Միսիայի կոչումներ
Գլուխ 3․ Դաս 2. Երկնային Հոր փրկության ծրագիրը


«Գլուխ 3. Դաս 2․ Երկնային Հոր փրկության ծրագիրը», Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023)

«Գլուխ 3․ Դաս 2․», Քարոզիր Իմ ավետարանը

Գլուխ 3․ Դաս 2

Երկնային Հոր փրկության ծրագիրը

Նկար
Քրիստուսի արձանը

Մարդիկ կարող են մտածել

  • Ո՞րն է կյանքի նպատակը:

  • Որտեղի՞ց եմ եկել:

  • Կա՞ արդյոք Աստված, ով մտածում է իմ մասին։ Ինչպե՞ս կարող եմ ես զգալ, որ Նա հոգ է տանում:

  • Ինչպե՞ս կարող եմ հավատալ Աստծուն, երբ այդքան շատ վատ բաներ են տեղի ունենում:

  • Ինչո՞ւ է կյանքը երբեմն այդքան դժվար: Ինչպե՞ս կարող եմ ուժ գտնել այս ժամանակներում:

  • Ինչպե՞ս կարող եմ դառնալ ավելի լավ անձնավորություն:

  • Ի՞նչ կպատահի, երբ ես մահանամ:

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանն օգնում է մեզ պատասխանել հոգուց բխած կարևոր հարցերին: Ավետարանի միջոցով մենք սովորում ենք մեր՝ որպես Աստծո զավակների հավերժական ներուժի և աստվածային ինքնության մասին: Ավետարանը մեզ հույս է տալիս և օգնում է գտնել խաղաղություն, երջանկություն և իմաստ: Ավետարանով ապրելն օգնում է մեզ աճել և ուժ գտնել կյանքի մարտահրավերներին դիմակայելիս:

Աստված ցանկանում է լավագույնն Իր զավակների համար և ցանկանում է մեզ տալ Իր ամենամեծ օրհնությունները, որոնք են անմահությունը և հավերժական կյանքը (տես Մովսես 1.39, Վարդապետություն և Ուխտեր 14.7): Քանի որ Նա սիրում է մեզ, Նա ծրագիր է տրամադրել, որպեսզի մենք ստանանք այս օրհնությունները: Սուրբ գրություններում այս ծրագիրը կոչվում է փրկության ծրագիր, երջանկության մեծ ծրագիր և փրկագնման ծրագիր (տես Ալմա 42.5, 8, 11, 13, 15, 16, 31 հատվածները):

Աստծո ծրագրում մեզանից յուրաքանչյուրը ճամփորդություն է կատարում նախաերկրային կյանքի, ծննդյան, մահկանացու կյանքի, մահվան և մահից հետո կյանքի միջով: Աստված տվել է այն, ինչ մեզ անհրաժեշտ է այս ճամփորդության ընթացքում, որպեսզի մահից հետո մենք կարողանանք ի վերջո վերադառնալ Նրա ներկայություն և ստանալ ուրախության լիություն:

Հիսուս Քրիստոսի դերն առանցքային է Աստծո ծրագրում։ Իր Քավության և Հարության միջոցով Հիսուսը հնարավորություն տվեց մեզանից յուրաքանչյուրին ստանալ անմահություն և հավերժական կյանք:

Մեր երկրային կյանքի ընթացքում մենք չենք հիշում մեր նախաերկրային կյանքը: Մենք նաև լիովին չենք հասկանում կյանքը մահից հետո: Այնուամենայնիվ, Աստված շատ ճշմարտություններ է հայտնել մեր հավերժական ճամփորդության այս հատվածների մասին: Այս ճշմարտությունները բավարար գիտելիք են տալիս մեզ կյանքի նպատակը հասկանալու, ուրախություն զգալու և սպասվող բարիքների հույս ունենալու համար: Այս գիտելիքը սրբազան գանձ է, որն առաջնորդում է մեզ, մինչ մենք երկրի վրա ենք:

Առաջարկներ ուսուցման համար

Այս բաժինը տրամադրում է ծրագրի օրինակ, որը կօգնի ձեզ պատրաստվել ուսուցանելու: Այն նաև ներառում է հարցերի և առաջարկների օրինակներ, որոնք դուք կարող եք օգտագործել:

Երբ պատրաստվում եք ուսուցանել, աղոթքով մտածեք յուրաքանչյուր անձի իրավիճակի ու հոգևոր կարիքների մասին: Որոշեք, թե որն է առավել օգտակար ուսուցանելու համար: Պատրաստվեք սահմանել եզրույթներ, որոնք մարդիկ կարող են չհասկանալ: Ծրագրեք ըստ ձեր հատկացրած ժամանակի, հիշելով դասերի հակիրճ լինելու մասին:

Ընտրեք սուրբ գրությունների հատվածներ, որոնք ուսուցանելիս օգտագործելու եք: Դասի «Վարդապետական հիմունքներ» բաժինը ներառում է բազմաթիվ օգտակար սուրբ գրությունների հատվածներ:

Մտածեք, թե ինչ հարցեր եք տալիս, երբ ուսուցանում եք: Ծրագրեք հրավերներ, որոնք կխրախուսեն յուրաքանչյուր անձի գործել:

Շեշտեք Աստծո խոստացած օրհնությունները և կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, ինչ ուսուցանում եք:

Նկար
միսիոներներն ուսուցանում են ընտանիքին

Ինչ կարող եք ուսուցանել մարդկանց 15–25 րոպեում

Ուսուցանելու համար ընտրեք փրկության ծրագրի վերաբերյալ հետևյալ սկզբունքներից մեկը կամ մի քանիսը: Յուրաքանչյուր սկզբունքի վարդապետական հիմունքները տրված են այս համառոտ շարադրանքից հետո:

Նախաերկրային կյանք․ մեզ համար Աստծո նպատակն ու ծրագիրը

  • Մենք բոլորս Աստծո հոգևոր զավակներն ենք։ Նա ստեղծեց մեզ Իր սեփական պատկերով:

  • Նախքան երկրի վրա ծնվելը, մենք ապրում էինք Աստծո հետ: Մենք Նրա ընտանիքի անդամներն ենք։ Նա ճանաչում ու սիրում է յուրաքանչյուրիս:

  • Աստված մեր երջանկության և առաջընթացի ծրագիր է տրամադրել այս կյանքում և հավերժության մեջ:

  • Մեր նախաերկրային կյանքում մենք ընտրել ենք հետևել Աստծո ծրագրին: Սա նշանակում է գալ երկիր, որպեսզի մենք կարողանանք կատարել մեր հավերժական առաջընթացի հաջորդ քայլը:

  • Հիսուս Քրիստոսի դերն առանցքային է Աստծո ծրագրում։ Նա հնարավորություն է տալիս մեզ ունենալ անմահություն և հավերժական կյանք:

Արարում

  • Աստծո ղեկավարությամբ Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկիրը։

Ադամի ու Եվայի անկումը

  • Ադամն ու Եվան Աստծո հոգևոր առաջին զավակներն էին, որ եկան երկիր: Աստված ստեղծեց նրանց մարմինները և դրեց Եդեմի պարտեզում:

  • Ադամն ու Եվան օրինազանցություն արեցին, վտարվեցին պարտեզից և հեռացան Աստծո ներկայությունից: Այս իրադարձությունը կոչվում է անկում։

  • Անկումից հետո Ադամն ու Եվան դարձան մահկանացու: Որպես մահկանացուներ՝ նրանք կարողացան սովորել, առաջադիմել և երեխաներ ունենալ: Նրանք նաև վիշտ, մեղք և մահ զգացին։

  • Անկումը մարդկության համար քայլ առաջ էր: Անկումը մեզ հնարավորություն տվեց ծնվել երկրի վրա և առաջադիմել Երկնային Հոր ծրագրում:

Մեր կյանքը երկրի վրա

  • Ըստ Աստծո ծրագրի մենք պետք է գայինք երկիր՝ ֆիզիկական մարմիններ ստանալու, սովորելու և աճելու համար:

  • Երկրի վրա մենք սովորում ենք քայլել հավատքով: Այնուամենայնիվ, Երկնային Հայրը մեզ մենակ չի թողել: Նա տվել է մեզ բազմաթիվ պարգևներ և ուղեցույցներ, որպեսզի օգնի մեզ վերադառնալ Իր ներկայություն:

Հիսուս Քրիստոսի Քավությունը

  • Մեզանից յուրաքանչյուրը մեղք է գործում, և մեզանից յուրաքանչյուրը կմահանա: Քանի որ Աստված սիրում է մեզ, Նա երկիր ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ փրկագնի մեզ մեղքից և մահից:

  • Հիսուսի քավիչ զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք ներվել և մաքրվել մեր մեղքերից: Մեր սրտերը կարող են ավելի լավը դառնալ, երբ մենք ապաշխարենք: Սա հնարավորություն է տալիս մեզ վերադառնալ դեպի Աստծո ներկայություն և ստանալ ուրախության լիություն:

  • Հիսուսի Հարության շնորհիվ մենք բոլորս հարություն կառնենք մահից հետո: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդու հոգին և մարմինը նորից կմիավորվեն, և մեզանից յուրաքանչյուրը հավերժ կապրի կատարյալ, հարություն առած մարմնում:

  • Հիսուս Քրիստոսն առաջարկում է մեզ մխիթարություն, հույս և բժշկություն: Նրա քավիչ զոհաբերությունը Նրա սիրո վերջնական դրսևորումն է: Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է ճիշտ դարձվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Հոգևոր աշխարհը

  • Մեր ֆիզիկական մարմնի մահից հետո, մեր հոգին շարունակում է ապրել հոգևոր աշխարհում: Սա հարությունից առաջ սովորելու և նախապատրաստվելու ժամանակավոր մի իրավիճակ է:

  • Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանվում է հոգևոր աշխարհում, և մենք կարող ենք շարունակել աճել և առաջադիմել:

Հարություն, Փրկություն և Վեհացում

  • Հոգևոր աշխարհում մեզ հատկացված ժամանակից հետո Հարությունը հաջորդ քայլն է մեր հավերժական ճամփորդության մեջ:

  • Հարությունը մեր հոգու և մարմնի վերամիավորումն է: Մեզանից յուրաքանչյուրը հարություն կառնի և կունենա կատարյալ ֆիզիկական մարմին: Մենք կապրենք հավերժ։ Սա հնարավոր դարձվեց Փրկիչի Քավության և Հարության շնորհիվ։

Դատաստան և Փառքի արքայությունները

  • Երբ մենք հարություն առնենք, Հիսուս Քրիստոսը կլինի մեր դատավորը: Շատ քիչ բացառություններով, Աստծո բոլոր զավակները տեղ կստանան փառքի որևէ արքայությունում:

  • Չնայած մենք բոլորս հարություն ենք առնելու, այնուամենայնիվ ոչ բոլորս ենք ստանալու նույն հավերժական փառքը: Հիսուսը մեզ դատելու է ըստ մահկանացու կյանքում և հոգևոր աշխարհում մեր հավատքի, գործերի և ապաշխարության: Լինելով հավատարիմ մենք կարող ենք վերադառնալ ապրելու Աստծո ներկայության մեջ:

Հարցեր, որոնք կարող եք տալ մարդկանց

Հետևյալ հարցերն օրինակներ են, թե ինչ կարող եք հարցնել մարդկանց: Այս հարցերը կարող են օգնել ձեզ բովանդակալից զրույցներ վարել և հասկանալ մարդու կարիքներն ու տեսակետը:

  • Ձեր կարծիքով, ո՞րն է կյանքի նպատակը:

  • Ի՞նչն է ձեզ երջանկություն պարգևում։

  • Ո՞ր մարտահրավերների ժամանակ է ձեզ անհրաժեշտ Աստծո օգնությունը։

  • Ի՞նչ եք սովորել ձեր դիմակայած մարտահրավերներից:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին։ Ինչպե՞ս են Նրա կյանքն ու առաքելությունն ազդել ձեր կյանքի վրա:

Հրավերներ, որոնք կարող եք ուղղել

  • Կխնդրե՞ք Աստծուն աղոթքով օգնել ձեզ իմանալ, որ այն, ինչ մենք ուսուցանում ենք, ճշմարիտ է (տես «Ուսուցման գաղափարներ. Աղոթք» դաս 1-ի վերջում):

  • Այս կիրակի մեզ հետ եկեղեցի կհաճախե՞ք՝ մեր ուսուցանածի մասին ավելին իմանալու համար:

  • Կկարդա՞ք Մորմոնի Գիրքը և կաղոթե՞ք՝ իմանալու համար, որ դա Աստծո խոսքն է: (Դուք կարող եք առաջարկել որոշակի գլուխներ կամ հատվածներ):

  • Կհետևե՞ք Հիսուսի օրինակին և կմկրտվե՞ք (տես «Մկրտվելու և հաստատվելու հրավերը», որն անմիջապես նախորդում է դաս 1-ին)։

  • Կարո՞ղ ենք մեր հաջորդ այցի համար ժամանակ սահմանել:

Նկար
Փրկության ծրագրի գծապատկեր

Վարդապետական հիմունքներ

Այս բաժինը տրամադրում է վարդապետություն և սուրբ գրություններ, որոնք դուք պետք է ուսումնասիրեք, որպեսզի ամրապնդեք ձեր գիտելիքներն ու վկայությունն ավետարանի մասին և օգնեք ձեզ ուսուցանել:

Նկար
գալակտիկաներ

Նախաերկրային կյանք․ մեզ համար Աստծո նպատակն ու ծրագիրը

Մենք Աստծո զավակներն ենք և ապրել ենք Նրա հետ մինչև մեր ծնունդը

Աստված մեր հոգիների Հայրն է: Մենք բառիս բուն իմաստով նրա զավակներն ենք` նրա պատկերով ստեղծված: Որպես Աստծո զավակ մեզանից յուրաքանչյուրն ունի աստվածային էություն: Այս գիտելիքը կարող է օգնել մեզ դժվարին ժամանակներում և կարող է ոգեշնչել մեզ դառնալ լավագույնը:

Նախքան երկրի վրա ծնվելը, մենք ապրում էինք Աստծո հետ որպես նրա հոգևոր զավակներ: Մենք Նրա ընտանիքի անդամներն ենք։

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

«Կա մեկ կարևոր ինքնություն, որը մենք բոլորս կիսում ենք այժմ և հավիտյան, որից մենք երբեք չպետք է շեղվենք, և որին մենք պետք է երախտապարտ լինենք: Դա այն է, ինչ դուք միշտ եղել եք՝ Աստծո որդին կամ դուստրը, ունենալով հավերժության հոգևոր արմատներ:

«… Այս ճշմարտությունը հասկանալը՝ իսկապես հասկանալը և ընդունելը, կարող է փոխել ձեր կյանքը: Դա ձեզ տալիս է արտասովոր մի էություն, որը ոչ ոք ձեզանից չի կարող խլել: Բայց դրանից առավել դա պետք է ձեզ տա արժեքավորության հսկայական զգացում: Ի վերջո, դա ձեզ աստվածային, վեհանձն և արժեքավոր կյանքի նպատակ է տալիս» (Մ. Ռասսել Բալլարդ, «Երկնային Հոր զավակները» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, մարտի 3, 2020], 2, speeches.byu.edu).

Մենք ընտրել ենք գալ երկիր

Մեր Երկնային Հայրը սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք նմանվենք Իրեն: Նա վեհացած անձնավորություն է, ով ունի փառավորված ֆիզիկական մարմին:

Մեր նախաերկրային կյանքում մենք իմացանք, որ Աստված ծրագիր ունի մեզ համար, որ մենք նմանվենք Նրան: Նրա ծրագրի մի մասն այն էր, որ մենք թողնեինք մեր երկնային տունը և գայինք երկիր՝ ֆիզիկական մարմիններ ստանալու համար: Մեզ նաև անհրաժեշտ էր փորձ ձեռք բերել և հավատք զարգացնել այն ժամանակ, երբ բացակայում էր Աստծո ներկայությունը: Մենք չենք հիշում, թե ինչպես ենք ապրել Աստծո հետ: Այնուամենայնիվ, Նա կտրամադրի այն, ինչ մեզ անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ ապրելու Նրա հետ:

Ազատ կամքը կամ ընտրության ազատությունն ու կարողությունն Աստծո ծրագրի կարևոր մասն է մեզ համար: Մեր նախաերկրային կյանքում մեզանից յուրաքանչյուրն ընտրեց հետևել Աստծո ծրագրին և գալ երկիր, որպեսզի կարողանանք կատարել մեր հավերժական առաջընթացի հաջորդ քայլը: Մենք հասկանում էինք, որ քանի դեռ այստեղ ենք, մենք աճելու և ուրախություն զգալու շատ նոր հնարավորություններ կունենանք: Մենք նույնպես հասկանում էինք, որ հանդիպելու ենք հակադրության։ Մենք հանդիպելու ենք գայթակղությանը, փորձությունների, զգալու ենք վիշտ և մահ:

Երբ որոշեցինք երկիր գալ, մենք վստահեցինք Աստծո սիրուն և օգնությանը: Մենք վստահեցինք մեր փրկության համար Նրա ծրագրին։

Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին, որ փրկագնի մեզ

Հիսուս Քրիստոսի դերն առանցքային է Աստծո ծրագրում։ Մինչ երկիր գալը մենք գիտեինք, որ չենք կարող ինքնուրույն վերադառնալ Աստծո ներկայություն: Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին՝ Իր անդրանիկ Որդուն, ինչը մեզ հնարավորություն տվեց վերադառնալ Նրա մոտ և ունենալ հավերժական կյանք:

Հիսուսը պատրաստակամորեն ընդունեց այն։ Նա համաձայնեց գալ երկիր և փրկագնել մեզ Իր քավիչ զոհաբերության միջոցով: Նրա Քավությունը և Հարությունը հնարավորություն կտան իրականացնել Աստծո նպատակները մեզ համար:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Աստծո զավակներ

Աստծո նպատակը

Նախաերկրային կյանք

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Նկար
մայրամուտն օվկիանոսի վրա

Արարում

Երկնային Հոր ծրագիրը նախատեսում էր երկրի արարումը, որտեղ Նրա հոգևոր զավակները ֆիզիկական մարմիններ կստանային և փորձ ձեռք կբերեին: Մեր կյանքը երկրի վրա անհրաժեշտ է, որպեսզի մենք առաջադիմենք և նմանվենք Աստծուն:

Երկնային Հոր ղեկավարությամբ Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկիրը և նրանում բնակվող բոլոր կենդանի էակներին: Այնուհետև Երկնային Հայրը ստեղծեց տղամարդուն և կնոջն Իր պատկերով: Արարումն աստծո սիրո և Նրա ցանկության արտահայտությունն է, որպեսզի մենք հնարավորություն ունենանք աճելու:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Նկար
Հեռանալը Եդեմի պարտեզից, Ջոզեֆ Բրիք

Ադամի ու Եվայի անկումը

Անկումից առաջ

Ադամն ու Եվան Երկնային Հոր հոգևոր առաջին զավակներն էին, որ եկան երկիր: Աստված ստեղծեց նրանց ֆիզիկական մարմիններն Իր պատկերով և դրեց Եդեմի պարտեզում: Պարտեզում նրանք անմեղ վիճակում էին, և Աստված հոգում էր նրանց կարիքները:

Մինչ Ադամն ու Եվան պարտեզում էին, Աստված պատվիրեց նրանց չուտել բարու և չարի գիտության ծառի պտուղը։ Եթե նրանք հնազանդվեին այս պատվիրանին, նրանք կարող էին մնալ պարտեզում: Այնուամենայնիվ, նրանք չեին կարողանա զարգանալ՝ սովորելով հակադրությունից և մահկանացու կյանքի մարտահրավերներից: Նրանք չէին կարողանա ճաշակել ուրախությունը, քանի որ չէին կարող վիշտ ու ցավ զգալ։

Սատանան գայթակղեց Ադամին ու Եվային ուտել արգելված պտուղը, և նրանք որոշեցին անել դա։ Այդ ընտրության հետևանքով նրանք վտարվեցին պարտեզից և հեռացան Աստծո ներկայությունից: Այս իրադարձությունը կոչվում է անկում։

Անկումից հետո

Անկումից հետո Ադամն ու Եվան դարձան մահկանացու: Այլևս չգտնվելով անմեղ վիճակում, նրանք հասկացան և զգացին և՛ բարին, և՛ չարը: Նրանք կարող էին օգտագործել իրենց ազատ կամքը՝ այդ երկուսի միջև ընտրություն կատարելու համար: Քանի որ Ադամն ու Եվան հանդիպեցին հակադրության և դժվարությունների, նրանք կարողացան սովորել և զարգանալ: Քանի որ նրանք վիշտ էին զգացել, նրանք կարող էին նաև ուրախություն զգալ (տես 2 Նեփի 2․22–25 հատվածները)։

Չնայած իրենց հանդիպած դժվարություններին, Ադամն ու Եվան զգացին, որ մահկանացու լինելը մեծ օրհնություն է: Օրհնություններից մեկն այն էր, որ նրանք կարող էին երեխաներ ունենալ: Այն Աստծո մյուս հոգևոր զավակների համար երկիր գալու և ֆիզիկական մարմիններ ստանալու ուղի տրամադրեց։

Ինչ վերաբերվում է անկման օրհնություններին՝ և՛ Ադամը, և՛ Եվան ցնծացին: Եվան ասաց․«Եթե չլիներ մեր օրինազանցությունը մենք երբեք [երեխաներ] չէինք ունենա, երբեք չէինք գիտենա բարին և չարը, և մեր փրկագնման ուրախությունը, և հավերժական կյանքը, որն Աստված տալիս է բոլոր հնազանդներին» (Մովսես 5․11, տես նաև հատված 10

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

պարտեզում

Անկում

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Մեր կյանքը երկրի վրա

Շատ մարդիկ մտածում են՝ «Ինչո՞ւ եմ ես այստեղ՝ երկրի վրա»։ Մեր կյանքը երկրի վրա մեր հավերժական առաջընթացի համար Աստծո ծրագրի կարևոր մասն է: Մեր վերջնական նպատակն է պատրաստվել դեպի Աստծո ներկայություն վերադարձին և ստանալ ուրախության լիություն: Ստորև ներկայացված են որոշ եղանակներ, որոնցով երկրային կյանքը մեզ նախապատրաստում է դրան:

Նկար
ժպտացող տղան

Ստանում եք ֆիզիկական մարմին

Երկիր գալու նպատակներից մեկը ֆիզիկական մարմին ստանալն է, որտեղ կարող է բնակվել մեր հոգին: Մեր մարմիններն աստծո սրբազան, հրաշագործ ստեղծագործություններ են: Ֆիզիկական մարմիններով մենք կարող ենք անել, սովորել և զգալ շատ բաներ, որոնք մեր հոգիները չէին կարողացել անել: Մենք կարող ենք առաջադիմել այնպես, ինչպես մենք դա չէինք կարող անել որպես հոգիներ:

Քանի որ մեր մարմինները մահկանացու են, մենք ցավ, հիվանդություն և այլ փորձություններ ենք զգում: Այս փորձառությունները կարող են օգնել մեզ սովորել համբերել, կարեկցել և ձեռք բերել աստվածային այլ հատկանիշներ: Դրանք կարող են լինել մեր ուրախության ճանապարհի մի մասը: Հաճախ հավատքը, հույսը և գթությունը դառնում են մեր բնավորության գծերը, երբ մենք ընտրում ենք ճիշտը, անգամ եթե դա անելը դժվար է:

Սովորեք խելամտորեն օգտագործել ազատ կամքը

Մահկանացու կյանքի մեկ այլ նպատակն է սովորել խելամտորեն օգտագործել մեր ազատ կամքը՝ ընտրելով այն, ինչը ճիշտ է: Աստծուն նմանվելու համար կարևոր է սովորել մեր ազատ կամքը խելամտորեն օգտագործել:

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սովորեցնում են մեզ, թե ինչն է ճիշտ և տալիս են պատվիրաններ, որպեսզի առաջնորդեն մեզ դեպի երջանկություն: Սատանան, գայթակղելով մեզ սխալ գործել, ցանկանում է, որ մենք իր նման թշվառ լինենք։ Մենք բախվում ենք բարու և չարի հակադրությանը, որն անհրաժեշտ է, որպեսզի սովորենք օգտագործել մեր ազատ կամքը (տես 2 Նեփի 2.11 հատվածը):

Երբ մենք հնազանդվում ենք Աստծուն, մենք աճում ենք և ստանում Նրա խոստացված օրհնությունները: Երբ մենք չենք հնազանդվում, մենք հեռանում ենք Նրանից և ստանում մեղքի հետևանքները: Չնայած դա երբեմն այլ կերպ է երևում, մեղքն ի վերջո տանում է դեպի դժբախտություն: Հաճախ հնազանդության օրհնությունները և մեղքի հետևանքներն անմիջապես ակներև կամ արտաքինից տեսանելի չեն: Բայց դրանք կան, քանի որ Աստված արդար է։

Նույնիսկ, երբ մենք առավելագունն ենք անում, մենք բոլորս մեղք ենք գործում և «զրկվում Աստծո փառքից» (Հռովմեացիս 3.23): Իմանալով այդ՝ Երկնային Հայրը մեզ համար ապաշխարելու ուղի է տրամադրել, որպեսզի կարողանանք վերադառնալ դեպի Նա:

Ապաշխարությունը մեր Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի զորությունը բերում է մեր կյանք (տես Հելաման 5.11): Ապաշխարելով մենք մաքրվում ենք մեղքից Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության և Սուրբ Հոգու պարգևի միջոցով (տես 3 Նեփի 27.16–20 հատվածները): Ապաշխարության միջոցով մենք ուրախություն ենք զգում: Վերադարձի ճանապարհը դեպի մեր Երկնային Հայր բաց է մեզ համար, քանզի Նա ողորմած է (տես «Ապաշխարություն»-ը դաս 3-ում)։

Սովորեք քայլել հավատքով

Այս կյանքի մեկ այլ նպատակը փորձ ձեռք բերելն է, որը կարող է գալ միայն Երկնային Հորից բաժանման միջոցով: Քանի որ մենք չենք տեսնում Նրան, մենք պետք է սովորենք քայլել հավատքով (տես Բ Կորնթացիս 5.6–7 հատվածները):

Աստված մեզ մենակ չի թողել այս ճամփորդության մեջ: Սուրբ Հոգու միջոցով Նա առաջնորդում, մխիթարում և քաջալերում է մեզ: Նա նաև տրամադրել է սուրբ գրություններ, մարգարեներ, աղոթք և Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Մեր մահկանացու կյանքի յուրաքանչյուր մասը՝ ուրախություններն ու վշտերը, հաջողություններն ու անհաջողությունները, կարող են օգնել մեզ աճել, երբ պատրաստվենք վերադառնալ դեպի Աստծո ներկայություն:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Աճելու և առաջադիմության ժամանակը

Ընտրություն

Բարին ու չարը

Մեղք

Մենք պետք է մաքուր լինենք Աստծո հետ լինելու համար

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Հիսուս Քրիստոսի Քավությունը

Ադամի և Եվայի անկման պատճառով մենք բոլորս ենթակա ենք մեղքի և մահվան: Մենք չենք կարող ինքնուրույն հաղթահարել մեղքի և մահվան հետևանքները: Մեր Երկնային Հոր փրկության ծրագրում Նա ուղի է տրամադրել հաղթահարելու Անկման հետևանքները, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ դեպի Նա: Նախքան աշխարհի արարումը, Երկնային Հայրն ընտրեց Հիսուս Քրիստոսին լինել մեր Փրկիչը և Քավիչը։

Միայն Հիսուս Քրիստոսը կարող էր փրկագնել մեզ մեղքից և մահից: Նա բառացիորեն Աստծո Որդին է: Նա ապրում էր անմեղ կյանքով, լիովին հնազանդվելով Իր Հորը: Նա պատրաստված էր և պատրաստակամ էր կատարել Երկնային Հոր կամքը:

Փրկչի Քավությունը ներառում էր Նրա տառապանքը Գեթսեմանիում, Նրա տառապանքն ու մահը խաչի վրա և Նրա Հարությունը: Նա անտանելի տանջվեց, այնքան, որ Նա արյունահոսում էր ամեն մի ծակոտիից (տես Վարդապետություն և Ուխտեր 19.18 հատվածը):

Հիսուս Քրիստոսի Քավությունը մարդկության պատմության մեջ ամենափառահեղ իրադարձությունն է։ Իր քավիչ զոհաբերության միջոցով Հիսուսն իրագործեց Հոր ծրագիրը: Մենք անօգնական կլինեինք առանց Հիսուս Քրիստոսի Քավության, քանի որ չէինք կարող փրկել մեզ մեղքից և մահից (տես Ալմա 22.12–15 հատվածները):

Մեր Փրկչի զոհաբերությունը սիրո գերագույն արտահայտում էր Իր Հոր և մեր հանդեպ: Քրիստոսի սիրո «լայնությունը, երկարությունը, խորությունը և բարձրությունը» գերազանցում են մեր հասկացողությունը (Եփեսացիս 3.18, տես նաև հատված 19-ը):

Նկար
Խաչելությունը, Հարի Անդերսոն

Հիսուս Քրիստոսը հաղթեց մահին բոլորի համար

Երբ Հիսուս Քրիստոսը մահացավ խաչի վրա, Նրա հոգին բաժանվեց Նրա մարմնից: Երրորդ օրը Նրա հոգին և Նրա մարմինը վերամիավորվեցին, որպեսզի այլևս երբեք չբաժանվեն: Նա հայտնվեց շատ մարդկանց՝ ցույց տալով, որ Ինքն ունի մսից ու ոսկորից անմահ մարմին: Հոգու և մարմնի այս վերամիավորումը կոչվում է Հարություն:

Մեզանից յուրաքանչյուրը կմահանա որպես մահկանացու: Այնուամենայնիվ, քանի որ Հիսուսը հաղթեց մահին, երկրի վրա ծնված յուրաքանչյուր անձ հարություն կառնի: Հարությունն աստվածային պարգև է բոլորի համար՝ տրված Փրկչի ողորմությամբ և փրկագնման շնորհով: Յուրաքանչյուր մարդու հոգին և մարմինը նորից կմիավորվեն, և մեզանից յուրաքանչյուրը հավերժ կապրի կատարյալ, հարություն առած մարմնում: Եթե չլիներ Հիսուս Քրիստոսը, մահը վերջ կդներ Երկնային Հոր հետ ապագա գոյության հույսին (տես 2 Նեփի 9.8–12 հատվածները)։

Հիսուսը հնարավորություն է տալիս մեզ մաքրվել մեր մեղքերից

Որպեսզի հասկանանք, թե ինչ հույս կարող ենք ստանալ Քրիստոսի միջոցով, մենք պետք է հասկանանք արդարության օրենքը: Սա այն անփոփոխ օրենքն է, որն իր հետևանքներն է թողնում մեր գործողությունների վրա։ Աստծուն հնազանդվելը թողնում է դրական հետևանքներ, իսկ անհնազանդությունը՝ բացասական (տես Ալմա 42․14–18 հատվածները)։ Երբ մենք մեղք ենք գործում, մենք դառնում ենք հոգևորապես անմաքուր, և ոչ մի անմաքուր բան չի կարող ապրել Աստծո ներկայության մեջ (տես 3 Նեփի 27.19 հատվածը):

Նկար
Հիսուսն աղոթում է Գեթսեմանիում, Հարի Անդերսոն

Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության ժամանակ Նա կանգնեց մեր տեղում, տառապեց և վճարեց մեր մեղքերի դիմաց (տես 3 Նեփի 27.16–20 հատվածները): Աստծո ծրագիրը Հիսուս Քրիստոսին իշխանություն է տալիս բարեխոսել մեր անունից՝ կանգնելով մեր և արդարության միջև (տես Մոսիա 15.9 հատվածը): Երբ մենք հավատք ենք գործադրում դեպի ապաշխարություն, Հիսուսն Իր քավիչ զոհաբերության շնորհիվ կարող է մեր անունից պահանջել ողորմության Իր իրավունքները (տես Մորոնի 7.27, Վարդապետություն և Ուխտեր 45.3–5 հատվածները): «Այսպիսով, ողորմությունը կարող է բավարարել արդարադատության պահանջները և օղակում է [մեզ] ապահովության բազուկների մեջ» (Ալմա 34.16):

Միայն Փրկչի Քավության պարգևի և մեր ապաշխարության միջոցով մենք կարող ենք վերադառնալ ապրելու Աստծո հետ: Երբ մենք ապաշխարում ենք, մենք ներվում և հոգևորապես մաքրվում ենք: Մենք ազատվում ենք մեր մեղավորության զգացողության բեռից: Մեր վիրավոր հոգիները բժշկվում են։ Մենք լցվում ենք ուրախությամբ (տես Ալմա 36.24 հատվածը):

Չնայած այն հանգամանքին, որ մենք անկատար ենք և կարող ենք կրկին թերանալ, Հիսուս Քրիստոսի մեջ ավելի շատ շնորհ, սեր և ողորմություն կա, քան մեր մեջ ձախողում, թերություն կամ մեղք: Աստված միշտ պատրաստ է և ցանկանում է առնել մեզ Իր գիրկը, երբ մենք դառնում ենք դեպի Իրեն և ապաշխարում ենք (տես Ղուկաս 15.11–32 հատվածները): Ոչինչ և ոչ ոք «չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է» (Հռովմայեցիս 8․39

Հիսուսն Իր վրա վերցրեց մեր ցավերը, չարչարանքներն ու թուլությունները

Իր քավիչ զոհաբերությամբ Հիսուս Քրիստոսն իր վրա վերցրեց մեր ցավերը, չարչարանքներն ու թուլությունները: Դրա շնորհիվ Նա գիտի «ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12, տես նաև հատված 11-ը): Նա հրավիրում է. «Ինձ մոտ եկեք», և երբ մենք այդպես ենք վարվում, Նա տալիս է մեզ հանգստություն, հույս, ուժ, իմաստություն և բժշկություն (Մատթեոս 11.28, տես նաև հատվածներ 29–30):

Երբ մենք ապավինում ենք Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը, Նա կարող է օգնել մեզ դիմանալ մեր փորձություններին, հիվանդություններին և ցավին: Մենք կարող ենք լցվել ուրախությամբ, խաղաղությամբ և մխիթարությամբ: Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է ճիշտ դարձվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Փրկչի Քավությունը

Հարություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Նկար
ընտանիքի այցելությունը գերեզման

Հոգևոր աշխարհը

Շատ մարդիկ մտածում են՝ «Ի՞նչ է տեղի ունենում իմ մահից հետո»: Փրկության ծրագիրը մի քանի կարևոր պատասխաններ է տալիս այս հարցին:

Մահը մեզ համար Աստծո «ողորմած ծրագրի» մի մասն է (2 Նեփի 9.6): Մահը մեր գոյության ավարտը չէ, այլ մեր հավերժական առաջընթացի հաջորդ քայլը: Աստծուն նմանվելու համար մենք պետք է զգանք մահը և հետագայում ստանանք կատարյալ, հարություն առած մարմիններ:

Մեր ֆիզիկական մարմնի մահից հետո, մեր հոգին շարունակում է ապրել հոգևոր աշխարհում: Սա Հարությունից և Վերջին Դատաստանից առաջ սովորելու և նախապատրաստվելու ժամանակավոր մի վիճակ է: Մեր մահկանացու կյանքում ձեռք բերած գիտելիքները մնում են մեզ հետ:

Հոգևոր աշխարhում Հիսուս Քրիստոսի ավետարանն ընդունած և դրանով ապրած մարդիկ «ընդունվում են երջանկության մի վիճակի մեջ, որը կոչվում է դրախտ» (Ալմա 40.12): Մահից հետո փոքր երեխաները նույնպես հայտնվում են դրախտում:

Դրախտում գտնվող հոգիները կխաղաղվեն իրենց անհանգստություններից և վշտերից: Նրանք կշարունակեն աճել հոգևորապես՝ կատարելով Աստծո աշխատանքը և սպասավորելով ուրիշներին։ Նրանք կուսուցանեն ավետարանը նրանց, ովքեր չեն ստացել այն իրենց մահկանացու կյանքի ընթացքում (տես Վարդապետություն և Ուխտեր 138.32–37, 57–59):

Այն մարդիկ, ովքեր երկրի վրա չեն կարողացել ընդունել ավետարանը, կամ ովքեր չեն հետևել պատվիրաններին, Հոգևոր աշխարհում որոշ սահմանափակումներ կզգան (տես Վարդապետություն և Ուխտեր 138.6–37, Ալմա 40.6–14): Այնուամենայնիվ, քանի որ Աստված արդար է և ողորմած, նրանք հնարավորություն կունենան ուսուցանվելու Հիսուս Քրիստոսի ավետարանը: Եթե նրանք ընդունեն այն և ապաշխարեն, նրանք կփրկագնվեն իրենց մեղքերից (տես Վարդապետություն և Ուխտեր 138.58, տես նաև 138.31–35, 128.22 հատվածները): Նրանք կընդունվեն դրախտի խաղաղության մեջ: Նրանք, ի վերջո, տեղ կստանան փառքի արքայությունում, որը հիմնված կլինի մահկանացու կյանքում և հոգևոր աշխարհում իրենց կատարած ընտրությունների վրա:

Մենք մնում ենք հոգևոր աշխարհում մինչև հարություն առնելը:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

  • Սուրբ գրքերի ուղեցույց․ «Դրախտ»։

Հարություն, Փրկություն և Վեհացում

Հարություն

Աստծո ծրագիրը հնարավորություն է տալիս մեզ աճել և ստանալ հավերժական կյանք: Հոգևոր աշխարհում մեզ հատկացված ժամանակից հետո Հարությունը մեր աճի հաջորդ քայլն է:

Հարությունը մեր մարմնի և հոգու վերամիավորումն է: Մեզանից յուրաքանչյուրը հարություն կառնի: Սա հնարավոր դարձվեց Փրկիչի Քավության և Հարության շնորհիվ (տես Ալմա 11․42–44 հատվածները)։

Երբ մենք հարություն առնենք, մենք յուրաքանչյուրս կունենանք առանց ցավի և հիվանդությունների կատարյալ ֆիզիկական մարմին: Մենք անմահ ենք լինելու՝ ապրելով հավիտյան։

Փրկություն

Քանի որ մենք բոլորս հարություն ենք առնելու, մենք բոլորս կփրկվենք կամ փրկություն կստանանք ֆիզիկական մահից: Այս պարգևը տրված է մեզ Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով:

Մենք կարող ենք նաև փրկվել կամ փրկություն ստանալ, այն հետևանքներից, որոնք արդարության օրենքը պահանջում է մեր մեղքերի համար: Հիսուս Քրիստոսի արժանիքների և ողորմածության շնորհիվ այս պարգևը հնարավոր է դառնում նաև այն ժամանակ, երբ մենք ապաշխարում ենք (տես Ալմա 42․13–15, 21–25 հատվածները)։

Վեհացում

Վեհացումը կամ հավերժական կյանքը սելեստիալ արքայությունում երջանկության և փառքի բարձրագույն վիճակն է: Վեհացումը պայմանական նվեր է: Նախագահ Ռասել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Այդ արժանավոր պայմանները ներառում են հավատք առ Տերը, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգին ստանալը և տաճարի արարողություններին և ուխտերին հավատարիմ մնալը» («Փրկություն և վեհացում», Լիահոնա, մայիս 2008, 9):

Վեհացում նշանակում է հավերժ ապրել Աստծո հետ հավերժական ընտանիքներում: Այն Աստծուն և Հիսուս Քրիստոսին ճանաչելն է, նրանց նմանվելը և նրանց վայելած կյանքը զգալը:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

  • Սուրբ գրքերի ուղեցույց․ «Հարություն»

  • Ավետարանական թեմաներ․ «Հարություն», «Փրկություն»

Նկար
ամպերի միջից փայլող արևի ճառագայթներ

Դատաստան և Փառքի արքայությունները

Նշում․ Երբ առաջին անգամ ուսուցանում եք փառքի արքայությունների մասին, ուսուցանեք հիմնական մակարդակով՝ ըստ անձի կարիքների և հասկացողության:

Երբ մենք հարություն առնենք, Հիսուս Քրիստոսը կլինի մեր արդար և ողորմած դատավորը: Շատ քիչ բացառություններով, մեզանից յուրաքանչյուրը տեղ կստանա փառքի արքայությունում: Չնայած մենք բոլորս հարություն ենք առնելու, այնուամենայնիվ ոչ բոլորս ենք ստանալու նույն հավերժական փառքը (տես Վարդապետություն և Ուխտեր 88.22–24, 29–34, 130.20–21, 132.5 հատվածները):

Այն անձիք, ովքեր իրենց մահկանացու կյանքում Աստծո օրենքները լիովին հասկանալու և դրանց հնազանդվելու հնարավորություն չեն ունեցել, կունենան այդ հնարավորությունը հոգևոր աշխարհում: Հիսուսը կդատի յուրաքանչյուր մարդու՝ ըստ մահկանացու կյանքում և հոգևոր աշխարհում նրա հավատքի, գործերի, ցանկությունների և ապաշխարության (տես Վարդապետություն և Ուխտեր 138.32–34, 57–59 հատվածները):

Սուրբ գրություններն ուսուցանում են սելեստիալ, թերեստրիալ և թելեստիալ փառքի արքայությունների մասին: Նրանցից յուրաքանչյուրն աստծո սիրո, արդարության և ողորմության դրսևորումն է:

Նրանք, ովքեր հավատք են գործադրում առ Քրիստոս, ապաշխարում են իրենց մեղքերից, ստանում են ավետարանի արարողությունները, պահում են իրենց ուխտերը, ստանում են Սուրբ Հոգին և համբերում են մինչև վերջ, կփրկվեն սելեստիալ արքայությունում: Այս թագավորությունում տեղ կգտնեն նաև այն մարդիկ, ովքեր իրենց մահկանացու կյանքի ընթացքում հնարավորություն չեն ունեցել ընդունելու ավետարանը, սակայն «կընդունեն այն իրենց ամբողջ սրտով» և կանեն դա հոգևոր աշխարհում (Վարդապետություն և Ուխտեր 137.8, տես նաև հատված 7-ը): Այն երեխաները, ովքեր մահացել են մինչև պատասխանատվության տարիքը (ութ տարեկան) նույնպես կփրկվեն սելեստիալ արքայությունում (տես Վարդապետություն և Ուխտեր 137.10):

Սուրբ գրություններում սելեստիալ արքայությունը համեմատվում է արևի փառքի կամ պայծառության հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 76.50–70 հատվածները):

Այն մարդիկ, ովքեր ապրել են պատվավոր կյանքով, սակայն «չընդունեցին Հիսուսի մասին վկայությունը մարմնում, բայց հետո ընդունեցին այն», տեղ կստանան թերեստիալ արքայությունում (Վարդապետություն և Ուխտեր 76.74): Նույնը վերաբերում է նրանց, ովքեր անվեհեր չեն եղել Հիսուսի մասին իրենց վկայության մեջ: Այս արքայությունը համեմատվում է լուսնի փառքի հետ (ես Վարդապետություն և Ուխտեր 76․71–80 հատվածները)։

Նրանք, ովքեր շարունակեցին մնալ իրենց մեղքերի մեջ և չապաշխարեցին այս կյանքում կամ չընդունեցին Հիսուս Քրիստոսի ավետարանը հոգևոր աշխարհում, կստանան իրենց վարձը թելեստիալ արքայությունում: Այս թագավորությունը համեմատվում է աստղերի փառքի հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 76․81–86 հատվածները)։

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Իմացեք ավելին այս սկզբունքի մասին

Կարճ և միջին տևողությամբ դասի համառոտ շարադրանքը

Հետևյալ ծրագիրն այն օրինակ է, երբ դուք, ունենալով քիչ քանակությամբ ժամանակ կարող եք ուսուցանել որևէ մեկին: Ուսուցանելու համար այս համառոտ շարադրանքն օգտագործելիս ընտրեք մեկ կամ մի քանի սկզբունքներ: Յուրաքանչյուր սկզբունքի համար վարդապետական հիմունքները ներկայացված են դասի սկզբում:

Երբ ուսուցանում եք, հարցեր տվեք և լսեք: Հրավերներ հղեք, որոնք կօգնեն մարդկանց սովորել, թե ինչպես ավելի մոտենալ Աստծուն: Կարևոր հրավերներից մեկն այն է, որ մարդը նորից ցանկանա հանդիպել ձեզ: Դասի տևողությունը կախված կլինի ձեր տված հարցերից և նրանից, թե ինչ եք լսել։

Ինչ կարող եք ուսուցանել մարդկանց 3–10 րոպեում

  • Մենք բոլորս Աստծո հոգևոր զավակներն ենք։ Մենք Նրա ընտանիքի անդամներն ենք։ Նա ճանաչում ու սիրում է յուրաքանչյուրիս:

  • Աստված մեր երջանկության և առաջընթացի ծրագիր է տրամադրել այս կյանքում և հավերժության մեջ:

  • Ըստ Աստծո ծրագրի մենք պետք է գայինք երկիր՝ ֆիզիկական մարմիններ ստանալու, սովորելու և աճելու համար:

  • Հիսուս Քրիստոսի դերն առանցքային է Աստծո ծրագրում։ Նա հնարավորություն է տալիս մեզ ունենալ հավերժական կյանք:

  • Աստծո ղեկավարությամբ Հիսուսը ստեղծեց երկիրը։

  • Երկրի վրա մեր փորձառությունների նպատակն է օգնել մեզ պատրաստվել դեպի Աստծո ներկայություն վերադարձին:

  • Մեզանից յուրաքանչյուրը մեղք է գործում, և մեզանից յուրաքանչյուրը կմահանա: Քանի որ Աստված սիրում է մեզ, Նա երկիր ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ փրկագնի մեզ մեղքից և մահից:

  • Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է ճիշտ դարձվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

  • Երբ ֆիզիկական մարմինը մահանում է, մեր հոգին շարունակում է ապրել: Ի վերջո, մենք բոլորս հարություն ենք առնելու: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդու հոգին և մարմինը նորից կմիավորվեն, և մեզանից յուրաքանչյուրը հավերժ կապրի կատարյալ, հարություն առած մարմնում:

  • Երբ մենք հարություն առնենք, Հիսուս Քրիստոսը կլինի մեր դատավորը: Շատ քիչ բացառություններով, Աստծո բոլոր զավակները տեղ կստանան փառքի որևէ արքայությունում: Լինելով հավատարիմ մենք կարող ենք վերադառնալ ապրելու Աստծո ներկայության մեջ: