել:44 Ուրեմն պահեք Նրա պատվիրանները:45 Մի՞թե դուք բարեկամ չեք լինի Նրան, ով Իր կյանքն է դրել Իր բարեկամների համար:46 Ուրեմն պահեք Նրա պատվիրանները:47 Մի՞թե դուք չեք ապրի Նրա սիրո մեջ և ստանաք այն ամենը, ինչ նա շռայլորեն առաջարկում է ձեզ: Ուրեմն պահեք Նրա պատվիրանները:48 Ես աղոթում եմ, որ մենք լիարժեք ապրենք Նրա սիրո մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: