Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Սուրբ Ծնունդը սեր է


Սուրբ Ծնունդը սեր է

Եղբայրներ և քույրեր, ինչպիսի~ հրաշալի տեսարան եք դուք: Ինձ համար պատիվ է` յուրաքանչյուր տարի Սուրբ Ծննդյան օրերը սկսել ձեզ հետ` Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան այս հավաքով: Ես իմ սերն եմ հայտնում ձեզ բոլորիդ` անկախ նրանից ներկա եք այստեղ, թե լսում եք այլ միջոցներով:

Սուրբ Ծննդյան օրերն իրենց նշանակությամբ և գեղեցկությամբ հաճախ առաջ են բերում արցունքներ, ոգեշնչում Աստծո հանդեպ նորոգված պարտավորություն, և, եթե «Գողգոթա» սիրելի օրհներգի խոսքերով ներկայացնեմ՝ «հոգնածին հանգստություն և հոգուն խաղաղություն» պարգևում:

Ինչևէ, հեշտ է ընկնել տոնական օրերի թոհուբոհի մեջ և թերևս կորցնել բուն ոգին մեր կյանքում, որը փորձում ենք ձեռք բերել: Այս օրերին հատկապես մեզանից շատերի համար հատուկ է չափից ավելին անելը: Դրան գուցե նպաստեն չափից շատ Սուրբ Ծննդյան միջոցառումները, որոնց պետք է մասնակցել, չափից շատ ուտելիքը, չափից շատ փող ծախսելը և մեծ լարվածությունը: Երբեմն էլ Ծննդյան օրերին ջանքեր չխնայելը հանգեցնում է նրան, որ լարվում ենք, ճնշվում և հյուծվում այն դեպքում, երբ այդ ժամանակ մենք պետք է զգանք մեր Փրկչի ծննդյան տոնի պարզ ուրախությունները:

Սուրբ Ծննդյան իսկական ուրախությունը ոչ թե ավելին հասցնելու շտապողականության և վազվզոցի, նվերներ գնելու, այլ այդ օրերին Փրկչին մեր ուշադրության կենտրոնում պահելու մեջ է: Մենք կարող ենք պահել Նրան մեր մտքում և մեր կյանքում, երբ գնում ենք կատարելու գործը, որը Նա է ցանկանում, որ կատարենք այստեղ՝ Երկրի վրա: Այս օրերին, հատկապես, եկեք հետևենք Նրա օրինակին` սիրելով և ծառայելով մեր մերձավորներին:

Մեր հասարակության մի հատվածը ծայրաստիճան կարոտ է սիրո արտահայտման. դրանք տարեցներն են, հատկապես նրանք, ովքեր տառապում են միայնակությունից: Մեռնող հույսերի և անհետացած երազանքների սառը քամին սուլելով անցնում է ծերերի և նրանց շարքերով, ովքեր մոտենում են կյանքի մայրամուտի վերջնակետին:

Մի քանի տարի առաջ Երեց Ռիչարդ Լ. Էվանսը գրել է. «Իրենց պատկառելի տարիքի միայնակության մեջ նրանք, առնվազն ինչ-որ չափով, կարիքն ունեն նրա, ինչի կարիքն ունեինք մենք մեր պատանեկության անորոշ տարիներին` պատկանելության զգացումի, ցանկալի լինելու հավաստիացման և սիրող սրտերի և ձեռքերի բարի ծառայության, ոչ թե` պարտավորությունից ելնելով, հատկացնելով մի սենյակ տան մեջ, այլ տեղ մեր սրտում և կյանքում…

Մենք չենք կարող նրանց համար ետ բերել երիտասարդ տարիները: Բայց կարող ենք օգնել նրանց ապրել, պարուրված մայրամուտի ջերմ լույսով, որն ավելի է գեղեցկանում մեր հոգատարության, խնամքի, եռանդուն և անկեղծ սիրո շնորհիվ»:1

Իմ եղբայրներ և քույրեր, իսկական սերը Փրկչի սիրո արտացոլումն է: Ամեն տարվա դեկտեմբերին մենք այն կոչում ենք Սուրբ Ծննդյան ոգի: Դուք կարող եք լսել այն, տեսնել և զգալ:

Վերջերս հիշել եմ մի դեպք իմ պատանեկությունից, որի մասին, գուցե, պատմել եմ որոշ առիթներով: Ես 11 տարեկան էի: Երեխաների խմբի մեր նախագահը` Մելիսան, տարեց, ճերմակ մազերով մի կին էր: Մի կիրակի Մելիսան խնդրեց ինձ դասից հետո մնալ իր հետ: Երբ երկուսով նստած էինք դատարկ ժողովատանը, նա իր ձեռքը դրեց ուսիս և սկսեց լաց լինել: Զարմացած, ես հարցրեցի, թե ինչու է լալիս:

Նա պատասխանեց. «Ես չեմ կարողանում ստիպել տղաներին ակնածալից լինել Երեխաների դասի առաջին մասում: Դու ինձ կօգնե՞ս, Թոմի»:

Ես խոստացա օգնել Մելիսային: Այն, որ ակնածանքի հետ կապված խնդիրը լուծվեց, տարօրինակ էր ինձ, բայց ոչ Մելիսայի համար: Նա դիմել էր խնդրո առարկային` ինձ: Լուծումը սերն էր:

Տարիներ անցան: Հրաշալի Մելիսան արդեն 90-ն անց էր և ապրում էր Սոլթ Լեյք Սիթիի հյուսիսարևմտյան մասի ծերանոցում: Նախքան Սուրբ Ծնունդը ես որոշեցի այցելել Երեխաների խմբի իմ նախագահին: Մեքենայիս ռադիոյով հնչում էր «Լսեք ձայնը երկնային, Փառք նորածին Արքային»:2 Ես մտածում էի երկար տարիներ առաջ իմաստունների կատարած ճամփորդության մասին: Նրանք ընծա էին բերել ոսկի, կնդրուկ և զմուռս: Ես բերել էի միայն սիրո ընծան և շնորհակալություն ասելու ցանկությունը:

Ես գտա Մելիսային ճաշարանում: Նա հայացքը հառած իր ուտելիքի ապսեի վրա, իր թորշոմած ձեռքի մեջ բռնած պատառաքաղով դիպչում էր ուտելիքին: Ոչ մի կտոր նա չէր ուտում: Երբ ես խոսեցի նրա հետ, նա ինձ նայեց բարի, սակայն դատարկ հայացքով: Ես վերցրեցի պատառաքաղը և սկսեցի կերակրել Մելիսային, միևնույն ժամանակ պատմելով նրան Երեխաների Խմբում տղաներին և աղջիկներին մատուցած իր ծառայության մասին: Նա ճանաչելու ոչ մի նշույլ չդրսևորեց և խոսք անգամ չասաց: Ծերանոցի երկու այլ բնակիչներ զարմացած հայացքով նայում էին ինձ: Վերջապես նրանցից մեկն ասաց. «Զուր եք խոսում նրա հետ, նա ոչ ոքի չի ճանաչում, անգամ իր ընտանիքի անդամներին: Այստեղ գտնվելու ընթացքում նա մի բառ անգամ չի արտասանել»:

Ճաշն ավարտվեց, իմ միակողմանի զրույցը ևս: Ես վեր կացա, որ գնամ, և, վերցնելով նրա նվաղած ձեռքը, նայելով նրա կնճռոտված, սակայն գեղեցիկ դեմքին, ասացի` «Աստված օրհնի քեզ, Մելիսա: Շնորհավոր Սուրբ Ծնունդ»: Հանկարծ նա ասաց. «Ես ճանաչում եմ քեզ, դու Թոմի Մոնսոնն ես, իմ երեխաների խմբի տղան: Որքան եմ ես քեզ սիրում»: Նա իմ ձեռքը սեղմեց իր շուրթերին և ինձ շնորհեց սիրով լի մի քաղցր համբույր: Արցունքները հոսում էին նրա դեմքի վրայով և թափվում մեր ձեռքերի վրա: Այդ օրը այդ ձեռքերը սրբացան երկնքով և օրհնվեցին Աստծով: Հրեշտակները երգում էին, Վարդապետի խոսքերն, ասես, անձնական իմաստ էին ստացել, որ երբևէ այդքան լիարժեքորեն չէին զգացվել. «Ով կին, ահա քո որդին»: Իր աշակերտին ասելով. «Ահա, քո մայրը»:3

Կարծես, Բեթլեհեմից արձագանքում էին խոսքերը.

Որքան լուռ է, որքան խաղաղ

Պարգևը հրաշալի,

Այդպես Աստված տվեց մարդկանց

Օրհնությունը երկնքի:

Մտավ Նա անձայն, կարծես,

Աշխարհն այս մեղքի:

Սպասում էին հոգիներն հեզ

Քրիստոսին սիրելի: 4

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ասել է. «Իսկական երջանկությունը գալիս է միայն ուրիշներին երջանկություն պարգևելուց... Սուրբ Ծննդյան [ոգին] ... եղբայրասիրության և ընկերասիրության լույսով է լցնում մեր սրտերը, և դրդում բարի գործեր կատարել: Դա Հիսուս Քրիստոսի ավետարանի ոգին է»:5

Այժմ է ամենալավ ժամանակը, այս Սուրբ Ծննդյան օրերին, որպեսզի բոլորս կրկին նվիրվենք Հիսուս Քրիստոսի ուսուցանած սկզբունքներին: Դա է ամբողջ սրտով Տիրոջը, մեր Աստծուն և մեր մերձավորներին սիրելու ժամանակը: Պետք է հիշել, որ նա, ով փող է տալիս, տալիս է շատ, նա ով ժամանակ է նվիրում, տալիս է ավելին, իսկ նա, ով իրեն է նվիրում, տալիս է ամեն ինչ:

Եկեք Սուրբ Ծնունդն իրական դարձնենք: Դա ընդամենը փայլփլուն կախազարդ կամ ժապավեն չէ, իհարկե, եթե մենք չենք արել այդպես մեր կյանքում: Սուրբ Ծնունդը տալու ոգին է` առանց ստանալու մտքի: Դա երջանկություն է, որովհետև մենք տեսնում ենք ուրախություն մարդկանց մեջ: Դա ինքնամոռացություն և մյուսների համար ժամանակ գտնել է: Դա անիմաստությունից հրաժարվել և իրական արժեքների վրա շեշտը դնել է: Դա խաղաղություն է, որովհետև մենք խաղաղություն ենք գտել Փրկչի ուսմունքներում: Դա այն ժամանակն է, երբ առավել խորն ես գիտակցում, որ որքան շատ սեր է սփռվում, այնքան շատ կա մյուսների համար:

Սուրբ Ծնունդ է տանը և եկեղեցում,

Սուրբ Ծնունդ է խանութներում,

Բայց Սուրբ Ծնունդը չգիտես ինչ է,

Եթե այն քո սրտում չէ:

Ձնածածկ ճանապարհին զանգերն են ղողանջում,

Զանգերի ղողանջն է ամենուր լսվում,

Բայց օ~, միայն սիրտը ցնծում է,

Երբ այնտեղ Սուրբ Ծնունդ է: 6

Երբ Սուրբ Ծննդյան օրերն իրենց փառքով պարուրում են մեզ, թող որ մենք Իմաստունների պես փնտրենք լուսավոր ու հատուկ աստղը, որ ուղղորդի մեզ դեպի մեր մերձավորներին ծառայելու Սուրբ Ծննդյան հնարավորությունը: Թող որ մենք հոգով ճամփորդենք դեպի Բեթլեհեմ, մեզ հետ վերցնելով քնքուշ, հոգացող սիրտ որպես մեր ընծան Փրկչին: Եվ թող բոլորս ունենանք ուրախ ու երջանիկ Սուրբ Ծնունդ: Հիսուս Քրիստոսի սուրբ և օրհնյալ անունով, ամեն:

Հղումներ

  1. Richard L. Evans, Thoughts for One Hundred Days (1966), 222.

  2. “Hark! The Herald Angels Sing,” Hymns, no. 209.

  3. Հովհաննես 19.26–27:

  4. “O Little Town of Bethlehem,” Hymns, no. 208.

  5. David O. McKay, Gospel Ideals (1953), 551.

  6. “Christmas in the Heart,” as quoted in The Instructor, Dec. 1933, 547.