Սուրբ գրություններ
Մորմոն 7


Գլուխ 7

Մորմոնը հորդորում է վերջին օրերի Լամանացիներին հավատալ Քրիստոսին, ընդունել նրա ավետարանը և փրկվել – Բոլորը, ովքեր հավատում են Աստվածաշնչին, կհավատան նաև Մորմոնի Գրքին: Մոտ 385թ. Ք.ծ.հ.:

1 Եվ այժմ ահա, ես կկամենայի խոսել որոշ բան այս ժողովրդի մնացորդի համար, ովքեր խնայվել են, եթե լինի այնպես, որ Աստված իմ խոսքերը տա նրանց, որպեսզի նրանք կարողանան իմանալ իրենց հայրերի գործերը. այո, ես խոսում եմ ձեզ համար, դո՛ւք, Իսրայելի տան մնացորդ. և սրանք են խոսքերը, որ ես ասում եմ.

2 Իմացեք, որ դուք Իսրայելի տնից եք:

3 Իմացեք, որ դուք պետք է գաք ապաշխարության, այլապես դուք չեք կարող փրկվել:

4 Իմացեք, որ դուք պետք է վար դնեք ձեր պատերազմի զենքերը, և այլևս չհրճվեք արյուն թափելով, և կրկին դրանք չվերցնեք, մինչև Աստված չպատվիրի ձեզ:

5 Իմացեք, որ դուք պետք է գաք ձեր հայրերի իմացությանը, և ապաշխարեք ձեր բոլոր մեղքերից ու անօրինություններից, և հավատաք Հիսուս Քրիստոսին, որ նա Աստծո Որդին է, և որ նա սպանվել է հրեաների կողմից, և Հոր զորությամբ նա կրկին հարություն է առել, որով նա հաղթանակ է ձեռք բերել գերեզմանի վրա. և նաև նրանում է մահվան խայթոցը կուլ գնացել:

6 Եվ նա իրականացնում է մեռելների հարությունը, որի միջոցով մարդը պետք է բարձրացվի՝ կանգնելու նրա ատյանի առջև:

7 Եվ նա իրականացրել է աշխարհի փրկագնումը, որի միջոցով, նա, ով դատաստանի օրն անմեղ կգտնվի նրա առջև, նրան թույլ կտրվի բնակվել Աստծո ներկայության մեջ, իր արքայությունում, անդադար գովքեր գովերգելու երգչախմբերի հետ վերևում՝ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, որոնք մեկ Աստված են, երջանկության մի վիճակում, որը վերջ չունի:

8 Հետևաբար, ապաշխարեք և մկրտվեք Հիսուսի անունով, և կառչած մնացեք Քրիստոսի ավետարանից, որը մատչելի կդարձվի ձեզ, ոչ միայն այս հիշատակարանում, հիշատակարան, որը պիտի գա ձեզ հեթանոսներից, այլ նաև այն հիշատակարանում, որը պիտի գնա հեթանոսներին հրեաներից:

9 Քանզի ահա, սա գրվում է այն նպատակով, որ դուք հավատաք դրան. և եթե դուք հավատաք դրան, դուք կհավատաք նաև սրան. և եթե դուք հավատաք սրան, դուք կիմանաք ձեր հայրերի մասին, և նաև այն զարմանալի գործերի մասին, որոնք գործվել են նրանց մեջ Աստծո զորությամբ:

10 Եվ դուք կիմանաք նաև, որ դուք Հակոբի սերնդի մի մնացորդ եք. հետևաբար, դուք համարվում եք առաջին ուխտի ժողովրդի հետ. և եթե լինի այնպես, որ դուք հավատաք Քրիստոսին և մկրտվեք, նախ՝ ջրով, հետո՝ կրակով և Սուրբ Հոգով, հետևելով մեր Փրկչի օրինակին, համաձայն նրա, ինչ նա պատվիրել է մեզ, ձեզ համար լավ կլինի դատաստանի օրը: Ամեն: