Երիտասարդներ
Ճշմարտությունը կազատի ձեզ


«Ճշմարտությունը կազատի ձեզ», Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց (2022)

«Ճշմարտությունը կազատի ձեզ» Երիտասարդներին զորացնելու համար

Նկար
Նկար. Երիտասարդ կինը մոմը ձեռքին նայում է երկնքին

Ճշմարտությունը կազատի ձեզ

Հովհաննես 8.32

Ձեր Երկնային Հայրը ճշմարտության Աստված է: Նա ամենագետ է։ Ամբողջ ճշմարտությունը գալիս է Նրանից և տանում դեպի Նա: Դուք ցույց եք տալիս, որ գնահատում եք ճշմարտությունը, երբ ձգտում եք սովորել, ապրում եք շիտակ կյանքով և խիզախորեն պաշտպանում եք այն, ինչը գիտեք, որ ճիշտ է, նույնիսկ, եթե ստիպված եք միայնակ պաշտպանել այն:

Նկար
երիտասարդ տղամարդը ժպտում է

Հավերժական ճշմարտություններ

Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր դուստրերն ու որդիները միշտ սովորեն: Դուք ունեք և՛ նյութական, և՛ հոգևոր պատճառներ՝ ուսման ձգտելու և այն սիրելու համար: Կրթություն ստանում ենք ոչ միայն գումար վաստակելու համար: Այն ձեր հավերժական նպատակի մի մասն է՝ ավելի շատ նմանվել Երկնային Հորը:

Ապրել ազնվությամբ նշանակում է, որ դուք սիրում եք ճշմարտությունը ձեր ամբողջ սրտով, ավելի շատ, քան սիրում եք անձնական հարմարավետությունն ու հանրաճանաչությունը: Դա նշանակում է անել այն, ինչ ճիշտ է, պարզապես այն պատճառով, որ դա ճիշտ է:

Դուք թանկարժեք մի բան ունեք, որով կարող եք կիսվել։ Հիսուս Քրիստոսի ավետարանը պարունակում է կյանքի հարցերի պատասխանները: Այն դեպի խաղաղություն և երջանկություն տանող ուղին է: Գուցե դուք չգիտեք ամեն ինչ, բայց բավականաչափ գիտեք, որպեսզի օգնեք ուրիշներին հասկանալ և գնահատել ճշմարիտ, հավերժական սկզբունքները:

Հրավերներ

Միշտ սովորեք: Փնտրեք հնարավորություններ՝ ընդլայնելու ձեր միտքն ու ձեր հմտությունները: Այդ հնարավորությունները կարող են ներառել՝ միջնակարգ կրթություն դպրոցում կամ մասնագիտական ուսուցում, ինչպես նաև ոչ պաշտոնական ուսուցում այն աղբյուրներից, որոնց վստահում եք: Ներգրավեք Տիրոջը ձեր ջանքերում, և Նա կառաջնորդի ձեզ: Երբ սովորեք ձեզ շրջապատող աշխարհի մասին, սովորեք նաև Փրկչի մասին, որը ստեղծել է աշխարհը: Ուսումնասիրեք Նրա կյանքն ու ուսմունքները: Սեմինարիան, ինստիտուտը և ավետարանի անհատական ուսումնասիրությունը դարձրեք ձեր ողջ կյանքի ուսումնառության մասը:

Այնքան շատ սիրեք ճշմարտությունը, որ երբեք չցանկանաք գողանալ, ստել, խարդախել կամ որևէ կերպ խաբել՝ դպրոցում, աշխատավայրում, առցանց և ամենուր: Եղեք Հիսուս Քրիստոսի նույն հավատարիմ հետևորդը հրապարակայնորեն և անձնական կյանքում:

Լույս եղեք ուրիշների համար: Թող ձեր խոսքերը և ձեր գործողությունները արտացոլեն ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Պատրաստվեք հիմա Նրա փառահեղ ավետարանով կիսվելու ապագա հնարավորությունների համար՝ որպես միսիոներ և ձեր ողջ կյանքում: Եվ պատրաստ եղեք ասելու յուրաքանչյուրին, ով ձեզ հարցնում է ձեր զգացած հույսի և երջանկության մասին:

Խոստացված օրհնություններ

Կրթությունը մեծացնում է Տիրոջը ծառայելու ձեր կարողությունը: Այն ձեզ ուժ է տալիս՝ օրհնելու ուրիշներին, հատկապես ձեր ընտանիքին: Որքան շատ եք սովորում, այնքան ավելի շատ կարող եք օգնել կառուցել Աստծո արքայությունը և ի բարին ազդել աշխարհի վրա:

Ազնվությունը բերում է խաղաղություն և ինքնահարգանք: Երբ ձեր խոսքերն ու արարքները համահունչ են ճշմարտության հետ, դուք ցույց եք տալիս, որ ուրիշ մարդիկ և Տերը կարող են վստահել ձեզ:

Երբ դուք պաշտպանում եք Հիսուս Քրիստոսի ուսմունքները, Նա սատարում է ձեզ: Ուրիշները կարող են չհամաձայնվել ձեզ հետ, բայց ձեր համարձակությունն ու անկեղծությունը կնկատվեն։ Անկախ նրանից՝ ուրիշները կհետևեն ձեր օրինակին, թե ոչ, ձեր վկայությունը, վստահությունը և հավատքն առ Քրիստոս կաճի:

Նկար
հարցերի և պատասխանների պատկերակ

Հարցեր և պատասխաններ

Արդյո՞ք սխալ է Եկեղեցու վերաբերյալ հարցեր ունենալը: Ինչպե՞ս կարող եմ պատասխաններ գտնել: Հարցեր ունենալը թուլության կամ հավատքի բացակայության նշան չէ: Իրականում, հարցեր տալը կարող է օգնել հավատք կերտել։ Ավետարանի Վերականգնումը սկսվեց, երբ 14-ամյա Ջոզեֆ Սմիթը հավատքով հարցեր տվեց: Փնտրեք պատասխաններ սուրբ գրություններում, Աստծո մարգարեների խոսքերում, ձեր ղեկավարներից և հավատարիմ ծնողներից ու Աստծուց: Եթե պատասխանները անմիջապես չգան, վստահեք, որ դուք կսովորեք տող առ տող: Շարունակեք ապրել այն ամենով, ինչ արդեն գիտեք, և շարունակեք փնտրել ճշմարտությունը:

Նկար
Նկար. Ջոզեֆ Սմիթը ծնկի է իջել Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի առջև Սրբազան պուրակում:

Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել այն, ինչը ճիշտ է, առանց վիրավորելու նրանց, ովքեր տարբեր համոզմունքներ ունեն: Սկսեք՝ համոզվելով, որ ձեր խոսքերն ու գործողությունները ներշնչված են Աստծո և Նրա զավակների հանդեպ սիրուց: Ավետարանով կիսվելը չպետք է արվի հակառակության ոգով, այլ ավելի շուտ՝ պարզությամբ, հեզությամբ և բարությամբ: Դուք կարող եք սիրել ուրիշներին, նույնիսկ, եթե համաձայն չեք նրանց տեսակետների հետ:

Տես Մատթեոս 5.14–16 (թող ձեր լույսը փայլի), Հովհաննես 14.6 (Հիսուսն է ճշմարտությունը), Ա Պետրոս 3.15 (միշտ պատրաստ եղեք կիսվելու ձեր հույսով, որ Քրիստոսում է), Վարդապետություն և Ուխտեր 88.77–80 (բաներ, որոնք Տերն ուզում է, որ մենք սովորենք), 93.36 (Աստծո փառքը բանականությունն է), 124.15 (շիտակությունը նշանակում է սիրել այն, ինչ ճիշտ է), 130:18 (մեր բանականությունը կբարձրանա մեզ հետ, երբ մենք հարություն առնենք):

Նկար
տաճարի պատկերակ

Տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցեր

Դուք ձգտո՞ւմ եք ազնիվ լինել Ձեր բոլոր գործերում։