Ամուր հիմք

Եպիսկոպոս Դին Մ. Դեյվիս

Նախագահող Եպիսկոպոսության Երկրորդ Խորհրդական


Դին Մ. Դեյվիս
Եկեք ընդունենք Իր մոտ գալու Փրկչի հրավերը: Եկեք կառուցենք մեր կյանքը ապահով և ամուր հիմքի վրա:

1989թ. հոկտեմբերի 17-ին աշխատանքից տուն վերադառնալիս մեքենաս հասավ լուսաֆորին Մարքեթ և Բիլ փողոցների խաչմերուկին Սան-Ֆրանցիսկոյում, Կալիֆոռնիա: Այդ պահին ես զգացի, որ մեքենան ցնցվեց, և մտածեցի. «Կարծես, անվադողը ծակվեց»: Երբ մեքենան շարունակեց ցնցվել, շատ մոտ տեսա մի ավտոբուս և մտածեցի. «Այս ավտոբուսը հենց նոր հարվածեց ինձ»: Ապա մեքենան սկսեց ցնցվել ավելի ու ավելի ուժեղ, և ես մտածեցի. «Երևի, բոլոր չորս անվադողերն են ծակվել»: Բայց դա ոչ անվադողերն էին, ոչ ավտոբուսը, այլ հզոր մի երկրաշարժ: Երբ կանգնեցի կարմիր լույսի տակ, մայթի վրայով, կարծես, ծովի ալիքներ էին անցնում ամբողջ Մարքեթ փողոցով: Իմ առջև գրասենյակային մի բարձրահարկ շենք այս ու այն կողմ էր ճոճվում, ձախ կողմում գտնվող հին շենքից աղյուսները սկսեցին ներքև թափվել, իսկ երկիրը շարունակվում էր ցնցվել:

Լոմա Պրիետա երկրաշարժը ցնցեց Սան-Ֆանցիսկոյի Ծոցի տարածքը այդ օրը ժամը 17:04-ին և թողեց 12000 անօթևան:

Երկրաշարժը լուրջ վնասներ հասցրեց Սան-Ֆրանցիսկոյի Ծոցի տարածքում, հատկապես անկայուն շերտեր ունեցող Սան-Ֆրանցիսկո և Օքլենդ քաղաքներում: Սան-Ֆրանցիսկոյի Մարինա շրջանը կառուցվել է ստորգետնյա ջրերի բարձր տոկոս պարունակող ավազի, ցեխի, քանդված նյութերի խառնուրդի վրա: Օգտագործվել էին նաև փլատակների մնացորդները Սան-Ֆրանցիսկոյի Ծոցից՝ 1906թ. երկրաշարժից հետո: 1

1915-ին բազմաբնակարային շենքեր մնացին փլատակների տակ: 1989թ. երկրաշարժի ժամանակ ցեխի, ավազի և փլատակների ջրային խառնուրդը շենքերի փլուզման պատճառ դարձավ: Շենքերը կառուցված չէին ամուր հիմքի վրա:

Լոմա Պրիետայի երկրաշարժը ազդեց շատերի, այդ թվում և իմ կյանքի վրա: Խորհելով այդ օրվա իրադարձությունների մասին, մտքում և սրտում ես էլ ավելի եմ համոզվում, որ կյանքի փորձություններին, երկրաշարժերին և աղետներին դիմակայելու համար մենք պետք է կառուցենք ամուր հիմքի վրա:

Նեփիացի մարգարե Հելամանը հստակ պարզությամբ նկարագրել է մեր կյանքը կայուն հիմքի՝ Հիսուսի Քրիստոսի հիմքի վրա կառուցելու կարևորությունը. «Եվ, այժմ, իմ որդիներ, հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի» (Հելաման 5.12):

Ժամանակակից տաճարների կառուցման ժամանակ մեծ ուշադրություն է հատկացվում նախագծման և ինժեներական աշխատանքներին և շինանյութին: Տեղանքում, որտեղ պետք է կառուցվի տաճարը, տարվում է հողի մանրաստույգ զննման և երկրաբանական աշխատանքներ: Հաշվի են առնվում տարածաշրջանի քամու, անձրևի և եղանակի փոփոխությունները, որպեսզի կառուցված տաճարը կարողանա դիմանալ ոչ միայն փոթորիկներին և տարածքին հատուկ կլիմային, այլ նախագծված և տեղակայված լինի այնպես, որ դիմակայի անսպասելի երկրաշարժերի, հողմերի, ջրհեղեղների և բնական այլ աղետների, որոնք կարող են տեղի ունենալ: Շատ տաճարներում բետոնե կամ պողպատե սյուներ են տեղադրվում խորը հողի մեջ՝ տաճարի հիմքը ամուր պահելու նպատակով:

Ինչպես մեր ժամանակների նախագծողները և շինարարները, մեր սիրող և բարի Երկնային Հայրը և Նրա Որդին պատրաստել են ծրագրեր, գործիքներ և այլ միջոցներ են տվել մեր օգտագործման համար, որպեսզի մենք կառուցենք և ամրացնենք մեր կյանքը ամուր և անսասան հիմքի վրա: Այդ ծրագիրը փրկության ծրագիրն է, երջանկության մեծ ծրագիրը: Այդ ծրագիրը մեր առջև է բացում սկզբի և վերջի հստակ պատկերը և կարևոր քայլերը, ներառյալ՝ արարողությունները, որոնք անհրաժեշտ են Հոր զավակներից յուրաքանչյուրին Նրա ներկայություն վերադառնալու և Նրա հետ հավերժ ապրելու համար:

Հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը և մինչև վերջ համբերելը կյանքի «նախագծի» մասերն են: Դրանք օգնում են պատրաստել շինանյութ, որն ամուր կպահի մեր կյանքը Քրիստոսի Քավության հիմքի վրա: Այն օգնում է ձևավորել և ամրացնել մարդու կյանքի պահող կաուցվածքները: Եվ, ինչպես տաճարի նախագիծն ունի «հատկորոշիչներ», որոնք մանրամասն ցուցումներ են տալիս, թե ինչպես պետք է պատրաստել և միացնել հիմնական բաղադրիչները, աղոթքը, սուրբ գրությունների ընթերցանությունը, հաղորդության ընդունումը և քահանայության հիմնական արարողությունների ստացումը դառնում են այն «հատկորոշիչները», որոնք օգնում են կառուցել և իրար միացնել կյանքի բաղադրիչները:

Այս հատկորոշիչների հավասարակշռված կիրառումը կենսական նշանակություն ունի: Օրինակ, բետոն պատրաստելու համար հարկավոր է խառնել ավազի, մանրախճի, ցեմենտի և ջրի ճշգրիտ քանակություն՝ առավելագույն ամրություն ստանալու համար: Այս բաղադրիչների սխալ քանակի օգտագործումը կամ բացակայությունը բետոնը թույլ են դարձնում, թույլ չտալով կատարել իր կարևոր ֆունկցիան:

Նմանապես, եթե մենք պատշաճ հավասարակշռություն չենք կիրառում մեր կյանքում՝ ամենօրյա աղոթքների, սուրբ գրություններից սնվելու, հաղորդությունից ամեն շաբաթ ուժ ստանալու և քահանայության արարողություններին, ինչպես օրինակ՝ տաճարային ծեսերին, հաճախակի մասնակցելու հարցում, մենք նույնպես հայտնվում ենք մեր հոգևոր կառուցվածքը թուլացնելու վտանգի առաջ:

Եփեսացիներին ուղղված իր նամակում Պողոսի խոսքերը կարելի է կիրառել մեր բնավորության և հոգու հավասարակշռված զարգացման կարիքի դեպքում. «Որ նորանում բոլոր շինուածքը միասին յարմարուած աճում է, որ լինի սուրբ տաճար Տէրով» (Եփեսացիս 2.21):

Աղոթքը առավել հիմնարար և կարևոր շինարարական հիմնանյութերից մեկն է՝ մեր հավատքի և բնավորության կառուցման համար: Աղոթքի միջոցով մենք կարող ենք արտահայտել մեր երախտագիտությունը, սերը և նվիրումը Աստծուն: Աղոթքի միջոցով մենք կարող ենք ենթարկել մեր կամքը Նրան և ստանալ ուժ՝ մեր կյանքը Նրա ուսմունքների հետ համաձայնեցնելու համար: Աղոթքը ուղի է, որով մենք կարող ենք քայլել՝ փնտրելով մեր կյանքում Նրա ազդեցությունը, անգամ հայտնությունը:

Ալման ուսուցանել է. «Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում, և նա ուղղություն ցույց կտա քեզ բարու համար. այո, երբ դու պառկես գիշերը, պառկիր ի Տերը, որ նա կարողանա հսկել քեզ, քնիդ մեջ. և երբ դու վեր կենաս առավոտյան, թող քո սիրտը լի լինի գոհությամբ առ Աստված. և եթե դու անես այս բաները, դու պիտի բարձրացվես վերջին օրը» (Ալմա 37.37):

Մեր մտքերը, զգացմունքները և ցանկությունները Աստծո հետ կիսելը անկեղծ և սրտանց աղոթքի միջոցով պետք է յուրաքանչյուրիս համար դառնա նույնքան կարևոր և բնական, որքան շնչելը և ուտելը:

Ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությունը նույնպես կամրացնի մեր հավատքը և բնավորությունը: Ճիշտ ինչպես մենք կարիք ունենք ուտելիքի մեր ֆիզիկական մարմինները սնուցելու համար, մեր հոգիները կսնուցվեն և կամրանան, եթե մենք սնվենք Քրիստոսի խոսքերով, ինչպես դրանք պարունակվում են մարգարեների գրվածքներում: Նեփին ուսուցանել է. «Սնվեք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.3):

Թեև սուրբ գրությունները կարդալը լավ է, միայն կարդալը բավական չէ Փրկչի ուսմունքների լիարժեք շունչը և խորությունն ըմբռնելու համար: Քննելը, խորհելը և կիրառելը Քրիստոսի խոսքերը, ինչպես ուսուցանվում են սուրբ գրություններում, իմաստություն և գիտելիք կբերեն մեր մահկանացու հասկացողությունից դուրս: Սա կամրացնի մեր պարտավորվածությունը և հոգևոր ուժ կտա բոլոր իրավիճակներում մեր լավագույնն անելու համար:

Առավել կարևոր քայլերից մեկը, որոնցով մենք կարող ենք ամրացնել մեր կյանքը և հաստատուն ամրացված մնանք Փրկչի հիմքին, դա ամեն շաբաթ արժանիորեն հաղորդությունն ընդունելն է: Հաղորդության արարողությունը Եկեղեցու յուրաքանչյուր անդամի հնարավորություն է տալիս նախապես խորհել իր կյանքի մասին, մտածել այն գործողությունների կամ գործողություններից զերծ մնալու մասին, որոնք կտանեն դեպի ապաշխարություն, և ճաշակել հացը և ջուրը որպես սուրբ խորհրդանիշեր՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մարմնի և արյան, որպես Նրա Քավության վկայություն: Անկեղծությամբ և խոնարհությամբ այն ընդունելու դեպքում, մենք թարմացնում ենք հավերժական ուխտերը, մաքրվում և սրբագործվում ենք, և ստանում ենք խոստումը, որ միշտ կունենանք Նրա Հոգին մեզ հետ: Հոգին գործում է որպես սոսինձ, կապող նյութ, որը ոչ միայն սրբագործում, այլ նաև մեր հիշողություն է բերում բոլոր բաները և կրկին ու կրկին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին: Հաղորդությունն արժանիորեն ընդունելը ամրացնում է մեր անձնական կապը հիմնաքարի՝ Հիսուս Քրիստոսի հետ:

Իր ծառայության ընթացքում Փրկիչը սիրով և հստակությամբ ուսուցանում էր վարդապետությունները, սկզբունքները և անհրաժեշտ գործողությունները, որոնք կարող են պահպանել մեր կյանքը և ամրացնել մեր բնավորությունը: Լեռան քարոզի վերջում Նա ասաց.

«Հետևաբար, ով որ լսում է իմ այս խոսքերը և կատարում դրանք, ես կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց վեմի վրա,

Եվ անձրևը տեղաց, և ջրհեղեղները եկան, և քամիները փչեցին ու զարկեցին այդ տանը. և այն չընկավ, քանզի վեմի վրա էր կառուցված:

Եվ ամեն մեկը, որ լսի իմ այս խոսքերը և չկատարի դրանք, կնմանեցվի մի հիմար մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա,

Եվ անձրևը տեղաց, և ջրհեղեղները եկան, և քամիները փչեցին ու զարկեցին այդ տանը. և այն ընկավ, և մեծ էր նրա անկումը» (3 Նեփի 14.24–27; տես նաև Մատթեոս 7.24–27):

Եղբայրներ և քույրեր, մեզանից ոչ մեկը գիտակցաբար չի կառուցի իր տունը, աշխատավայրը, երկրպագության սուրբ տները ավազի, փլատակների վրա՝ առանց պատշաճ նախագծի և նյութերի: Եկեք ընդունենք Իր մոտ գալու Փրկչի հրավերը: Եկեք կառուցենք մեր կյանքը ապահով և ամուր հիմքի վրա:

Ես խոնարհաբար վկայում եմ, որ ամրացնելով մեր կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության խարիսխի օգնությամբ և խստորեն հետևելով մեր երջանկության համար Նրա ծրագրին, ներառյալ՝ ամենօրյա աղոթքի, սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության և հաղորդությունը ամեն շաբաթ ընդունելու սովորույթներին, մենք կուժեղանանք, մենք իրական անձնական աճ և մշտական դարձ կապրենք, մենք ավելի լավ պատրաստված կլինենք հաջողությամբ դիմակայելու կյանքի փոթորիկներին և աղետներին, մենք կունենանք խոստացված ուրախությունը և երջանկությունը և վստահություն ձեռք կբերենք, որ մեր կյանքը կառուցված է ամուր հիմքի վրա՝ հիմքի, որն երբեք չի քանդվի: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Mostrar las referencias

  1.  

    1. Sես “1989 Loma Prieta Earthquake,” wikipedia.org/wiki/1989_Loma_Prieta_earthquake: