2010–2019 թթ․
Նրա ամեն օր առաջնորդող ձեռքը
Ապրիլ 2017


Նրա ամեն օր առաջնորդող ձեռքը

Երկնային Հայրը գիտի իմ և ձեր կարիքներն ավելի լավ, քան մեկ ուրիշը։

Իր զավակներին առաջնորդելու հարցում Երկնային Հոր սիրելի գործիքներից մեկը առաքինի ծնողներն են: Իմ հոր մայրը այդպիսի կին էր: Երբ ես շատ փոքր էի, մի առիթով հայրս ինձ կարգապահության դաս էր տալիս: Լսելով այդ նկատողությունը, տատիկս ասել է. «Մոնթե, ես կարծում եմ, որ դու շատ կոպիտ ես նրան դաստիարակում»:

Հայրս պատասխանել է. «Մայրիկ, ես կդաստիարակեմ իմ երեխաներին, ինչպես կուզեմ»:

Եվ իմ իմաստուն տատիկը մեղմ ասել է. «Ես էլ այդպես կանեմ»:

Ես համոզված եմ, որ այդ օրը հայրիկս հետևել է իր մոր իմաստուն առաջնորդությանը:

Առաջնորդության մասին մտածելիս կարող ենք հիշել մեր կողմից սիրված ու հայտնի հիմնը. «Աստծո զավակն եմ»: Կրկներգում հանդիպում ենք այս խոսքերին. «Առաջնորդիր, քայլիր ինձ հետ, որ ուղին գտնեմ»:1

Մինչև վերջերս ես մտածում էի, որ կրկներգը սուրբ ուղղորդում է ծնողների համար: Մինչդեռ խորհելով այս խոսքերի շուրջ, ես հասկացա, որ թեպետ դրանք պարունակում են այդ ուղղորդումը, այդտեղ առկա է ավելի խորը իմաստ: Անհատապես, մենք բոլորս ամեն օր աղաչում ենք, որ Երկնային Հայրն առաջնորդի մեզ և քայլի մեզ հետ:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է. «Մեր Երկնային Հայրը գիտի Իր զավակների կարիքներն ավելի լավ, քան մեկ ուրիշը։ Նրա աշխատանքը կայանում է նրանում, որ օգնի մեզ բոլոր շրջադարձներում, տալով մեզ հրաշալի նյութական և հոգևոր ռեսուրսներ, որպեսզի օգնի մեզ Իր մոտ վերադառնալու մեր ճանապարհին»:2

Ուշադրություն դարձրեք այս խոսքերին. Երկնային Հայրը գիտի իմ և ձեր կարիքներն ավելի լավ, քան մեկ ուրիշը։ Արդյունքում նա կազմել է հոգատարության անձնական փաթեթ, որը հարմար է յուրաքանչյուրիս: Այն շատ բաղադրիչներ ունի: Այն ներառում է Իր Որդուն և Քավությունը, Սուրբ Հոգուն, պատվիրաններ, սուրբ գրություններ, աղոթք, մարգարեներ, առաքյալներ, ծնողներ, տատիկներ ու պապիկներ, Եկեղեցու տեղական ղեկավարներ և շատ ուրիշների՝ այս ամենը մեզ օգնելու համար, որ մի օր վերադառնանք Իր հետ ապրելու:

Թույլ տվեք այսօր կիսվել այդ հոգատարության փաթեթի մի քանի բաղադրիչներով, որոնց շնորհիվ ես հասկացել եմ, որ սիրող Հայրն առաջնորդում է և քայլում է իմ և ընտանիքիս հետ: Ես աղոթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հասկանա կյանքում, որ Երկնային Հայրն առաջնորդում է և քայլում ձեր հետ, և այդ գիտելիքով դուք վստահ առաջ կշարժվեք, իմանալով, որ երբեք մենակ չեք:

Երկնային Հոր պատվիրաններն այդ հոգատարության փաթեթի հիմնական բաղադրիչներն են: Ալման ասել է. «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:3 Անպատշաճ վարքի հանդուրժումը՝ առանց սիրալիր ուղղման, կեղծ կարեկցանք է և ամրապնդում է ընդունված գաղափարը, որ ամբարշտությունը կարող է երջանկություն լինել: Սամուել Լամանացին հստակ հակադարձեց այդ գաղափարին. «Դուք փնտրել եք երջանկություն անօրինություն անելու մեջ, մի բան, որը հակառակ է այն արդարության էությանը, որը մեր մեծ ու Հավերժական Գլխավորի մեջ է»:4

Իր մարգարեների միջոցով Երկնային Հայրը մշտապես հիշեցնում է մեզ, որ արդարությունը երջանկություն է: Օրինակ, Բենիամին թագավորն ուսուցանել է, որ Երկնային Հայրը «պահանջում է, որ դուք անեք, ինչպես նա է պատվիրել ձեզ. որի համար, եթե դուք անում եք, նա անմիջապես օրհնում է ձեզ»:5 Մեկ այլ օրհներգից նույնպես այդպիսի հիշեցում է հնչում.

Պահեք պատվիրանները, պահեք պատվիրանները,

Դրանցում է ապահովությունը և խաղաղությունը:

Նա կուղարկի օրհնություններ:6

14 տարեկան հասակում ես հասկացա այդ օրհնություններից մի քանիսը: Ես նկատեցի իմ ծնողների արտասովոր վարքը: Ելնելով իմ տեսածից, հարցրի. «Գնում ենք միսիա՞»: Մայրիկիս շանթահար դեմքը հաստատեց իմ կասկածը: Ավելի ուշ, ընտանեկան խորհրդի ժամանակ ես, եղբայրներս ու քույրերս հասկացանք, որ մեր ծնողները կանչվել են նախագահելու մի միսիա:

Մենք ապրում էինք Վայոմինգի մի գեղեցիկ ագարակատանը: Իմ տեսանկյունից կյանքը հիասքանչ էր: Երբ դպրոցից տուն էի վերադառնում, կարող էի ավարտել իմ գործերը և գնալ որսի, ձկնորսության կամ ժամանակ անցկացնել շանս հետ:

Կանչի մասին իմանալուն պես ես հասկացա, որ պետք է բաժանվեմ շանս՝ Բլուի հետ: Ես հակառակվեցի հորս, հարցնելով, թե ինչ պետք է անեմ Բլուի հետ: Ես ցանկանում էի շեշտել անարդարությունը այն բանի, ինչ Աստված պահանջում էր: Ես երբեք չեմ մոռանա հորս պատասխանը: Նա ասաց. «Վստահ չեմ: Նա պարզապես չի կարող գալ մեզ հետ, ավելի լավ է Երկնային Հորը հարցնես»: Դա այն պատասխանը չէր, որը ես ակնկալում էի:

Ես սկսեցի կարդալ Մորմոնի Գիրքը: Ես անկեղծորեն աղոթում էի իմանալու համար, թե արդյո՞ք պետք է արձակեմ իմ շանը: Պատասխանը նույն րոպեին չեկավ, փոխարենը մի որոշակի միտք սկսեց ներթափանցել իմ մեջ. «Բեռ մի եղիր ծնողներիդ համար: Բեռ մի եղիր: Ես կանչել եմ ծնողներիդ»:

Ես գիտեի, թե ինչ էր պահանջում Երկնային Հայրը: Այդ գիտելիքը չէր թեթևացնում շնից հրաժարվելու ցավը: Այնուամենայնիվ, այդ փոքրիկ զոհաբերությամբ իմ սիրտը փափկեց և ես խաղաղություն գտա՝ Երկնային Հոր կամքը կատարելով:

Ես շնորհակալ եմ Երկնային Հորս այն օրհնությունների ու երջանկության համար, որոնք գտել եմ սուրբ գրությունների, աղոթքի, Սուրբ Հոգու և արժանի երկրային հոր համար, ով ընդունել էր իր դերը՝ որպես իր երեխաների համար ավետարանի գլխավոր ուսուցիչ: Նրանք առաջնորդել են ինձ, նույնիսկ քայլել են իմ կողքին, որպեսզի օգնեն ինձ գտնել ճանապարհը՝ հատկապես, երբ ես պետք է դժվար մի բան անեի:

Իմ նշած հոգատարության փաթեթն ունենալուց բացի մենք բոլորս օրհնված ենք, ունենալով քահանայության ղեկավար, որն առաջնորդում է մեզ:

Նախագահ Բոյդ Կ. Փաքերն ասել է. «Եպիսկոպոսները ոգեշնչված են: Մեզանից յուրաքանչյուրի ազատ կամքն է՝ ընդունել կամ մերժել մեր ղեկավարների խորհուրդները, սակայն երբեք անուշադրության չմատնեք ձեր եպիսկոպոսի խորհուրդը՝ լինի դա ամբիոնից տրված, թե անհատապես»:7

Այս մարդիկ ջանում են ներկայացնել Տիրոջը: Լինենք մենք տարեց, թե երիտասարդ, երբ սատանան ցանկանում է, որ մտածենք, թե ամեն ինչ կորած է, եպիսկոպոսները մեր կողքին են, որ առաջնորդեն մեզ: Խոսելով եպիսկոպոսների հետ, ես նկատել եմ մի ընդհանուր վարքագիծ՝ անհնազանդության վերաբերյալ խոստովանությունների կամ ահավոր սխալների պատճառով անմեղ տառապանքներ տեսնելու պարագայում: Եպիսկոպոսներն անմիջապես ցանկանում են արտահայտել Երկնային Հոր սերը անհատի հանդեպ և նրա կողքին քայլելու ցանկությունը, երբ այդ մարդը փնտրում է տունդարձի ճանապարհը:

Թերևս Երկնային Հոր հոգատարության փաթեթի ամենամեծ բաղադրիչը նկարագրված է այս խոսքերով. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուավ»:8

Որպեսզի ուսուցանի մեզ այն ամենը, ինչ մենք պետք է անենք, Հիսուս Քրիստոսն առաջնորդեց մեզ, ցույց տալով կատարյալ օրինակ, որին պետք է փորձենք հետամուտ լինել: Նա աղերսում է մեզ պարզած ձեռքերով, որ գնանք, հետևենք Իրեն:9 Երբ մենք ձախողվում ենք, ինչը բոլորիս հետ է պատահում, Նա մեզ հիշեցնում է. «Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն»:10

Ի՜նչ հրաշալի նվեր է: Ապաշխարությունը պատիժ չէ, այլ՝ արտոնություն: Դա արտոնություն է, որն առաջնորդում է մեզ: Զարմանալի չէ, որ սուրբ գրությունները կոչ են անում մեզ ուսուցանել ոչ այլ ինչ, քան ապաշխարություն:11

Երկնային Հայրը շատ միջոցներ ունի, բայց հաճախ Իրեն օգնելու նպատակով Նա ընտրում է մեկ ուրիշի: Ամեն օր նա մեզ հնարավորություններ է տալիս առաջնորդելու և քայլելու մեկի հետ, ով կարիքի մեջ է: Մենք պետք է հետևենք Փրկիչի օրինակին: Մենք նույնպես պետք է մասնակից լինենք Երկնային Հոր գործին:

Որպես Երիտասարդ Տղամարդկանց գերագույն նախագահություն, մենք գիտենք, որ երիտասարդներն օրհնված են, երբ ունեն ծնողներ և ղեկավարներ, ովքեր գործում են Երկնային Հոր փոխարեն՝ առաջնորդելով և քայլելով նրանց հետ: Սրանք են այն սկզբունքները, 12 որոնք կօգնեն մեզ դառնալ մարդկանց նկատմամբ Երկնային Հոր հոգատարության փաթեթի մասը.

Առաջինը՝ լինել երիտասարդների հետ: Նախագահ Հենրի Բ. Այրինգը շեշտել է այս կետը. «Կան բաներ, որոնք մեր ուժերի սահմաններում են, որ առավել կարևոր են: Վարդապետությունն ուսուցանելիս մեր խոսքերից շատ ավելի զորեղ է վարդապետությամբ ապրելու մեր օրինակը»:13 Երիտասարդներին առաջնորդելը պահանջում է լինել նրանց հետ: Նվիրած ժամանակը սիրո արտահայտություն է, որը թույլ է տալիս մեզ սովորեցնել խոսքով և օրինակով:

Երկրորդը՝ երիտասարդներին պատշաճ առաջնորդելու համար մենք պետք է կապենք նրանց երկնքի հետ: Ժամանակը միշտ գալիս է, երբ յուրաքանչյուրը պետք է մենակ դիմակայի: Միայն Երկնային Հայրը կարող է լինել այդտեղ, առաջնորդելով ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում: Մեր երիտասարդները պետք է իմանան, թե ինչպես փնտրել Երկնային Հոր առաջնորդությունը:

Երրորդը՝ մենք պետք է թույլ տանք երիտասարդներին առաջնորդել: Ինչպես սիրող ծնողը, որը բռնում է մանկան ձեռքը, երբ նա սովորում է քայլել, մենք պետք է թողնենք, որ քայլեն, որպեսզի առաջադիմեն: Կպահանջվի համբերություն և սեր, որպեսզի թույլ տանք երիտասարդներին առաջնորդել: Դա ավելի դժվար է և ավելի շատ ժամանակ է պահանջում, քան եթե մենք դա ինքներս անենք: Նրանք կարող են սայթաքել ճանապարհին, բայց մենք նրանց հետ կքայլենք:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր կյանքում կլինեն ժամանակներ, երբ առաջնորդության օրհնությունները հեռու կամ բացակա կթվան: Այդպիսի աղետալի ժամանակների առումով երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը խոստացել է. «Թող ձեր ուխտերը լինեն առաջնային և ձեր հնազանդությունը՝ ամուր: Ապա դուք կարող եք հարցնել հավատքով, առանց տատանվելու, համաձայն ձեր կարիքի և Աստված կպատասխանի: Նա կաջակցի ձեզ աշխատելիս և հոգ տանելիս: Իր ժամանակին և Իր ձևով Նա կմեկնի Իր ձեռքը ձեզ, ասելով. «Ես այստեղ եմ»:14

Այդպիսի մի ժամանակ ես մի տարուց ավել փնտրում էի Երկնային Հոր խորհուրդը մշտական ու սրտաբուխ աղոթքի միջոցով, մի դժվար իրավիճակից ելք գտնելու նպատակով: Տրամաբանորեն ես գիտեի, որ Երկնային Հայրը պատասխանում է բոլոր անկեղծ աղոթքներին: Այնուամենայնիվ, մի օր ես մի այնպիսի հիասթափության աստիճանի հասա, որ այցելեցի տաճար միայն մի հարցով. «Երկնային Հայր, Դուք իրո՞ք հոգ եք տանում»:

Ես նստած էի Լոգան Յուտա Տաճարի սպասասրահի ետնամասում, երբ ի զարմանս ինձ, սենյակ մտավ տաճարի նախագահ Վոն Ջ. Ֆիդերսթոնը, մեր ընտանիքի մտերիմ ընկերը: Նա կանգնեց ժողովրդի առաջ և ողջունեց բոլորիս: Երբ նա նկատեց ինձ տաճարի այցելուների շարքում, նայեց աչքերիս մեջ, ապա ասաց. «Եղբայր Բրուգ, ուրախ եմ տեսնել ձեզ այսօր տաճարում»:

Ես երբեք չեմ մոռանա այդ պարզ պահի զգացումը: Այդ ողջույնով Երկնային Հայրը կարծես ինձ մեկնեց իր ձեռքը, ասելով. «Ես այստեղ եմ»:

Երկնային Հայրն իրոք հոգ է տանում, լսում է ու պատասխանում յուրաքանչյուր երեխայի աղոթքին:15 Որպես Նրա զավակներից մեկը, ես գիտեմ, որ իմ աղոթքների պատասխանները եկել են Տիրոջ ժամանակին: Եվ այդ փորձառության շնորհիվ ես հասկացել եմ ավելի լավ, քան երբևէ, որ մենք Աստծո զավակներն ենք, և Նա ուղարկել է մեզ այստեղ, որպեսզի զգանք Նրա ներկայությունն այժմ և մի օր վերադառնանք ապրելու Նրա հետ:

Ես վկայում եմ, որ Երկնային Հայրն առաջնորդում է մեզ և քայլում մեզ հետ: Եթե հետևենք Նրա Որդուն և հետամուտ լինենք նրա ծառաներին՝ առաքյալներին ու մարգարեներին, մենք կգտնենք հավերժական կյանքի ճանապարհը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: