2010–2019 թթ․
Անընդհատ ամուր բռնած
Հոկտեմբեր 2013


Անընդհատ ամուր բռնած

Թող որ մենք անընդհատ ամուր բռնենք երկաթյա ձողից, որն առաջնորդում է դեպի մեր Երկնային Հոր ներկայությունը:

Հայրս հիշում էր այն օրը, նույնիսկ հենց այն պահը, որ իր ընտանիքը՝ հայրը, մայրը և չորս երեխաները, հեռացան Եկեղեցուց, շատերը երբեք կրկին չվերադառնալու այս կյանքում: Նա 13 տարեկան էր՝ սարկավագ, և այդ օրերին ընտանիքներն առավոտյան հաճախում էին Կիրակնօրյա Դպրոց, իսկ հետո՝ ցերեկը հաղորդության ժողովին: Մի գեղեցիկ գարնանային օր, երբ վերադարձել էին Կիրակնօրյա առավոտյան երկրպագության ծառայություններից և ցերեկը միասին ճաշում էին, նրա մայրը շրջվեց դեպի նրա հայրը և պարզապես հարցրեց. «Լավ, սիրելիս, ի՞նչ ես կարծում, այս ցերեկ մենք գնանք հաղորդության ժողովի, թե՞ ընտանիքով այցելենք գեղատեսիլ վայրեր»:

Հայրս երբևիցէ չմտածելով, որ ընտրություն կա հաղորդության ժողով գնալու համար, նա և իր երեք դեռահաս քույրերն ու եղբայրները բոլորն էլ ուղղվեցին իրենց տեղում և ուշադիր սկսեցին լսել: Այդ կիրակի ցերեկը գեղատեսիլ վայրեր այցելելը հավանաբար հաճելի ընտանեկան միջոցառում էր, սակայն այդ փոքրիկ որոշումը դարձավ մի նոր ուղղության սկիզբ, որն ի վերջո, նրա ընտանիքին հեռացրեց Եկեղեցուց՝ դրա ապահովությամբ, անվտանգությամբ և օրհնություններով, և դրեց այլ ուղու վրա:

Որպես դաս մեր օրերի այն մարդկանց համար, ովքեր կարող են գայթակղվել՝ ընտրելով այլ ուղի, Մորմոնի Գրքի մարգարե Լեքին կիսվեց տեսիլքով իր ընտանիքի հետ, որտեղ նա «[տեսավ] մարդկանց անհամար բազմություններ, որոնցից շատերն առաջ էին մղվում, որպեսզի կարողանային հասնել արահետին, որը տանում էր դեպի ծառը, որի մոտ [նա] կանգնած [էր]:

Եվ … նրանք առաջ եկան և սկսեցին քայլել արահետով, որը տանում էր դեպի ծառը:

Եվ … խավարի մեգ բարձրացավ. … որի հետևանքով նրանք, ովքեր սկսել էին քայլել արահետով, կորցրեցին իրենց ճանապարհը, հետևաբար հեռու թափառելով կորան»:1

Լեքին այնուհետև տեսավ երկրորդ խմբին՝ «առաջ մղվելիս, և նրանք առաջ եկան և բռնեցին երկաթյա ձողի ծայրից. և նրանք առաջ մղվեցին խավարի մեգի միջով՝ կառչելով երկաթյա ձողից, այնքան, մինչև որ առաջ եկան և ճաշակեցին ծառի պտղից»: Դժբախտաբար, «ծառի պտղից ճաշակելուց հետո, նրանք աչք ածեցին շուրջբոլորը, կարծես թե ամաչում էին» նրանցից, ովքեր գտնվում էին «մեծ ու ընդարձակ մի շենքում», որ «զբաղված էին ծաղրելով և մատով ցույց տալով դեպի նրանց, ովքեր հասել և ճաշակում էին պտղից»: Այդ մարդիկ այնուհետև «հեռացան դեպի արգելված ուղիներ և կորան»:2 Նրանք չկարողացան, կամ միգուցե չկամեցան համբերել մինչև վերջ:

Այնուամենայնիվ, այնտեղ կար երրորդ խումբը, որը ոչ միայն հաջողությամբ հասավ կենաց ծառին. նրանք դրանից հետո չմոլորվեցին: Նրանց վերաբերյալ սուրբ գրություններն ասում են, որ նրանք «առաջ մղվեցին, անընդհատ ամուր բռնած երկաթյա ձողից, մինչև առաջ եկան ու երեսնիվայր ընկան և ճաշակեցին ծառի պտղից»:3 Երկաթյա ձողն այս խմբի համար իրենից ներկայացնում էր միակ ապահովությունը և անվտանգությունը, որը նրանք կարող էին գտնել, և նրանք անընդհատ ամուր բռնել էին դրանից. նրանք հրաժարվեցին հեռանալ նույնիսկ այնպիսի մի հասարակ բանի համար, ինչպիսին կիրակի օրը ցերեկը գեղատեսիլ վայրեր այցելելն էր:

Այս խմբի մարդկանց մասին Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Այս հատվածի գլխավոր արտահայտությունն է՝ «անընդհատ ամուր բռնած երկաթյա ձողից»: … Հավանաբար, մարդկանց այս երրորդ խումբը հետևողականորեն կարդում և սովորում և ուսումնասիրում էր Քրիստոսի խոսքերը: … Սա է այն խումբը, որին դուք և ես պետք է ձգտենք միանալ»:4

Մեզանից նրանք, ովքեր այսօր Աստծո Եկեղեցու անդամներ են, ուխտեր են կապել հետևել Հիսուս Քրիստոսին և հնազանդվել Աստծո պատվիրաններին: Մկրտվելիս մենք ուխտեցինք կանգնել որպես Փրկչի վկաներ,5 սատարել թույլերին և կարիքավորներին,6 պահել Աստծո պատվիրանները, և ապաշխարել կարիքի դեպքում, քանզի ինչպես ուսուցանել է Պողոս Առաքյալը. «Ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են»:7

Ամեն շաբաթ մենք հնարավորություն ունենք հաճախելու հաղորդության ժողովին, որտեղ մենք կարող ենք վերհիշել այս ուխտերը՝ ճաշակելով հաղորդության արարողության հացն ու ջուրը: Այս հասարակ գործողությունը մեզ թույլ է տալիս ևս մեկ անգամ խոստանալ հետևել Հիսուս Քրիստոսին և ապաշխարել, երբ մենք սխալվում ենք: Ի պատասխան՝ Աստված մեզ խոստանում է Իր Հոգին՝ որպես առաջնորդ և պաշտպան:

Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկից մեր միսիոներները ուսուցանում են, որ հայտնությունը և վկայությունը տրվում են, երբ մենք հաճախում ենք մեր Կիրակնօրյա Եկեղեցու ժողովներին. «Երբ մենք միասին հաճախում ենք Եկեղեցու ծառայություններին և երկրպագում, մենք ամրացնում ենք միմյանց: Մենք նորոգվում ենք ընկերների և ընտանիքի հետ շփվելով: Մեր հավատքն ամրանում է, երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները և սովորում ավելին վերականգնված ավետարանի մասին»:8

Մեկը կարող է հարցնել՝ ինչու կիրակի օրը ունենք երեք առանձին ժողովներ և ինչու են անհրաժեշտ դրանցից յուրաքանչյուրը: Եկեք հակիրճ անդրադառնանք այս երեք ժողովներին.

  • Հաղորդության ժողովը հնարավորություն է տալիս մասնակցելու հաղորդության արարողությանը: Մենք նորոգում ենք մեր ուխտերը, առատորեն զգում ենք Հոգին և ունենում ենք լրացուցիչ օրհնություն՝ հրահանգվելով և շենանալով Սուրբ Հոգով:

  • Կիրակնօրյա Դպրոցը մեզ թույլ է տալիս «միմյանց ուսուցանել արքայության վարդապետությունը»,9 որ բոլորը կարողանան «շենանալ և միասին ցնծալ»:10 Մեծ զորություն և անձնական խաղաղություն ենք զգում, երբ մենք հասկանում ենք վերականգնված ավետարանի վարդապետությունները:

  • Քահանայության ժողովներին տղամարդիկ և երիտասարդ տղաները պետք է «սովորեն [իրենց] պարտականությունը»11 և «ավելի կատարյալ ձևով հրահանգվեն»,12 իսկ Սփոփող Միության ժողովները Եկեղեցու կանանց հնարավորություն է տալիս «մեծացնել իրենց հավատքը …, ամրացնել [իրենց] ընտանիքները և տները, և օգնել կարիքի մեջ գտնվողներին»:13

Նմանապես, մեր երիտասարդ կանայք և երեխաները ունեն իրենց իսկ ժողովները և դասարանները, որտեղ նրանց ուսուցանվում է ավետարանը, մինչ նրանք պատրաստվում են կարևոր պարտականությունների, որոնք նրանք կունենան: Այս առանձնահատուկ, սակայն կապակցված ժողովներից յուրաքանչյուրում մենք սովորում ենք վարդապետությունը, զգում ենք Հոգին, և ծառայում ենք միմյանց: Չնայած կարող են լինել բացառություններ կապված հեռավորության, գումարի կամ առողջության հետ, մենք պետք է ձգտենք հաճախել մեր բոլոր կիրակնօրյա ժողովներին: Ես խոստանում եմ, որ մեծ ուրախության և խաղաղության օրհնություններ կգան երկրպագության երեքժամյա կիրակնօրյա ժողովների ընթացքում:

Մեր ընտանիքը պարտավորվել է միշտ հաճախել մեր բոլոր կիրակնօրյա ժողովներին: Մենք զգացել ենք, որ սա ամրացնում է մեր հավատքը և խորացնում է ավետարանի մասին մեր հասկացողությունը: Մենք գիտենք, որ լավ զգացումներ ենք ունենում Եկեղեցու ժողովներին հաճախելու մեր որոշման արդյունքում, հատկապես, երբ մենք տուն ենք վերադառնում և շարունակում ենք պահել Հանգստյան օրը: Մենք նույնիսկ հաճախում ենք մեր բոլոր կիրակնօրյա ժողովներին, երբ արձակուրդի մեջ ենք կամ ճամփորդում ենք: Մեր դուստրերից մեկը վերջերս գրել էր մեզ, որ նա այցելել էր եկեղեցի մի քաղաքում, որտեղ ճամփորդում էր, և հետո ավելացրել էր. «Այո, հայրիկ, ես մասնակցել եմ կիրակնօրյա բոլոր ժողովներին»: Մենք գիտենք, որ նա օրհնվել է այս արդար որոշման համար:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է կայացնի բազմազան որոշումներ, ինչ վերաբերվում է այն հարցին, թե ինչպես պահել Հանգստյան օրը: Միշտ կլինի ինչ-որ «լավ» միջոցառում, որը կարող է և պետք է զոհաբերվի Եկեղեցու ժողովին այցելելու ավելի լավ ընտրության համար: Իրականում, սա այն ուղիներից մեկն է, որի օգնությամբ հակառակորդը «խաբում է [մեր] հոգիները և զգուշորեն հեռացնում [մեզ]»:14 Նա օգտագործում է «լավ» միջոցառումները որպես «ավելի լավ» կամ նույնիսկ «ամենալավ» միջոցառումների փոխարինողներ:15

Ձողից անընդհատ ամուր բռնելը նշանակում է, որ մենք հաճախում ենք մեր բոլոր կիրակնօրյա ժողովներին՝ հաղորդության ժողով, Կիրակնօրյա Դպրոց և քահանայության կամ Սփոփող Միության ժողովներ: Մեր երեխաները և պատանիները հաճախում են իրենց համապատասխան ժողովները Երեխաների Խմբում, Երիտասարդ Տղամարդկանց և Երիտասարդ Կանանց դասարաններում: Մենք պետք է երբեք չընտրենք, թե որ ժողովներին հաճախել: Մենք պարզապես ամուր բռնում ենք Աստծո խոսքից՝ երկրպագելով և հաճախելով Հանգստյան օրվա մեր ժողովներին:

Ձողից անընդհատ ամուր բռնելը նշանակում է, որ մենք ձգտում ենք պահել Աստծո բոլոր պատվիրանները, ասել ամենօրյա անձնական և ընտանեկան աղոթքները և ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները:

Անընդհատ ամուր բռնելը Քրիստոսի վարդապետության մի մասն է, ինչպես ուսուցանված է Մորմոնի Գրքում: Մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոսը, ապաշխարում ենք մեր մեղքերից և փոխում ենք մեր սրտերը, ապա հետևելով Նրան վար ենք իջնում մկրտության ջրերի մեջ և ստանում ենք Սուրբ Հոգու հաստատող պարգևը, որը ծառայում է որպես առաջնորդ և մխիթարող: Եվ հետո, ինչպես ուսուցանել է Նեփին, մենք «առաջ [ենք մղվում], սնվելով Քրիստոսի խոսքով»՝ մինչև մեր կյանքի վերջը:16

Իմ քույրեր և եղբայրներ, մենք ուխտյալ ժողովուրդ ենք: Մենք կամավոր կերպով կապում և պահում ենք ուխտեր, և խոստացված օրհնությունն այն է, որ մենք կստանանք «այն ամենն, ինչ Հայրն ունի»:17 Երբ մենք անընդհատ բռնում ենք ձողից, պահելով մեր ուխտերը, մենք կամրապնդվենք, որ դիմակայենք գայթակղություններին և աշխարհի վտանգներին: Մենք կկարողանանք առաջ ընթանալ այս մահկանացու կյանքում՝ դրա բոլոր դժվարություններով հանդերձ, մինչև իրականում կհասնենք ծառին, որի պտուղը «ամենաթանկն ու ամենաբաղձալին է բոլոր այլ պտուղներից ավելի»:18

Բարեբախտաբար, հայրս ամուսնացավ լավ կնոջ հետ, ով խրախուսեց նրան վերադառնալ իր պատանեկության եկեղեցին և կրկին սկսել առաջ ընթանալ ճանապարհով: Նրանց հավատարիմ կյանքն օրհնել է իրենց բոլոր երեխաներին, թոռների հաջորդ սերնդին և այժմ՝ ծոռներին:

Ճիշտ ինչպես իրենց Հանգստյան օրվա երկրպագության ժողովներից մեկին հաճախելու կամ չհաճախելու հասարակ որոշումը մեծ տարբերություն առաջ բերեց իմ հոր ընտանիքում, մեր ամենօրյա որոշումները մեծ ազդեցություն կունենան մեր կյանքի վրա: Փոքր թվացող որոշումը, ինչպիսին է հաղորդության ժողովին հաճախելը կամ չհաճախելը, կարող է ունենալ հեռուն գնացող, նույնիսկ հավերժական հետևանքներ:

Թող որ մենք ընտրենք լինել ջանասեր և ստանանք մեծ օրհնություններ և պաշտպանություններ, որ առաջ են գալիս միասին հավաքվելուց և ուխտերը պահելուց: Թող որ մենք անընդհատ ամուր բռնենք երկաթյա ձողից, որն առաջնորդում է դեպի մեր Երկնային Հոր ներկայությունը, սա իմ աղոթքն է Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: