Նախագահների ուսմունքները
Գլուխ 12. Հնազանդություն. Պարզապես ապրեք ավետարանով


Գլուխ 12

Հնազանդություն. Պարզապես ապրեք ավետարանով

«Ավետարանի ուղին մի պարզ ուղի է: … Խոնարհվեք և քայլեք հնազանդության ճանապարհով»:

Գորդոն Բ. Հինքլիի կյանքից

Երբ Գորդոն Բ. Հինքլին 14 տարեկան էր, նա մի փորձառություն ունեցավ Սոլթ Լեյք Թաբերնաքլում, որը ստիպեց նրան կարևոր որոշում կայացնել: Նա հետագայում հիշում է.

«Ես [լսել եմ], թե ինչպես էր Հեբեր Ջ. Գրանտը պատմում Մորմոնի Գրքի ընթերցանության հետ կապված իր փորձառության մասին, երբ դեռ պատանի էր: Նա խոսում էր Նեփիի մասին և այն մեծ ազդեցության մասին, որ նա ունեցել էր իր կյանքում: Իսկ հետո համոզմունքով զնգուն ձայնով, որը երբեք չեմ մոռանա, նա մեջբերեց Նեփիի հետևյալ հրաշալի բառերը: «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը պատվիրաններ չի տալիս մարդկանց զավակներին` առանց ուղի պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց» (1 Նեփի 3.7):

«Ապա դրա վերաբերյալ իմ պատանի սրտում մի որոշում ծնվեց` փորձել անել այն, ինչ Տերն է պատվիրել»:1

Գորդոն Բ. Հինքլին իր սրտում միշտ կրեց այդ որոշումը: Տարիներ անց, երբ նա Եկեղեցու Նախագահն էր, իր ուսմունքներում միշտ վերադառնում էր այն ուղերձին, որը նա լսել էր, երբ երիտասարդ տղա էր: Տարածքային համաժողովում խոսելով մի խումբ Սրբերի հետ, նա ասաց.

«Ես շատ հարցազրույցներ եմ տվել լրագրողներին: Միակ բանը, որը նրանք ասել են, հետևյալն է. «Հիմա ո՞րն է լինելու ձեր թեման ձեր նախագահության ընթացքում»: Ես պարզապես ասում եմ. «Նույն թեման, որը կրկնվում է այս Եկեղեցում` Եկեղեցու Նախագահի և առաքյալների կողմից, որքան ես հիշում եմ. Պարզապես ապրեք ավետարանով և յուրաքանչյուր ոք, ով այդպես կանի, իր սրտում կհամոզվի այն ճշմարտության վերաբերյալ, որով ինքն ապրում է»:2

Որպես Եկեղեցու Նախագահ՝ գերագույն համաժողովի իր առաջին ելույթում Նախագահ Հինքլին կոչ արեց բոլորին ավելի ջանասիրաբար ապրել ավետարանով:

«Իմ եղբայրներ և քույրեր, հիմա մեզ համար եկել է ժամանակը կանգնել մի փոքր ավելի բարձր, բարձրացնել մեր աչքերը, լարել մեր միտքը, որպեսզի ավելի լավ ըմբռնենք ու հասկանանք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մեծ առաքելությունն այս հազարամյակում: Սա ուժեղ լինելու ժամանակ է: Սա առանց երկմտելու առաջ գնալու ժամանակ է` լավ հասկանալով մեր առաքելության իմաստը, մեծությունն ու կարևորությունը: Սա մի ժամանակ է անելու այն, ինչ ճիշտ է, անկախ դրան հետևող հետևանքներից: Սա պատվիրանները պահելու ժամանակ է։ Սա մի ժամանակ է, երբ պիտի սիրով ու բարությամբ հասնենք նրանց, ովքեր վշտի մեջ են, ովքեր թափառում են խավարի ու ցավի մեջ: Սա ժամանակ է, երբ միմյանց նկատմամբ պիտի լինենք ուշադիր ու բարի, վայելուչ ու քաղաքավարի մեր բոլոր հարաբերություններում: Այլ կերպ ասած` դառնանք ավելի Քրիստոսանման:3

Նախագահ Հինքլին մշտապես ընդգծում էր այս ուղերձի կարևորությունը: Տասը տարի անց նա կրկնեց այս բառերը գերագույն համաժողովի ժամանակ. «Ձերն է հերթը դատելու, թե մենք որքանով ենք առաջադիմել 10 տարի առաջ տրված այդ հրավերի կատարումն իրականացնելու գործում»:4

Նկար
Nephi hunting

Նեփիի հնազանդության օրինակը ներշնչել է երիտասարդ Գորդոն Բ. Հինքլիին:

Գորդոն Բ. Հինքլիի ուսմունքները

1

Մենք ուխտի ժողովուրդ ենք և մեծ են պարտականությունները, որոնք կապված են այդ ուխտի հետ:

Մենք ուխտի ժողովուրդ ենք և դա շատ լուրջ հարց է: Երբ այս աշխատանքը վերականգնվեց, և Տերը սահմանեց այդ վերականգնման նպատակները, Նա ասաց, որ վերականգնման պատճառներից մեկն այն էր, որ Իր հավերժական ուխտը պիտի վերահաստատվի: Այդ ուխտը … կապվել էր Աբրահամի ու Եհովայի միջև, երբ հզոր Եհովան մեծ ու հանդիսավոր խոստում տվեց Աբրահամին: Նա ասաց, որ իր սերմը պիտի դառնա ինչպես ծովափի ավազը, որ բոլոր ազգերը պիտի օրհնվեն դրա միջոցով: Նա կապեց այս ուխտը նրա հետ, որ Նա պիտի լինի նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն Նրա ժողովուրդը: … Հետո հաստատվեց այն հարաբերությունը, որը հավերժական նշանակություն ուներ այն բոլորի հավերժական կյանքում, ովքեր պիտի մուտք գործեին այնտեղ: Սքանչելի են դրա ենթիմաստները. եթե մենք գործենք որպես Աստծո զավակներ, Նա կլինի մեր Աստվածը, ով մեզ կօրհնի, կսիրի, կառաջնորդի և կօգնի:

Հիմա, այս տնտեսությունում, այդ հավերժական ուխտը վերահաստատվել է: Մենք փաստորեն կապել ենք այդ ուխտը մկրտվելիս: Մենք դարձել ենք Նրա աստվածային ընտանիքի մասը, ինչպես այն կար: Աստծո բոլոր զավակները Նրա ընտանիքից են, բայց մի հատուկ ու հրաշալի կապ կա Աստծո և Նրա ուխտի զավակների միջև: Եվ երբ մենք Եկեղեցի էինք գալիս, … դառնում էինք ուխտյալ ժողովրդի մի մաս և ամեն անգամ, երբ մենք ճաշակում ենք հաղորդությունից, անում ենք դա ոչ միայն ի հիշատակ Աստծո Որդու զոհաբերության, ով Իր կյանքը տվեց մեզանից յուրաքանչյուրի համար, այլ կա նաև մի հավելյալ տարր, որ մենք մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը և երդվում պահել Նրա պատվիրանները, իսկ Նա խոստանում է, որ կօրհնի մեզ Իր Սուրբ Հոգով:

Մենք ուխտյալ ժողովուրդ ենք և մեծ են պարտականությունները, որոնք ուղեկցում են այդ ուխտին: Մենք չենք կարող սովորական մարդիկ լինել: Մենք պիտի վեր կանգնենք ամբոխից: Մենք պիտի կանգնենք մի փոքր բարձր: Մենք պիտի լինենք մի փոքր ավելի լավը, մի քիչ ավելի բարի, մի փոքր ավելի շռայլ, մի քիչ ավելի քաղաքավարի, մի փոքր ավելի խոհուն, մի քիչ ավելի շատ ուրիշներին հասնող:5

Մենք այն ժողովուրդն ենք, որ մեզ վրա ենք վերցրել հանդիսավոր ուխտ և Հիսուս Քրիստոսի անունը։ Եկեք ձգտենք մի փոքր ավելի ջանասիրաբար պահել ուխտերը, ապրել` ինչպես Տերն է խնդրել մեզանից, որ ապրենք:6

Նկար
հաղորդության ժողով

«Երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, … մենք մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի անունը և երդվում միշտ պահել Նրա պատվիրանները»:

2

Տերն ակնկալում է, որ մենք ավետարանով ապրենք բոլոր ոլորտներում:

Մենք ապրում ենք փոխզիջման ու համաձայնության դարաշրջանում: Իրավիճակներում, որոնց հետ մենք բախվում ենք, մենք գիտենք որն է ճիշտը, բայց մեր հասակակիցների ճնշման և մեզ համոզողների ձայների ներքո մենք անձնատուր ենք լինում: Մենք գնում ենք փոխզիջման: Մենք համաձայնվում ենք: Մենք տեղի ենք տալիս ու ամաչում ինքներս մեզնից: Մենք պիտի զարգացնենք մեր համոզմունքներին հետևելու զորություն:7

Ավետարանի ուղին պարզ ուղի է: Պահանջներից մի քանիսը կարող են թվալ տարրական ու ոչ անհրաժեշտ: Մի արհամարհեք դրանք: Խոնարհվեք և քայլեք հնազանդության մեջ: Ես խոստանում եմ, որ դրան հաջորդող արդյունքը սքանչելի կլինի տեսնել և բավարարող` զգալ:8

Ես մեծապես խնդրում եմ, որ մենք բոլորս մի փոքր ավելի ջանասիրաբար փորձենք ապրել` հասնելու այն աստվածային բարձրությանը, որը մեր մեջ է: Մենք կարող ենք ավելի լավ անել դա, քան հիմա անում ենք: Մենք կարող ենք ավելը լավը լինել, քան կանք իրականում։ Եթե մեր առջևում մշտապես ունենանք աստվածային ժառանգության, Աստծո Հայրության և մարդու եղբայրության պատկերը` որպես իրականություն, մենք կլինենք մի փոքր ավելի հանդուրժող, մի քիչ ավելի բարի, մի փոքր ավելի հասնող` բարձրացնելու, օգնելու և աջակցելու մեզ շրջապատող մարդկանց: Մենք ավելի քիչ հակված կլինենք իջնելու այն մակարդակին, որն անշուշտ անվայելուչ է մեզ:9

Կրոնը, որի մի մասն եք դուք, շաբաթը յոթ օր է, այլ ոչ միայն կիրակի օրը: … Այն մշտական է` քսանչորս ժամ` օրական, յոթ օր` շաբաթական, 365 օր` տարեկան:10

Տերն ակնկալում է, որ մենք ապրենք պատշաճ կյանքով ու կիրառենք ավետարանը կյանքի բոլոր ոլորտներում:11

3

Աստված կհեղի Իր օրհնությունները նրանց վրա, ովքեր ապրում են` հնազանդվելով Իր պատվիրաններին:

Տերը պատվիրեց Եղիային գնալ ու թաքնվել Քերիթ հեղեղատի մոտ, խմել հեղեղատի ջրից, իսկ ագռավները կկերակրեին նրան: Սուրբ գրությունը մի պարզ ու հրաշալի ձևակերպում է կատարում Եղիայի մասին. «Եւ նա գնաց և արաւ Տիրոջ խոսքի համեմատ» (Գ Թագավորաց 17.5):

Ոչ մի առարկություն չեղավ: Ոչ մի արդարացում չեղավ: Խուսափողական պատասխան չեղավ: Եղիան պարզապես «գնաց ու արավ Տիրոջ խոսքի համեմատ»: Եվ նա փրկվեց սարսափելի աղետներից, որոնք պատահեցին նրանց, ովքեր ծաղրում էին, վիճում էին ու կասկածի տակ առնում:12

Մորմոնի Գրքի ողջ պատմությունը խոսում է այն մարդկանց մասին, ովքեր արդարակյաց կյանքով ապրելով, երկրպագում էին Հիսուս Քրիստոսին, բարգավաճում էին այդ հողի վրա և առատորեն օրհնվում Տիրոջից, իսկ երբ նրանք մեղանչում էին, մոլորվում ու մոռանում իրենց Աստծուն, հայտնվում էին աղքատության, պատերազմի ու փորձանքների մեջ: Ձեր ապահովությունը, ձեր խաղաղությունն ու բարգավաճումը կախված է Ամենազորի պատվիրանների հանդեպ ձեր հնազանդությունից:13

«Պահիր իմ պատվիրանները շարունակ, և արդարության պսակը կստանաս դու» [ՎևՈւ 25.15]։ Դա էր Էմմա Սմիթին տրված Տիրոջ խոստումը: Սա Տիրոջ խոստումն է ձեզանից յուրաքանչյուրին: Երջանկությունը գալիս է պատվիրանները պահելիս։ Վերջին Օրերի Սրբի համար … այդ պատվիրանների կոպիտ խախտումը կարող է միայն դժբախտություն բերել: Իսկ յուրաքանչյուրի համար, ով կհետևի այդ պատվիրաններին, կա հավերժական ճշմարտության արդարության պսակը:14

Իրական ազատությունը գալիս է Աստծո խորհուրդներին հնազանդվելիս: Հին կտակարանում ասվում է. «Որովհետև պատուիրանքը ճրագ է, իսկ օրէնքը` լույս» (Առակաց 6.23

Ավետարանը ճնշման միջոցի փիլիսոփայություն չէ, ինչպես շատերը վերաբերվում են դրան: Այն ազատության ծրագիր է, որը կարգավարժում է ցանկությունը և ուղղորդում վարքագիծը: Դրա պտուղները քաղցր են, իսկ պարգևները` շռայլ: …

«Արդ այն ազատութիւնովը, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացեք, և դարձեալ ծառայութեան լծի տակ մի մտնէք»: (Գաղ. 5.1։)

«Որտեղ որ Տիրոջ Հոգին է` այնտեղ է ազատութիւն»: (2 Կոր. 3․17:)15

Մեր ապահովությունը մեր ապաշխարության մեջ է: Մեր ուժը գալիս է Աստծո պատվիրաններին հնազանդվելուց: … Եկեք ամուր կանգնենք չարի դեմ` տանը և դրսում: Եկեք ապրենք երկնային օրհնություններին արժանավոր կյանքով, բարեփոխելով մեր կյանքը` որտեղ անհրաժեշտ է և ապավինենք Նրան` մեր բոլորի Հորը:16

Մենք վախենալու ոչինչ չունենք։ Աստված ղեկի մոտ է։ Նա դեպի բարին կուղղորդի այս գործը: Նա կհեղի Իր օրհնությունները նրանց վրա, ովքեր հնազանդվում են Իր պատվիրաններին: Այսպիսին է եղել Նրա խոստումը: Ոչ ոք չի կասկածում այդ խոստումը պահելու նրա կարողությանը:17

4

Եկեղեցու ղեկավարները ցույց են տալիս ուղին և հրավիրում անդամներին ապրել ավետարանով:

Կան մարդիկ, ովքեր ասում են. «Եկեղեցին չպիտի թելադրի ինձ` ինչպես մտածել այս կամ այն բանի մասին կամ ինչպես ապրել իմ կյանքը:

Ես պատասխանում եմ` ոչ, քանի որ Եկեղեցին ոչ մի մարդու չի թելադրում, թե նա ինչպես պիտի մտածի կամ ինչ պիտի անի: Եկեղեցին ցույց կտա ճանապարհը և կհրավիրի յուրաքանչյուր անդամի ապրել ավետարանով ու վայելել այն օրհնությունները, որոնք գալիս են այդպիսի ապրելակերպից: Եկեղեցին չի թելադրի որևէ մեկին, բայց խորհուրդ կտա, կհամոզի, կքաջալերի և հավատարմություն կակնկալի նրանցից, ովքեր կընդունեն Եկեղեցու անդամությունը:

Երբ ես համալսարանի ուսանող էի, մի առիթով հորս ասացի. «Ես զգում եմ, որ Բարձրագույն Իշխանավորները խախտել են իրենց բացառիկ իրավունքների սահմանները, երբ պաշտպանել են որևէ հատուկ գործընթաց»: Նա շատ իմաստուն ու բարի մարդ էր։ Նա ասաց. «Եկեղեցու Նախագահը հրահանգել է մեզ, և ես աջակցում եմ նրան` որպես մարգարե, տեսանող և հայտնող, ու ես մտադիր եմ հետևել նրա խորհրդին»:

Երկար տարիներ ես ծառայել եմ այս Եկեղեցու ընդհանուր խորհուրդներում: … Ես ցանկանում եմ վկայություն բերել, որ չնայած մասնակցել եմ բառացիորեն հազարավոր ժողովների, որտեղ քննարկվել են Եկեղեցու քաղաքականությունն ու ծրագրերը, ես երբեք չեմ մասնակցել որևէ ժողովի, որտեղ չփնտրվեր Տիրոջ առաջնորդությունը կամ էլ ներկաներից մեկը ցանկանար պաշտպանել կամ կատարել որևէ գործընթաց, որը կվնասեր կամ հարկադրական կլիներ ինչ-որ մեկի համար:18

Ես ասում եմ դա յուրաքանչյուրի ու բոլորի համար, որ մենք [ովքեր նստած են Եկեղեցու ընդհանուր խորհրդում], չունեն անձնական օրակարգ: Մենք ունենք միայն Տիրոջ օրակարգը: Կան մարդիկ, ովքեր քննադատում են, երբ մենք խորհրդի որևէ հայտարարություն կամ նախազգուշացում ենք անում: Խնդրում եմ իմացեք, որ մեր դիմումները հիմնավորված չեն որևէ եսասիրական ցանկությամբ: Խնդրում եմ իմացեք, որ մեր նախազգուշացումները զուրկ չեն հիմքից ու պատճառից: Խնդրում եմ իմացեք, որ տարբեր խնդիրների վերաբերյալ արտահայտվելու որոշումները չեն կայացվում առանց քննարկման, որոշման և աղոթքի: Խնդրում եմ իմացեք, որ մեր միակ ձգտումը ձեզանից յուրաքանչյուրին օգնելն է ձեր խնդիրների, ձեր ընտանիքների, ձեր կյանքի հետ կապված հարցերում: … Ցանկություն չկա որևէ բան ուսուցանելու, որը կտարբերվի նրանից, ինչ Տերն է ուսուցանել: …

Մերն է պարտականությունը, որն ընդհանուր գծերով ներկայացրել է Եզեկիելը. «Մարդի որդի, ես քեզ դէտ եմ դրել Իսրայէլի տան համար․ եւ դու պետք է իմ բերանից խօսք լսես եւ զգուշացնես նորանց իմ կողմանէ» (Եզեկ. 3.17:)

Մենք եսասիրական ցանկություն չունենք այս հարցերից ոչ մեկում, բացի այն ցանկությունից, որ մեր եղբայրներն ու քույրերը երջանիկ լինեն, որ խաղաղություն ու սեր լինի նրանց ընտանիքներում, որ նրանք օրհնված լինեն Ամենազորի զորությամբ` իրենց տարբեր արդար ձեռնարկումներում:19

Աստված իր եղանակներով մշտապես հայտնում է իր կամքը իր ժողովրդի վերաբերյալ: Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը, որ այս Եկեղեցու ղեկավարները երբեք չեն խնդրի մեզ անել որևէ բան, որը մենք չենք կարող կատարել առանց Տիրոջ կամքի: Գուցե մենք անհարմար զգանք: Այն, ինչը մեզանից խնդրում են անել, կարող է հաճելի կամ հարմար չլինել մեր գաղափարներին: Բայց եթե մենք փորձենք հավատով, աղոթքով ու հասատակամությամբ, մենք կարող ենք իրականացնել այն:

Ես ձեզ վկայություն եմ բերում, որ Վերջին Օրերի Սրբերի երջանկությունը, խաղաղությունը, զարգացումը, բարգավաճումը և այս ժողովրդի հավերժական փրկությունն ու վեհացումը կայանում է Աստծո քահանայության խորհուրդներին հնազանդությամբ հետևելու մեջ:20

5

Փոքր որոշումները կարող են հանգեցնել հսկայական հետևանքների:

Ես կարող եմ նկարագրել մի սկզբունք, … որին հետևելը կարող է մեծացնել հնարավորությունը, որ մեր որոշումները ճիշտ կլինեն և հետևաբար, մեր կյանքի զարգացումն ու երջանկությունը անսահման կաճեն: Այս հրաշալի սկզբունքն է` պահել հավատը: …

Ես չեմ կարող մանրամասն պատմել ձեզ ինչպես որոշել ամեն ինչ: Բայց ես կարող եմ խոստանալ, որ եթե դուք որոշումներ կայացնեք ըստ ավետարանի չափանիշների ու Եկեղեցու ուսմունքների, եթե դուք պահեք հավատը, ձեր կյանքը բարու մեծ պտուղներ կտա և դուք կլինեք երջանիկ ու կունենաք ձեռքբերումներ:21

Տարիներ առաջ ես աշխատում էի երկաթգծի ընկերությունում: … Դա այն ժամանակ էր, երբ համարյա բոլորն օգտվում էին մարդատար գնացքներից: Մի առավոտ ես զանգ ստացա Նյուարքի (Նյու Ջերսի) իմ պաշտոնակցից: Նա ասաց. «Այսինչ համարի գնացքը ժամանել է, բայց ուղեբեռների վագոնը չկա: Ինչ-որ տեղ 300 ուղևորներ կորցրել են իրենց ուղեբեռնեը և շատ զայրացած են»:

Ես անմիջապես գնացի աշխատանքի` պարզելու, թե վագոնն ուր կարող էր գնացած լինել: Ես պարզեցի, որ այն պատշաճ ձևով բեռնված էր ու հասել էր Կալիֆորնիայի Օուքլանդ քաղաքը: Այն տեղափոխեցին մեր երկաթուղի Սոլթ Լեյք Սիթիում և ի վերջո հասավ Սենթ Լուիս: Այնտեղ այն կցեցին մեկ այլ երկաթուղու, որը հասցրեց այն Նյուարք (Նյու Ջերսի): Բայց մի անխոհեմ սլաքավար Սենթ Լուիս կայարանում տեղափոխեց սլաքը, որը պողպատի մի փոքր կտոր է, ընդամենը 7,5 սանտիմետր տեղափոխման կետից, ապա ձգեց լծակը վագոնը անջատելու համար: Մենք պարզեցինք, որ Նյուարքին (Նյու Ջերսի) պատկանող ուղեբեռների վագոնը փաստորեն Նոր Օռլեանում էր (Լուիզիանա)`դրա նշանակման վայրից 2400 կիլոմետր հեռու: Ընդամենը 7,5 սանտիմետր տեղափոխությունը Սենթ Լուիս կայարանում մի անփույթ աշխատողի կողմից սկսել էր այն սխալ ռելսուղով և հեռավորությունը դրա իսկական նշանակման վայրից կտրուկ մեծացավ: Ահա թե ինչպես է լինում մեր կյանքում։ Մեր կյանքի կայուն ընթացքին հետևելու փոխարեն մեր մի սխալ գաղափարով շեղում ենք մեր ուղին մեկ այլ ուղղությամբ: Մեր իսկական նշանակակետից շեղումը կարող է լինել շատ փոքր, բայց եթե շարունակվի, այդ փոքր շարժումը դառնում է մեծ ճեղք և մենք հայտնվում ենք շատ հեռու այն տեղից, որտեղ մենք մտադիր էինք գնալու: … Սրանք շատ փոքր բաներ են, որոնց պատճառով կյանքը շրջվում է և մեծ տարբերություն ստեղծում:22

Մի օր ես մոտեցա մի մեծ ագարակի դարպասի: Ես բարձրացրի փականը և բացեցի դուռը: Շարժումը հանգույցների մոտ այնքան թեթևակի էր, որ հազիվ էր նկատվում: Բայց դարպասի մյուս ծայրին կար մի մեծ կամար` տասնվեց ոտնաչափ շառավղով: Նայելով փականների շարժմանը, երբեք չես կարող պատկերացնել այն կարևոր գործողությունը, որը գալիս է այդ փոքրիկ շարժման արդյունքում:

Այդպես է նաև մեր կյանքում կայացրած որոշումների դեպքում։ Մի փոքր միտք, մի փոքր բառ, մի փոքր գործողություն կարող է հանգեցնել վիթխարի հետևանքների:23

Նկար
open metal gate

Նախագահ Հինքլին մեր որոշումները համեմատել է ագարակի դարպասի հանգույցների հետ:

6

Ավետարանով ապրելով մենք ուժեղացնում ենք Եկեղեցին և օգնում, որ Աստծո աշխատանքը տարածվի աշխարհով մեկ:

Դուք կարող եք ուժեղացնել [Եկեղեցին] ձեր ապրելակերպով: Թող ավետարանը լինի ձեր սուրն ու վահանը: …

… Ինչ հրաշալի կլինի ապագան, երբ Ամենազորը առաջ տանի Իր փառահեղ աշխատանքը, հավերժ դիպչելով նրանց, ովքեր կընդունեն և կապրեն Նրա ավետարանով:24

Ես տեսնում եմ մի հրաշալի ապագա այս անհաստատ աշխարհում: Եթե մենք կառչենք մեր արժեքներից, եթե մենք կառուցենք մեր ժառանգության վրա, եթե մենք ապրենք Տիրոջ խոսքին հնազանդվելով, եթե մենք պարզապես ապրենք ավետարանով, մենք օրհնված կլինենք հրաշալի ձևով: Մեզ կվերաբերվեն որպես մի հատուկ ժողովրդի, որը գտել է յուրահատուկ երջանկության բանալին:25

Թող ամեն տղամարդ, կին ու երեխա որոշի Տիրոջ աշխատանքը դարձնել ավելի լավը, ավելի ուժեղ ու ավելի հրաշալի, քան այն եղել է նախկինում: Սա մեր կյանքի որակն է, որը տարբերություն է ստեղծում: Մերն է որոշումը ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, որը ստեղծում է այդ տարբերությունը: Սա անհատական գործ է: Եթե բոլորս աղոթենք, Եկեղեցին կդառնա ավելի ուժեղ: Այդպես է նաև ավետարանի յուրաքանչյուր սկզբունքի հետ: Եկեք դառնանք ավետարանն առաջ տանող այս գործի մի մասը, որն աճում է ողջ աշխարհում: Մենք չենք կարող անշարժ կանգնել, մենք պիտի առաջ շարժվենք: Անհրաժեշտ է, որ մենք այդպես գործենք: Մեր անձնական համոզմունքը, որն ապրում է յուրաքանչյուրիս սրտում, Եկեղեցու իրական ուժն է: Առանց դրա մենք համարյա ոչինչ չունենք, դրա հետ մենք ունենք ամեն ինչ:26

Ես հրավիրում եմ ձեզանից յուրաքանչյուրին, որտեղ էլ որ լինեք` որպես Եկեղեցու անդամ, կանգնել ձեր ոտքերի վրա և երգը ձեր սրտում առաջ շարժվել` ապրելով ավետարանով, սիրելով Տիրոջը և կառուցելով արքայությունը: Միասին մենք կմնանաք այդ ուղու վրա և կպահենք մեր հավատը, իսկ ամենազորը կլինի մեր ուժը:27

Առաջարկներ ուսումնասիրության և ուսուցման համար

Հարցեր

  • Լինելով Տիրոջ ուխտի ժողովուրդ, ինչո՞ւ «մենք չենք կարող սովորական մարդիկ լինել»: (Տես բաժին 1:) Տիրոջ հետ կապած ուխտերը ինչպե՞ս են ազդում ձեր առօրյա կյանքի վրա:

  • Նախագահ Հինքլին ուսուցանել է, որ «մենք պիտի ուժ զարգացնենք` հետևելու մեր համոզմունքներին» (բաժին 2): Ինչպե՞ս ենք մենք երբեմն ընդգծում մեր համոզմունքները: Ինչպե՞ս կարող ենք ինքներս զորանալ գայթակղությանը դիմակայելու համար:

  • Եղիայի մասին նախագահ Հինքլիի պատմությունը ինչպե՞ս կարող ենք կիրառել մեր կյանքում: (Տես բաժին 3:) Ինչպե՞ս դուք կպատասխանեք մեկին, ով կարծում է, որ պատվիրանները խիստ սահմանափակող են: Ի՞նչ օրինակներ եք տեսել, երբ պատվիրաններին հնազանդվելը բերել է ազատություն, ապահովություն և խաղաղություն:

  • Վերանայեք Նախագահ Հինքլիի բացատրությունն այն մասին, թե Եկեղեցու ղեկավարներն ինչպես են խորհուրդներ ու նախազգուշացումներ տալիս (տես բաժին 4): Ինչպե՞ս եք դուք օրհնվել Եկեղեցու ղեկավարների խորհուրդներին հետևելով:

  • Ի՞նչ կարող ենք սովորել ուղեբեռների կորած վագոնի մասին Նախագահ Հինքլիի պատմությունից: (Տես բաժին 5:) Ինչո՞ւ են փոքր որոշումներն այդքան մեծ տարբերություն ստեղծում մեր կյանքում: Ո՞րն է այն փոքրիկ որոշումը, որը մեծ տարբերություն է բերել ձեր կյանք: Մենք ինչպե՞ս կարող ենք ճանաչել այն փոքր շեղումները, որոնք կարող են մեզ հեռու պահել Աստծո ճանապարհից:

  • Ավետարանով ապրելն ինչպե՞ս է օգնում մեզ հաղթահարել այս աշխարհի անորոշությունները: (Տես բաժին 6:) Ավետարանով ապրելն ինչպե՞ս կարող է հեշտացնել մեր կյանքը: Մտածեք, թե դուք ինչպե՞ս կարող եք ավելի ակտիվորեն հզորացնել Եկեղեցին և օգնել, որ Աստծո աշխատանքն աճի ողջ աշխարհով մեկ:

Առնչվող սուրբ գրություններ

Երկրորդ Օրինաց 4.39–40, Եբրայեցիս 5.8–9, ՎևՈւ 64.33–34, 93.26–28, 98.22, Աբրահամ 3.24–26, Հավատո Հանգանակներ 1.3

Օգնություն ուսումնասիրողին

«Կարդալը, ուսումնասիրելը և խորհելը նույնը չեն: Մենք կարդում ենք բառեր և կարող ենք ունենալ գաղափարներ: Մենք ուսումնասիրում ենք և սուրբ գրքերում կարող ենք հայտնաբերել օրինակներ և հարաբերություններ: Բայց, երբ մենք խորհում ենք, հայտնություն ենք հրավիրում Հոգու միջոցով: Խորհելը ինձ համար մտածելն ու աղոթելն է, որ ես անում եմ սուրբ գրություններն ուշադիր կարդալուց և ուսումնասիրելուց հետո» (Հենրի Բ. Այրինգ, «Ծառայեք Հոգով», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 60):

Հղումներ

  1. “If Ye Be Willing and Obedient,” Ensign, July 1995, 2.

  2. Teachings of Gordon B. Hinckley (1997), 404.

  3. “This Is the Work of the Master,” Ensign, May 1995, 71.

  4. “Opening Remarks,” Ensign or Liahona, May 2005, 4.

  5. Teachings of Gordon B. Hinckley, 148–49․

  6. Teachings of Gordon B. Hinckley, 146.

  7. “Building Your Tabernacle,” Ensign, Nov. 1992, 52.

  8. “Everything to Gain—Nothing to Lose,” Ensign, Nov. 1976, 96.

  9. Teachings of Gordon B. Hinckley, 160–61․

  10. Teachings of Gordon B. Hinckley, 404.

  11. Discourses of President Gordon B. Hinckley, Volume 2: 2000–2004 (2005), 412.

  12. “If Ye Be Willing and Obedient,” 4.

  13. Teachings of Gordon B. Hinckley, 406–7.

  14. “If Thou Art Faithful,” Ensign, Nov. 1984, 92.

  15. In Conference Report, Apr. 1965, 78.

  16. “The Times in Which We Live,” Ensign, Nov. 2001, 74.

  17. “This Is the Work of the Master,” 71.

  18. “Loyalty,” Ensign or Liahona, May 2003, 60.

  19. “The Church Is on Course,” Ensign, Nov. 1992, 59–60.

  20. “If Ye Be Willing and Obedient,” Ensign, Dec. 1971, 125.

  21. “Keep the Faith,” Ensign, Sept. 1985, 3, 6.

  22. “A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Ensign, Jan. 2001, 5–7.

  23. “Keep the Faith,” 3.

  24. “Stay the Course—Keep the Faith,” Ensign, Nov. 1995, 72.

  25. “Look to the Future,” Ensign, Nov. 1997, 69.

  26. Teachings of Gordon B. Hinckley, 138–39.

  27. “Stay the Course—Keep the Faith,” 72.