2010–2019 թթ․
Ձեզանից մեծը
Ապրիլ 2017


Ձեզանից մեծը

Աստծո ամենամեծ պարգևը ստանում են նրանք, ովքեր ծառայում են առանց պարգև ակնկալելու:

Իմ սիրելի՛ եղբայրներ, սիրելի՛ ընկերներ, ես շատ երախտապարտ եմ լինել ձեզ հետ այս քահանայության ոգեշնչված համաշխարհային ժողովին: Նախագահ Մոնսոն, շնորհակալություն ձեր ուղերձի և օրհնության համար: Մենք միշտ մեր սրտին մոտ կընդունենք ձեր ուղղորդման, խորհրդի և իմաստության խոսքերը: Մենք սիրում ու աջակցում ենք ձեզ և միշտ աղոթում ենք ձեզ համար: Դուք իրոք Տիրոջ մարգարեն եք: Դուք մեր նախագահն եք: Մենք աջակցում և սիրում ենք Ձեզ:

Գրեթե երկու տասնամյակ առաջ նվիրագործվեց Մադրիդ Իսպանիա տաճարը և իր ծառայությունը սկսեց որպես Տիրոջ սուրբ տուն: Ես և Հարիեթը շատ լավ ենք հիշում դա, քանի որ այդ ժամանակ ես ծառայում էի Եվրոպայի տարածաշրջանի նախագահությունում: Շատերի հետ մենք էլ անհամար ժամեր անցկացրինք՝ մասնակցելով նվիրագործմանն ուղղված իրադարձությունների ծրագրման և կազմակերպման աշխատանքներին:

Երբ մոտեցավ նվիրագործման օրը, ես նկատեցի, որ դեռ չեմ ստացել ներկա գտնվելու հրավերը: Սա մի փոքր անսպասելի էր: Ի վերջո, Տարածաշրջանի Նախագահի իմ պարտականությունից ելնելով, ես մեծապես ներգրավված էի տաճարի այս նախագծում և որոշ չափով պատասխանատվության զգացում ունեի դրա համար:

Ես հարցրեցի Հարիեթին, թե արդյոք նա չի՞ տեսել հրավերը: Պարզվեց, որ չէր տեսել:

Անցան օրեր և իմ անհանգստությունն ավելի աճեց: Ես մտածում էի, որ մեր հրավիրատոմսը կորել է՝ գուցե այն ընկել էր բազմոցի բարձերի արանքը: Գուցե շփոթել ենք անպետք նամակի հետ և դեն ենք նետել: Մեր հարևանները մի շատ հետաքրքրասեր կատու ունեին, և ես արդեն տարօրինակ կասկածանքով էի նայում այդ կատվին:

Վերջապես ես ստիպված էի ընդունել փաստը՝ ինձ չէին հրավիրել:

Բայց ինչպե՞ս էր դա հնարավոր: Ինչո՞վ էի նեղացրել: Գուցե մեկը մտածել էր, որ դժվա՞ր է մեզ համար ճամփորդել այդքան հեռու: Գուցե է ինձ մոռացե՞լ էին:

Ի վերջո, ես հասկացա, որ մտքերի այս շարանը տանում է ինձ մի տեղ, որտեղից դժվար է ելք գտնել:

Հարիեթն ու ես հիշեցնում էինք մեզ, որ տաճարի նվիրագործումը կապ չուներ մեզ հետ: Դա կապ չուներ նրա հետ, թե ով էր արժանի հրավիրվել, իսկ ով՝ ոչ: Դա կապ չուներ նաև մեր զգացմունքների կամ ներգրավվածության հետ:

Դա նվիրագործումն էր մի սուրբ ապարանքի, Բարձրյալ Աստծո տաճարի: Դա ցնծության օր էր Իսպանիայի Եկեղեցու անդամների համար:

Եթե ես հրավիրվեի ներկա գտնվել, ես դա հաճույքով կանեի: Սակայն եթե ես չհրավիրվեի, իմ ուրախությունը դրանից պակաս լիարժեք չէր լինի: Հարիեթն ու ես հեռվից կուրախանայինք մեր ընկերների, մեր սիրելի եղբայրների ու քույրերի հետ: Ֆրանկֆուրտի մեր տնից մենք նույն խանդավառությամբ կփառաբանեինք Աստծուն այս հրաշալի օրհնության համար, ինչպես դա կանեինք Մադրիդում գտնվելիս:

Որոտմունքի Որդիք

Տասներկուսի թվում, ում Հիսուսը կանչեց և կարգեց, կային երկու եղբայրներ՝ Հակոբն ու Հովհաննեսը: Հիշու՞մ եք ինչ մականունով Նա նրանց կոչեց:

Որոտմունքի Որդիք (Բաներեգէս) 1

Այդպիսի մականուն չեն ստանում առանց հետաքրքրաշարժ նախապատմություն ունենալու: Ցավոք սրտի, սուրբ գրությունները շատ տեղեկություն չեն տալիս, թե ինչպես է առաջացել այս մականունը: Այնուամենայնիվ, մենք աչքի կանցկացնենք Հակոբի և Հովհաննեսի բնավորությունները: Սրանք այն նույն եղբայրներն էին, ովքեր Սամարիայի գյուղերից մեկում առաջարկեցին կրակ իջեցնել երկնքից իրենց չընդունելու համար:2

Հակոբն ու Հովհաննեսը ձկնորսներ էին, հավանաբար մի քիչ անտաշ էին, բայց իմ կարծիքով, նրանք շատ բան գիտեին բնության տարրերի մասին: Անշուշտ, նրանք գործի մարդիկ էին:

Մի առիթով, երբ Փրկիչն Իր վերջին ճամփորդությանն էր պատրաստվում դեպի Երուսաղեմ, Հակոբն ու Հովհաննեսը մոտեցան Նրան մի հատուկ խնդրանքով՝ մի խնդրանք, որը թերևս բնորոշ էր իրենց մականվանը:

«Ուզում ենք որ՝ ինչ որ քեզանից խնդրենք՝ մեզ անես», - ասացին նրանք:

Ես կարող եմ պատկերացնել, թե ինչպես էր ժպտում նրանց Հիսուսը, երբ պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում, որ ես ձեզ անեմ»:

«Տուր մեզ, որ մեկը աջ կողմդ և մյուսը ձախ կողմդ նստենք քո փառքումը»:

Ապա Փրկիչը հրավիրեց նրանց մի քիչ ավելի խորը մտածել իրենց խնդրանքի մասին և ասաց. «Իմ աջ և իմ ձախ կողմը նստելն իմս չէ, որ տամ, այլ նորանց, որ պատրաստված է»:3

Այլ կերպ ասած, հնարավոր չէ պատվի արժանանալ երկնքի արքայությունում՝ պահանջելով դա: Ոչ էլ կարող եք «բիզնես ճաշկերույթի» միջոցով հարթել ձեր ճանապարհը դեպի հավերժական փառք:

Երբ մյուս տասը Առաքյալները լսեցին Որոտմունքի Որդիքի խնդրանքը, նրանք ամենևին ուրախ չէին: Հիսուսը գիտեր, որ Իր ժամանակը կարճ է և, տեսնելով, որ վեճ է առաջանում նրանց մեջ, ովքեր շարունակելու են Իր գործը, հավանաբար անհանգստանում էր :

Նա խոսեց Տասներկուսի  հետ իշխանության բնույթի մասին՝ ինչպես է դա անդրադառնում նրանց վրա, ովքեր ձգտում են դրան և ունեն դա: «Հեթանոսների իշխան համարվողները տիրում են նորանց վերայ, և նորանց մեծամեծները իշխում են նորանց վերայ»:

Ես կարող եմ գրեթե տեսնել Փրկիչին, որն անսահման սիրով նայում է այդ հավատարիմ և հավատացող աշակերտների դեմքերին: Ես կարող եմ գրեթե լսել Նրա աղերսող ձայնը. «Այնպես պիտի չլինի ձեր միջումը. այլ ձեզանից ով որ կամենայ մեծ լինել՝ թող ձեզ ծառա լինի: Եւ ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ամենի ծառա լինի»:4

Աստծո թագավորությունում մեծությունը և ղեկավարությունը նշանակում է տեսնել մյուսներին այնպես, ինչպիսին նրանք իրականում են, ինչպես Աստված է տեսնում նրանց, ապա օգնության ձեռք մեկնել և ծառայել նրանց: Դա նշանակում է ուրախանալ նրանց հետ, ովքեր ուրախ են, լացել նրանց հետ, ովքեր սգում են, ոգևորել նրանց, ովքեր ճնշված են և սիրել մեր մերձավորին, ինչպես Քրիստոսն է սիրում մեզ: Փրկիչը սիրում է Աստծո բոլոր զավակներին՝ անկախ նրանց սոցիալ-տնտեսական վիճակից, ռասայից, կրոնից, լեզվից, քաղաքական հայացքներից, ազգությունից կամ այլ առանձնահատկություններից: Այդպես էլ մենք պետք է անենք:

Աստծո մեծագույն պարգևը ստանում են նրանք, ովքեր ծառայում են առանց պարգև ակնկալելու: Այն ստանում են նրանք, ովքեր ծառայում են առանց թմբկահարելու, ովքեր հանգիստ շրջում են, փնտրելով ուրիշներին օգնելու ուղիներ, նրանք, ովքեր ծառայում են մյուսներին պարզապես այն պատճառով, որ սիրում են Աստծուն և Աստծո զավակներին:5

Չներշնչվեք

Գերագույն իշխանավորի իմ նոր կանչը ստանալուց կարճ ժամանակ հետո ես պատիվ ունեցա ընկերակցել Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստին մի ցցի վերակազմավորման ժամանակ: Երբ ես վարում էի մեքենան Հարավային Յուտայի գեղեցիկ ճանապարհով դեպի մեր նշանակման վայրը, Նախագահ Ֆաուստը մեծահոգաբար օգտագործեց այդ ժամանակը՝ ինձ հրահանգելու և ուսուցանելու համար: Մի դաս ես երբեք չեմ մոռանա: Նա ասաց. «Եկեղեցու անդամները սիրալիր են Բարձրագույն Իշխանավորների հետ: Նրանք սիրով կվերաբերվեն և կհաճոյախոսեն քեզ»: Հետո նա կարճ դադար առավ ու ասաց. «Դիտեր, միշտ շնորհակալ եղիր այս բանի համար, բայց երբեք չներշնչվես դրանից»:

Եկեղեցու ծառայության մասին այս կարևոր դասը վերաբերում է յուրաքանչյուր քահանայություն կրողին՝ Եկեղեցու ցանկացած քվորումից: Այն վերաբերում է յուրաքանչյուրիս, ով այս Եկեղեցում է:

Երբ Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսերն ուսուցանում էր նրանց, ովքեր կանչվել էին իշխանության պաշտոնների Եկեղեցում, նա ասում էր, որ չմոռանան համար վեց կանոնը:

Անպայման կհարցնեին. «Ո՞րն է համար վեց կանոնը»:

«Ինքներդ ձեզ չափից ավելի լուրջ մի վերաբերվեք», - նա կասեր:

Անշուշտ, դա կհանգեցներ հերթական հարցին. «Իսկ որո՞նք են մյուս հինգ կանոնները»:

Փայլող աչքերով Նախագահ Քլարկը կասեր. «Ոչ մի կանոն էլ չկա»:6

Եկեղեցու արդյունավետ ղեկավարներ լինելու համար մենք պետք է սովորենք այս կարևոր դասը. ղեկավարությունը Եկեղեցում այնքան մյուսներին ղեկավարելը չէ, որքան մեր ցանկությունը՝ ղեկավարվել Աստծո կողմից:

Կոչումները՝ որպես ծառայության հնարավորություն

Որպես Բարձրյալ Աստծո սրբեր, մենք պետք է «հիշենք աղքատներին ու կարիքավորներին, հիվանդներին ու տառապյալներին, քանզի ով որ չի անում այս բաները, նա իմ աշակերտը չէ»:7 Մարդկանց ծառայելու և բարիք գործելու հնարավորություններն անսահման են: Մենք կարող ենք գտնել դրանք մեր համայնքներում, ծխերում և ճյուղերում, և, իհարկե, մեր տներում:

Բացի այդ, Եկեղեցու յուրաքանչյուր անդամին տրվում են ծառայելու հատուկ պաշտոնական հնարավորություններ: Մենք այդ հնարավորությունները §կոչումներ¦ ենք անվանում, մի եզրույթ, որը պետք է հիշեցնի մեզ, թե ով է մեզ կանչում ծառայելու: Եթե Աստծուն ծառայելու և մարդկանց սպասավորելու մեր կոչումներին հավատքով ու հեզությամբ մոտենանք, ապա ծառայության յուրաքանչյուր գործողությունը մեզ մի քայլ առաջ կտանի աշակերտության ճանապարհին: Այս կերպ, Աստված ոչ միայն կառուցում է Իր Եկեղեցին, այլ նաև կառուցում է Իր ծառաներին: Եկեղեցին նպատակ ունի օգնելու մեզ, որ դառնանք Քրիստոսի ճշմարիտ ու հավատարիմ աշակերտները, բարի ու ազնիվ Աստծո որդիներն ու դուստրերը: Սա տեղի է ունենում ոչ միայն այն ժամանակ, երբ մենք ժողովների ենք մասնակցում և ելույթներ լսում, այլ նաև, երբ դուրս ենք գալիս և ծառայում: Ահա, թե ինչպես ենք §մեծ¦ դառնում Աստծո թագավորությունում:

Մենք ընդունում ենք կոչումները շնորհքով, խոնարհությամբ և երախտագիտությամբ: Երբ մենք ազատվում ենք կոչումներից, մենք ընդունում ենք այդ փոփոխությունը նույն շնորհքով, խոնարհությամբ և երախտագիտությամբ:

Թագավորությունում այդպիսի կոչում չկա, որ Աստծո աչքում ավելի կարևոր լինի, քան մյուսը: Մեր ծառայությունը՝ լինի դա փոքր, թե մեծ, զտում է մեր հոգին, բացում է երկնքի պատուհանները և բերում Աստծո օրհնությունները ոչ միայն նրանց վրա, ում մենք ծառայում ենք, այլ նաև անձամբ մեզ վրա: Երբ մենք օգնում ենք մյուսներին, խոնարհ վստահությամբ իմանում ենք, որ Աստված ընդունում է մեր ծառայությունը՝ հաստատելով և հավանություն տալով դրան: Նա ժպտում է մեզ, երբ մենք կատարում ենք կարեկցանքի այս սրտաբուխ գործողությունները, հատկապես այն գործերը, որոնք տեսանելի կամ նկատելի չեն մյուսներին: 8

  Ամեն անգամ նվիրվելով մյուսներին, մենք մի քայլ մոտենում ենք այն Մեկի բարի և ճշմարիտ աշակերտը լինելուն, Ով անմնացորդ նվիրվեց բոլորիս՝ մեր Փրկիչին:

Նախագահելուց մինչև շքերթի կամավորական

Սոլթ Լեյքի Հովիտ ռահվիրաների տեղափոխման 150-րդ տարեդարձի ժամանակ եղբայր Մայրոն Ռիչինսը ծառայում էր որպես ցցի նախագահ Յուտայի Հենեֆեր քաղաքում: Տոնակատարությունն ընդգրկում էր այդ քաղաքի միջով ռահվիրաների ընթացքի կրկնօրինակումը:

Նախագահ Ռիչինսը մեծապես ներգրավված էր տոնակատարության ծրագրերի կազմակերպչական գործերում , և նա հանդիպել էր Բարձրագույն Իշխանավորների և շատ ուրիշների հետ՝ այդ իրադարձությունը քննարկելու նպատակով: Նա լիարժեք մասնակցություն ուներ:

Տոնակատարությունից առաջ Նախագահ Ռիչինսի ցիցը վերակազմավորվել էր, և նա ազատվել էր նախագահի պաշտոնից: Հերթական կիրակի օրը նա ներկա էր իր ծխի քահանայության ժողովին, երբ ղեկավարները խնդրեցին կամավորներին՝ օգնել իրադարձության անցկացման գործում: Մյուսների հետ մեկտեղ Նախագահ Ռիչինսը նույնպես իր ձեռքը բարձրացրեց և ցուցումներ ստացավ, որ բանվորական հագուստ պետք է հագնի և բերի բահ ու սայլակ:

Վերջապես բացվեց տոնական օրվա առավոտը և Նախագահ Ռիչինսը ներկայացավ կատարելու իր կամավորական պարտականությունը:

Միայն մի քանի շաբաթ առաջ նա զգալի ներդրում ուներ այս կարևոր իրադարձության ծրագրման և ղեկավարման գործընթացում: Այնուամենայնիվ, այդ օրը իր գործն էր ձիերի հետևից գնալ ու մաքրման աշխատանքներ կատարել:

Նախագահ Ռիչինսը հաճույքով և ուրախությամբ արեց դա:

Նա հասկանում էր, որ ծառայության ոչ մի տեսակ մյուսից բարձր չէ:

Նա գիտեր և կյանքի կոչեց Փրկիչի խոսքերը. «Եւ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի»:19

Աշակերտության ճիշտ կատարում

Երբեմն, Որոտմունքի Որդիների պես, մենք նշանավոր պաշտոններ ենք ցանկանում: Մենք ձգտում ենք ճանաչում ունենալ, ղեկավարել և նշանակալից ներդրումներ անել:

Տիրոջը ծառայելու ցանկության մեջ ոչ մի սխալ բան չկա, սակայն երբ մենք ձգտում ենք Եկեղեցում ազդեցություն ձեռք բերել մեր սեփական շահերից ելնելով՝ ստանալու մարդկանց գովքն ու հիացմունքը, ապա մենք ունենք մեր պարգևը: Երբ մենք §ներշնչվում ենք¦ մարդկանց գովեստով, այդ գովեստը կլինի մեր փոխհատուցումը:

Ո՞րն է ամենակարևոր կոչումը Եկեղեցում: Դա այն է, որը դուք այս պահին ունեք: Նշանակություն չունի, թե որքան համեստ կամ նշանակալից կարող է դա լինել, կոչումը, որը դուք ունեք այս պահին, թույլ կտա ձեզ ոչ միայն բարձրացնել մյուսներին, այլ նաև դառնալ Աստծո այն մարդը, որը դառնալու համար դուք ստեղծվել եք:

Քահանայության իմ սիրելի ընկերներ և եղբայրներ, ջանք չխնայեք ծառայելիս:

Պողոսն ուսուցանել է փիլիպպեցիներին. «Ոչ մի բան չլինի գրգռումով, և ոչ էլ սնապարծությունով.այլ խոնարհությունով թող մեկը մյուսին իր անձիցն ավելի լավ համար»:10

Պատվով ծառայել

Ճիշտ ու խոնարհ կերպով ծառայելու փոխարեն Եկեղեցում փառք ու պատիվ փնտրելը՝ Եսավի առևտուր է:11  Մենք կարող ենք ստանալ երկրային պարգև, բայց մեծ գին ենք վճարելու դրա համար, կորցնելով երկնային հավանությունը:

Եկեք հետևենք մեր Փրկիչի օրինակին, ով հեզ ու խոնարհ էր, ով չէր փնտրում մարդկանց փառքը, այլ Իր Հոր կամքն էր կատարում:12

Եկեք ծառայենք մյուսներին խոնարհաբար՝ խանդավառությամբ, երախտագիտությամբ և պատվով: Նույնիսկ, եթե մեր ծառայության գործերը հեզ ու համեստ կամ փոքրարժեք թվան, նրանք, ովքեր բարությամբ ու կարեկցանքով օգնում են մարդկանց, մի օր կիմանան իրենց ծառայության արժեքը Ամենակարող Աստծո հավերժական և օրհնյալ շնորհով:13

Իմ սիրելի՛ եղբայրներ, սիրելի՛ ընկերներ, եկեք խորհենք, հասկանանք Եկեղեցու ղեկավարության և քահանայության կառավարման առաջնային կարևորություն ունեցող այս դասը և ապրենք համաձայն դրա. §Եւ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի¦: Սա է իմ աղոթքը և օրհնությունը, մեր Վարդապետի, մեր Քավիչի սուրբ անունով, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: