Տաճարի չափանիշ

Երեց Սքոթ Դ. Վայթինգ

Յոթանասունից


Scott D. Whiting
Տաճար կառուցելու համար այս Եկեղեցու կողմից նախատեսված բարձր չափանիշները օրինակ և նույնիսկ խորհրդանիշ են, թե մենք ինչպես պետք է ապրենք մեր իսկ կյանքը:

Մինչ վերջերս շրջում էի Բրիգամ Սիթիի Յուտա Տաճարում, ես հիշեցի մի փորձառություն, որ ունեցել էի, երբ ծառայում էի որպես կոորդինատոր պատմական Լեյի Հավայան Տաճարի բաց դռների, վերանվիրագործման և մշակութային տոնակատարության ժամանակ:

Խոշոր վերանորոգման աշխատանքի ավարտից մի քանի ամիս առաջ ինձ հրավիրեցին շրջել տաճարում Տաճարային Բաժնի Գործադիր Տնօրենի՝ Երեց Վիլիամ Ռ. Վաքերի և նրա Տաճարային Բաժնի աշխատակիցների հետ: Այնտեղ ներկա էին նաև վերանորոգման աշխատանքները կատարած ընկերության մի շարք անդամներ: Շրջելու նպատակը մասամբ նաև կատարված աշխատանքի հաջողությունը և որակը վերանայելն էր: Այս շրջագայության ժամանակ կատարված էր աշխատանքի մոտավորապես 85 տոկոսը:

Երբ մենք առաջ էինք շարժվում տաճարում, ես նայում և լսում էի Երեց Վաքերին և նրա աշխատակիցներին, մինչ նրանք ստուգում էին աշխատանքը և զրուցում աշխատանքների գլխավոր պատասխանատուի հետ: Այդ ընթացքում ես նկատեցի մի մարդու, ով անընդհատ շոշափում էր պատերը, մինչ մենք անցնում էինք սենյակից սենյակ: Մի քանի անգամ դա անելուց հետո նա շփում էր մատներն իրար հետ և այնուհետև ասում գլխավոր պատասխանատուին. «Ես անհարթություն եմ զգում այս պատի վրա: Անհարթությունը տաճարի չափանիշ չէ: Դուք պետք է կրկին հղկեք և հարթեցնեք այս պատը»: Պատասխանատուն պարտականության զգացումով յուրաքանչյուր դիտողության հետ կապված նշումներ էր կատարում:

Երբ մենք մոտեցանք տաճարի մի մասի, որ միայն մի քանի աչքեր երբևէ կտեսնեին այն, նույն մարդը կանգնեցրեց մեզ և մեր ուշադրությունը հրավիրեց նոր տեղադրված, գեղեցիկ, ապակե պատուհանի վրա: Այս պատուհանը ուներ 0.6 մ լայնություն և 1.8 մ բարձրություն և պարունակում էր խոր ընկած, փոքր երկրաչափական պատկերներ: Նա մատնացույց արեց մի փոքրիկ 5 սմ գունավոր ապակյա քառակուսի, որ հասարակ նախշի մի մասն էր կազմում և ասաց. «Այդ քառակուսին ուղիղ չէ»: Ես նայեցի քառակուսուն, և իմ աչքին այն ուղիղ թվաց: Այնուամենայնիվ, երբ ես չափող սարք օգտագործեցի այն ավելի մոտիկից ստուգելու համար, ես նկատեցի, որ այնտեղ թերություն կար և որ այս փոքրիկ քառակուսին իրոք 3 մմ թեքություն ուներ: Այդ ժամանակ պատասխանատուին հրահանգ տրվեց, որ այս պատուհանը պետք է փոխվեր, քանի որ այն չէր համապատասխանում տաճարի չափանիշին:

Ես խոստովանում եմ, որ զարմացել էի, որ ամբողջ պատուհանը պետք է փոխվեր այսպիսի փոքր, հազիվ նկատելի թերության պատճառով: Անկասկած, դա անհավանական էր, որ որևէ մեկը երբևիցե կիմանար կամ նույնիսկ կնկատեր այս պատուհանը, քանի որ այն գտնվում էր տաճարի այն մասում, որը ոչ շատ մարդիկ երբևէ կտեսնեին:

Այդ օրը տաճարից տուն վերադառնալիս ես խորհում էի այն մասին, թե ինչ էի սովորել այդ փորձառությունից: Կամ, ավելի ճիշտ, իմ կարծիքով, ինչ էի սովորել: Մի քանի շաբաթ անց, երբ ինձ հրավիրեցին շրջել արդեն աշխատանքներն ավարտի հասցված տաճարում, նախորդ շրջագայության ժամանակ ունեցած փորձառության ժամանակ ձեռք բերած իմ հասկացողությունն ավելի պարզ դարձավ:

Երբ ես ներս մտա ամբողջովին վերանորոգված Լեյի Հավայան Տաճար, ես հիացա դրա գեղեցկությամբ և ավարտին հասցված գործերի որակով: Դուք կարող եք հասկանալ, որ ես հետաքրքրված էի կրկին տեսնել «անհարթ» պատերը և «թերի» պատուհանը: Արդյո՞ք պատասխանատուն կրկին հղկել և հարթեցրել էր պատերը: Պատուհանը իրո՞ք փոխվել էր: Մոտենալով անհարթ պատերին, ես զարմացա, տեսնելով, որ բոլոր պատերը պատված էին գեղեցիկ պաստառով: Իմ առաջին միտքը հետևյալն էր. «Ահա, թե ինչպես պատասխանատուն լուծեց անհարթության հետ կապված խնդիրը. նա ծածկեց այն»: Բայց, ոչ, ես իմացա, որ միշտ էլ նախատեսված է եղել պաստառապատել այս պատերը: Ես զարմացա, թե ինչո՞ւ մի փոքր, դժվար նկատելի անհարթությանը կարևորություն տրվեց, եթե պաստառը պիտի ծածկեր այն: Այնուհետև, ես անհամբերությամբ գնացի այն տեղը, որտեղ տեղադրված էր թերի պատուհանը և զարմացա, տեսնելով գեղեցիկ, հատակից առաստաղին հասնող սենյակային բույսը, որը տեղադրված էր անմիջապես պատուհանի դիմաց: Ես կրկին մտածեցի. «Ահա, թե ինչպես է պատասխանատուն լուծել թեքություն ունեցող փոքրիկ քառակուսու հետ կապված խնդիրը. նա թաքցրել է այն»: Ավելի մոտենալով և մի կողմ տանելով բույսի տերևները ես ժպտացի, տեսնելով, որ պատուհանը իսկապես փոխվել էր: Նախկինում թեքություն ունեցող փոքրիկ քառակուսին այժմ հստակորեն և համահավասար տեղադրված էր իր ճիշտ տեղում: Ես իմացա, որ այս պատուհանի դիմաց բույս ունենալը միշտ էլ ներքին հարդարման մաս է կազմել:

Ինչո՞ւ պիտի մի փոքր անհարթություն ունեցող պատերը և մի փոքր անհամաչափություն ունեցող պատուհանը պահանջեին լրացուցիչ աշխատանք և նույնիսկ փոփոխություն, երբ ընդամենը մի քանի մարդու ձեռքեր կամ աչքեր երբևէ կիմանային այդ մասին: Ինչո՞ւ էր պատասխանատուից պահանջվում կատարել աշխատանքը համաձայն այդքան բարձր չափանիշների:

Երբ մտքերի մեջ խորասուզված դուրս եկա տաճարից, ես գտա իմ պատասխանը, մինչ վեր նայեցի դրսի վերանորոգված պատին և տեսա այս բառերը. «Սրբություն Տիրոջը, Տիրոջ Տուն»:

Այս Եկեղեցու տաճարները ճշգրիտ են, ինչպես և հայտարարվում են: Այս սուրբ շինությունները կառուցվում են մեր օգտագործման համար, և դրանց պատերի ներսում սրբազան և փրկող արարողություններ են կատարվում: Սակայն ոչ մի կասկած չպիտի լինի այն հարցի շուրջ, թե այն իրականում ում տունն է: Պահանջելով կառուցման ժամանակ ենթարկվել ճշգրիտ չափանիշներին՝ ներառյալ մանրամասներից փոքրագույնը, մենք ցուցադրում ենք ոչ միայն մեր սերն ու հարգանքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, այլև մենք ցուցադրում ենք բոլոր դիտորդներին, որ մենք հարգում և պաշտում ենք Նրան, ում պատկանում է այս տունը:

Նավույում տաճար կառուցելու վերաբերյալ Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերը հրահանգել է.

«Եկեք ձեր ողջ ոսկով և ձեր արծաթով և ձեր թանկարժեք քարերով և ձեր ողջ հնություններով. և բոլոր նրանց հետ, ովքեր գիտելիք ունեն հնությունների մասին, … և բերեն … երկրի թանկարժեք ծառերը.

… Եվ տուն կառուցեք իմ անվան համար՝ Բարձրյալի համար, որ նա բնակվի այնտեղ»:1

Սա հետևում է այն օրինակին, որ հաստատվել էր Սողոմոն թագավորի կողմից Հին Կտակարանում, երբ նա տաճար կառուցեց Տիրոջ համար՝ օգտագործելով միայն ամենալավ նյութերն ու վարպետությունը:2 Այսօր մենք շարունակում ենք հետևել այս օրինակին պատշաճ չափավորությամբ, երբ մենք կառուցում ենք Եկեղեցու տաճարները:

Ես սովորեցի, որ չնայած մահկանացու աչքերն ու ձեռքերը միգուցե երբեք չտեսնեն կամ չզգան թերությունը, Տերը գիտի մեր ջանասիրության չափը, և թե արդյոք մենք արել ենք մեր ամենալավագույնը: Նույնը ճիշտ է նաև մեր անձնական ջանքերի հետ կապված՝ ապրել տաճարի օրհնություններին արժանի կյանքով: Տերը խորհուրդ է տվել.

«Եվ որքան որ իմ ժողովուրդը Տիրոջ անունով տուն կառուցի ինձ համար, և թույլ չտա, որ որևէ անմաքուր բան մտնի այնտեղ, որպեսզի այն չապականվի, իմ փառքը պիտի հանգչի դրա վրա.

Այո, իմ ներկայությունը պիտի լինի այնտեղ, քանզի ես կմտնեմ այնտեղ, և բոլոր սրտով մաքուրները, որոնք կմտնեն այնտեղ, պիտի տեսնեն Աստծուն:

Բայց եթե այն պղծվի, ես չեմ մտնի այնտեղ, և իմ փառքը չի լինի այնտեղ, քանզի ես չեմ մտնի անսուրբ տաճարներ»:3

Պատասխանատուի պես, երբ մենք տեղեկանում ենք մեր կյանքի մանրամասների մասին, որոնք համահունչ չեն Տիրոջ ուսմունքների հետ, երբ մեր ջանքերը չեն հասնում մեր ամենալավագույնին, մենք պետք է շտապենք և ուղղենք ցանկացած բան, որ թերի է, գիտակցելով, որ մենք չենք կարող մեր մեղքերը թաքցնել Տիրոջից: Մենք պետք է հիշենք, որ «երբ մենք ձգտում ենք քողարկել մեր մեղքերը, … ահա, երկինքները ետ են քաշվում. [և] Տիրոջ Հոգին տրտմում է»:4

Ես նաև սովորեցի, որ տաճար կառուցելու համար այս Եկեղեցու կողմից նախատեսված բարձր չափանիշները օրինակ և նույնիսկ խորհրդանիշ են, թե մենք ինչպես պետք է ապրենք մեր իսկ կյանքը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է կիրառել Պողոս Առաքյալի ուսմունքները, տրված վաղ շրջանի Եկեղեցուն, երբ նա ասաց.

«Չգիտե՞ք, որ դուք Աստծո տաճար եք, և Աստծո Հոգին բնակված է ձեզանում:

Եթե մեկն Աստծո տաճարն ապականէ, նորան էլ Աստված կապականէ. որովհետև Աստծո տաճարը սուրբ է՝ որ դուք եք»:5

Մեզանից յուրաքանչյուրը պատրաստված է լավագույն նյութերից, և մենք աստվածային վարպետության հրաշալի արդյունք ենք: Այնուամենայնիվ, երբ մենք հասնում ենք պատասխանատվության տարիքին և ոտք ենք դնում մեղքի ու գայթակղության մարտադաշտ, մեր սեփական տաճարը կարող է վերանորոգման և փոփոխության կարիք զգալ: Հավանաբար մեր մեջ կան պատեր, որ անհարթ են և հարթեցման կարիք ունեն կամ մեր հոգում կան պատուհաններ, որ կարիք ունեն փոխվելու, որպեսզի մենք կարողանանք կանգնել սուրբ տեղերում: Մենք երախտապարտ ենք, որ տաճարի չափանիշը, որով մենք պետք է ապրենք, կատարելությունը չէ, չնայած որ մենք ձգտում ենք դրան, այլ դրա փոխարեն մենք պետք է պահենք պատվիրանները և անենք մեր լավագույնը, որ ապրենք ինչպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ: Իմ աղոթքն է, որ մենք բոլորս էլ ճիգ գործադրենք, որ ապրենք այնպիսի կյանքով, որ արժանի լինենք տաճարի օրհնություններին՝ անելով մեր լավագույնը, հասնելով անհրաժեշտ զարգացմանը և սահմանափակելով անհարթություններն ու անկատարելությունները, որպեսզի Աստծո Հոգին կարողանա միշտ բնակվել մեր մեջ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: