2010–2019 թթ․
Ո՞ւմ մոտ գնանք
Հոկտեմբեր 2016


Ո՞ւմ մոտ գնանք

Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանի Փրկիչի հարցին. «Մի՞թե դուք էլ ուզում եք գնալ»:

Մի քանի տարի առաջ ընտանիքիս հետ այցելեցինք Սուրբ Երկիր: Մեր ճամփորդության հետ կապված իմ վառ հիշողություններից մեկն այն է, որ մենք այցելեցինք Երուսաղեմի այն վերնահարկը, որը Վերջին Ընթրիքի պատմական վայրն է:

Այդ վայրում կանգնած, ես նրանց համար կարդացի Հովհաննես 17 գլխից այն հատվածը, որտեղ Հիսուսը Հորն աղոթում է Իր աշակերտների համար.

«Ես նրանց համար եմ աղաչում … որ մեկ լինեն ինչպես մենք: …

Բայց ոչ թե միայն նորանց համար եմ աղաչում, այլ նորանց համար էլ, որ նորանց խոսքովը կհավատան ինձ:

Որ ամենքը մեկ լինեն, ինչպես դու, Հայր, ինձանում, և ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մեկ լինեն»:1

Այդ խոսքերը կարդալիս ես խորապես հուզվեցի և հասկացա, որ այդ սուրբ վայրում ինքս էլ աղոթում եմ, որ կարողանամ միշտ մեկ լինել իմ ընտանիքի, իմ Երկնային Հոր և Նրա Որդու հետ:

Կյանքում ամենակարևոր բաներից են՝ մեր անգին հարաբերություններն ընտանիքի, ընկերների, Տիրոջ և Նրա վերականգնված Եկեղեցու հետ: Այդ հարաբերություններն այնքան կարևոր են, որ դրանք պետք է փայփայել, պաշտպանել և սնուցել:

Սուրբ գրությունների առավել ազդեցիկ պատմություններից մեկում ասվում է, որ «[Տիրոջ] աշակերտներից շատերը» դժվարանում էին ընդունել Նրա ուսմունքները և վարդապետությունը, և «ետ գնացին, և այլևս ման չէին գալիս նորա հետ»:2

Երբ այդ աշակերտները հեռացան, Հիսուսը դարձավ դեպի Տասներկուսը և հարցրեց. «Մի՞թե դուք էլ ուզում եք գնալ»:3

Պետրոսը պատասխանեց.

«Տեր, ո՞ւմ մոտ գնանք. հավիտենական կյանքի խոսքեր ունիս դու:

Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, թե դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»:4

Այն պահին, երբ մյուսները իրենց ուշադրությունը կենտրոնացրել էին այն բանի վրա, թե ինչ չէին կարող ընդունել, Առաքյալները նախընտրեցին կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչին էին իրենք հավատում և գիտեին, և արդյունքում նրանք մնացին Քրիստոսի հետ:

Ավելի ուշ, Պենտեկոստեի օրը Տասներկուսը ստացան Սուրբ Հոգու պարգևը: Նրանք դարձան համարձակ Քրիստոսի մասին իրենց վկայության մեջ և սկսեցին ավելի խորը հասկանալ Հիսուսի ուսմունքները:

Այսօր էլ նույնն է: Ոմանց համար հավատալու և մնալու Քրիստոսի հրավերը դեռևս ծանր կամ դժվար ընդունելի է: Որոշ աշակերտներ դժվարանում են հասկանալ Եկեղեցու քաղաքականության կամ ուսմունքների որոշ կետեր: Ոմանց մտահոգում են մեր պատմության որոշ դրվագները կամ որոշ հին և ներկա անդամների ու ղեկավարների թերությունները: Իսկ ոմանք էլ դժվարանում են ապրել կրոնով, որը մեծ պահանջներ ունի: Ի վերջո, ոմանք էլ «ձանձրանում են բարին գործելուց»:5 Այս կամ այն պատճառով Եկեղեցու որոշ անդամներ երերում են իրենց հավատքում, մտածելով, որ միգուցե պետք է հետևեն նրանց, ովքեր «ետ գնացին, և այլևս ման չէին գալիս» Հիսուսի հետ:

Եթե ձեզանից մեկը երերում է իր հավատքում, ես ձեզ տալիս եմ նույն հարցը, որը Պետրոսը տվեց. «Ո՞ւմ մոտ եք [դուք] գնալու»: Եթե որոշել եք դառնալ ոչ ակտիվ կամ հեռանալ վերականգնված Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց, ո՞ւր եք գնալու: Ի՞նչ եք անելու: Այլևս Եկեղեցու անդամների և Տիրոջ կողմից ընտրված ղեկավարների հետ չշարունակելու որոշումը երկարատև ազդեցություն կթողնի, որը միշտ չէ, որ անմիջապես կտեսնեք: Գուցե լինի ինչ-որ մի վարդապետություն, քաղաքականություն, պատմության մի դրվագ, որը ձեր հավատքի առումով հակասություն է առաջացնում ձեր մեջ և գուցե զգաք, որ այժմ այդ ներքին հակասությունը լուծելու միակ միջոցը Սրբերից հեռանալն է: Եթե դուք ապրեք նույնքան երկար, որքան ես, կհասկանաք, որ որոշ հարցեր ինչ-որ կերպ իրենք իրենց լուծվում են: Ոգեշնչված ներըմբռնումը կամ հայտնությունը գուցե նոր լույս սփռեն տվյալ խնդրի վրա: Հիշեք, Վերականգնումը մեկ իրադարձություն չէ, այլ շարունակաբար բացահայտվում է:

Երբեք մի հրաժարվեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով հայտնված մեծ ճշմարտություններից: Երբեք մի դադարեք Մորմոնի Գրքում տրված Քրիստոսի վարդապետությունները կարդալուց, խորհելուց և կիրառելուց:

Միշտ հավասարապես ժամանակ հատկացրեք Տիրոջը՝ բարեխղճորեն փորձելով հասկանալ, թե ինչ է Տերը հայտնել: Ինչպես իմ թանկագին ընկեր և նախկին գործընկեր Երեց Նիլ Ա. Մաքսվելն է մի անգամ ասել. «Մենք չպիտի ենթադրենք … որ եթե մի բան չենք կարող բացատրել, դա անբացատրելի է»:6

Ուրեմն նախքան կկատարեք հոգևոր առումով հեռանալու վտանգավոր ընտրությունը, ես խրախուսում եմ ձեզ՝ դադար առեք և խորը մտածեք, մինչ կհրաժարվեք նրանից, ինչն առաջին հերթին օգնեց ձեզ ստանալ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու մասին ձեր վկայությունը: Դադար առեք և մտածեք, թե ինչ եք զգացել այստեղ և ինչու եք դա զգացել: Մտածեք այն պահերի մասին, երբ Սուրբ Հոգին հավերժական ճշմարտությունների մասին վկայություն է բերել ձեզ:

Ո՞ւր եք գնալու, որպեսզի գտնեք նրանց, ովքեր կկիսեն ձեր համոզմունքները անհատապես սիրող Երկնային Ծնողների հանդեպ, ովքեր ուսուցանում են մեզ ինչպես վերադառնալ Իրենց հավերժական ներկայություն:

Ո՞ւր եք գնալու, որպեսզի ուսուցանվեք Փրկիչի մասին, ով ձեր լավագույն ընկերն է և ոչ միայն տառապել է ձեր մեղքերի համար, այլև կրել «ցավեր և չարչարանքներ և փորձություններ ամեն տեսակի», «որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների»,7 ինչպես նաև, ըստ իս, հավատքը կորցնելու տկարությունը:

Ո՞ւր եք գնալու, որ ավելին սովորեք մեր հավերժական երջանկության և խաղաղության համար տրված Երկնային Հոր ծրագրի մասին, ծրագիր, որը լի է հրաշալի հնարավորություններով, ուսմունքներով, մեր մահկանացու և հավերժական կյանքի համար տրված առաջնորդությամբ: Հիշեք, փրկության ծրագիրը մահկանացու կյանքին իմաստ, նպատակ և ուղղություն է տալիս:

Ո՞ւր եք գնալու, որ գտնեք մանրակրկիտ և ոգեշնչված Եկեղեցու կազմակերպության կառուցվածքը, որի միջոցով ձեզ ուսուցանում և աջակցում են տղամարդիկ և կանայք, ովքեր լիովին նվիրված են Տիրոջ ծառայությանը՝ ծառայելով ձեզ և ձեր ընտանիքներին:

Ո՞ւր եք գնալու, որ գտնեք մարգարեներ և առաքյալներ, ովքեր կանչվել են Աստծո կողմից, դառնալով մեկ այլ միջոց՝ խորհուրդ, հասկացողություն, սփոփանք և ոգեշնչում տալու մեր օրերի մարտահրավերների համար:

Ո՞ւր եք գնալու, որ գտնեք մարդիկ, ովքեր ապրում են սահմանված արժեքներով և չափանիշներով, որոնք դուք կիսում եք և ցանկանում եք փոխանցել ձեր զավակներին և թոռներին:

Եվ ո՞ւր եք գնալու, որ ապրեք տաճարային փրկող արարողություններից և ուխտերից բխող ուրախությունը:

Եղբայրներ և քույրեր, Քրիստոսի ավետարանը ընդունելն ու դրանով ապրելը կարող է մարտահրավերներով լի լինել: Միշտ այդպես է եղել և այդպես էլ կլինի: Կյանքը զառիվեր և դժվար արահետով քայլող արշավականների նման կարող է լինել: Բնական և նորմալ բան է՝ ճանապարհին երբեմն դադար առնելը, որ շունչ քաշենք, վերագնահատենք մեր ուղղությունը և վերանայենք մեր արագությունը: Ճանապարհին դադար առնելու կարիքը ոչ բոլորն ունեն, բայց դրանում ոչ մի վատ բան չկա, եթե ձեր հանգամանքներն են ստիպում: Իրականում դա կարող է դրական ազդեցություն ունենալ նրանց վրա, ովքեր լիովին օգտվում են Քրիստոսի ավետարանի կենդանի ջրով թարմանալու հնարավորությունից:

Վտանգը գալիս է այն ժամանակ, երբ մարդը որոշում է հեռանալ դեպի կյանքի ծառը տանող ուղուց: 8 Երբեմն մենք կարող ենք սովորել, ուսումնասիրել և գիտենալ, իսկ երբեմն էլ պետք է հավատանք, վստահենք և հուսանք:

Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը պետք է պատասխանի Փրկիչի հարցին. «Մի՞թե դուք էլ ուզում եք գնալ»:9 Բոլորս էլ պետք է փնտրենք այդ հարցի մեր անձնական պատասխանը: Ոմանց համար պատասխանելը հեշտ է, մյուսների համար՝ դժվար: Չեմ ձևացնի, թե գիտեմ՝ ինչու է հավատալը ոմանց ավելի հեշտորեն տրվում, քան մյուսներին: Պարզապես անչափ երախտապարտ եմ և գիտեմ, որ պատասխանները միշտ կան, և եթե մենք փնտրենք դրանք, իրոք փնտրենք իրական միտումով և աղոթքով լեցուն սրտի ողջ կորովով, ի վերջո կգտնենք մեր հարցերի պատասխանները, եթե շարունակենք առաջ գնալ ավետարանի ուղիով: Իմ ծառայության ընթացքում ես ճանաչել եմ մարդկանց, ովքեր տատանվել են և ապա հավատքը փորձվելուց հետո՝ վերադարձել:

Ես անկեղծ հույս եմ տածում, որ մենք կհրավիրենք Աստծո բազմաթիվ զավակների, որ գտնեն ավետարանի ուղին և մնան այդ ուղու վրա, որպեսզի իրենք ևս կարողանան «ճաշակել պտղից, որը բաղձալի էր բոլոր մյուս պտուղներից ավելի»:10

Սրտանց խնդրում եմ, որ խրախուսենք, ընդունենք, հասկանանք և սիրենք նրանց, ովքեր պայքարում են իրենց հավատքի հետ: Երբեք չպետք է անտեսենք մեր եղբայրներից և քույրերից ոչ մեկին: Մենք բոլորս էլ ճանապարհի տարբեր հատվածներում ենք գտնվում և համապատասխանաբար պետք է ծառայենք միմյանց:

Ոչ միայն պետք է գրկաբաց ողջունենք նորադարձներին, այլև ընդունենք և աջակցենք նրանց, ովքեր հարցեր ունեն և տատանվում են իրենց հավատքի մեջ:

Մեկ այլ ծանոթ այլաբանություն օգտագործելով, ես աղոթում եմ, որ եթե ձեզանից որևէ մեկը մտածում է հեռանալ «Սիոնի հին նավից», որտեղ Աստված և Քրիստոսն են ղեկի մոտ կանգնած, նախքան այդ քայլին դիմելը՝ դադար առեք և խորը մտածեք:

Խնդրում եմ իմացեք, որ եթե անգամ ահարկու փոթորիկներն ու ալիքները հարվածեն հին նավին, Փրկիչը նավի վրա է և կարող է սաստել փոթորկին Իր հրամանով. «Լռիր, պապանձուիր»: Մինչ այդ, մենք չպետք է վախենանք և պետք է անսասան հավատք ունենանք ու իմանանք, որ «քամին էլ, ծովն էլ հնազանդվում են նրան»:11

Եղբայրներ և քույրեր, Տիրոջ անունով խոստանում եմ ձեզ, որ Նա երբեք չի լքի Իր Եկեղեցին, և Նա երբեք չի լքի մեզանից ոչ մեկին: Հիշեք Պետրոսի պատասխանը Փրկիչի հարցին և խոսքերը.

«Ո՞ւմ մոտ գնանք. հավիտենական կյանքի խոսքեր ունիս դու:

Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, թե դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»:12

Ես վկայում եմ, որ «տրված չի ո՛չ ուրիշ անուն, ո՛չ ուրիշ ճանապարհ, ո՛չ էլ միջոց, որի շնորհիվ կարող է փրկություն գալ մարդկանց զավակներին. միայն Քրիստոսի անունով և միջոցով»:13

Ես նաև վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր օրերում կանչել է առաքյալներ ու մարգարեներբ և վերականգնել է Իր Եկեղեցին ուսմունքներով ու պատվիրաններով` որպես «ապաստան փոթորկից ու ցասումից», որն իրոք կգա, եթե աշխարհի մարդիկ չապաշխարեն և չվերադառնան Նրա մոտ:14

Նաև վկայում եմ, որ Տերը «հրավիրում է նրանց բոլորին՝ գալ իր մոտ և ճաշակել իր բարությունից. և նա չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին. … և բոլորը նույնն են Աստծո համար»:15

Հիսուսը մեր Փրկիչն ու Քավիչն է, և Նրա վերականգնված ավետարանը կօգնի մեզ ապահով վերադառնալ մեր Երկնային Ծնողների ներկայություն, եթե մենք մնանք ավետարանի ուղու վրա և Նրա հետքերին հետևենք: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: