2010–2019 թթ․
Երիտասարդ Կանայք աշխատանքում
2018թ․ ապրիլ


Երիտասարդ Կանայք աշխատանքում

Յուրաքանչյուր երիտասարդ կին Եկեղեցում պիտի զգա գնահատված, ունենա ծառայելու հնարավորություններ և զգա, որ ինքն ունի ինչ-որ արժեքավոր բան, որը կարող է ներդնել այս աշխատանքում։

Մի տարի առաջ գերագույն համաժողովի քահանայության նիստի ժամանակ Եպիսկոպոս Ջերալդ Կոսեն խոսեց Եկեղեցու տղամարդկանց հետ, նկարագրելով, թե ինչպես են Ահարոնյան և Մելքիսեդեկյան քահանայություն կրողներն անբաժան գործընկերներ հանդիսանում փրկության աշխատանքն իրականացնելիս։1 Այդ ուղերձը մեծ օրհնություն եղավ, օգնելով Ահարոնյան քահանայություն կրող երիտասարդ տղամարդկանց՝ տեսնելու իրենց դերը Աստծո արքայությունը երկրի վրա կառուցելու գործում։ Նրանց համատեղ ծառայությունն ամրապնդում է Եկեղեցին և առաջ բերում ավելի խորը դարձ և պարտավորություն երիտասարդ տղամարդկանց սրտերում, երբ նրանք տեսնում են իրենց ներդրումների արժեքը, և թե որքան հրաշալի է այս աշխատանքը։

Այսօր կցանկանայի, որ իմ խոսքերը լրացնեին այդ ուղերձը, մինչ ես կխոսեմ Եկեղեցու երիտասարդ կանանց մասին, ովքեր հավասարապես անհրաժեշտ և կարևոր են իրենց ընտանիքներում և Տիրոջ Եկեղեցում՝ Նրա աշխատանքն իրականացնելիս։

Եպիսկոպոս Կոսեի նման ես էլ իմ պատանեկության տարիների մեծ մասն անցկացրել եմ Եկեղեցու մի փոքրիկ ճյուղում, և ինձ հաճախ խնդրում էին կատարել հանձնարարություններ և կոչումներ, որոնք սովորաբար նախատեսված էին չափահասների համար։ Օրինակ, նրանք, ովքեր ընդգրկված էին երիտասարդների ծրագրում, հաճախ օգնում էին կազմակերպել և անցկացնել մեր միջոցառումներն ու հատուկ մրցումները։Մենք գրում էինք բեմականացումներ, կազմում երգչախումբ ճյուղի միջոցառումների համար և լիարժեք մասնակցություն էինք ունենում յուրաքանչյուր ժողովի ժամանակ։ Ես կանչվել էի որպես ճյուղի երաժշտության ղեկավար և ամեն շաբաթ հաղորդության ժողովին խմբավարում էի երգերը։ Դա հրաշալի փորձառություն էր 16 տարեկանում. յուրաքանչյուր կիրակի ճյուղում կանգնել բոլորի առջև և խմբավարել նրանց օրհներգերը կատարելիս։ Ես զգացի, որ իմ կարիքն ունեին և գիտեի, որ որոշակի ներդրում կարող էի ունենալ։ Մարդիկ այնտեղ ունեին իմ կարիքը, և ինձ դուր էր գալիս օգտակար լինել։ Այդ փորձառությունն օգնեց վկայություն ձեռք բերել Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, և ինչպես Եպիսկոպոս Կոսեի դեպքում, այն խարսխեց իմ կյանքը ավետարանին ծառայելու վրա։

Յուրաքանչյուր անդամ պետք է իմանա, թե որքան է զգացվում իր կարիքը։ Յուրաքանչյուր անձնավորություն որևէ կարևոր բան ունի ներդնելու և ունի յուրահատուկ տաղանդներ ու ունակություններ, որ օգնում են առաջ տանել այս կարևոր աշխատանքը։ Մեր երիտասարդ տղամարդիկ ունեն Վարդապետություն և Ուխտերում նկարագրված Ահարոնյան քահանայության պարտականությունները, որոնք բավականին տեսանելի են։ Գուցե այդքան էլ ակնհայտ չէ Եկեղեցու երիտասարդ կանանց, նրանց ծնողների և նրանց ղեկավարների համար, որ իրենց մկրտության օրվանից սկսած երիտասարդ կանայք ունեն ուխտի հետ կապված պարտականություններ՝ «սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու, որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ [նրանք] կարող է լինեն, նույնիսկ՝ մինչև մահ»։2 Երիտասարդ կանայք հնարավորություններ ունեն կատարելու այդ պարտականություններն իրենց ծխերում և ճյուղերում և երբ ծառայում են դասարանների նախագահություններում, երիտասարդների խորհուրդներում և այլ կոչումներում։ Նույնիսկ երիտասարդ կինը Եկեղեցում պիտի զգա գնահատված, ունենա ծառայելու հնարավորություններ և զգա, որ ինքն ունի ինչ-որ արժեքավոր բան, որ կարող է ներդնել այս աշխատանքում։

Ձեռնարկ 2-ում մենք սովորում ենք, որ փրկության աշխատանքը մեր ծխերում ներառում է «անդամների միսիոներական աշխատանքը, նորադարձների պահպանումը, քիչ ակտիվ անդամների ակտիվացումը, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքները և ավետարանի ուսուցումը»:3 Այս աշխատանքը ղեկավարվում է մեր հավատարիմ եպիսկոպոսների կողմից, ովքեր կրում են քահանայության բանալիներ իրենց ծխի համար։ Երկար տարիներ մեր նախագահությունը տալիս է հետևյալ հարցը․ «Նշված ոլորտներից որո՞ւմ չեն կարող մեր երիտասարդ կանայք ներգրավված լինել»։ Պատասխանն այն է, որ նրանք որևէ բան ունեն ներդնելու այս աշխատանքի բոլոր ոլորտներում։

Օրինակ, վերջերս Լաս Վեգասի տարածքում հանդիպեցի մի քանի երիտասարդ կանանց, ովքեր կանչվել էին ծառայելու որպես ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուներ։ Նրանք խանդավառությամբ փայլում էին, որ կարող են ուսուցանել և օգնել իրենց ծխի անդամներին գտնել իրենց նախնիներին։Նրանք արժեքավոր հմտություններ ունեին կապված համակարգիչների հետ, սովորել էին, թե ինչպես օգտագործել FamilySearch-ը և խանդավառությամբ կիսվում էին ուրիշների հետ այդ գիտելիքներով։ Պարզ երևում էր, որ նրանք վկայություններ և հասկացողություն ունեին մեր մահացած նախնիների անունները գտնելու կարևորության հետ կապված, որպեսզի նրանց համար տաճարում հնարավոր լինի կատարել կարևոր փրկող արարողությունները։

Ամիսներ առաջ ես հնարավորություն ունեցա փորձարկելու մի գաղափար երկու 14-ամյա երիտասարդ կանանց հետ։Ես ձեռք բերեցի ծխի խորհրդի երկու իրական օրակարգերի օրինակներ և մեկական օրինակ տվեցի Էմմային և Մեգիին։ Ես խնդրեցի նրանց կարդալ օրակարգը և տեսնել՝ արդյոք ծխի խորհրդում կայինգործնական ծրագրեր, որոնց համաձայն նրանք կարող էին ծառայություն մատուցել։ Էմման տեսավ, որ նոր ընտանիք էր գալիս իրենց ծուխ, և ասաց, որ կարող էր օգնել նրանց տեղափոխվել և դասավորել նրանց իրերը։ Նա մտածեց, որ կարող էր ընկերանալ ընտանիքի երեխաների հետ և ծանոթացնել նրանց նոր դպրոցի հետ։ Նա տեսավ, որ շուտով տեղի էր ունենալու ծխի ընթրիք և զգաց, որ շատ տարբեր եղանակներով կարող էր առաջարկել իր ծառայությունները։

Մեգին տեսավ, որ ծխում կային մի քանի ծեր մարդիկ, ովքեր ունեին այցելությունների և ընկերակցության կարիք։ Նա ասաց, որ սիրով կայցելեր և կօգներ այդ հրաշալի ծեր անդամներին։ Նա նաև զգաց, որ կարող էր օգնել ուսուցանել ծխի անդամներին, թե ինչպես ստեղծել և օգտագործել սոցիալական լրատվամիջոցների կայքերը։ Այդ օրակարգերում իսկապես չկար մի կետ, որի հետ կապված այդ երկու երիտասարդ կանայք չկարողանային օգնել։

Արդյո՞ք նրանք, ովքեր նստում են ծխի խորհուրդներին կամ ծխում ունեն որևէ կոչում, նայում են երիտասարդ կանանց որպես արժեքավոր աղբյուրների, որոնք կարող են օգնել հոգալու մեր ծխերի շատ կարիքներ։ Սովորաբար լինում են բազմաթիվ իրավիճակներ, երբ պահանջվում է որևէ մեկի ծառայությունը, և մենք հաճախ մտածում ենք միայն ծխի չափահասների մասին, որ հոգան այդ կարիքները։ Ճիշտ ինչպես Ահարոնյան Քահանայություն կրողներն են հրավիրվել աշխատելու իրենց հայրերի և Մելքիսեդեկյան Քահանայություն կրող այլ տղամարդկանց հետ, մեր երիտասարդ կանայք կարող են կանչվել ծառայություն մատուցելու և ծխի անդամների կարիքները հոգալու համար իրենց մայրերի կամ այլ օրինակելի քույրերի հետ։ Նրանք ունակ են, ձգտող և պատրաստակամ անելու շատ ավելին, քան պարզապես կիրակի օրերին եկեղեցի հաճախելը։

Նկար
Երիտասարդ կինն օգնում է գնումներ կատարելիս
Նկար
Երիտասարդ կինը ծառայելիս
Նկար
Երիտասարդ կինն օգնում է օգտվել համակարգչից
Նկար
Երիտասարդ կինը մաքրելիս
Նկար
Երիտասարդ կինը խմբավարելիս
Նկար
Երիտասարդ կինն ուսուցանելիս
Նկար
Երիտասարդ կինն Օգնող ձեռքեր հագուստով
Նկար
Երիտասարդ Կանայք եկեղեցու մոտ ողջունելիս

Երբ մենք խորհենք դերերի մասին, որ մեր երիտասարդ կանանցից կակնկալվի ստանձնել մոտ ապագայում, մենք գուցե հարցնենք ինքներս մեզ, թե ինչպիսի փորձառություններ կարող ենք ապահովել նրանց համար այժմ, որոնք կօգնեն նրանց նախապատրաստվել լինել միսիոներներ, ավետարանի գիտակներ, Եկեղեցու օժանդակ կազմակերպությունների ղեկավարներ, տաճարային աշխատողներ, կանայք, մայրեր, ուսուցիչներ, օրինակներ և ընկերներ։ Նրանք, ի դեպ, այժմ կարող են սկսել կատարել այդ դերերից շատերը։ Երիտասարդներին հաճախ խնդրում են օգնել ուսուցանել դասեր կիրակի օրերին իրենց դասարաններում։ Այժմ մեր երիտասարդ կանանց հնարավորություն է տրվում ծառայություն կատարել տաճարում, որ նախկինում կատարվել է արարողություններ կատարողների կամ կամավորների կողմից, երբ նրանք այցելեն իրենց երիտասարդական խմբերով, որպեսզի մկրտություններ կատարեն մահացածների համար։ Երեխաների Միության մեր աղջիկներին այժմ հրավիրում են այցելել Տաճարի և Քահանայության Նախապատրաստության ժողովներին, որը կօգնի նրանց հասկանալ, որ նրանք նույնպես կարևոր մասնակիցներ են քահանայության ղեկավարած աշխատանքում։ Նրանք սովորում են, որ տղամարդիկ, կանայք, երիտասարդները և երեխաները բոլորն էլ կարող են ստանալ քահանայության օրհնություններ և բոլորն էլ կարող են ակտիվ դեր խաղալ Տիրոջ աշխատանքն առաջ տանելու գործում։

Եպիսկոպոսնե՛ր, մենք գիտենք, որ ձեր պարտականությունները հաճախ ծանր են լինում, սակայն ճիշտ ինչպես ձեր կարևորագույն առաջնահերթություններից մեկն է նախագահել Ահարոնյան քահանայության քվորումներում, Ձեռնարկ 2-ում նշված է, որ «եպիսկոպոսը և նրա խորհրդականները քահանայության ղեկավարություն են ապահովում Երիտասարդ Կանանց կազմակերպության համար։ Նրանք հսկում և ամրացնում են յուրաքանչյուր երիտասարդ կնոջ՝ սերտորեն համագործակցելով ծնողների և Երիտասարդ Կանանց ղեկավարների հետ»։ Այնտեղ նաև նշվում է, որ «եպիսկոպոսը և նրա խորհրդականները պարբերաբար մասնակցում են Երիտասարդ Կանանց ժողովներին, ծառայություններին և միջոցառումներին»։4 Մենք երախտապարտ ենք այն եպիսկոպոսների համար, ովքեր ժամանակ են տրամադրում այցելելու Երիտասարդ Կանանց դասերին և ովքեր հնարավորություններ են տալիս երիտասարդ կանանց լինելու ավելին, քան միայն հանդիսատեսներ այս աշխատանքում։ Շնորհակալ ենք ձեր հսկողության համար, որ երիտասարդ կանայք գնահատված մասնակիցներ դառնան ծխի անդամների կարիքները հոգալիս։ Իմաստալից եղանակներով ծառայելու այս հնարավորությունները շատ ավելի են օրհնում նրանց, քան միջոցառումները, որոնց ժամանակ նրանք պարզապես զվարճանում են։

Եկեղեցու երիտասա՛րդ կանայք, ձեր պատանեկության տարիները կարող են զբաղված և հաճախ դժվարին լինել։ Մենք նկատել ենք, որ ձեզանից շատերը պայքարում են ցածր ինքնագնահատականի, անհանգիստ վիճակների, մեծ լարվածության ևանգամ դեպրեսիայի դեմ։ Ձեր սեփական խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն ձեր մտքերը դեպի ուրիշները սևեռելով գուցե չլուծեք այդ բոլոր խնդիրները, սակայն ծառայությունը հաճախ կարող է թեթևացնել ձեր բեռները և ձեր խնդիրներն ավելի հեշտ լուծումներ կգտնեն։ Ինքնագնահատականը բարձրացնելու լավագույն եղանակը ուրիշների հանդեպ մեր հոգատարության և ծառայության միջոցով ցույց տալն է, որ մենք շատ արժեքներ ունենք, որոնք կարող ենք ներդնել։5 Ես խրախուսում եմ ձեզ, երիտասա՛րդ կանայք, բարձրացնել ձեր ձեռքերը կամավորներ լինելու համար և գործի դնել այդ ձեռքերը, երբ տեսնում եք կարիքներ ձեր շուրջը։ Երբ դուք կատարեք ձեր ուխտի պարտականությունները և մասնակցեք Աստծո արքայության կառուցմանը, օրհնություններ կհորդեն ձեր կյանք և դուք կբացահայտեք աշակերտության մեծ ու հարատև ուրախությունը։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր երիտասարդ կանայք հրաշալի են։ Նրանք ունեն տաղանդներ, անսահման ոգևորություն ու եռանդ, և նրանք կարեկցող ու հոգատար են։ Նրանք ուզում են ծառայել։ Նրանք պետք է իմանան, որ գնահատված են և կարևոր դեր են խաղում փրկության աշխատանքում։ Ճիշտ ինչպես երիտասարդ տղամարդիկ պատրաստվում են Ահարոնյան Քահանայությունում ավելի մեծ ծառայության համար, մինչ նրանք կստանան Մելքիսեդեկյան Քահանայությունը, մեր երիտասարդ կանայք պատրաստվում են դառնալ աշխարհի ամենահրաշալի կանանց կազմակերպության՝ Սփոփող Միության անդամները։ Այս գեղեցիկ, ուժեղ, հավատարիմ երիտասարդ կանայք և երիտասարդ տղամարդիկ միասին նախապատրաստվում են լինել կանայք և ամուսիններ, մայրեր և հայրեր, ովքեր կստեղծեն ընտանիքներ, որոնք արժանի կլինեն Աստծո սելեստիալ արքայությանը։

Ես վկայում եմ, որ մեր Երկնային Հոր գործն է իրականացնել Իր զավակների անմահությունն ու հավերժական կյանքը։6 Մեր թանկագին երիտասարդ կանայք կարևոր դեր ունեն օգնելու իրականացնել այս մեծ աշխատանքը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: