2010–2019 թթ․
Աստծո ընտանիքի հավաքումը
Ապրիլ 2017


Աստծո ընտանիքի հավաքումը

Հայր Աստծո ցանկությունն է, որ իր զավակները ընտանիքներով ու փառքով շրջապատված կրկին տուն վերադառնան

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես ուրախ եմ գերագույն համաժողովի այս նիստի սկզբում ձեզ հետ լինելու հնարավորության համար: Ամենայն ջերմությամբ ողջունում եմ ձեզ:

Գերագույն համաժողովի ժամանակ Վերջին Օրերի Սրբերը միշտ հավաքվում են միասին: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ ֆիզիկապես հնարավոր էր մի վայրում հավաքվել, սակայն Տերը ապահովել է ուղիներ, որ գերագույն համաժողովի օրհնությունները հասանելի լինեն ձեզ՝ անկախ ձեր գտնվելու վայրից: Մեզ՝ ամբիոնի մոտ կանգնածներիս համար, տպավորիչ է տեսնել Սրբերի հավաքը այս մեծ Համաժողովների կենտրոնում, սակայն մեր մտքի աչքերը միշտ ուղղված են դեպի այն միլիոնավոր մարդիկ, ովքեր հավաքված են մեզ հետ ողջ աշխարհում՝ դիտելու և լսելու այս համաժողովը: Շատերդ հավաքվել եք ձեր ընտանիքներով, ոմանք էլ, հավանաբար, հավաքվել են ընկերների կամ Եկեղեցու անդամների հետ:

Որտեղ էլ լինեք և ինչպես էլ իմ ձայնը լսեեք, խնդրում եմ իմացեք, որ թեև ֆիզիկապես մեր դահլիճում չեք, մենք զգում ենք, որ դուք հոգով մեզ հետ եք: Մենք հույս ունենք, որ բոլորդ միասնական եք մեզ հետ, որ դուք կզգաք հոգևոր զորությունը, որը գալիս է ամեն անգամ, երբ հավատացյալները հավաքվում են Հիսուս Քրիստոսի անունով:

Այսօր ես ոգեշնչված ուզում եմ խոսել մեկ այլ հավաքման մասին: Հավաքման այդ տեսակը չի կրկնվում յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, ինչպես գերագույն համաժողովը: Փոխարենը, այն շարունակվում է անընդհատ, Եկեղեցու վերականգնման օրերից սկսած և վերջին տարիներին ավելի է արագանում: Ես ակնարկում եմ Աստծո ընտանիքի հավաքումը:

Այդ հավաքը լավագույնս նկարագրելու համար վերհիշենք, թե ինչ տեղի ունեցավ նախքան մեր ծնունդը, նախքան այն, ինչ Աստվածաշունչն անվանում է «սկիզբ» (Ծննդոց 1.1): Այդ ժամանակ մենք ապրում էինք Երկնային Հոր հետ որպես Իր հոգևոր զավակներ: Դա ճշմարիտ է յուրաքանչյուր մարդու համար, ով երբևէ ապրել է երկրի վրա:

Միմյանց «եղբայր» և «քույր» անվանելը ոչ միայն բարեկամական ողջույնի կամ քաղցր վերաբերմունքի բառեր են մեզ համար: Դրանք արտահայտում են հավերժական ճշմարտություն. Աստված բառացիորեն ողջ մարդկության Հայրն է, մենք բոլորս Նրա հավերժական ընտանիքի մասն ենք: Քանի որ Նա սիրում է մեզ կատարյալ Հոր սիրով, Նա ուզում է, որ մենք զարգանանք ու առաջընթաց ունենանք և նմանվենք Իրեն: Նա մի ծրագիր է սահմանել, ըստ որի մենք պետք է գանք երկիր, ապրենք ընտանիքներում և փորձառություններ ունենանք, որոնք մեզ կնախապատրաստեն վերադառնալ Նրա մոտ և ապրել այնպես, ինչպես Նա է ապրում:

Այդ ծրագրի առանցքային տարրը խոստումն էր, որ Հիսուս Քրիստոսը իրեն զոհ կմատուցի, որպեսզի փրկի մեզ մեղքից ու մահից: Ծրագրի մեր մասը Փրկիչի զոհաբերությունն ընդունելն էր՝ հնազանդվելով ավետարանի օրենքներին ու արարողություններին: Ես և դուք ընդունեցինք ծրագիրը: Իրականում, մենք ուրախացանք ծրագրի համար, չնայած անհրաժեշտ էր հեռանալ Հոր ներկայությունից և մոռանալ Նրա մոտ ունեցած փորձառության մասին:

Բայց մեզ չուղարկեցին այստեղ բացարձակ խավարի մեջ: Յուրաքանչյուրիս տրվեց Աստծո լույսի մի մաս, որը կոչվում է «Քրիստոսի Լույս», որպեսզի օգնի մեզ տարբերել չարն ու բարին, ճիշտն ու սխալը: Սա է պատճառը, թե ինչու Հոր ծրագրի մասին անգամ քիչ իմացողները կամ ընդհանրապես չիմացողները ևս կարող են զգալ իրենց սրտում, որ կան ինչպես արդար ու բարոյական, այնպես էլ ոչ արդար և ոչ բարոյական գործեր:

Ճշտի ու սխալի մեր զգացումը սրվում է հատկապես, երբ մեծացնում ենք մեր երեխաներին: Գրեթե ամեն մի ծնողի բնատուր ցանկությունն է՝ բարոյական արժեքներ սովորեցնել իր երեխաներին: Դա Երկնային Հոր ծրագրի հրաշալի մասերից մեկն է: Նա ցանկանում է, որ Իր զավակները գան երկիր, հետևելով ընտանիքների հավերժական օրինակին, որը գոյություն ունի երկնքում: Ընտանիքը հավերժության թագավորությունների հիմնական կազմակերպչական միավորն է, ուստի Հոր մտադրությունն է, որ այն հիմնական միավոր լինի նաև երկրի վրա: Թեև երկրային ընտանիքները հեռու են կատարյալ լինելուց, նրանք երկրի վրա Աստծո զավակներին ընդունելու լավագույն հնարավորությունն են ապահովում, որտեղ կա երկնքում զգացած սիրուն ամենամոտ ծնողական սերը: Ընտանիքները նաև բարոյական արժեքներ ու ճշմարիտ սկզբունքներ պահպանելու ու փոխանցելու լավագույն միջոցն են, որոնք, ամենայն հավանականությամբ, կվերադարձնեն մեզ Աստծո ներկայություն:

Այս կյանքի ընթացքում Աստծո զավակների միայն փոքր մասն է ամբողջապես հասկանում Աստծո ծրագիրը և ստանում քահանայության արարողություններն ու ուխտերը, որոնք Փրկիչի քավիչ զոհաբերության ուժը գործուն են դարձնում մեր կյանքում: Անգամ լավագույն ծնողներ ունեցողները կարող են ապրել հավատարմորեն՝ իրենց ձեռք բերած լույսի համաձայն, բայց երբեք չլսել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, ոչ էլ երբևէ հրավեր ստանան մկրտվելու Նրա անունով: Սա իրականություն է եղել բազում միլիոնավոր մեր եղբայրների ու քույրերի համար ողջ աշխարհի պատմության ընթացքում:

Ոմանք դա անարդար կհամարեն: Նրանք այդ փաստը կարող են անգամ վկայություն համարել, որ չկա ծրագիր, ոչ էլ առանձնահատուկ պահանջներ կան փրկության համար, մտածելով, որ արդար և սիրող Աստված չի ստեղծի ծրագիր, որը հասանելի է Իր զավակների միայն փոքրամասնությանը: Մյուսները կարող են եզրակացնել, որ Աստված նախապես կանխորոշել է, թե իր զավակներից ում պետք է փրկի և այն հասանելի է դարձրել նրանց, մինչդեռ նրանք, ովքեր չեն լսել ավետարանի մասին, պարզապես «ընտրված» չեն:

Բայց ես և դուք գիտենք, Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված ճշմարտությունների շնորհիվ, որ Աստծո ծրագիրը շատ ավելի սիրառատ է և արդար: Մեր Երկնային Հայրը մտահոգված է, որպեսզի հավաքի և օրհնի Իր ամբողջ ընտանիքին: Թեև Նա գիտի, որ ոչ բոլորն են ընտրելու հավաքվել, Նրա ծրագիրը Իր զավակներից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ընդունելու կամ մերժելու Նրա հրավերը: Իսկ ընտանիքները այդ ծրագրի առանցքում են:

Դարեր առաջ, Մաղաքիա մարգարեն ասել է, որ գալիք մի օր Աստված ուղարկելու է Եղիային, որպեսզի «հայրերի սրտերը դարձնի դեպի զավակները, և զավակների սրտերը՝ դեպի իրենց հայրերը» (Մաղաքիա 4.6):

Այս մարգարեությունը այնքան կարևոր էր, որ Փրկիչը վկայակոչեց այն, երբ Իր Հարությունից հետո այցելեց Ամերիկյան մայրցամաք (տես 3 Նեփի 25.5–6): Եվ երբ Մորոնի հրեշտակը այցելեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, նա ևս վկայակոչեց Եղիայի և սրտերի, հայրերի և զավակների մասին նույն մարգարեությունը (տես Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.36–39):

Այսօր ապրիլի 1-ն է: Երկու օր անց՝ ապրիլի 3-ին, լրանում է 181 տարի այն օրվանից, երբ Մաղաքիայի մարգարեությունը կատարվեց: Այդ օրը Եղիան եկավ, և նա Ջոզեֆ Սմիթին հանձնեց ընտանիքները հավերժ կնքելու քահանայության իշխանությունը (տես ՎևՈւ 110.13–16):

Այդ օրվանից մինչ այժմ ընտանեական պատմությունն ուսումնասիրելու հետաքրքրությունը մեծապես աճել է: Արագ աճող տեմպերով մարդիկ հետաքրքրվում են իրենց նախնիներով ավելի խորապես, քան պատահական հետաքրքրասիրությունն է: Այդ հետաքրքրությունը բավարարելու համար աշխարհով մեկ տոհմաբանական գրադարաններ և ընկերություններ են բացվել և նոր տեխնոլոգիաներ են ստեղծվել: Հաղորդակցությունը մատչելի դարձնելու համացանցի ներուժը հնարավորություն է ընձեռել, որ ընտանիքները միասին աշխատեն և ընտանեկան պատմության ուսումնասիրություն կատարեն այնպիսի արագությամբ ու խորությամբ, որ երբևէ նախկինում հնարավոր չի եղել:

Ինչո՞ւ է այդ ամենը կատարվում: Ավելի լավ եզրույթի բացակայության պատճառով՝ մենք այն անվանում ենք ​​«Եղիայի ոգի»: Այն նաև կարող էին հավասարապես կոչել «մարգարեության իրականացում»: Ես բերում եմ վկայությունը, որ Եղիան իսկապես եկել է: Զավակների սրտերը, այսինքն՝ իմ և ձեր սրտերը, դարձել է դեպի մեր հայրերը, դեպի մեր նախնիները: Ջերմությունը, որ դուք զգում եք ձեր նախնիների հանդեպ, այդ մարգարեության կատարման մասն է: Այն խորապես նստած է ձեր ով լինելու գիտակցության մեջ: Սակայն, այն ավելին է , քան պարզապես ժառանգած ԴՆԹ-ն:

Օրինակ, երբ դուք հետևում եք ձեր ընտանեկան պատմությունն ուսումնասիրելու հուշումներին, դուք կարող եք բացահայտել, որ հեռավոր ազգականներից մեկը դիմագծերով, գիրք կարդալու հետաքրքրությամբ կամ երգելու տաղանդով շատ նման է ձեզ: Դա կարող է շատ հետաքրքիր և անգամ ուսուցանող լինել: Բայց եթե ձեր աշխատանքը դադարի այդտեղ, դուք կզգաք, որ ինչ-որ բան պակասում է: Դա այն պատճառով է, որ Աստծո ընտանիքը հավաքելու համար ավելին է անհրաժեշտ, քան ջերմ զգացումները: Այն պահանջում է քահանայության արարողությունների հետ կապված ուխտեր:

Ձեր նախնիներից շատերը չեն ստացել այդ արարողությունները: Սակայն, Աստծո նախախնամությամբ, դուք ստացել եք: Եվ Աստված գիտեր, որ ձեր մոտ սեր կառաջանա ձեր նախնիների հանդեպ և դուք նրանց գտնելու անհրաժեշտ տեխնոլոգիաներ կունենաք: Նա գիտեր նաև, որ դուք կապրեք մի ժամանակաշրջանում, երբ տաճարները, որտեղ կարող են արարողություններ կատարվել, ավելի հասանելի կլինեն, քան երբևէ պատմության մեջ եղել են: Եվ Նա գիտեր, որ կարող է վստահել ձեզ իրականացնել այդ աշխատանքը՝ ի դեմս ձեր նախնիների:

Իհարկե, մենք բոլորս ունենք շատ հրատապ և կարևոր պարտականություններ, որոնք պահանջում են մեր ուշադրությունը և ժամանակը: Բոլորս առնչվում ենք այն փաստի հետ, որ Տիրոջ ակնկալիքները երբեմն պահանջում են մեր ուժերից վեր բաներ անել: Բարեբախտաբար, Տերը ուղի է ապահովում յուրաքանչյուրիս համար, որ վստահություն ձեռք բերենք և բավարարվածություն ստանանք բոլոր մեր ծառայություններից, այդ թվում, ընտանեկան պատմությունից: Մենք ուժ ենք ստանում անել այն, ինչ Նա խնդրում է, շնորհիվ մեր հավատքի, որ Փրկիչը չի տալիս պատվիրաններ «առանց ուղի պատրաստելու [մեզ] համար, որպեսզի [մենք] կարողանանք իրագործել այն, ինչ նա պատվիրել է» (1 Նեփի 3.7):

Իմ փորձից գիտեմ, որ սա ճշմարիտ է: Տարիներ առաջ, երբ համալսարանի ուսանող էի, հանդիպեցի մի մարդու, որը աշխարհի ամենախոշոր համակարգչային ընկերություններից մեկում էր աշխատում: Դա համակարգիչների ստեղծման վաղ շրջանում էր, և ընկերությունը նրան ուղարկել էր, որպեսզի համակարգիչներ վաճառի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն:

Ինչքանով գիտեի, այդ վաճառողը կրոնական որևէ հավատի չէր դավանում: Չնայած դրան, նա ասաց զարմանքով ու թերահավատությամբ. «Այս եկեղեցում անում են այն, ինչ նրանք կոչում են «ծագումնաբանություն», որոնելով մարդկանց անունները, ովքեր մահացած են՝ փորձելով բացահայտել իրենց նախնիներին: Մարդիկ, հիմնականում կանայք, վազվզում էին մի քարտարանից մյուսը՝ տեղեկություն որոնելով փոքր քարտերում»: Եթե ճիշտ եմ հիշում, նա ասաց, որ կանայք սպորտային կոշիկներ էին հագնում, որ կարողանան ավելի արագ տեղաշարժվել: Տղամարդը շարունակեց. «Տեսնելով նրանց աշխատանքի ծավալը, թե նրանք ինչ էին փորձում անել, ես հասկացա, թե ինչի համար էր անհրաժեշտ համակարգիչների գյուտը»:

Դե՜, նա մասամբ ճիշտ էր: Համակարգիչները լինելու էին ընտանեկան պատմության աշխատանքի ապագայի կարևոր մասը, պարզապես միայն ոչ նրա վաճառած համակարգիչները: Եկեղեցու ոգեշնչված ղեկավարը որոշեց չգնել նրա համակարգիչները: Եկեղեցին սպասելու էր մի տեխնոլոգիայի, որի հավանականությունն այդ ժամանակ դեռ չէին էլ պատկերացնում: Իսկ հաջորդող տարիներին ես սովորեցի, որ անգամ լավագույն տեխնոլոգիան չի կարող փոխարինել հայտնությանը երկնքից, ինչպես որ եկեղեցու այդ առաջնորդը ստացավ: Սա հոգևոր աշխատանք է, և Տերը ղեկավարում է այն Իր Սուրբ Հոգով:

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ ես աշխատում էի իմ ընտանեկան պատմության վրա՝ կողքիս ունենալով մի խորհրդատու և մի օգնական հեռախոսով: Իմ համակարգչի էկրանին մի խնդիր կար, որի լուծումը իմ մարդկային ուժերից վեր էր: Իմ առջև երկու մարդու անուն էր, տեխնոլոգիայի հրաշքով ինձ ուղարկված, որոնք հնարավոր է, սպասում էին տաճարային արարողությունների: Թեև անունները տարբեր էին, բայց ինչ-որ պատճառ կար ենթադրելու, որ այդ երկուսը, հնարավոր է, նույն մարդիկ լինեն: Իմ խնդիրն էր պարզել ճշմարտությունը:

Ես խնդրեցի, որ իմ խորհրդատուներն ինձ ասեն: Նրանք ասացին. «Ոչ, դուք պետք է ընտրեք»: Եվ նրանք լիովին համոզված էին, որ ես կբացահայտեմ ճշմարտությունը: Համակարգիչը, իր ողջ զորությամբ և տեղեկատվությամբ, ինձ էր թողել օրհնությունը՝ նայելու էկրանի այդ անուններին, գնահատելու առկա տեղեկությունը, այլ հետազոտություններ անելու, լուռ աղոթելու և բացահայտելու, թե որն է ճշմարտությունը: Երբ աղոթեցի, ես վստահաբար իմացա, թե ինչ անեմ, ճիշտ ինչպես այլ իրավիճակներում, երբ կարիք ունեի ապավինել երկնքի օգնությանը խնդիրը լուծելու համար:

Մենք չգիտենք, թե ինչ զարմանահրաշ միջոցներ Աստված կոգեշնչի ստեղծել, որպեսզի օգնի Իր ընտանիքը հավաքելու աշխատանքում: Բայց ինչպիսի հրաշալի գյուտեր էլ որ հայտնվեն, դրանց օգտագործումը պահանջում է Հոգու աշխատանք ինձ և ձեր նման մարդկանց հետ: Մենք չպետք է զարմանանք: Ի վերջո, նրանք Աստծո սիրելի որդիներն ու դուստրերն են: Նա կուղարկի ցանկացած անհրաժեշտ ոգեշնչում, որպեսզի նրանց հնարավորություն տա վերադառնալ Իր մոտ:

Վերջին տարիներին Եկեղեցու երիտասարդները Եղիայի ոգուն արձագանքել են ոգեշնչող եղանակներով: Շատերը այժմ սահմանափակ օգտագործման տաճարային երաշխավորագիր են կրում և հաճախ օգտագործում են այն: Տաճարների մկրտարանները ավելի շատ են զբաղված, քան նախկինում. որոշ տաճարներ անգամ ստիպված են եղել փոխել իրենց հերթափոխները, որպեսզի կարողանան սպասարկել աճող թվով տաճար այցելող երիտասարդներին:

Նախկինում հազվադեպ, բայց ողջունելի բացառություն էր, որ երիտասարդները իրենց սեփական նախնիների անունները բերեին տաճար: Այժմ դա բնականոն երևույթ է դարձել, և շատ հաճախ երիտասարդներն իրենք են գտնում իրենց նախնիներին:

Բացի այդ, շատ երիտասարդներ հայտնաբերել են, որ իրենց ժամանակը ընտանեկան պատմության հետազոտությանը և տաճարային աշխատանքին նվիրելով խորացել է իրենց վկայությունը փրկության ծրագրի վերաբերյալ: Այն մեծացրել է Հոգու ազդեցությունն իրենց կյանքում և նվազեցրել է թշնամու ազդեցությունը: Այն օգնել է նրանց ավելի մոտ զգալ ինչպես իրենց ընտանիքներին, այնպես էլ Տեր Հիսուս Քրիստոսին: Նրանք հասկացել են, որ այդ աշխատանքը փրկում է ոչ միայն մահացածներին. այն փրկում է մեզ բոլորիս (տես ՎևՈւ 128.18):

Երիտասարդները հրաշալի ըմբռնել են տեսլականը. այժմ նրանց ծնողների հերթն է: Ներկայումս շատ մարդիկ կան, որոնք երիտասարդների կատարած աշխատանքի շնորհիվ ընդունել են մկրտությունը հոգիների աշխարհում և սպասում են մյուս արարողություններին, որոնք միայն չափահասները կարող են կատարել տաճարներում այս աշխարհում: Երկնային Հոր ընտանիքը հավաքելու աշխատանքը միայն երիտասարդներինը չէ, ոչ էլ միայն պապերինն ու տատերինն է: Մենք բոլորս հավաքման մասնակից պիտի լինենք:

Սա մեր սերնդի աշխատանքն է, որին Պողոս առաքյալն անվանել է. «Ժամանակների լրության տնտեսություն», երբ ասել է, որ Աստված «ամեն բան կբովանդակի Քրիստոսում, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը» ( Եփեսացիս 1.10): Սա հնարավոր է դարձել Աստծո Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի քավության միջոցով: Նրա շնորհիվ, մեր ընտանիքի անդամները, որոնք «ժամանակով հեռաւոր էին, մօտաւոր եղան Քրիստոսի արիւնովը: Վասնզի նա է մեր խաղաղութիւնը որ երկուսին մէկ արաւ եւ մէջ տեղի բաժանող պատը՝ թշնամութիւնը քանդեց իր մարմնովը» ( Եփեսացիս 2.13–14): Ես զգացել եմ այդ, ինչպես դուք եք զգացել, երբ նայել եք ձեր հարազատ նախնիի նկարին ու զգացել, թե ձեր սերը ինչպես է աճում: Դուք ունեցել եք այդ զգացումը տաճարում, երբ քարտի անունը հուշել է, որ ավելին է, քան գրված անուն և զգացել եք, որ այդ անձը գիտի, թե ինչ եք դուք անում և զգում է ձեր սերը:

Ես վկայում եմ, որ Հայր Աստծո ցանկությունն է, որ իր զավակները ընտանիքներով ու փառքով շրջապատված կրկին տուն վերադառնան: Փրկիչն ապրում է: Նա առաջնորդում և օրհնում է այս աշխատանքը և տեսնում ու ուղղորդում է մեզ: Նա ձեզ շնորհակալ է Իր Հոր ընտանիքը հավաքելիս ձեր հավատարիմ աշխատանքի համար, և ես խոստանում եմ, որ դուք կստանաք ձեր որոնած և ձեզ անհրաժեշտ ոգեշնչված օգնությունը: Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն: