Սրտով սովորել

Երեց Վոլթեր Ֆ. Գոնզալես

Յոթանասունի Նախագահություն


Walter F. González
Քրիստոսի մոտ գալու մեկ միջոց է՝ ձգտել սրտով սովորել հիմնական ճշմարտությունները:

«Եկեք ինձ մոտ, որպեսզի կարողանաք շոշափել և տեսնել»:1 Սա պատվիրան էր, որ Փրկիչը տվեց հնագույն Ամերիկայի բնակիչներին: Նրանք իրենց ձեռքերով շոշափեցին և իրենց աչքերով տեսան, որ Հիսուսը Քրիստոսն էր: Այս պատվիրանը նույնքան կարևոր է մեզ համար այսօր, որքան իրենց ժամանակներում էր: Գալով դեպի Քրիստոսը մենք կարող ենք զգալ և «իմանալ անկասկած»,2 ոչ թե մեր ձեռքերով և աչքերով, այլ ողջ սրտով և մտքով, որ Հիսուսը Քրիստոսն է:

Քրիստոսի մոտ գալու մեկ միջոց է՝ ձգտել սրտով սովորել հիմնական ճշմարտությունները: Այդ ժամանակ Աստծո կողմից եկող տպավորությունները մեզ գիտելիք կպարգևեն, որը մենք չենք ստանա այլ միջոցներով: Պետրոս Առաքյալը հաստատ գիտեր, որ Հիսուսը Քրիստոսն էր, կենդանի Աստծո Որդին: Փրկիչը բացատրեց, որ Պետրոսի գիտելիքի աղբյուրը ոչ թե «մարմինը և արյունն է … այլ Հայրը որ երկնքումն է»:3

Մարգարե Աբինադին բացատրեց Աստծուց մեր սիրտ եկող այդ զգացումների դերը: Նա ուսուցանեց, որ մենք չենք կարող լիարժեք հասկանալ սուրբ գրությունները, եթե մեր սիրտը չենք նվիրում հասկանալուն:4

Այդ ճշմարտությունը հրաշալիորեն է ներկայացված Անտուան դը Սենտ Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանը հանրաճանաչ մանկական գրքում: Այդ պատմության մեջ փոքրիկ իշխանը ընկերանում է աղվեստի հետ: Բաժանվելիս աղվեսը փոքրիկ իշխանի հետ կիսվում է մի գաղտնիքով: Նա ասում է. «Ահա իմ գաղտնիքը՝ … Միայն սիրտն է սրատես. ամենագլխավորը աչքով չես տեսնի»:5

Ութսունութ տարեկան Եղբայր Թոմաս Կոէլոն լավ օրինակ է հանդիսանում այն մարդու, որն իր սրտով տեսավ կարևոր բաները: Նա Ուրուգվայի Փայսանդույում մեր բարձրագույն խորհրդի հավատարիմ անդամն էր: Նախքան Եկեղեցուն միանալը նա իր մոտոցիկլը վարելիս վթարի ենթարկվեց: Երբ նա գետնին պառկած չէր կարողանում շարժվել, երկու միսիոներներ օգնեցին նրան ոտքի կանգնել և վերադառնալ տուն: Նա ասաց, որ ինչ-որ հատուկ զգացողություն ունեցավ, երբ միսիոներները մոտեցան օգնելու իրեն: Ավելի ուշ նա ուժեղ զգացողություն ունեցավ կրկին, երբ միսիոներներն ուսուցանում էին նրան: Այդ զգացումն այնպիսի ազդեցություն գործեց իր վրա, որ նա ընդամենը մի քանի օրում ծայրից-ծայր կարդաց Մորմոնի Գիրքը: Նա մկրտվեց և այդ օրից ի վեր աննխոնջ ծառայեց: Ես հիշում եմ ինչպես էր նա իր մոտոցիկլը վարում մեր քաղաքի փողոցներով, անգամ ցուրտ և անձրևոտ ձմեռներին, մյուսներին բերելով Եկեղեցի, որպեսզի նրանք էլ, իր պես, կարողանային տեսնել, զգալ և անկասկած իմանալ:

Այսօր այնքան շատ տեղեկությամբ շրջապատված, թվում է, թե միլիոնավոր կայք էջեր քննելով կգտնենք մեզ անհրաժեշտ ամեն ինչ: Մենք կարող ենք գտնել լավ և վատ տեղեկություն համացանցում, սակայն տեղեկությունն ինքնին բավական չէ: Աստված մեզ տվել է մեկ այլ ավելի մեծ գիտելիքի, այսինքն՝ երկնքից ուղարկված գիտելիքի աղբյուր:6 Մեր Երկնային Հայրը կարող է տալ մեզ նման գիտելիք, երբ մենք սրտով և մտքով զննենք սելեստիալ համացանցը: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ նա ուներ «հնագույն գիրքը [իր] սրտում, այսինքն՝ Սուրբ Հոգու պարգևը»:7

Մենք հասու ենք դառնում այդ սելեստիալ աղբյուրին, օրինակ՝ երբ կարդում ենք սուրբ գրությունները, լսում ենք կենդանի մարգարեին և աղոթում ենք: Նաև կարևոր է ժամանակ տրամադրել՝ հանգիստ լինել8 և զգալ երկնային հուշումները և հետևել դրանց: Այդ ժամանակ մենք «կզգանք և կտեսնենք» բաներ, որոնք չենք կարող սովորել ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Երբ այդ սելեստիալ ցանցում զննում կատարելով փորձ ձեռք բերենք, մենք կտեսնենք ճշմարտությունը, անգամ երբ կարդանք աշխարհիկ պատմություն կամ այլ նյութեր: Ճշմարտության ազնիվ որոնողները Սուրբ Հոգու զորությամբ կիմանան ճշմարտությունը բոլոր բաների մասին:9

Այժմ, իմ զգուշացնող խոսքն է՝ այդ սելեստիալ ցանց մուտք գործելուն խանգարում են անօրինությունը և Տիրոջը մոռանալը: Նեփին ասաց իր եղբայրներին, որ նրանք չեն կարողանում «զգալ [Տիրոջ] խոսքերը», որովհետև «սրընթաց են անօրինություն գործելիս [և] դանդաղ Տիրոջը հիշելիս»:10 Անօրինությունը նվազեցնում է տեսնելու, զգալու և մյուսներին սիրելու մեր ունակությունը: Մշտապես Տիրոջը հիշելը, որն է՝ աղոթել «սրտի ողջ կորովով»11 և մտաբերել մեր հոգևոր փորձառությունները, կնպաստի, որպեսզի մեծանա Քրիստոսին վերաբերող բաները տեսնելու և զգալու մեր ունակությունը: Այժմ հարցնում եմ ձեզ.

  1. Հիշո՞ւմ եք խաղաղությունը, որ զգացիք, երբ շատ նեղություններից հետո հզոր աղոթքով կանչեցիք Հորը:
  2. Հիշո՞ւմ եք, որ ձեր սրտի հուշումին հետևելով փոխեցիք ձեր գործերի հաջորդականությունը:

Մորմոնի Գրքի մեծ մարդիկ ձգտում էին ավելի մեծ գիտելիքի հասու լինել՝ մտաբերելով իրենց հիմնական հոգևոր փորձառությունները: Ալման ամրացրեց և զորացրեց իր զավակներին՝ հիշեցնելով նրանց իր դարձի գալու մասին:12 Հելամանն ուսուցանեց Նեփիին և Լեքիին հիշել, որ Քրիստոսի վեմի վրա պետք է կառուցեն իրենց հիմքը, որպեսզի դևը իշխանություն չունենա իրենց վրա:13 Մենք նույնը պետք է անենք: Աստծուն հիշելը՝ օգնում է մեզ զգալ և ապրել: Դա ավելի իմաստալից է դարձնում Բենիամին թագավորի խոսքերը, որն ասաց. «Եվ այժմ, ո՛վ մարդ, հիշի՛ր և մի ոչնչացի՛ր»:14

Իմ փայփայած ամենասուրբ հիշողություններից մեկն այն զգացողությունն էր, երբ ես իմացա, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է: Այդ իսկ օրը ես անկասկած զգացի և իմացա բաներ, որ չէի կարող իմանալ այլ ճանապարհով: Ես իմացա, որ մենք կարող ենք ուրախություն զգալ, որոնք խոսքերն անկարող են արտահայտել: Նման հիշողությունն է, որ օգնում է հարատև երախտագիտություն ունենալ իմ կյանքում, այն զորացնում է ինձ դժվար պահերին:

Նա, ով գիտելիք է ստանում ոչ թե մարդուց, այլ մեր Երկնային Հորից, անկասկած կիմանա, որ Հիսուսը Քրիստոսն է, և սա Նրա Եկեղեցին է: Այդ գիտելիքն է, որ ուժ է տալիս անհրաժեշտ փոփոխություններ կատարել՝ Քրիստոսի մոտ գալու համար: Այդ նպատակով մենք հրավիրում ենք բոլորին՝ այժմ մկրտվել, ապաշխարել և դառնալ դեպի Նա այժմ:15

Գալով դեպի Քրիստոսը, ամեն ոք կարող է տեսնել, զգալ և անկասկած իմանալ, որ Քրիստոսը տառապեց մեր մեղքերի համար և քավեց մեր մեղքերը, որ մենք հավերժական կյանք ունենանք: Եթե ապաշխարենք, մենք անտեղի չենք տառապի:16 Նրա շնորհիվ վիրավոր հոգիները կարող են բժշկվել և կոտրված սրտերը՝ ապաքինվել: Չկա բեռ, որ Նա չկարողանա թեթևացնել կամ վերցնել: Նա գիտի մեր թուլությունների և հիվանդությունների մասին: Ես խոստանում եմ և վկայում եմ ձեզ, որ երբ թվա, բոլոր դռները փակվել են, և ամեն ինչ կարծես ձախողվում է, Նա չի ձախողվի: Քրիստոսը կօգնի, և Նա է ելքը, երբ պայքար է մղվում հակվածության, լարվածության կամ մեկ այլ բանի դեմ: Նա գիտի «ինչպես պետք է օգնի իր ժողովրդին»:17 Ամուսնություններն ու ընտանիքները, որոնք մաքառում են տարբեր պատճառներով՝ տնտեսական դժվարություններ, լրատվության ազդեցություն կամ ընտանեկան իրավիճակներ, կզգան երկնքի հանգստացնող ազդեցությունը: Սփոփող է, երբ «զգում ես և տեսնում ես», որ նա բարձրացավ մեռելներից «Իր թևերի մեջ ունենալով բժշկություն»,18 որ Նրա շնորհիվ է, որ մենք կրկին կհանդիպենք և կգրկենք մեր մահացած սիրելիներին: Ճշմարտապես, դեպի Նա մեր դարձի վարձքը մեր բժշկությունն է:19

Ես անկասկած գիտեմ, որ այս ամենը ճշմարիտ է: Այդ պատճառով ես իմ ձայնն եմ միացնում հնագույն Ամերիկայի բնակիչներին, բացականչելով. «Ովսա՜ննա: Օրհնյա՜լ լինի Ամենաբարձյալ Աստծո անունը»:20 Նա մեզ պարգևում է փրկություն: Ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է՝ սուրբ Մեսիան: Նա է Զորաց Տերը՝ մեր Փրկիչն ու Քավիչը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Show References

  1.  

    1.  3 Նեփի 18.25:

  2.  

    2.  3 Նեփի 11.15:

  3.  

    3. Տես Մատթեոս 16.16–17:

  4.  

    4. Տես Մոսիա 12.27:

  5.  

    5. Անտուան դը Սենթ Էքզյուպերի, Փոքրիկ իշխանը, թարգմ. Ս. Հարությունյան (1966):

  6.  

    6. Տես Եթեր 4.13:

  7.  

    7.  Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 132.

  8.  

    8. Տես Վարդապետություն և Ուխտեր 101.16:

  9.  

    9. Տես Մորոնի 10.3–5:

  10.  

    10.  1 Նեփի 17.45:

  11.  

    11.  Մորոնի 7.48:

  12.  

    12. Տես Ալմա 36.5–24; 38.6–9:

  13.  

    13. Տես Հելաման 5.12:

  14.  

    14.  Մոսիա 4.30:

  15.  

    15. Տես 3 Նեփի 9.13:

  16.  

    16. Տես Վարդապետություն և Ուխտեր 19.16:

  17.  

    17.  Ալմա 7.12:

  18.  

    18.  2 Նեփի 25.13; տես նաև 3 Նեփի 25.2:

  19.  

    19. Տես 2 Նեփի 16.10; 3 Նեփի 9.13:

  20.  

    20. Տես 3 Նեփի 11.15–17: