Բարի գալուստ համաժողով

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն


Thomas S. Monson
Եկեք ուշադիր լսենք այն ուղերձները, … որպեսզի մենք լցվենք Տիրոջ Հոգով և ստանանք այն գիտելիքը, որը Նա ցանկանում է մեզ համար:

Որքան որ տեսնում եմ, բոլոր նստատեղերը զբաղեցված են, բացի այն մի քանիսը ետևում: Կա բարելավվելու տեղ: Սա քաղաքավարի մոտեցում է նրանց, ովքեր կարող են փոքր ինչ ուշանալ ճանապարհային խցանումների պատճառով, որպեսզի նրանք տեղ գտնեն, երբ ներս մտնեն:

Սա մեծ օր է՝ համաժողովի օր: Մենք լսեցինք սքանչելի երգչախմբի հրաշալի կատարումը: Ամեն անգամ, երբ ես լսում եմ երգչախմբի կատարում, երգեհոն կամ դաշնամուր, մտածում եմ մորս մասին, ով ասել է. «Ես ուրախ եմ ամեն նվաճումով, որ դու ունեցել ես, բոլոր աստիճաններով, որ դու ձեռք ես բերել և ամբողջ աշխատանքով, որ դու արել ես: Իմ միակ ափսոսանքն է, որ դու չշարունակեցիր դաշնամուր նվագելը»: Շնորհակալություն, մայրիկ: Որքան կուզենայի դա արած լինեի:

Որքան լավ է, իմ եղբայրներ և քույրեր, ողջունել ձեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի 182-րդ կիսամյա գերագույն համաժողովին:

Վեց ամիս առաջ մեր վերջին հանդիպումից հետո երեք նոր տաճարներ են նվիրագործվել և մեկ տաճար՝ վերանվիրագործվել: Մայիսին ես պատիվ ունեցա նվիրագործելու սքանչելի Կանզաս Սիթի Միսսուրի տաճարը և ներկա գտնվեցի դրա հետ կապված մշակութային տոնակատարությանը: Ավելի մանրամասն կպատմեմ այդ տոնակատարության մասին վաղվա առավոտյան իմ ելույթում:

Հունիսին Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը նվիրագործեց երկար սպասված տաճարը Մանաուսում, Բրազիլիա, իսկ սեպտեմբերի սկզբին Նախագահ Հենրի Բ. Այրինգը վերանվիրագործեց վերանորոգված տաճարը Բուենոս Այրեսում, Արգենտինա, որը ես պատիվ եմ ունեցել նվիրագործել մոտ 27 տարի առաջ: Միայն երկու շաբաթ առաջ Նախագահ Բոյդ Կ. Փաքերը նվիրագործեց գեղեցիկ Բրիգամ Սիթի տաճարը իր հարազատ քաղաքում, որտեղ նա ծնվել և մեծացել է:

Նախկինում ես նշել եմ, որ չկա Եկեղեցու կողմից կառուցված որևէ շինություն, որն ավելի կարևոր է, քան տաճարը, և մենք աշխարհով մեկ ունենք 139 գործող տաճար, 27 տաճար՝ հայտարարված կամ կառուցման ընթացքում: Մենք երախտապարտ ենք այդ սրբազան շինությունների և այն օրհնությունների համար, որ դրանք բերում են մեր կյանք:

Այս առավոտ ես հաճույքով հայտարարում եմ երկու լրացուցիչ տաճարների մասին, որ կկառուցվեն գալիք ամիսների և տարիների ընթացքում հետևյալ վայրերում՝ Տուսկոն, Արիզոնա, և Առեքիպա, Պերու: Այս տաճարներին վերաբերող մանրամասները կտրամադրվեն ապագայում, երբ ձեռք բերվեն անհրաժեշտ թույլտվությունները և հաստատումները:

Եղբայրներ և քույրեր, այժմ անդրադառնանք մեկ այլ հարցի՝ միսիոներական ծառայությանը:

Որոշ ժամանակի ընթացքում Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը թույլ էին տվել որոշ երկրներից երիտասարդ տղամարդկանց ծառայել 18 տարեկան հասակում, եթե նրանք արժանի են, ունակ, ավարտել են ավագ դպրոցը և անկեղծ ցանկություն են արտահայտել ծառայելու: Սա որոշակի երկրների համար նախատեսված քաղաքականություն էր, որը թույլ տվեց հազարավոր երիտասարդ տղամարդկանց ծառայել պատվավոր միսիաներ և նաև կատարել պահանջվող զինվորական պարտավորությունները և ունենալ կրթության հնարավորություն:

Այդ 18 տարեկան միսիոներների հետ կապված մեր փորձառությունը դրական էր: Նրանց միսիաների նախագահները զեկուցում են, որ նրանք հնազանդ են, հավատարիմ, հասուն և ծառայում են նույնքան արհեստավարժությամբ, որքան նույն միսիաներում ծառայող ավելի ավագ միսիոներները: Նրանց հավատարմությունը, հնազանդությունը և հասունությունը թույլ են տվել մեզ միսիոներական վաղատարիք այս ծառայության տարբերակը տարածել բոլոր երիտասարդ տղամարդկանց վրա, անկախ իրենց բնակության երկրից:

Ես հաճույքով հայտարարում եմ, որ այս պահից ուժի մեջ է մտնում այն, որ բոլոր արժանի երիտասարդ տղամարդիկ, ովքեր ավարտել են ավագ դպրոցը կամ դրան համարժեք դպրոց, անկախ իրենց բնակության վայրից, հնարավորություն ունեն երաշխավորվելու միսիոներական ծառայության 19-ի փոխարեն 18 տարեկանից: Ես չեմ առաջարկում, որ այդ տարիքի բոլոր երիտասարդ տղամարդիկ ծառայեն, կամ պետք է ծառայեն: Ելնելով անձնական հանգամանքներից, ինչպես նաև քահանայության ղեկավարների որոշումից, այս հնարավորությունն այժմ մատչելի է:

Աղոթքով խորհելով այն մասին, թե որ տարիքից կարող են երիտասարդ տղամարդիկ սկսել իրենց միսիոներական ծառայությունը, մենք նաև քննարկել ենք երիտասարդ կանանց ծառայելու հնարավոր տարիքը: Այսօր ես ուրախությամբ հայտարարում եմ, որ արժանի երիտասարդ կանայք, ովքեր ծառայելու ցանկություն ունեն, կարող են երաշխավորվել միսիոներական ծառայության սկսած ոչ թե 21, այլ 19 տարեկանից:

Մենք հաստատում ենք, որ միսիոներական աշխատանքը քահանայության պարտականություն է, և խրախուսում ենք բոլոր արժանի և ֆիզիկապես ու մտավոր առումով ունակ երիտասարդ տղամարդկանց արձագանքել ծառայելու կոչմանը: Շատ երիտասարդ կանայք նույնպես ծառայում են, սակայն նրանք նույն պարտավորությունը չեն կրում, ինչպես երիտասարդ տղամարդիկ: Համենայն դեպս, մենք հավատացնում ենք, որ Եկեղեցու երիտասարդ քույրերը արժեքավոր ներդրում են կատարում որպես միսիոներներ, և մենք ողջունում ենք նրանց ծառայությունը:

Մենք շարունակում ենք ավելի ու ավելի շատ ավագ զույգերի կարիք ունենալ: Եթե թոշակի անցնելուց հետո ձեր պայմանները և ձեր առողջությունը թույլ են տալիս, ես խրախուսում եմ ձեզ դիմել լիաժամկետ միսիոներական ծառայությանը: Ամուսինը և կինը՝ երկուսն էլ մեծ ուրախություն կգտնեն, երբ միասին ծառայեն մեր Հոր զավակներին:

Այժմ, իմ եղբայրներ և քույրեր, եկեք ուշադիր լսենք այն ուղերձները, որոնք կներկայացվեն հաջորդ երկու օրերի ընթացքում, որպեսզի մենք լցվենք Տիրոջ Հոգով և ստանանք այն գիտելիքը, որը Նա ցանկանում է մեզ համար: Որ սա լինի մեր փորձառությունը, ես աղոթում եմ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: