2010–2019 թթ․
Փրկագնման մեծ ծրագիրը
Հոկտեմբեր 2016


Փրկագնման մեծ ծրագիրը

Ես գիտեմ, որ երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք մեր մեղքերը, դրանք իսկապես ջնջվում են առանց հետքի։

Նախագահ Բոյդ Ք. Փաքերի մահանալուց մի քանի ամիս առաջ քահանայության և օժանդակ կազմակերպությունների գերագույն ղեկավարները հրաշալի հնարավորություն ունեցան լսելու նրա խոսքերը։ Ես անդադար մտածել եմ նրա ասածների շուրջ։ Նա կիսվեց, որ խորհել է այն ամենի մասին, ինչ արել է իր կյանքի ընթացքում, փնտրելով իր գործած մեղքերը, որոնց համար անկեղծորեն ապաշխարել էր և չէր կարողացել մտաբերել դրանցից գոնե մեկը։ Մեր սիրելի Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ և անկեղծ ապաշխարության միջոցով նրա մեղքերն ամբողջությամբ ջնջվել էին, կարծես թե երբեք չէին էլ գործվել։ Ապա Նախագահ Փաքերը պատվիրեց մեզ որպես ղեկավարներ վկայել, որ սա ճշմարիտ է մեզանից յուրաքանչյուրի համար, ով անկեղծորեն ապաշխարում է։

Ես ճանաչում եմ մի մարդու, ով տարիներ առաջ ներքաշված էր բարոյական օրինազանցությունների մեջ։ Որոշ ժամանակ այս մարդը շատ էր ամաչում ու վախենում խոսել այդ մասին իր կնոջ և քահանայության ղեկավարների հետ։ Նա ցանկանում էր լիովին ապաշխարել, սակայն բացատրեց, որ նախընտրում էր հրաժարվել իր հավերժական փրկությունից, բայց ազատել իր կնոջը և երեխաներին ցավից, ամոթից կամ այլ հետևանքներից, որոնք կառաջանայինիր խոստովանությունից հետո։

Երբ մենք մեղք ենք գործում, սատանան հաճախ փորձում է համոզել մեզ, որ անշահախնդիր արարք կլինի ուրիշներին մեր մեղքերի մասին իմանալու կործանարար ազդեցությունից պաշտպանելը, ներառյալ մեր եպիսկոպոսին խոստովանելուց խուսափելը, ով կարող է օրհնել մեր կյանքն իր քահանայության բանալիներով՝ որպես Իսրայելի դատավոր։ Այնուամենայնիվ, ճշմարտությունն այն է, որ անշահախնդիր և Քրիստոսանման վարվելու համար պետք է խոստովանել և ապաշխարել։ Սա Երկնային Հոր փրկագնման մեծ ծրագիրն է։

Ի վերջո, այս լավ մարդը խորը զղջումով խոստովանեց իր հավատարիմ կնոջն ու Եկեղեցու իր ղեկավարներին։ Չնայած դա ամենադժվար բանն էր, որ նա երբևէ արել էր, սփոփանքը, խաղաղության, Փրկիչի հանդեպ երախտագիտության, սիրո զգացողությունները և գիտելիքը, որ Տերը բարձրացնում էր իր ծանր բեռը, բերեց աննկարագրելի մի ուրախություն՝ անկախ հետևանքներից և նրա ապագայից։

Նկար
Փրկիչը մխիթարում է

Նա համոզված էր, որ իր կինը և երեխաները մեծ վիշտ կապրեին, և դա այդպես էլ եղավ, և որ կհրավիրվեր կարգապահական խորհուրդ ու նրան կազատեին իր կոչումից. այդպես էլ եղավ։ Նա համոզված էր, որ իր կնոջ սիրտը կկոտրվեր, ցավ կապրեր և զայրույթով կլցվեր և այդպես էլ եղավ։ Եվ նա համոզված էր, որ կինը կհեռանար՝ տանելով իր հետ երեխաներին, սակայն նա չարեց դա։

Երբեմն լուրջ օրինազանցությունները տանում են բաժանության և ավելի են բարդացնում ստեղծված իրավիճակը։ Սակայն, ի զարմանս այս մարդու, կինը գրկեց նրան և նվիրվեց ամուսնուն հնարավորինս օգնելու գործին։ Ժամանակի ընթացքում նա կարողացավ ամբողջ հոգով ներել նրան։ Նա զգաց Փրկիչի Քավության բուժող զորությունը։ Անցել են տարիներ․ այս զույգը և նրանց երեք երեխաները ամուր են ու հավատարիմ։ Ամուսինը և կինը ծառայում են տաճարում և ունեն հրաշալի, սիրառատ ընտանիք։ Այս մարդու վկայության և Փրկիչի հանդեպ նրա սիրո ու երախտագիտության խորությունն այնքան ակնհայտ են նրա կյանքում։

Ամուղեկը վկայել է, «Ես կկամենայի, որ դուք գործի անցնեք և չկարծրացնեք ձեր սրտերն այլևս․ … եթե դուք կամենաք ապաշխարել … , փրկագնման մեծ ծրագիրն անհապաղ պիտի իրագործվի ձեզ համար»։1

Երբ ես ծառայում էի ամուսնուս հետ, մինչ նա նախագահում էր միսիայում, մի առավոտ մենք գնացինք օդանավակայան՝ դիմավորելու միսիոներների մի մեծ խմբի։ Երիտասարդներից մեկը գրավեց մեր ուշադրությունը։ Նա կարծես տխուր էր, մտահոգ, գրեթե հուսահատ։ Օրվա ընթացքում նա մեր ուշադրության կենտրոնում էր։ Երեկոյան այս երիտասարդը ուշացած խոստովանություն արեց, և նրա ղեկավարները որոշեցին, որ նա պետք է տուն վերադառնար։ Չնայած մենք շատ էինք տխրել, որ նա անազնիվ էր վարվել և չէր ապաշխարել մինչև միսիա գալը, օդանավակայան գնալու ճանապարհին մենք անկեղծորեն և սիրով գովեցինք նրան, որ քաջություն ունեցավ խոստովանելու իր մեղքը, և մենք խոստացանք, որ մշտապես կապ կպահեինք նրա հետ։

Այս երիտասարդն օրհնված էր, որ ուներ հրաշալի ծնողներ, փորձառու քահանայության ղեկավարներ և աջակցող ու սիրող ծուխ։ Լիովին ապաշխարելու և Փրկիչի Քավությունը ճաշակելու համար մեկ տարի ջանասիրաբար աշխատելուց հետո նա կարողացավ վերադառնալ մեր միսիա։ Դժվարանում եմ նկարագրել մեր զգացած ուրախությունը, մինչ մենք դիմավորում էինք այս երիտասարդին օդանավակայանում։ Նա լի էր Հոգով, երջանիկ էր, վստահ Աստծո ներկայության մեջ և պատրաստակամ` հավատարմորեն ծառայելու։ Նա օրինակելի միսիոներ դարձավ, և ավելի ուշ ես և ամուսինս պատիվ ունեցանք մասնակցելու նրա տաճարային կնքմանը։

Ի հակադրություն սրան, ահա մեկ այլ միսիոների օրինակ, ով իմանալով, որ մինչև միսիան գործած չխոստովանված մեղքը անշուշտ պատճառ պիտի դառնար նրան վաղաժամկետ տուն ուղարկելու համար, կազմեց իր սեփական ծրագիրը․մեծ ջանասիրությամբ աշխատել միսիայի ընթացքում և խոստովանել միսիայի նախագահին միսիան ավարտելուց մի քանի օր առաջ։ Նա չունեցավ Աստծո ուզած կերպով տրտմություն և փորձեց շրջանցել ծրագիրը, որ մեր սիրելի Փրկիչն առաջարկել է մեզանից յուրաանչյուրին։

Մեր միսիայի ընթացքում մի անգամ ես ամուսնուս ընկերակցում էի, երբ նա գնում էր մկրտության հարցազրույց անցկացնելու մի մարդու հետ։ Մինչ ամուսինս հարցազրույց էր անցկացնում, ես դրսում սպասում էի քույր միսիոներների հետ, ովքեր ուսուցանել էին այդ մարդուն։ Երբ հարցազրույցն ավարտվեց, ամուսինս տեղեկացրեց միսիոներներին, որ այդ մարդը կարող էր մկրտվել։ Այս հրաշալի մարդու աչքերից անընդհատ արցունքներ էին հոսում․ նա վստահ էր, որ կյանքի ընթացքում գործած լուրջ մեղքերը խոչընդոտ պիտի լինեին իր մկրտության համար։ Ես հազվադեպ եմ տեսել նման ուրախություն և երջանկություն, որը բխում էր այն մարդուց, ով դուրս եկավ խավարից ու մտավ լույսի մեջ։

Նկար
Փրկիչը հույսի աղբյուր է

Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը վկայել է․

«Ողորմած Քավիչի և Նրա զորության հանդեպ հավատով հուսահատությունը կարող է հույսի վերածվել։ Մարդու սիրտը և ցանկությունները փոխվում են, և մեղքը, որը մի ժամանակ հրապուրիչ է եղել, զարհուրելի է թվում։ …

… Ինչպիսին էլ որ լինի ապաշխարության գինը, այն կլանվում է ներման ուրախությամբ»։2

Այս փորձառություններն ինձ հիշեցնում են Ենովսին Մորմոնի Գրքից, ով «աղաղակեց առ [Տերը՝] զորեղ աղոթքով», ապա լսեց մի ձայն, որն ասում էր․ «Ենովս, քո մեղքերը ներված են քեզ։ …

Եվ ես՝ Ենովսս, գիտեի, որ Աստված չէր կարող ստել․ուստի, իմ հանցանքը սրբվեց։

Եվ ես ասացի․ Տեր, ի՞նչպես եղավ դա։

Եվ նա ասաց ինձ․ Քրիստոսի հանդեպ քո հավատքի շնորհիվ … Գնա, քո հավատքը քեզ ողջ դարձրեց»։3

Այս ելույթը պատրաստելիս ես ցանկանում էի զգալ, թե ինչպես են մեր թոռնիկները հասկանում ապաշխարությունը և ինչ են զգում Փրկիչի հանդեպ։ Ուստի, ես խնդրեցի մեր զավակներին տալ նրանց հետևյալ հարցերը։ Ինձ հուզեցին մեր թոռնիկների պատասխանները։

Ի՞նչ է ապաշխարությունը։ «Երբ դու մեկին խփում ես, կարող ես ասել «կներես» և օգնել նրան»։

Ի՞նչ ես զգում, երբ ապաշխարում ես։ «Կարողանում ես զգալ Նրան, կարողանում ես զգալ Նրա ջերմությունը և վատ զգացողությունները հեռանում են»։

Ի՞նչ զգացողություններ եք ունենում Հիսուսի և Երկնային Հոր հանդեպ, երբ ապաշխարում եք։ «Ես զգում եմ, որ Հիսուսը մտածում է, որ արժեր Քավություն կատարել, և Նա ուրախ է, որ մենք կարող ենք կրկին ապրել Իր հետ»։

Ինչո՞ւ են Հիսուսը և Երկնային Հայրն ուզում, որ ես ապաշխարեմ։ Ահա իմ պատանի թոռնուհու պատասխանը․ «Քանի որ Նրանք սիրում են ինձ։ Զարգանալու և Նրանց նման դառնալու համար ես պետք է ապաշխարեմ։ Ես նաև ուզում եմ, որ Հոգին ինձ հետ լինի, ուստի, ես պետք է ամեն օր ապաշխարեմ, որպեսզի վայելեմ Նրա հրաշալի ընկերակցությունը։ Ես երբեք չեմ կարողանա բավականաչափ երախտագիտություն հայտնել Նրանց»։

Երբ չորսամյա Բրինլին լսեց այս հարցերը, նա ասաց․ «Ես չգիտեմ, հայրիկ։ Դու սովորեցրու ինձ»։

Նկար
Բրինլին և նրա հայրիկը

Անցած գերագույն համաժողովի ժամանակ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հայտարարել է․«Որքան էլ կարծում եք, որ ուշացել եք, որքան էլ կարծում եք, որ բաց եք թողել հնարավորությունները, որքան էլ որ շատ սխալներ գործած լինեք … , կամ տնից և ընտանիքից ու Աստծուց հեռացած եք զգում, ես վկայում եմ, որ դուք չեք հեռացել Աստվածային սիրո հասանելիությունից։ Ձեզ համար հնարավոր չէ սուզվել ավելի խորը, քան Քրիստոսի Քավության անսահման լույսն է շողում»։4

Օ՜հ, որքան եմ կամենում, որ իմ երեխաներից, թոռնիկներից և ձեզանից յուրաքանչյուրը, իմ եղբայրներ և քույրեր, զգա ուրախությունը և մտերմությունը Երկնային Հոր և մեր Փրկիչի, մինչ մենք ամեն օր ապաշխարում ենք մեր մեղքերը և թուլությունները։ Երկնային Հոր յուրաքանչյուր գիտակից զավակ ապաշխարության կարիք ունի։ Խորհեք, թե որ մեղքերի համար մենք պետք է ապաշխարենք։ Ի՞նչն է մեզ ետ պահում դրանից։ Ինչպե՞ս կարող ենք ավելի լավը դառնալ։

Ես գիտեմ, որ ինչպես Նախագահ Փաքերն է զգացել ու վկայել, երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք մեր մեղքեը, դրանք իսկապես ջնջվում են առանց հետքի։ Ես անձամբ զգացել եմ սեր, ուրախություն, սփոփանք և վստահություն Տիրոջ ներկայության մեջ, երբ անկեղծորեն ապաշխարել եմ։

Ինձ համար կյանքի ամենամեծ հրաշքները` Կարմիր ծովի բաժանումը, սարերի տեղափոխումը կամ նույնիսկ մարմնի բժշկումը չեն։ Ամենամեծ հրաշքը տեղի է ունենում, երբ մենք խոնարհ աղոթքով դիմում ենք մեր Երկնային Հորը, ջերմեռանդորեն ներում աղերսում, ապա մաքրվում այդ մեղքերից մեր Փրկիչի քավիչ զոհաբերության շնորհիվ։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։