2016
Տարեց միսիոներների հիշարժան պահեր
April 2016


Տարեց միսիոներների հիշարժան պահեՐԸ

Տարեց զույգերի համար հրաշալի հիշողություններ ունենալու լավագույն եղանակներից մեկը միասին միսիա ծառայելն է:

Նկար
senior missionary couple

Երբ մեր 60–70 տարեկան ընկերները մոռանում են ինչ-որ բան, մենք հաճախ հիշողության նման կորուստները կատակով տարիքի հետ ենք կապում՝ անվանելով դրանք «տարեցներին հատուկ պահեր»: Բայց ես կցանկանայի անդրադառնալ տարիքի հետ կապված այլ պահերին, որոնք այնքան հրաշալի են, որ դրանց մասին հիշողությունները հարատև կլինեն: Դրանք այն պահերն են, երբ տարեց միսիոներական զույգը հասկանում է, որ իրենք անում են այն, ինչ Տերը կցանկանար, որ անեին: Նման հիշարժան պահերին նրանք հասկանում են, որ՝

  • Կարող են կիսվել իրենց կյանքի փորձով, և իրենց տաղանդներով, հմտություններով և ավետարանի հասկացողությամբ կարող են օրհնել մյուսների կյանքը:

  • Նրանց օրինակը օրհնություն է իրենց երեխաների և թոռների համար:

  • Ծառայելիս նրանք ամուր ընկերական կապեր են ստեղծում:

  • Օրեցօր իրենց ամուսնությունն ավելի է ամրանում:

  • Նրա անունով ծառայելը հաճելի պահեր է պարգևում:

Հիշարժան պահեր

Իմ սիրելի տարեց զույգեր, իմ ընկերներ, ձգտեք նման պահեր ապրել: Ուզում եմ անդրադառնանք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պատմությանը, թե ինչ կարողացավ անել Չիլիում ծառայող տարեց զույգը: Մահացել էր մի երիտասարդ երեցի ծնողը: Միսիայի նախագահը շատ հեռու էր գտնվում և չէր կարող անմիջապես հանդիպել այդ միսիոների հետ:

«Բայց այդ տարածքում մի հրաշալի տարեց միսիոներական զույգ էր ծառայում,- ասում է Երեց Հոլլանդը:- Նրանք եկան, նստեցին այդ միսիոների կողքին, գորովանքով սփոփեցին ու մխիթարեցին նրան, մինչև որ միսիայի նախագահը կկարողանար հանդիպել նրան: Մեր միսիաներում մենք հրաշալի երիտասարդ միսիոներներ ունեինք, բայց ոչ մի երիտասարդ միսիոներ չէր կարող այդ երեցի համար անել այն, ինչ այդ զույգը կարողացավ անել»:1

Կարիքի պահին նրանք պարզապես կարեկցանք դրսևորեցին: Նրանք մտածում էին ոչ թե օտար լեզվով, այլ Քրիստոսանման սիրո լեզվով խոսելու մասին: Նրանք չէին անհանգստանում, որ բաց թողեցին թոռնիկի ծնունդը կամ նորածնին օրհնելու պահը, որքան էլ որ կարևոր էին այդ իրադարձությունները: Նրանց համար կարևոր էր լինել այնտեղ, որտեղ Տերը կարող էր օգտագործել իրենց՝ օրհնելով Իր զավակներից մեկի կյանքը: Եվ տեսնելով նրանց կամեցող սիրտը, Նա թույլ տվեց, որ նրանք ներկայացնեին Իրեն:

Ծառայությունը հազվադեպ է հարմարավետ լինում

Ճիշտ է՝ ոչ մի տարեց միսիոների համար տնից հեռանալը հաճելի բան չէ: Նույնը կարելի է ասել Ջոզեֆ Սմիթի, Բրիգամ Յանգի, Ջոն Թեյլորի կամ Վիլֆորդ Վուդրուֆի համար: Նրանք ևս երեխաներ ու թոռներ ունեին, և մեզ նման սիրում էին իրենց ընտանիքները: Բայց նրանք նաև սիրում էին Տիրոջը և ցանկանում էին ծառայել Նրան: Մի օր մենք գուցե հանդիպենք այդ քաջարի տղամարդկանց, ովքեր օգնեցին հիմնել այս տնտեսությունը: Այդ ժամանակ մենք կցնծանք, որ մեր բաժին ծառայությունն ենք մատուցել՝ չխորշելով դրանից և ստվերում չմնալով:

Ոմանք գուցե գերադասեն ծառայել տանը: Երբ կաթվածից հետո Աազ Շումախեր Նելսոնը հայտնվեց անվասայլակին գամված, նա վախեցավ, որ գուցե չիրականանա ամուսնու՝ Դոնի հետ միսիա ծառայելու իր վաղեմի ցանկությունը: Բայց մի օր հարևանն իրենց հետ զրուցելիս պատմեց, որ Եկեղեցում միսիա է ծառայում եպիսկոպոսի պահեստում աշխատելով: Դրանից քաջալերված, նրանք զրուցեցին այդ հաստատության ղեկավարի հետ, լրացրեցին իրենց երաշխավորագրերի ձևերը և կանչվեցին շաբաթը երկու օր ծառայելու իրենց մոտակա պահեստում:

«Հեշտ է պարզապես հետ կանգնել և մտածել՝ դե իմ կարիքն այլևս չկա,- ասում է Աազ Նելսոնը,- Բայց այժմ ես զգում եմ, որ իմ կարիքը կա: Եվ դա վկայություն եղավ ինձ համար»:

Ձեր կարիքն իրոք կա

Եթե դուք գայթակղվում եք մտածելու, որ ձեր կարիքը չկա, ուզում եմ կրկին անգամ ձեզ հավաստիացնել, որ ձեր կարիքը կա: Եկեղեցում չկա մի միսիայի նախագահ, ով չուզենա իր միսիայում ծառայող լրացուցիչ զույգեր ունենալ: Տարեց միսիոներներն ամրացնում են երիտասարդ երեցներին և քույրերին: Նրանք օգնում են մյուսներին ավելի լավ ծառայել իրենց պատասխանատվության շրջանակներում: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ է նշանակում ղեկավարի համար, ով, լինելով ընդամենը մի քանի տարվա անդամ, օգնության հասնելու պատրաստ Եկեղեցու տարեց և փորձառու անդամներ ունի իր կողքին: Տարեց զույգերը հաճախ են եպիսկոպոսների և ճյուղերի նախագահների համար աղոթքների պատասխաններ դառնում:

Մենք խրախուսում ենք միսիայի նախագահներին փնտրել տարեց զույգերի, ովքեր կօգնեն բավարարել իրենց միսիայի կարիքները: Եպիսկոպոսները պետք է փնտրեն զույգերի, ովքեր կարող են ծառայել: LDS.org կայքում էջերով թվարկվում են տարեց զույգերի ծառայության հնարավորությունները: Բայց նախևառաջ զույգերը կարող են ծնկի իջնել և հարցնել Երկնային Հորը, թե արդյոք իրենց համար միասին միսիա ծառայելու ճիշտ ժամանակն է: Բոլոր արժանիքների մեջ ծառայելու ցանկությունը կարող է ամենակարևորը լինել (տես ՎևՈւ 4.3):

Տարեց միսիոներների աշխատանքը գովաբանելու հետ մեկտեղ ես հասկանում եմ, որ կան շատերը, ովքեր ցանկության հետ միասին ի վիճակի չեն ծառայել: Պետք է իրատեսորեն մոտենալ ոչ միայն վատ առողջությամբ կամ տարիքով պայմանավորված սահմանափակումներին, այլև ընտանիքի անդամների կարևոր կարիքներին: Երբ, չնայած նման խոչընդոտներին, ցանկությունը դեռևս այրում է ձեր սիրտը, մյուսները կարող են ձեր ձեռքերն ու ոտքերը լինել, և դուք կարող եք անհրաժեշտ ֆոնդեր տրամադրել:

Տարեց զույգեր, կարևոր չէ՝ ով եք դուք կամ որտեղ եք ապրում, խնդրում եմ՝ աղոթեք միասին տարեց միսիոներների հրաշալի պահեր ապրելու այս հնարավորության համար: Երկնային Հայրը կօգնի ձեզ իմանալ, թե ինչ կարող եք դուք անել:

Հղում

  1. Jeffrey R. Holland in Joseph Walker, “Elder Jeffrey Holland: LDS Church Desperately Needs More Senior Missionaries,” Deseret News, Sept. 14, 2011, 3.