Հնազանդությունը օրհնություններ է բերում

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն


Թոմաս Ս. Մոնսոն
Ճշմարտության գիտելիքը և մեր մեծագույն հարցերի պատասխանները գալիս են, երբ մենք հնազանդ ենք Աստծո պատվիրաններին:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, որքան երախտապարտ եմ այս առավոտ ձեզ հետ լինելու համար: Պատիվ ունենալով խոսքս հղել ձեզ, ես ակնկալում եմ ձեր հավատքն ու աղոթքները:

Դարերի ընթացքում տղամարդիկ և կանայք գիտելիք և հասկացողություն են փնտրել այս մահկանացու գոյության, դրանում իրենց ունեցած տեղի և նպատակի մասին, փնտրելով խաղաղություն և երջանկություն: Մեզանից յուրաքանչյուրը փնտրում է այդ ամենը:

Այդ գիտելիքն ու հասկացողությունը մատչելի են ողջ մարդկությանը: Դրանք պարփակված են հավերժական ճշմարտությունների մեջ: Վարդապետություն և Ուխտեր, բաժին 1, հատված 39-ում կարդում ենք. «Ահա տես, Տերն Աստված է, և Հոգին վկայություն է բերում, և վկայությունը ճշմարիտ է, և ճշմարտությունը մնում է հավիտյանս հավիտենից»:

Բանաստեղծը գրել է.

Կանցնի երկինքը, կանցնի երկիրը,
Բայց կյանքի հիմքը և էությունը՝
Ճշմարտությունը կա հավիտյան:1

Ոմանք կհարցնեն. «Որտե՞ղ կարող ենք նման ճշմարտություն գտնել, և ինչպե՞ս հասկանանք այն»: 1833թ. մայիսին Օհայոյի Կիրկլանդում Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից տրված հայտնության մեջ Տերը հայտարարել է.

«Ճշմարտությունը գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն. …

Ճշմարտության Հոգին Աստծուց է: …

Եվ ոչ մի մարդ չի ստանում լրիվությունը, մինչև չի պահում նրա պատվիրանները:

Նա, ով պահում է [Աստծո] պատվիրանները, ստանում է ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և իմանա բոլոր բաները»:2

Ինչպիսի փառահեղ խոստում: «Նա, ով պահում է [Աստծո] պատվիրանները, ստանում է ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և իմանա բոլոր բաները»:

Այս լուսավորվածության դարաշրջանում, երբ ավետարանի լրիվությունը վերականգնվել է, դուք և ես կարիք չունենք ճամփորդելու անհայտ ծովերով և ճանապարհներով` ճշմարտության փնտրտուքներում: Սիրող Երկնային Հայրը գծել է մեր ուղին և տվել հուսալի ուղեցույց, որն է`հնազանդությունը: Ճշմարտության գիտելիքը և մեր մեծագույն հարցերի պատասխանները գալիս են, երբ մենք հնազանդ ենք Աստծո պատվիրաններին:

Մեր կյանքի ընթացքում մենք հնազանդություն ենք սովորում: Սկսած մանկուց, մեզ համար պատասխանատվություն կրողները ուղեցույցներ և կանոններ են սահմանում մեր ապահովության համար: Կյանքն ավելի հեշտ կլինի բոլորիս համար, եթե անվարան հնազանդվենք այդ կանոններին: Ինչևէ, մեզանից շատերն իրենց փորձից են սովորում հնազանդ լինելու իմաստությունը:

Երբ ես մեծանում էի, ամեն ամառ` հուլիսի սկզբից մինչև սեպտեմբերի սկիզբը մեր ընտանիքն ապրում էր Յուտայի Պրովո կիրճի Վիվյեն պուրակում գտնվող մեր տնակում:

Այդ անհոգ օրերի իմ լավագույն ընկերներից մեկը Դենի Լարսենն էր, նրանց ընտանիքը ևս սեփական տուն ուներ Վիվյեն պուրակում: Ամեն օր մենք երկուսով թափառում էինք այդ տղայի դրախտում, ձուկ որսալով առվակում և գետում, քարեր և այլ գանձեր հավաքելով, արշավելով, մագլցելով և պարզապես վայելելով ամեն օրվա ամեն ժամի ամեն րոպեն:

Մի առավոտ Դենին և ես որոշեցինք այդ օրը խառույկ վառել կիրճի մեր բոլոր ընկերների հետ: Մենք պետք է մաքրեինք մոտակա դաշտի տարածքը, որտեղ կարող էինք բոլորս հավաքվել: Դաշտը ծածկող հունիսյան խոտը չորացել էր և դարձել էր փշոտ, տեղանքն անհարմար դարձնելով մեր նպատակի համար: Սկսեցինք քաղել բարձր խոտը, որպեսզի մաքրեինք մի մեծ կլոր տարածք: Ամբողջ ուժով ձգում ու քաշում էինք խոտը, բայց կարողացանք միայն շատ քիչ կամակոր մոլախոտեր հանել: Տեսնելով, որ դա մեր ամբողջ օրը կխլի, մեր եռանդն ու խանդավառությունն արդեն թույլանում էր:

Այդ պահին իմ ութամյա միտքն եկավ մի կատարյալ լուծում: Դենիին ասացի. «Կարող ենք վառել այս մոլախոտերը: Մենք պետք է վառենք այս շրջանակի մոլախոտերը»: Նա համաձայնեց և ես վազեցի մեր տնակ մի քանի լուցկի բերելու:

Եթե ձեզանից շատերը մտածեցին, որ այդ վաղ տարիքում մեզ թույլատրվել էր լուցկի օգտագործել, ասեմ, որ ինձ էլ, Դենիին էլ չէր թույլատրվում դրանք օգտագործել առանց մեծերի հսկողության: Մեզ երկուսիս էլ մշտապես զգուշացրել էին կրակի հետ խաղալու վտանգի մասին: Ինչևէ, ես գիտեի, թե որտեղ է մեր ընտանիքը պահում լուցկիները, և մենք պետք է մաքրեինք դաշտը: Առանց երկար մտածելու ես վազեցի մեր տնակ և վերցրեցի մի քանի լուցկու հատիկ, վստահ լինելով, որ ոչ ոք չտեսավ: Ես դրանք արագ թաքցրեցի գրպանումս:

Ես վազեցի Դենիի մոտ ոգևորված, որ իմ գրպանում ունեմ մեր խնդրի լուծումը: Հիշում եմ, մտածում էի, որ կրակը կայրի միայն այնքան, որքան մենք էինք ուզում, և ապա ինչ-որ կերպ հրաշքով ինքն իրեն կմարի:

Ես լուցկու հատիկը քսելով քարին, սկսեցի վառել հունիսյան խոտը: Այն այնպես բոցավառվեց, որ կարծես բենզինով ներծծված լիներ: Սկզբում Դենին և ես ոգևորվեցինք, տեսնելով ինչպես են մոլախոտերն անհետանում, բայց շուտով ակնհայտ դարձավ, որ կրակն ինքն իրեն չի հանգչի: Մենք խուճապի մատնվեցինք, երբ հասկացանք, որ չենք կարողանում այն մարել: Անկառավարելի կրակի բոցերը սկսեցին լափել լեռան լանջի վայրի խոտը, վտանգի ենթարկելով սոճիները և իրենց ճանապարհին ամեն ինչ:

Ի վերջո, մենք չունենալով ոչ մի տարբերակ, վազեցինք օգնություն կանչելու: Շուտով Վիվյեն պուրակի բոլոր տղամարդիկ և կանայք արագ ետ ու առաջ էին վազում խոնավ կտավներով հարվածելով կրակի բոցերին` փորձելով մարել այն: Մի քանի ժամ անց վերջին ածուխները մարեցին: Դարավոր սոճիները փրկվեցին, ինչպես նաև տները, որոնց արդեն հասնում էին կրակի բոցերը:

Այդ օրը Դենին և ես մի քանի բարդ, բայց կարևոր դասեր քաղեցինք, որոնց թվում էր հնազանդության կարևորությունը:

Կանոններ և օրենքներ կան, որոնք օգնում են պահպանել մեր ֆիզիկական գոյությունը: Նմանապես, Տերը տվել է ուղեցույցներ և պատվիրաններ, որոնք ապահովում են մեր հոգևոր անվտանգությունը, որպեսզի հաջողությամբ անցնենք այս ուխտադրուժ մահկանացու գոյությունը և, ի վերջո, վերադառնանք մեր Երկնային Հոր մոտ:

Դարեր առաջ, կենդանու զոհաբերության ավանդույթի մեջ ընկղմված սերնդին, Սամուելը համարձակորեն հայտարարեց. «Հնազանդությունը` զոհից լավ է, և ականջ դնելը` խոյերի ճարպիցը»:3

Այս ժամանակաշրջանում Մարգարե Ջոզեֆ Սմիթին Տերը հայտնել է, որ պահանջում է «սիրտն ու պատրաստակամ միտքը. և պատրաստակամն ու հնազանդը կճաշակեն Սիոնի հողի բարիքն այս վերջին օրերին»:4

Հին և նոր մարգարեները իմացել են, որ հնազանդությունը կարևոր է մեր փրկության համար: Նեփին հայտարարել է. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:5 Թեպետ մյուսները երերում էին իրենց հավատքի և հնազանդության մեջ, Նեփին երբեք չթերացավ անել Տիրոջ կամքը: Արդյունքում, անթիվ սերունդներ օրհնվեցին:

Հնազանդության վերաբերյալ հուզիչ պատմություն է Աբրահամի և Իսահակի պատմությունը: Որքան ցավալի պետք է լիներ Աբրահամի համար, որը հնազանդվելով Աստծո պատվիրանին, Մորիայի երկիր տարավ զոհաբերելու իր սիրելի Իսահակին: Կարո՞ղ ենք պատկերացնել Աբրահամի սրտի ցավը, երբ նա գնում էր նշված վայրը: Անշուշտ, տառապանքը կեղեքում էր նրա մարմինը և տանջում նրա միտքը, երբ կապելով Իսահակին դրեց զոհասեղանի վրա և վերցրեց դանակը, որպեսզի սպաներ նրան: Առ Տերն ունեցած անսասան հավատքով և անվերապահ վստահությամբ, նա պատասխանեց Տիրոջ հրամանին: Որքա~ն փառահեղ էր վճիռը և ինչպիսի~ ուրախությամբ այն ընդունվեց. «Ձեռքդ տղային մի դպցնիր, և նորան բան մի անիր, որովհետև հիմա իմացա, որ դու Աստուածանից վախենում ես. և քո մեկ հատիկ որդին ինձանից չխնայեցիր»:6

Աբրահամը փորձվեց և ստուգվեց, և իր հավատարմության ու հնազանդության համար Տերը նրան այս փառահեղ խոստումը տվեց. «Երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կօրհնուին. նորա համար որ իմ ձայնին ականջ դրիր»:7

Թեպետ մեզ չի պատվիրվում ապացուցել մեր հնազանդությունը նման ծանր և սրտակեղեք ձևով, մեզանից ևս պահանջվում է հնազանդություն:

1873թ. հոկտեմբերին Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը հայտարարել է. «Հնազանդությունը երկնային առաջին օրենքն է»:8

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Վերջին Օրերի Սրբերի երջանկությունը, խաղաղությունը, առաջընթացը, բարգավաճումը և այս ժողովրդի հավերժական փրկությունն ու վեհացումը պայմանավորված են Աստծո խորհուրդներին հնազանդորեն հետևելով»:9

Հնազանդությունը մարգարեների բնորոշ գիծն է, դարեր շարունակ այն ուժ և գիտելիք է տվել նրանց: Կարևոր է, որ գիտակցենք, որ մենք ևս իրավասու ենք ունենալ ուժի և գիտելիքի այդ աղբյուրը: Այսօր այն հասանելի է մեզանից յուրաքանչյուրին, եթե հնազանդվենք Աստծո պատվիրաններին:

Տարիների ընթացքում ես անթիվ մարդկանց եմ ճանաչել, ովքեր առանձնահատուկ ձևով հավատարիմ և հնազանդ են եղել: Ես օրհնվել և ոգեշնչվել եմ նրանցով: Կուզենայի պատմել նրանցից երկուսի մասին:

Վոլտեր Կրաուսեն Եկեղեցու ամուր անդամ էր, ով իր ընտանիքի հետ ապրում էր Երկրորդ Համաշխարհայինից հետո այսպես կոչված Արևելյան Գերմանիայում: Թեպետ այդ ժամանակ աշխարհի այդ մասում ազատության պակասի պատճառով Եղբայր Կրաուսեն շատ դժվարությունների էր դիմակայել, նա սիրում և ծառայում էր Տիրոջը: Նա հավատարմորեն և բարեխղճորեն էր կատարում իրեն տրված յուրաքանչյուր հանձնարարություն:

Մյուս մարդը՝ Ջոհան Դենդորֆերը, որը ծննդով Հունգարիայից էր, Եկեղեցուն էր միացել Գերմանիայում և մկրտվել էր 1911 թվին` 17 տարեկան հասակում: Դրանից հետո շուտով նա վերադարձել էր Հունգարիա: Երկրորդ Համաշխարհայինից հետո նա բանտարկյալ էր իր հայրենի երկրի Դեբրեսեն քաղաքում: Հունգարիայի ժողովուրդը ևս կորցրել էր իր ազատությունը:

Եղբայր Վոլտեր Կրաուսեին, որը չէր ճանաչում Եղբայր Դենդորֆերին, հանձնարարություն ստացավ լինելու նրա տնային ուսուցիչը և կանոնավոր այցելելու նրան: Եղբայր Կրաուսեն զանգահարեց տնային ուսուցման իր զուգընկերոջը և ասաց. «Մեզ հանձնարարվել է այցելել Եղբայր Ջոհան Դենդորֆերին: Կկարողանա՞ք այս շաբաթ ինձ հետ գալ նրան տեսակցելու և ավետարանի ուղերձը հանձնելու»: Ապա ավելացրեց. «Եղբայր Դենդորֆերն ապրում է Հունգարիայում»:

Նրա սարսափած զուգընկերը հարցրել էր. «Ե՞րբ ենք մեկնում»:

«Վաղը», - եղել էր Եղբայր Կրաուսեի պատասխանը:

«Ե՞րբ ենք տուն վերադառնալու»,- հարցրել էր զուգընկերը:

Եղբայր Կրաուսեն պատասխանել էր. «Մոտ մեկ շաբաթից, եթե տեղ հասնենք»:

Երկու տնային ուսուցիչները ճանապարհ ընկան, որպեսզի այցելեն Եղբայր Դենդորֆերին: Նրանք Գերմանիայի հյուսիս-արևելյան տարածքից գնացքով և ավտոբուսով հասան Հունգարիայի Դեբրեսեն քաղաք: Եղբայր Դենդորֆերը տնային ուսուցիչներ չէր ունեցել պատերազմից հետո: Այժմ, տեսնելով Տիրոջ ծառաներին, նա հուզվեց: Սկզբում նա չկամեցավ սեղմել նրանց ձեռքը, այլ գնաց ննջասենյակ և փոքր պահարանից հանեց մի տուփ, որտեղ պահում էր տարիների ընթացքում հավաքած տասանորդը: Նա տասանորդը տալով իր տնային ուսուցիչներին ասաց. «Այժմ, պարտավորություններ չունեմ Տիրոջ հանդեպ: Հիմա արժանի եմ սեղմել Տիրոջ ծառաների ձեռքը»: Ավելի ուշ Եղբայր Կրաուսեն ասաց ինձ, որ խոսքերը չեն կարող ներկայացնել իր հուզմունքը, երբ մտածում է, որ այդ հավատարիմ եղբայրը, որն Եկեղեցու հետ կապ չուներ երկար տարիներ, հնազանդորեն և կանոնավոր իր չնչին եկամտից պահել էր 10 տոկոսը, որպեսզի վճարեր իր տասանորդը: Նա հավաքել էր այդ գումարը չիմանալով, թե երբ պատիվ կունենար վճարել այն:

Եղբայր Կրաուսեն մահացավ ինը տարի առաջ 94 տարեկան հասակում: Իր կյանքի ընթացքում նա հավատարմորեն և հնազանդորեն է ծառայել և եղել է ոգեշնչման աղբյուր իմ և բոլոր իրեն ճանաչողների համար: Հանձնարարություններ ստանալիս նա երբեք հարցեր չէր տալիս, չէր տրտնջում և երբեք չէր արդարանում:

Իմ եղբայրներ և քույրեր, այս կյանքի մեծագույն փորձությունը հնազանդությունն է: Տերն ասել է. «Դրանով մենք նրանց կստուգենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց»:10

Փրկիչը հայտարարել է. «Քանզի բոլոր նրանք, ովքեր կամենում են օրհնություն ստանալ իմ ձեռքից, պիտի մնան օրենքի մեջ, որը նշանակվել է այդ օրհնության համար, և նրա պայմանների մեջ, ինչպես որ հաստատվել է աշխարհի հիմնադրումից առաջ»:11

Հնազանդության մեծագույն օրինակ է հանդիսանում մեր Փրկիչը: Նրա մասին Պողոսն ասել է.

«Թեև Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդությունը սովորեց:

Եվ երբոր կատարուեցավ բոլոր իրան հնազանդողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ»:12

Փրկիչն Աստծո անկեղծ սերն է դրսևորել, ապրելով կատարյալ կյանքով, պատվելով Իր սրբազան առաքելությունը: Նա երբեք չի եղել գոռոզ, երբեք չի հպարտացել, երբեք չի դավաճանել: Միշտ եղել է խոնարհ, անկեղծ և հնազանդ:

Թեպետ Նա գայթակղվեց խաբեության վարպետի, այսինքն՝ դևի կողմից, թեպետ 40 օր ու գիշեր պահած ծոմից հետո ֆիզիկապես թույլ էր և քաղցած, երբ չարը Հիսուսին հրապուրիչ և գայթակղիչ առաջարկություններ արեց, Նա մեզ համար հնազանդության աստվածային օրինակ ծառայեց` հրաժարվելով շեղվել Իր իմացած ճիշտ ուղուց: 13

Գեթսեմանիի հոգևարքի մեջ, երբ Նա կրում էր այնպիսի ցավ, որ Իր քրտինքը արյան մեծ կաթիլներով թափվում էր գետնին14, Նա հնազանդ Որդու օրինակ ծառայեց ասելով. «Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից. սակայն ոչ թե իմ կամքը` բայց քո կամքը լինի»:15

Ինչպես Փրկիչը հրահանգել է Իր վաղեմի Առաքյալներին, նույնկերպ Նա հրահանգում է ձեզ և ինձ. «Դու իմ ետևիցը եկ»: Արդյո՞ք մենք կամենում ենք հնազանդվել: 16

Գիտելիքը, որ փնտրում ենք, պատասխանները, որ փափագում ենք, ուժը, որ ցանկանում ենք այսօր դիմակայելու բարդ ու փոփոխվող աշխարհի մարտահրավերներին, կարող ենք ձեռք բերել, պատրաստակամորեն հնազանդվելով Տիրոջ պատվիրաններին: Մեկ անգամ ևս մեջբերում եմ Տիրոջ խոսքերը. «Նա, ով պահում է [Աստծո] պատվիրանները, ստանում է ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվի ճշմարտությամբ և իմանա բոլոր բաները»:17

Իմ խոնարհ աղոթքն է, որ մենք օրհնվենք հնազանդներին խոստացված հարուստ պարգևներով: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: