Սուրբ գրություններ
Հելաման 9


Գլուխ 9

Լրաբերները գտնում են գլխավոր դատավորին՝ մեռած, դատավորական աթոռի մոտ – Նրանք բանտարկվում են, իսկ ավելի ուշ՝ արձակվում – Ոգեշնչմամբ՝ Նեփին հաստատում է Սեանթումի ինքնությունը, որպես մարդասպան – Նեփին ընդունվում է ոմանց կողմից որպես մարգարե: Մոտ 23–21թթ. Ք.ծ.ա.:

1 Ահա, այժմ եղավ այնպես, որ երբ Նեփին ասաց այս խոսքերը, որոշ մարդիկ, որոնք նրանց մեջ էին, վազեցին դեպի դատավորական աթոռը. այո, նույնիսկ կային հինգը, ովքեր գնացին և իրենց մեջ ասացին, երբ գնում էին.

2 Ահա, այժմ մենք կիմանանք անկասկած, թե արդյոք այս մարդը մարգարե է, և արդյոք Աստված է պատվիրել նրան մարգարեանալ մեզ այսպիսի զարմանալի բաներ: Ահա, մենք չենք հավատում, որ նա է պատվիրել. այո, մենք չենք հավատում, որ նա մարգարե է. այնուամենայնիվ, եթե այս բանը, որը նա ասել է գլխավոր դատավորի մասին, ճիշտ լինի, որ նա մեռած լինի, այդ դեպքում մենք կհավատանք, որ մյուս խոսքերը, որոնք նա ասել է, ճշմարիտ են:

3 Եվ եղավ այնպես, որ նրանք վազեցին իրենց ողջ զորությամբ, և ներս մտան դատավորական աթոռը. և ահա, գլխավոր դատավորն ընկած էր գետնին և ապառկած էր իր արյան մեջ:

4 Եվ այժմ ահա, երբ նրանք տեսան այս, չափից դուրս ապշեցին, այնպես որ ընկան գետնին. քանզի նրանք չէին հավատացել այն խոսքերին, որ Նեփին ասել էր գլխավոր դատավորի մասին:

5 Բայց այժմ, երբ նրանք տեսան, հավատացին, և վախ եկավ նրանց վրա, որ չլինի թե բոլոր դատաստանները, որոնք Նեփին ասել էր, պիտի գային այս ժողովրդի վրա. այդ պատճառով նրանք դողացին և ընկան գետնին:

6 Այժմ, անմիջապես հետո, երբ դատավորը սպանվեց՝ դանակահարված լինելով իր ծպտված եղբոր կողմից, և նա փախավ, իսկ ծառաները վազեցին ու պատմեցին մարդկանց՝ տարածելով նրանց մեջ սպանության բոթը.

7 Եվ ահա, ժողովուրդն ի մի հավաքվեց դատավորական աթոռի տեղում, և ահա, ի զարմանս իրենց, նրանք տեսան այն հինգ մարդկանց, ովքեր ընկել էին գետնին:

8 Եվ այժմ ահա, ժողովուրդը ոչինչ չգիտեր այն բազմության մասին, որն ի մի էր հավաքվել Նեփիի ապարտեզի մոտ. ուստի, նրանք ասացին իրենց մեջ. Այս մարդիկ նրանք են, ովքեր սպանել են դատավորին, և Աստված զարկել է նրանց այնպես, որ չեն կարողացել փախչել մեզանից:

9 Եվ եղավ այնպես, որ նրանք բռնեցին նրանց ու կապեցին, և բանտ գցեցին նրանց: Եվ մի հրովարտակ ուղարկվեց ամենուրեք, որ դատավորը սպանված է, և որ մարդասպանները բռնվել են ու բանտ գցվել:

10 Եվ եղավ այնպես, որ հաջորդ օրը ժողովուրդն ի մի հավաքվեց՝ սգալու ու ածոմ պահելու գլխավոր դատավորի թաղմանը, որը սպանվել էր:

11 Եվ այսպիսով, այն դատավորները, ովքեր Նեփիի պարտեզի մոտ էին եղել, և լսել նրա խոսքերը, թաղմանը նույնպես ի մի հավաքվեցին:

12 Եվ եղավ այնպես, որ նրանք հարցում արեցին ժողովրդի մեջ, ասելով. Ո՞ւր են այն հինգը, որոնք ուղարկվեցին՝ տեղեկանալու գլխավոր դատավորի մասին, թե արդյոք նա մեռած էր: Եվ նրանք պատասխանեցին և ասացին. Այդ հինգի մասին, ում դուք ասում եք, թե ուղարկել եք, մենք չգիտենք. բայց կան հինգը, որոնք մարդասպաններ են, որոնց մենք բանտ ենք գցել:

13 Եվ եղավ այնպես, որ դատավորները կամեցան, որ նրանք բերվեն. և նրանք բերվեցին, և ահա նրանք էին այն հինգը, ովքեր ուղարկվել էին. և ահա դատավորները տեղեկացան նրանցից՝ իմանալու համար այդ գործի վերաբերյալ, և նրանք պատմեցին նրանց այն բոլորը, որ նրանք արել էին, ասելով.

14 Մենք վազեցինք ու եկանք դատավորական աթոռի տեղը, և երբ մենք տեսանք բոլոր բաները, ճիշտ ինչպես Նեփին էր վկայել, մենք այնքան ապշեցինք, որ ընկանք գետնին. և երբ մենք ուշքի եկանք մեր ապշանքից, ահա նրանք մեզ բանտ գցեցին:

15 Այժմ, ինչ վերաբերում է այս մարդու սպանությանը, մենք չգիտենք՝ ով է դա արել. և միայն այսքանը մենք գիտենք՝ մենք վազեցինք ու եկանք, ինչպես որ դուք կամեցաք, և ահա, նա մեռած էր, համաձայն Նեփիի խոսքերի:

16 Եվ այժմ եղավ այնպես, որ դատավորները պատահածը բացատրեցին ժողովրդին, և պախարակեցին Նեփիին՝ ասելով. Ահա, մենք գիտենք, որ այս Նեփին պետք է որ պայմանավորված լիներ ինչ-որ մեկի հետ՝ սպանել դատավորին, և ապա, հայտարարեր դա մեզ, որպեսզի ինքը կարողանար դարձի բերել մեզ իր հավատքին, որ նա կարողանար բարձրացնել իրեն՝ լինելու մի մեծ մարդ, Աստծո կողմից ընտրված, և մի մարգարե:

17 Եվ այժմ ահա, մենք դիմակազերծ կանենք այս մարդուն, և նա կխոստովանի իր հանցանքն ու հայտնի կդարձնի մեզ այս դատավորի իսկական սպանողին:

18 Եվ եղավ այնպես, որ այն հինգն ազատվեցին թաղման օրը: Այնուամենայնիվ, նրանք սաստեցին դատավորներին՝ այն խոսքերի համար, որոնք նրանք ասացին Նեփիի դեմ, և վիճեցին նրանց հետ մեկ առ մեկ, այնպես որ նրանք կարկամեցրին նրանց:

19 Այնուամենայնիվ, նրանք կարգադրեցին, որ Նեփին բռնվեր ու կապվեր և բերվեր բազմության առջև, և նրանք սկսեցին զանազան ձևերով հարցաքննել նրան, որ կարողանային ստիպել նրան հակասել ինքն իրեն, որպեսզի մեղադրեին նրան՝ ի մահ,

20 Ասելով նրան. Դու դավակից ես. ո՞վ է այն մարդը, որ արել է այս սպանությունը: Այժմ ասա մեզ և խոստովանիր քո հանցանքը, ասելով. Նայիր, ահա փող. և նաև մենք կշնորհենք քեզ քո կյանքը, եթե դու կամենաս պատմել մեզ և խոստովանել պայմանավորվածությունը, որը դու արել ես նրա հետ:

21 Բայց Նեփին ասաց նրանց. Ո՜վ դուք, ահիմարներ, դո՛ւք, սրտով չթլպատվածներ, դո՛ւք, կույրեր, և դո՛ւք, բխստապարանոց ժողովուրդ, արդյոք գիտե՞ք, թե Տերը՝ ձեր Աստվածը, որքան պիտի թույլ տա ձեզ, որ դուք շարունակեք ձեր մեղքի այս ճանապարհը:

22 Ա՜խ, դուք պարտավոր եք սկսել ասուգ ու շիվանը, այն մեծ կործանման պատճառով, որն այս պահին սպասում է ձեզ, եթե դուք չապաշխարեք:

23 Ահա, դուք ասում եք, որ ես պայմանավորվել եմ մի մարդու հետ, որ նա սպանի Սեզորամին՝ մեր գլխավոր դատավորին: Բայց ահա, ես ասում եմ ձեզ, որ դա այն պատճառով է, որ ես վկայել եմ ձեզ, որ դուք իմանաք այս բանի մասին. այո, նույնիսկ, որպես մի ապացույց ձեզ, որ ես գիտեի ամբարշտության ու պղծությունների մասին, որոնք ձեր մեջ են:

24 Եվ քանի որ ես արել եմ այս, դուք ասում եք, որ ես պայմանավորվել եմ մի մարդու հետ, որ նա աներ այս բանը. այո, որովհետև ես ցույց տվեցի ձեզ այս նշանը, դուք բարկացած եք ինձ վրա, և ջանում եք կործանել իմ կյանքը:

25 Եվ այժմ ահա, ես ցույց կտամ ձեզ ևս մեկ նշան, և կտեսնեմ, թե արդյոք դուք այս բանում կջանա՞ք կործանել ինձ:

26 Ահա, ես ասում եմ ձեզ.Գնացե՛ք Սեանթումի տունը, որը Սեզորամի աեղբայրն է, և ասեք նրան.

27 Արդյո՞ք Նեփին, այդ կեղծ մարգարեն, որն այս ժողովրդի վերաբերյալ այսքան շատ չարիք է մարգարեանում, պայմանավորվե՞լ է քեզ հետ, որի պատճառով դու սպանել ես Սեզորամին, որը քո եղբայրն է:

28 Եվ ահա, նա կասի ձեզ՝ Ո՛չ:

29 Եվ դուք կասեք նրան. Դո՞ւ ես սպանել քո եղբորը:

30 Եվ նա կկանգնի վախով, և չի իմանա՝ ինչ ասի: Եվ ահա, նա կհերքի ձեզ. և նա կձևացնի, թե իբր ինքն ապշած է. այնուամենայնիվ, նա կհայտարարի ձեզ, որ ինքն անմեղ է:

31 Բայց ահա, դուք կստուգեք նրան և արյուն կգտնեք նրա վերարկուի քղանցքներին:

32 Եվ երբ դուք տեսնեք այս, դուք կասեք. Որտեղի՞ց է այս արյունը: Մի՞թե մենք չգիտենք, որ դա քո եղբոր արյունն է:

33 Եվ այդ ժամանակ նա կդողա և կգունատվի, կարծես թե մահ էր եկել իր վրա:

34 Եվ այնուհետև դուք կասեք. Այս վախի և քո դեմքի վրա եկած այս գունատության պատճառով, ահա, մենք գիտենք, որ դու մեղավոր ես:

35 Եվ այնուհետև մի ավելի մեծ վախ կգա նրա վրա. և այնուհետև, նա կխոստովանի ձեզ և այլևս չի հերքի, որ ինքն է արել այս սպանությունը:

36 Եվ այնուհետև նա կասի ձեզ, որ ես՝ Նեփիս, ոչինչ չգիտեմ այս գործի վերաբերյալ, բացի դա տրված լիներ ինձ Աստծո զորությամբ: Եվ այդ ժամանակ դուք կիմանաք, որ ես ազնիվ մարդ եմ, և որ ես ուղարկված եմ ձեզ մոտ Աստծո կողմից:

37 Եվ եղավ այնպես, որ նրանք գնացին ու արեցին, ճիշտ ինչպես Նեփին էր ասել իրենց: Եվ ահա, այն խոսքերը, որ նա ասել էր, ճշմարիտ էին. քանզի համաձայն այդ խոսքերի՝ նա հերքեց. և նաև, համաձայն այդ խոսքերի, նա խոստովանեց:

38 Եվ նրան բերեցին՝ հաստատելու, որ նա՝ հենց ինքն էր սպանողը, այնպես որ այն հինգն ազատ արձակվեցին, և Նեփին՝ նույնպես:

39 Եվ Նեփիացիների մեջ եղան ոմանք, ովքեր հավատացին Նեփիի խոսքերին. և եղան նաև ոմանք, ովքեր հավատացին այն հինգի վկայության պատճառով, քանզի նրանք դարձի էին եկել, մինչ բանտում էին:

40 Եվ այժմ, ժողովրդի մեջ կային ոմանք, ովքեր ասում էին, որ Նեփին մարգարե է:

41 Եվ կային ուրիշները, ովքեր ասացին. Ահա, նա աստված է, քանզի եթե նա աստված չլիներ, նա չէր կարող իմանալ բոլոր բաների մասին: Քանզի ահա, նա ասել է մեզ մեր սրտի մտքերը, և նաև ասել է մեզ այլ բաներ. և նույնիսկ, մեզ հայտնի դարձրել մեր գլխավոր դատավորի իսկական սպանողին: