2010–2019 թթ․
«Իմ խաղաղությունն եմ թողում ձեզ»
Ապրիլ 2017


«Իմ խաղաղությունն եմ թողում ձեզ»

Տերը խաղաղություն խոստացավ Իր աշակերտներին, երբ մոտեցավ նրանցից հեռանալու ժամանակը։ Նա տվել է մեզ այդ նույն խոստումը։

Իմ թանկագին քույրեր, այս երեկո մենք օրհնվեցինք Աստծո Հոգով։ Զորեղ քույր ղեկավարների ոգեշնչված ուղերձները և երաժշտությունը ամրացրին մեր հավատը և մեծացրին մեր ցանկությունը՝ պահելու սուրբ ուխտերը, որ կապել ենք մեր սիրելի Երկնային Հոր հետ։ Մենք զգացինք, որ մեծացավ մեր սերը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ և երախտագիտությունը՝ Նրա քավության հրաշալի պարգևի հանդեպ։

Այսօր ես ունեմ մի պարզ ուղերձ։ Այս երեկո մենք բոլորս զգացինք խաղաղություն։ Բոլորս էլ կցանկանանք հաճախ զգալ այդ խաղաղությունը մեր մեջ, մեր ընտանիքներում և մեզ շրջապատող մարդկանց հետ։ Տերը խաղաղություն խոստացավ Իր աշակերտներին, երբ մոտեցավ նրանցից հեռանալու ժամանակը։ Նա տվել է մեզ այդ նույն խոստումը։ Բայց Նա ասաց, որ խաղաղությունը կտա Իր ձևով, այլ ոչ աշխարհի։ Նա նկարագրեց խաղաղություն ուղարկելու Իր ուղին.

«Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնէ ձեզ, եւ կյիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։

Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ․ ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ» (Հովհաննես 14.26–27):

Մոսիայի որդիները ունեին խաղաղության այդ պարգևի կարիքը, երբ սկսեցին իրենց առաքելությունը լամանացիների մեջ։ Իրենց առջև դրված խնդրի մեծության զգացումից անհանգաստանալով՝ նրանք աղոթեցին հավաստիացման համար։ Եվ «Տերն այցելեց նրանց իր Հոգով և ասաց նրանց. Հանգիստ եղեք։ Եվ նրանք հանգստացան» (Ալմա 17.10, տես նաև Ալմա 26.27

Ժամանակ առ ժամանակ դուք խաղաղություն կփափագեք, երբ հանդիպեք անորոշության և վերահաս մարտահրավերների։ Մոսիայի որդիներին ծանոթ էր այն դասը, որը Տերն ուսուցանեց Մորոնիին։ Այն ուղեցույց է բոլորիս համար. «Եթե մարդիկ գան ինձ մոտ, ես նրանց ցույց կտամ իրենց թուլությունը։ Ես մարդկանց թուլություն եմ տալիս, որպեսզի նրանք խոնարհ լինեն. և իմ շնորհը բավական է բոլոր մարդկանց համար, ովքեր իրենց խոնարհեցնում են իմ առջև․քանզի, եթե նրանք խոնարհեցնեն իրենց իմ առջև, և հավատք ունենան ինձանում, այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ» (Եթեր 12.27

Մորոնին ասել է, որ երբ լսեց այս խոսքերը, նա հանգստացավ (Եթեր 12.29)։ Դրանք կարող են հանգստություն բերել մեզ բոլորիս։ Նրանք, ովքեր չեն տեսնում իրենց թուլությունները, առաջ չեն շարժվում։ Տեսնել ձեր իսկ թուլությունը օրհնություն է, քանի որ դա օգնում է ձեզ խոնարհ լինել և շարունակ դարձնում է ձեզ դեպի Փրկիչը։ Հոգին ոչ միայն մխիթարում է ձեզ, այլև Նրա միջոցով Քավությունը փոխում է ձեր էությունը։ Ապա թույլ կողմերը դառնում են ուժեղ։

Ժամանակ առ ժամանակ ձեր հավատը կփորձվի սատանայի կողմից. դա պատահում է Հիսուս Քրիստոսի բոլոր աշակերտների հետ։ Այս հարձակումներից պաշտպանվելու համար դուք պետք է ունենաք Սուրբ Հոգին՝ որպես ձեր զուգընկեր։ Սուրբ Հոգին խաղաղություն կխոսի ձեր հոգիներին։ Նա ձեզ առաջ կմղի հավատքով։ Եվ Նա կհիշեցնի ձեզ այն ժամանակները, երբ դուք զգացել եք Հիսուս Քրիստոսի լույսը և սերը։

Հիշելը կարող է լինել Հոգու ամենաթանկ պարգևը։ Նա «կյիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ [ասել է Տերը]» (Հովհաննես 14.26)։ Դրանք կարող են լինել հուշեր պատասխանված աղոթքի, քահանայության ստացած արարողության, ձեր վկայության հաստատման կամ այն պահի մասին, երբ դուք տեսել եք Աստծո առաջնորդող ձեռքը ձեր կյանքում։ Հավանաբար մի օր ապագայում, երբ դուք ամրապնդման կարիք ունենաք, Հոգին կհիշեցնի ձեզ այն զգացումները, որ ունենում եք այս ժողովի ժամանակ։ Աղոթում եմ, որ դա այդպես լինի։

Հոգին հաճախ ինձ հիշեցնում է մի երեկո, երբ տարիներ առաջ Ինսբրուքում (Ավստրիա) հաղորդության ժողով անցկացվեց մի մետաղյա ծածկի տակ։ Ծածկը գտնվում էր երկաթուղու գծերի ստորոտում։ Այնտեղ փայտե աթոռներին նստած մոտ տասը մարդ կար։ Մեծ մասը կանայք էին՝ երիտասարդ և տարիքով։ Ես երախտագիտության արցունքներ տեսա, մինչ հաղորդությունը բաժանվեց փոքրիկ խմբի մեջ։ Ես զգացի Տիրոջ սերն այդ Սրբերի հանդեպ. նույնը զզում էին նաև նրանք։ Բայց հրաշքը, որը ես պարզ հիշում եմ, այն լույսն էր, որը կարծես լցվեց այդ մետաղյա ծածկի տակ՝ բերելով իր հետ խաղաղության զգացում։ Երեկո էր և պատուհաններ չկային, սակայն սենյակն այնքան լուսավոր էր, կարծես կեսօր լիներ։

Այդ երեկո Սուրբ Հոգու լույսն այդտեղ պայծառ էր ու առատ։ Իսկ պատուհանները, որոնցով թափանցում էր լույսը, խոնարհ սրտերն էին այն Սրբերի, ովքեր եկել էին Տիրոջ առաջ ներում փնտրելու իրենց մեղքերին և պարտավորվում էին միշտ հիշել Նրան։ Այդ պահին դժվար չէր Նրան հիշելը, իսկ այդ սուրբ փորձառության իմ հիշողությունը հեշտացրեց ինձ համար հիշել Նրան և Նրա Քավությունը հետագա տարիներին։ Այդ օրը կատարվեց հաղորդության աղոթքի խոստումը, որ Հոգին կլինի մեզ հետ, ինչն էլ բերեց լույս ու խաղաղություն։

Ձեզ նման ես էլ երախտապարտ եմ տարբեր եղանակների համար, որոնցով Տերն այցելել է ինձ Մխիթարիչի միջոցով, երբ ես խաղաղության կարիք եմ ունեցել։ Սակայն մեր Երկնային Հորը մտահոգում է ոչ միայն մեր մխիթարությունը, այլ ավելի շատ մեր առաջիկա զարգացումը։ «Մխիթարիչը» եղանակներից միայն մեկն է, որով Սուրբ Հոգին նկարագրվում է սուրբ գրություններում։ Ահա մեկ ուրիշը. «Եվ արդ, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել» (ՎևՈւ 11.12)։ Շատ հաճախ, բարիքը, որը Նա կառաջնորդի ձեզ անել, ներառում է նաև՝ օգնել մեկ ուրիշին Աստծուց մխիթարություն ստանալու համար:

Իր իմաստությամբ Տերը միավորել է ձեզ Իր Եկեղեցու կազմակերպություններում և դասարաններում։ Նա արել է դա բարիք գործելու ձեր զորությունը մեծացնելու համար։ Այդ կազմակերպություններում դուք ունեք հատուկ պարտականություններ՝ ծառայելու ուրիշներին Նրա փոխարեն։ Օրինակ՝ եթե դուք երիտասարդ կին եք, ձեր եպիսկոպոսը կամ Երիտասարդ Կանանց ձեր ղեկավարը միգուցե խնդրել է ձեզ օգնության հասնել մի Դափնու, ով դարձել է, ինչպես մենք ենք երբեմն կոչում, «ոչ ակտիվ»։ Միգուցե դուք նրան ավելի լավ եք ճանաչում, քան եպիսկոպոսը կամ Երիտասարդ Կանանց ղեկավարը։ Միգուցե ձեզ հայտնի է, որ նա մտահոգություն ունի կապված տան կամ դպրոցի, կամ հենց երկուսի հետ էլ։ Ձեր ղեկավարները գուցե չգիտեն, թե ինչու են ոգեշնչվել ձեզ խնդրել օգնության հասնել նրան, սակայն Տերը գիտի, և Նա ղեկավարում է այս աշխատանքը Իր Հոգու ոգեշնչման միջոցով։

Ձեր ջանքերը հաջողության կհասնեն, եթե թե՛ ձեր սրտում, թե՛ այն երիտասարդ կնոջ սրտում, որին փրկելու համար դուք ուղարկվել եք, տեղի ունենա հրաշք փոփոխություն, իսկ դա պահանջում է Սուրբ Հոգու ընկերակցությունը։ Հոգին կարող է ձեզ թույլ տալ տեսնելու քիչ ակտիվ Դափնուն այնպիսին, ինչպիսին Տերն է տեսնում նրան։ Տերը գիտի նրա սիրտը և ձեր սիրտը, և Նա գիտի սրտերի փոփոխության հավանականությունը։ Նա կարող է այցելել Իր Հոգով ձեզ երկուսիդ՝ ոգեշնչելով խոնարհություն, ներում և սեր։

Այդ Հոգին կարող է ոգեշնչել խոսքեր, գործեր և համբերություն, որ անհրաժեշտ են ձեզ՝ ետ հրավիրելու գառնուկին դեպի հոտը։ Եվ Նա կարող է դիպչել Դափնիների դասարանի հոտի սրտերին՝ սիրելու և ողջունելու կորած ոչխարին, որպեսզի երբ նա հետ գա, զգա, որ տուն է եկել։

Որպես Աստծո դուստրեր, բարիք գործելու ձեր զորությունը մեծապես կախված է ձեր մեջ առկա միասնությունից և սիրուց։ Սա խաղաղության մեկ այլ պարգև է, որ գալիս է Սուրբ Հոգու միջոցով։

Ալման հասկանում էր սա։ Ահա թե ինչու նա աղերսում էր իր ժողովրդին, «որ չպետք է լինի ոչ մի հակառակություն մեկը մյուսի հետ, այլ որ նրանք պետք է նայեն դեպի ապագան մեկ աչքով, ունենալով մեկ հավատք և մեկ մկրտություն, միավորելով իրենց սրտերը միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ» (Մոսիա 18.21

Միությունն անհրաժեշտ է, որ մենք ունենանք Հոգին մեր դասարանում և մեր ընտանիքում։ Սակայն փորձառության միջոցով մենք գիտենք, որ նման սիրառատ միությունը դժվար է պահպանել։ Մեր աչքերը բացելու և մեր զգացողությունները մեղմացնելու համար պահանջվում է, որ ունենանք Սուրբ Հոգուն որպես զուգընկեր։

Ես հիշում եմ, թե ինչպես մի անգամ յոթ կամ ութ տարեկան մեր որդին այնպես էր թռչկոտում մահճակալի վրա, որ կարծեցի, թե այն կկոտրվի։ Ես վրդովված արագ շարժվեցի տեղիցս՝ իմ տանը կարգ ու կանոն ապահովելու համար։ Ես բռնեցի որդուս փոքրիկ ուսերից ու բարձրացրի նրան այնքան, որ մեր աչքերը հանդիպեցին իրար։

Հոգին իմ մտքում շշնջաց խոսքեր։ Դա կարծես մի մեղմ ձայն լիներ, սակայն մխրճվեց սրտիս մեջ. «Քո ձեռքերում մի հրաշալի անձնավորություն է»։ Ես նրան քնքշորեն վայր իջեցրի մահճակալի վրա և ներողություն խնդրեցի։

Այժմ նա դարձել է այն հրաշալի անձնավորությունը, ում Սուրբ Հոգին ինձ թույլ տվեց տեսնել 40 տարի առաջ։ Ես հավերժ երախտապարտ եմ, որ Տերը փրկեց ինձ անբարյացակամ զգացումներից՝ ուղարկելով Սուրբ Հոգին, որ թույլ տա ինձ տեսնել Աստծո զավակին այնպիսին, ինչպիսին Նա էր տեսնում նրան։

Միությունը, որ փնտրում ենք մեր ընտանիքներում և Եկեղեցում, կգա, երբ թույլ տանք Սուրբ Հոգուն ներգործել մեր տեսածի վրա, երբ նայում ենք միմյանց և նույնիսկ, երբ մտածում ենք միմյանց մասին։ Հոգին տեսնում է Քրիստոսի մաքուր սիրով։ Լսեք խոսքերը, որոնք Մորմոնն օգտագործեց գթությունը նկարագրելիս։ Մտածեք այն պահերի մասին, երբ զգացել եք այն.

«Գթությունը երկայնամիտ է և բարի, չի նախանձում, փքվաճ չէ, իրենը չի փնտրում, չի գրգռվում հեշտորեն, չարը չի մտածում և չի հրճվում անօրինությամբ, այլ հրճվում է ճշմարտությամբ, տանում է ամեն բան, հավատում է ամեն բանի, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է։

Ուստի, իմ սիրելի եղբայրներ [և ես ավելացնում եմ քույրեր], եթե դուք չունեք գթություն, դուք ոչինչ եք, քանզի գթությունը երբեք չի խափանվում։ Ուստի, հարեք գթությանը, որը բոլորից մեծ է, քանզի բոլոր բաները պիտի խափանվեն․

Բայց գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, և այն տևում է հավերժ, և ով որ օժտված լինի դրանով վերջին օրը, նրա համար լավ կլինի։

Ուստի, իմ սիրելի եղբայրներ [և քույրեր], աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են, որ դուք կարողանաք դառնալ Աստծո որդիները [և դուստրերը], որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման, քանզի մենք պիտի տեսնենք նրան, ինչպես որ ինքն է, որ մենք կարողանանք ունենալ այդ հույսը, որ մենք կարողանանք մաքրվել ճիշտ ինչպես նա է մաքուր» (Մորոնի 7.45–48

Սա է նպատակը, որ ձեր Երկնային Հայրն ունի ձեր՝ Իր թանկագին դուստրերի համար։ Այն կարող է թվալ ձեզ հեռվում գտնվող մի նպատակ, սակայն Նրա տեսանկյունից դուք այդքան էլ հեռվում չեք։ Ուստի, Նա այցելում է ձեզ Իր Հոգով, որպեսզի մխիթարի, քաջալերի և ոգեշնչի ձեզ՝ առաջ գնալու համար։

Ես թողնում եմ ձեզ հետ իմ անտարակուսելի վկայությունը, որ Հայրը գիտի ձեզ․ գիտի ձեր կարիքները և ձեր անունը, սիրում է ձեզ և լսում է ձեր աղոթքները։ Նրա Սիրելի Որդին հրավիրում է ձեզ գալ Նրան մոտ։ Եվ Նրանք ուղարկում են Սուրբ Հոգուն այցելելու ձեզ՝ Իրենց փոխարեն ուրիշներին ծառայելու ձեր ջանքերում։

Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը սրբագործող ու մաքրագործող ազդեցություն կունենա ձեր հոգու վրա։ Ապա դուք կզգաք խաղաղությունը, որը Փրկիչը խոստացել էր թողնել Իր աշակերտների հետ։ Այդ խաղաղության հետ կգա պայծառ հույս և լույսի ու սիրո զգացում՝ Հոր և Նրա Սիրելի Որդու կողմից, ով առաջնորդում է Իր թագավորությունը Երկրի վրա՝ Իր ապրող մարգարեին տրված հայտնության միջոցով։ Այս ամենը ես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։