2010–2019 թթ․
Գրքում կա զորություն
Հոկտեմբեր 2016


Գրքում կա զորություն

Մորմոնի Գրքի մեծագույն զորությունը դրա ազդեցությունն է մեզ Հիսուս Քրիստոսին ավելի մոտեցնելու գործում։

1989 թ-ի հունիսի 14-ին, Եկեղեցու մասին որոշ ապատեղեկատվության պատճառով Գանայի կառավարությունը արգելեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի ողջ գործունեությունը այդ աֆրիկյան երկրի սահմաններում։ Կառավարությունը բռնագրավեց Եկեղեցու ողջ գույքը, և միսիոներական գործունեությունը դադարեց։ Եկեղեցու անդամները, որոնք դիտարկում են այդ ժամանակաշրջանը որպես «սառեցում», առանց իրենց ճյուղի հանդիպումների կամ միսիոներների աջակցության արեցին լավագույնը ավետարանով ապրելու համար։ Կան շատ ներշնչող պատմություններ այն մասին, թե անդամներն ինչպես էին պահպանում ավետարանի լույսը, երկրպագելով իրենց տներում և հոգ տանելով միմյանց մասին` որպես տնային և այցելող ուսուցիչներ։

Ի վերջո, թյուրիմացությունը հարթվեց, և 1990 թ-ի նոյեմբերի 30-ին սառեցումն ավարտվեց ու Եկեղեցու նորմալ գործունեությունը վերսկսվեց։1 Այդ օրվանից Եկեղեցու և Գանայի կառավարության միջև հարաբերությունը գերազանց է եղել։

Սառեցումն ապրած անդամները արագ են ընդգծում օրհնությունները, որոնք եկան այդ անսովոր ժամանակաշրջանից։ Հանդիպած ձախորդությունների շնորհիվ շատերի հավատքը ամրապնդվեց։ Բայց սառեցման մի օրհնություն եկավ անսովոր ձևով։

Նիկոլաս Օֆոսու-Հենեն մի երիտասարդ ոստիկան էր, որը սառեցման ժամանակ նշանակված էր հսկելու ՎՕՍ հավաքատունը։ Նրա պարտականությունն էր գիշերը հսկել այդ շենքը։ Երբ Նիկոլասը առաջին անգամ ժամանեց հավաքատուն, նա տեսավ, որ իրերը տարածքով մեկ ցրված էին. թղթերը, գրքերը, և կահույքը գտնվում էին անկարգ վիճակում։ Այդ խառնաշփոթի մեջ, նա տեսավ Մորմոնի Գիրքը։ Նա փորձեց անտեսել գիրքը, որովհետև իրեն ասել էին, որ այն չարիք էր։ Սակայն նա զգաց տարօրինակ գրավչություն դրա հանդեպ։ Վերջապես, Նիկոլասն այլևս չէր կարող անտեսել գիրքը։ Նա վերցրեց այն։ Նա իրեն պարտավորված զգաց սկսել այն կարդալ։ Նա կարդաց ողջ գիշերը, և կարդալիս, արցունքները հոսում էին նրա այտերով։

Երբ նա առաջին անգամ վերցրեց , նա կարդաց ողջ 1 Նեփի գլուխը: Երկրոդ անգամ նա կարդաց ողջ 2 Նեփի գլուխը: Երբ նա հասավ 2 Նեփի 25-րդ գլուխին, կարդաց հետևյալը. «Եվ մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»։2

Այդ պահին Նիկոլասը այնքան ուժեղ զգաց Հոգին, որ սկսեց հեկեկալ։ Նա հասկացավ, որ իր ընթերցանության ընթացքում ստացել էր մի քանի հոգևոր հուշումներ, որ այդ գիրքը սուրբ գրություն է՝ ամենաճիշտը, որը նա երբևիցե կարդացել էր։ Նա հասկացավ, որ, հակառակ իր լսածի, Վերջին Օրերի Սրբերը խիստհավատում են Հիսուս Քրիստոսին: Սառեցման ավարտից և միսիոներների Գանա վերադարձից հետո Նիկոլասը, նրա կինը և երեխաները միացան Եկեղեցուն։ Երբ ես նրան տեսա անցյալ տարի, նա ոստիկանության հրամանատար էր և ծառայում էր որպես Եկեղեցու Տամալե Գանա Շրջանի նախագահ։ Նա ասում է. «Եկեղեցին վերափոխել է իմ կյանքը։ … Ես շնորհակալ եմ Ամենազոր Աստծուն ինձ դեպի այդ ավետարանը տանելու համար»։3

Ալիբերտ Դեյվիսը՝ մեկ ուրիշ Գանացի, ուղեկցում էր ընկերոջը մինչև մեր հավաքատներից մեկը, որտեղ այդ ընկերը նախագահության ժողով ուներ։ Իր ընկերոջը սպասելիս, Ալիբերտը կարդում է մի գիրք, որը նա գտավ մոտակայքում։ Երբ ժողովն ավարտվեց, Ալիբերտը ցանկացավ տանել գիրքը տուն։ Նրան թույլ տվեցին վերցնել ոչ միայն այդ գիրքը, այլ նաև Մորմոնի Գիրքը։ Երբ նա հասավ տուն, սկսեց կարդալ Մորմոնի Գիրքը։ Նա չէր կարող վար դնել այն։ Նա կարդում էր մոմի լույսի տակ մինչև գիշերվա ժամը 3։00-ը։ Նա արեց դա մի քանի գիշերների ընթացքում, հուզվելով իր կարդացածից և զգացածից։ Ալիբերտն այժմ Եկեղեցու անդամ է։

Անջելո Սկարպուլան սկսեց իր աստվածաբանական ուսումը հայրենի Իտալիայում, երբ 10 տարեկան էր։ Նա ի վերջո դարձավ քահանա և նվիրվածությամբ ծառայեց իր եկեղեցում։ Եկավ որոշակի պահ, երբ նրա հավատքը սկսեց սասանվել, և նա փնտրեց ու գտավ ուսումը շարունակելու հնարավորություններ։ Որքան ավելի էր նա սովորում, այնուամենայնիվ, այնքան ավելի էր նա մտահոգվում։ Այն, ինչ նա կարդում և զգում էր, համոզեց նրան, որ տեղի էր ունեցել Հիսուսի և վաղ Առաքյալների կողմից ուսուցանած ճշմարիտ վարդապետության մեծ ուրացություն։ Անջելոն փնտրում էր Աստծո ճշմարիտ կրոնը տարբեր հավատներում, բայց երկար տարիներ նրան չէր բավարարում արդյունքը ։

Մի օր նա հանդիպեց Եկեղեցու երկու անդամների, որոնք միսիոներներին օգնում էին ավելի շատ մարդ գտնել ուսուցանելու համար։ Նա զգում էր, որ նրանք ձգում էին իրեն և ուրախությամբ լսում էր նրանց ուղերձը։ Անջելոն պատրաստակամությամբ ընդունեց Մորմոնի Գիրքը։

Այդ երեկո նա սկսեց կարդալ գիրքը։ Նա լցվեց ուրախությամբ։ Հոգու շնորհիվ Աստված Անջելոյին տվեց ներքին հավաստիացում, որ Մորմոնի Գրքում նա կգտնի այն ճշմարտությունը, որին ձգտում էր երկար տարիներ։ Հաճելի զգացմունքներ թափվեցին նրա վրա։ Այն, ինչ նա կարդաց և սովորեց միսիոներներից, հաստատեց նրա եզրակացությունը, որ տեղի էր ունեցել մեծ ուրացություն, բայց նա սովորեց նաև, որ Աստծո ճշմարիտ Եկեղեցին վերականգնվել էր երկրի վրա։ Կարճ ժամանակ անց Անջելոն մկրտվեց Եկեղեցում։4 Երբ ես առաջին անգամ հանդիպեցի նրան, նա Իտալիայում մեր Եկեղեցու Ռիմինի ճյուղի նախագահն էր։

Այն, ինչ զգացին Նիկոլասը, Ալիբերտը, և Անջելոն Մորմոնի Գրքի հետ կապված, հիշեցնում է Փարլի Պ. Պրատի փորձառությունը.

«Ես ջերմեռանդորեն բացեցի [գիրքը]։ … Ես կարդում էի ամբողջ օրը։ Ուտելը բեռ էր, ես չունեի ցանկություն սնունդի համար։ Քունը բեռ էր, երբ … գալիս էր գիշերը, քանի որ ես կարդալը գերադասում էի քնելուն։

Երբ կարդում էի, Տիրոջ հոգին իջավ ինձ վրա, և ես իմացա ու ըմբռնեցի, որ գիրքը ճշմարիտ էր՝ այնքան պարզորեն և բացահայտորեն, որքան մարդն ըմբռնում է ու գիտի, որ նա գոյություն ունի։ Իմ ուրախությունն արդեն կարծես լի էր, և ես բավականաչափ ուրախանում էի նրան, որ ստացա ավելին, քան եթե վարձատրվեի իմ կյանքի բոլոր վշտերի, զոհաբերությունների և ծանր փորձությունների համար»։5

Ոմանք ունեն այդպիսի զորեղ փորձառություն կապված Մորմոնի Գրքի հետ, երբ առաջին անգամ բացում են այն, բայց մյուսներին ճշմարտության վկան գալիս է աստիճանաբար, երբ նրանք կարդում և աղոթում են դրա մասին։ Այդպես էր իմ դեպքում։ Ես առաջին անգամ կարդացի Մորմոնի Գիրքը որպես սեմինարիայի դեռահաս ուսանող։ Սա իմ կարդացած Մորմոնի Գիրքն է։ Ես չեմ կարող ձեզ հստակ պատմել ժամի կամ վայրի մասին, ինչպես այն տեղի ունեցավ, բայց այդ ընթերցանության ժամանակ, ինչ-որ պահ ես սկսեցի զգալ ինչ-որ բան։ Ամեն անգամ բացելով գիրքը, ես զգում էի ջերմություն և ոգի։ Այդ զգացումն աճում էր, երբ ես շարուկում էի իմ ընթերցանությունը։ Այդ զգացումը շարունակվում է մինչև այս օրը։ Ամեն անգամ բացելով Մորմոնի Գիրքը, ես կարծես միացնում եմ անջատիչը և Հոգին հորդում է սրտիս և հոգուս մեջ։

Այնուամենայնիվ, ուրիշների համար Մորմոնի Գրքի մասին վկայությունը գալիս է ավելի դանդաղ շատ ուսումնասիրությունից և աղոթքից հետո: Ես ունեմ մի ընկեր, ով կարդացել է Մորմոնի Գիրքը, ձգտելով իմանալ, թե արդյոք այն ճշմարիտ էր։ Նա Մորոնի գրքից հրավերն է կիրառել է՝ խնդրել Աստծուն մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։6Բայց նա անմիջապես չի ստացել խոստացած հոգևոր պատասխանը։ Ինչևէ, մի օր, երբ նա ճանապարհին վարում էր մեքենա՝ խորասուզված մտքերի մեջ, Հոգին վկայեց նրան Մորմոնի Գրքի ճշմարտության մասին։ Նա այնքան երջանիկ էր ու հուզված, որ իջեցրեց մեքենայի պատուհանը և բղավեց` մասնավորապես ոչ մեկին, և այնուամենայնիվ ողջ աշխարհին. «Այն ճշմարի՜տ է»։

Անկախ նրանից, թե Մորմոնի Գրքի մասին մեր վկայությունը գալիս է առաջին անգամ այն բացելիս, թե ժամանակի ընթացքում, այն կազդի մեզ վրա ամբողջ կյանքում , եթե մենք շարունակենք այն կարդալ և կիրառել դրա ուսմունքները։ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է. «Գրքի մեջ միզորություն կա, որը սկսում է թափանցել ձեր կյանք այն պահից, երբ դուք սկսում եք այդ գրքի լուրջ ուսումնասիրությունը։ Դուք կգտնեք ավելի մեծ զորություն՝ դիմակայելու գայթակղությանը: Դուք կգտնեք ավելի մեծ զորություն՝ խուսափելու խաբեությունից: Դուք կգտնեք ավելի մեծ զորություն՝ մնալու նեղ և անձուկ արահետում»: 7

Ես խրախուսում եմ այս ուղերձի բոլոր լսողներին, ներառյալ այս երեկոյան ժողովին հավաքված Ահարոնյան Քահանայության կրողներին հայտնաբերել Մորմոնի Գրքի զորությունը։ Ինչպես խրախուսել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը. «Կարդացեք Մորմոնի Գիրքը: Խորհեք դրա ուսմունքների շուրջ: Հարցրեք Երկնային Հորը` արդյոք այն ճշմարիտ է»։8Այդ գործընթացի ժամանակ դուք կզգաք ձեր կյանքում Աստծո Հոգին։ Այդ Հոգին կլինի ձեր վկայության մի մաս, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, որ Ջոզեֆ Սմիթը եղել է Աստծո մարգարե, և որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո ճշմարիտ Եկեղեցին է այսօր երկրի վրա։ Այդ վկայությունը կօգնի ձեզ դիմակայել գայթակղությանը։9 Այն կնախապատրաստի ձեզ «մեծ կոչ[ին] … ՝ ջանասիրությամբ  տքնել Տիրոջ այգիներում»։10 Այն հանդես կգա որպես հաստատուն խարիսխ, երբ կիրառվեն մեղադրանքներ կամ զրպարտող խոսքեր ձեր հավատքին մարտակոչ նետելու համար և կլինի ժայռի պես ամուր հիմք, երբ դժվարանաք պատասխանել ձեզ տված հարցերին, համենայնդեպս, անմիջապես։ Դուք կկարողանաք տարբերել ճշմարտությունը սխալից և կզգաք, թե Սուրբ Հոգու հավաստիացումն ինչպես է կրկին ու կրկին վերահաստատում ձեր վկայությունը, երբ շարունակեք կարդալ Մորմոնի Գիրքը ձեր ողջ կյանքում։

Ես խրախուսում եմ նաև բոլոր ծնողներին, ովքեր լսում կամ կարդում են այս ուղերձը, Մորմոնի Գիրքը դարձնել ձեր տան կարևոր մասը։ Երբ մեր երեխաները մեծանում էին, նախաճաշ ուտելիս մենք Մորմոնի Գիրքն էինք կարդում։ Սա մեր օգտագործած էջանիշն է։ Դիմացի կողմում գրված է Նախագահ Բենսոնի մեջբերումը, որը խոստանում է, որ Աստված օրհնություն կհեղի մեզ վրա, երբ կարդանք Մորմոնի Գիրքը։11 Ետևի կողմում Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնիի՝ Առաջին Նախագահության նախկին խորհրդականի հետևյալ խոստումն է. «Ես համոզված եմ, որ եթե մեր տներում ծնողներն անձամբ և իրենց երեխաների հետ աղոթքով ու կանոնավոր կերպով կարդան Մորմոնի Գիրքը, այդ հրաշալի գրքի ոգին կթափանցի մեր տներն ու այնտեղ ապրողների սիրտը: … Հակառակության ոգին կհեռանա։ Ծնողներն իրենց երեխաներին խորհուրդ կտան ավելի մեծ սիրով ու իմաստությամբ։ Երեխաներն ավելի արձագանքող և ենթարկվող կդառնան իրենց ծնողների խորհրդի հանդեպ։ Արդարությունը կավելանա։ Հավատքը, հույսը և գթությունը, որը Քրիստոսի մաքուր սերն է, կլցնի մեր տներն ու կյանքը, իրենց հետ բերելով խաղաղություն, ուրախություն և երջանկություն»։12

Այժմ, շատ տարիներ անց, երբ մեր երեխաները լքել են մեր տունը և կազմել են իրենց սեփական ընտանիքները, մենք կարող ենք պարզ տեսնել Նախագահ Ռոմնիի խոստման իրականացումը։ Մեր ընտանիքը հեռու է կատարյալ լինելուց, բայց մենք կարող ենք վկայել Մորմոնի Գրքի զորության և օրհնությունների մասին, որ այն կարդալը բերել է և շարունակում է բերել մեր ողջ ընտանիքի կյանք։

Մորմոնի Գրքի ամենամեծ զորությունն է դրա ազդեցությունը՝ մեզ մոտեցնել Հիսուս Քրիստոսին։ Այն ուժեղ վկա է Նրա և Իր փրկագնող միսիայի համար։13 Դրա շնորհիվ մենք հասկանում ենք Նրա Քավության վեհափառությունը և զորությունը։14 Այն հստակ ուսուցանում է Նրա վարդապետությունը։15 Եվ փառահեղ գլուխների շնորհիվ, որոնք նկարագրում են հարություն առած Քրիստոսի այցը Նեփիացիների մոտ, մենք տեսնում և զգում ենք, թե Նա ինչպես է սիրում, օրհնում և ուսուցանում այդ մարդկանց և սկսում ենք հասկանալ, որ Նա կանի նույնը մեզ համար, եթե մենք գանք դեպի Նա` ապրելով Նրա ավետարանով։16

Եղբայրներ, ես վկայում եմ Մորմոնի Գրքի զորության մասին։ Անկախ նրանից, թե ես կկարդամ անգլերեն, իտալերեն, թե ֆրանսերեն լեզուներով, տպագրված տեսքով, թե էլեկտորնային սարքով, ես գտել եմ նույն հրաշալի ոգին, որը ներթափանցում է իմ կյանք դրա գլուխներից և հատվածներից։ Ես վկայում եմ, որ այն կարող է մեզ ավելի մոտեցնել Քրիստոսին։ Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը լիովին օգտվի այս հրաշալի սուրբ գրքում պարունակվող զորությունից։ Հիսուս Քրիստոսի անունով, Ամեն։

Հղումներ

  1. Տես “‘You Can’t Close My Heart’: Ghanaian Saints and the Freeze,” Jan. 6, 2016, history.lds.org.

  2. 2 Նեփի 25.26

  3. Է-փոստ Նիկոլաս Օֆոսու-Հենեից, հոկտ. 27, 2015թ

  4. Տես Angelo Scarpulla, “My Search for the Restoration,” Tambuli, June 1993, 16–20; email from Ezio Caramia, Sept. 16, 2016.

  5. Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. (1938), 37

  6. Տես Մորոնի 10.4–5

  7. Եկեղեցու նախագահների ուսմունքներ. Եզրա Թաֆտ Բենսոն (2014), 141

  8. Թոմաս Ս. Մոնսոն, «Խիզախություն ունեցիր կանգնելու միայնակ», Լիահոնա, նոյ. 2011, 62, տես նաև Թոմաս Ս. Մոնսոն, «Քահանայության զորություն», Լիահոնա, մայիս 2011, 66։ A Prophet’s Voice: Messages from Thomas S. Monson (2012), 490–94։

  9. Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է. «Քահանայության յուրաքանչյուր կրող պետք է ամեն օր ուսումնասիրի սուրբ գրությունները։ … Ես խոստանում եմ ձեզ, անկախ նրանից կրում եք Ահարոնյան թե Մելքիսեդեկյան Քահանայությունը, եթե ջանասիրաբար ուսումնասիրեք սուրբ գրությունները, ձեր բոլոր գործերում գայթակղությունը անտեսելու և Սուրբ Հոգու առաջնորդություն ունենալու ձեր զորությունը կավելանա» (“Be Your Best Self,” Լիահոնա, մայիս 2009, 68)։

  10. Ալմա 28.14

  11. «Ես խոստանում եմ ձեզ, որ այս պահից ի վեր, եթե մենք ամեն օր սնվենք դրա [Մորմոնի Գրքի] էջերով և հետևենք նրա սկզբունքներին, Աստված կհեղի Սիոնի յուրաքանչյուր զավակի և Եկեղեցու վրա մինչև այժմ չիմացված մի օրհնություն» (Ուսմունքներ: Էզրա Թաֆտ Բենսոն, 127)։

  12. Marion G. Romney, “The Book of Mormon,” Ensign, May 1980, 67.

  13. Տես, օրինակ, Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը,1 Նեփի 11, 2 Նեփի 25, Մոսիա 16, 18, Ալմա 5, 12, Հելաման 5, 3 Նեփի 9, Մորմոն 7։

  14. Տես, օրինակ, 2 Նեփի 2, 9, Մոսիա 3, Ալմա 7, 34։

  15. Տես, օրինակ, 2 Նեփի 31, 3 Նեփի 11, 27

  16. Տես 3 Նեփի 11–28