Նախագահների ուսմունքները
Գլուխ 4. Ռահվիրաների հավատքի և զոհաբերության ժառանգությունը


Գլուխ 4

Ռահվիրաների հավատքի և զոհաբերության ժառանգությունը

«Արդյոք դուք ունեք ռահվիրա նախահայրեր, թե եկել եք Եկեղեցի միայն երեկ, դուք այս ողջ սքանչելի պատկերի մասն եք կազմում, որի մասին երազել են այդ տղամարդիկ և կանայք: … Նրանք դրեցին հիմքը: Մեր պարտականությունն է կառուցել դրա վրա»։

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

Քլամբոս Օհայո Տաճարի նվիրագործման ժամանակ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին անդրադարձավ իր ռահվիրա նախնիներին: Նա հետագայում վերհիշում է.

Երբ ես նստած էի սելեստիալ սենյակում, ես մտածեցի պապիկիս հոր մասին: … Ես վերջերս էի այցելել նրա գերեզմանին Կանադայում՝ հենց Նյու Յորքի հյուսիսային սահմանագծի մոտ: Նա մահացել էր 38 տարեկանում:

Երբ Նախագահ Հինքլիի նախապապը մահացավ, նրա որդի Իրան, ով դառնալու էր Նախագահ Հինքլիի պապը, դեռ երեք տարեկան չկար: Իրայի մայրը շուտով կրկին ամուսնացավ և մի քանի տարի հետո տեղափոխվեց Օհայո, այն ժամանակ Իլլինոյս: Նա մահացավ 1842 թվականին, որբ թողնելով Իրային 13 տարեկանում: Շարունակելով այս պատմությունը, Նախագահ Հինքլին ասել է.

«Իմ պապիկը [Իրա Հինքլին] մկրտվեց Նավուում և … հետագայում կտրեց անցավ տափաստանները [ռահվիրաների] գաղթի ժամանակ: 1850 թվի այդ ճանապարհորդության ժամանակ Իրայի «երիտասարդ կինը և նրա [խորթ եղբայրը] մահացան նույն օրը: Նա սարքեց անտաշ փայտից դագաղներ և թաղեց նրանց, ապա վերցրեց իր փոքր երեխային և տարավ նրան [Սոլթ Լեյքի] հովիտ:

Բրիգամ Յանգի խնդրանքով նա կառուցեց Քով Ֆորտը, դարձավ Ֆիլմորի [Յուտա] առաջին ցցի նախագահը և բազում այլ գործեր արեց այս աշխատանքն առաջ տանելու համար:

Հետո գալիս է հայրս: … Նա դարձավ ավելի քան 15000 անդամությամբ Եկեղեցու ամենամեծ ծխի նախագահը:

Նախագահ Հինքլիի խոհերը շուտով իր նախնիներից դարձան դեպի իր սերունդը: Նա շարունակել է.

«Երբ նստած էի տաճարում, անդրադառնալով այս երեք մարդկանց կյանքին, մտածեցի իմ դստեր, իմ թոռնուհու և նրա երեխաների՝ իմ ծոռների մասին: Ես հանկարծ հասկացա, որ ես կանգնած էի այս յոթ սերունդների հենց մեջտեղում՝ երեք սերունդ` ինձանից առաջ և երեք սերունդ` ինձանից հետո:

Այդ սրբազան և նվիրագործված տանը վիթխարի պատասխանատվության մի զգացում պատեց ինձ, որ ես պիտի փոխանցեի այն ամենը, ինչ ստացել էի որպես ժառանգություն իմ նախնիներից այն սերունդներին, ովքեր արդեն եկել էին ինձանից հետո»:1

Բացի երախտագիտություն հայտնելուց իր ռահվիրա նախնիների և Վերջին Օրերի Սուրբ ռահվիրաների ժառանգության համար, Նախագահ Հինքլին հաճախ շեշտում էր, որ Եկեղեցու անդամները ողջ աշխարհում ռահվիրաներ են այսօր: 1997 թվականին նա ասաց Գվատեմալայի Սրբերին. «Այս տարի մենք նշում ենք Մորմոն ռահվիրաների Սոլթ Լեյքի հովիտ ժամանելու 150-ամյակը: Նրանք երկար ճանապարհ անցան կառքերով և ձեռնասայլերով: Նրանք ռահվիրաներ էին: Բայց ռահվիրա լինելը անընդհատ շարունակվում է առաջ ընթանալ: Ամբողջ աշխարհում մենք ունենք ռահվիրաներ և դուք այդ ռահվիրաների շարքում եք»:2 Թաիլանդի Սրբերին նա հայտարարեց. «Դուք ռահվիրաներ եք՝ առաջ տանելով Տիրոջ աշխատանքը այս հիանալի ազգի մեջ»:3 Երբ այցելեց Ուկրաինա 2002 թվականին, նա նույնանման խոսքեր արտահայտեց. «Եկեղեցին ունեցել է իր ռահվիրաները վաղ օրերում, իսկ դուք ռահվիրաներ եք այս ժամանակաշրջանում»:4

Երբ Նախագահ Հինքին խոսեց, նա ավելի շատ կենտրոնացավ ներկայիս ռահվիրաների վրա, քան վաղ շրջանի ռահվիրաների վրա:: Նա նայեց դեպի ապագան, հուսալով, որ այդ Սրբերի հավատքը և զոհաբերությունները «կդառնային պարտադրող դրդապատճառ մեզանից յուրաքանչյուրի համար, քանի որ մեզանից յուրաքանչյուրը հաճախ ռահվիրա է իր իսկ ընտանիքում»:5

Նկար
ռահվիրաների մեկնումը Նավուից

«Ուժը, որն առաջ էր մղում մեր ավետարանի նախնիներին դեպի Աստված` հավատքի ուժն էր:»

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Աստծո զորության հանդեպ հեռանկարով, աշխատանքով և վստահությամբ Վերջին Օրերի Սուրբ վաղ շրջանի ռահվիրաները իրենց հավատքը դարձրին իրականություն:

Հավատքի միջոցով էր, որ վաղ նորադարձների մի փոքրիկ խումբ [Միացյալ Նահանգների արևելյան մասից] տեղափոխվեց Նյու Յորքից Օհայո, Օհայոյից Միսսուրի և Միսսուրիից դեպի Իլլինոյս՝ որոնելով խաղաղություն և ազատություն՝ երկրպագելու Աստծուն համաձայն իրենց խղճի թելադրանքի:

Հավատքի աչքով էր, որ նրանք տեսան մի գեղեցիկ քաղաք [Նավուն], երբ առաջին անգամ նրանք քայլելով անցան Իլլինոյսի Քոմմերսի ճահիճները: Համոզմունքով, որ հավատքն առանց գործերի մեռած է, նրանք չորացրին այդ ճահճահողը, նախագծեցին քաղաք, հիմնավոր տներ կառուցեցին երկրպագության ու կրթության համար և պսակադրեցին այդ ամենը մի հիասքանչ տաճարով, որն այդ ժամանակ ամենահիանալի շենքն էր ողջ Իլլինոյսում:

…[Շուտով հետևեց] հալածանքը պիղծ և արյունարբու ավազակների կողմից: Նրանց մարգարեն սպանված էր: Նրանց երազանքները կործանված էին: Կրկին հավատքով նրանք միավորվեցին այն օրինակի համաձայն, որ նա նախօրոք գծել էր և կազմակերպել ևս մեկ ելիցի համար:

Արցունքներով և մղկտացող սրտերով նրանք թողեցին իրենց հարմարավետ տները և արհեստանոցները: Նրանք ետ նայեցին իրենց սրբազան տաճարին, իսկ հետո հավատքով իրենց աչքերը հառեցին դեպի Արևմուտք, դեպի անհայտը և քարտեզի վրա չնշված մի վայր, և մինչ ձմռան ձյուները տեղում էին նրանց վրա, նրանք անցան Միսիսիպի [գետը] 1846 թվականի փետրվարին և իրենց ցեխոտ ճանապարհը հարթեցին Այովայի տափաստաններով:

Հավատքով նրանք հիմնադրեցին Ուինթեր Քվորթերսը Միսսուրի գետի վրա: Հարյուրավոր մարդիկ մահացան, երբ համաճարակ սկսվեց, դիզինտերիան և սև ժանտախտը հնձեց նրանց: Բայց հավատքը պահպանեց նրանց, ովքեր դիմացան: Նրանք թաղեցին իրենց սիրելիներին գետի վերևում գտնվող բարձունքում և 1847թվականի գարնանը ճանապարհ ընկան … դեպի արևմուտքում գտնվող լեռները:

Հավատքով էր, որ Բրիգամ Յանգը նայեց [Սոլթ Լեյքի] հովտին, որտեղ այն ժամանակ շոգ էր, հողն անբերրի և հայտարարեց. «Սա է տեղը»: Չորս օր անց կրկին հավատքով , նա իր ձեռնափայտով հպվեց գետնին … և ասաց. «Այստեղ կլինի մեր Աստծո տաճարը»: Սքանչելի և սրբազան [Սոլթ Լեյքի Տաճարը] վկայությունն է հավատքի ոչ միայն նրանց, ովքեր կառուցել են այն, այլև նրանց, ովքեր այժմ օգտագործում են այն՝ սիրո մեծ անձնազոհ աշխատանքի համար:

Պողոսը գրել է եբրայեցիներին .«Հավատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չերեւացող բաների ապացոյցն է:» (Եբր. 11.1:) Բոլոր մեծ նվաճումները, որոնց մասին ես խոսել եմ մի ժամանակ, ընդամենը «հավատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չերեւացող բաների ապացոյցն է»: Բայց Աստծո զորության հանդեպ հեռանկարով, աշխատանքով և վստահությամբ գործելով, Վերջին Օրերի Սուրբ վաղ ռահվիրաները իրենց հավատքը դարձրին իրականություն:6

Ուժը, որն առաջ էր մղում մեր ավետարանի նախնիներին առ Աստված, հավատքի ուժն էր: Այդ նույն ուժն էր, որը հնարավոր դարձրեց ելիցը Եգիպտոսից, անցումը Կարմիր ծովի միջով, երկար ճանապարհորդությունը անապատի միջով և Իսրայելի հաստատումը Խոստացված Երկրում: …

Մենք կենդանի Աստծո և Նրա կենդանի, հարություն առած Որդու հանդեպ այնքան շատ, այնքան սաստիկ բոցկլտացող այդ հավատքի կարիքն ունենք, քանզի սա էր մեծ, մեր ավետարանի նախահայրերի առաջ մղող հավատքը:

Նրանցն էր անսահման և բոլոր մյուս նկատառումները գերակշռողկանխատեսությունը: Երբ նրանք եկան արևմուտք, նրանք հազարավոր հոգնեցուցիչ մղոններ [1600 կիլոմետր] հեռու էին դեպի արևելք գտնվող ամենամոտիկ բնակավայրերից և ութ հարյուր մղոն [1300 կիլոմետր] դեպի արևմուտք գտնվողներից: Աստծուն՝ իրենց Հավերժական Հորը, ում նրանք կարող էին նայել հավատքով, անհատապես և անձնապես ճանաչելու վրա էր նրանց ուժի բուն էությունը: Նրանք հավատում էին սուրբ գրքյան այդ մեծ մանդատին. «Նայիր առ Աստված և ապրիր»: (Ալմա 37․47:) Հավատքով նրանք ձգտում էին կատարել Նրա կամքը: Հավատքով նրանք կարդում էին և ընդունում աստվածային ուսուցում: Հավատքով էին նրանք տքնում, մինչև որ ընկնում էին, միշտ այն համոզմունքով, որ Նրան, ով իրենց Հայրն էր և Իրենց Աստվածը, հաշիվ պետք է տային:7

Մեր ետևում է մի փառահեղ պատմություն: Այն գեղազարդված է հերոսականությամբ, սկզբունքի հանդեպ հաստատակամությամբ և չթուլացող նվիրվածությամբ: Դա հավատքի արդյունքն էր: Մեր առջևում է մեծ ապագան: Այն այսօր է սկսվում: Մենք չենք կարող կանգ առնել: Մենք չենք կարող դանդաղել: Մենք չենք կարող թուլացնել մեր քայլվածքը կամ կարճացնել մեր քայլերը:8

2

Վաղեմի Վերջին Օրերի ռահվիրաները նայում էին դեպի ապագան Սիոնի մասին մեծ երազանքով:

Պատշաճ է, որ մենք կանգ առնենք հարգանքի ակնածալից տուրք մատուցելու նրանց, ովքեր դրեցին այս վիթխարի աշխատանքի հիմքը: … Նրանց կարևոր նպատակն էր Սիոնը [տես ՎևՈւ 97.21, Մովսես 7.18]: Նրանք երգում էին այդ մասին: Նրանք երազում էին այդ մասին: Դա էր նրանց մեծ հույսը: Նրանց պատմական ճանապարհորդությունը պետք է հավերժ կանգուն մնա որպես անզուգական ձեռնարկում: Տասնյակ հազարավորների շարժումը դեպի արևմուտք ուղեկցվում էր բոլոր հնարավոր խոչընդոտներով, ներառյալ՝ մահը, որի մռայլ իրականությանը ծանոթ էին կառքերի ամեն քարավանում և ձեռնասայլերի ամեն ընկերությունում:

Ես ակնածալից հարգանքով եմ լցված Բրիգամ Յանգի հանդեպ: Նա տեսավ Սոլթ Լեյքի հովիտը տեսիլքով, նախքան իր սեփական աչքերով այն կտեսներ: Այլապես ես կասկածում եմ, որ նա երբևէ կկանգներ այստեղ: Կալիֆորնիայում և Օրեգանում ավելի կանաչ տարածքներ կային: Այլ տեղերում կային ավելի խորը և ավելի հարուստ հողեր: Այլ վայրերում կային անտառանյութի հսկայական տարածքներ , ավելի շատ և ավելի կայուն ու հաճելի կլիմայական պայմաններ:

Ճիշտ է, այստեղ կային լեռնային վտակներ, բայց դրանցից ոչ մեկը շատ մեծ չէր: Հողը բացարձակապես մշակված չէր: Ոչ մի գութան երբևէ չէր վարել դրա արևախանձ մակերեսը: Ես ուղղակի զարմանում եմ, որ Նախագահ Յանգը կառաջնորդեր մի մեծ խումբ … մի տեղ, որտեղ երբեք նախկինում չէր եղել սերմնացան և բերքահավաք: …

Այդ ռահվիրաները ճանապարհորդությունից հոգեմաշ էին: Այն տևել էր 111 օր՝ նրանց Ուինթեր Քվորթերսից Սոլթ Լեյքի հովիտ բերելու համար: Նրանք հոգնած էին: Նրանց հագուստները մաշված էին: Նրանց անասունները՝ ուժասպառ եղած: Հուլիսյան շոգ և չոր եղանակ էր: Բայց ահա նրանք այստեղ էին՝ տարիների հեռվից նայելով և երազելով մի հազարամյա երազ՝ մի մեծ երազանք Սիոնի մասին:9

Օրերս ես կանգնած էի Անգլիայում` Լիվերպուլի հին նավահանգստում: Ուրբաթ առավոտյան, երբ մենք այնտեղ էինք, փաստորեն ոչ մի իրարանցում չկար: Բայց կար ժամանակ` դա մի իսկական փեթակ էր: 1800-ականներին մեր մարդկանցից տասնյակ հազարավորներ քայլել են նույն սալահատակով, որի վրայով մենք քայլեցինք: Նրանք եկան Բրիտանական կղզիներից և Եվրոպայի երկրներից, ովքեր նորադարձներ էին Եկեղեցում: Նրանք եկան վկայությունն իրենց շուրթերին և հավատքն իրենց սրտերում: Արդյոք դժվա՞ր էր նրանց համար թողնել իրենց տները և քայլ կատարել դեպի մի նոր աշխարհի անհայտությունը: Իհարկե, դժվար էր: Սակայն նրանք արեցին դա լավատեսությամբ և խանդավառությամբ: Նրանք նավեր նստեցին: Նրանք գիտեին, որ անցումը, լավագույն դեպքում, վտանգավոր էր: Նրանք շուտով պարզեցին, որ մեծամասամբ այն ողորմելի էր: Նրանք ապրում էին նեղվածքի մեջ շաբաթ շաբաթի ետևից: Նրանք դիմացան փոթորիկներին, հիվանդություններին, սրտխառնոցին: Շատերը մահացան ճանապարհին և թաղվեցին ծովում: Դա լարված և զարհուրելի ճանապարհորդություն էր: Այո, նրանք կասկածներ ունեին: Բայց նրանց հավատքը բարձրացավ այդ կասկածներից վեր: Նրանց լավատեսությունը բարձրացավ նրանց երկյուղներից վեր: Նրանք ունեին Սիոնի մասին իրենց երազանքը, և նրանք գտնվում էին այն իրականացնելու ճանապարհին:10

3

«Ուիլլի և Մարտին ընկերության» ձեռնասայլերով ռահվիրաների փրկությունը խոսում է Հիսուս Քրիստոսի ավետարանի բուն էության մասին:

Ես ետ եմ տանում ձեզ դեպի …1856 թվականի հոկտեմբերը: Շաբաթ օրը [հոկտեմբերի 4-ին] Ֆրանկլին Դ. Ռիչարդսը և մի քանի ընկերակիցներ ժամանեցին [Սոլթ Լեյքի] հովիտ: Նրանք ճանապարհորդել էին Ուինթեր Քվուորթերսից ուժեղ խմբերով և թեթև կառքերով և կարողացել էին ճիշտժամանակին հասնել: Եղբայր Ռիչարդսն անմիջապես փնտրեց և գտավ Նախագահ Յանգին: Նա հաղորդեց, որ հարյուրավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ ցրված էին այդ երկար ճանապարհի երկայնքով … դեպի [Սոլթ Լեյքի] հովիտ: Նրանցից մեծ մասը ձեռնասայլեր էին հրում: … Նրանց առջևում ընկած էր մի ճանապարհ, որը բարձրանում էր բլուրն ի վեր, դեպի մայրցամաքային ջրաբաժանը, շատ-շատ մղոններ էլ` դրանից այն կողմ: Նրանք հուսահատ վիճակում էին: … Նրանք բոլորը կոչնչանային, եթե նրանց փրկելու չգնային:

Կարծում եմ, Նախագահ Յանգը չքնեց այդ գիշերը: Կարծում եմ, այդ թշվառ… մարդկանց տեսապատկերը անընդհատ անցնում էր նրա մտքով:

Հաջորդ առավոտ նա … ասաց մարդկանց.

«Ես այժմ այս ժողովրդին կտամ թեման և տեքստը Երեցների համար, ովքեր կարող են խոսել: … Ահա այն: …Մեր եղբայրներից և քույրերից շատերը ձեռնասայլակներով գտնվում են տափաստաններում և հավանաբար, շատերն այժմ գտնվում են 700 մղոն [շուրջ 1100 կիլոմետր] հեռու այստեղից և նրանց պետք է բերել այստեղ, մենք պետք է օգնություն ուղարկենք նրանց։ Տեքստն է. «նրանց այստեղ հասցնել»:

Սա է իմ կրոնը, սա է ինձ հետ գտնվող Սուրբ Հոգու թելադրանքը, որ ես ունեմ: Պետք է փրկել մարդկանց:

Այսօր ես կոչ եմ անում եպիսկոպոսներին: Ես չեմ սպասի մինչև վաղը, ոչ էլ մյուս օրը, պետք են 60 լավ ջորիներ և 12 կամ 15 կառքեր: Ես չեմ ուզում ուղարկել եզներ: Ես ուզում եմ լավ ձիեր և ջորիներ: Նրանք այս տարածքում են, և մենք պետք է ունենանք դրանք: Նաև 12 տոննա ալյուր և 40 լավ կառապաններ, բացի նրանցից, ովքեր կառավարում են թիմերը:

Ես ասում եմ ձեզ, որ ձեր ողջ հավատքը, կրոնը և կրոնի գործադրումը, ձեր հոգիներից և ոչ մեկը չեն փրկվի մեր Աստծո սելեստիալ արքայության մեջ, եթե դուք չկիրառեք այդ նույն սկզբունքները, որոնք այժմ ես ուսուցանում եմ ձեզ։ Այժմ գնացեք և բերեք այն մարդկանց ովքեր տափաստաններում են» (in LeRoy R. Hafen and Ann W. Hafen, Handcarts to Zion [1960], 120–21):

Այդ օրը կեսօրին մեծ քանակությամբ սպիտակեղեն և հագուստ հավաքվեց կանանց կողմից:

Հաջորդ առավոտ ձիերը պայտվեցին և կառքերը վերանորոգվեցին ու բարձվեցին:

Հաջորդ առավոտ, երեքշաբթի օրը, 16 լծված ջորիներ դուրս եկան և ուղղվեցին դեպի արևելք: Հոկտեմբերի վերջին օգնություն հասցնող 250 անձնակազմեր կային ճանապարհին:11

Երբ փրկարարները հասան պաշարված Սրբերին, նրանք նման էին երկնքից իջած հրեշտակների: Ժողովուրդն արտասվում էր երախատագիտության արցունքներ թափելով: Ձեռնասայլակներով մարդիկ տեղափոխվեցին կառքեր, որպեսզի ավելի արագ ճանապարհորդեին Սոլթ Լեյքի համայնք:

Մոտ երկու հարյուր մարդ մահացան, բայց հազար հոգի փրկվեցին:12

Նկար
handcart rescue

«Երբ փրկարարները հասան պաշարված Սրբերին, նրանք նման էին երկնքից իջած հրեշտակների:

[Այդ] պաշարված Սրբերի և նրանց տառապանքների և մահվան մասին պատմությունները նորից կկրկնվեն: … Նրանց փրկության մասին պատմությունները պետք է կրկնվեն նորից ու նորից: Դրանք խոսում են Հիսուս Քրիստոսի ավետարանի բուն էության մասին:

… Ես շնորհակալ եմ, որ մենք չունենք ձյան ծանծաղուտի մեջ խրված ցրտահարված և մահացող եղբայրներ և քույրեր, ովքեր փորձում էին հասնել … իրենց Սիոնին լեռներում: Բայց կան մարդիկ, ոչ քիչ, ում հանգամանքները հուսահատեցնող են, և ովքեր աղաղակում են օգնության և մխիթարության համար:

Այնքան շատ մարդիկ կան ովքեր սոված են և չքավոր այս աշխարհում, ովքեր օգնության կարիք ունեն: Ես երախտապարտ եմ, որ կարող եմ ասել, որ մենք շատերին ենք օգնում, ովքեր մեր հավատքից չեն, բայց ում կարիքները լուրջ են, և ում մենք ունենք ռեսուրսներ օգնելու: Բայց պետք չէ, որ գնանք այդքան հեռու: «Մեզանից ոմանք աղաղակում են ցավից ու տառապանքից, մենակությունից ու վախից: Մեր մեծ ու սուրբ պարտականությունն է հասնել ու օգնել, բարձրացնել նրանց, կերակրել նրանց, եթե քաղցած են, սնուցել նրանց հոգիները, եթե նրանք ծարավ են ճշմարտության և արդարության:

Կան այնքան շատ երիտասարդներ, ովքեր թափառում են աննպատակ և քայլում թմրադեղերի, բանդաների, անբարոյականության ու արատների ողբերգական արահետում և ամեն տեսակի հիվանդություններով, որոնք ուղեկցում են այս բաներին: Կան այրիներ, ովքեր կարոտ են ընկերական ձայների և անհանգիստ մտահոգված հոգու ձայնին, որը խոսում է սիրո մասին: … Կան մարդիկ, ովքեր մի ժամանակ ջերմ հավատք ունեին, բայց նրանց հավատը սառել է: Նրանցից շատերը ցանկանում են վերադառնալ, բայց չգիտեն, թե ինչպես անել այդ: Նրանք սիրալիր ձեռքերի կարիք ունեն, որոնք օգնության կհասնեն իրենց: Քիչ ջանքերի շնորհիվ նրանցից շատերը կարող են կրկին ետ բերվել Տիրոջ սեղանի մոտ խնջույքի:

Իմ եղբայրներ և քույրեր, ես հույս եմ տածում, աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը … կորոշի փնտրել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն, ովքեր հուսահատության և դժվար իրավիճակում են և սիրո ոգով կբերի նրանց Եկեղեցու ջերմ միջավայր, որտեղ ամուր ձեռքներն ու սիրող սրտերը կջերմացնեն, կսփոփեն, կաջակցեն նրանց և կդնեն դեպի երջանիկ ու բեղմնավոր կյանք տանող ուղու վրա:13

4

Մեզանից յուրաքանչյուրը ռահվիրա է:

Լավ է նայել դեպի անցյալը` ձեռք բերելու գնահատանք ներկայի համար և հեռանկար` ապագայի համար: Լավ է նայել նրանց առաքինություններին, ովքեր գնացել են նախկինում, ձեռք բերելու ուժ նրա համար, ինչ սպասվում է առջևում: Լավ է մտածել նրանց աշխատանքի մասին, ովքեր այնքան տքնաջան են աշխատել և ձեռք բերել այնքան քիչ այս աշխարհում, բայց որոնց երազանքներից և վաղ ծրագրերից, այնքան լավ դաստիարակված, առաջացել է մեծ բերքահավաք, որի շահառուներն ենք մենք: Նրանց վիթխարի օրինակը կարող է դառնալ համոզիչ դրդապատճառ մեզ բոլորիս համար, քանի որ մեզանից յուրաքանչյուրը ռահվիրա է իր իսկ կյանքում և մեզանից շատերը ռահվիրա են ամեն օր՝ փորձելով հաստատել ավետարանական մի հենակետ աշխարհի հեռավոր մասերում:14

Մենք դեռ ռահվիրաներ ենք: Մենք երբեք չենք դադարել ռահվիրա լինելուց այն ժամանակից ի վեր, … երբ մեր մարդիկ թողեցին Նավուն և եկան … ի վերջո Մեծ Սոլթ Լեյքի հովիտը: Դրանում արկած կար: Բայց դրա նպատակն էր գտնել մի տեղ, որտեղ նրանք կկարողանային հիմնվել և երկրպագել Աստծուն համաձայն խղճի թելադրանքի: …

Այժմ, մենք դեռ օգնության ենք հասնում ողջ աշխարհում այն վայրերին, որոնք [մի ժամանակ], հազիվ թե հնարավոր լիներ մատչելի համարել: … Ես անձնապես ականատես եմ եղել Եկեղեցու աճին Ֆիլիպիններում: Ես արտոնությւոն եմ ունեցել միսիոներական աշխատանք բացել այնտեղ 1961թվականին, երբ կարողացանք գտնել մի տեղացի ֆիլիպինցի Եկեղեցու անդամ մի ժողովում, որը մենք կազմակերպեցինք 1961թվականի մայիսին: [1996 թվականին] մենք Մանիլայում էինք և ունեցանք … մոտ 35000 հոգուց բաղկացած հավաքույթ այդ մեծ Արանեթա Կոլիզեումում: … Ինձ համար դա հրաշք է այն ժամանակից, երբ բացեցինք աշխատանքը Ֆիլիպինների այդ մեծ երկրում [տես էջեր 29–30-ը ավելի շատ բան իմանալու այս փորձառության մասին]:

Մենք օգնության ենք հասնում ամենուրեք, իսկ դա պահանջում է ռահվիրա լինել: Մեր միսիոներները չեն ապրում լավագույն պայմաններում, երբ նրանք գնում են այս տարածքներից մի քանիսը, բայց նրանք առաջ են գնում և կատարում իրենց աշխատանքը և այն պտուղ է տալիս: Ոչ շատ առաջ մենք ունեինք մի բուռ անդամներ, ապա հարյուր անդամ, իսկ հետո հինգ հարյուր անդամ, իսկ հետո հազար անդամ: 15

Եկեղեցում ռահվիրա լինելու օրերը դեռ մեզ հետ են, դրանք չեն վերջացել ծածկված կառքերով և ձեռնասայլերով: … Միսիոներների շարքերում գտնվում են ռահվիրաներ, ովքեր ուսուցանում են ավետարանը, և դրանք գտնվում են նորադարձների մեջ, ովքեր գալիս են Եկեղեցի: Դա սովորաբար դժվար է նրանցից յուրաքանչյուրի համար: Այն անշուշտ ներառում է զոհաբերություն: Այն կարող է ներառել հալածանքներ: Բայց սրանք գին են, որոնք հոժարակամությամբ կրում են և արժեքը, որը վճարվում է, նույնքան իրական է, ինչպես նրանց արժեքը, ովքեր կտրեցին անցան տափաստանները ռահվիրաների իրենց մեծ ջանքերում ավելի քան մեկ դար առաջ:16

Անկախ նրանից դուք ռահվիրա նախահայրեր եք ունեցել, թե եկել եք Եկեղեցի միայն երեկ, դուք այս ողջ սքանչելի պատկերի մասն եք կազմում, որի մասին երազել են այդ տղամարդիկ և կանայք: Նրանցը վիթխարի նախաձեռնություն էր: Մերը` շարունակվող մեծ պատասխանատվություն: Նրանք դրեցին հիմքը: Մեր պարտականությունն է կառուցել դրա վրա:

Նրանք նշեցին ուղին և ցույց տվեցին ճանապարհը։ Մերն է պարտավորությունը` ընդարձակել, լայնացնել ու զորացնել այդ ուղին, մինչև այն պարուրի ողջ աշխարհը: … Հավատքը առաջնորդող սկզբունք էր այն դժվարին օրերին: Հավատքը առաջնորդող սկզբունք է, որին մենք պետք է հետևենք այսօր:17

Նկար
President Hinckley with African women, children

«Անկախ նրանից դուք ռահվիրա նախահայրեր եք ունեցել, թե եկել եք Եկեղեցի միայն երեկ, դուք այս ողջ սքանչելի պատկերի մասն եք կազմում»:

5

Մենք հարգում ենք այդ ռահվիրաների զոհաբերություններն ու ժառանգությունը՝ հետևելով նրանց օրինակին և կառուցելով նրանց հիմքի վրա:

Ինչպիսի սքանչելի բան է ունենալ մեծ ժառանգություն, իմ եղբայրներ և քույրեր: Ինչ մեծ բան է իմանալ, որ կան այնպիսիք, ովքեր գնացել են առջևից և բացել են ուղին, որով մենք պետք է քայլենք, ուսուցանելով այն մեծ հավերժական սկզբունքները, որոնք պետք է լինեն առաջնորդող աստղեր մեր կյանքում և նրանց կյանքում, ովքեր կգան մեզանից հետո: Մենք այսօր կարող ենք հետևել նրանց օրինակին: Ռահվիրաները մեծ հավատքի, վիթխարի հավատարմության, աներևակայելի աշխատասիրության և բացարձակ ամուր ու անկոտրում ազնվության տեր մարդիկ էին:18

«Մենք այսօր կանգնած ենք որպես [ռահվիրաների] մեծ ջանքերի ստացողներ: Հուսով եմ, որ մենք շնորհակալ ենք դրա համար։ Հուսով եմ, որ մենք մեր սրտում խորը երախտագիտություն ենք զգում այն ամենի համար, որ նրանք արել են մեզ համար։

… Ինչպես նրանցից էին մեծ բաներ սպասվում, այդպես էլ սպասվում են մեզանից: Նրանց արած գործերը համեմատելի էին իրենց ունեցածի հետ: Մենք ունենք շատ ավելին, որ մեծ մարտահրավերով առաջ գնանք և Աստծո թագավորությունը կառուցենք: Այնքան շատ բան կա անելու: Մենք ունենք ավետարանը ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի տանելու աստվածային մանդատ: Մենք պարտավորություն ունենք ուսուցանելու և մկրտելու Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Հարություն առած Փրկիչն ասել է. «Գնացեք բոլոր աշխարհք, ավետարանը քարոզեցեք ամեն արարածի» [Մարկոս 16.15]: …

Մեր նախնիները դրել են ամուր և սքանչելի հիմք: Այժմ մենք ունենք մեծ հնարավորություն կառուցելու մի վերնաշենք, ամբողջությամբ պատշաճորեն հարմարեցված միմյանց հետ, որի գլխավոր անկյունաքարը Քրիստոսն է:19

Դուք բոլոր [ռահվիրաների] պլանավորման և բոլոր նրանց աշխատանքների պտուղն եք: Ի՜նչ հրաշալի ժողովուրդ էին նրանք: Ողջ պատմության մեջ նրանց նախաձեռնության նմանը չկա: …Թող Աստված օրհնի նրանց հիշատակը մեզ համար ի բարին։ Երբ ուղին դժվարին է թվում, երբ մենք հուսալքված ենք` մտածելով, որ ամեն ինչ կորած է, մենք կարող ենք նայել նրանց և տեսնել, թե որքան ավելի վատ էր նրանց վիճակը: Երբ մենք մտահոգվում ենք ապագայի համար, մենք կարող ենք նայել նրանց և նրանց հավատքի մեծ օրինակին: …

Այսպիսի մեծ ժառանգությամբ մենք պետք է առաջ գնանք: Մենք երբեք չպիտի իջնենք: Մենք պետք է բարձր պահենք գլուխներս: Մենք պետք է ապրենք ազնվությամբ: Մենք պետք է «անենք այն ինչ ճիշտ է [և] թողնենք, որ արդյունքը հետևի»(“Do What Is Right,” Hymns, 1985, no. 237).20:

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Ինչո՞ւ էր հավատքը կարևոր ռահվիրաների համար, ովքեր կամենում էին հավաքվել Սոլթ Լեյքի Հովտում: (Տես բաժին 1:) Ինչպե՞ս նրանք գործի դրեցին իրենց հավատքը: Ինչպե՞ս կարող ենք գործի դնել մեր հավատքը՝ օգնելու հասնել մեզ սպասվող «մեծ ապագային»:

  • Նախագահ Հինքլին ուսուցանեց, որ վաղ ռահվիրաները նայում էին դեպի ապագան, Սիոնը որպես իրենց «մեծ նպատակ», «մեծ հույս» և «երազանք» (բաժին 2): Ինչո՞ւ եք կարծում, որ սա այդպիսի հզոր շարժիչ ուժ էր վաղ ռահվիրաների համար: Ի՞նչ նմանատիպ հույսեր են դրդապատճառներ հանդիսանում մեզ համար այսօր:

  • Ի՞նչն է տպավորություն թողել ձեզ վրա «Ուիլլի և Մարտին ընկերության» ձեռնասալյակներով ռահվիրաների մասին Նախագահ Հինքլիի պատմության մեջ: (Տես բաժին 3:) Բրիգամ Յանգի կողմից փրկության կոչը ինչպե՞ս է ցույց տալիս նրա մարգարեական ոգեշնչումը: Ի՞նչ կարող ենք սովորել նրանցից, ովքեր արձագանքեցին նրա կոչին: Ի՞նչ կարող ենք անել, փրկելու և բարձրացնելու նրանց, ովքեր կարիքի մեջ են այսօր:

  • Վերադարձը դեպի անցյալ ինչպե՞ս է օգնում ձեզ «ձեռք բերել գնահատական ներկայի համար և հեռանկար ապագայի համար»: (Տես բաժին 4:) Ի՞նչ առումներով է մեզանից յուրաքանչյուրը ռահվիրա:

  • Ինչո՞ւ պիտիհարգենք վաղ ռահվիրաներին: (Տես բաժին 5:) Ի՞նչ իմաստով են Եկեղեցու բոլոր անդամներն օրհնված այդ ռահվիրաների հավատքով և զոհաբերություններով: Ինչպե՞ս կարող է վաղ շրջանի ռահվիրաների օրինակը օգնել մեզ, երբ մենք դիմակայում ենք մարտահրավերների:

Առնչվող սուրբ գրություններ

Մատ. 25.40, Եթեր 12.6–9, ՎևՈւ 64.33–34, 81.5, 97.8–9, 98.1–3

Օգնություն ուսուցչին

«Իմաստալից քննարկումները կարևոր են ավետարանի ուսուցման մեծ մասի համար: … Լավ վարվող քննարկումների միջոցով սովորողների հետաքրքրությունը և ուշադրությունը մեծանում է: Յուրաքանչյուր ներկա գտնվող կարող է քաջալերվել ակտիվորեն ներգրավված լինել ուսուցման գործընթացում: …Ուղղեք հարցեր, որոնք խրախուսում են լրջամիտ մեկնաբանությունները և օգնում մարդկանց իսկապես խորհել ավետարանի շուրջ» (Ուսուցում, չկա ավելի մեծ կոչում [1999], 63):

Հղումներ

  1. “Keep the Chain Unbroken” (Brigham Young University devotional, Nov. 30, 1999), 2, speeches.byu.edu.

  2. Address given at the Guatemala City North and South Regional Conference, Jan. 26, 1997, 2; Church History Library, Salt Lake City.

  3. “Obedience” (address given at the Hawaii Area Conference, June 18, 1978), 2, Church History Library, Salt Lake City.

  4. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 2: 2000–2004 (2005), 360–61.

  5. “The Faith of the Pioneers,” Ensign, July 1984, 3.

  6. “God Grant Us Faith,” Ensign, Nov. 1983, 52–53.

  7. “The Faith of the Pioneers,” 5–6.

  8. “God Grant Us Faith,” 53.

  9. “These Noble Pioneers” (Brigham Young University devotional, Feb. 2, 1997), 1–2, speeches.byu.edu.

  10. “Stay the Course—Keep the Faith,” Ensign, Nov. 1995, 72.

  11. “Reach with a Rescuing Hand,” Ensign, Nov. 1996, 85–86.

  12. “The Faith to Move Mountains,” Ensign or Liahona, Nov. 2006, 84.

  13. “Reach with a Rescuing Hand,” 86.

  14. “The Faith of the Pioneers,” 3.

  15. In Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (1996), 592.

  16. In Gerry Avant, “Present-Day Pioneers: Many Are Still Blazing Gospel Trails,” Church News, July 24, 1993, 6.

  17. “These Noble Pioneers,” 2, 4.

  18. “These Noble Pioneers,” 2.

  19. “True to the Faith,” Ensign, May 1997, 66–67.

  20. “These Noble Pioneers,” 2, 6.