«Որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինեք»

Երեց Շեյն Մ. Բոուեն

Յոթանասունից


Shayne M. Bowen
Նրա շնորհիվ, այսինքն՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհիվ, վշտի, միայնակությունը և հուսահատությունը այդ զգացումները մի օր կուլ կգնան ուրախության լիության մեջ:

Երբ ծառայում էի Չիլիում որպես երիտասարդ միսիոներ, ճյուղում ես և իմ զուգընկերը հանդիպեցինք յոթ հոգուց բաղկացած մի ընտանիքի: Մայրն ամեն շաբաթ հաճախում էր իր հինգ երեխաների հետ: Մենք ենթադրում էինք, որ նրանք երկար ժամանակվա անդամներ էին: Բայց մի քանի շաբաթ անց մենք իմացանք, որ նրանք մկրտված չէին:

Մենք անմիջապես կապվեցինք ընտանիքի հետ և հարցրեցինք, թե կարող էինք գալ իրենց տուն և ուսուցանել նրանց: Հայրը հետաքրքրված չէր սովորել ավետարանի մասին, բայց դեմ չէր իր ընտանիքին մեր ուսուցանելուն:

Քույր Ռամիրեսն արագ առաջադիմում էր դասերի ընթացքում: Նա անհամբեր ուզում էր սովորել ողջ վարդապետությունը, որ մենք ուսուցանում էինք: Մի երեկո, երբ մենք քննարկում էինք մանուկների մկրտությունը, մենք ուսուցանեցինք, որ փոքր երեխաներն անմեղ են և կարիք չունեն մկրտության: Մենք հրավիրեցինք նրան կարդալ Մորոնիի գրքում.

«Ահա, ես ասում եմ ձեզ, որ այս բանը պիտի դուք սովորեցնեք՝ ապաշխարություն և մկրտություն նրանց, ովքեր պատասխանատու են և ընդունակ մեղք գործելու. Այո, սովորեցրեք ծնողներին, որ նրանք պետք է ապաշխարեն և մկրտվեն, և խոնարհեցնեն իրենց, ինչպես իրենց փոքր երեխաները, և նրանք բոլորը պիտի փրկվեն իրենց փոքր երեխաների հետ:

Իսկ նրանց փոքր երեխաները կարիք չունեն ապաշխարության, ոչ էլ մկրտության: Ահա, մկրտությունն ապաշխարության համար է՝ ի կատարումն պատվիրանների՝ մեղքերի թողության համար:

Բայց փոքր երեխաները կենդանի են Քրիստոսով, նույնիսկ աշխարհի հիմնադրումից ի վեր. Եթե ոչ, Աստված կողմնապահ Աստված է, և նաև փոփոխական Աստված, և մարդկանց հանդեպ՝ աչառ. Քանզի, որքան շատ փոքր երեխաներ են մահացել առանց մկրտության»:1

Այս սուրբ գրությունը կարդալուց հետո Քույր Ռամիրեսն սկսեց հեկեկալ: Զուգընկերս և եսշփոթվեցինք: Ես հարցրեցի. «Քույր Ռամիրես, մենք արդյոք ինչ-որ բա՞ն ասացինք կամ արեցինք, որը ձեզ վիրավորեց»:

Նա ասաց. «Օ՜, ո՛չ, երեց, դուք ոչ մի սխալ բան չեք արել: Վեց տարի առաջ ես տղա երեխա ունեի: Նա մահացավ մինչև մենք նրան կմկրտեինք: Մեր քահանան ասաց մեզ, որ քանի որ մենք նրան չէինք մկրտել, նա դժոխքում կլինի ողջ հավերժության ընթացքում: Վեց տարի ես կրում էի այդ ցավն ու հանցանքը: Այս սուրբ գրությունը կարդալուց հետո, ես գիտեմ Սուրբ Հոգու զորությամբ, որ դա ճշմարիտ է: Ես զգացի մեծ ծանրություն վերցվեց իմ վրայից և սրանք ուրախության արցունքներ են»:

Ես հիշեցի Մարգարե Ջոզեֆ Սմիթի ուսմուքների մասին, որն ուսուցանել է այս մխիթարող վարդապետությունը. «Տերը շատերին տանում է, նույնիսկ մանկության ժամանակ, որպեսզի նրանք խուսափեն մարդկանց նախանձից և ներկա աշխարհի ցավերից ու չարիքից. նրանք շատ մաքուր են, շատ սիրուն, երկրի վրա ապրելու համար, ուստի եթե ճիշտ մտածենք, սգալու փոխարեն, մենք պատճառ ունենք ուրախանալու, քանի որ նրանք ազատվում են չարից և շատ չի անցնի, որ նրանք կրկին մեզ հետ կլինեն»:2

Անտանելի վշտից ու ցավից գրեթե վեց տարի տառապելուց հետո, Երկնային Հոր կողմից ապրող մարգարեի միջոցով հայտնի դարձված ճշմարիտ վարդապետությունը, բերեց քաղցր խաղաղություն այս տանջված կնոջը: Ավելորդ է ասել, որ Քույր Ռամիրեսը և նրա երեխաները, ովքեր ութ տարեկան էին և ավելի, մկրտվեցին:

Ես հիշում եմ, թե ինչպես գրեցի ընտանիքիս՝ արտահայտելով երախտագիտություն, որ ես զգում էի իմ սրտում Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանի այս գիտելիքի և այնքան շատ այլ պարզ և թանկարժեք ճշմարտությունների համար: Ես երբեք չեմ երազել, թե ինչպես այս սքանչելի ճշմարիտ սկզբունքը ետ կգար ինձ ապագա տարիներին և կդառնար Գաղաադի իմ բալասանը:

Ես կկամենայի խոսել նրանց հետ, ովքեր երեխա են կորցրել և տվել են հետևյալ հարցը. «Ինչո՞ւ ես» կամ գուցե նույնիսկ կասկածի տակ եք դրել սիրառատ Երկնային Հոր հանդեպ ձեր իսկ հավատքը: Իմ աղոթքն է, որ Սուրբ Հոգու զորությամբ ես կարողանամ բերել ինչ-որ չափով հույս, խաղաղություն և հասկացողություն: Իմ ցանկությունն է, որ ես լինեմ մի միջոց ձեր հավատքի վերականգման համար առ մեր սիրառատ Հայրը, որ Երկնքում է, ով գիտի ամեն բան և թույլ է տալիս մեզ տանել փորձություններ, որպեսզի մենք կարողանանք գալ Նրան ճանաչելուն և սիրելուն և հասկանանք, որ առանց Նրա մենք չունենք ոչինչ:

1990 թվականի փետրվարի 4-ին ծնվեց մեր երրորդ որդին՝ մեր վեցերորդ երեխան: Մենք անվանեցինք նրան Թայսոն: Նա գեղեցիկ փոքրիկ տղա էր և ընտանիքը նրան դիմավորեց բաց սրտերով և բաց բազուկներով: Նրա եղբայրներն ու քույրերը այնքան հպարտ էին նրանով: Մենք բոլորս մտածում էինք, որ նա ամենակատարյալ փոքրիկ տղան էր, որը երբևէ ծնվել էր:

Երբ Թայսոնը ութ ամսեկան էր, նա կուլ տվեց մի կտոր կավիճ, որը գտել էր գորգի վրա: Կավիճը խրվել էր Թայսոնի կոկորդում և նա դադարեց շնչել: Նրա ավագ եղբայրը բերեց Թայսոնին աստիճաններով վեր խելահեղորեն բացականչելով. «Երեխան չի՛ շնչում: Երեխան չի՛ շնչում»: Մենք սկսեցինք սրտաթոքային վերակենդանացում կատարել և կանչեցինք 911:

Շտապ օգնության անձնակազմը եկավ և արագ հիվանդանոց հասցրեց Թայսոնին: Սպասասրահում մենք շարունակում էինք ջերմեռանդ աղոթել՝ աղերսելով Աստծուն հրաշք կատարել: Կյանքի չափ թվացող որոշ ժամանակ անց, բժիշկը սենյակ մտավ և ասաց. «Շա՜տ ցավում եմ: Էլ ոչինչ հնարավոր չէ անել: Առանց շտապելու հրաժեշտ տվեք»: Ապա նա հեռացավ:

Երբ մենք սենյակ մտանք, որտեղ Թայսոնն էր պառկած, մենք տեսանք անկենդան դարձած մեր ուրախության փոքրիկ փաթեթը: Թվում էր կարծես իր փոքրիկ մարմնի շուրջը երկնային փայլ ուներ: Նա այնքան լուսաշող էր և մաքուր:

Այդ պահին այնպիսի զգացում առաջացավ, որ կարծես աշխարհը մեզ համար ավարտվեց: Ինչպե՞ս կարող էինք վերադառնալ մյուս երեխաների մոտ և ինչ-որ ձևով փորձել բացատրել, որ Թայսոնը չէր գալու տուն:

Ես կխոսեմ եզակի թվով, երբ պատմեմ այդ փորձառության մնացած մասը: Իմ հրեշտակային կինը և ես տոկացինք այս փորձությանը միասին, բայց ես անհամապատասխան եմ գտնում ինձ արտահայտել մոր զգացումները և նույնիսկ չէի էլ փորձի անել այդ:

Անհնարին է նկարագրել այն խառը զգացմունքները, որ ես ունեցա իմ կյանքի այդ պահին: Ժամանակի մեծ մասը ես այնպես էի զգում կարծես վատ երազի մեջ էի և որ շուտով ես կարթնանամ և այդ սոսկալի մղձավանջը կավարտվի: Շատ գիշերներ ես չէի քնում: Ես հաճախ թափառում էի մի սենյակից մյուսը, համոզվելու համար, որ մեր մյուս երեխաները բոլորն անվտանգ էին:

Հանցանքի զգացումները պատառոտում էին հոգիս: Ես շատ մեղավոր էի զգում: Ինձ կեղտոտ էի զգում: Ես նրա հայրն էի, ես պետք է ավելի շատ բան անեի նրան պաշտպանելու համար: Եթե միայն արած լինեի այս կամ այն: Երբեմն նույնիսկ այժմ՝ 22 տարի անց, այդ զգացումները սկսում են սողոսկել սիրտս, և ես պետք է դրանցից ազատվեմ արագ, որովհետև դրանք կարող են կարծանարար լինել:

Թայսոնի մահից մոտ մեկ ամիս անց ես հարցազրույց ունեցա Երեց Դին Լ. Լարսենի հետ: Նա ժամանակ տրամադրեց ինձ լսելու համար և ես միշտ շնորհակալ կլինեմ նրա խորհրդի և սիրո համար: Նա ասաց. «Չեմ կարծում Տերը կկամենար, որ դու պատժեիր ինքդ քեզ քո փոքրիկ տղայի մահվան համար»: Ես զգացի իմ Երկնային Հոր սերը նրա ընտրյալ անոթներից մեկի միջոցով:

Այնուամենայնիվ, տանջալի մտքերը շարունակում էին անհանգստացնել ինձ և շուտով ես սկսեցի բարկություն զգալ: Սա անարդար էր: Ինչպես կարող էր Աստված այդպես վարվել ինձ հետ: Ինչո՞ւ ես: Ի՞նչ էի ես արել սրան արժանանալու համար: Ես նույնիսկ զգում էի բարկություն այն մարդկանց հանդեպ, ովքեր ուղղակի ուզում էին մխիթարել մեզ: Հիշում եմ, թե ինչպես էին ընկերներս ասում. «Գիտեմ ինչ ես զգում»: Ես մտածում էի մտքումս. «Դուք գաղափար անգամ չունեք, թե ես ինչպես եմ զգում: Ինձ հանգիստ թողեք»: Ես շուտով պարզեցի, որ ինքնախղճահարությունը ևս կարող էր շատ թուլացնող լինել: Ես ամաչում էի ինքս ինձանից՝ անբարյացակամ մտքեր ունենալու համար սիրելի ընկերների հանդեպ, ովքեր ուղղակի փորձում էին օգնել:

Երբ զգացի, որ հանցանքը, բարկությունը և ինքնախղճահարությունը փորձում էին ոչնչացնել ինձ, ես սկսեցի աղոթել, որ սիրտս փոխվի: Անձնական շատ սրբազան փորձառությունների միջոցով, Աստված տվեց ինձ նոր սիրտ, և չնայած դեռ միայնակ էի և ցավի մեջ, իմ ողջ մտահորիզոնը փոխվեց: Ինձ հասկացողություն տրվեց իմանալու, որ ինձ չէին կողոպտել, այլ որ ինձ համար մի մեծ օրհնություն էր սպասվում, եթե ես ապացուցեի իմ հավատարմությունը:

Կյանքս սկսեց փոխվել, և ես կարողացա ավելի շուտ առաջ նայել հույսով, քան ետ նայել հուսահատությամբ: Ես վկայում եմ, որ այս կյանքը վերջը չէ: Հոգիների աշխարհը իրական է: Մարգարեների ուսմունքները մահից հետո կյանքի վերաբերյալ ճշմարիտ են: Այս կյանքը միայն անցումային քայլ է առաջ՝ դեպի մեր Երկնային Հայրը մեր ճանապարհորդության ընթացքում:

Թայսոնը մնացել է մեր ընտանիքի խիստ անբաժան մասը: Տարիների ընթացքում սքանչելի էր տեսնել սիրառատ Երկնային Հոր ողորմածությունն ու բարությունը, ով թույլ տվեց, որ մեր ընտանիքը զգար շատ շոշափելի ձևով Թայսոնի ազդեցության ուղիները: Ես վկայում եմ, որ վարագույրը բարակ է: Հավատարմության, սիրո, ընտանեկան միասնության նույն զգացումները չեն վերջանում, երբ մեր սիրելիներն անցնում են վարագույրի մյուս կողմը, ընդհակառակը, այդ զգացումներն ուժեղանում են:

Երբեմն մարդիկ հարցնում են. «Որքա՞ն ժամանակ պահանջվեց ձեզանից դա հաղթահարելու համար»: Ճշմարտությունն այն է, որ երբեք լիովին չեք հաղթահարի, մինչև նորից միասին չլինեք ձեզանից հեռացած հարազատների հետ: Ես երբեք չեմ ունենա ուրախության լիություն, մինչև մենք չվերամիավորվենք Առաջին Հարության առավոտյան:

«Քանզի մարդը ոգի է: Տարրերը հավերժական են, և ոգին ու տարրը, անբաժանելիորեն միացած, ստանում են ուրախության լիությունը.

Եվ երբ բաժանված են, մարդը չի կարող ստանալ ուրախության լիությունը»:3

Բայց միևնույն ժամանակ ինչպես Փրկիչն է ուսուցանել, մենք կարող ենք շարունակել քաջությամբ:4

Ես իմացա, որ դառը, գրեթե անտանելի ցավը կարող է դառնալ քաղցր, երբ դուք դիմեք ձեր Երկնային Հորը և աղերսեք Նրա գթությունը, որը գալիս է Նրա ծրագրից, Նրա Որդուց՝ Հիսուս Քրիստոսից և Նրա Մխիթարիչից, որը Սուրբ Հոգին է:

Ինչպիսի փառահեղ օրհնություն է սա մեր կյանքում: Արդյոք ողբերգական չէր լինի, եթե մենք մեծ վիշտ չզգայինք, երբ երեխա ենք կորցնում: Որքան երախտապարտ եմ իմ Երկնային Հորը, որ Նա թույլ է տալիս մեզ խորապես սիրելու և սիրելու հավերժորեն: Այնքա՜ն երախտապարտ եմ ես հավերժական ընտանիքների համար: Այնքա՜ն երախտապարտ եմ ես, որ Նա հայտնի է դարձրել կրկին Իր ապրող մարգարեների միջոցով փրկագնման փառահեղ ծրագիրը:

Հիշեք ձեր հարազատի թաղմանը մասնակցելիս ձեր սրտի զգացումները, երբ հեռանում էիք գերեզմանատնից և ետ էիք նայում՝ տեսնելու այն միայնակ հողաթումբը, զարմանալով, թե ինչպես ձեր սիրտը չի պատռվում:

Ես վկայում եմ, որ Նրա շնորհիվ, այսինքն՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհիվ, վշտի, միայնակությունը և հուսահատությունը այդ զգացումները մի օր կուլ կգնան ուրախության լիության մեջ: Ես վկայում եմ, որ մենք կարող ենք վստահել Նրան, երբ Նա ասել է.

«Ձեզ որբ չեմ թողիլ. Կգամ ձեզ մոտ:

Մի փոքր ժամանակ էլ, եւ աշխարհքն էլ չի տեսնիլ ինձ, բայց դուք կտեսնեք ինձ. Որովհետև ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կլինիք»:5

Ես վկայում եմ, որ ինչպես ասվում է Քարոզիր Իմ Ավետարանը, գրքում, երբ մենք ապավինենք Հիսուս Քրիստոսի Քավությանը, Նա կարող է օգնել մեզ դիմանալ մեր փորձություններին, հիվանդություններին և ցավերին: Մենք կարող ենք լցված լինել ուրախությամբ, խաղաղությամբ և մխիթարությամբ: Այն ամենն, ինչ անարդար է կյանքում, կարող է դառնալ ճիշտ՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:6

Ես վկայում եմ, որ Առաջին Հարության այն պայծառ փառահեղ առավոտյան ձեր հարազատները, ինչպեսև իմը դուրս կգան գերեզմանից ինչպես խոստացված է անձնապես Տիրոջ կողմից և մենք կունենանք ուրախության լիություն: Որովհետև Նա ապրում է, նրանք և մենք նույնպես կապրենք: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Show References

  1.  

    1  Մորոնի 8.10–12:

  2.  

    2  Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 176.

  3.  

    3  Վարդապետություն և Ուխտեր 93.33–34:

  4.  

    4 Տես Հովհաննես ԺԶ.33:

  5.  

    5  Հովհաննես ԺԴ.18–19:

  6.  

    6  Քարոզիր Իմ Ավետարանը. Միսիոներական Ծառայության Ուղեցույց (2004), 52: