2023 թվականի հոգևոր հավաքներ
Հույսով լցված ապագա


Հույսով լցված ապագա

Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար

Կիրակի, հունվարի 8, 2023 թ․

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ. Մեր սիրելի երիտասարդ ընկերնե՛ր, ամենուրեք, Որքա՜ն ենք քույր Հոլլանդը և ես երախտապարտ` այս երեկո ձեզ հետ լինելու համար: Թեև ժամանակակից տեխնոլոգիայի հրաշքի միջոցով մենք կապվում ենք ձեզանից շատերի հետ ամբողջ աշխարհում, մենք հիացած ենք՝ ունենալով անձնական լսարան այստեղ` այս համալսարանում և այստեղի կրոնի ինստիտուտում, որտեղ Փաթը և ես սկսել ենք մեր համալսարանական կրթությունը, ժամադրվել ենք ու ամուսնացել:

Այժմ սպասում եմ տեսնելու, թե արդյոք սենյակով սարսուռ անցավ, երբ ասացի ամուսնություն բառը: Մի տագնապեք։ Այս երեկո մենք չենք պատրաստվում խոսել ամուսնության մասին: Ձեզանից ոմանք արդեն ամուսնացած են, և մենք չենք ցանկանում, որ ձեր մնացած մասը ճչալով դուրս վազեն սենյակից: Բայց ես անդրադառնում եմ հատկապես այն օրերին, երբ մենք չափահաս երիտասարդներ էինք՝ տարված ռոմանտիկ հովերով ու մտքերով, որ եթե դա տեղի ունեցավ մեզ հետ այսպիսի մի երեկոյի ժամանակ, ո՞վ գիտե: Գուցե դա տեղի ունենա ուրիշների հետ ևս:

Անշուշտ, ձեզանից շատերը քույրեր, ասել են մեզ, որ կան որոշ տղամարդիկ, որոնց պետք է հարվածել, եթե ոչ Կուպիդոնի նետով, ապա գուցե բեյսբոլի փոքրիկ մահակով: Եթե կա որևէ երիտասարդ կին, որը նստած է այս նկարագրությանը համապատասխանող երիտասարդ տղամարդու կողքին, երեց և քույր Հոլլանդները թույլ են տալիս արմունկով հպվել նրա կողին՝ բավական նրբորեն՝ սեր փոխանցելու համար, և բավականաչափ կտրուկ՝ իմաստն ընդգծելու համար: Մենք ուրախ կլինենք, եթե այդպիսի հպումը գործի այնպես, ինչպես այն գործեց մեզ համար, սակայն մեր դեպքում` իմ արմունկն էր և Քույր Հոլլանդի կողոսկորը:

Այս գալիք հունիսին կլրանա 60 տարին, երբ ես և Փաթը ամուսնացանք Սենթ Ջորջի տաճարում, որը կես մղոն է հեռու այս համալսարանի տարածքից: Վեց տասնամյակ միասին լինելով ողջունելի հնարավորություն է` հրաժեշտ տալու մի ժամանակաշրջանի, որը շատերի համար դժվար է եղել, իսկ ոմանց համար՝ ողբերգական: Մենք աստիճանաբար դուրս ենք գալիս COVID-19 համավարակից, բայց գրեթե Աստվածաշնչյան չափերի հասնող այդ ժանտախտը դեռ շատ իրական խնդիր է աշխարհի շատ մասերում, քանի որ այդ հիվանդությունից դեռևս միջինում գրանցվում է 1,700 մահ օրական։1 Այս աղետը վնաս է հասցրել ոչ միայն ֆիզիկական առողջությանը, այլև այս կամ այն կերպ մոլորակի գրեթե բոլոր մարդկանց սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքին:

Մեկ այլ պատուհաս է դեռևս տարածվում արևելյան Եվրոպայում, որտեղ միլիոնավոր մարդիկ, ներառյալ Եկեղեցու անդամներ, վնասներ են կրել, տեղահան են արվել կամ կորցրել են իրենց իսկ կյանքը մի հակամարտության մեջ, որն իրենք չեն սանձազերծել, և որին արժանի չէին: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ, երբ հանձնարարությամբ Եվրոպայում էինք, ես և քույր Հոլլանդը հանդիպեցինք այդ ուկրաինացի փախստականներից մի քանիսի հետ: Մենք ծիծաղեցինք և արտասվեցինք ու աղոթեցինք նրանց հետ, ովքեր թողել էին ամեն ինչ և փախուստի դիմել՝ վերցնելով միայն իրենց հագուստը: Մենք նույն զգացումներն ու վիշտը զգացինք Ռուսաստանի ներսում գտնվող մեր հավատարիմ անդամների հանդեպ, ովքեր նույնպես անմեղ տեղը տուժել են այդ հակամարտությունից: Ի հավելումն այդ ողբերգությունների, աշխարհի շատ վայրերում մենք տեսնում ենք զանգվածային կրակոցներ, ներառյալ մի ողբերգություն հենց անցյալ շաբաթ այստեղ` Յուտայի հարավում, անբարոյական բովանդակությամբ զվարճանք և քաղաքական գործունեություն, որոնցում այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են շիտակությունը, բարությունը և ազնվությունը թվում է մոռացված են:

Եվ իհարկե, կան բազմաթիվ այլ մշակութային ու հասարակական խնդիրներ, որոնք անհանգստացում են մեզ: Բայց մենք չենք եկել այս երեկո ընկճելու ձեզ աշխարհի խնդիրներով: Իրականում, մենք եկել ենք ճիշտ հակառակ պատճառով։ Մենք գիտակցում ենք հասկանալի հոռետեսությունը, որը կախված է ձեր սերնդի վրա: Եվ մենք ներողություն ենք խնդրում, որ մեր սերունդը չի լուծել այդ խնդիրներից մի քանիսը, որոնց դուք բախվում եք այժմ: Բայց մենք կոչ ենք անում ձեզ և ցանկացած այլ երիտասարդ Վերջին Օրերի Սրբի` լինել բարոյական հոգևոր ուժի առաջնագծում, որը կարող է լուծել դրանք, որը կարող է հետ մղել վախի, հոռետեսության և մեզ շրջապատող անհանգստության ալիքը: Ձեզ համար շատ կարևոր է աղոթել, որ ոչ միայն Տերը տնօրինի ձեր կյանքում,2 ինչպես ասում է նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, այլ նաև աղոթեք, որ ձեր կյանքի արժեքները գերակայեն մյուսներին, ովքեր դեռևս այնքան էլ վստահ չեն: Եթե որպես Տեր Հիսուս Քրիստոսի առանձին աշակերտներ, մենք բոլորս ավելի սիրառատ, խաղաղ ու բարի լինենք, եթե բոլորս փորձենք մեր ուժերին ներածին չափով պահել Աստծո պատվիրանները, ապա մենք բոլոր հիմքերն ունենք վստահ զգալու աշխարհի և մեր սեփական վիճակի վերաբերյալ: Քայլելով դեպի ապագան այս ձևով`լցված խաղաղությամբ և աստվածային խոստումով, մենք կարող ենք բացարձակապես ապշեցուցիչ ազդեցություն ունենալ աշխարհի վրա: Աբրահամ Լինկոլն ասել է մի անգամ, որ նա փորձում էր արմատախիլ անել մի մոլախոտ և դրա փոխարեն տնկել մի ծաղիկ ամեն անգամ, երբ ստանում էր այդ հնարավորությունը: Եթե մենք բոլորս անեինք դա, մեր բարոյական և հոգևոր անապատները կարճ ժամանակում իսկական այգիներ կդառնային:3

Ձեզանից նրանք, ովքեր Գերմանիայում են, որտեղ այնքան մեծ քրիստոնեական հյուրընկալություն է ցուցաբերվում այդ ուկրաինացի փախստականներին, որոնց մենք հանդիպեցինք, կճանաչեն Յոհան Գյոթեին վերագրվող ասացվածքը, որ «եթե ամեն մարդ ավլեր իր սեփական դռան շեմի առջևը, ամբողջ աշխարհը շուտով մաքուր կլիներ»:

Այսպիսով, գիտակցելով մարտահրավերները և ցանկանալով դրանց լուծման ուղիներ առաջարկել, ես և քույր Հոլլանդը այս երեկո եկել ենք այստեղ, և ինչպես Պետրոս Առաքյալն է ասել, մենք պետք է «միշտ պատրաստ լինենք պատասխան տալու … [մեր] մեջ եղած հույսի [համար]»:4 Մենք խոսելու ենք հույսի մասին՝ հայտարարելով, որ մենք երբեք չպետք է կորցնենք այն կամ նրա քույր առաքինությունները` հավատքն ու գթությունը: Մենք գիտակցում ենք, որ սերտորեն կապված այդ սկզբունքները սահմանելու բազմաթիվ եղանակներ կան, և այս երեկո դուք կլսեք մեր մի քանի սահմանումների առաջարկները: Դուք կլսեք նաև մեզ հայտարարելիս Մորոնիի հետ, որ հույսը կարևոր է, եթե մենք պետք է «ստանանք [այն] ժառանգությունը, որ [Աստված] է պատրաստել [մեզ համար]»:5 Մենք կամենում ենք, որ դուք պահանջեք այդ ժառանգությունը՝ որպես թագավորի որդիներ և դուստրեր: Այդ անելու համար, մենք պետք է հասկանանք, որ հույսը բնությունից տրված լավատեսի ուղերձն ու ոճը չէ, դա բոլոր նրանց արտոնությունն է, ովքեր հավատում են:6 Որպես հավատացյալ, ով բացարձակապես լցված է հույսով (և հավատքով և գթությամբ), Քույր Հոլլանդը այս երեկո շատ ուժեղ է զգում այս համաշխարհային հավաքի կարևորությունը և թե որն է ձեր դերը գալիք օրերին: Նա գիտի, որ դուք այն խումբն եք, որին մենք փոխանցում ենք էստաֆետը և զգում է, որ կարևոր է, որ դուք քայլ անեք և ընդունեք ձեր ճակատագիրը: Քույր Հոլլանդ.

Քույր Պատրիսիա Թ. Հոլլանդ. Ես իսկապես ուժեղ զգացողություն ունեմ ձեր վերաբերյալ: Ես հավատում եմ, որ դուք երիտասարդ չափահասների ամենաուժեղ սերունդն եք, որ աշխարհը երբևէ իմացել է: Ես սիրում եմ ձեզ դրա համար: Երեց Հոլլանդն ու ես երախտապարտ ենք, որ դուք պահում եք ձեր ուխտերը և ձգտում անել այն, ինչ ճիշտ է: Եվ քանի որ դուք այդքան շատ եք, դուք կունենաք այդ զորությունը, որի մասին խոսեց Երեց Հոլլանդը: Ես տեսնում եմ ձեր լույսն այս սենյակում: Դա այնքան պայծառ է: Այն ստիպում է ինձ մտածել այն մասին, երբ Փրկիչը հայտնվեց Նեփիացիներին: Նա ասաց. «Ուստի, բարձր պահեք ձեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին: Ահա, ե՛ս եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք»:7 Մի ժամանակ մենք էլ ձեզ նման երիտասարդ էինք, իսկ այժմ ծերացել ենք։ Երբ հետ եմ նայում իմ կյանքին, և եթե կարողանայի նորից ապրել դրա որևէ մասը, ես այլ կերպ կանեի մի բան, լիովին այլ կերպ՝ ես կպարզեցնեի։ Ինձ թվում է, որ ամեն ինչ ավելի լավ է, երբ պարզեցված է՝ մեր սնունդը, մեր հագուստը, մեր կահավորանքը և մեր օրվա ռեժիմը։ Իմ պատանեկության տարիների հետ կապված ես ամենաշատը ափսոսում եմ, որ չէի տեսնում ավետարանի պարզ գեղեցկությունը․ նույնիսկ ավետարանն էի չափազանց բարդացրել։ Այնպիսի զգացողություն ունեի, որ այն չափազանց ճնշող էր, չափազանց դժվար, իսկ երբեմն՝ նույնիսկ չափազանց առեղծվածային։ Ինձ թվում էր, որ նույնիսկ որպես երիտասարդ չափահաս, ես պետք է բարձրանայի արդարության լեռը, անցնեի մաքրագործման բոցավառ հնոցի միջով և լուծեի մարդկությանը հայտնի ամեն մի վարդապետական հակասություն, որ երբևէ ընդունելի լինեի Աստծո առաջ։

Ավելորդ է ասել, որ դա ավելին էր, քան հարավային Յուտայից մի փոքրիկ աղջիկ զգում էր, որ կարող է հաղթահարել։ Դա նման էր մեկի կողմից մի անգամ ասված հետևյալ խոսքերին․ «Պատճառը, որ մարդիկ չեն միանում ձեզ՝ քրիստոնյաներիդ, այն է, որ դուք ձեր կրոնը կրում եք գլխացավի պես` փշե պսակի նման»։ Միայն մի մարդ կա, որը ստիպված է եղել կրել այդ փշե պսակը, և Նա դա արեց, որպեսզի մենք ապրենք ուրախ, լիառատ ու խաղաղ, այլ ոչ թե հուսահատ կյանքով։ Երբեք նախատեսված չի եղել, որ ավետարանը լինելու է այն լեռը, որը փոքրիկ աղջիկը չէր կարող մագլցել։ Նա ցանկանում էր, որ այդ աղջիկը և աշխարհի բոլոր մարդիկ միշտ լցված լինեն հույսով։ Նա ցանկանում է, որ մենք իմանանք, որ ավետարանը գեղեցիկ է իր պարզության մեջ և պարզ է իր գեղեցկության մեջ:

Բայց խնդրում եմ սխալ չհասկանալ։ Խոսելով հույսի մասին՝ ես նկատի չունեմ, որ Քրիստոսը պետք է կախարդական փայտիկ կամ ժամանակակից լուսարձակ թուր տա մեզ։ Մեր հույսը պետք է լինի ավելին, քան Պինոքիոյինը, «երբ երազանք ես պահում ընկնող աստղ տեսնելիս»․8 այն պետք է լինի այն հույսը, որի մասին ուսուցանել է Փրկիչը։ Իմ երիտասարդ եղբայրներ և քույրեր, դա պարգև է, Նրա պարգևն է՝ տրված մեզ և ողջ մարդկության ընտանիքին։ Մենք պետք է ընդունենք այն որպես լույս, որը փայլում է շատ մութ աշխարհում։ Ինչպես ասել է մի գրող՝ «Ոչ ոք լիովին թշվառ չէ, [բացի] նրանցից, ովքեր ապրում են առանց հույսի»։9

Հույսի այդ պարգևը բացահայտելու քաղցր պարզությունն այն է, որ պետք չէ փնտրել այն. դուք չպիտի վազեք դրա հետևից. դուք չեք կարող ստեղծել այն։ Ինչպես շնորհի շատ դրսևորումների դեպքում, դուք ձեռք չեք բերի այն՝ հենվելով ձեր կամ այլ մահկանացուների ուժի վրա։ Չկան գաղտնի բանաձևեր կամ անհրաժեշտ օրհնությունները ստանալու հեշտ ու հստակ ուղիներ։ Այն չի բխի խոր շնչառական վարժություններից (որքան էլ արժեքավոր են) կամ մեկ այլ գիրք կարդալուց, թե ինչպես գտնել երջանկություն։

Իսկապես, մեր դերը կարևոր է, բայց իրականում շատ փոքր. Աստծունն է առաջադրանքի ավելի մեծ մասը։ Մեր մասը Նրա մոտ խոնարհությամբ ու պարզությամբ գալն է, հետո` չանհանգստանալն ու չվախենալը։10 Ինչո՞ւ այդքան պարզ։ Քանի որ այն ամենի հետևում, ինչ ուսուցանել է Քրիստոսը՝ յուրաքանչյուր սուրբ գրության, պատմության և առակի մեջ, այն խոստումն է, որ Աստծո հետ «ամեն ինչ հնարավոր է»,11 խոստում, որ Աստծո զորությունը կարող է սրբել բոլոր արցունքները։12 Մենք պետք է թողնենք անձնական հուսահատությունը և հանգստություն փնտրենք Տիրոջում։13 Ուստի, մենք գալիս ենք Նրա առջև հեզ ու խոնարհ սրտով՝14 ստանալու օրհնությունները, որոնք գալիս են Նրա անսպառ սիրուց։ Մենք պետք է վստահենք փոքրիկ երեխայի կամ փոքրիկ գառնուկի նման, որ մենք իսկապես գտնվում ենք Նրա մեծ հոտում։

Մեր սրտերը միշտ անհանգիստ կլինեն, մինչև նրանք հանգստություն չգտնեն Աստծով:

Հեզ և սրտով խոնարհ լինելու այս կոչը` սակավաթիվ նկարագրություններից մեկը, որ Տերը տվել է Իր մասին, որ Նա հեզ էր և սրտով խոնարհ, կոչ է մեզ բոլորիս, որպես Նրա աշակերտներ: Եթե մենք կարողանանք այդպես ապրել, Նա ասում է, որ մենք հանգիստ կգտնենք մեր հոգիների համար և կբացահայտենք, որ Նրա լուծը քաղցր է և Նրա բեռը թեթև։15 Ես հասկանում եմ հեզ ու խոնարհ լինելու այս կոչը կրկին ու կրկին, երբ կարդում եմ սուրբ գրությունները։ (Գուցե դա այն պատճառով է, որ ես դրա կարիքն ունեմ կրկին և կրկին:)

Ես հաստատ գիտեմ մի բան, որ մեծ հոգևոր հետևանքների հանգեցնող ոչ մի գործողություն չի կատարվել մեկի կողմից, ով չի ունեցել մեծ հույս և չի եղել խոնարհ։ Այսպիսի մտածելակերպն է, որ հուսով ենք կօգնի ձեզ այս երեկո սովորել այն, քանի դեռ երիտասարդ եք։ Մենք ցանկանում ենք մեր ամբողջ սրտով, որ դուք իմանաք, որ Աստված ձեր Հայրն է, որ Նա «կրել է [ձեզ] արգանդից»,16 որ Նա ձեզ համար ծրագրեր ունի՝ «ապագայի հույսով» ծրագրեր»։17

Թույլ տվեք կիսվել ձեզ հետ Հին Կտակարանի իմ սիրելի երկու հատվածներով, որտեղ օգտագործվում է նմանատիպ խոսքեր։ Եսայիան ասում է․

«Լսե՛ք ինձ, ո՛վ Հակոբի տուն, և դուք՝ Իսրայելի տուն, … դուք, որ բեռնավորել էիք ձեր ծննդից, որոնց ես կրեցի … արգանդից։…

… Մինչև ձեր ծերությունն էլ, … մինչև ալևորություն պիտի կրեմ ձեզ․ ե՛ս ստեղծեցի, և ե՛ս պիտի կրեմ, … ես կկրեմ և կազատեմ ձեզ»։18

Իսկ Երեմիան գրում է․

«Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։

«Ապա Դուք կկանչեք ինձ և …կաղոթեք ինձ, և ես կլսեմ ձեզ»։19

Իմ երիտասարդ եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ իմ անձնական փորձառությունից ծնված ճշմարտության մասին, որ այս խոստումների իրականացման գործում մեր Երկնային Հայրը կկատարի իր մասը։ Մեզանից է կախված պարզապես հավատալ, թե հավատալ բացարձակապես` լինել մանուկների նման մեր հեզությամբ և հատկապես մեր երախտագիտությամբ, երբ ստանանք Նրա պարգևները։ Ցանկանու՞մ եք իսկապես հիանալի տարի ունենալ այս տարի։ Ցանկանու՞մ եք հույսով լի ապագա ունենալ։ Հավատո՞ւմ եք, որ օրհնություններ են սպասվում ձեզ։ Բավարար չափով տեսնու՞մ եք Աստծո բարությունը, որպեսզի շարունակեք հուսալ և հասնել դրան։ Զավեշտն այն է, որ դա արվում է ծնկի իջնելով, խոնարհվելով, նույնիսկ գուցե Աստծո ոտքերի մոտ ընկնելով։ Ինչպիսի՜ քաղցր պարզություն։ Ծնկի գալ, խոնարհվել, ընկնել «շնորհի աթոռի» առջև։20

Երեց Հոլլանդը նշեց, որ դուք կգտնեք հույսի այս թանկարժեք պարգևը Աստծո երկու այլ պարգևների հետ միասին, որոնք են` հավատքը և գթությունը։ Խնդրում եմ, մի արեք այն, ինչ ես էի անում, երբ երիտասարդ էի, այս առաքինությունները մի դարձրեք այնքան վիթխարի ու բարդ, որ հուսահատվեք դրանք հասկանալու փորձերից։ Փայփայեք դրանց պարզությունը։

Ես առաջարկում եմ ձեզ այս պարզ փոքրիկ հաջորդականությունը։ Հավատքը ակտիվորեն վստահելն է Աստծուն և Հիսուս Քրիստոսին, հույսը վստահությունն է, որ Նա կօգնի մեզ, իսկ գթությունը Նրա սերն է և մեր միջոցով աշխատելու ունակությունը`ուրիշներին օրհնելու համար։

Ինչ վերաբերում է գթությանը ես իմացա, որ մեզնից ոչ ոք չունի եռանդ, ժամանակ կամ ուժ՝ անելու այն ամենը, ինչ մեր սրտերն են ցանկանում, որ մենք անենք: Մենք չենք կարող անել այդ ամենը․ մեր սիրտը գերազանցում է մեր կարողություններին։ Որքա՜ն հրաշալի է, որ Աստծո զորությունը, որը գործում է մեր միջոցով, կարող է ընդլայնել մեր համեստ ազդեցությունը, կարող է բազմապատկել մեր սահմանափակ ջանքերը և անել ուրիշների համար այն, ինչը մենք երբեք չենք կարող անել միայնակ։

Այս երեք մեծ վարդապետական հարցերի վերաբերյալ պարզ մոտեցումն օրհնել է իմ կյանքը։ Երանի թե ավելի շուտ տեսնեի դրանք այս ոչ այնքան վախեցնող ձևով։ Ես հաստատապես հավատում եմ, որ Աստված նախատեսել է, որ ավետարանի այդպիսի ճշմարտությունները բավականաչափ պարզ լինեն նույնիսկ երեխայի հասկացողության համար։ Կարո՞ղ եմ կրկնել: Հավատքը համոզմունքն է, որ կա Աստված: Հույսը վստահությունն է, որ Նա կօգնի մեզ։ Իսկ գթությունը Նրա սերն է, որ գործում է մեր միջոցով:

Մինչ խոսում եմ Աստծո կողմից տրված պարգևների մասին, թույլ տվեք ավելացնել ևս մեկ պարգև, որը կավելացնի մեր հույսը նոր տարում։ Լուսավորող հավատքը, հույսը և գթությունը Քրիստոսի Լույսի անասելի գեղեցիկ և անասելի պարզ պարգևն է։ Այս լույսը, այնքան սերտորեն կապված հույսի հետ, պարգև է, որը տրված է յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի, որը երբևէ ծնվել է կամ երբևէ կծնվի մահկանացու կյանքում։ Այն զետեղված է մեր էության մեջ։ Դա մեր հոգու մի մասն է։

Սուրբ գրությունների իմ սիրած հատվածներից մեկը ներառում է այս տողը․ «Եվ Հոգին լույս է տալիս ամեն մարդու, որն աշխարհ է գալիս. և Հոգին լուսավորում է ամեն մարդու, ողջ աշխարհով մեկ:»21

Այդ լույսը մեր կյանքում հույսի հիմնարար պատճառներից մեկն է։ Այնքան քաջալերող է, այնքան հուզիչ, այնքան հուսադրող, որ մեր մեջ կա մի բան, որը ոչ միայն ասում է, որ կյանքի բարդությունը հաղթահարելու ճիշտ ճանապարհ կա, այլև ասում է, որ մենք կգտնենք այդ ճիշտ ճանապարհը, եթե լինենք «հեզ և սրտով խոնարհ»։22 Ինչպես Նախագահ Նելսոնն ասաց ամբողջ Եկեղեցուն մեկ շաբաթ առաջ՝ «Աշխարհը Հիսուս Քրիստոսի լույսի կարիքն ունի։ Աշխարհը ձեր [գեղեցիկ] լույսի [սաստիկ] կարիքն ունի»։23

Իմ հրաշալի երիտասարդ ընկերնե՛ր, իմ ամենաանկեղծ աղոթքն է այս երեկո, իմ հույսն է, որ դուք՝ չափահաս երիտասարդներդ ամբողջ աշխարհում, կընդունեք այս կոչը որպես ձեր անձնական ծառայություն, կվերցնեք այն հույսը, որի մասին խոսել է Փրկիչը և ջահի նման կտանեք նրանց, ովքեր այնպիսի զգացողություն ունեն, թե աշխարհը շատ խավար և շատ բարդ տեղ է։ Ինչպե՞ս կարող եմ քաջալերել ձեզ տեսնել, որ այդ լույսը կրելը պետք է լինի վերջին օրերի ձեր ծառայությունը։ Խնդրում եմ, խնդրում եմ հասկացեք, որ սա ամենակարևոր բանն է, որ ես զգում եմ, որ պետք է ասեմ ձեզ այս երեկո։ Իմ ամենամեծ մտավախությունն այն է եղել, որ ես դա բավականաչափ լավ չեմ ասի ձեզ համար, որպեսզի դուք իսկապես հավատաք ինձ։ Դուք պետք է կրեք այդ լույսն այնպես, որ աշխարհի ողջ խավարը չկարողանա մարել այն։

Այս պարզ, բայց հզոր մոտեցումը` հակառակ դեպքում մեծ և բարդ թվացող խնդիրների հանդեպ, կփոխի ընկնող, մթագնած աշխարհի հետագիծը։ Խնդրում եմ հավատք ունեցեք առ Աստված, հույս, որ Նա կօգնի ձեզ, և ստացեք գթությունը, որը Նրան թույլ է տալիս գործել ձեր միջոցով՝ իրականացնելու այն, ինչը միայն դուք կարող եք անել։

Ընդունելով այս մարտահրավերը և սկսելով այս նոր տարին՝ ձեր անձերը ներզննելուց հետո, աղաչում եմ ձեզ վեր նայեք։ Աչքերը, որոնք վար կնայեն ձեր աչքերին, կլինեն ձեր սիրառատ Երկնային Հոր աչքերը, ով կարող է և կպարգևի ձեզ այն բոլոր բաները, որոնց համար արդարությամբ հույսեր ունեք։ Դուք չեք կարող ստանալ այս օրհնությունները՝ դրանց հետամուտ լինելով։ Դադարեք վազել մինչև որ ուժասպառ լինեք։ Հանդարտվեք։ Պարզեցրեք։ Եղեք հեզ ու սրտով խոնարհ և աղոթեք։ Ես վկայում եմ ձեզ, որ հրաշքներ տեղի կունենան, եթե մենք փորձենք կանգ առնել, հանդարտվել և ծնկի գալ։ Այն ամենը, ինչ ունի Հայրը, մի օր կարող է ձերը լինել։24 Ինչպիսի՞ իսկապես հուսադրող միջոց ձեր ապագային դիմագրավելու համար։ Ես շատ եմ սիրում ձեզ, ես հիանում եմ ձեզնով և ես միշտ կաղոթեմ ձեզ համար։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Երեց Հոլլանդ. Շնորհակալություն, Քույր Հոլլանդ, ոչ միայն ավետարանն ուսուցանելու, այլ դրանով ապրելու և Քրիստոսի հույսով լցված լինելու համար, որը ձեր մեջ է: Մեր ամենադժվար օրերին և ամուսնության վեց տասնամյակների ընթացքում, որ գուցե ոմանք ունենան, Քույր Հոլլանդն ապրել է այնպես, ինչպես ուսուցանել է: Նա միշտ հավատացյալ է եղել։ Նա միշտ վստահել է իր հոգում գտնվող հավերժական լույսին: Նա միշտ ապրել է համոզվածությամբ, որ Աստված կլսի մեր աղոթքները և ցույց կտա ճանապարհը, նույնիսկ, եթե գիշերը իսկապես խավար է թվում: Մի աշխարհում, որը երբեմն ճնշող էր թվում երիտասարդ զույգին, ավետարանի ճշմարտություններն ու խոստումները հաճախ այն ամենն էին, ինչից մենք ստիպված էինք կառչել, բայց դա բավական էր, որովհետև ահա մենք այստեղ ենք այս երեկո, ստացած լինելով ավելի շատ օրհնություններ մեր մոտ 60 տարիների ամուսնությունից, քան երբևէ կերազեինք, որ հնարավոր է։ Այսպիսով, ինչպես այս գեղեցիկ կինն է ասում և արել է, խնդրում եմ շարունակեք հուսալ, միշտ աղոթեք և եղեք հավատացող։

Եվ ավելացրեք Քույր Հոլլանդի խորհրդին մի սուրբգրային քաջալերանք`դիմակայել ապագային այնքան ուրախ որքան հնարավոր է: Ինչ-որ մեկը մի անգամ գրել է, որ մեզ հղված Քրիստոսի բոլոր հորդորներից, Նրա կողմից մեզ շարունակ տրվող ողջ հույսից մենք բազմիցս թերանում ենք ընդունել «ուրախ եղեք» հորդորը»:25 Մի՞թե Քրիստոսին չպիտի ընդունենք համաձայն Իր խոսքի: Կարո՞ղ ենք ուղղակի փորձել դա: Թող որ ընդունենք այդ երջանիկ, հույսով լի հրավերն այս երեկո, երբ օգտվենք ևս մեկ հնարավորությունից, սկսելու մի նոր տարի և դարձնելու մեր կյանքը հենց այնպիսին ինչպիսին մենք ենք ցանկանում, որ այն լինի:

Ինչպես Իր բոլոր հրավերների դեպքում, Քրիստոսն ապրել է դրանցով նախքան դրանք ուսուցանելը: Չնայած այն բեռներին, որ Նա կրել է, Նա լավատես էր, դրական, և Նա օգնել է ուրիշներին այդպիսին լինել, այդ թվում, ես կարող եմ ավելացնել` Աստծո մարգարեներին: Լիբերթիի բանտի խորքերից և այնտեղ ունեցած խորը հուսահատության պահերին մարգարե Ջոզեֆ Սմիթի վերջին խորհուրդը՝ իր ազատման համար աղոթող Սրբերին եղել է հետևյալը՝ «եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո, թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը»։26 Եվ ոչ ոք ավելի դրական չէ, ավելի լավատես, ավելի հույսով լեցուն, քան Ռասսել Մերիոն Նելսոնը` մեր կենդանի մարգարեն, երբ արձագանքելով Ջոզեֆի խորհրդին, վերջերս մեզ ասաց. «Ոչ մի հոգևոր օրհնություն հետ չի պահվի արդարներից։ … Տերը կամենում է, որ մենք նայենք … դեպի ապագան «ուրախ ակնկալիքով» [Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 513]»։27 Մարգարեներն ուրախ են, որովհետև նրանք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն են և դա է ողջ լավատեսության հիմնական աղբյուրը: Մարգարեներն ուրախ են, քանի որ նրանք գիտեն ծրագիրը, նրանք գիտեն թե ով է հաղթելու վերջում:

Ինչպես Քույր Հոլլանդն այնպես գեղեցիկ ասաց, աշխարհը լավատեսորեն տեսնելու ունակությունը ևս մեկ պարգև է Աստծուց: «Մարդիկ,- և ես կավելացնեի կանայք և երեխաները,- կան, որպեսզի ունենան ուրախություն»,28 այսպես են ասում մեզ սուրբ գրությունները։ Ահա թե ինչու սա «երջանկության ծրագիր» է։29 Այս ծրագրի և Քրիստոսի Քավության շնորհիվ, որը դրա հիմքում է, մենք կարող ենք հույս ունենալ, անկախ նրանից, թե որքան մութ կարող են լինել որոշ օրեր:

Փրկչի օրինակի մեծությունն այս հարցում արժանի է մեր ակնածանքին, երբ թևակոխում ենք մի նոր տարի, որը գուցե, որոշ դժվարություններ մատուցի մեզանից ոմանց: Մտածեք այդ մասին: Ինչպե՞ս կարող էր Հիսուսը խոսել ուրախ լինելու մասին այն ամբողջ տառապանքի միջոցում, որին նա դիմակայեց՝ շարժվելով դեպի Խաչելություն։ Նույնիսկ այն ճակատագրական մթնոլորտում, որը կարող էր տիրել Վերջին ընթրիքի ժամանակ, Քրիստոսը դեռ հիշեցնում է Իր աշակերտներին «ուրախ լինելու» պատճառի և պարտականության մասին։30 Ես զարմանում էի, թե Նա ինչպես կարող էր այդքան դրական խոսել և ակնկալել, որ Իր եղբայրները ուրախությամբ նայեին այդ ամենին, երբ այդպիսի ցավ էր սպասվում Իրեն։ Անշուշտ, Նրա հավատքի, Նրա հույսի և գթության այս դրսևորումը գալիս է նրանից, որ Նա գիտի այդ պատմության վերջը: Նա գիտի, որ արդարությունը գերակայում է, երբ ավարտվում են վերջին պատմությունները: Նա գիտի, որ լույսը միշտ հաղթում է խավարին հավիտյանս հավիտենից և հավիտյանս: Նա գիտի, որ Իր Երկնային Հայրը երբեք պատվիրան չի տալիս՝ առանց նաև իրագործման ուղի պատրաստելու։31 Հաղթանակն ուրախ է դարձնում բոլորին, և Քրիստոսն էր հաղթող` մահվան ու դժոխքի հետ Իր մեծ մրցավեճում: Դե, սա դժվար հասկանալի աստվածաբանություն է այս երեկո, բայց դա հենց այն է ինչի համար նրանք պետք է երջանիկ լինեին: Հաղթական Քրիստոսն է մեր հույսի աղբյուրը այս նոր տարում և ամեն տարի՝ առհավետ:

Հաշվի առնելով, որ կյանքը շեղում է մեզ, իսկ Լյուցիֆերը գայթակղում է, վաղը, հաջորդ ամիս կամ տարի գուցե դժվար լինի լիահույս և ուրախ մնալ։ Այնուամենայնիվ, հենց դա էր Քույր Հոլլանդի նպատակը՝ խնդրելով պարզեցնել և հաստատակամորեն կենտրոնանալ Վերջին Օրերի Սրբերի կյանքի հիմունքների վրա։ Երբեմն մենք կենտրոնացած ենք մնում դրանց վրա, երբեմն էլ՝ կյանքն է ստիպում մեզ, բայց երկու դեպքում էլ, եթե մեր վկայությունները կառուցել ենք ավետարանի հիմունքների վրա, ապա կարող ենք այնքան փորձ ձեռք բերել մեր դժվարին փորձառություններից, որքան իմ հարգարժան ընկերներից մեկը ներկայումս ձեռք է բերում իր [փորձառությունից]: Նա, իր կինը և դուստրը՝ և ես համոզված եմ նրանք լսում են այս երեկո, բոլորը հենց այս պահին տարաբնույթ առողջական խնդիրներ ունեն`պետք է ավելացնեմ, շատ լուրջ խնդիրներ: Նրանք շատ պատճառներ ունեն թևաթափ լինելու և մտածելու՝ թե իրենց հույսը կամ հավատքը կամ իրենց գթությունը ինչ են տվել իրենց: Բայց վճռական աշակերտության շնորհիվ, թե՛ ուրախության և թե՛ վշտի ժամանակ, նրանք հաղթում են։

Վերջերս ինձ ուղարկած նամակում ընկերս գրել է (նրա թույլտվությամբ կիսվում եմ ձեզ հետ)․

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում իմ աշխարհը շատ է փոքրացել՝ այն դարձել է հիվանդանոցի [մահճակալների] և հիվանդասենյակների [չափսի]։ [Երիկամի փոխպատվաստումից հետո կնոջս ապաքինումը] դժվար էր, և այս վերջին ամիսը նա անցկացրել է … հիվանդանոց գալ ու գնալով: Արդյունքում ես «անջատվել եմ» [ինձ շրջապատող] աշխարհի մեծ մասից»: Մտածեք պարզություն բառի մասին:

Նա շարունակում է. «Ինձ երբեք էլ դուր չի եկել այն միտքը, որ Տերը մեզ փորձություններ է տալիս, բայց ես հավատացած եմ, որ Նա կարող է օգտագործել դրանք Իր նպատակների համար: Մի բան, որ շատ կարևոր էր ինձ համար այս վերջին մի քանի շաբաթների ընթացքում, այն է՝ թե ի՜նչ … կարևոր և իրական է ավետարանի էությունը [ի տարբերություն նրա, ինչը կարող է այնքան ավելորդ լինել]: Ուրիշների հանդեպ սեր ցուցաբերելու, ինչպես նաև ուրիշների կողմից սիրված և ծառայության արժանացած լինելու փորձառությունները, Աստծո ձայնի հանդարտ ներկայությունը, երբ հյուծված նստած ես հիվանդ երեխայիդ [մահճակալի մոտ] կամ [անհույս հիվանդ] կնոջդ հիվանդասենյակում ուշ գիշերով, [և լսում ես աստվածային արտահայտությունը] «Խաղաղություն հոգուդ, որդի՛ս»:

«Ես կարդացել եմ Մորմոնի Գիրքը և Ավետարանները, ու զգացել եմ Աստծո սերը: Եկեղեցու ամրակառույցից [և վերացական] աստվածաբանությունից բացի, [այն բաները], որոնք կարող են օգնել մեզ դանդաղ սողալ դեպի լույսը … դա` հավատքի, … վկայության, [հույսի և սիրո] իրական լինելն է»:

Նա եզրափակում է. «Շաբաթներ շարունակ ես չեմ կարողացել հաճախել հաղորդության ժողովներին, բայց ես տեսնում եմ շատ լավ մարդկանց, որոնք հավատարիմ են իրենց … ուխտերին և ծառայում են իմ ընտանիքին: … Ես այնքան օրհնված եմ այնքան շատ բաներով, և սիրում եմ Տիրոջը, [ես սիրում եմ] ավետարանը, [ես սիրում եմ] Վերականգնումը և Եկեղեցին»:32

Հույսի և հաստատակամության վերաբերյալ այդ խոսուն վկայությունը խիստ դժվար պահերին հուզում է ինձ: Եվ մենք պետք է իմանանք, որ ինչ որ տեղ, մեր հույսերն ու մեր համոզմունքներն անկասկածորեն կստուգվեն և կզտվեն նաև անձնական տառապանքի նմանատիպ թորանոթում: Իմ գեղեցիկ երիտասարդ ընկերներ, չփորձված հավատքն ամենևին էլ մեծ հավատք չէ: Մենք ասում ենք, որ կառուցված ենք Քրիստոսի վեմի վրա: Դե, ավելի լավ է կառուցված լինենք, որովհետև կյանքն ունի իր փոթորիկներն ու ձնաբքերը և ավազե հիմքն ուղղակի չի դիմանա, երբ քամի է փչում և անձրև է տեղում և ջրհեղեղներ են գալիս:33

Վերջին մեկնաբանությունս, քանի որ ավարտում ենք այս համաշխարհային հեռարձակումը հրաշալի նոր տարում, այդ թվում՝ ինստիտուտի նոր ուսումնական տարում: Ձեզանից ոմանք գուցե ավելի լուրջ մտահոգություններ ունեն, քան այն, թե որ դասընթացն ընտրեն դպրոցում կամ՝ մասնագիտական ինչ ուղղվածություն ընտրեն։ Ձեզանից ոմանք գուցե պայքարում են մեղքի բեռի դեմ, և ոչինչ այդքան չի վնասում ու քայքայում մեր հույսը, և բերում ավելի մեծ օտարացում Աստծուց՝ որքան օրինազանցությունը: Ես և քույր Հոլլանդը գիտակցաբար չենք ընտրել մեղքի կամ օրինազանցության թեման այս ելույթի համար, բայց մեր կողմից անպատասխանատու կլիներ չանդրադառնալ նրան, ինչը Տերն է ասել, որ մեր պարտականությունն է ուսուցանել:

Միշտ կարիք կլինի համընդհանուր հույսով լցված սկզբունքի և ապաշխարության կիրառման: Երբ օրինազանցում ենք, մենք հստակ գիտակցում ենք, թե ինչու է մեր հույսի բոցը թարթում, իսկ երբեմն՝ թվում է, թե մարել է: Նման պարագայում մենք պետք է փոխվենք, այլապես մեր ուրախ ապագան դատապարտված է։ Այդ մոմը մշտապես հանգած է: Ահա թե ինչու մենք բոլորս կարիք ունենք ապաշխարելու: Բոլո՜րս: Ամեն օր նախագահ Նելսոնն ասել է․ 34

Այսպիսով, ես խնդրում եմ ձեզ անհապաղ` սկսած այս ժամից, միջոց ձեռնարկել օրինազանցության բեռի դեմ, քանի որ ես գիտեմ, որ մեղքը հույսի և երջանկության ամենամեծ թշնամին է ամբողջ աշխարհում, որի մասին ես գիտեմ։ Գնացեք Տիրոջ մոտ ձեր խոստովանությամբ և գնացեք եպիսկոպոսի մոտ, եթե ձեր մեղքը դա է պահանջում: Բայց փոխեք այն, ինչ սխալ է՝ լինի մեծ, թե փոքր: Ապաշխարությունն այն միջոցն է, որով մենք ստանում ենք նոր սկիզբ, դա այն ուղին է, որով մենք ստանում ենք վեհացած ապագա: Կյանքն ինքնին բավական դժվար է, նույնիսկ առանց սխալների մի պարկ ձեր մեջքին կրելու` ողջ օրը, ամեն օր, ողջ գիշեր, ամեն գիշեր: Բեռնաթափեք այն: Անհանգստությունը փոխարինեք խաղաղությամբ։ Վիշտը փոխարինեք երջանկությամբ: Քրիստոսը տվել է Իր իսկ կյանքը, որպեսզի դուք կարողանաք ազատ լինել այդ անելու համար։

Ապա դուք կարող եք անել այնպես, ինչպես Նեփին է խնդրում մեզ բոլորիս անել: Իր մահից քիչ առաջ, որը փաստորեն իր հրաժեշտի խոսքն է, այդ որդին, ով այդքան շատ հակամարտություն և հակառակություն էր տեսել, ասել է այն, ինչ Քույր Հոլլանդն ու ես էինք կամենում և փորձում ասել այս երեկո․

«Առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ»։35

«Հույսի կատարյալ պայծառություն», ծնված Աստծո և բոլոր մարդկանց սիրուց, սա այն է, ինչ մենք ցանկանում ենք ձեզ նոր տարում: Պայծառ հույսը կուղեկցվի անհերքելի շշուկով, որ Աստված սիրում է ձեզ, որ Քրիստոսը ձեր Բարեխոսն է, որ ավետարանը ճշմարիտ է: Հույսի պայծառությունը կհիշեցնի ձեզ, որ ավետարանում միշտ, ամեն օր ամեն ժամ կա նոր հնարավորություն, նոր կյանք, նոր տարի: Ինչպիսի՜ հրաշք: Ինչպիսի՜ պարգև: Եվ Քրիստոսի պարգևի շնորհիվ կյանքի լավագույն բաները մերն են, եթե մենք հաստատակամորեն շարունակենք հավատալ, շարունակենք փորձել և շարունակենք հուսալ:

Հիշու՞մ եք այն գլոբալ իրավիճակները, որոնց մասին ես խոսեցի սկզբում: Ուրեմն, ընդունե՛ք դրանք և ընդունե՛ք ձեր անձնական մարտահրավերները՝ իմանալով, որ ի վերջո, հավատքով ամեն ինչ կարգավորվում է։ Հրաժարվեք ընդունել աշխարհն այնպիսին, ինչպիսին այն թվում է: Շողացրեք ձեր լույսի պայծառությունն աշխարհի վրա և դարձրեք այն այնպիսին, ինչպիսին պիտի լինի։ Եղեք այն լույսը, որը քույր Հոլլանդը խնդրել է ձեզ լինել՝ երբեք չմարող լույսը, աշխարհի Փրկչի լույսը։

Ես առաքելական օրհնություն եմ թողնում յուրաքանչյուրիդ՝ այս նոր տարվա համար, այն բաների վերաբերյալ, որոնք ես հաստատ գիտեմ և այն բաների համար, որոնց կարիքը միշտ կունենաք: Ես սա անում եմ` ելնելով ձեր հանդեպ իմ սիրուց, ձեր հանդեպ Տիրոջ սիրուց, Առաջին Նախագահության և ձեր հանդեպ Տասներկուսի սիրուց ելնելով: Բոլորի սիրուց: Եվ այս երեկո այստեղ ձեր մասնակցության համար: Ես օրհնում եմ ձեզ, որ փրկության սկզբունքներին բնորոշ պարզ, բայց սքանչելի զորությունը, ինչպիսիք են հավատքը, հույսը և գթությունը, միշտ ակնհայտ և արդյունավետ լինի ձեր կյանքում: Ես օրհնում եմ ձեզ, որ իմանաք, ինչպես ես հաստատ գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը անձնապես թանկարժեք է, հավիտենապես հուսադրող և հավերժորեն ճշմարիտ: Ես վկայում եմ առաքելական իշխանությամբ, որ դա այդպես է և որպես այդպիսին, միակ անխափան պատասխանն է կյանքի բազում մարտահրավերներին` ինչպես ձեր այնպես էլ իմ, և վեհացման միակ ուղին է հավերժության փառքում:

Ես օրհնում եմ ձեզանից յուրաքանչյուրին, ով գուցե խոսի այս օրերին «հավատքի ճգնաժամի» մասին: Իսկական հավատքը, կյանք փոխող հավատքը, Աբրահամյան հավատքը միշտ ճգնաժամում է: Այդ ձևով եք պարզում, թե դա հավատք է թե ոչ: Ես խոստանում եմ, որ ավելի շատ հավատքը կնշանակի ավելի քիչ ճգնաժամ, մինչև որ ի վերջո Աստված կասի «Լավ, բարի և հավատարիմ ծառա»:36

Ես օրհնում եմ ձեզանից յուրաքանչյուրին գիտենալու, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Հիսուս Քրիստոսի այն նույն Եկեղեցին է: Եվ միայն նրա ընձեռած արարողությունների և հնարավորությունների միջոցով է, որ մարդ կարող է լիովին հասնել «Քրիստոսի կատարյալ հասակի չափին»։37 Օրհնում եմ ձեզանից յուրաքանչյուրին` անհատապես և անունով, ամեն մի պարգևով, որի կարիքը դուք կունենաք այս որոնումներում և օրհնում ձեզ, աղերսոմ ձեզ համբերատարությամբ շարունակել, երբ ձեր Հայրը Երկնքում, Իր իմաստությամբ, հաճախ գտնում է լավագույն ուղին ոչ թե տալու ձեզ այն, ինչ խնդրում եք, այլ անդադար տալիս է ձեզ այն, ինչի կարիքն ունեք: Ես բերում եմ հանդիսավոր և սուրբ անձնական վկայություն իմ կյանքի մասին, Աստծո երկնային սիրո մասին, մեզ համար Փրկչի հավերժական բարեխոսության մասին, սուրբ քահանայության զորության մասին և մարգարեական ավանդույթի մասին, որը ներկայումս անձնավորված է նախագահ Ռասսել Մ. Նելսոնում, Մորմոնի Գրքի աստվածային լինելու մասին և այն «հույսի կատարյալ պայծառության» մասին, որը տալիս է այս ավետարանը: Եվ ես անում եմ սա Նրա անունով, ով իմ ողջ հույսի աղբյուրն է, այսինքն՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: