Նախ նկատեք, ապա ծառայեք

Լինդա Ք. Բըրթըն

Սփոփող Միության գերագույն նախագահ


Linda K. Burton
Փորձ ձեռք բերելու հետ մեկտեղ յուրաքանչյուրս ավելի է նմանվում Փրկչին, ծառայելով Աստծո զավակներին:

Մեծագույն ապացույցներից մեկը, որ մեր սիրելի մարգարեն՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը ընտրված ծառա է, այն է, որ նա սովորել է հետևել մարդկանց անհատապես՝ մեկ առ մեկ ծառայելու Փրկչի օրինակին: Մեզանից նրանք, ովքեր մտել են մկրտության ջրերը, ուխտել են անել նույնը: Մենք ուխտել ենք «միշտ հիշել [Փրկչին] և պահել նրա պատվիրանները»,1 իսկ Նա ասել է. «Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի»:2

Նկատեք, թե ինչպես են Նախագահ Մոնսոնի հետևյալ խոսքերը նույն հրավերը պարունակում. «Մենք շրջապատված ենք նրանցով, ովքեր մեր ուշադրության, մեր խրախուսանքի, մեր աջակցության, մեր սփոփանքի, մեր բարության կարիքն ունեն: … Մենք Տիրոջ ձեռքերն ենք այստեղ՝ երկրի վրա, հանձնարարական ունենալով ծառայելու և բարձրացնելու Նրա զավակներին: Նա ապավինում է մեզանից յուրաքանչյուրին»:3

Դուք լսեցի՞ք դա, հրավեր՝ սիրել միմյանց: Ոմանց համար մեկ առ մեկ ուրիշներին ծառայելը կամ սպասավորելը, հետևելով Փրկչի օրինակին, այդքան էլ հեշտ չէ: Սակայն փորձ ձեռք բերելու հետ մեկտեղ յուրաքանչյուրս ավելի է նմանվում Փրկչին, ծառայելով Աստծո զավակներին: Որպեսզի մենք ավելի շատ սիրենք միմյանց, ես կառաջարկեմ հիշել չորս բառ. «Նախ նկատեք, ապա ծառայեք»:

Մոտ 40 տարի առաջ ամուսինս և ես ուրբաթ օրվա մեր ժամադրությանը գնացինք տաճար: Մենք շատ կարճ ժամանակ էր, ինչ ամուսնացած էինք, և ես հուզված էի, քանի որ որպես նորապսակ դա իմ երկրորդ այցելությունն էր: Կողքս նստած մի քույր, հավանաբար, դա նկատեց: Նա մոտեցավ և ակնածալից շշնջաց. «Մի մտահոգվիր: Ես կօգնեմ քեզ»: Վախերս փարատվեցին և ես կարողացա վայելել տաճարի նիստի մնացած մասը: Նա նկատեց, ապա ծառայեց:

Մենք բոլորս հրավիրված ենք հետևել Հիսուսի ուսմունքներին և սպասավորել մյուսներին: Այս հրավերը չի սահմանափակվում հրեշտակի հոգի ունեցող քույրերով: Մինչ ես կկիսվեմ անդամների մի քանի առօրյա օրինակներով, ովքեր սովորել են նկատել, ապա ծառայել, ուշադրություն դարձրեք Հիսուսի ուսմունքներին, որոնք պարունակվում են այդ օրինակներում:

Երեխաների խմբի վեցամյա մի երեխա ասել է. «Երբ ես ընտրվեցի լինելու դասարանի օգնական, ես կարող էի ընտրել մի ընկեր, որը կաշխատեր ինձ հետ: Ես ընտրեցի [մի տղայի, որն ինձ նեղացնում էր], որովհետև ոչ ոք նրան չէր ընտրում: Ես ուզում էի, որ նա իրեն լավ զգար:4

Ի՞նչ էր նկատել այդ երեխան: Նա նկատել էր, որ դասարանի չարաճճին երբեք չէր ընտրվում: Ի՞նչ նա արեց, որպեսզի ծառայեր: Նա պարզապես ընտրեց նրան լինելու դասարանի օգնականի իր ընկերը: Հիսուսն ուսուցանել է. «Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին»:5

Մի ծխում, Ահարոնյան Քահանայություն կրողները սկզբում նկատեցին, ապա ծառայեցին իմաստալից եղանակով: Ամեն շաբաթ երիտասարդ տղամարդիկ վաղ ժամանում են և կանգնում հավաքատան դրսում՝ անձրևի, ձյան կամ թեժ արևի տակ, սպասելով իրենց ծխի տարեց անդամներին: Նրանք բարձրացնում են նրանց անվասայլակներից կամ օգնում դուրս գալ մեքենաներից, ամուր ձեռք մեկնում՝ բռնվելու համար, և համբերատարությամբ ուղեկցում են ճերմակած մազերով տարեցներին դեպի շենք: Նրանք իսկապես կատարում են Աստծո առաջ իրենց պարտականությունը: Նկատելով և ծառայելով, նրանք ապրում են ըստ Փրկչի ուսմունքի. «Այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք»:6 Երբ երիտասարդների նոր ուսումնական ծրագիրը սկսի գործել, այս երիտասարդ տղամարդկանց աչքերը, անկասկած, բաց կլինեն քրիստոսանման եղանակով ծառայելու էլ ավելի շատ հնարավորությունների համար:

Նկատելը և ծառայելը երբեմն մեծ ջանք է պահանջում: Ալեքսանդրիա անունով ոգեշնչված մի երիտասարդ աղջիկ նկատել էր, որ իր բարեկամուհին՝ Մեդիսոնը դժվարանում էր կատարել իր Անձնական Զարգացման պահանջները, քանի որ հիվանդ էր ծանր աուտիզմով: Ալեքսանդրիան հավաքեց իր ծխի երիտասարդ կանանց, խորհրդակցեց նրա ղեկավարների հետ և որոշեց անել այն մասը, որը Մեդին չէր կարող անել ինքնուրույն: Երիտասարդ կանանցից յուրաքանչյուրը փոխարինաբար կատարեց Անձնական Զարգացման վարժությունների և ծրագրերի մասերը, որպեսզի Մեդին կարողանար ստանալ իր մեդալիոնը:7

Այդ երիտասարդ կանայք լավ առաջընթաց կունենան մայրության և Սփոփող Միության քույրության իրենց դերերում, որովհետև սովորում են նկատել և ծառայել գթասիրտ ձևով:

Նախագահ Մոնսոնը հիշեցրել է մեզ, որ «գթությունը՝ Քրիստոսի մաքուր սերը»8, կամ այլ խոսքերով, նկատելը և ծառայելը, ակնհայտ է, երբ տարեց այրի կնոջը չեն մոռանում և ընդգրկում են ծխի գործերի մեջ, և երբ Սփոփող Միությունում միայնակ նստած կնոջը հրավիրում են, ասելով. «Եկեք, մեզ հետ նստեք»:9 Այստեղ կիրառելի է ոսկե կանոնը. «Բոլոր բաները, որ դուք կամենում եք, որ մարդիկ անեն ձեզ, նույն ձևով դուք արեք նրանց»:10

Մի նկատող ամուսին ծառայեց երկու կարևոր ուղիներով: Նա պատմում է.

«Մի կիրակի ես օգնում էի կնոջս Երեխաների խմբում, որը լի էր եռանդուն յոթամյա երեխաներով: Երբ սկսվեց Երեխաների միացյալ ժամը, ես նկատեցի, որ դասարանի անդամներից մեկը անհանգիստ էր իր տեղում և, ակնհայտորեն, վատ էր իրեն զգում: Հոգին ինձ շշնջաց, որ նա հանգստության կարիք ունի, և ես նստեցի նրա կողքին և ցածր հարցրեցի, թե ինչ էր պատահել: Նա չպատասխանեց, … այնպես որ ես սկսեցի մեղմ երգել նրա համար:

Երեխաների խումբը նոր երգ էր սովորում, և երբ մենք երգեցինք. «Եթե սրտով լսեմ, Փրկչի ձայնը կլսեմ», ես սկսեցի զգալ, ինչպես մի աննկարագրելի լույս և ջերմություն լցրեցին իմ հոգին: … Ես անձնական վկայություն ստացա նրա և իմ հանդեպ Փրկչի սիրո մասին: … Ես իմացա, որ մենք Փրկչի ձեռքերում ենք, երբ ծառայում ենք որևէ մեկին»:11

Քրիստոսանման եղբայրը ոչ միայն նկատեց իր կնոջը եռանդուն յոթամյա երեխաներով լի դասարանում օգնելու կարիքը, այլ նաև անհատական ծառայություն մատուցեց կարիքի մեջ գտնվող երեխային: Նա հետևեց Փրկչին, որն ուսուցանել է. «Այն, ինչ դուք տեսաք ինձ անելիս, հենց այդ պետք է դուք անեք»:12

Վերջերս տեղի ունեցած ջրհեղեղը շատ հնարավորություններ բացեց Հիսուս Քրիստոսի աշակերտների համար՝ նախ նկատելու, ապա ծառայելու համար: Տղամարդիկ, կանայք, դեռահասները և երեխաները տեսան, ինչպես քանդվեցին բիզնեսները և տները, թողեցին ամեն ինչ, որպեսզի օգնեին մաքրել և վերանորոգել վնասված կառույցները: Ոմանք նկատեցին լվացք անելու մեծածավալ աշխատանքով օգնելու կարիքը: Մյուսները խնամքով չորացնում էին լուսանկարները, իրավական փաստաթղթերը, նամակները, կարևոր այլ թղթերը, և զգուշորեն կախում էին դրանք, որ չորանային, փորձելով պահպանել, ինչ-որ հնարավոր էր: Նկատելը, ապա ծառայելը միշտ չէ, որ հարմար է, և ոչ միշտ է տեղավորվում մեր ժամանակացույցի մեջ:

Կա՞ նախ նկատելու, ապա ծառայելու ավելի լավ վայր, քան տունը: Դա ցուցադրում է Երեց Ռիչարդ Գ. Սքոթի կյանքից մի օրինակ.

«Մի գիշեր, մեր փոքր տղան՝ Ռիչարդը, որը սրտի խնդիր ուներ, լաց լինելով արթնացավ: Սովորաբար կինս էր վեր կենում լաց լինող երեխային խնամելու համար, բայց այս անգամ ես ասացի. «Ես կհոգամ նրա մասին»:

Նրա հիվանդության պատճառով, երբ նա սկսում էր լաց լինել, նրա փոքր սիրտը շատ արագ էր բաբախում: Նա փսխում էր և կեղտոտում անկողինը: Այդ գիշեր ես նրան շատ մոտ էի ինձ պահում, փորձելով հանգստացնել նրա արագ խփող սիրտը և դադարեցնել լացը, միևնույն ժամանակ փոխելով նրա շորերը և անկողնու սպիտակեղենը: Ես պահեցի նրան գրկումս, մինչև որ քնեց: Այդ ժամանակ ես չգիտեի, որ մի քանի ամիս անց նա մահանալու էր: Ես միշտ կհիշեմ, ինչպես էի պահում նրան իմ ձեռքերի մեջ այդ գիշերվա կեսին»: 13

Հիսուսն ասել է. «Ձեզանից ով որ կամենայ մեծ լինիլ, թող ձեզ ծառա լինի»:14

Երբեմն մենք գայթակղվում ենք ծառայելու այն ձևով, որով ցանկանում ենք, և ոչ թե այնպես, ինչպես պահանջվում է այդ պահին: Երբ Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը սովորեցնում էր խնայողաբար ապրելու սկզբունքը, նա կիսվեց իր կնոջ համար նվեր առնելու իր օրինակով: Կինը հարցրեց. «Դու սա գնո՞ւմ ես իմ, թե քո համար»:15 Եթե մենք կիրառենք այդ հարցը մեզ համար, երբ ծառայում ենք, և հարցնենք. «Ես սա անում եմ Փրկչի՞, թե ինձ համար», ապա մեր ծառայությունը ավելի նման կլինի Փրկչի ծառայությանը: Փրկիչը հարցրել է, և մենք նույնպես պետք է հարցնենք. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ»:16

Մի քանի շաբաթ առաջ ես շտապում և վազվզում էի իմ անելիքների ցանկի գործերի ետևից: Ես հույս ունեի այդ օրը տաճար գնալ, սակայն զգում էի, որ չափից դուրս զբաղված էի: Այն պահին, երբ տաճար գնալու համար չափազանց զբաղված լինելու միտքը թափանցեց իմ ուղեղը, այն արթնացրեց ինձ, ասելով, թե ինչն էր ամենակարևորը, որ ես պետք է անեի: Ես դուրս եկա իմ գրասենյակից, քայլելով դեպի Սոլթ Լեյքի Տաճար, մտածելով, թե երբ պետք է վերականգնեի ժամանակը, որը կորցնում էի: Բարեբախտաբար, Տերը համբերատար և մեծահոգի է, և հիանալի դաս ինձ ուսուցանեց այդ օրը:

Երբ ես նստած էի նիստերի սենյակում, մի երիտասարդ քույր մոտեցավ և ակնածանքով շշնջաց. «Ես այնքան հուզված եմ: Սա իմ երկրորդ այցն է տաճար: Դուք կարո՞ղ եք ինձ օգնել»: Ինչպե՞ս նա կարող էր իմանալ, որ դրանք հենց այն խոսքերն էին, որոնց կարիքը ես ունեի: Նա չգիտեր, բայց Երկնային Հայրը գիտեր: Նա նկատել էր իմ մեծագույն կարիքը: Ես կարիք ունեի ծառայելու: Նա հուշեց այդ խոնարհ երիտասարդ քրոջը ծառայել ինձ՝ հրավիրելով ինձ ծառայել իրեն: Ես հավատացնում եմ ձեզ, որ ես էի այն մարդը, որ առավելագույնս շահեց դրանից:

Խորը երախտագիտություն եմ հայտնում քրիստոսանման բազմաթիվ մարդկանց, ովքեր ծառայել են մեր ընտանիքին տարիների ընթացքում: Ես սրտանց շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի ամուսնուն և ընտանիքին, ովքեր անձնազոհ և մեծ սիրով են ծառայում:

Թող որ մենք բոլորս նախ նկատենք, ապա ծառայենք: Եթե մենք այդպես ենք անում, մենք պահում ենք պատվիրանները և մեր ծառայությունը, ինչպես Նախագահ Մոնսոնի ծառայությունը, կլինի մեր աշակերտ լինելու ապացույցը: Ես գիտեմ, որ Փրկիչն ապրում է: Նրա Քավությունը հնարավորություն է տալիս մեզ ապրել Իր ուսմունքներով: Ես գիտեմ, որ Նախագահ Մոնսոնը այսօր մեր մարգարեն է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Show References

  1.  

    1.  Վարդապետություն և Ուխտեր 20.77:

  2.  

    2.  Հովհաննես 15.12:

  3.  

    3. Թոմաս Ս. Մոնսոն, «Ի՞նչ եմ ես արել մեկի համար այսօր», Լիահոնա, նոյ. 2009, 86:

  4.  

    4. Canyon H., “A Good Choice,” Friend, Jan. 2012, 31.

  5.  

    5.  Մատթեոս 5.44:

  6.  

    6.  Մատթեոս 25.40:

  7.  

    7. Տես “For Madison,” lds.org/youth/video/for-madison:

  8.  

    8.  Մորոնի 7.47:

  9.  

    9. Թոմաս Ս. Մոնսոն, «Գթությունը երբեք չի խափանվում», Լիահոա, նոյ. 2010, 125; տես նաև Իմ արքայության դուստրերը՝ Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը (2011), 101:

  10.  

    10.  3 Նեփի 14.12:

  11.  

    11. Al VanLeeuwen, “Serving the One,” Liahona, Aug. 2012, 19; տես նաև Սալլի Դեֆորդ, «Եթե սրտով լսեմ», 2011 Միացյալ ժամի ծրագիր, 28:

  12.  

    12.  3 Նեփի 27.21:

  13.  

    13. Ռիչարդ Գ. Սքոթ, «Ամուսնության հավերժական օրհնությունները», Լիահոնա, մայիս 2011, 96:

  14.  

    14.  Մատթեոս 20.26:

  15.  

    15. Ռոբերտ Դ. Հեյլս, «Դառնալով տնտեսվար մատակարար՝ աշխարհիկ և հոգևոր», Լիահոնա, մայիս 2009, 9:

  16.  

    16.  Մատթեոս 20.32: