Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Քրիստոսի ծննդյան մարգարեական հայտարարությունները


Քրիստոսի ծննդյան մարգարեական հայտարարությունները

Սուրբ Ծննդյան տոներին մենք՝ հավատացյալներս, տոնում ենք Հավերժական Հոր Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը: Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր երեկոն մեր տոնակատարության օրինակն է, և այդ առթիվ ես կխոսեմ Նրա ծննդյան մարգարեական հայտարարությունների մասին:

Ոչ մի հայտարարություն այնքան նշանակալից չէր, որքան հրեշտակի հայտնվելը Մարիամին:

«Եւ հրեշտակը ասեց նորան. Մի վախենար, Մարիամ. Որովհետեւ Աստուածանից շնորհք գտար։

Եւ ահա կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. Եւ նորա անունը Յիսուս կ’դնես։

Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. Եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան.

Եւ նա յաւիտեան կ’թագաւորէ Յակոբի տան վերայ. Եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ» (Ղուկաս 1.30–33):

Աստծո Որդու մահկանացու ծնունդը և կյանքն ու մահը կարևոր էին մեր Երկնային Հոր ծրագրում՝ «իրականացնելու մարդու անմահությունը և հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Նախքան երկրի արարումը Հիսուս Քրիստոսն ընտրվեց, որ անցներ մահկանացու փորձությունը և լիներ Փրկիչը, ով պիտի իրագործեր այդ ծրագիրը (տես Մովսես 4.2): Հայր Ադամին պատվիրվել էր զոհեր մատուցել, որը «Հոր Միածնի զոհաբերության նմանությունն է, որը լի է շնորհով և ճշմարտությամբ։ Ուստի [ուսուցանվել էր նա], դու պետք է ամեն ինչ անես Որդու անունով, և դու պետք է ապաշխարես և կանչես առ Աստված առհավետ՝ Որդու անունով» (Մովսես 5.7–8):

Մովսեսի գրքում ևս կարդում ենք Աստծո փրկության ծրագրի Իր իսկ բացատրությունը՝ «բոլոր մարդկանց համար, իմ Միածնի արյան միջոցով, որը պիտի գա ժամանակների գագաթնակետին» (Մովսես 6.62): Հայր Աստված մեզ պատվիրել է հավատալ և ապաշխարել «Միածին Որդու անունով, որը լի է շնորհով ու ճշմարտությամբ, որը Հիսուս Քրիստոսն է, միակ անունը, որը պիտի տրվի երկնքի տակ, որով փրկություն կգա մարդկանց զավակներին» (Մովսես 6.52):

Հին Կտակարանի մեծ մարգարե Եսայիան հայտարարել է Մեսիայի ծննդյան մասին. «Տէրն ինքը ձեզ նշան կ’տայ, – ասել է նա: – Ահա կոյսը կ’յղանայ եւ կ’ծնէ մի որդի, եւ նորա անունը կ’կանչէ Էմմանուէլ» (Եսայիա 7.14):

Բացի այդ, Եսայիան հայտարարել է.

«Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կ’լինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կ’կոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։

Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չ’կայ, Դաւիթի աթոռի վերայ եւ նորա թագաւորութեան վերայ, որ նորան հաստատէ եւ պնդացնէ նորան իրաւունքով եւ արդարութիւնով հիմակուանից մինչեւ յաւիտեան» (Եսայիա 9.6–7):

Քրիստոսի ծննդյան մասին հայտնվել է նաև Մորմոնի Գրքի մարգարեներին: Փրկիչի ծննդից վեց հարյուր տարի առաջ Լեքին ուսուցանել է, որ Աստված հրեաների միջից կբարձրացնի «մի Մեսիայի, կամ, այլ խոսքով, աշխարհի մի Փրկչի» (1 Նեփի 10.4):

Մարգարե Աբինադին հայտարարել է.

«Մի՞թե Մովսեսը նրանց չէր մարգարեացել Մեսիայի գալստյան վերաբերյալ, և որ Աստված պետք է փրկագներ իր ժողովրդին։ Այո, և նույնիսկ բոլոր մարգարեները, որոնք երբևէ մարգարեացել են, նույնիսկ աշխարհի արարումից ի վեր, մի՞թե նրանք չեն խոսել շատ կամ քիչ այս բաների վերաբերյալ։

Մի՞թե նրանք չեն ասել, որ Աստված ինքը պիտի գա ներքև՝ մարդկանց զավակների մեջ, և մարդու կերպարանք վերցնի իր վրա, և առաջ գնա մեծ զորությամբ երկրի երեսին» (Մոսիա 13.33–34):

Մարգարե Նեփին արձանագրել է, թե ինչպես հրեշտակն իրեն մի կույս ցույց տվեց Նազարեթ քաղաքում՝ հայտարարելով. «Նայի՛ր, կույսը, որին դու տեսնում ես, Աստծո Որդու մայրն է՝ մարմնական ձևով» (1 Նեփի 11.18):

«Եվ եղավ այնպես [գրել է Նեփին], որ ես տեսա, որ նա Հոգով տարվեց հեռու. և կույսը որոշ ժամանակի ընթացքում Հոգով հեռու տարվելուց հետո, հրեշտակը խոսեց ինձ հետ, ասելով՝ Նայի՛ր։

Եվ ես նայեցի ու կրկին տեսա կույսին՝ մի երեխա գրկած իր ձեռքերում։

Եվ հրեշտակն ասաց ինձ. Ահա Աստծո Գառը, այո, հիրավի, Հավերժական Հոր Որդին» (1 Նեփի 11.19–21, տես նաև Ալմա 7.9–10):

Բոլորս ծանոթ ենք առաջին հայտարարությանը, որ արվեց Հիսուսի ծննդից հետո: Մեծ նշանակություն ունի այն փաստը, որ այդ երկնային հայտարարությունն արվեց մի խումբ մարդկանց, որոնք, ինչպես ասվում է, ժամանակի ամենախոնարհ սոցիալական դասի մարդիկ էին:

«Եւ այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին։

Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին, եւ Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց. Եւ մեծ վախով վախեցան։

Եւ հրեշտակն ասեց նորանց. Մի վախենաք, որովհետեւ ահա մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի.

Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը …

Եւ յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւն, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում.

Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն» (Ղուկաս 2.8–11, 13–14):

Մի քանի օրվա տարբերությամբ այդ լուրը հաջորդեց Փրկիչի ծնունդին, հայտարարվելով երկու տարբեր շատ սուրբ անձանց , որոնց այսօր տաճարային ծառայողներ կանվանեինք.

«Եւ ահա Երուսաղէմումը մի մարդ կար, որի անունը Սիմէօն էր, եւ այս մարդը արդար եւ աստուածավախ էր, եւ սպասում էր Իսրայէլի մխիթարութեանը, եւ Սուրբ Հոգի կար նորա վերայ։

Եւ նորան պատգամ էր եղած Սուրբ Հոգիիցը, որ մահ չի տեսնիլ, մինչեւ որ Տիրոջ Քրիստոսին կ’տեսնէ։

Եւ Հոգիովն եկաւ տաճարը, եւ երբոր ծնողքը Յիսուս երեխային բերին, որ օրէնքի սովորութեան պէս նորա վերայ անեն,

Նա էլ առաւ նորան ընդունեց իր գիրկը, եւ Աստուծուն օրհնեց, եւ ասեց.

Հիմա արձակում ես քո ծառային, ով Տէր, քո խօսքի պէս խաղաղութիւնով.

Որովհետեւ իմ աչքերը տեսան քո փրկութիւնը» (Ղուկաս 2.25–30):

Երկրորդ հայտարարությունն արվեց մի սուրբ կնոջ՝ նույնպես տաճարում: Աննային, ում սուրբ գիրքն անվանում է «մարգարէուհի ... ինքը շատ օրեր էր անցրել ...

Եւ ութսուն եւ չորս տարուայ չափ որբեւայրի էր, որ տաճարիցը չէր հեռանում. Ծոմերով եւ աղօթքներով գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստուծուն։

Սա էլ նոյն ժամումը վերկացաւ՝ Տէրիցը գոհանում էր եւ խօսում էր նորա մասին այն ամենին որ Երուսաղէմի մէջ փրկութեան սպասում էին» (Ղուկաս 2.36–38):

Մինչ այժմ մեջբերված մարգարեություններն ու հայտարարությունները Փրկիչի առաջին գալուստի մասին էին: Այժմ մենք նախապատրաստվում ենք Տիրոջ Երկրորդ Գալուստին՝ մի ժամանակի, որին անհամբեր սպասում են հավատացյալները, և որից սարսափում ու որը մերժում են անհավատները: Մեզ պատվիրվել է «կանգնել սուրբ տեղերում և չշարժվել, մինչև որ Տիրոջ օրը գա. քանզի ահա, այն արագ մոտենում է» (ՎևՈւ 87.8): Այդ «սուրբ տեղերն», անկասկած, ընդգրկում են տաճարը և հավատարիմ պահված տաճարային ուխտերը, երեխաներին սիրող և ուսուցանող ընտանիքը և քահանայության իշխանությամբ մեզ հանձնարարված տարբեր կոչումների մեր պարտականությունները, ներառյալ՝ միսիաները, տաճարները և ճյուղերում, ծխերում ու ցցերում հավատարմորեն կատարված մյուս ծառայությունները:

Մինչ նախապատրաստվում ենք Նրա Երկրորդ Գալուստին և մինչ կանգնում ենք սուրբ տեղերում, մենք շարունակում ենք Սուրբ Ծնունդը դիտել ոչ միայն որպես «Ողջույնների» կամ «Ուրախ տոների» ժամանակաշրջան, այլ նաև որպես Աստծո Որդու ծնունդը տոնելու և Նրա ուսմունքներն ու Նրա Քավության հավերժական նշանակությունը հիշելու ժամանակաշրջան: Ես աղոթում եմ, որ մենք դա անենք հավատարմությամբ:

Ես վկայում եմ այս ամենի ճշմարտացիության մասին Նրա՝ Հիսուս Քրիստոսի անունով, ում ծնունդը մենք տոնում ենք, ամեն: