Ափսոսանքների և վճիռների մասին

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական


Dieter F. Uchtdorf
Որքան ավելի շատ մենք նվիրվենք սրբությանն ու երջանկությանը հետամուտ լինելուն, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ մենք կլինենք դեպի ափսոսանքները տանող ուղու մեջ:

Ափսոսանքների մասին

Նախագահ Մոնսոն, մենք սիրում ենք ձեզ: Շնորհակալություն նոր տաճարներ կառուցելու և միսիոներական ծառայության վերաբերյալ ոգեշնչված և պատմական հայտարարության համար: Դրանց շնորհիվ, վստահ եմ, մեծ օրհնություններ կգան մեզ և ապագա բազմաթիվ սերունդներին:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, իմ սիրելի ընկերներ, մենք բոլորս մահկանացու ենք: Հուսով եմ սա անակնկալ չէ որևէ մեկի համար:

Մեզանից ոչ ոք շատ երկար չի լինի երկրի վրա: Մենք մի քանի թանկարժեք տարիներ ունենք, որոնք հավերժական հեռանկարի տեսանկյունից հավասարազոր է լոկ մեկ ակնթարթի:

Իսկ հետո մենք հեռանում ենք: Մեր հոգիները «տարվում են տուն այն Աստծո մոտ, ով մեզ կյանք է տվել»:1 Մենք մեր մարմինները վայր ենք դնում և ետևում թողնում այս աշխարհի բաները, երբ շարժվում ենք դեպի մեր գոյության հաջորդ փուլը:

Երբ մենք երիտասարդ ենք, մեզ թվում է, որ մենք ապրելու ենք հավերժ: Մենք կարծում ենք անսահման թվով արևածագեր են սպասվում հենց հորիզոնի այն կողմում և ապագան թվում է մեզ չընդհատվող, մեր առջևում անվերջ ձգվող մի ճանապարհ:

Սակայն, որքան տարիք ենք առնում, այնքան ավելի ենք միտված լինում ետ նայել և զարմանում ենք, թե իրականում որքան կարճ է ճանապարհը: Մենք զարմանում ենք, թե որքան արագ անցան տարիները: Եվ սկսում ենք մտածել մեր կատարած ընտրությունների մասին և մեր կատարած գործերի մասին: Այդ ընթացքում մենք հիշում ենք շատ քաղցր րոպեներ, որոնք ջերմություն են տալիս մեր հոգիներին և ուրախություն մեր սրտերին: Բայց մենք նաև հիշում ենք ափսոսանքները՝ այն բաները, որոնք կցանկանայինք ետ գնալ և փոխել:

Մահացող հիվանդների խնամող մի բուժքույր ասում է, որ հաճախ է մի հասարակ հարց տալիս իր հիվանդներին, երբ նրանք պատրաստվում են հեռանալ այս կյանքից:

«Դուք որևէ բաների համար ափսոսո՞ւմ եք», - հարցնում է նա:2

Այդ մահկանացու վերջին օրվանն այդքան մոտ լինելը հաճախ պարզություն է տալիս մտքին և ապահովում ներըմբռնում և հեռանկար: Այսպիսով, երբ նա այդ մարդկանց հարցնում էր իրենց ափսոսանքների մասին, նրանք բացում էին իրենց սրտերը: Նրանք մտածում էին, թե ինչը նրանք կփոխեին, եթե միայն կարողանային ետ դարձնել ժամացույցի սլաքը:

Երբ մտորում էի, թե ինչ էին նրանք ասում, ես ցնցվեցի, թե ինչպես Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական սկզբունքները կարող են ազդել մեր կյանքի ուղղության վրա՝ բարու համար, եթե միայն մենք կիրառենք դրանք:

Ոչ մի խորհրդավոր բան չկա ավետարանի սկզբունքների մեջ: Մենք ուսումնասիրել ենք դրանք սուրբ գրություններում, մենք քննարկել ենք դրանք Կիրակնօրյա Դպրոցում, և մենք լսել ենք դրանց մասին ամբիոնից շատ անգամ: Այդ աստվածային սկզբունքները և արժեքները ուղիղ են և պարզ, դրանք գեղեցիկ են, խորը և հզոր, և դրանք կարող են որոշակիորեն օգնել մեզ խուսափել ապագա ափսոսանքներից:

Երանի ավելի շատ ժամանակ անցկացրած լինեի այն մարդկանց հետ, ում ես սիրում եմ

Հավանաբար, մահացող հիվանդների արտահայտած ամենատարածված ափսոսանքն այն էր, որ իրենք կուզեին ավելի շատ ժամանակ անկացրած լինել այն մարդկանց հետ, ում իրենք սիրում էին:

Տղամարդիկ, հատկապես, արտահայտում էին այս համընդհանուր վիշտը՝ նրանք «խորապես ափսոսում էին այդքան շատ իրենց կյանքից անցկացնելու համար ամենօրյա իրենց աշխատանքի վրա»:3 Շատերը կորցրել էին իրենց ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելու ընտիր հիշողությունների հնարավորությունը: Նրանք բաց էին թողել իրենց համար ամենամեծ կարևորությունն ունեցող մարդկանց հետ խորը կապ զարգացնելու հնարավորությունը:

Միթե ճիշտ չէ, որ մենք հաճախ չափից ավելի զբաղված ենք լինում: Եվ ցավալի է ասել, որ մենք նույնիսկ կրում ենք մեր զբաղվածությունը որպես պատվի պիտակ, կարծես թե զբաղված լինելն ինքնին բարեկարգություն է կամ գերազանց կյանքի նշան:

Մի՞թե այդպես է:

Ես մտածում եմ մեր Տիրոջ և Օրինակի՝ Հիսուս Քրիստոսի մասին և Նրա կարճ կյանքի մասին Գալիլեայի և Երուսաղեմի մարդկանց մեջ: Ես փորձեցի պատկերացնել Նրան ժողովների միջև ընկած ժամանակահատվածում շտապելիս կամ Իր գործերի ցուցակից բազմաթիվ հրատապ բաներ իրականացնելիս:

Ես չկարողացա տեսնել այդ:

Փոխարենը, ես տեսնում եմ գթառատ և հոգատար Աստծո Որդուն՝ նպատակաուղղված ապրելով յուրաքանչյուր օրը: Երբ Նա շփվում էր Իր շրջապատում գտնվողների հետ, նրանք զգում էին կարևոր և սիրված: Նա գիտեր մարդկանց անսահման արժեքը, ում հետ Նա հանդիպում էր: Նա օրհնում էր նրանց, ծառայում էր նրանց: Նա բարձրացնում էր նրանց, բժշկում էր նրանց: Նա տալիս էր նրանց Իր ժամանակի թանկարժեք պարգևը:

Մեր օրերում հեշտ է ուղղակի ձևացնել, թե շփվում ենք ուրիշների հետ: Մկնիկի մի շրխկոցով մենք կարող ենք «միանալ» հազարավոր «ընկերների» հետ առանց երբևէ հանդիպելու նրանցից որևէ մեկի հետ: Տեխնոլոգիան կարող է հրաշալի բան լինել և այն շատ օգտակար է, երբ մենք չենք կարողանում մոտ լինել մեր հարազատներին: Կինս և ես հեռու ենք ապրում մեր ընտանիքի թանկագին անդամներից, մենք գիտենք, թե դա ինչ է: Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ չենք առաջ ընթանում, թե անհատապես, թե որպես հասարակություն, երբ կապվում ենք ընտանիքի կամ ընկերների հետ մեծամասամբ զվարճալի նկարներ դնելով առցանցում, անկարևոր էլեկտրոնային նամակներ փոխանցելով կամ մեր հարազատների հետ կապվելով ինտերնետային կայքերի միջոցով: Կարծում եմ կան իրավիճակներ, երբ այդպիսի գործունեությունն ընդունելի է, բայց որքա՞ն ժամանակ ենք կամենում ծախսել դրա վրա: Եթե մենք թերանում ենք տրամադրել մեր լավագույն անձնական ես-ը և անբաժանելի ժամանակը նրանց, ովքեր իսկապես կարևոր են մեզ համար, մի օր մենք կափսոսանք դրա համար:

Եկենք վճռենք փայփայել նրանց, ում մենք սիրում ենք, անցկացնելով իմաստալի ժամանակ նրանց հետ, միասին գործեր անելով և թանկարժեք հիշողություններ զարգացնելով:

Երանի ես ապրեի իմ ներուժի սահմաններում

Մեկ այլ ափսոսանք, որ մարդիկ հայտնում էին, այն էր, որ իրենք թերացել էին դառնալ այն անձնավորությունը, որ զգում էին, որ կարող էին և պետք է դառնային: Երբ նրանք ետ էին նայում իրենց կյանքին, նրանք հասկանում էին, որ իրենք երբեք չեն ապրել իրականացնելով իրենց ներուժը, որ չափից շատ երգեր էին մնացել չերգված:

Ես այստեղ չեմ խոսում հաջողության աստիճանը մագլցելու մասին մեր տարբեր մասնագիտություններում: Այդ աստիճանը, անկախ նրանից, թե որքան բարձր կարող է թվալ այս երկրի վրա, հազիվ թե հավասարազոր լինի մեկ հատիկ քայլին այն մեծ հավերժական ճանապարհորդությունում, որը սպասում է մեզ:

Ես ավելի շուտ խոսում եմ այն անձնավորությունը դառնալու մասին, որ Աստված՝ մեր Երկնային Հայրն է նախատեսել մեզ լինել:

Մենք ժամանում ենք այս աշխարհ ինչպես բանաստեղծն է ասել՝ «փառքի ամպերի հետք թողնելով»՝ նախամահկանացու կյանքից:4

Մեր Երկնային Հայրը տեսնում է մեր իրական ներուժը: Նա գիտի բաներ մեր մասին, որոնք մենք ինքներս չգիտենք: Նա հուշում է մեզ մեր կյանքի ընթացքում իրականացնել մեր ստեղծման նպատակը, ապրել արդար կյանքով և վերադառնալ Իր ներկայություն:

Ուրեմն ինչու ենք մենք այդքան շատ ժամանակ և էներգիա ծախսում այն բաների վրա, որոնք այդքան անցողիկ են, այդքան աննպատակ և այդքան մակերեսային: Միթե մենք հրաժարվում ենք տեսնել չնչին և անցողիկ բաներին հետամուտ լինելու անմտությունը:

Ավելի իմաստուն չէ՞ր լինի արդյոք մեզ համար «գանձեր դիզել երկնքումը, ուր ոչ ցեց եւ ոչ ժանկ չեն ապականում, եւ ուր գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում»:5

Ինչպե՞ս ենք անում այդ: Հետևելով Փրկչի օրինակին, կիրառելով Նրա ուսմունքները մեր առօրյա կյանքում, ճշմարտապես սիրելով Աստծուն և մեր մերձավորներին:

Մենք, իհարկե, չենք կարող դա անել աշակերտ լինելուն դժկամությամբ մոտենալով, ժամացույցին նայելով կամ էլ քայլել ու դժգոհելով:

Երբ խոսքը վերաբերում է ավետարանով ապրելուն, մենք չպետք է նման լինենք այն տղային, որն իր բթամատը մտցնում է ջրի մեջ և ապա հայտարարում, որ գնացել էր լողալու: Որպես մեր Երկնային Հոր որդիներ և դուստրեր՝ մենք այնքա՜ն ավելի շատ բաների ենք ընդունակ: Դրա համար լավ մտադրությունները բավական չեն: Մենք պետք է գործենք: Նույնիսկ ավելի կարևոր է, որ մենք պետք է դառնանք այն, ինչ Երկնային Հայրը կամենում է, որ լինենք:

Ավետարանի վերաբերյալ մեր վկայությունը հայտարարելը լավ է, բայց վերականգված ավետարանի ապրող օրինակ լինելն ավելի լավ է: Լավ է ցանկանալը ավելի հավատարիմ լինել մեր ուխտերում, բայց ավելի լավ է իրականում հավատարիմ լինելը մեր սրբազան ուխտերին՝ ներառյալ առաքինի կյանքով ապրելը, մեր տասանորդներն ու զոհաբերությունները վճարելը, Իմաստության Խոսքը պահելը և ծառայելը նրանց, ովքեր կարիքի մեջ են: Լավ է հայտարարելը, որ ավելի շատ ժամանակ կնվիրենք ընտանեկան աղոթքին, սուրբ գրությունների ուսումնասիրմանը և ընտանեկան օգտակար միջոցառումներին, բայց իրականում բոլոր այս բաներն անելը հաստատապես երկնային օրհնություններ կբերեն մեր կյանք:

Աշակերտ լինելը՝ սրբությանը և երջանկությանը հետամուտ լինելն է: Դա է ճանապարհը դեպի մեր լավագույն և ամենաերջանիկ ինքնությունը:

Եկեք վճռենք հետևել Փրկչին և աշխատել ջանասիրաբար՝ դառնալու այն մարդը, որ մենք նախատեսված էինք դառնալ: Եկեք լսենք և հնազանդվենք Սուրբ Հոգու հուշումներին: Երբ այդպես վարվենք, Երկնային Հայրը հայտնի կդարձնի մեզ այն բաները, որոնք մենք երբեք չէինք իմացել մեր մասին: Նա նախապես կլուսավորի ճանապարհը և կբացի մեր աչքերը՝ տեսնելու մեր անհայտ, և հավանաբար, աներևակայելի տաղանդները:

Որքան ավելի շատ մենք նվիրվենք սրբությանն ու երջանկությանը հետամուտ լինելուն, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ մենք կլինենք դեպի ափսոսանքները տանող ուղու մեջ: Որքան ավելի շատ ապավինենք Փրկչի շնորհին, այնքան ավելի շատ կզգանք, որ մենք այն ուղու վրա ենք, որը Երկնային Հայրն է նախատեսել մեզ համար:

Երանի, ես ինձ թույլ տված լինեի ավելի երջանիկ լինել

Մահվան շեմին կանգնած մարդկանց կողմից արտահայտած մեկ այլ ափսոսանք կարող է զարմանալի թվալ: Նրանք կցանկանային, որ իրենց թույլ տված լինեին ավելի երջանիկ լինել:

Այնքան հաճախ ենք բռնվում այն պատրանքներով, որ կա ինչ-որ բան մեր հասանելությունից վեր, որը մեզ երջանկություն կբերեր՝ ավելի լավ ընտանեկան իրավիճակ, ավելի լավ ֆինանսական իրավիճակ կամ որևէ դժվարին փորձության ավարտ:

Որքան ավելի ենք մեծանում, այնքան ավելի շատ ենք ետ նայում և գիտակցում, որ արտաքին հանգամանքներն իրականում նշանակություն չունեն կամ չեն որոշում մեր երջանկությունը:

Իրականում մենք է, որ նշանակություն ունենք: Մենք ենք որոշում մեր երջանկությունը:

Դուք և ես ենք ի վերջո պատասխանատու մեր իսկ երջանկության համար:

Կինս՝ Հարիեթը, և ես սիրում ենք հեծանիվ վարել: Սքանչելի է դուրս գալ և վայելել բնության գեղեցկությունները: Մենք ունենք որոշակի երթուղիներ, որոնցով սիրում ենք հեծանիվ վարել, բայց մենք այնքան էլ շատ ուշադրություն չենք դարձնում, թե որքան հեռու ենք գնում կամ որքան արագ ենք ճանապարհորդում համեմատած այլ հեծանվորդների հետ:

Սակայն երբեմն մտքովս անցնում է, որ մենք պետք է մի քիչ ավելի մրցակցական լինենք: Ես անգամ մտածում եմ, որ եթե մի քիչ մեզ լարենք, մենք կարող ենք ժամանակի ավելի լավ ցուցանիշ ունենալ կամ ավելի բարձր արագությամբ զբոսանք կատարել: Երբեմն ես նույնիսկ մեծ սխալ եմ կատարում՝ նշելով այս միտքը իմ սքանչելի տիկնոջը:

Նրա բնորոշ արձագանքը այս բնույթի իմ առաջարկներին միշտ շատ բարի, շատ հստակ և շատ ուղիղ է: Նա ժպտում է և ասում. «Դիթեր, սա մրցավազք չէ, սա ճամփորդություն է: Վայելիր պահը»:

Որքա՜ն ճիշտ է նա:

Երբեմն կյանքում մենք այնքան ենք կենտրոնանում եզրագծի վրա, որ թերանում ենք ուրախություն գտնել ճամփորդության ընթացքում: Ես չեմ գնում հեծանիվ վարելու իմ կնոջ հետ, որովհետև ինձ հուզում է վերջնագիծը: Ես գնում եմ, որովհետև նրա հետ լինելու զգացումը քաղցր է և հաճելի:

Միթե՞ հիմարություն չի թվում փչացնել քաղցր և ուրախալի փորձառությունները, որովհետև մենք անընդհատ սպասում ենք այն պահին, թե երբ են դրանք ավարտելու:

Միթե՞ մենք լսում ենք երաժշտություն՝ սպասելով վերջին նոտայի մարվելուն նախքան թույլ կտանք մեզ ճշմարտապես վայելելու այն: Ո՛չ: Մենք լսում ենք և միանում մեղեդուելևէջներին, ռիթմին և ներդաշնակությանը ողջ ստեղծագործության ընթացքում:

Միթե՞ մենք ասում ենք մեր աղոթքները՝ սպասելով միայն «ամեն»-ին կամ վերջին: Իհարկե, ո՛չ: Մենք աղոթում ենք Երկնային Հորը մոտ լինելու համար Նրա Հոգին ստանալու և Նրա սերը զգալու համար:

Մենք չպետք է սպասենք երջանիկ լինելու, մինչև որ հասնենք ինչ-որ կետի ապագայում, միայն բացահայտելու, որ երջանկությունը հասանելի էր ողջ ժամանակ: Կյանքը նախատեսված չէ գնահատելու միայն հետադարձ հայացքով: «Սա այն օրն, է որ Տերն արաւ, թող ցնծանք եւ ուրախ լինինք սորանում»:6

Եղբայրներ և քույրեր, անկախ մեր մարտահրավերներից կամ փորձություններից, յուրաքանչյուր օրվա մեջ կա ինչ-որ բան, որը կարող է բերել երախտագիտություն և ուրախություն, եթե միայն մենք տեսնենք և գնահատենք այն:

Հավանաբար, մենք պետք է նայենք ավելի քիչ մեր աչքերով և ավելի շատ մեր սրտերով: Ես սիրում եմ մեջբերումը. «Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի»:7

Մեզ պատվիրված է «շնորհակալություն հայտնել բոլոր բաներում»:8 Այսպիսով, ավելի լավ չէ՞ տեսնել մեր աչքերով և սրտերով նույնիսկ փոքր բաները, որոնց համար մենք կարող ենք շնորհակալ լինել, քան ավելի շուտ խոշորացնել բացասականը մեր ներկա վիճակում:

Տերը խոստացել է. «Նա ով ստանում է բոլոր բաները գոհությամբ, պիտի փառավորվի. և այս աշխարհի բաները պիտի ավելացվեն նրա համար, նույնիսկ հարյուրապատիկ»:9

Եղբայրներ և քույրեր, մեր Երկնային Հոր առատ օրհնությունները, Նրա առատաձեռն փրկության ծրագիրը, վերականգված ավետարանի աստվածային ճշմարտությունները, և այս մահկանացու ճամփորդության շատ գեղեցկությունները «միթե՞ պատճառ չեն ուրախանալու»:10

Եկեք, ուրեմն, վճռենք երջանիկ լինել, անկախ մեր հանգամանքներից:

Վճիռների մասին

Մի օր մենք կկատարենք այդ անխուսափելի քայլը և կանցնենք մահկանացու ոլորտից դեպի մյուս ոլորտը: Մի օր մենք ետ կնայենք մեր կյանքին և կզարմանանք, թե կարող էինք արդյոք ավելի լավը լինել, կատարել ավելի լավ որոշումներ, կամ օգտագործել մեր ժամանակը ավելի իմաստուն ձևով:

Կյանքի ամենխորը ափսոսանքներից խուսափելու համար, մենք իմաստուն կլինեինք ընդունել մի քանի վճիռներ այսօր: Ուստի եկեք.

  1. Վճռենք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ում սիրում ենք:
  2. Վճռենք ձգտել ավելի լրջորեն դառնալ այն անձնավորությունը, որ Աստված է ցանկանում, որ մենք լինենք:
  3. Վճռենք երջանկություն գտնել, անկախ մեր հանգամանքներից:

Իմ վկայությունն է, որ վաղվա շատ խորը ափսոսանքներ կարող ենք կանխել՝ հետևելով Փրկչին այսօր: Եթե մենք մեղանչել ենք կամ սխալներ կատարել, եթե կատարել ենք ընտրություններ, որոնց համար ափսոսում ենք, կա Քրիստոսի Քավության թանկագին պարգևը, որի միջոցով մենք կարող ենք ներվել: Մենք չենք կարող ետ գնալ ժամանակի մեջ և փոխել անցյալը, բայց մենք կարող ենք ապաշխարել: Փրկիչը կարող է սրբել մեր ափսոսանքի արցունքները11 և հեռացնել մեր մեղքերի բեռը:12 Նրա Քավությունը թույլ է տալիս մեզ թողնել անցյալը ետևում և առաջ շարժվել մաքուր ձեռքերով և անարատ սրտով13 և ավելի լավ գործելու և հատկապես ավելի լավը դառնալու վճռականությամբ:

Այո, այս կյանքը արագ է անցնում, մեր օրերը թվում է թոշնում են արագ. և մահը երբեմն երկյուղալի է թվում: Այնուամենայնիվ, մեր հոգին կշարունակի ապրել և մի օր կմիավորվի մեր հարություն առած մարմնի հետ՝ ստանալու անմահ փառք: Ես բերում եմ հանդիսավոր վկայություն, որ ողորմած Քրիստոսի շնորհիվ մենք բոլորս կապրենք նորից և հավերժ: Մեր Փրկչի և Քավչի շնորհիվ մի օր մենք իսկապես կհասկանանք և կուրախանանք «մահվան խայթը կուլ է գնացել Քրիստոսում» խոսքերի իմաստով:14

Ուղին դեպի մեր աստվածային ճակատագրի իրականացումը որպես Աստծո որդիներ և դուստրեր հավերժական է: Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, սիրելի ընկերներ, մենք պետք է սկսենք քայլել այդ հավերժական ուղով այսօր, մենք չենք կարող վատնել անգամ մեկ օր: Ես աղոթում եմ, որ մենք չսպասենք մինչև պատրաստ լինենք մեռնելու, նախքան մենք իսկապես կսովորենք ապրել: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Show References

  1.  

    1.  Ալմա 40.11:

  2.  

    2. Տես Susie Steiner, “Top Five Regrets of the Dying,” Guardian, Feb. 1, 2012, www.guardian.co.uk/lifeandstyle/2012/feb/01/top-five-regrets-of-the-dying:

  3.  

    3. Bronnie Ware, in Steiner, “Top Five Regrets of the Dying.”

  4.  

    4. “Ode: Intimations of Immortality from Recollections of Early Childhood,” The Complete Poetical Works of William Wordsworth (1924), 359.

  5.  

    5.  Մատթեոս 6.20:

  6.  

    6.  Սաղմոս 118.24:

  7.  

    7. Անտուան դը Սենտ Էքզյուպերի, Փոքրիկ իշխանը, 2001, էջ 45:

  8.  

    8.  Մոսիա 26.39, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 59.7:

  9.  

    9.  Վարդապետություն և Ուխտեր 78.19:

  10.  

    10.  Ալմա 26.35:

  11.  

    11. Տես Հայտնություն Է.17:

  12.  

    12. Տես Մատթեոս ԺԱ.28–30:

  13.  

    13. Տես Սաղմոս ԻԴ.4:

  14.  

    14.  Մոսիա 16.8; տես նաև Ա Կորնթացիս ԺԵ.54: