2014
Տղամարդիկ և կանայք Տիրոջ աշխատանքում
Ապրիլ 2014


Տղամարդիկ և կանայք Տիրոջ աշխատանքում

2013թ․ օգոստոսի 20-ին Բրիգամ Յանգ Համալսարանում իր ելույթից: Անգլերեն լեզվով ողջ հոդվածը կարդալու համար այցելեք speeches.byu.edu:

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

Մեր Երկնային Հոր քահանայության օժտման ծրագրում տղամարդիկ և կանայք ունեն տարբեր, սակայն սակայն հավասարապես արժեքավոր դերեր։

Նկար
Woman talking to a group of Church members sitting around a table.

Ես գիտեմ, որ կան ճշմարտություններ, որոնք թե տղամարդիկ, և թե կանայք պետք է հասկանան կնոջ դերի վերաբերյալ՝ Երկրի վրա Աստծո արքայությունը կառուցելու և ամրապնդելու գործում։ Շատ առումներով կանայք հանդիսանում են Եկեղեցու սիրտը։ Այսպիսով Տիրոջ օգնությամբ ես կցանկանայի արժանին մատուցել Եկեղեցու հավատարիմ կանանց և երիտասարդ աղջիկներին։ Դուք՝ սիրելի քույրեր, որտեղ էլ որ ապրելիս լինեք աշխարհում, տեղյակ եղեք այն մեծ ջերմությունից և վստահությունից, որ Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը ունեն ձեր հանդեպ։

Թույլ տվեք սկսել մի վերապատրաստական նյութից, թե ինչ ենք մենք անում այստեղ Երկրի վրա։

Մենք մեր Երկնային Հոր սիրելի հոգևոր որդիներն ու դուստրերն ենք։ Մենք ապրել ենք Նրա հետ նախաերկրային կյանքում։ Որպեսզի իրագործի «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» Իր առաքելությունը (Մովսես 1․39), Երկնային Հայրը ստեղծեց մի ծրագիր, որը նախատեսված էր օգնելու Իր զավակներին հասնելու իրենց վերջնական ներուժին։ Ըստ Մեր Հոր ծրագրի մարդը կոչված էր ընկնելու և ժամանակավորապես բաժանվելու Նրանից, որպեսզի ծնվեր որպես մահկանացու, ստանար մարմին և անցներ ստուգման և փորձաշրջանի ժամանակահատված։ Ըստ Նրա ծրագրի Փրկիչը պետք է փրկագներ մարդկությանը անկումից։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի քավությունը ուղի էր նախապատրաստում վերադառնալու Աստծո ներկայություն՝ ավետարանի արարողությունների և սրբազան ուխտերի շնորհիվ։ Քանի որ մենք պետք է ապրեինք վտանգներով և խառնաշփոթություններով լի մահկանացու կյանքում, Երկնային Հայրը և Նրա Որդին գիտեին, որ մենք ավելի մեծ զորության կարիք կունենանք, քան մեր անձնականն է։ Նրանք գիտեին, որ մենք Նրանց զորության կարիքը կունենայինք։ Քրիստոսի ավետարանը և վարդապետությունը բոլոր նրանց ովքեր փնտրում են դրա զորությունը, կտան հնարավորություն ստանալու հավերժական կյանք և ուրախություն իրենց կյանքում։

Կան մարդիկ, ովքեր կասկածի տակ են դնում կնոջ դերը Աստծո ծրագրում և Եկեղեցում։ Ես տեղական և միջազգային լրատվամիջոցներով բավականին հարցազրույցներ եմ տվել և կարող եմ ասել ձեզ, որ իմ հանդիպած լրագնողներից մեծամասնությունը կանխակալ մտածելակերպ ունեին այս թեմայի վերաբերյալ։ Տարիների ընթացքում շատերն են հարցրել, ենթադրելով, որ կանայք երկրորդական կարգի մարդիկ են Եկեղեցում։ Դա այնքան հեռու է ճշմարտությունից։

Թույլ տվեք առաջարկել հինգ հիմնական կետեր այս կարևոր հարցի շուրջ։

1․ Աստված ծրագիր ունի օգնելու համար մեզ ձեռք բերել հավերժական կյանք։

Մեր Երկնային Հայրը ստեղծել է և կանանց,և տղամարդկանց, ովքեր Նրա հոգևոր դուստրերն ու որդիներն են։ Դա նշանակում է, որ սեռը ունի հավերժական կարևորություն։ Նա ունի ծրագիր՝ օգնելու համար բոլոր նրանց, ովքեր կհետևեն Նրան և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին հասնելու իրենց ճակատագրին՝ որպես հավերժական կյանքի ժառանգորդներ։

Եթե մեր վերջնական վեհացումը Նրանց կարևոր նպատակն է, և եթե Նրանք ամենագետն ու կատարյալն են, որը ինչպես գիտենք այդպես է, ապա Նրանք լավագույնս են հասկանում, թե ինչպես նախապատրաստել, ուսուցանել և առաջնորդել մեզ այնպես, որպեսզի մենք առավելագույնս ունենանք հնարավորություն արժանանալու վեհացմանը։

Մեզանից յուրաքանչյուրն ունի ընտանիքի անդամներ կամ ընկերներ, ովքեր բախվել են սոցիալական մտահոգիչ խնդիրներին։ Հարցի մասին քննարկումը, ընդհանուր առմամբ, չի բերում որևէ լուծման, այլ ընդհակառակը՝ կարող է ստեղծել վիճաբանություն։ Կան որոշ հարցադրումներ նուրբ հարցերի շուրջ Եկեղեցու դիրքորոշման վերաբերյալ, որոնց պատասխանները, դժվար, թե բավարարեն բոլորին։ Այնուամենայնիվ, երբ մենք աղոթքով Տիրոջն ենք դիմում այն հարցով, թե ինչպես զգալ կամ վարվել այդպիսի իրավիճակներում, ներշնչումը գալիս է․ «Արդյո՞ք դու հավատում ես Հիսուս Քրիստոսին և հետևում Նրան և Հորը»։ Ես գիտեմ, որ Եկեղեցում շատերը ժամանակ առ ժամանակ մտածել են, թե արդյոք նրանք կարող են անել այն բոլորը, ինչ նրանց խնդրել են անել։ Սակայն, եթե մենք իսկապես հավատում ենք Տիրոջը, ապա հավաստիացումը հետևում է․ «Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին և կանեմ այն ամենը, ինչ Նա ցանկանում է, որ անեմ»։ Եվ այսպիսով առաջ ենք շարժվում։ Որքա՜ն զորավոր են խոսքերը «Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին»։

Մեր վկայությունները, մեր մտքի խաղաղությունը և մեր բարեկեցությունը սկսվում են մեր հավատալու ցանկությունից, որ մեր Երկնային Հայրն իսկապես ամեն ինչ գիտի։

2․ Եկեղեցին կառավարվում է քահանայության բանալիների միջոցով

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Տիրոջ Եկեղեցին է, և Նրա Եկեղեցին կառավարվում է քահանայության իշխանության և քահնայության բանալիների շնորհիվ և կողմից։ «Քահանայության բանալիները Աստծո կողմից քահանայության ղեկավարներին տրված իշխանությունն է՝ առաջնորդելու, վերահսկելու և ղեկավարելու Երկրի վրա Իր քահանայության կիրառությունը»։1

Նրանք, ովքեր ունեն քահանայության բանալիներ՝ սարկավագը, ով ունի բանալիներ իր քվորումի համար, կամ եպիսկոպոս, ով ունի բանալիներ իր ծխի համար, կամ Եկեղեցու Նախագահը, ով կրում է քահանայության բոլոր բանալիները, հնարավոր են դարձնում բոլոր նրանց համար, ովքեր նրանց ենթակայության տակ ծառայում կամ աշխատում են հավատարմորեն, կիրառելու քահանայության իշխանությունը և զգալու քահանայության զորությունները։

Բոլոր տղամարդիկ և կանայք ծառայում են այն մարդկանց ենթակայության տակ, ովքեր ունեն բանալիներ։ Դա է այն եղանակը, որով Տերը ղեկավարում է Իր Եկեղեցին։

Թույլ տվեք ինձ կրկնել 2013թ․ ապրիլյան գերագույն համաժողովի ժամանակ իմ արտասանած խոսքերը․ «Մեր Երկնային Հոր քահանայության օժտման մեծ ծրագրում տղամարդիկ կրում են հատուկ պատասխանատվություն՝ սպասավորելու քահանայությունը, սակայն նրանք քահանայությունը չեն: Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր, սակայն հավասարապես արժեքավոր դերեր: Ինչպես կինը չի կարող երեխա բերել առանց տղամարդու, այնպես էլ տղամարդը չի կարող լիարժեք կիրառել իր քահանայության զորությունը առանց կնոջ՝ հավերժական ընտանիք կազմելու համար: … Հավերժական տեսանկյունից նայելով, և՛ բազմանալու ստեղծարար ուժերը, և՛ քահանայության զորությունը ամուսինը և կինը միմյանց հետ կիսում են»։2

Ինչո՞ւ են տղամարդիկ կարգվում քահանայության կոչումներում, իսկ կանայք ոչ։ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին բացատրել է, որ Տերը, այլ ոչ թե մարդն է, «նախատեսել տղամարդկանց կրելու քահանայությունը Իր Եկեղեցում», և նաև Տերն է օժտել կանանց «կարողություններով մեծացնելու այս մեծ և հրաշալի կազմակերպության շրջանակները, որը Տիրոջ Եկեղեցին և թագավորություն է»։…3 Երբ ամեն ինչ ասվեց և արվեց, Տերը չհայտնեց, թե ինչու Նա կազմակերպեց Իր Եկեղեցին ինչպես որ կա։

Եկեք չմոռանանք, որ Եկեղեցու ուսմունքների շուրջ կեսը գրվել է քույրերի կողմից։ Ղեկավարման մեծ մասը ապահովել են մեր քույրերը։ Բազմաթիվ ծառայություններ և միջոցառումներ պլանավորվել և ղեկավարվել են կանանց կողմից։ Ծխի ու ցցի խորհուրդներում և Եկեղեցու գլխամասային գրասենյակներում անցկացված գերագույն խորհուրդներում կանանց մասնակցությունն ու խորհուրդները ապահովել են անհրաժեշտ պատկերացում, իմաստություն և հավասարակշռություն։

Եկեղեցու ցանկացած նախաձեռնության մեջ երկնային ողջ օրհնությունները հրավիրելու համար պահանջվում է երկուստեք մասնակցություն, թե տղամարդկանցից, ովքեր հարգում են կանանց և նրանց ունեցած բնորոշ հոգևոր շնորհները, և թե կանանցից, ովքեր հարգում են տղամարդկանց քահանայության բանալիները։

3․ Տղամարդիկ և կանայք հավասարապես կարևոր են

Աստված և Եկեղեցին հավասար աչքով են նայում տղամարդկանց և կանանց, սակայն հավասար լինելը չի նշանակում, որ նրանք նույնն են։ Տղամարդկանց և կանանց պարտականություններն ու աստվածային շնորհները իրենց բնույթով տարբեր են, սակայն տարբեր չեն իրենց կարևորությամբ և ազդեցությամբ։ Մեր Եկեղեցու վարդապետությունը կանանց դասում է հավասար, բայց և տարբեր տղամարդկանցից։ Աստված չի համարում մի սեռը մյուսից լավը կամ կարևոր։ Նախագահ Հինքլին ասել է կանանց «մեր Հավերժական Հայրը … երբեք նկատի չի ունեցել, որ դուք պետք է ավելի պակաս լինեք, քան Նրա ստեղծագործությունների թագադրյալ փառքը»։4

Տղամարդիկ և կանայք ունեն տարբեր շնորհներ, տարբեր կարողություններ և տարբեր տեսակետներ ու հակումներ։ Դա է այն հիմնական պատճառներից մեկը, թե ինչու մենք միմյանց կարիքն ունենք։ Դա ստիպում է տղամարդուն և կնոջը ստեղծել ընտանիք, և դա ստիպում է տղամարդկանց և կանանց իրականացնել Տիրոջ աշխատանքը։ Ամուսինը և կինը՝ արդարացիորեն աշխատելով իրար հետ լրացնում ենւ։ Եկեք լինենք զգույշ, որպեսզի մենք չխափանենք մեր Երկնային Հոր ծրագիրը և մեր կյանքի նպատակները։

4․ Բոլորը օրհնված են քահանայության զորության շնորհիվ

Երբ տղամարդն ու կինը այցելում են տաճար, նրանք երկուսն էլ օժտում են ստանում այդ նույն զորության շնորհիվ, որը քահանայության զորությունն է։ Թեև քահանայության իշխանությունը առաջնորդվում է քահանայության բանալիների միջոցով և քահանայության բանալիները կրում են միայն արժանի տղամարդիկ, այդ քահանայության զորությունն ու օրհնությունները կարող են զգալ Աստծո բոլոր զավակները։

Մեր Երկնային Հայրն առատաձեռն է իր զորությունները բաշխելիս: Բոլոր տղամարդիկ և բոլոր կանայք իրենց կյանքում օգնության համար կարող են զգալ այդ զորությունը։ Բոլոր նրանք, ովքեր սրբազան ուխտեր են կապել Տիրոջ հետ և ովքեր պատվում են այդ ուխտերը, ունակ են ստանալու անձնական հայտնություն, օրհնվել հրեշտակների սպասավորումից, հաղորդակցվել Աստծո հետ, ստանալ ավետարանի լրիվությունը և, ի վերջո, Հիսուս Քրիստոսի հետ միասին դառնալ այն ամենի ժառանգորդը, ինչ մեր Հայրն ունի։

5․ Մենք պետք է իմանանք և վկայենք վարդապետության մասին

Նկար
A Sunday school class of teenagers. One of the youth is in front talking to the class while the teacher is standing to the side.

Անհրաժեշտ է, որ Եկեղեցու կանայք իմանան Քրիստոսի վարդապետությունը և ամեն կերպ վկայեն վերականգնման մասին։ Երկրի պատմության մեջ երբեք չի եղել այսքան բարդ ժամանակ։ Սատանան և նրա ջատագովները կատարելագործում են իրենց զինանոցի զենքերը և նրանք փորձառու են մարդկային ընտանիքի մեջ Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն ու վստահությունը ոչնչացնելու գործում։

Մենք բոլորս՝տղամարդիկ, կանայք, երիտասարդ ամուրիները, երիտասարդները և տղաներն ու աղջիկները, պետք է Տիրոջն ու Նրա Եկեղեցին պաշտպանենք, պահպանենք և տարածենք աշխարհով մեկ։ Մեզ ավելի շատ են անհրաժեշտ կանանց առանձնահատուկ, ազդեցիկ ձայները և հավատքը։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի դուք սովորեք վարդապետությունը, որպեսզի հասկանաք, թե ինչին ենք մենք հավատում, որպեսզի դուք բերեք ձեր վկայությունները բոլոր բաների ճշմարտացիության վերաբերյալ, անկախ նրանից, թե այդ վկայություններն արված են Երիտասարդ աղջիկների ճամբարի խարույկի շուրջ, վկայության ժողովին, համացանցում, թե Ֆեյսբուկում։ Միայն դուք կարող եք ցույց տալ աշխարհին, թե ուխտեր կապած Աստծո կանայք ովքեր են և ինչի են հավատում։

Քույրեր, ձեր աղդեցության շրջանակը յուրահատուկ շրջանակ է,—մի բան, որը չի կարող կրկնօրինակվել տղամարդկանց կողմից։ Ոչ ոք չի կարող պաշտպանել մեր Փրկչին ավելի շատ համոզվածությամբ և զորությամբ, քան դուք՝ Աստծո դուստրեր, որ ունեք այդքան մեծ ներուժ և համոզմունք։ Դարձի եկած կնոջ ձայնի զորությունը անչափելի է, և Եկեղեցին ձեր ձայների կարիքն ունի այժմ, քան երբևէ նախկինում։

Ես իմ վկայությունն եմ բերում ձեզ, որ մենք մի ժամանակաշրջանում ենք, երբ պետք է համախմբվենք։ Մենք պետք է համախմբվենք՝ տղամարդիկ և կանայք, երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք, տղաները և աղջիկները։ Մենք պետք է պաշտպանենք մեր Երկնային Հոր ծրագիրը; Մենք պետք է պաշտպանենք Նրան։ Նա հեռու է քշվել մեզանից։ Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, և թույլ տալ, որ դա շարունակվի առանց բավարար համարձակության, որպեսզի թույլ տանք մեր ձայները լսելի լինեն։

Թող Աստված օրհնի ձեզ համարձակությամբ, որպեսզի ուսումնասիրեք և ճանաչեք ավետարանի պարզ ճշմարտությունները, իսկ հետո ամեն պատեհ առիթով կիսվեք դրանցով։

Հղումներ

  1. Ձեռնարկ 2: Սպասավորելը Եկեղեցում (2010), 2.1.1:

  2. Մ. Ռասսել Բալլարդ, «Սա է իմ գործը և փառքը» Լիահոնա, մայիս 2013, 19։

  3. Gordon B. Hinckley, “Women of the Church,” Ensign, Nov. 1996, 70.

  4. Gordon B. Hinckley, “Stand Strong against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 98․