Oրենքին հնազանդությունն ազատություն է

Երեց Լ. Թոմ Փերի

Տասներկու Առաքյալների Քվորումից


Լ. Թոմ Փերի
Տղամարդիկ և կանայք ստանում են իրենց ազատ կամքը որպես պարգև Աստծուց, բայց նրանց ազատությունը և իր հերթին նրանց հավերժական երջանկությունը գալիս է Նրա օրենքներին հնազանդությունից:

Ես մի հատուկ նվեր ստացա անցյալ Սուրբ Ծննդին, որն իր հետ շատ հիշողություններ արթնացրեց: Այն ինձ տվեց քրոջս աղջիկը: Դա այն իրերի մեջ էր եղել, որոնք ես թողել էի մեր հին ընտանեկան տանը, երբ ես դուրս էի եկել այնտեղից` ամուսնանալուց հետո: Նվերն այս փոքրիկ շագանակագույն գրքույկն է, որը ես պահել եմ ձեռքումս: Սա մի գիրք է, որ տրվում էր ՎՕՍ զինծառայողներին, ովքեր մտնում էին զինված ուժեր II Համաշխարհային Պատերազմի ժամանակ: Ես անձնապես գիրքը համարում եմ նվեր Նախագահ Հեբեր Ջ. Գրանտից և նրա խորհրդականներից՝ Ջ. Ռուբեն Քլարկ կրտսերից և Դեյվիդ Օ. Մակքեյից:

Գրքի սկզբում, Աստծո այս երեք մարգարեները գրել են. «Զինվորական ծառայության իրադարձությունները մեզ թույլ չեն տալիս մշտական անհատական կապ պահել ձեզ հետ, թե ուղղակիորեն, թե անձնապես ներկայանալու միջոցով: Մեր հաջորդ լավագույն ելքը ձեր ձեռքում այնպիսի քանակությամբ ժամանակակից հայտնություններ և Ավետարանի սկզբունքների բացատրություններ դնելն է, որոնք կբերեն ձեզ, ուր էլ որ լինեք, նորոգված հույս և հավատք, ինչպես նաև հանգստություն, մխիթարություն և հոգու խաղաղություն»:1

Այսօր մենք գտնվում ենք մեկ այլ պատերազմում: Dա ռազմական զենքերով պատերազմ չէ, այն մտքերով, խոսքերով և գործողություններով է: Դա պատերազմ է մեղքի դեմ և ավելի քան երբևէ, մենք պատվիրանների հիշեցման կարիքն ունենք: Աշխարհիկությունը դառնում է սահմանված կարգ և դրա հավատամքների և գործառույթների մեծամասնությունը ուղղակի հակադրության մեջ են նրանց հետ, որոնք հաստատվել են անձնապես Տիրոջ կողմից՝ Իր զավակների օգտի համար:

Շագանակագույն փոքրիկ գրքույկում, անմիջապես Առաջին Նախագահության նամակից հետո, կա մի Ներածական նշում ՝ ուղղված ծառայության մեջ գտնվող տղամարդկանց, որը վերնագրված է. «Oրենքին հնազանդությունն ազատություն է»: Հիշեցումը զուգահեռներ է անցկացնում ռազմական օրենքի, որը «բոլոր նրանց բարօրության համար է, ովքեր ծառայության մեջ են» և աստվածային օրենքի միջև:

Հիշեցումն ասում է. «Տիեզերքում ևս, որտեղ Աստված է տնօրինում, կա օրենք՝ տիեզերական, հավերժական օրենք, որոշակի օրհնություններով և անփոփոխ տույժերով»:

Հիշեցման վերջին բառերը կենտրոնանում են Աստծո օրենքին հնազանդվելու վրա. «Եթե ուզում եք վերադառնալ ձեր սիրելիների մոտ բաց ճակատով.... եթե ուզում եք տղամարդ լինել և ապրել լիարժեք կյանքով, ապա հետևեք Աստծո օրենքին: Այդպես անելով, դուք այն անգին ազատությունների վրա, որոնք պահպանելու համար դուք պայքարում եք, կարող եք ավելացնել մեկ ուրիշը, որից մյուսները կարող են բավականին կախվածություն ունենալ՝ ազատությունը մեղքից, քանզի իրոք «օրենքին հնազանդությունը՝ ազատություն է»:2

Ինչո՞ւ «օրենքին հնազանդությունն ազատություն է» արտահայտությունը այդպես ճշմարտ հնչեց ինձ համար այդ ժամանակ: Ինչո՞ւ է այն ճշմարիտ հնչում բոլորիս համար այժմ:

Գուցե այն պատճառով, որովհետև մենք բացահայտել ենք մեր նախամահկանացու պատմության գիտելիքը: Մենք ընդունում ենք, որ ժամանակների սկզբում, երբ Աստված՝ Հավերժական Հայրը մեզ ներկայացրեց իր ծրագիրը, սատանան կամեցավ փոխել ծրագիրը: Նա ասաց, որ կփրկեր ողջ մարդկությանը: Ոչ մի հոգի չէր կորչի և սատանան վստահ էր, որ նա կարող էր իրականացնել իր առաջարկը: Բայց կար մի անընդունելի գին՝ մարդու ազատ կամքի կործանումը, որն Աստծո կողմից տրված պարգև էր և է (տես Մովսես 4.1–3): Այս պարգևի մասին Հարոլդ Բ. Լին ասել է. «Կյանքից հետո ազատ կամքը Աստծո մեծագույն պարգևն է մարդկությանը»:3 Այնուհետև, փոքր բան չէր սատանայի համար նսեմացնել մարդու ազատ կամքը: Փաստորեն դա դարձավ հիմնական հարցը, որի պատճառով Պատերազմ մղվեց Երկնքում: Երկնքում մղված Պատերազմի հաղթանակը, հաղթանակ էր մարդու ազատ կամքի համար:

Սակայն, սատանան չհանգստացավ: Նրա պահուստային ծրագիրը՝ ծրագիր, որը նա գործարկում է Ադամի և Եվայի ժամանակից սկսած՝ տղամարդկանց և կանանց գայթակղելն է, հիմնականում ապացուցելու, որ մենք արժանի չենք Աստծո կողմից տրված ազատ կամքի պարգևին: Սատանան ունի շատ պատճառներ անելու այն, ինչ նա անում է: Երևի ամենահզոր դրդապատճառը վրեժխնդրությունն է, բայց նա ուզում է դարձնել տղամարդկանց և կանանց թշվառ, ինչպես ինքն է թշվառ: Մեզանից ոչ ոք երբեք չպետք է թերագնահատի սատանայի հաջողության հասնելու շարժառիթները: Աստծո հավերժական ծրագրում նրա դերը « բոլոր բաներում հակադրություն» ստեղծելն է (2 Նեփի 2.11) և մեր ազատ կամքը ստուգելը: Յուրաքանչյուր ընտրություն, որ դուք և ես կատարում ենք, մեր ազատ կամքի ստուգումն է, արդյոք մենք ընտրում ենք լինել հնազանդ, թե Աստծո պատվիրաններին անհնազանդ, փաստորեն ընտրություն է տեղի ունենում «ազատության և հավերժական կյանքի» և «գերության և մահվան» միջև:

Այս հիմնադրույթային վարդապետությունը հստակորեն ուսուցանվել է 2 Նեփիի երկրորդ գլխում. «Ուստի, մարդիկ ազատ են՝ ըստ մարմնի. և բոլոր բաները, որոնք անհրաժեշտ են մարդկանց, տրված են նրանց: Եվ նրանք ազատ են՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով, կամ ընտրելու գերություն և մահ, ըստ դևի գերության և զորության. Քանզի նա ջանում է, որ բոլոր մարդիկ լինեն թշվառ, ինչպես ինքը» (2 Նեփի 2.27):

Շատ կողմերից այս աշխարհը միշտ պատերազմի մեջ է եղել: Ես հավատում եմ, որ երբ Առաջին Նախագահությունն ուղարկեց ինձ այս փոքրիկ գրքույկը, նրանք ավելի մտահոգված էին ավելի մեծ պատերազմով, քան II Համաշխարհային Պատերազմը: Ես նաև հավատում եմ, նրանք հույս ունեին, որ գիրքը հավատքի վահան կլինի սատանայի և նրա բանակի դեմ այս ավելի մեծ պատերազմում՝ մեղքի դեմ պատերազմում, և ինձ կծառայի որպես հիշեցում՝ ապրել Աստծո պատվիրաններով:

Ինքներս մեզ գնահատելու և մեզ նախորդ սերունդների հետ համեմատելու համար, մարդուն հայտնի հնագույն չափանիշներից մեկը՝ Տասը Պատվիրանների միջոցով է: Քաղաքակիրթ աշխարհի մեծ մասի համար, հատկապես Հուդա-Քրիստոնեական աշխարհի համար Տասը Պատվիրանները ամենաընդունված և հարատևողսահմանազատումն է բարու և չարի միջև:

Իմ կարծիքով Տասը Պատվիրաններից չորսին ավելի լրջորեն են վերաբերվում, քան երբևէ: Որպես մշակույթ՝ մենք արհամարհում ենք և դատապարտում սպանությունը, գողությունը և ստախոսությունը և մենք դեռ հավատում ենք իրենց ծնողների հանդեպ երեխաների պատասխանատվությանը:

Բայց որպես ավելի լայն հասարակություն, մենք սովորաբար բաց ենք թողնում մյուս վեց պատվիրանները:

  1. Եթե աշխարհիկ առաջնահերթությունները ինչ-որ ախտանիշներ են իրենցից ներկայացնում, իհարկե, մենք ունենք «ուրիշ աստվածներ», որոնց առաջ ենք դնում ճշմարիտ Աստծուց:
  2. Մենք կուռքեր ենք սարքում նշանավոր մարդկանց, կենսաոճը, հարստությունը և այո, երբեմն, քանդակված պատկերներ կամ առարկաներ:
  3. Մենք օգտագործում ենք Աստծո անունը ամեն տեսակի պիղծ ձևերով, ներառյալ մեր բացականչությունները և մեր հայհոյանքները:
  4. Մենք օգտագործում ենք Հանգստության օրը մեր ամենամեծ խաղերի, մեր ամենալուրջ զվարճությունների, մեր ամենաշատ առևտրի և, փաստորեն, ամեն այլ բաների համար, բացի երկրպագությունից:
  5. Մենք վերաբերում ենք ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններին որպես հանգստի և զվարճության ձև:
  6. Իսկ ագահությունը դարձել է կյանքի խիստ սովորական ձև (Տես Ելից Ի.3–17):

Մարգարեները բոլոր տնտեսությունների հետևողականորեն նախազգուշացրել են երկու առավել լուրջ պատվիրանների խախտումների դեմ՝ սպանության և շնության վերաբերյալ: Ես տեսնում եմ ընդհանուր հիմքեր այս երկու կարևոր պատվիրանների համար՝ հավատք առ այն, որ կյանքն ինքնին Աստծո արտոնությունն է, և որ մեր ֆիզիկական մարմինները՝ մահկանացու կյանքի մեր տաճարները, պետք է կառուցվեն Աստծո կողմից կարգված սահմաններում: Կյանքի երկու ծայրերում էլ մարդու կողմից Աստծո օրենքները փոխարինելը իր իսկ կանոններով հանդգնության բարձրագույն աստիճան է և մեղքի խորություն:

Ամուսնության սրբության հանդեպ արժեզրկող վերաբերմունքի հիմնական ազդեցությունները ընտանիքների համար բերում են հետևանքներ՝ ընտանիքների ուժը վատթարանում է տագնապալի չափով: Այդ վատթարացումը համատարած վնաս է բերում հասարակությանը: Ես տեսնում եմ անմիջական պատճառն ու հետևանքը: Երբ մենք հրաժարվում ենք պարտավորությունից և մեր ամուսնական զուգընկերոջը հավատարիմ լինելուց, մենք վերացնում ենք սոսինձը, որը հասարակությունը միասնական է պահում:

Պատվիրանների մասին օգտակար ձև է մտածել, որ դրանք իմաստուն, ամենագետ Երկնային Հորից սիրառատ խորհուրդներ են: Նրա նպատակը մեր հավերժական երջանկությունն է և նրա պատվիրանները ճանապարհի քարտեզն է, որը Նա տվել է մեզ՝ վերադառնալու Իր մոտ, որը մեզ հավերժորեն երջանկացնելու միակ ուղին է: Որքան կարևոր է տունն ու ընտանիքը մեր հավերժական երջանկության համար: Իմ փոքրիկ շագանակագույն գրքույկի 141-րդ էջում նշվում է. «Իսկապես, մեր երկինքը մի քիչ ավելին է, քան մեր տների և ընտանիքների նախագծումը հավերժության մեջ»:4

Ընտանիքի և տան վարդապետությունը վերջերս հստակորեն և ուժգնորեն է վերաշարադրվել «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրում: Այն հայտարարեց ընտանիքների հավերժական բնույթը և ապա բացատրեց կապը տաճարային երկրպագության հետ: Հայտարարությունը նաև հռչակում է օրենքը, որի վրա ստորոգվում է ընտանիքների հավերժական երջանկությունը, այսինքն. «Ծննդաստեղծ սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին»:5

Աստված հայտնում է Իր մարգարեներին, որ կան բարոյական ճշմարտություններ: Մեղքը միշտ էլ մեղք կլինի: Տիրոջ պատվիրաններին անհնազանդությունը մեզ միշտ կզրկի Նրա օրհնություններից: Աշխարհը փոխվում է անընդհատ և արհեստականորեն, բայց Աստված՝ Նրա պատվիրանները և խոստացված օրհնությունները չեն փոխվում: Դրանք վերջնական են և անփոփոխ: Տղամարդիկ և կանայք ստանում են իրենց ազատ կամքը որպես պարգև Աստծուց, բայց նրանց ազատությունը և իր հերթին նրանց հավերժական երջանկությունը գալիս է Նրա օրենքներին հնազանդությունից: Ինչպես Ալման է պատվիրել իր մոլորված որդի Կորիանթոնին. «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել» (Ալմա 41.10):

Ավետարանի լրիվության վերականգման այս օրերին Տերը կրկին հայտնել է մեզ այն օրհնությունները, որոնք խոստացված են մեզ Իր պատվիրաններին հնազանդ լինելու համար.

Վարդապետություն և Ուխտեր 130-ում կարդում ենք.

«Կա օրենք, երկնքում անդարձորեն հրամանագրված, այս աշխարհի հիմնադրումից առաջ, որի վրա հիմնված են բոլոր օրհնությունները,

Եվ եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն» (ՎևՈՒ 130.20–21):

Անկասկած չի կարող լինել որևէ վարդապետություն սուրբ գրություններում ավելի ուժգնորեն արտահայտված, քան Տիրոջ անփոփոխ պատվիրանները և դրանց կապը մեր երջանկության և բարօրության հետ որպես անհատներ, որպես ընտանիքներ և որպես հասարակություն: Կան բարոյական ճշմարտություններ: Տիրոջ պատվիրաններին անհնազանդությունը մեզ միշտ կզրկի Նրա օրհնություններից: Այս բաները չեն փոխվում:

Մի աշխարհում, որտեղ հասարակության բարոյական ուղեցույցը փոփոխվում է, Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանը չպետք է երբեք սասանվի, ոչ էլ դրա ցցերը և ծխերը, դրա ընտանիքները, ոչ էլ անհատ անդամները: Մենք չպետք է ջոկենք և ընտրենք, թե որ պատվիրաններն ենք կարծում, որ կարևոր է պահել, այլ պետք է ընդունենք Աստծո բոլոր պատվիրանները: Մենք պետք է կանգնենք ամուր և անսասան՝ ունենալով կատարյալ հավատք Տիրոջ հետևողականության և կատարյալ վստահություն Նրա խոստումների հանդեպ:

Թող որ մենք լույս լինենք բլրի վրա, օրինակ՝ պատվիրանները պահելիս, որոնք երբեք չեն փոխվել և երբեք չեն փոխվելու: Ճիշտ ինչպես այս փոքրիկ գրքույկը քաջալերեց ՎՕՍ զինծառայողներին կանգնել բարոյապես ամուր՝ պատերազմի ժամանակներում, թող որ այս վերջին օրերի պատերազմում մենք լինենք մի փարոս ողջ աշխարհի և, հատկապես, Աստծո զավակների համար, ովքեր ձգտում են Տիրոջ օրհնություններին: Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Show References

  1.  

    1. Առաջին Նախագահություն, Principles of the Gospel (1943), i:

  2.  

    2. Principles of the Gospel, v, vii, viii.

  3.  

    3. Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2000), 4.

  4.  

    4. Stephen L Richards, in Principles of the Gospel, 141.

  5.  

    5. «Ընտանիք՝ Հայտարարություն Աշխարհին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129: