2010–2019 թթ․
Կիսվել վերականգնված ավետարանով
Հոկտեմբեր 2016


Կիսվել վերականգնված ավետարանով

Այն, ինչ կոչում ենք «անդամ-միսիոներական աշխատանք», ծրագիր չէ, այլ սիրո և մեզ շրջապատողներին հասնելու վերաբերմունք։

I.

Իր երկրային ծառայության ավարտին, Մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, պատվիրեց իր աշակերտներին. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը և աշակերտեցեք» (Մատթեոս 28.19) և «Գնացեք աշխարհով մեկ և ավետարանը քարոզեք ամեն արարածի»(Մարկոս 16:15)։ Բոլոր քրիստոնյաներն այս պատվիրանի ներքո են և պիտի ավետարանով կիսվեն ուրիշների հետ։ Շատերը դա անվանում են «մեծ առաջադրանք»։

Նկար
Փրկիչն ուսուցանում է մեզ սիրել

Ինչպես Երեց Նիլ Լ. Անդերսոնը նկարագրեց առավոտյան նիստին,անշուշտ, Վերջին Օրերի Սրբերը նրանց թվում են, ովքեր ամենաշատն են նվիրված այդ մեծ պատասխանատվությանը։ Եվ մենք պետք է նվիրվենք, քանի որ գիտենք, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին, և այս վերջին օրերում Նա վերականգնել է կենսական նշանակություն ունեցող մեկ այլ գիտելիք ու զորություն, որը կօրհնի նրանց բոլորին։ Փրկիչն ուսուցանել է, որ բոլորին սիրենք որպես եղբայրներ և քույրեր և մենք հարգում ենք այդ ուսմունքը ու կիսվում վերականգնված ավետարանի ուղերձով և վկայությամբ «բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների և ժողովուրդների հետ»(ՎևՈւ 112․1)։ Դա Վերջին Օրերի Սուրբ լինելու կարևորագույն մասն է։ Մենք վերաբերվում ենք դրան որպես մի ուրախալի արտոնության։ Ի՞նչը կարող է ավելի ուրախալի լինել, քան հավերժության ճշմարտություններով Աստծո զավակների հետ կիսվելը։

Այսօր մենք ունենք ավետարանով կիսվելու բազմաթիվ միջոցներ, որոնք առկա չէին նախորդ սերունդների ժամանակ։ Մենք ունենք հեռուստատեսություն, համացանց և սոցիալական լրատվամիջոցներ ։ Մենք ունենք վերականգնված ավետարանը ներկայացնելու բազմաթիվ արժեքավոր ուղերձներ։ Եկեղեցին առաջատար դիրք է զբաղեցնում բազմաթիվ երկրներում։ Մենք ունենք աճող թվաքանակով միսիոներներ։ Բայց արդյո՞ք մենք այդ բոլոր միջոցներն օգտագործում ենք առավելագույն չափով։ Մտածում եմ, որ մեզանից շատերը բացասական պատասխան կտան այդ հարցին։ Մենք ցանկանում ենք ավելի արդյունավետ լինել աստվածայնորեն մեզ առաջադրված պարտականության մեջ և հռչակել վերականգնված ավետարանը աշխարհով մեկ։

Կան բազմաթիվ լավ մտքեր, թե ինչպես կիսվել ավետարանով, որը հատուկ է առանձին ցցերին ու երկրներին։ Սակայն, քանի որ մենք աշխարհասփյուռ Եկեղեցի ենք, ցանկանում եմ խոսել այն գաղափարների մասին, որոնք հարիր են բոլոր վայրերին՝ ամենանոր միավորներից մինչև ամենահները, Եկեղեցին հարգող երկրներից մինչև այն երկրներն ու ազգերը, որոնք մեծապես ատում են կրոնը։ Ցանկանում եմ խոսել այն գաղափարների մասին, որոնցով կարող եք կիսվել այն մարդկանց հետ, ովքեր նվիրված հավատում են Հիսուս Քրիստոսին, ինչպես նաև այն մարդկանց հետ, ովքեր երբեք չեն լսել Նրա անունը, այն մարդկանց հետ, ովքեր բավարարված են իրենց ներկայիս կյանքով և այն մարդկանց հետ, ովքեր հուսահատ փորձում են փոխվել։

Ի՞նչը կօգնի ձեզ կիսվել ավետարանով, անկախ ձեր հանգամանքներից։ Մենք յուրաքանչյուր անդամի օգնության կարիքն ունենք և յուրաքանչյուր անդամ կարող է օգնել, քանի որ կան բազմաթիվ առաջադրանքներ, երբ կիսվում ենք վերականգնված ավետարանով բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների և մարդկանց հետ։

Նկար
Նախագահ Մոնսոնը հորդորում է անդամներին և միսիոներներին միասին աշխատել

Մենք բոլորս էլ գիտենք, որ անդամների մասնակցությունը միսիոներական աշխատանքին շատ կարևոր է և՛ դարձի, և՛ պահպանման համար։ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Այժմ ժամանակն է, որ անդամները և միսիոներները միավորվեն, աշխատեն միասին, տքնեն Տիրոջ այգում՝ հոգիներ բերելով Նրա մոտ: Նա պատրաստել է մեզ համար միջոցները, որպեսզի ավետարանով կիսվենք բազմազան եղանակներով, և Նա կաջակցի մեզ մեր ջանքերում, եթե մենք հավատքով գործենք՝ Նրա աշխատանքն իրականացնելու համար»։1

Նկար
Միսիոներական աշխատանքը պարզապես մի ստեղն չէ

Վերականգնված ավետարանով կիսվելը մեր քրիստոնեական պարտականությունն ու արտոնությունն է ամբողջ կյանքի ընթացքում։ Երեց Քվենտին Լ. Քուքը հիշեցնում է մեզ. «Միսիոներական աշխատանքը նման չէ դաշնամուրի 88 ստեղներից մեկին, որը երբեմն-երբեմն նվագում են։ Դա երաժշտության կարևորագույն ակորդն է, որը պետք է նվագել ողջ կյանքի ընթացքում, եթե մենք ցանկանում ենք ներդաշնակ լինել քրիստոնեության մեր հանձնառությանը և Հիսուս Քրիստոսի ավետարանին»։2

II.

Գոյություն ունեն ավետարանով կիսվելու երեք քայլեր, որոնք կարող են կատարել եկեղեցու բոլոր անդամները, անկախ նրանից, թե որտեղ են ապրում և աշխատում։ Մենք բոլորս էլ պետք է կատարենք այդ քայլերը։

Առաջինը, մենք բոլորս էլ կարող ենք աղոթել փրկության այս աշխատանքի կարևոր մասը դառնալու ցանկության համար։ Բոլոր ջանքերը սկսվում են ցանկությամբ։

Երկրորդը, մենք կարող ենք ինքներս պահել պատվիրանները։ Հավատարիմ, հնազանդ անդամները ճշմարտության ամենահամոզիչ վկաներն են և արժեվորում են վերականգնված ավետարանը։ Նույնիսկ ավելի կարևորն այն է, որ հավատարիմ անդամները միշտ կարող են ունենալ Նրա Հոգին իրենց հետ, որը կառաջնորդի նրանց, երբ նրանք ցանկանան մասնակցել Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու այս հրաշալի գործին։

Երրորդը, մենք կարող ենք աղոթել ոգեշնչման համար, թե մենք ինչ կարող ենք անել մեր անձնական իրավիճակներում ուրիշների հետ ավետարանով կիսվելու համար։ Դա տարբերվում է միսիոներների կամ ուրիշների համար աղոթելուց։ Մենք պիտի աղոթենք, թե ինչ կարող ենք մենք անձամբ անել։ Աղոթելուց պետք է հիշենք, որ այդ տեսակի ոգեշնչման համար ասված աղոթքների պատասխանները կգան, եթե պարտավորություն վերցնենք՝ մի բան, որը սուրբ գրությունները կոչում են «անկեղծ միտում» կամ «սրտի ողջ կորով»։ Աղոթեք և հանձն առեք գործելու ըստ ձեր ստացած ոգեշնչման և խոստացեք Տիրոջը, որ եթե Նա ոգեշնչի ձեզ խոսելու որևէ մեկի հետ ավետարանի մասին, դուք կանեք դա։

Մենք Տիրոջ առաջնորդության կարիքն ունենք, քանի որ առանձնահատուկ դեպքերում որոշ մարդիկ պատրաստ են, իսկ որոշ մարդիկ պատրաստ չեն ավետարանի մասին լրացուցիչ ճշմարտություններ լսելուն։ Մենք երբեք չպետք է որոշենք ուրիշների փոխարեն՝ պատրաստ են իրենք, թե ոչ։ Տերը գիտի Իր բոլոր զավակների սրտերը և եթե մենք աղոթենք ոգեշնչման համար, Նա կօգնի մեզ գտնելու այն մարդկանց, ովքեր, Իր կարծիքով ,«պատրաստ են լսելու խոսքը»(Ալմա 32.6

Որպես Տիրոջ առաքյալ, ես կոչ եմ անում Եկեղեցու բոլոր անդամներին և ընտանիքներին աղոթել Տիրոջը, որպեսզի Նա օգնի գտնելու այն մարդկանց, ովքեր պատրաստ են ընդունելու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը։ Երեց Մ. Ռասսել Բալլարդը հետևյալ կարևոր խորհուրդն է տվել, որի հետ ես համամիտ եմ. «Վստահեք Տիրոջը: Նա Բարի Հովիվն է: Նա գիտի իր ոչխարներին։ … Եվ եթե մենք չենք մասնակցում, շատերը, ովքեր կլսեին Վերականգման ուղերձը, կանցնեն կողքով: … Սկզբունքները բավականին պարզ են՝ աղոթք անհատապես և ձեր ընտանիքում՝ միսիոներական հնարավորությունների համար»։3 Երբ ցուցադրենք մեր հավատքը, այդ հնարավորությունները կգան առանց որևէ «ստիպողական կամ հարկադրված պատասխանի: Դրանք կհորդեն որպես մեր եղբայրների և քույրերի հանդեպ մեր սիրո բնական արդյունք»։4

Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է։ Ես ևս խոստանում եմ, որ Տիրոջ օգնության հանդեպ հավատի շնորհիվ, մենք կառաջնորդվենք, կոգեշնչվենք և կգտնենք մեծ ուրախություն այս հավերժական կարևորություն ներկայացնող աշխատանքում։ Մենք կհասկանանք, որ ավետարանով կիսվելու հաջողությունը սիրով և անկեղծ միտումով մարդկանց օգնության ձեռք մեկնելն է՝ անկախ նրանից, թե ինչ պատասխան կտան նրանք։

III.

Ահա մի քանի բան ևս, թե ինչ կարող ենք անել ավետարանով արդյունավետ կերպով կիսվելու համար.

Նկար
Անդամների ընկերակցությունը
Նկար
Անդամների այցելությունը
Նկար
Բրազիլիայի Օլիմպիական խաղերի ժամանակ տաքսու երթևեկը
  1. Մենք պետք է հիշենք, «որ մարդիկ սովորում են, երբ պատրաստ են դրան, այլ ոչ թե այն ժամանակ, երբ մենք ենք պատրաստ սովորեցնելու նրանց»։5 Այն, ինչի հանդեպ մենք հետաքրքրված ենք, ինչպես օրինակ՝ վերականգնված Եկեղեցում լրացուցիչ վարդապետական ուսմունքները, սովորաբար այն չեն, ինչ ուրիշներն ուզում են։ Սովորաբար ուրիշներն ուզում են այդ վարդապետության արդյունքները, այլ ոչ թե վարդապետությունը։ Երբ նրանք նկատում կամ զգում են Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ներգործությունը մեր կյանքում, նրանք զգում են Հոգին և սկսում են հետաքրքրվել ավետարանով։ Նրանք նաև հետաքրքրվում են, երբ փնտրում են ավելի շատ երջանկություն, Աստծո հետ կապ կամ կյանքի նպատակի մասին ավելի մեծ ըմբռնում։6 Հետևաբար, մենք պետք է զգուշորեն և աղոթքով զանազանենք, թե ինչպես գրավել ավելին իմանալու ուրիշի հետաքրքրությունը։ Դրանք կախված կլինեն տարբեր բաներից, ինչպես օրինակ՝ այդ մարդկանց ներկայիս հանգամանքներից և նրանց հետ ունեցած մեր հարաբերությունից։ Դա լավ թեմա է խորհուրդներում, քվորումներում և Սփոփող Միությունում քննարկելու համար։

  2. Զրուցելով ուրիշների հետ, մենք պետք է հիշենք, որ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ավելին սովորելու նախաձեռնությունը պետք է ավելի կարևոր լինի, քան Եկեղեցու մասին ավելին իմանալու մեր հրավերը։7 Մենք ցանկանում ենք, որ մարդիկ դարձի գան ավետարանում։ Դա է Մորմոնի Գրքի դերը։ Մեր Եկեղեցու մասին զգացմունքները գալիս են Հիսուս Քրիստոսին ճանաչելուց հետո, ոչ թե հակառակը։ Եկեղեցիների հանդեպ կասկած ունեցողներից շատերը նաև սեր չեն տածում Փրկիչի հանդեպ։ Առաջին բաները դրեք առաջին տեղում։

  3. Երբ ձգտում ենք մարդկանց ծանոթացնել վերականգնված ավետարանի հետ, պետք է դա անենք այդ մարդկանց հանդեպ անկեղծ սեր տածելով։ Դա կարելի է անել, երբ մենք փորձում ենք օգնել ուրիշներին իրենց խնդիրներում կամ, երբ աշխատում ենք նրանց հետ համայնքային միջոցառումներում, ինչպես օրինակ՝ թեթևացնելով տառապանքները, հոգ տանելով աղքատների ու կարիքավորների մասին կամ լավացնելով ուրիշների կյանքի որակը։

  4. Ավետարանով կիսվելու մեր ջանքերը չպետք է սահմանափակվեն մեր ընկերների ու գործընկերների շրջանակով։ Օլիմպիադայի ժամանակ մենք իմացանք տաքսու մի վարորդի մասին, ով Ռիո դե Ժանեյրոյում Եկեղեցու անդամ էր, ով յոթ լեզուներով Մորմոնի Գրքի օրինակներ էր պահում իր մոտ և բաժանում էր դրանք ցանկացողներին։ Նա իրեն կոչում էր «Տաքսի վարող միսիոներ»։ Նա ասաց. «Ռիո դե Ժանեյրոյի փողոցներն իմ միսիայի տարածքն են»։8

    Քլեյթոն Մ. Քրիսչենսենը, ով անդամ-միսիոներ լինելու ազդեցիկ փորձ ունի, ասում է, որ «վերջին քսան տարիների ընթացքում մենք նկատել ենք, որ ավետարանի մասին սովորելու մարդու ցանկությունը կախված չէ, թե որքան լավ են այդ մարդիկ ճանաչում իրար»։9

  5. Ծխի եպիսկոպոսությունները կարող են ծրագրել հաղորդության մի հատուկ ժողով, որի ժամանակ անդամներին կխրախուսեն բերել հետաքրքրվող մարդկանց։ Ծխի անդամները չեն տատանվի իրենց ծանոթներին բերելու այդ ժողովին, քանի որ ավելի համոզված կլինեն, որ ժողովի բովանդակությունն ավելի լավ ծրագրված կլինի, որպեսզի հետաքրքրություն առաջացնի և ավելի լավ ներկայացվի Եկեղեցին։

  6. Կան ավետարանով կիսվելու ավելի շատ հնարավորություններ։ Օրինակ, այս ամռանը ես մի ուրախալի նամակ ստացա մի նոր անդամից, ով վերականգնված ավետարանի մասին իմացել էր իր հին դասընկերոջից, որը զանգահարել էր իր հիվանդության մասին հարցնելու նպատակով։ Նա գրել է. «Ես տպավորվեցի, թե ինչպես նա իրեն ներկայացրեց ինձ։ Մի քանի ամիս միսիոներներից սովորելուց հետո ես մկրտվեցի։ Իմ կյանքն այդ օրվանից ի վեր բարելավվեց»։10 Մենք բոլորս էլ ճանաչում ենք մարդկանց, ում կյանքը կբարելավվի վերականգնված ավետարանի շնորհիվ։ Արդյո՞ք մենք կապ ենք հաստատում նրանց հետ։

  7. Սոցիալական լրատվամիջոցներից օգտվելու մեր երիտասարդ անդամների ցանկությունն ու փորձը նրանց եզակի հնարավորություն են տալիս ուրիշների մոտ ավետարանի հանդեպ հետաքրքրություն առաջացնել։ Նկարագրելով Փրկիչի հայտնվելը Նեփիացիներին, Մորմոնը գրում է. «Եվ եղավ այնպես, որ նա սովորեցրեց և ծառայեց այն բազմության երեխաներին, …, և նա արձակեց նրանց լեզուները … որ նրանք կարողացան խոսել»(3 Նեփի 26.14)։ Կարծում եմ, այսօր պետք է ասենք. «արձակեք նրանց [տեքստային հաղորդագրությունները], որ նրանք խոսեն»։ Առա՛ջ երիտասարդներ։

Նկար
Կիսվել ավետարանով տեքստային հաղորդագրությունների միջոցով

Ավետարանով կիսվելը բեռը չէ, այլ՝ ուրախություն։ Այն, ինչ անվանում ենք «անդամ-միսիոներական աշխատանք» ծրագիր չէ, այլ՝ սիրո և մեզ շրջապատողներին հասնելու վերաբերմունք։ Այն նաև հնարավորություն է վկայելու, թե ինչ վերաբերմունք ունենք Փրկիչի վերականգնված ավետարանի նկատմամբ։ Ինչպես Երեց Բալլարդն է ուսուցանել. «Մեր դարձի ամենանշանակալից ապացույցը և մեր կյանքում ավետարանի հանդեպ վերաբերմունքն արտահայտվում է ուրիշների հետ այն կիսվելու մեր պատրաստակամությամբ»։11

Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի մասին, ով Աշխարհի Լույսն ու Կյանքն է (տես 3 Նեփի 11.11)։ Նրա վերականգնված ավետարանի լույսերը մահկանացու կյանքի մեր ուղին են։ Նրա Քավության շնորհիվ մենք վստահություն ենք ձեռք բերում մահից հետո կյանքի հանդեպ և ստանում ուժ՝ մահկանացու կյանքում դիմանալու համար։ Եվ Նրա Քավությունը հնարավորություն է տալիս, որ մեր մեղքերը ներվեն ու Աստծո փրկության փառահեղ ծրագրի ներքո արժանի գտնվենք հավերժական կյանքի համար, որն «Աստծո պարգևներից ամենամեծն է»(ՎևՈւ 14.7) ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Թոմաս Ս. Մոնսոն, «Բարի գալուստ համաժողով», Լիահոնա, նոյ. 2013, 4

  2. Քվենթին Լ. Քուք, «How to Be a Member Missionary», New Era, փետ. 2015, 48

  3. Մ. Ռասսել Բալլարդ, «Ապավինեք Տիրոջը», Լիահոնա, նոյ. 2013, 44

  4. Մ. Ռասսել Բալլարդ, «Ապավինեք Տիրոջը», 44

  5. Քլեյթոն Մ. Քրիսչենսեն, The Power of Everyday Missionaries (2012), 30

  6. Տես Քրիսչենսեն, Power of Everyday Missionaries, 26–27

  7. Տես Գարի Ք. Լորենս, How Americans View Mormonism: Seven Steps to Improve Our Image (2008), 34–35

  8. Տես Էշլի Քյուիշ, «Cab Driver Hands Out Copies of Book of Mormon to Rio Visitors», օգոստ. 8, 2016, ksl.com

  9. Քրիսչենսեն, Power of Everyday Missionaries, 21

  10. Անձնական նամակ, օգոստ. 21, 2016

  11. Մ. Ռասսել Բալլարդ, «Now Is the Time», Liahona, հուն. 2001, 89