2010–2019 թթ․
Պատրաստել ճանապարհը
Ապրիլ 2017


Պատրաստել ճանապարհը

Չնայած Ահարոնյան քահանայությունը և Մելքիսեդեկյան քահանայությունը ունեն տարբեր առաքելություն և իշխանություն, նրանք անբաժան գործընկերներ են փրկության աշխատանքում։

30 տարեկանում սկսեցի աշխատել Ֆրանսիայում գործող առևտրային կազմակերպությունում։ Մի օր ընկերության նախագահը, ով այլ հավատքի մի բարի մարդ էր, ինձ կանչեց իր գրասենյակ։ Նրա հարցը զարմացրեց ինձ․ «Վերջերս տեղեկացա, որ դու քահանայի կոչում ունես քո եկեղեցում։ Դա ճի՞շտ է»։

Ես պատասխանեցի․ «Այո՛, դա ճիշտ է։ Ես ունեմ քահանայություն»։

Չթաքցնելով իր հետաքրքրությունը, նա հարցրեց․ «Բայց դու սովորե՞լ ես աստվածաբանական սեմինարիայում»։

«Իհարկե, 14–18 տարեկան հասակում ես գրեթե ամեն օր ուսումնասիրել եմ սեմինարիայի դասերը»։ Նա գրեթե աթոռից ցած ընկավ։

Ի զարմանս ինձ, մի քանի շաբաթ հետո նա ինձ կանչեց իր գրասենյակ և առաջարկեց ղեկավար տնօրենի պաշտոն կազմակերպության ընկերություններից մեկում։ Ես տարակուսեցի ու մտահոգությունս հայտնեցի, որ դեռ երիտասարդ ու անփորձ եմ նման պատասխանատու պաշտոնի համար։ Բարյացակամ ժպիտով նա ասաց․ «Միգուցե դա ճիշտ է, բայց կարևոր չէ։ Ես գիտեմ քո սկզբունքները և գիտեմ, թե ինչ ես սովորել քո եկեղեցում։ Ես քո կարիքն ունեմ»։

Եկեղեցում սովորածի մասին նա ճիշտ նկատեց։ Հաջորդող տարիները դժվար էին և, հավանաբար, չէի կարող հաջողության հասնել առանց երիտասարդ տարիներին Եկեղեցում ձեռք բերած փորձառության։

Բարեբախտաբար, մանկությունս անցել է փոքր ճյուղում։ Քանի որ ճյուղի անդամները փոքրաթիվ էին, երիտասարդներն ակտիվորեն ներգրավված էին ճյուղի բոլոր ոլորտներում։ Ես շատ զբաղված էի և ուրախ, որ կարող էի օգտակար լինել մարդկանց։ Կիրակի օրերին ես իմ պարտականությունն էի կատարում հաղորդության սեղանի մոտ, ծառայում էի քահանայության իմ կոչումներում և այլ կոչումներում։ Շաբաթվա ընթացքում ես հաճախ ուղեկցում էի հայրիկիս և քահանայության այլ չափահաս անդամների, երբ մենք ուսուցանում էինք ընտանիքներին, մխիթարում էինք հիվանդներին և վշտահարներին և օգնում էինք նրանց, ովքեր դրա կարիքն ունեին։ Ոչ մեկը չէր մտածում, որ ես շատ երիտասարդ էի ծառայելու և, նույնիսկ, առաջնորդելու համար։

Պատանեկության տարիներին իմ մատուցած ծառայության շնորհիվ ես կարողացա կառուցել իմ վկայությունը և կապել իմ կյանքը ավետարանին։ Ես շրջապատված եմ եղել բարի ու կարեկից մարդկանցով, ովքեր իրենց քահանայության շնորհիվ ձգտել են օրհնել մարդկանց կյանքը։ Ես ձգտել եմ նմանվել նրանց։ Ծառայելով նրանց, սովորել եմ, այդ ժամանակ նույնիսկ չգիտակցելով, թե ինչպես լինել ղեկավար և՛ Եկեղեցում և՛ աշխարհիկ կյանքում։

Այս երեկո ներկա են Ահարոնյան քահանայություն կրող շատ երիտասարդ տղաներ, ովքեր մասնակցում կամ դիտում են այս ժողովը։ Այս լսարանին նայելով, տեսնում եմ, որ ձեզանից շատերը նստած են չափահաս տղամարդկանց կողքին, ովքեր միգուցե, ձեր հայրերը են, պապիկները, ավագ եղբայրները կամ քահանայության ձեր ղեկավարներն են, և Մելքիսեդեկյան քահանայություն կրողներ են։ Նրանք սիրում են ձեզ և մեծ մասամբ նրանք այստեղ են, որպեսզի լինեն ձեզ հետ։

Սերունդների այս հավաքը միասնության և եղբայրության հրաշալի հեռանկար է խոստանում Աստծո այս երկու քահանայություն կրողների միջև։ Չնայած այն բանին , որ նրանք ունեն տարբեր առաքելություն և իշխանություն, Ահարոնյան քահանայությունը և Մելքիսեդեկյան քահանայությունը անբաժան գործընկերներ են փրկության աշխատանքում։ Նրանք քայլում են կողք-կողքի և միմյանց կարիքը շատ ունեն։

Երկու քահանայությունների միջև գոյություն ունեցող սերտ հարաբերությունների կատարյալ օրինակ է Հիսուսի և Հովհաննես Մկրտիչի միջև գոյություն ունեցող փոխգործակցությունը։ Կարելի՞ է պատկերացնել Հովհաննես Մկրտիչին առանց Հիսուսի։ Ինչի՞ նման կլիներ Փրկիչի առաքելությունն առանց Հովհաննեսի կատարած նախապատրաստական աշխատանքի։

Հովհաննես Մկրտիչին տրվել էին երբևէ գոյություն ունեցող ամենավեհ առաքելությունները․ «պատրաստելու Տիրոջ ճանապարհը»,1 մկրտելու Նրան ջրով և նախապատրաստելու մարդկանց ընդունել Նրան։ Նա պարզապես «մի արդար և սուրբ [մարդ էր],”2 ով կարգվել էր փոքրագույն քահանայության, լավ գիտեր իր առաքելության և իր իշխանության կարևորությունն ու սահմանափակումները։

Մարդիկ հավաքվեցին Հովհաննեսի մոտ, որպեսզի լսեն նրան և մկրտվեն նրա կողմից։ Մարդիկ հարգում ու ընդունում էին նրան, որպես Աստծո ծառայի։ Բայց, երբ Հիսուսը հայտնվեց, Հովհաննեսը խոնարհաբար զիջեց իրենից ավելի մեծին և ասաց․ «Ես ջրով եմ մկրտում. բայց ձեր միջումը կայ մէկը, … Նա է ինձանից յետոյ եկողը, որ ինձանից առաջ եղաւ. Որ ես արժանի չեմ, նորա կօշիկների կապը արձակելու»։3

Իր հերթին Հիսուս Քրիստոսը՝ Հոր Միածինը, ով կրում էր ավելի բարձր քահանայություն, խոնարհաբար ճանաչեց Հովհաննեսի իշխանությունը։ Նրա մասին Փրկիչն ասել է․ «կանանց ծնածների մէջ չէ վեր կացել Յովհաննէս Մկրտչից մի մեծը»։4

Մտածեք, թե ինչ կկատարվեր քահանայության մեր քվորումներում, եթե երկու քահանայություն կրողների միջև հարաբերությունները ոգեշնչված լինեին Հիսուսի և Հովհաննես Մկրտիչի կողմից հաստատած օրինակով։ Ահարոնյան քահանայության իմ փոքր եղբայրներ, ձեր դերը Մելքիսեդեկյան քահանայության մեծ աշխատանքի համար «ճանապարհը պատրաստելն» է։5 Դուք դա անում եք տարբեր ձևերով։ Դուք սպասավորում եք մկրտության և հաղորդության արարողությունները։ Դուք նախապատրաստում եք մարդկանց Տիրոջ համար, երբ քարոզում եք ավետարանը, «[այցելում] յուրաքանչյուր անդամի տուն»6 և «[հսկում] եկեղեցու վրա»։ 7 Ծոմի նվիրատվությունները հավաքելով, դուք օգնություն եք մատուցում աղքատին ու կարիքավորին և հոգ եք տանում հավաքատների ու նյութական միջոցների մասին։ Ձեր դերը կարևոր, պահանջված և սուրբ է։

Իմ չափահաս եղբայրներ, լինեք դուք հայրեր, եպիսկոպոսներ, երիտասարդ տղաների խորհրդականներ, թե պարզապես Մելքիսեդեկյան քահանայության կրողներ, դուք կարող եք հետևել Փրկիչի օրինակին, երբ հոգ տանեք փոքրագույն քահանայություն կրող ձեր եղբայրների մասին և հրավիրեք նրանց աշխատել ձեզ հետ։ Իրականում, այդ հրավերը գալիս է Տիրոջից։ Նա ասել է․ «Հետևաբար, վերցրեք ձեզ հետ նրանց, ովքեր կարգված են փոքրագույն քահանայությանը, և ուղարկեք նրանց ձեզանից առաջ, որ պայմանավորվածություններ ձեռք բերեն, և ճանապարհ պատրաստեն, և ներկա գտնվեն այդ պայմանավորվածություններին, որոնց ինքներդ չեք կարող ներկա գտնվել»։8

Երբ հրավիրում եք ձեր եղբայրներին «ճանապարհ պատրաստել», դուք օգնում եք նրանց հասկանալ և պատվել այն սուրբ իշխանությունը, որը նրանք կրում են։ Այդպիսով դուք օգնում եք նրանց պատրաստել իրենց ճանապարհն այն օրվա համար, երբ նրանք կստանան ու կկիրառեն մեծագույն քահանայությունը։

Թույլ տվեք կիսվել մի իրական պատմությամբ Ալեքսի մասին, ով խոհուն ու զվարթ մի երիտասարդ քահանա էր։ Կիրակի օրը, Ալեքսի եպիսկոպոսը նրան գտավ միայնակ և տխուր դասարանում նստած։ Երիտասարդը բացատրեց, թե որքան դժվար է նրա համար եկեղեցի հաճախել առանց իր հայրիկի, ով անդամ չէր։ Այնուհետև արցունքն աչքերին ասաց, որ, հավանաբար, ավելի լավ կլինի, եթե ինքը հեռանա Եկեղեցուց։

Անկեղծ մտահոգվելով այդ երիտասարդի համար եպիսկոպոսն անմիջապես ծխի խորհուրդ հրավիրեց, որպեսզի օգնեն Ալեքսին։ Նրա ծրագիրը պարզ էր․ որպեսզի Ալեքսը ակտիվ մնա եկեղեցում և ձեռք բերի ամուր վկայություն ավետարանի մասին, նրանք պետք է «շրջապատեն նրան լավ մարդկանցով և կարևոր առաջադրանքներ տան նրան»։

Քահանայության եղբայրները և ծխի բոլոր անդամները արագ կերպով միավորեցին իրենց ուժերը Ալեքսին օգնելու համար և իրենց ջերմությունն ու աջակցությունը հայտնեցին նրան։ Քահանայապետերի խմբի ղեկավարը, մեծ հավատքի ու սիրո տեր մի մարդ, դարձավ նրա տնային ուսուցման զուգընկերը։ Եպիսկոպոսության անդամները շրջապատեցին նրան հոգածությամբ և սերտ ընկերություն հաստատեցին նրա հետ։

Եպիսկոպոսն ասել է․ «Մենք Ալեքսին անընդհատ առաջադրանքներ էինք տալիս։ Նա օգնում էր հարսանիքների և հուղարկավորությունների ժամանակ, օգնում էր ինձ գերեզմանների նվիրագործման ժամանակ, մկրտում էր որոշ անդամների, երիտասարդ տղաներին կարգում էր Ահարոնյան քահանայության, ուսուցանում էր երիտասարդների դասերը, ուսուցանում էր միսիոներների հետ, բացում էր շինությունը համաժողովների ժամանակ, իսկ համաժողովից հետո փակում էր շինությունն ուշ երեկոյան։ Նա կատարում էր ծառայություններ, ինձ հետ միասին այցելում էր մեծահասակ հիվանդ անդամներին, ելույթ էր ունենում հաղորդությունների ժամանակ, հիվանդների համար սպասավորում էր հաղորդությունն իրենց տներում կամ հիվանդանոցներում և, ի վերջո, դարձավ այն եզակի մարդկանցից մեկը, ում, որպես եպիսկոպոս, ես կարող էի լիովին ապավինել»։

Նկար
Ալեքսը և եպիսկոպոսը

Կամաց-կամաց Ալեքսը փոխվեց։ Նրա հավատքն առ Տերը մեծացավ։ Վստահությունն իր և քահանայության զորության հանդեպ մեծացավ։ Եպիսկոպոսը եզրափակել է․ «Ալեքսը եղել է կմնա իմ ամենամեծ օրհնությունը եպիսկոպոս լինելու տարիներին։ Մեծ պատիվ է եղել շփվել նրա հետ։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ ոչ մի երիտասարդ երբևէ չի գնացել միսիա առավել պատրաստված իր քահանայության շնորհիվ»։9

Իմ սիրելի եպիսկոպոսներ, որպես ծխի եպիսկոպոս ձեր ձեռնադրման և կարգման պահից սկսած, դուք ունեք Ահարոնյան քահանայության և քահանաների քվորումի նախագահի սուրբ կոչումը։ Ես գիտեմ, թե ինչ մեծ բեռ եք դուք կրում, սակայն ձեր կոչման մեջ պետք է առաջնորդությունը տաք այս երիտասարդ տղաներին ծառայելուն։ Դուք չեք կարող անտեսել այն կամ այդ պատասխանատվության մեջ ունեցած ձեր դերը պատվիրակել ուրիշներին։

Կոչ եմ անում ձեզ մտածել ձեր ծխի Ահարոնյան քահանայություն կրողների մասին։ Նրանցից ոչ մեկը չպետք է անտեսված կամ անօգտակար չգա իրեն։ Կա արդյո՞ք երիտասարդ տղա, ում դուք կամ քահանայության եղբայրները կարող եք օգնել։ Հրավիրեք նրանց ծառայել ձեզ հետ։ Շատ հաճախ մենք զբաղեցնում ենք նրանց և թույլ տալիս մնալ դիտորդի դերում, մինչդեռ ավետարանի հանդեպ նրանց հավատքն ու սերը լավագույնս կարող է աճել, երբ նրանք մեծարեն իրենց քահանայությունը։ Ակտիվորեն մասնակցելով փրկության աշխատանքին, նրանք կապ կհաստատեն երկինքների հետ և կհասկանան իրենց աստվածային ներուժը։

Ահարոնյան քահանայությունն ավելին է, քան պարզապես տարիքային խումբ, ուսուցման և միջոցառման ծրագիր, կամ մի խումբ, ովքեր բնութագրում են Եկեղեցու երիտասարդ տղաներին։ Դա զորություն ու իշխանություն է՝ մասնակցելու հոգիներ փրկելու մեծ աշխատանքին, այդ թվում այն երիտասարդ տղաների հոգիները, ովքեր կրում են այդ քահանայությունը և նրանց, ում նրանք ծառայում են։ Եկեք Ահարոնյան քահանայությանը հանձնարարենք իր դերը, մի հատուկ դեր, որը ծառայության, նախապատրաստության և ձեռքբերումների դերն է Եկեղեցու բոլոր երիտասարդ տղաների համար։

Մելքիսեդեկյան քահանայության իմ սիրելի եղբայրներ, ես հրավիրում եմ ձեզ ամրացնել այն կապող օղակը, որը միավորում է Աստծո երկու քահանայություններին։ Լիազորեք Ահարոնյան քահանայության երիտասարդներին պատրաստել ճանապարհը ձեր առաջ։ Վստահությամբ ասացեք նրանց․ «ես քո կարիքն ունեմ»։ Ահարոնյան քահանայության երիտասարդ կրողներ, ձեզ համար աղոթում եմ, որ ձեր ավագ եղբայրների հետ ծառայելով, լսեք Տիրոջ ձայնը, որն ասում է․ «Օրհնված ես դու, քանզի մեծ բաներ պիտի անես։ Ահա դու առաջ էիր ուղարկվել, ճիշտ ինչպես Հովհաննեսը, ճանապարհ պատրաստելու իմ առաջ»։10 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։