Սեմինարիա
Ձեռք բերել հոգևոր գիտելիք


«Ձեռք բերել հոգևոր գիտելիք», Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթ (2021)

«Ձեռք բերել հոգևոր գիտելիք», Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթ

Նկար
սուրբ գրություններ կարդացող պատանի

Ձեռք բերել հոգևոր գիտելիք

Աստված ամեն ճշմարտության աղբյուրն է

  1. Աստված գիտի ամեն բան և ամեն ճշմարտության աղբյուրն է: Քանի որ մեր Երկնային Հայրը սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք առաջ գնանք և դառնանք Իր նման, Նա խրախուսել է մեզ «ուսում փնտրել, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 88.118): Ճշմարտության մեր որոնումներում մենք կարող ենք լիովին վստահել Նրան՝ ապավինելով Նրա իմաստությանը, Նրա սիրուն ու մեզ ուսուցանելու և օրհնելու Նրա զորությանը։ Աստված խոստացել է Սուրբ Հոգու միջոցով մեր մտքերին ու սրտերին հայտնել ճշմարտությունը, եթե մենք ջերմեռանդորեն փնտրենք Նրան:

  2. Մեզ օգնելու համար Երկնային Հայրն ուսուցանել է մեզ, թե ինչպես ձեռք բերել հոգևոր գիտելիք։ Նա սահմանել է պայմանները, որոնց մենք պետք է հետևենք նման գիտելիք ձեռք բերելու համար։ Աստծո կողմից հաստատված օրինաչափությունը պահանջում է, որ մենք անկեղծորեն ցանկանանք իմանալ ճշմարտությունը և պատրաստ լինենք ապրելու համաձայն այն ամենի, ինչ Նա է հայտնել։ Մեր անկեղծ ցանկությունը կառաջնորդի մեզ փնտրել ճշմարտությունը աղոթքի և Աստծո խոսքի ջանասեր ուսումնասիրության միջոցով։

  3. Երբեմն մենք գուցե նոր տեղեկություններ բացահայտենք կամ հարցեր ունենանք վարդապետության, գործառույթների կամ Եկեղեցու պատմության վերաբերյալ, որոնք թվում են դժվար հասկանալի։

    Հարցեր տալը և պատասխաններ փնտրելը ճշմարտությունը սովորելու համար մեր գործադրած ջանքերի կարևոր մասն են կազմում։ Որոշ հարցեր, որոնք ծագում են մեր մտքում, կարող են ոգեշնչված լինել Սուրբ Հոգու կողմից։ Ոգեշնչված հարցերը պետք է ընդունվեն որպես Աստծո պարգևներ, որոնք հնարավորություն են տալիս մեծացնելու մեր հասկացողությունը և ամրացնելու մեր վստահությունը, որ Տերը ցանկանում է ուսուցանել մեզ։ Ինչն էլ լինի մեր հարցերի աղբյուրը, մենք օրհնվում ենք մտածելու և տրամաբանելու ունակությամբ և Տիրոջ ազդեցությունը ընդլայնում է մեր միտքը և խորացնում մեր հասկացողությունը։ Հարցեր տալիս և պատասխաններ փնտրելիս մեր ունեցած վերաբերմունքը և նպատակը մեծապես կազդեն Սուրբ Հոգու միջոցով սովորելու մեր ունակության վրա։

  4. Հետևյալ երեք սկզբունքները կարող են առաջնորդել մեզ, երբ ձգտում ենք սովորել և հասկանալ հավերժական ճշմարտությունը և պարզաբանել հարցերը կամ խնդիրները.

    • Գործեք հավատքով:

    • Քննեք հասկացությունները և հարցերը հավերժական տեսանկյունից:

    • Ավելի խորը հասկացողություն փնտրեք աստվածայնորեն նշանակված աղբյուրների միջոցով։

Սկզբունք 1․ Գործեք հավատքով

  1. Մենք գործում ենք հավատքով, երբ ընտրում ենք վստահել Աստծուն և ամենից առաջ դառնալ դեպի Նա՝ անկեղծ աղոթքի, Նրա ուսմունքներն ուսումնասիրելու և Նրա պատվիրաններին հնազանդվելու միջոցով։

  2. Մինչ մենք ձգտում ենք զարգացնել մեր հասկացողությունը և լուծել մտահոգությունները, կարևոր է, որպեսզի մենք ապավինենք այն վկայությանը, որն արդեն իսկ ունենք Հիսուս Քրիստոսի, Նրա ավետարանի Վերականգնման և Նրա կողմից կարգված մարգարեների ուսմունքների վերաբերյալ։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ուսուցանել է․ «Երբ այդ պահերը գան ու խնդիրներ ջրի երես ելնեն, որոնց լուծումն անմիջապես չի ստացվում, ամուր կառչեք արդեն ունեցած գիտելիքից և պինդ կանգնեք, մինչև լրացուցիչ գիտելիքներ կտրվեն» («Հավատում եմ, Տէր», Լիահոնա, մայիս 2013, 94)։ Տերն անձամբ հրավիրել է մեզ «նայել Իրեն բոլոր մտորումներում. չկասկածել, չվախենալ» (Վարդապետություն և Ուխտեր 6․36):

  3. Երբ մենք չենք կարողանում անհապաղ պատասխաններ գտնել մեր հարցերին, օգտակար է հիշել, որ չնայած Երկնային Հայրը հայտնել է այն ամենը, ինչն անհրաժեշտ է մեր փրկության համար, Նա դեռևս չի հայտնել ամբողջ ճշմարտությունը։ Երբ շարունակում ենք պատասխաններ փնտրել, մենք պետք է ապրենք հավատքով՝ վստահելով, որ մենք, ի վերջո, կստանանք մեր փնտրած պատասխանները։ Եթե մենք հավատարիմ ենք մեր արդեն իսկ ստացած ճշմարտությանը և լույսին, մենք կստանանք ավելին։ Մեր հարցերի և աղոթքների պատասխանները հաճախ գալիս են «տող առ տող, ցուցում առ ցուցում» (2 Նեփի 28․30

Սկզբունք 2. Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության տեսանկյունից

  1. Վարդապետական հասկացությունները, հարցերը և հասարակական խնդիրները հավերժական տեսանկյունից քննելու համար` մենք խորհում ենք դրանց մասին փրկության ծրագրի և Փրկիչի ուսմունքների համատեքստում։ Մենք փնտրում ենք Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի տեսնենք բաներն այնպես, ինչպես Տերն է տեսնում։ Սա մեզ թույլ է տալիս վերաձևակերպել հարցը (այլ տեսանկյունից տեսնել հարցը) և քննել գաղափարները, հիմնվելով ճշմարտության Տիրոջ չափանիշի վրա, ոչ թե ընդունելով աշխարհի եզրահանգումները կամ ենթադրությունները։ Մենք կարող ենք դա անել նմանատիպ հարցեր տալով․ «Ես ի՞նչ գիտեմ Երկնային Հոր, Նրա ծրագրի և Իր զավակների հետ Նրա հարաբերությունների մասին» և «Ավետարանի ո՞ր ուսմունքներն են վերաբերում կամ պարզաբանում այդ հասկացությունը կամ խնդիրը»։

  2. Նույնիսկ այն հարցերը, որոնք վերաբերում են պատմական իրադարձություններին, կարող են քննվել հավերժական տեսանկյունից։ Մինչ մենք լիովին վստահում ենք մեր Երկնային Հորը և Նրա փրկության ծրագրին, մենք կարողանում ենք ավելի պարզ տեսնել խնդիրները։ Դա կարող է օգնել նաև քննել պատմական հարցերը պատմական համապատասխան համատեքստում, խորհելով տվյալ ժամանակաշրջանի մշակույթի և վարքագծի կանոնների համաձայն, ոչ թե պարտադրելով ներկայիս հեռանկարներն ու դիրքորոշումները։

  3. Կարևոր է հիշել, որ պատմական մանրամասները չեն պարունակում արարողությունների, ուխտերի և վարդապետության փրկարար զորությունը։ Քիչ նշանակալից մանրուքներով շեղվելու պատճառով Վերականգնման ծավալվող հրաշքը բաց թողնելը, նման է նվերի տուփը հետազոտելու վրա ժամանակ վատնելուն և հրաշք նվերն իսկ անտեսելուն։

Սկզբունք 3․ Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  1. Հոգևոր գիտելիք ձեռք բերելու ընթացքում Տերը սահմանել է աղբյուրներ, որոնց միջոցով Նա Իր զավակներին հայտնում է ճշմարտությունը և առաջնորդում է նրանց։ Այդ աղբյուրներն են Քրիստոսի լույսը, Սուրբ Հոգին, սուրբ գրությունները, ծնողները և Եկեղեցու ղեկավարները։ Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը՝ այսօր երկրի վրա Տիրոջ մարգարեները, ճշմարտության կենսական աղբյուր են հանդիսանում։ Տերն ընտրել և կարգել է այդ անհատներին որպես Իր խոսնակներ։

  2. Մենք կարող ենք սովորել ճշմարտությունը նաև այլ վստահելի աղբյուրներից։ Այնուամենայնիվ, ճշմարտության անկեղծ որոնողները պետք է զգուշանան տեղեկությունների ոչ հավաստի աղբյուրներից։ Մենք ապրում ենք ժամանակներում, երբ շատերը «չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար» (Եսայիա 5․20)։ Սատանան ստերի հայրն է և փորձում է աղավաղել ճշմարտությունը, համոզել մեզ հեռանալ Տիրոջից ու Նրա նշանակված ծառաներից։ Անվստահելի աղբյուրները զանազանելը և դրանցից խուսափելը կարող են պաշտպանել մեզ ապատեղեկատվությունից և նրանցից, ովքեր փորձում են ոչնչացնել հավատքը։ Երբ մենք օգնություն ենք որոնում Սուրբ Հոգուց և դիմում ենք Տիրոջ կողմից աստվածայնորեն նշանակված աղբյուրներին պատասխանի և ուղղորդման համար, մենք կարող ենք օրհնվել՝ տարբերելով ճիշտը սխալից։ Մենք կարող ենք վստահել Տիրոջ խոստումին, որ «Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.5):

Օգնել ուրիշներին ձեռք բերել հոգևոր գիտելիք

  1. Երբ ուրիշները գալիս են մեզ մոտ և հարցեր են տալիս կամ ուսումնասիրում են Եկեղեցու վարդապետությունը, գործելակերպը կամ պատմությունը, ինչպե՞ս մենք կարող ենք լավագույնս աջակցել նրանց ճշմարտության իրենց որոնումներում։ Ստորև տրված են որոշ ուղիներ, որոնցով կարող ենք օգնել նրանց․

  2. Ուշադիր լսեք և աղոթեք։ Նախքան պատասխանելը, ուշադիր լսեք՝ փորձելով պարզաբանել և հասկանալ նրանց կողմից տրվող արդիական հարցերը։ Լրջորեն ձգտեք հասկանալ նրանց հարցերի ճշմարիտ միտումը և նրանց զգացմունքներն ու համոզմունքները։ Աղոթեք առաջնորդության համար, որպեսզի իմանաք, թե ինչպես լավագույնս կարող եք օգնել նրանց, ովքեր հարցեր ունեն։

  3. Ուսուցանեք և վկայեք ավետարանի ճշմարտությունների մասին։ Կիսվեք սուրբ գրությունների և ժամանակակից մարգարեների ուսուցանած պատշաճ ուսմունքներով, և թե ինչպես են դրանք փոխել ձեր կյանքը։ Օգնեք նրանց, ում հետ խոսում եք, քննել կամ վերաձևակերպել իրենց հարցերը համաձայն ավետարանի համատեքստի և փրկության ծրագրի։

  4. Հրավիրեք նրանց գործել հավատքով։ Հիշեք, որ Տերը պահանջում է մեզանից ինքնուրույն փնտրել հոգևոր գիտելիքներ։ Ուստի, մենք պետք է հրավիրենք ուրիշներին գործել հավատքով՝ աղոթքի, պատվիրաններին հնազանդվելու և Աստծո խոսքը ջանասիրաբար ուսումնասիրելու միջոցով, օգտագործելով աստվածայնորեն նշանակված աղբյուրները, հատկապես՝ Մորմոնի Գիրքը։ Եթե հնարավոր է, հրավիրեք ուսանողներին հիշել իրենց ունեցած փորձառությունները, երբ նրանք զգացել են Սուրբ Հոգին և ամուր կառչել իրենց սովորած ճշմարտությունից, մինչև լրացուցիչ գիտելիք են ստացել:

  5. Հետևողական եղեք: Առաջարկեք փնտրել պատասխաններ, և ապա հետևողական եղեք՝ կիսվելով ձեր սովորածով։ Դուք կարող եք նաև միասին փնտրել պատասխանները: Վստահություն արտահայտեք անձնական հայտնություն տալու Տիրոջ խոստման հանդեպ: