Բաց մի թողեք ալիքի վրա լինելու հնարավորությունը

Երեց Ռասսել Մ. Նելսոն

Տասներկու Առաքյալների Քվորում


Ռասսել Մ. Նելսոն
Փառք Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին, Վերականգնման և նրա զորության համար, որը երկրի վրա ճշմարտության և արդարակեցության հրաշալի ալիք է բարձրացրել:

Սիրելի եղբայրներ և քույրեր, ես միանում եմ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին և մյուսներին` գովաբանելով նրանց, ովքեր արձագանքեցին ավելի շատ արժանի միսիոներներ ունենալու մարգարեի կոչին: Այժմ խանդավառ միսիոներական աշխատանքի աննախադեպ ալիք է բարձրանում ամբողջ աշխարհում: Անցյալ հոկտեմբերին Նախագահ Մոնսոնի պատմական հայտարարությունից հետո, հազարավոր երեցներ, քույրեր և զույգեր կանչվեցին, շատերն էլ` պատրաստվում են:1 Այժմ մեզ հարցնում են` ի՞նչ եք անելու այս միսիոներների հետ: Պատասխանը պարզ է: Նրանք անելու են այն, ինչ միսիոներներն են անում` քարոզելու են ավետարանը, օրհնելու են Ամենազոր Աստծո զավակներին:

Երիտասարդ տղաներ և աղջիկներ, ձեզանից շատերը բաց չեն թողնի ալիքի վրա լինելու հնարավորությունը, եթե ձգտեն արժանի լինել միսիայի կանչին: Դուք կընդունեք դա որպես ճշմարտության և արդարակեցության ալիք: Դուք կտեսնեք ալիքի կիզակետում գտնվելու հնարավորությունը:

Դեռահասներ, ընդունեք ձեր նոր ծրագիրը և միմյանց ուսուցանեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը: Այժմ պետք է պատրաստվեք ուսուցանելու մյուսներին Աստծո բարեգթության մասին:

Երիտասարդ տղաներ և աղջիկներ, ձեր կրթությունը շատ կարևոր է` մեր, ձեր և Աստծո համար: Որտեղ հնարավոր է, եթե միսիայից հետո ցանկանում եք ուսանել քոլեջում կամ համալսարանում, մենք խրախուսում ենք ձեզ դիմել ձեր նախընտրած ուսումնական հաստատություն` նախքան միսիան սկսելը: Շատ բարձրագույն հաստատություններ ապագա միսիոներներին տրամադրում են 18–30 ամսվա տարեկետում: Երեցներ և քույրեր, սա ձեզ հնարավորություն կտա ծառայել առանց մտահոգվելու, թե որտեղ եք շարունակելու ձեր կրթությունը: Մենք շատ երախտապարտ ենք կրթական հաստատությունների այն ղեկավարներին, ովքեր հնարավոր են դարձնում նման պլանավորումը:

Ծնողներ և ուսուցիչներ, բաց մի թողեք ալիքի վրա լինելու հնարավորությունը` պատրաստելով մեր աճող սերնդին արժանի լինել միսիոներական ծառայությանը: Միևնույն ժամանակ, ձեր օրինակելի կյանքը կշարժի ձեր ընկերների և հարևանների հետաքրքրությունը: Պատրաստ եղեք հետաքրքրվողներին ասելու, թե ինչու եք այդպես ապրում, նաև ասելու պատճառը այն հույսի և ուրախության, որ նրանք կտեսնեն ձեր մեջ:2 Նման հարցերին կարող եք պատասխանել այսպես` «Եկեք հարցնենք միսիոներներին, նրանք կօգնեն մեզ: Իսկ եթե ցանկանում եք, ես կլինեմ ձեր կողքին, երբ միսիոներները պատասխանեն և ուսուցանեն ձեզ»:

Մեծահասակներ, բաց մի թողեց հնարավորությունը` օգնելու ապագա միսիոներներին հոգևոր, ֆիզիկական և ֆինանսական առումով: Դարձրեք սովորություն գումար խնայելը: Տարեց զույգեր, պլանավորեք մի օր միսիա ծառայել: Մենք շատ երախտապարտ կլինենք ձեր ծառայության համար: Մինչ այդ, գուցե ձեզանից ոմանք կարող են գումարներ ուղարկել միսիաներին` նվիրաբերելով ընդհանուր միսիոներական ֆոնդին, ինչպես այս առավոտյան առաջարկեց Նախագահ Մոնսոնը:3

Մեծաթիվ ընտրյալ տղամարդիկ և նրանց սիրելի կողակիցները բաց չեն թողել ալիքի վրա լինելու հնարավորությունը, կանչվելով նախագահելու Եկեղեցու միսիաներում: Այդ ծառայության ընթացքում նրանք կկերտեն ծնված և չծնված սերունդների ճակատագրերը: Միսիայի նախագահները կրում են իրենց միսիոներների բարօրության, ապահովության և հաջողության պատասխանատվությունը: Իր միսիայի ցցի և շրջանի նախագահների հետ խորհրդակցելով` յուրաքանչյուր միսիայի նախագահ հանձնարարում է միսիոներներին ծառայել որոշակի ցցերում, ծխերում և ճյուղերում:

Ցցերի նախագահները և եպիսկոպոսները բաց չեն թողնում հնարավորությունը` ավելի շատ ժամանակ տրամադրելով ապագա միսիոներների հետ հարցազրույցներ անցկացնելուն: Այդ քահանայության ղեկավարները կրում են իրենց միավորներում միսիոներական աշխատանքի համար պատասխանատվության բանալիները և նրանք ոգեշնչում են անդամներին մասնակցել:

Յուրաքանչյուր ծխի խորհրդի եղբայրները և քույրերը սկսում են օգտվել հնարավորությունից: Այդ խորհրդից է ծխի միսիայի ղեկավարը:4 Ծխի միսիայի ղեկավարներ, ես ցանկանում եմ հատուկ խոսել ձեզանից յուրաքանչյուրի հետ: Դուք կանչվել եք ձեր եպիսկոպոսի կողմից` ղեկավարելու ծխի միսիոներական աշխատանքը: Եվ ձեզանից շատերն այնքան հաջողակ են, որ ձեզ օգնելու նպատակով օգնական է կանչվել: Ծխի խորհրդի մյուս անդամների հետ միասին դուք գտնում եք քիչ ակտիվ անդամներին, ընտանիքներին և հետաքրքրված հարևաններին: Դուք հաճախակի հանդիպում եք լիաժամկետ միսիոներների հետ: Խորհուրդ եք տալիս և աջակցում եք միսիոներներին: Խնդրում եմ, օգնեք նրանց ամենօրյա գրաֆիկը լցնել կենտրոնացած և իմաստալից ուսուցման հնարավորություններով: Դա ձեր պարտականությունն է: Այս աշխատանքի կարևորության մեջ ձեր դերը իրոք շատ կարևոր է: Եթե օգտվեք հնարավորությունից և խանդավառությամբ աշխատեք, մյուսները ձեզ կհետևեն: Որպես ծխի միսիայի ղեկավար, դուք անդամներին և միսիսներներին կապող օղակն եք Աստծո զավակներին փրկելու այս սուրբ գործում:5

Մեր հավատքին չպատկանող հետաքրքրվող ընկերներն ու հարևանները ևս կարող են բաց չթողնել հնարավորությունը: Մենք խրախուսում ենք նրանց պահել ամեն լավ ու ճշմարիտ բան իրենց կյանքում: Եվ հրավիրում ենք նրանց ստանալ ավելին, հատկապես փառահեղ ճշմարտությունը, որ Աստծո հավերժական ծրագրի օգնությամբ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել:6

Ճշմարտության և արդարության այդ ալիքը հրաշալի է: Դա մարդու կողմից չի ստեղծվել: Այն գալիս է Տիրոջից, ով ասել է. «Ես կարագացնեմ իմ աշխատանքը իր ժամանակին»:7 Այդ ալիքը թափ է ստացել 193 տարի առաջ կատարված աստվածային հայտարարությամբ, այն ունի միայն յոթ բառ` «Սա է իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»:8 Ամենազոր Աստծո կողմից արտասանված այդ հայտարարությամբ երիտասարդ Ջոզեֆ Սմիթին ներկայացվեց Տեր Հիսուս Քրիստոսը: Այդ յոթ բառով սկսվեց Նրա ավետարանի Վերականգնումը: Ինչո՞ւ: Որովհետև մեր կենդանի Աստվածը սիրող Աստված է: Նա ցանկանում է, որ Իր զավակները ճանաչեն Իրեն և Հիսուս Քրիստոսին, ում Նա ուղարկել է:9 Եվ Նա ցանկանում է, որ Իր զավակները ձեռք բերեն անմահություն և հավերժական կյանք:10

Այս փառահեղ նպատակի համար են մեր միսիոներներն ուսուցանում Վերականգնման մասին: Նրանք գիտեն, որ մոտ 2000 տարի առաջ Տերը հաստատել է Իր Եկեղեցին: Նրա Խաչելությունից և Նրա Առաքյալների մահից հետո, մարդիկ փոխեցին Եկեղեցին և վարդապետությունը: Ապա, հոգևոր խավարի սերունդներից հետո, և ըստ նախորդ մարգարեների կանխատեսման,11 Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը վերականգնեցին Եկեղեցին, վարդապետությունը և քահանայության իշխանությունը: Այդ Վերականգնման շնորհիվ կրկին գիտելիք և փրկության ու վեհացման կարևոր ծեսեր հասանելի դարձան բոլոր մարդկանց:12 Ի վերջո, այդ վեհացումը թույլ է տալիս մեզանից յուրաքանչյուրին մեր ընտանիքների հետ հավերժ ապրել Աստծո և Հիսուս Քրիստոսի ներկայությամբ:

Ես չեմ կարող Վերականգնման մասին խոսել հանգիստ տոնով: Այս պատմական փաստը ուղղակի ցնցող է: Դա անհավատալի է և անչափ ոգևորող: Որքան ապշեցուցիչ է այն փաստը, որ երկնքից սուրհանդակներ են եկել իշխանություն և զորություն պարգևելու այս գործին:

Մեր Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը բազմաթիվ անգամներ հայտնվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթին:13 Նրանց ղեկավարությամբ երկնային այլ սուրհանդակներ ևս եկան` յուրաքանչյուրն առանձնահատուկ նպատակով: Օրինակ`

  1. Մորոնի հրեշտակը հայտնեց Մորմոնի Գրքի մասին:14
  2. Հովհաննես Մկրտիչը վերականգնեց Ահարոնյան Քահանայությունը:15
  3. Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը վերականգնեցին Մելքիսեդեկյան Քահանայությունը:16
  4. Մովսեսը շնորհեց Իսրայելը հավաքելու բանալիները:17
  5. Եղիասը շնորհեց Աբրահամի մասին գիտելիքի բանալիները:18
  6. Եղիան վերականգնեց կնքման իշխանության բանալիները:19

Բացի դա, Վերականգնումն ավելացրեց այն գիտելիքը, որ Սատանան հնում ուներ: Տերը տվեց նոր սուրբ գրություն: Սուրբ Աստվածաշնչին Նա ավելացրեց Մորմոնի Գիրքը` ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: Դա մարգարեությունների և հնագույն Ամերիկայի ժողովրդին հարություն առած Տիրոջ ծառայության մասին մի հիշատակարան է: Այն բացատրում է Աստծո երջանկության մեծ ծրագիրը`20 փրկության ծրագիրը:21 Մորմոնի Գիրքը լիակատար ներդաշնակության մեջ է Աստվածաշնչի հետ: Երկու սուրբ հիշտակարաններն էլ հաստատում են Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունը և Նրա Քավության կարևորությունը:22

Վերականգնումը իրականացնում է աստվածաշնչյան շատ մարգարեություններ: Օրինակ, Եսայիան մարգարեացավ, որ Տիրոջ տունը պետք է հաստատվի սարերի գլխին:23 Մորմոն պիոներների մեկնումը դեպի արևմտյան Ամերիկայի լեռներ զոհաբերության և հավատքի ավանդապատման իրականցումն էր: Եսայիան նաև կանխատեսել էր, որ Աստված կկատարի «զարմանալիք և զարմանք»:24 Դա այժմ իրականանում է մեր միսիոներների աճող բանակի սրբազան աշխատանքով:

Տասանորդի վերաբերյալ Հին Կտակարանի ուսմունքները վերականգնվեցին:25 Արդյունքում, ավելի շատ տասանորդ վճարողներ օրհնվեցին իրենց հնազանդության համար: Մելքիսեդեկի վերաբերյալ հղումները պարզաբանվեցին Վերականգնման սուրբ գրությունների միջոցով:26 Իրականացան մարգարեությունները Հովսեփի փայտի (Մորմոնի Գրքի) և Հուդայի փայտի (Աստվածաշնչի) մասին, որոնք պետք է մեկ դառնային Աստծո ձեռքում:27

Վերականգնումը նաև պարզաբանում է Նոր Կտակարանի սուրբ գրությունները: Մկրտության մասին տողերն այժմ ավելի լավ են հասկացվում:28 Մեր մահացած նախնիների համար ծեսերն այժմ կատարվում են փոխանորդների միջոցով ողջ աշխարհի 141 տաճարներում: Սա միակ ուղին է փրկություն առաջարկելու մեր նախնիներին, ովքեր մահացել են առանց ավետարանի մասին գիտելիքի:29 Հովհաննես Հայտնիչի տեսիլքը, որտեղ «մեկ այլ հրեշտակ [թռչում էր] երկնքի մեջ, որ հավիտենական ավետիք ուներ, որ ավետարաներ երկրի վրա բնակվողներին», կանխագուշակում էր Մորոնի hրեշտակի և Մորմոնի Գրքի առաքելությունը:30

Մորմոնի Գիրքը վերականգնման գլխավոր զարդն է: Այն գրվել, պահպանվել և փոխանցվել է Տիրոջ ղեկավարության ներքո: Այն թարգմանվել է «Աստծո պարգևով և զորությամբ»:31 Վարդապետություն և Ուխտերը պարունակում է լրացուցիչ հայտնություններ` տրված Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Նրա միջոցով մենք ստացել ենք սուրբ գրությունների ավելի շատ լրացուցիչ էջեր, քան որևէ այլ մարգարեից: Նավույում, Իլինոյսում, խոսքն ուղղելով Սրբերին նա ասել է. «Ես երբեք ձեզ չեմ ասել, որ կատարյալ եմ, բայց ոչ մի սխալ չկա այն հայտնություններում, որոնք ես ուսուցանել եմ»:32

Անդամներն ու միսիոներները միասին հրավիրում են բոլորին սովորել Աստծո, Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Յուրաքանչյուր հետաքրքրվող անհատ պետք է ջանասիրաբար փնտրի և ջերմեռանդ աղոթի հավաստիանալու համար, որ այդ ամենը ճիշտ է: Ճշմարտությունը կհայտնվի Սուրբ Հոգու զորությամբ:33

Փառք Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին, Վերականգնման և նրա զորության համար, որը երկրի վրա ճշմարտության և արդարակեցության հրաշալի ալիք է բարձրացրել: Թող որ լինենք այդ ալիքի վրա և իրագործենք ավետարանը «յուրաքանչյուր ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի»34 տանելու Տիրոջ պատվիրանը, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Show References

  1.  

    1. Տես Թոմաս Ս. Մոնսոն, «Ողջույնի խոսք», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2012, 4–5:

  2.  

    2. Տես 1 Ա Պետրոս 3.15.

  3.  

    3. Տես Թոմաս Ս. Մոնսոն, «Կրկին համաժողով է», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 6:

  4.  

    4. Տես Handbook 2: Administering the Church (2010), 5.1:

  5.  

    5. Մենք երախտապարտ ենք այն Սրբերի համար, ովքեր անկեղծորեն ձգտում են սրբագործման: Նրանք փորձում են լինել ավելի սուրբ: Նրանք ձգտում են «նախ կառուցել Աստծո արքայությունը, և հաստատել նրա արդարությունը» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 6.38 [Մատթեոս 6.33-ում, տողատակի ծանոթագրություն ա]):

  6.  

    6. Տես “Families Can Be Together Forever,” Hymns, no. 300; լրացուցիչ պարզաբանում կարող եք գտնել Վարդապետություն և Ուխտեր 132.7, 19:

  7.  

    7. Վարդապետություն և Ոըխտեր 88.73:

  8.  

    8. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17:

  9.  

    9. Տես Հովհաննես 17.3:

  10.  

    10. Տես Մովսես 1.39:

  11.  

    11. Տես Մատթեոս 17.11; Գործք 3.20–21; Եփեսացիս 1.10; 2 Նեփի 30.8; Վարդապետություն և Ուխտեր 132.40, 45:

  12.  

    12. Տես 3 Նեփի 27.13–14, 21; Վարդապետություն և Ուխտեր 39.6; Հավատո Հանգանակ 1.4:

  13.  

    13. Տես Karl R. Anderson, The Savior in Kirtland (2012), 228–43:

  14.  

    14. Տես Վարդապետություն և Ուխտեր 27.5; տես նաև Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.33–34:

  15.  

    15. Տես Վարդապետություն և Ուխտեր 13:

  16.  

    16. Տես Վարդապետություն և Ուխտեր 20.2–3; 27.12; 128.20; տես նաև Larry C. Porter, “Dating the Restoration of the Melchizedek Priesthood,” Ensign, June 1979, 4–10:

  17.  

    17. Տես Վարդապետություն և Ուխտեր 110.11:

  18.  

    18. Տես Վարդապետություն և Ուխտեր 110.12:

  19.  

    19. Տես Վարդապետություն և Ուխտեր 110.13–16:

  20.  

    20. Տես Ալմա 42, հատկապես հատված 8:

  21.  

    21. Տես, օրինակ, Ալմա 12.28–30:

  22.  

    22. Տես, օրինակ, Ա Կորնթացիս 15.22; Ալմա 34.9:

  23.  

    23. Տես Եսայիա 2.2:

  24.  

    24. Եսայիա 29.14:

  25.  

    25. Տես Ծննդոց 14.18–20; Մաղաքիա 3.8–10; Վարդապետություն և Ուխտեր 119–20:

  26.  

    26. Տես Ծննդոց 14.18; Սաղմոս 110.4; տես նաև Ալմա 13.14–18; Վարդապետություն և Ուխտեր 84.14–22:

  27.  

    27. Տես Եզեկիել 37.16, 19; Վարդապետություն և Ուխտեր 27.5:

  28.  

    28. Տես Ա Կորնթացիս 15.29; Վարդապետություն և Ուխտեր 128:

  29.  

    29. Տես Վարդապետություն և Ուխտեր 137.7; 138.31–34:

  30.  

    30. Հայտնություն 14.6; տես նաև Վարդապետություն և Ուխտեր 133.36–39:

  31.  

    31. Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ, հեղինակել է Մորոնին; Վարդապետություն և Ուխտեր 135.3:

  32.  

    32. Եկեղեցու Նախագահների ուսմունքները` Ջոզեֆ Սմիթ (2007), 522:

  33.  

    33. Տես Մորոնի 10.4–5:

  34.  

    34. Հայտնություն 14.6; տես նաև 1 Նեփի 19.17; Վարդապետություն և Ուխտեր 133.37: