2010–2019 թթ․
Ով որ մինչև վերջը համբերէ՝ նա կփրկվի
2018թ․ ապրիլ


Ով որ մինչև վերջը համբերէ՝ նա կփրկվի

Եկեք հավատարիմ լինենք նրան, ինչին հավատում ենք և ինչի մասին գիտենք։

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես բարձր եմ գնահատում իմ զգացմունքներով ձեզ հետ կիսվելու այս հնարավորությունը։

Մի քանի տարի առաջ ես և կինս ներկա էինք Սոլթ Լեյք Սիթիում Եկեղեցու Պատմության Թանգարանում երեխաների ինտերակտիվ ցուցահանդեսի բացման արարողությանը։ Արարողության ավարտին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մոտեցավ մեզ և սեղմեց մեր ձեռքերը, ասելով․ «Համբերեք և կտոնեք ձեր հաղթանակը». մի խորիմաստ ուսմունք, որի ճշմարտությունը բոլորս կարող ենք հաստատել։

Փրկիչը հավաստիացրել է մեզ, որ «ով որ մինչև վերջը համբերէ՝ նա կփրկվի»:1:

Համբերել նշանակում է «հաստատուն մնալ Աստծո պատվիրաններին հավատարիմ լինելու որոշման մեջ՝ անկախ գայթակղությանից, ընդդիմությունից և դժվարություններից»։2

Անգամ նրանք, ովքեր ունեն զորեղ հոգևոր փորձառություններ և մատուցել են հավատարիմ ծառայություն, մի օր կարող են շեղվել ուղուց կամ դառնալ ոչ ակտիվ, եթե չհամբերեն մինչև վերջ։ Թող որ մենք միշտ ընդգծված պահենք մեր մտքում և սրտում «Դա ինձ հետ չի պատահի» արտահայտությունը։

Երբ Հիսուս Քրիստոսն ուսուցանում էր Կափառնայում քաղաքում, «նորա աշակերտներից շատերը ետ գնացին և այլևս ման չէին գալի Նորա հետ:

Հիսուսն էլ ասեց այն տասներկուսին. Մի՞թե դուք էլ ուզում եք գնալ»:3

Ես հավատում եմ, որ այսօր Հիսուս Քրիստոսը հարցնում է մեզ բոլորիս, ովքեր Իր հետ սուրբ ուխտեր են կապել․ «Մի՞թե դուք էլ ուզում եք գնալ»։

Ես աղոթում եմ, որ բոլորս, խորապես մտորելով այն մասին, թե ինչ են մեզ համար պահում հավերժությունները, կարողանան պատասխանել Սիմոն Պետրոսի նման․ «Տէր, ո՞ւմ մօտ գնանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու»։4

Եկեք հավատարիմ լինենք նրան, ինչին հավատում ենք և ինչի մասին գիտենք։ Եթե մենք չենք ապրում ըստ մեր գիտելիքի, ապա եկեք փոխվենք։ Մեղսավորները, որոնք մնում են իրենց մեղքերի մեջ և չեն ապաշխարում, ավելի ու ավելի խորն են սուզվում անիրավության մեջ, մինչև որ սատանան վերցնում է նրանց իր մոտ, մեծապես նվազեցնելով ապաշխարելու, ներվելու և հավերժության օրհնություններով օրհնվելու նրանց հնարավորությունը։

Ես շատ արդարացումներ եմ լսել նրանցից, ովքեր դադարել են ակտիվորեն մասնակցել Եկեղեցում և կորցրել են Երկրի վրա մեր ճանապարհորդության նպատակի ճիշտ պատկերացումը։Ես հորդորում եմ նրանց խորհել և վերադառնալ, քանզի հավատում եմ, որ ոչ ոք չի կարող արդարացումներ բերել մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ։

Երբ մենք մկրտվում ենք, սուրբ ուխտեր ենք կապում՝ ոչ թե որևէ մարդու, այլ Փրկիչի հետ, համաձայնվելով մեզ վրա վերցնել «Հիսուս Քրիստոսի անունը, ունենալով վճռականություն՝ ծառայելու Նրան մինչև վերջ»:5

Հաղորդության ժողովին մասնակցելը կարևոր եղանակներից է, որով կարող ենք գնահատել Նրան ծառայելու մեր վճռականությունը, մեր հոգևոր ամրությունը և Հիսուս Քրիստոս հանդեպ մեր հավատքի աճը։

Հանգստության օրվա ամենակարևոր գործերից մեկը հաղորդության ընդունումն է: Տերը մահից առաջ բացատրել է այս արարողությունը Իր Առաքյալներին։ Նույնը Նա արել է Ամերիկյան մայրցամաքում։ Նա ասաց մեզ, որ եթե մենք մասնակցենք այդ արարողությանը, դա վկայություն կլինի Հոր համար, որ մենք միշտ կհիշենք Նրան և Նրա խոստումները, որ այդ դեպքում Նրա Հոգին մեզ հետ կունենանք։6

Իր որդի Սիբլոնին տված Ալմա Կրտսերի ուսմունքներում մենք իմաստուն խորհուրդ և նախազգուշացում ենք գտնում, որն օգնում է մեզ հավատարիմ մնալ մեր ուխտերին․

«Տես որ դու չբարձրամտանաս մինչև հպարտություն. այո, տես որ դու չպարծենաս քո սեփական իմաստությամբ, ոչ էլ քո շատ ուժով:

Գործածիր համարձակություն, բայց ոչ բռնադատություն. և նաև տես որ դու սանձես բոլոր քո կրքերը, որ դու լցվես սիրով. տես որ դու զերծ մնաս անգործությունից»:7

Մի քանի տարի առաջ արձակուրդի ժամանակ ես որոշեցի առաջին անգամ նավարկելփչովի նավակով։ Ես վարձակալեցի նավակը և եռանդով լցված դուրս եկա ծով։

Մի քանի րոպե անց ալիքը շուռ տվեց նավակս։ Մեծ դժվարությամբ, մի ձեռքում պահելով թիակը, իսկ մյուսում՝ նավակը, ես կարողացա ոտքերիս վրա կանգնել։

Ես փորձեցի կրկին թիավարել իմ նավակը, սակայն միայն մի քանի րոպե անց նավակը նորից շուռ եկավ։ Ես համառորեն շարունակում էի կրկին ու կրկին փորձել նավակը պահել ջրի վրա, մինչև որնավարկությունից հասկացող մի մարդ ասաց ինձ, որ, հավանաբար, նավակում ճաք կար և ջուրը լցվում էր ներս, որի հետևանքով այն դառնում էր անկայուն և անվերահսկելի։ Ես քաշելով հանեցի նավակը ափ, բացեցի խցանը, և՝ այո, մեծ քանակությամբ ջուր թափվեց դուրս։

Կարծում եմ, երբեմն մենք կյանքի միջով անցնում ենք մեղքերով, ինչպես իմ նավակի ճաքի դեպքում, ինչը խանգարում է մեր հոգևոր աճին։

Եթե մենք շարունակենք մեր մեղքերը, կմոռանանք մեր ուխտերը, որոնք կապել ենք Տիրոջ հետ, անընդհատ շուռ գալով, որովհետև անհավասարակշռություն է ստեղծվում մեր կյանքում այդ մեղքերի պատճառով։

Ինչպես իմ նավակի ճաքերը, այնպես էլ մեր կյանքի ճաքերը պետք է վերացվեն։ Որոշ մեղքերից ապաշխարելու համար ավելի շատ ջանք կպահանջվի, քան մյուսների։

Հետևաբար, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ․ Որտե՞ղ ենք մենք գտնվում Փրկիչի ու Նրա ուսմունքների նկատմամբ մեր վերաբերմունքի առումով: Կարո՞ղ է պատահել, որ մենք Պետրոսի իրավիճակում ենք, երբ նա ուրացավ Հիսուս Քրիստոսին։ Թե՞ մենք հասել ենք այն կետին, որտեղ ունենք վերաբերմունք և վճռականություն, որը նա ունեցավ, երբ մեծ առաքելություն ստացավ Փրկիչից։8

Մենք պետք է ձգտենք հետևել բոլոր պատվիրաններին և մեծ ուշադրություն դարձնել այն պատվիրաններին, որոնք առավել բարդ են մեզ համար։ Տերը կլինի մեր կողքին, օգնելով մեզ կարիքի և թուլության ժամանակ, և եթե մենք դրսևորենք անկեղծ ցանկություն ու գործենք համապատասխանաբար, Նա մեր թույլ կողմերը կդարձնի ուժեղ։9

Հնազանդությունը մեզ մեղքը հաղթահարելու ուժ կտա։ Մենք պետք է նաև հասկանանք, որ մեր հավատքի փորձությունը պահանջում է, որ մենք հնազանդվենք՝ հաճախ արդյունքները չիմանալով։

Ես առաջարկում եմ մի բանաձև, որը կօգնի մեզ համբերել մինչև վերջ․

  1. Ամեն օր աղոթեք և կարդացեք սուրբ գրությունները:

  2. Ամեն շաբաթ ճաշակեք հաղորդությունը կոտրված սրտով և փշրված հոգով:

  3. Վճարեք տասանորդը և ծոմի ամսական նվիրատվությունները:

  4. Երկու տարին մեկ անգամ, իսկ երիտասարդների համար՝ տարին մեկ անգամ, թարմացրեք տաճարային երաշխավորագիրը։

  5. Կյանքի ողջ ընթացքում ծառայեք Տիրոջ գործին:

Թող ավետարանի մեծ ճշմարտությունները կայունացնեն մեր միտքը, և թող մենք զերծ պահենք մեր կյանքը ճաքերից, որոնք կարող են խոչընդոտել այս կյանքի ծովով մեր ապահով ճամփորդությանը։

Տիրոջ ճանապարհով ընթանալու մեջ հաջողություն ունենալը գին ունի, իսկ դրան հասնելու միակ եղանակը այդ գինը վճարելն է։

Որքան երախտապարտ եմ ես, որ մեր Փրկիչը համբերել է մինչև վերջ, ավարտելով Իր մեծ քավիչ զոհաբերությունը։

Նա տառապեց մեր մեղքերի, ցավերի, ընկճախտերի, վշտերի, թուլությունների և վախերի համար, այնպես որ Նա գիտի ինչպես մեզ օգնել, ինչպես ոգեշնչել մեզ, ինչպես սփոփել մեզ և ինչպես ուժեղացնել մեզ, որպեսզի կարողանանք դիմանալ և ստանալ պսակը, որը պահված է նրանց համար, ովքեր չեն նահանջի։

Յուրաքանչյուրիս համար կյանքը տարբեր է: Բոլորս ունենք փորձությունների ժամանակ, երջանկության ժամանակ, որոշումներ կայացնելու ժամանակ, խոչընդոտներ հաղթահարելու ժամանակ և հնարավորություններից օգուտ քաղելու ժամանակ։

Ինչպիսին էլ լինեն մեր անձնական հանգամանքները, ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը մշտապես ասում է․ «Ես սիրում եմ ձեզ։ Ես սատարում եմ ձեզ: Ես ձեզ հետ եմ։ Մի հանձնվեք: Ապաշխարեք և համբերեք, մնալով ուղու վրա, որը ես ձեզ ցույց տվեցի։ Եվ ես հավաստիացնում եմ ձեզ, որ մենք կտեսնենք միմյանց մեր սելեստիալ տանը»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: