2014
Հույս տեսնել ապագայում
Ապրիլ 2014


Մինչև նոր հանդիպում

Հույս տեսնել ապագայում

Հեղինակն ապրում է Վաշինգտոնում, ԱՄՆ:

Այն նույն քամիները, որոնք հարվածում և սպառնում են մեզ տապալել, նաև փոփոխության և աճի սերմեր են ցանում:

2001թ. սեպտեմբերի 12-ին կինս և ես քայլում էինք հիվանդանոցային հարկով Տուկսոնում, Արիզոնա, ԱՄՆ, անհանգիստ ժամեր անցկացնելով և սպասելով մեր որդու ծննդին: Մեր հեռուստացույցին և հիվանդանոցի բոլոր հեռուստացույցներին ցուցադրվում էին տեսանյութեր, թե ինչպես են նախորդ օրը Նյու Յորքում երկու երկնաքերները փլուզվում, վերածվելով փոշու և քարերի կույտի: Ժամեր տևող այդ տեսապատկերների ազդեցության տակ մենք հուսահատության գիրկն էինք ընկել: Թվում էր, երեխա աշխարհ բերելու համար դա ամենասոսկալի ժամանակն էր, երբ աշխարհը թվում էր այնքան խավար և ահաբեկող:

Հաջորդ օրը վաղ առավոտյան մեր որդին ծնվեց: Երբ գրկել էի մեր փոքրիկին, ես հիշեցի վերջին օրերի ավերիչ դեպքերը, որոնք ինձ հիշեցրեցին դեռևս 1988թ. բռնկված Յելոուսթոուն ազգային այգու հրդեհները: Կրակի բոցերին կուլ էր գնացել անտառի մոտ 800 000 ակր (323 750 հա) տարածք: Թվում էր, այդ պուրակը լիովին ամայացել էր: Նորությունների թողարկումով ցուցադրվում էր միայն խանձված հողը և երկինք բարձրացող թանձր սև ծուխը: Ոչ մի մարդկային ջանք չէր կարող կորսվածն արագ վերականգնել: Թվում էր, թե բնության անխոնջ վերածունդն ու ուժը չեն կարող համեմատվել կործանիչ կրակի ուժի հետ:

Սակայն հաջորդ գարնանը մի անպաճույճ հրաշք տեղի ունեցավ՝ այրված հողի միջից փոքր բույսեր և ծաղիկներ սկսեցին ծլարձակել: Աստիճանաբար, շատ ավելի ծառեր, ծաղիկներ ու թփեր ծաղկեցին: Այգու վերածնունդը դանդաղ էր ընթանում՝լի աննշան, փառավոր մանրամասներով և ժամանակի ընթացքում արդյունքը տպավորիչ էր:

Այն պահին, երբ երկյուղը, կարծես, Յելոուսթոնի բորբոքվող հրդեհի պես կլանում է մեզ, երբ մեր հույսն ու հավատը, կարծես, իրենց հնարավորության եզրագծում են, մենք պետք է հիշենք, որ ունենք մի կայուն, անսասան հիմք, որն ավելի հզոր է, քան մեր դեմ ծառացած չարի որևէ ուժ: Հելամանը բացատրում է, որ այդ հիմքը «մեր Քավիչի վեմն է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին»: Եթե մենք հաստատվենք Նրանում, ապա «երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և նրա զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն չի ունենա զորություն ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն կարող ընկնել» (Հելաման 5.12):

Աշխարհի չարի և գայթակղության կատաղի ուժերին դիմակայելիս, գուցե մտածենք, որ ավետարանի փոքր և պարզ ազդեցությունն անհամեմատելիորեն փոքրանում է և ստվերում մնում: Գուցե կասկածենք և հուսահատվենք, երբ զուր սպասենք, որ սխալը կշտկվի, ցավը կմեղմվի և հարցերը կլուծվեն: Այն նույն քամիները, որոնք հարվածում և սպառնում են մեզ տապալել, նաև փոփոխության և աճի սերմեր են ցանում, և ավետարանի անսահման ուժը հանդարտ գործում է երկրային կյանքի հողում, պատրաստելով կյանքի և հույսի հազարավոր փոքր սերմեր: