2020
Տանը անցկացվող Եկեղեցին ինչ ուսուցանեց ինձ միասին հանդիպելու մասին
COVID 19․ Հավատքի ուղերձներ


Միայն թվային տարբերակով. Չափահաս երիտասարդներ

Տանը անցկացվող Եկեղեցին ինչ ուսուցանեց ինձ միասին հանդիպելու մասին

Ես տխրեցի, երբ եկեղեցու ժողովները ժամանակավորապես դադարեցվեցին համավարակի պատճառով: Այժմ ես շնորհակալ եմ սովորած դասերի համար։

Նկար
Սուրբ գրությունները բաց պահող կինը

Հեղինակն ապրում է Սկանիայում (Շվեդիա):

Եկեղեցի գնալը միշտ եղել է իմ շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը: Ինձ դուր էր գալիս միանալ ընկերներիս և ընտանիքիս հետ և մի կողմ դնել աշխարհի անհանգստությունները՝ միասին երկրպագելիս։

Այնուհետև ամեն ինչ փոխվեց համավարակի պատճառով: Այն ժամանակ Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների բազմաթիվ դեպքեր չկային և սովորականի նման դպրոցներն աշխատում էին, այնպես որ ես իսկապես չէի հասկանում, թե ինչու Եկեղեցու ղեկավարները մտածեցին, որ ժողովները դադարեցնելու անհրաժեշտություն կա: Թեև աշխարհով մեկ խառնաշփոթ էր տիրում, ես ուզում էի կիրակի հանդիպել ընկերներիս հետ: Բայց հետո ես իմացա, որ Եկեղեցու ժողովները ժամանակավորապես դադարեցվել են, և որ մենք պետք է երկրպագենք տանը: Ես և՛ տխուր էի, և՛ մի փոքր հիասթափված:

Երբ կիրակին եկավ, ես հագա զգեստս և դիմահարդարվեցի, նախաճաշեցի և ծնողներիս հետ նստեցի: Ես տեսա, որ հայրս հոգատարությամբ պատրաստեց հաղորդությունը, հացն ու ջուրը ծածկեց սպիտակ կտորով և իր սուրբ գրությունները բացեց հաղորդության աղոթքների համար:

Շուտով եկավ ժամանակը, որ հաղորդության օրհներգը երգենք: Երբ հայրս սկսեց հացը կտրել, ես ուժեղ զգացի Հոգին: Թվում էր, թե Նա ինձ ասում էր, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը հատուկ ինձ համար է: Ես սկսեցի լաց լինել, և երբ նայեցի մայրիկիս, տեսա, որ նա նույնպես լաց է լինում և ժպտում է ինձ. նա նույնպես զգում էր Հոգին:

Չնայած ես սկզբում թերահավատորեն էի վերաբերվում, հիմա գիտեմ, որ հաղորդությունը տանն ընդունելն անձնական և գեղեցիկ հնարավորություն է: Վերջին շաբաթների ընթացքում ես ավելի շատ երախտագիտություն եմ զգացել քահանայության և վերականգնված ավետարանի հանդեպ, որն առաջարկում է մեզ մխիթարություն և խաղաղություն անհանգիստ ժամանակներում: Նաև զգացել եմ այն սերը, որը մեր Երկնային Հայրը տածում է Իր բոլոր զավակների հանդեպ։ Եվ ես հատուկ երախտագիտություն եմ զգացել մարգարեի հանդեպ, ով օգնում է մեզ իմանալ, թե ինչ անել, նույնիսկ, երբ չենք հասկանում, թե ինչու:

Այն օրվանից, երբ մենք նախնական հրահանգներ ստացանք տանը եկեղեցի անցկացնելու համար, COVID-19-ով վարակվել են Շվեդիայի հազարավոր մարդիկ և այն շարունակում է տարածվել Երկրի գրեթե յուրաքանչյուր պետությունում: Եվ չնայած ես սիրում եմ մի քանի սիրելիների հետ տանը եկեղեցի անցկացնելու մտերմիկ բնույթը, ես նաև հասկացել եմ, որ այն նման չէ Եկեղեցի գնալուն և միասին՝ որպես ծուխ կամ ճյուղ երկրպագելուն։ Հաղորդության ժողովի և այլ ժողովների ժամանակ միմյանց կողմից ոգեշնչվելն անփոխարինելի է:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնն ուսուցանել է․ «Տիրոջ հիմնական նպատակներից մեկը Սրբերի այնպիսի համայնքի ստեղծումն է, որտեղ նրանք կաջակցեն մեկը մյուսին «այս նեղ և անձուկ արահետի վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք» [2 Նեփի 31․18]»։1

Ես հասկացել եմ, որ եկեղեցին ավելին է, քան ամեն շաբաթ ընկերների հետ միասին հավաքվելը: Այն հաղորդություն ընդունելու, պատկանելության զգացման, միմյանց սատարելու և Աստծո արքայության մեջ հավատքի համայնք կառուցելու մասին է: Միշտ երախտապարտ կլինեմ միասին հավաքվելու կարևորության օրհնության համար, որ կարող եմ COVID-19-ի այս ժամանակներում տանը եկեղեցի անցկացնել և նոր մտքեր ունենալ։ Հաղորդության ժողովն ավելի յուրահատուկ կլինի, երբ կարողանանք կրկին միասին հանդիպել:

Հղում

  1. Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ Եկեղեցին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 108։