2010–2019 թթ․
Ոգեշնչված ծառայություն
2018թ․ ապրիլ


Ոգեշնչված ծառայություն

Մենք Սուրբ Հոգին ամենից շատ ստանում ենք այն ժամանակ, երբ կենտրոնանում ենք ուրիշներին ծառայելու վրա:Ահա ինչու մենք քահանայության պարտականություն ունենք ծառայելու Փրկիչին:

Իմ սիրելի՛ եղբայրներ, ես երախտապարտ եմ այս պատմական գերագույն համաժողովին ձեզ հետ խոսելու հնարավորության համար:Մենք հաստատեցինք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 17-րդ Նախագահ: Ունենալով նրա հետ ամեն օր աշխատելու օրհնությունը, ես զգացել եմ Հոգու հաստատումը, որ Նախագահ Նելսոնը կանչված է Աստծո կողմից Տիրոջ ճշմարիտ Եկեղեցին ղեկավարելու համար:

Ես նաև վկայություն ունեմ, որ Տերը կանչել է Երեց Գերիթ Վ. Գոնգին և Երեց Ուլիսես Սոարեսին ծառայելու որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներ: Ես սիրում և հաստատում եմ նրանց: Իրենց ծառայությամբ նրանք շատ կյանքեր ու սերունդներ կօրհնեն ամբողջ աշխարհում:

Այս համաժողովը պատմական է ևս մեկ պատճառով: Նախագահ Նելսոնը հայտարարել է Իր Եկեղեցու համար Տիրոջ կազմակերպած ծրագրում ոգեշնչված առաջընթացի մասին:Այդ ծրագիրը ներառում է նոր կառուցվածք ծխերի և ցցերի քահանայության քվորումների համար, որպեսզի մենք կարողանանք ավելի լավ կատարել քահանայության մեր պարտականությունները: Այդ բոլոր պարտականությունները կապված են այն հոգատարության հետ, որ քահանայությունը ցուցաբերում է Հոր զավակների հանդեպ:

Իր Սրբերին սիրառատ հոգատարությամբ ապահովելու Տիրոջ ծրագիրը տարիների ընթացքում իրականացվել է տարբեր եղանակներով: Նավուի վաղ շրջանում Մարգարե Ջոզեֆ Սմիթը մի կազմակերպված եղանակի կարիք ուներ, որպեսզի հոգ տաներ քաղաք եկող մեծ թվով կարիքավոր նորադարձների մասին: Նրանց թվում էին իմ նախապապերից չորսը՝ Այրինգները, Բենիոնները, Ռոմնիները և Սմիթները:Մարգարեն կազմակերպեց այդ Սրբերի մասին հոգ տանելու ջանքերը ըստ աշխարհագրության: Իլինոյսում քաղաքի այդ բաժանմունքները կոչվեցին ծխեր:

Երբ Սրբերը տեղափոխվում էին հարթավայրերով, նրանք կազմակերպված «խմբերով» հոգ էին տանում միմյանց մասին: Իմ հայրական նախապապերից մեկը վերադառնում էր ներկայիս Օկլահոմայի իր միսիայից, երբ տեսավ մի խումբ մարդկանց բեռնասայլի վրա: Նա այնքան էր թուլացել հիվանդության պատճառով, որ իր զուգընկերոջ հետ պառկած էր մի փոքր բեռնասայլում:

Խմբի ղեկավարը երկու երիտասարդ կանանց ուղարկեց, որ օգնեն լքված բեռնասայլում գտնվող անծանոթներին: Նրանցից մեկը՝ մի երիտասարդ քույր, ով դարձի էր եկել Շվեյցարիայում, նայեց միսիոներներից մեկին և կարեկցանք զգաց նրա հանդեպ: Իմ նախապապին փրկեց այդ Սրբերի խումբը: Նա բավականին կազդուրվեց և ճանապարհի մնացած մասը քայլեց դեպի Սոլթ Լեյքի Հովիտ իր երիտասարդ փրկարարի հետ կողք կողքի: Նրանք սիրահարվեցին և ամուսնացան: Նա դարձավ իմ նախապապը՝ Հենրի Այրինգը, իսկ այդ աղջիկը դարձավ իմ նախատատը՝ Մարիա Բոմելի Այրինգը:

Տարիներ անց, երբ մարդիկ հիշում ու խոսում էին մայրցամաքով տեղափոխվելու մասին, նա ասում էր. «Օհ, ոչ, դժվար չէր:Մինչ մենք քայլում էինք, ամբողջ ճանապարհին խոսում էինք, թե ինչ հրաշք էր, որ մենք երկուսս գտանք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանը: Դա իմ հիշողությունների ամենաերջանիկ ժամանակն էր»:

Այդ ժամանակից սկսած, Տերն օգտագործել է տարբեր ուղիներ, օգնելով Իր Սրբերին հոգ տանել միմյանց մասին: Այժմ, Նա օրհնել է մեզ զորացած ու միասնական քվորումներով՝ ծխի ու ցցի մակարդակով. քվորումներ, որոնք համաձայնեցված աշխատում են ծխի բոլոր կազմակերպությունների հետ:

Աշխարհագրական սահմաններով բոլոր ծխերը, խմբերը և հզորացված քվորումները պետք է ունենան առնվազն երկու բան, որպեսզի հաջողությամբ իրականացնեն Տիրոջ ցանկությունը առ այն, որ Իր Սրբերը հոգ տանեն միմյանց մասին այնպես, ինչպես Ինքն է հոգ տանում նրանց մասին:Սրբերը հաջողության են հասնում, երբ Քրիտոսանման սեր են ցուցաբերում միմյանց հանդեպ՝ վեր կանգնելով անձնական շահից: Սուրբ գրություններն այն կոչում են «գթություն … Քրիստոսի մաքուր սեր» (Մորոնի 7.47):Եվ նրանք հաջողության են հասնում, երբ Սուրբ Հոգին ուղղորդում է հոգացողին՝ տեղեկացնելով, թե, ըստ Տիրոջ, ինչ կարիք ունի այն մարդը, ում Նա փորձում է օգնել:

Ժամանակ առ ժամանակ վերջին շաբաթների ընթացքում, Եկեղեցու անդամները իմ ներկայությամբ վարվում էին այնպես, կարծես ինչ-որ ձևով նրանք նախազգացել էին, թե Տերն ինչ էր պատրաստվում անել, ինչպես հայտարարվեց այստեղ այսօր: Թույլ տվեք երկու օրինակով կիսվել ձեզ հետ: Առաջինը մի պարզ հաղորդության ժողովի ելույթ է 14-ամյա Ահարոնյան Քահանայության մի ուսուցչի կողմից, ով հասկանում է, թե քահանայություն կրողներն ինչ կարող են իրականացնել՝ ծառայելով Տիրոջը: Երկրորդը՝ Մելքիսեդեկյան Քահանայություն կրող է, ով, Քիստոսանման սիրով ոգեշնչված, ծառայում է մի ընտանիքի:

Նախ, թույլ տվեք կիսվել ծխի հաղորդության ժողովին երիտասարդ տղայի ելույթի խոսքերով:Ես այնտեղ էի: Փորձեք հիշել, թե ինչպիսին էիք դուք, երբ 14 տարեկան էիք, և լսեք, որ հասկանաք, թե այդքան երիտասարդ տղամարդուց ինչ գիտելիք է ակնկալվում.

«Ինձ իրոք դուր է գալիս, որ ես մեր ծխի ուսուցիչների քվորումի անդամ եմ 14 տարիս լրանալուց հետո: Ուսուցիչը դեռևս ունի սարկավագի բոլոր պարտականությունները՝ գումարած մի քանի նոր պարտականություններ:

Քանի որ մեզանից ոմանք ուսուցիչներ են, ուրիշներն էլ մի օր կդառնան ուսուցիչներ, ուստի կարևոր է, որ բոլորս ավելին իմանանք ուսուցիչների պարտականությունների մասին:

Նախ, Վարդապետություն և Ուխտեր 20.53-ում ասվում է. «Ուսուցչի պարտականությունն է՝ միշտ հսկել եկեղեցու վրա, լինել նրա հետ և ամրապնդել այն»:

Հաջորդը, Վարդապետություն և Ուխտեր 20.54-55-ում ասվում է.

«Եվ հետևել, որ եկեղեցում չլինի անօրինություն, ոչ կոպտություն միմյանց հանդեպ, ոչ էլ ստախոսություն, ոչ բամբասանք, ոչ էլ չարախոսություն.

Եվ հետևել, որ եկեղեցին հաճախ հավաքվի միասին, և նաև հետևել, որ բոլոր անդամները կատարեն իրենց պարտականությունը»:

Երիտասարդ տղամարդը շարունակեց.

«Տերն ասում է մեզ, որ մեր պարտականությունն է հոգ տանել ոչ միայն Եկեղեցու, այլև այն մարդկանց մասին, ովքեր Եկեղեցու ներսում են, այնպես, ինչպես Քրիստոսը հոգ կտաներ, քանի որ սա Նրա Եկեղեցին է: Եթե մենք փորձում ենք պահել պատվիրանները, բարի լինել միմյանց հանդեպ, ազնիվ լինել, լավ ընկերներ լինել և բավականություն ստանալ միասին լինելուց, ապա կկարողանանք Հոգին ունենալ մեզ հետ և իմանալ, թե Երկնային Հայրն ինչ է ցանկանում, որ մենք անենք: Եթե մենք այդպես չվարվենք, ապա չենք կարող կատարել մեր կոչումները»:

Նա շարունակեց` ասելով.

«Երբ ուսուցիչն ընտրում է ճիշտ օրինակ ծառայել՝ լինելով լավ տնային ուսուցիչ, ողջունելով մարդկանց Եկեղեցում, պատրաստելով հաղորդությունը և լինելով խաղարարար, նա ընտրում է պատվել իր քահանայությունը և կատարել իր կոչումը:

Լինել լավ ուսուցիչ չի նշանակում պատասխանատու լինել միայն այն ժամանակ, երբ եկեղեցում ենք կամմասնակցում ենք Եկեղեցու միջոցառումներին: Պողոս Առաքյալն ուսուցանել է. «Օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով» (Ա Տիմոթեոս 4.12):

Ապա երիտասարդ տղամարդն ասաց.

«Կարևոր չէ, թե որտեղ ենք մենք կամ ինչ ենք անում, մենք կարող ենք արդարակեցության լավ օրինակ լինել բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում:

«Ես և հայրս Բրաունների տնային ուսուցիչներն ենք:1 Ամեն անգամ, երբ մենք այցելում ենք նրանց, մենք հրաշալի ժամանակ ենք անցկացնում՝ զրուցելով և ծանոթանալով նրանց հետ: Մի բան, որ ինձ շատ է դուր գալիս Բրաունների ընտանիքում, այն է, որ նրանք բոլորն էլ պատրաստ են լսել և միշտ լավ պատմություններ ունեն մեզ հետ կիսվելու:

Երբ մենք լավ ենք ճանաչում ծխի անդամներին տնային ուսուցման շնորհիվ, ավելի հեշտ է դառնում կատարել ուսուցչի հաջորդ պարտականությունը՝ անդամներին ողջունել եկեղեցում:Օգնելով մարդկանց ընդունված զգալ և ընդգրկված լինել եկեղեցում, կօգնենք ծխի բոլոր անդամներին սիրված զգալ և պատրաստված՝ ճաշակելու հաղորդությունից:

Ողջունելով անդամներին, ովքեր գալիս են եկեղեցի, ուսուցիչներն օգնում են յուրաքանչյուր կիրակի պատրաստել հաղորդությունը: Ես իրոք բավականություն եմ ստանում՝ փոխանցելով ու պատրաստելով հաղորդությունը այս ծխում, քանի որ բոլորն այնքան հարգալից են: Ես միշտ զգում եմ Հոգին, երբ պատրաստում ու փոխանցում եմ հաղորդությունը: Սա իրոք օրհնություն է ինձ համար, և ես կարողանում եմ անել դա ամեն կիրակի:

Որոշ ծառայություններ, ինչպես հաղորդության բաժանումն է, մարդիկ տեսնում են և դրա համար շնորհակալություն հայտնում, բայց ուրիշ ծառայություններ, ինչպես հաղորդության պատրաստումը, սովորաբար ոչ ոք չի նկատում: Կարևոր չէ, արդյո՞ք մարդիկ տեսնում են մեզ ծառայելիս, կարևորն այն է, որ Տերը գիտե, որ մենք ծառայում ենք Նրան:

Որպես ուսուցիչներ, մենք պետք է միշտ փորձենք զորացնել Եկեղեցին, մեր ընկերներին և մեր ընտանիքին՝ կատարելով մեր քահանայական պարտականությունները: Միշտ չէ, որ հեշտ է, բայց Տերը պատվիրաններ չի տալիս մեզ «առանց ուղի պատրաստելու [մեզ]համար, որպեսզի[մենք] կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է[մեզ]» (1 Նեփի 3․7

Երբ երիտասարդ տղամարդը եզրափակում էր, ես շարունակում էի հիանալ նրա հասունության և իմաստության մակարդակով: Նա ամփոփեց, ասելով. «Ես գիտեմ, որ մենք ավելի լավը կդառնանք, եթե որոշենք հետևել [Հիսուս Քրիստոսին]»:

Քահանայության ծառայության մեկ այլ պատմություն պատմեցին մի ամիս առաջ մի ծխի հաղորդության ժողովին: Ես կրկին ներկա էի: Այս դեպքում, Մելքիսեդեկյան քահանայություն փորձառու կրողը խոսելիս չգիտեր, որ ինքը ճշտությամբ նկարագրում է այն, ինչ Տերը ցանկանում է, որ տեղի ունենա հզորացված քահանայության քվորումի հետ: Ահա, թե նա ինչ ընդհանուր առմամբ.

Նա և իր տնային ուսուցման զուգընկերը կցված էին ուսուցանելու յոթ ընտանիքների: Համարյա բոլորը չէին ցանկանում, որ իրենց այցելեին: Երբ տնային ուսուցիչները գնում էին նրանց բնակարանները, նրանք հրաժարվում էին բացել դուռը: Երբ ուսուցիչները զանգում էին, նրանք չէին պատասխանում: Երբ հաղորդագրություն էին թողնում, հետադարձ զանգ չէին ստանում: Այս ավագ զուգընկերը, ի վերջո, որոշեց ծառայել այդ ընտանիքներին նամակներ գրելով: Նա նույնիսկ սկսեց օգտագործել վառ դեղին ծրարներ՝ հույս ունենալով պատասխան ստանալ:

Ընտանիքների թվում կար մի ոչ ակտիվ ամուրի քույր, ով ներգաղթել էր Եվրոպայից: Նա ուներ երկու երեխա:

Նրա հետ կապ հաստատելու մի քանի փորձերից հետո ուսուցիչը հաղորդագրություն ստացավ: Նա պարզապես տեղեկացնում էր, որ ինքը շատ զբաղված է տնային ուսուցիչների հետ հանդիպելու համար: Նա միանգամից երկու տեղում էր աշխատում, ու նաև ծառայում զինված ուժերում: Նա ոստիկանության սպա էր, և նրա մասնագիտական կարիերայի նպատակն էր դառնալ խուզարկու, վերադառնալ իր հայրենի երկիր և աշխատել այնտեղ:

Տնային ուսուցիչը չէր կարողանում այցելել նրան իր տանը: Նա պարբերաբար գրում էր կնոջը: Ամեն ամիս ձեռագիր նամակ էր ուղարկում, որում ավելացնում էր տոնական բացիկներ յուրաքանչյուր երեխայի համար:

Նա ոչ մի արձագանք չէր ստանում: Բայց կինը գիտեր՝ ովքեր էին իր տնային ուսուցիչները, ինչպես կապվել նրանց հետ, և նրանք շարունակում էին կատարել իրենց քահանայության ծառայությունը:

Հետո մի օր ուսուցիչը մի հրատապ հաղորդագրություն ստացավ կնոջից: Նա հուսահատված էր և օգնության կարիք ուներ։ Նա չգիտեր, թե ով է եպիսկոպոսը, բայց գիտեր, թե ովքեր են իր տնային ուսուցիչները:

Մի քանի օրից նա պետք է մեկներ նահանգից մեկամսյա զինավարժությունների: Նա չէր կարող վերցնել երեխաներին իր հետ: Նրա մայրը, ով հոգ էր տանում երեխաների մասին, նոր էր մեկնել Եվրոպա, որպեսզի խնամեր իր ամուսնուն, ով անհապաղ բժշկական օգնության կարիք ուներ:

Այս ոչ ակտիվ քրոջ գումարը բավական էր իր կրտսեր զավակին Եվրոպայի տոմս գնելու համար, բայց 12-ամյա որդու՝ Էրիկի տոմսի համար գումար չուներ:2 Նա հարցրեց իր տնային ուսուցչին՝ արդյոք նա կարող էր մի ՎՕՍ ընտանիք գտնել, ովքեր իրենց վրա կվերցնեին Էրիկի խնամքը հաջորդ մեկ ամսում:

Տնային ուսուցիչը գրեց նրան, որ կանի հնարավոր ամեն բան նրան օգնելու համար: Հետո նա կապվեց իր քահանայության ղեկավարների հետ: Եպիսկոպոսը, ով նախագահող քահանայապետ էր, հավանություն տվեց ծխի խորհրդի անդամներին, ներառյալ Սփոփող Միության նախագահին դիմելու նրա գաղափարին:

Սփոփող Միության նախագահը արագ գտավ չորս լավ ՎՕՍ ընտանիքներ, ովքեր Էրիկի տարիքի երեխաներ ունեին և կվերցնեին նրան իրենց տուն մեկ շաբաթով: Հաջորդ մի ամսում այդ ընտանիքները սենյակ հատկացրին Էրիկին իրենց, առանց այն էլ արդեն մարդաշատ բնակարաններում, կերակրում էին նրան, ընդգրկում նախօրոք պլանավորված ընտանեկան ամառային միջոցառումներում, բերում էին եկեղեցի, ընդգրկում ընտանեկան երեկոներում և այլն:

Ընտանիքները, որոնք ունեին Էրիկի տարիքի տղաներ, ընդգրկում էին նրան սարկավագների քվորումի ժողովներում ու միջոցառումներում: Այդ 30 օրում Էրիկն իր կյանքում առաջին անգամ եկեղեցի էր գալիս ամեն կիրակի:

Երբ նրա մայրը զորավարժանքներից տուն վերադարձավ, Էրիկը շարունակեց հաճախել Եկեղեցի, սովորաբար այս ՎՕՍ կամավորական ընտանիքներից մեկի կամ ուրիշների հետ, ովքեր աջակցում էին նրան, ներառյալ իր մայրիկի այցելող ուսուցիչների հետ: Ի վերջո, նա կարգվեց սարկավագ և կանոնավոր սկսեց հաղորդություն բաժանել:

Այժմ եկեք տեսնենք, թե ինչպիսին կլինի Էրիկի ապագան: Մենք չենք զարմանա, եթե նա ղեկավար դառնա Եկեղեցում իր մոր հայրենիքում, երբ իր ընտանիքը վերադառնա այնտեղ, և այս ամենը այն բանի շնորհիվ, որ Սրբերը միասնական աշխատեցին եպիսկոպոսի ղեկավարությամբ՝ ծառայելով Սուրբ Հոգու առաջնորդությամբ և իրենց սրտում եղած գթության շնորհիվ:

Մենք գիտենք, որ գթությունը կարևոր է, որպեսզի փրկվենք Աստծո արքայությունում: Մորոնին գրել է. «Եթե դուք չունենաք գթություն, դուք ոչ մի կերպ չեք կարող փրկվել Աստծո արքայությունում» (Մորոնի 10.21, տես նաև Եթեր 12.34):

Մենք գիտենք նաև, որ գթությունը մեզ շնորհված պարգև է այն ամենի համար, ինչ մենք կարող ենք անել։ Մենք պետք է «աղոթենք Հորը, սրտի ողջ կորովով, որ կարողանանք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են» (Մորոնի 7.48):

Ինձ թվում է, որ մենք Սուրբ Հոգին ամենից շատ ստանում ենք այն ժամանակ, երբ կենտրոնանում ենք ուրիշներին ծառայելու վրա:Ահա ինչու մենք քահանայության պարտականություն ունեք ծառայելու Փրկիչին: Երբ զբաղված ենք ուրիշներին ծառայելով, մենք ավելի քիչ ենք մտածում մեր մասին և Սուրբ Հոգին կարող է ավելի պատրաստակամ գալ մեզ մոտ և ամբողջ կյանքում օգնել մեզ մեր ջանքերում, որ գթության պարգևը շնորհվի մեզ:

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Իր ծրագրում Տերն արդեն սկսել է մի մեծ առաջընթաց, որպեսզի մեր քահանայության ծառայության մեջ մենք դառնանք ավելի ոգեշնչված ու գթասիրտ:Ես երախտապարտ եմ Նրա սիրո համար, որը Նա այնքան շռայլորեն տալիս է մեզ: Ես այսպես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. Անունը փոխված է

  2. Անունը փոխված է